ՍԵԴԵԿԻԱ
[Եհովան արդարություն է]։
1. «Քանանայի որդին», կեղծ մարգարե, ով Աքաաբ թագավորին վստահեցրեց, որ վերջինս ասորիների ձեռքից կկարողանա վերցնել Ռամոթ-Գաղաադը։ Սեդեկիան «երկաթե եղջյուրներ սարքեց» ցույց տալու համար, որ Աքաաբը դրանցով կխոցի ասորիներին այնքան, մինչև որ բնաջնջի նրանց։ Իսկ երբ Եհովայի ճշմարիտ մարգարեն՝ Միքիան, մարգարեացավ, որ Աքաաբի վրա աղետ է գալու, Սեդեկիան հարվածեց նրա այտին (1Թգ 22։11, 23, 24; 2Տգ 18։10, 22, 23)։
2. Իշխան, Հովակիմ թագավորի ժամանակակիցը (Եր 36։12)։
3. «Մաասիայի որդին», ստախոս և անբարոյականություն գործող մարգարե, ով Բաբելոն տարված գերիների թվում էր։ Երեմիան՝ Եհովայի մարգարեն, մարգարեացավ, որ Նաբուգոդոնոսոր թագավորը կրակի մեջ խորովելու էր Սեդեկիային ու նրա համախոհ Աքաաբին (Եր 29։21-23)։
4. Հովսիայի որդին, ում ծնել էր նրա կին Ամիտալը։ Հուդայի վերջին թագավորը։ Նրա իսկական անունը Մաթանիա էր։ Սակայն երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը նրան դարձրեց իրեն հպատակ թագավոր, անունը փոխեց և դրեց Սեդեկիա։ 11 տարվա իշխանության ընթացքում Սեդեկիան «արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում» (2Թգ 24։17-19; 2Տգ 36։10-12; Եր 37։1; 52։1, 2)։
Թեև 1 Տարեգրություն 3։15-ում նշված է, որ Սեդեկիան Հովսիայի երրորդ որդին էր, սակայն իրականում նա չորրորդն էր (հմմտ. 2Թգ 23։30, 31; 24։18; Եր 22։11)։ Այդ համարում նրա անունը գրվել է իր հարազատ եղբայր (նույն հորից և նույն մորից) Սեղումի (Հովաքազի) անունից առաջ հավանաբար այն պատճառով, որ նա շատ ավելի երկար է թագավորել։
Սեդեկիայի հայրը՝ Հովսիա թագավորը, մահացու վիրավորվեց Մեգիդոյում, երբ փորձում էր հետ մղել եգիպտական զորքը, որը գլխավորում էր Նեքաո փարավոնը (մ.թ.ա. մոտ 629 թ.)։ Այդ ժամանակ Սեդեկիան մոտ ինը տարեկան էր, այսինքն՝ իր եղբորորդի Հովաքինից մոտ երեք տարով մեծ էր։ Ժողովուրդը թագավոր նշանակեց Սեդեկիայի հարազատ եղբորը՝ 23-ամյա Հովաքազին։ Վերջինս թագավորեց ընդամենը երեք ամիս, քանի որ Նեքաո փարավոնը գահընկեց արեց նրան և թագավոր նշանակեց նրա եղբայր Եղիակիմին (ում անունը փոխեց և դրեց Հովակիմ)՝ Հովաքազի ու Սեդեկիայի 25-ամյա եղբորը (նույն հորից, բայց տարբեր մայրերից)։ Հովակիմի մահից հետո սկսեց թագավորել նրա որդի Հովաքինը։ Ըստ երևույթին, հենց այդ ժամանակ էր բաբելոնացիների զորքը Նաբուգոդոնոսոր թագավորի գլխավորությամբ պաշարման մեջ պահում Երուսաղեմը։ Երեք ամիս և տասը օր թագավորելուց հետո Հովաքինը մ.թ.ա. 617 թ.-ին հանձնվեց Բաբելոնի թագավորին (2Թգ 23։29-24։12; 2Տգ 35։20-36։10)։
