ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈՒ ՀԱՆԴԵՊ
Բնագրային բառը վերաբերում է Աստծու հանդեպ ակնածանքին, նրան մատուցվող պաշտամունքին ու ծառայությանը, նրա գերիշխանությանը հավատարիմ լինելուն։ «Աստծու հանդեպ նվիրվածություն» արտահայտության համար կիրառվել է հունարեն էուսեբեյա բառը, ինչպես նաև դրա հետ կապ ունեցող ածականական, մակբայական ու բայական բառաձևեր։ Աստվածաշնչում գործածված գոյականը բառացի կարող է թարգմանվել «խոր ակնածանք» և նշանակում է հարգանք կամ նվիրվածություն մի բանի հանդեպ, ինչը իսկապես սուրբ է ու արդար (հմմտ. 2Պտ 1։6, Int)։ «Աստծու հանդեպ նվիրվածություն» արտահայտության հականիշն է «անաստվածություն», «աստվածանարգ վարք» (հուն.՝ ասեբեյա)։
«Քրիստոնեական խոսքեր» գրքում Նայջլ Թերները գրել է. «Այն ժամանակվա մակագրություններում էուսեբեյա բառը երբեմն հանդիպում է անհատի դրսևորած կրոնական նվիրվածության իմաստով.... սակայն հռոմեական ժամանակաշրջանի հունարենում այն ավելի լայն իմաստ ուներ և նշանակում էր առհասարակ «նվիրվածություն».... Քրիստոնյաների համար էուսեբեյա բառն ունի Աստծու հանդեպ բարձրագույն աստիճանի նվիրվածության իմաստ» (Christian Words, 1981, էջ 111)։ Աստվածաշնչում գործածված «Աստծու հանդեպ նվիրվածություն» արտահայտությունը վերաբերում է Եհովա Աստծու հանդեպ անհատապես դրսևորվող նվիրվածությանն ու հավատարմությանը։
Էուսեբես ածականը, որը նշանակում է «բարեպաշտ», «[Աստծուն] նվիրված», հանդիպում է Գործեր 10։2, 7-ում և 2 Պետրոս 2։9-ում։ Ըստ Ջոն Ա. Հ. Թիտմանի՝ էուսեբես բառը «արտահայտում է ակնածանք Աստծու հանդեպ, որը դրսևորվում է գործերով, հատկապես Աստծուն մատուցվող պաշտամունքի մեջ.... նա է [էուսեբես], ով գործերով է ցույց տալիս, որ բարեպաշտ է» (Remarks on the Synonyms of the New Testament, Edinburgh, 1833, հտր I, էջ 253, 254)։
Էուսեբեո բայը գործածված է 1 Տիմոթեոս 5։4-ում, որտեղ խոսվում է այն մասին, թե երեխաներն ու թոռները ինչպես պետք է վերաբերվեն իրենց այրիացած մայրերին ու տատերին։ «Նոր Կտակարանի հունարեն և անգլերեն բառարանում» ասվում է, որ էուսեբեո բայը կարող է ունենալ ցանկացած մեկի հանդեպ բարեպաշտություն դրսևորելու իմաստ (Edward Robinson, A Greek and English Lexicon of the New Testament, 1885, էջ 307)։ Այդ պատճառով որոշ թարգմանություններում այս համարը հետևյալ կերպ է թարգմանված. «Նախ նրանք թող սովորեն իրենց տան հանդէպ բարի վերաբերմունք ցոյց տալ» (ԷԹ)։ Աստված է ընտանեկան կառույցի Հիմնադիրը (Եփ 3։14, 15), և Աստվածաշնչում նրա հավատարիմ ծառաները ներկայացվում են որպես նրա ընտանիք։ Հետևաբար նա, ով ակնածանք, կամ՝ աստվածահաճո նվիրվածություն է դրսևորում քրիստոնեական ընտանիքում, իրականում Աստծու հանդեպ է ակնածանք դրսևորում և հնազանդվում է ընտանեկան կառույցի ու ընտանիքի անդամների ճիշտ վարվելակերպի վերաբերյալ նրա պատվերներին։ Այդ պատճառով «Նոր աշխարհ» թարգմանության մեջ 1 Տիմոթեոս 5։4-ը հետևյալ կերպ է թարգմանվել. «Եթե որևէ այրի երեխաներ և թոռներ ունի, թող նրանք սովորեն Աստծու հանդեպ նվիրվածությունը նախևառաջ ցույց տալ իրենց ընտանիքներում»։