Կառավարման առաջին տարիները։ Նաբուգոդոնոսորը Երուսաղեմում թագավոր նշանակեց Սեդեկիային և նրան Եհովայի անունով երդվել տվեց, որ նա հավատարիմ կլինի իրեն՝ որպես հպատակ թագավոր (2Տգ 36։10, 11; Եզկ 17։12-14; հմմտ. 2Տգ 36։13)։
Ակներևաբար Սեդեկիայի կառավարման սկզբում Եդոմից, Մովաբից, Ամմոնից, Տյուրոսից ու Սիդոնից նրա մոտ պատգամաբերներ եկան, որպեսզի թերևս դրդեն նրան միանալու Նաբուգոդոնոսորի դեմ իրենց կազմած դաշինքին (Եր 27։1-3; 1-ին համարում արտագրողը հավանաբար «Սեդեկիա» անվան փոխարեն սխալմամբ գրել է «Հովակիմ»։ Տես ՆԱԹ-ի ծնթ.)։ Աստվածաշնչում չի ասվում, թե արդյոք այդ պատգամաբերները հասան իրենց նպատակին։ Հնարավոր է՝ նրանք հաջողության չհասան, քանի որ Երեմիան Սեդեկիային և նրա հպատակներին հորդորեց շարունակել ենթարկվել Բաբելոնի թագավորին։ Նա նաև լծեր տվեց պատգամաբերներին՝ ի նշան այն բանի, որ նրանց ներկայացրած ազգերը նույնպես պետք է հպատակվեն Նաբուգոդոնոսորին (Եր 27։2-22)։
Նաև իր կառավարման սկզբում Սեդեկիան Ելասային ու Գամարիային Բաբելոն ուղարկեց (պատճառը Աստվածաշնչում նշված չէ)։ Եթե այդ իրադարձությունը նշված է ժամանակագրական հաջորդականությամբ, ապա այն տեղի է ունեցել Սեդեկիայի իշխանության չորրորդ տարում (Եր 28։1, 16, 17; 29։1-3)։
Իր իշխանության չորրորդ տարում Սեդեկիան անձամբ գնաց Բաբելոն, հավանաբար որպեսզի Նաբուգոդոնոսորին վճարի տուրքը և այդպիսով հավաստիացնի, որ շարունակում է հավատարիմ մնալ նրան։ Այդ ժամանակ Սեդեկիայի հետ գնաց նաև Սարայիա սենեկապետը, ում Երեմիա մարգարեն վստահել էր մի գիրք, որում գրված էր Բաբելոնի դեմ ուղղված Եհովայի դատաստանը (Եր 51։59-64)։
Մոտ մեկ տարի անց Եզեկիելը սկսեց մարգարե ծառայել Բաբելոնում գտնվող հրեա գերիների մեջ (Եզկ 1։1-3; հմմտ. 2Թգ 24։12, 17)։ Սեդեկիայի իշխանության վեցերորդ տարվա (մ.թ.ա. 612 թ.) վեցերորդ ամսում Եզեկիելին մի տեսիլք տրվեց։ Նա տեսավ, որ Երուսաղեմում մարդիկ կռապաշտությամբ էին զբաղվում, այդ թվում՝ պաշտում էին Թամուզ աստծուն և արևին (Եզկ 8։1-17)։
Ապստամբում է Նաբուգոդոնոսորի դեմ։ Մոտ երեք տարի անց (մ.թ.ա. մոտ 609 թ.) Սեդեկիան ապստամբեց Նաբուգոդոնոսորի դեմ և պատգամաբերներ ուղարկեց Եգիպտոս՝ ռազմական օգնություն խնդրելու համար։ Այդպիսով նա հակառակ վարվեց Երեմիայի միջոցով Եհովայի տված պատվերին և խախտեց Եհովայի անունով իր տված երդումը (2Թգ 24։20; 2Տգ 36։13; Եր 52։3; Եզկ 17։15)։ Դրա հետևանքով բաբելոնացիների զորքը Նաբուգոդոնոսորի գլխավորությամբ դուրս եկավ Երուսաղեմի դեմ։ Քաղաքի պաշարումը սկսվեց «իններորդ տարվա տասներորդ ամսում՝ տասներորդ օրը» (Եզկ 24։1-6)։