«Սրբազան գաղտնիքը, որը կապված է Աստծուն նվիրված մնալու հետ»։ Աստծու հանդեպ նվիրվածություն դրսևորելու հարցում ամենաակնառու օրինակը Հիսուս Քրիստոսն է։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրեց. «Անկասկած, անչափ կարևոր է այս սրբազան գաղտնիքը, որը կապված է Աստծուն նվիրված մնալու հետ. «Նա ի հայտ եկավ, երբ ֆիզիկական մարմնով էր, արդար հայտարարվեց, երբ ոգեղեն մարմնով էր, հայտնվեց հրեշտակներին, քարոզվեց ազգերի մեջ, աշխարհում մարդիկ հավատացին նրան, նա երկինք բարձրացվեց ու փառավորվեց»» (1Տմ 3։16)։ Ադամը, լինելով կատարյալ, Աստծու հանդեպ նվիրվածության կատարյալ օրինակ չթողեց։ Ի ծնե անկատար լինելու պատճառով նրա երեխաներից ոչ մեկը չէր կարող կատարելապես նվիրվածություն դրսևորել Աստծու հանդեպ։ Իսկ ո՞վ կարող էր։ Այդ սրբազան գաղտնիքը բացահայտվեց այն ժամանակ, երբ Աստծու Որդին եկավ երկիր և մինչև մահ պահեց իր անարատությունը։ Նա է այն կատարյալ օրինակը, որին պետք է հետևեր Տիմոթեոսը Աստծու հանդեպ նվիրվածություն դրսևորելու հարցում (1Տմ 3։15)։
Հիսուս Քրիստոսը բոլոր առումներով Աստծու հանդեպ կատարյալ նվիրվածություն դրսևորեց՝ փաստելով, որ մարդը կարո՛ղ է նվիրված մնալ իր Արարչին։ Հիսուսը նույնիսկ դաժան փորձությունների ներքո մինչև իր երկրային կյանքի ավարտը մնաց «նվիրված, չարությունից զերծ, անպիղծ, մեղքով չարատավորված» (Եբ 7։26)։ Անարատություն դրսևորելու հարցում նա անթերի էր, և հնարավոր չէր ինչ-որ բանում մեղադրել նրան Աստծու առաջ։ Նախքան մահանալը Հիսուսն ասաց. «Ես հաղթեցի աշխարհին»։ Նաև նշեց. «Այս աշխարհի իշխանը գալիս է։ Նա ոչ մի իշխանություն չունի ինձ վրա» (Հվ 16։33; 14։30)։ Հիսուսի մեջ ոչ մի անարդարություն չկար։ Ուստի նա իրավամբ կարող էր իր թշնամիներին ասել. «Ձեզանից ո՞վ կարող է ապացուցել, որ ես մեղք եմ գործել» (Հվ 8։46)։ Աստծուն նվիրված մնալու հետ կապված սրբազան գաղտնիքի բացահայտումը այնքան մեծ և կարևոր նշանակություն ունի մարդկության համար, որ դրա մասին պետք է հռչակվի ողջ աշխարհում։ Ձգտելով ժողովում Աստծու հանդեպ նվիրվածություն և աստվածահաճո վարք դրսևորել՝ քրիստոնյաները օրինակ են վերցնում Հիսուս Քրիստոսից։
Կարևոր է մարզել սեփական անձը և գոհ լինել։ Որպեսզի քրիստոնյան լիովին նվիրված լինի Աստծուն, պետք է ողջ ուժով մարզի իր անձը և պատրաստ լինի հակառակություն ու հալածանք կրել աստվածանվեր կյանքով ապրելու համար (2Տմ 3։12)։ Սեփական անձը մարզելիս քրիստոնյայի նպատակը չպետք է լինի նյութական շահ ստանալը։ Բայցևայնպես, իր ունեցածով բավարարվող անհատը, ով շարունակում է Աստծու հանդեպ նվիրվածություն դրսևորել, իսկապես մեծ օգուտներ է ստանում։ Դրա շնորհիվ նա կարող է «ձեռք բերել Աստծու խոստացած օրհնությունները», այսինքն՝ հոգևոր առողջություն, բավարարվածության զգացում, երջանկություն ու կյանքի նպատակ «թե՛ այս կյանքում, թե՛ գալիք» (1Տմ 4։7, 8; 6։6-8; հմմտ. Առ 3։7, 8; 4։20-22)։
Թեև աստվածանվեր մարդը գուցե հալածվի ու դժվարությունների բախվի, սակայն չպետք է վախենա, քանի որ «Եհովան գիտի, թե ինչպես իրեն նվիրվածներին ազատի փորձությունից» (2Պտ 2։9)։ Պետրոս առաքյալը խորհուրդ տվեց քրիստոնյաներին իրենց դիմացկունությանը ավելացնել Աստծու հանդեպ նվիրվածություն (2Պտ 1։5, 6)։ Նա հորդորեց նրանց «սուրբ վարք ունենալ և աստվածանվեր գործեր անել», որպեսզի փրկվեն Եհովայի Դատաստանի օրվանից (2Պտ 3։7, 10, 11; 1Պտ 4։18)։