Հնարավոր է՝ այս պաշարման սկզբում էր, որ Սեդեկիան Երեմիայի մոտ ուղարկեց «Մելքիայի որդի Փասուրին և Մաասիայի որդի Սոփոնիա քահանային»։ Թագավորն ուզում էր, որ մարգարեն Եհովային հարցնի, թե արդյոք Նաբուգոդոնոսորը հետ կքաշվի Երուսաղեմից։ Եհովան Երեմիայի միջոցով հայտնեց, որ քաղաքի ու նրա բնակիչների վրա բաբելոնացիների ձեռքով աղետ է բերելու (Եր 21։1-10)։ Ըստ ամենայնի, դրանից հետո Երեմիան, հնազանդվելով Աստծու պատվերին, անձամբ գնաց Սեդեկիայի մոտ ու նախազգուշացրեց նրան, որ Երուսաղեմը կործանվելու է, իսկ թագավորը Բաբելոն է տարվելու, որտեղ և մեռնելու է խաղաղության մեջ (Եր 34։1-7)։
Երբ Երուսաղեմը պաշարման մեջ էր, Սեդեկիան և նրա իշխանները Եհովայի բարեհաճությունը շահելու նպատակով որոշեցին անել մի բան, ինչը գրված էր նրա օրենքում։ Թեև Հոբելյանական տարի չէր, նրանք ուխտ կապեցին, որ ամեն մեկը ազատ արձակի իր եբրայեցի ստրուկներին։ Ավելի ուշ նրանք դրժեցին այդ ուխտը՝ կրկին ստրկացնելով ազատ արձակվածներին (Եր 34։8-22)։ Հավանաբար, դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ եգիպտական զորքը դուրս եկավ պաշտպանելու Երուսաղեմը, և բաբելոնացիները ժամանակավորապես հանեցին պաշարումը զորքին դիմադրություն ցույց տալու համար (Եր 37։5)։ Ըստ երևույթին ենթադրելով, որ բաբելոնացիները կպարտվեն ու չեն կարողանա նորից պաշարել քաղաքը՝ եբրայեցի ստրուկներին ազատ արձակած մարդիկ կրկին ստրկացրին իրենց այդ հայրենակիցներին՝ վստահ լինելով, որ վտանգն անցել է։
Մոտավորապես այդ ժամանակ Սեդեկիան «Սելեմիայի որդի Հուքալին և Մաասիայի որդի Սոփոնիա քահանային ուղարկեց Երեմիա մարգարեի մոտ», որպեսզի խնդրի նրան աղոթել Եհովային ժողովրդի համար։ Հավանաբար, թագավորը ուզում էր կանխել Երուսաղեմի կործանումը, ինչի մասին մարգարեացվել էր։ Սակայն Եհովան Երեմիայի միջոցով պարզ դարձրեց, որ իր դատաստանը անփոփոխ է մնալու. քաղդեացիները վերադառնալու են և կործանելու են Երուսաղեմը (Եր 37։3-10)։
Ավելի ուշ, երբ Երեմիան որոշեց հեռանալ Երուսաղեմից և գնաց Բենիամինի երկիր, նրան բռնեցին Բենիամինի դարպասի մոտ և սուտ մեղադրանք ներկայացրին՝ ասելով, թե նա քաղդեացիների մոտ է ուզում փախչել։ Թեև Երեմիան հերքեց դա, սակայն Երիան՝ պահակների վերակացուն, չլսեց նրան ու տարավ իշխանների մոտ։ Ի վերջո Երեմիային բանտարկեցին Հովնաթանի տանը։ Շատ օրեր անց, ըստ երևույթին երբ բաբելոնացիները կրկին պաշարել էին Երուսաղեմը, Սեդեկիան մարդ ուղարկեց Երեմիայի հետևից։ Ի պատասխան թագավորի հարցին՝ մարգարեն ասաց, որ նա Բաբելոնի թագավորի ձեռքն է տրվելու։ Երբ Երեմիան խնդրեց, որ իրեն հետ չուղարկեն Հովնաթանի տուն, Սեդեկիան ընդառաջեց և հրամայեց, որ նրան բանտարկեն Պահակախմբի բակում (Եր 37։11-21; 32։1-5)։
Սեդեկիան թուլամորթ ղեկավար էր։ Դա երևում է այն բանից, որ, երբ իշխանները թագավորին խնդրեցին սպանել տալ Երեմիային պաշարված ժողովրդի մարտական ոգին իբր թուլացնելու համար, նա պատասխանեց. «Նա ձեր ձեռքերում է, որովհետև թագավորը չի կարող հետ պահել ձեզ»։ Սակայն հետո Սեդեկիան կատարեց Աբդիմելեքի խնդրանքը. թույլ տվեց նրան ազատել Երեմիային՝ հրամայելով 30 մարդ վերցնել, որ օգնեն իրեն։ Որոշ ժամանակ անց Սեդեկիան կրկին առանձին հանդիպեց Երեմիայի հետ։ Նա մարգարեին վստահեցրեց, որ ո՛չ կսպանի նրան, ո՛չ էլ կհանձնի այն մարդկանց ձեռքը, ովքեր ուզում են սպանել նրան։ Բայց Սեդեկիան վախենում էր, որ միգուցե քաղդեացիների կողմն անցած հրեաները դաժանորեն վարվեն իր հետ։ Այդ պատճառով չհետևեց Բաբելոնի իշխաններին հանձնվելու վերաբերյալ Երեմիայի միջոցով Աստծու տված խորհրդին։ Թագավորի վախկոտ լինելու մասին վկայում է նաև այն, որ նա Երեմիային խնդրեց կասկածամիտ իշխաններից գաղտնի պահել, թե ինչի մասին են իրենք զրուցել (Եր 38։1-28)։
Երուսաղեմի անկումը։ Ի վերջո մ.թ.ա. 607 թ.-ին՝ «Սեդեկիայի իշխանության 11-րդ տարում՝ չորրորդ ամսվա իններորդ օրը», քաղդեացիները ճեղքեցին Երուսաղեմի պարիսպը։ Գիշերը թագավորն ու բոլոր զինվորները փախուստի դիմեցին։ Սեդեկիային բռնեցին Երիքովի անապատային հարթավայրում և տարան Նաբուգոդոնոսորի մոտ՝ Ռեբլա։ Նրա որդիներին նրա աչքի առաջ սպանեցին։ Այդ ժամանակ Սեդեկիան մոտ 32 տարեկան էր, ինչը նշանակում է, որ նրա որդիները շատ մեծ չէին։ Այն բանից հետո, երբ Սեդեկիան տեսավ իր որդիների մահը, նրան կուրացրին, պղնձե շղթաներով կապեցին, տարան Բաբելոն ու բանտ գցեցին, որտեղ էլ նա մահացավ (2Թգ 25։2-7; Եր 39։2-7; 44։30; 52։6-11; հմմտ. Եր 24։8-10; Եզկ 12։11-16; 21։25-27)։
5. Հեքոնիայի (Հովաքինի) որդին, սակայն հավանաբար ոչ այն յոթ որդիներից մեկը, որոնք ծնվեցին, երբ նա Բաբելոնում գերության մեջ էր (1Տգ 3։16-18)։
6. Քահանա կամ քահանայի նախահայր, ով այն մարդկանց թվում էր, ովքեր Նեեմիայի կառավարման օրոք «անխախտ համաձայնագիր» կնքեցին (Նեմ 9։38; 10։1, 8)։