Աստծու հանդեպ նվիրվածության զորությունը։ Նա, ով ասում է, թե նվիրված է Աստծուն, պետք է ընդունի, որ այդ հատկությունն ի զորու է փոխելու իր անձը, և պետք է սրտանց ու անկեղծորեն ձգտի աստվածապաշտ լինել (1Տմ 6։11; Եփ 4։20-24)։ Նա նաև պետք է ընդունի, որ Եհովան իր Խոսքի միջոցով է հայտնում, թե ինչպես է հարկավոր նվիրվածություն դրսևորել իր հանդեպ, և վարվի Աստվածաշնչում գրված սկզբունքներին ներդաշնակ (Տիտ 1։1; 2Պտ 1։3)։ Քանի որ Աստծու հանդեպ նվիրվածությունը անհատապես դրսևորվող հատկություն է, նրա Խոսքն ու ոգին օգնում են մարդուն անհատապես ճանաչել նրան, մտերիմ հարաբերություններ զարգացնել նրա հետ, ինչպես նաև ընդօրինակել նրան (Եփ 5։1)։ Այդպիսի մարդը գնալով ավելի շատ է արտացոլում Եհովա Աստծու հրաշալի հատկությունները (2Կթ 3։18)։
Եթե որևէ մեկը ասում է, թե ծառայում է Աստծուն, սակայն ապավինում է իր հասկացողությանը, չի առաջնորդվում Աստվածաշնչով, նրա սովորեցրածները «Աստծու հանդեպ նվիրվածություն [չեն] խրախուսում» և չեն արտացոլում այն, ապա նա «հպարտությամբ է լցված և ոչինչ չի հասկանում»։ «Նրա ուշքն ու միտքը բանավեճերն են ու բառերի շուրջ վիճաբանությունները» (1Տմ 6։3, 4)։ Պողոս առաքյալը զգուշացրեց իր երիտասարդ համագործակցին՝ Տիմոթեոսին, որ հեռու մնա նրանցից, ովքեր պնդում են, թե աստվածանվեր են, բայց իրականում Աստծուն տհաճ վարք ունեն։ Նա Տիմոթեոսին հորդորեց, որ ճշմարտության խոսքը ճիշտ մատուցի և խուսափի սուրբ բաները ոտնահարող դատարկ զրույցներից, որպեսզի շարունակի նվիրված մնալ Աստծուն։ Այնուհետև առաքյալը նշեց, որ կլինեն ամեն տեսակ չարիք գործող կեղծավոր մարդիկ, ովքեր արտաքուստ աստվածանվեր կթվան, բայց իրենց ապրելակերպով հակառակը կփաստեն (2Տմ 2։15, 16; 3։1-5)։ Հուդան նույնպես գրեց, որ կլինեն մարդիկ, ովքեր աստվածավախություն, կամ՝ նվիրվածություն չեն ունենա Աստծու հանդեպ, նաև չեն հարգի նրան ու չեն գնահատի նրա անզուգական բարությունը։ Աստվածապաշտության քողի տակ նրանք կձգտեն նյութական շահ ստանալ կամ բավարարել իրենց մարմնի ցանկությունները։ Այդպիսի մարդկանց լկտի վարքը բացահայտում է, թե որքան կեղծավոր են նրանք (Հդ 4)։
Ո՞վ է ծածուկ գործող «անօրեն մարդը», ում մասին նշեց Պողոսը
Աստվածաշնչում խոսվում է մեկ ուրիշ ծածուկ բանի մասին, որը միանգամայն հակառակ է Եհովայի «սրբազան գաղտնիքին»։ Դա ծածուկ գործող «անօրեն մարդն» է։ Ճշմարիտ քրիստոնյաների համար այն ծածուկ էր մնում, քանի որ Պողոս առաքյալի օրերում «անօրենը» դեռևս չէր ձևավորվել որպես հստակորեն բնորոշվող դասակարգ։ Սակայն նույնիսկ ձևավորվելուց հետո այդ «անօրեն մարդու» ինքնությունը շատերի համար կշարունակեր ծածուկ մնալ, քանի որ նա անօրենություն էր գործելու Աստծու հանդեպ նվիրվածության քողի տակ։ Իրականում դա նշանակելու էր ուրանալ Աստծու հանդեպ իսկական նվիրվածությունը։ Պողոսն ասաց, որ «այդ անօրենը արդեն ծածուկ գործում էր» իր օրերում, քանի որ քրիստոնեական ժողովում զգացվում էր նրա ազդեցությունը, որի հետևանքով ի վերջո առաջ էր գալու հավատուրաց դասակարգը։ Վերջիվերջո Հիսուս Քրիստոսը ոչնչացնելու էր «անօրեն մարդուն», երբ ակնհայտ դարձներ իր ներկայությունը։ Այդ հավատուրացը՝ Սատանայի կողմից ղեկավարվող «մարդը», «իրեն բարձր էր դասելու աստված համարվող ամեն մեկից ու մարդկանց պաշտած ամեն բանից» (հուն.՝ սեբասմա)։ Այսպիսով՝ Աստծու այդ մեծ հակառակորդը, որը գործիք է Սատանայի ձեռքում, նենգ խաբեբա էր լինելու և կործանման էր տանելու իրեն հետևողներին։ «Անօրեն մարդն» իր անիրավ գործերում հաջողություն էր ունենալու, քանի որ իր էությունը ծածկելու էր Աստծու հանդեպ կեղծ նվիրվածության քողի տակ (2Թղ 2։3-12; հմմտ. Մթ 7։15, 21-23)։