Ալկոհոլի հետ կապված խնդիրներ. Ինչո՞վ կարող են օգնել երեցները
Նա ջանում էր ամեն հնարավոր բան անել ոգելից խմիչքի գործածումը նվազեցնելու համար։ Բայց, թվում էր՝ ոչինչ չի օգնում։ Երբ նա զրուցեց ժողովի երեցների հետ, վերջիններս խիստ մտահոգվեցին և չափավորության վերաբերյալ սուրբգրային խորհուրդներ տվեցին։ Բայց նրանց ջանքերն ապարդյուն անցան։ Կնոջ խնդիրը խոր արմատներ ուներ. նա ալկոհոլամոլ էր։
Այս դեպքը մի շատ կարևոր հարց է բարձրացնում. երեցներն ի՞նչ կարող են անել օգնելու համար իրենց հոգևոր այն եղբայրներին ու քույրերին, ովքեր չափից ավել ոգելից խմիչք են գործածում։
Հստակ է, որ Գրություններում ոչ մի կերպ չի արդարացվում հարբեցողությունը։ Արմատացած, չզղջացող հարբեցողները տեղ չունեն քրիստոնեական ժողովում։ Հատկապես քրիստոնյա վերակացուների պարտականությունն է հոգ տանել, որպեսզի այդպիսիները զրկվեն ժողովի ընկերակցությունից (Ա Կորնթացիս 5։11–13; Գաղատացիս 5։19–21)։ Բայց երեցների առաջին մտահոգությունը պետք է լինի օգնել զղջացողներին, ովքեր ալկոհոլի գործածման մեջ չափն անցել են։ Այսպիսով, ի՞նչ պետք է անի երեցը, եթե նրան է մոտենում մի քույր կամ եղբայր, որի հետ նման դեպք է տեղի ունեցել և այժմ օգնություն է խնդրում։
Նախ՝ հարկ է նշել, որ մի անգամ անզգուշաբար չափից ավել խմելը տարբերվում է հարբեցող լինելուց՝ կանոնավորաբար հարբելուց։ Հիշենք Նոյին, որը մի առիթով շատ գինի խմելուց հարբել էր (Ծննդոց 9։20, 21)։ Անկասկած, Նոյը հարբեցող չէր։ Գրություններում էլ ոչ մի տեղ չի ասվում, որ նա նորից հարբած լինի (համեմատեք Եբրայեցիս 11։7)։
Ուստի, ճիշտ կլինի, որ երեցը (որին դիմել են օգնության) որոշի, թե արդյո՞ք դա բացառիկ դեպք է եղել։ Տվյալ անհատը պատրա՞ստ է զգուշանալ, որ նման բան այլևս չկրկնվի։ Բացեիբաց ընդունո՞ւմ է իր սխալը և փնտրո՞ւմ է Աստծո ներումը։ Տեղի ունեցած դեպքը մեծ անարգանքի տեղիք չի՞ տվել։ Եթե այս հարցերի պատասխանները գոհացուցիչ են, ապա դա բավական է, որպեսզի երեցը «հեզութեան ոգով» նրան չափավորության մասին սիրալիր խրատ տա՝ ամրացնելով սխալը չկրկնելու նրա վճռականությունը (Գաղատացիս 6։1)։
Իսկ եթե այդպիսի դեպքերը կրկնվե՞լ են, և նա արդյունքում վատ համբա՞վ է ձեռք բերել, ապա այդ հարցով պետք է դատական կոմիտեն զբաղվի։ Սակայն անհատին օգնելու համար երեցներին օգտակար կլինի իմանալ, թե արդյո՞ք խնդիրն է...
...Ալկոհոլիզմը
Ի՞նչ է դա փոխում։ Շատ բան։ Ինչպես երևում է հոդվածի սկզբում հիշատակված դեպքից, եթե մարդ ալկոհոլամոլ է, ապա միայն խրատելը, որ չափավորությամբ օգտագործի խմիչքը, դեռ բավական չէ։ Ինչո՞ւ։ Որովհետև շատ մասնագետներ խորհուրդ են տալիս ալկոհոլամոլներին լրիվ դադարեցնել ոգելից խմիչքի օգտագործումը, քանի որ երբ նրանք սկսում են խմել, սովորաբար կորցնում են հաշիվը և չափն անցնում։
Բացի այդ, շատ ալկոհոլամոլներ ժխտում են, որ նման պրոբլեմ ունեն։ Մի՞թե դա նշանակում է, որ նրանք չզղջացող, արմատացած հարբեցողներ են։ Պարտադիր չէ։ Հաշվի առնենք, որ նրանք սովորաբար չեն գիտակցում իրենց վիճակը։ Ալկոհոլիզմն առաջացնում է ֆիզիկական, հոգեկան, զգացական և հոգևոր վիճակի խանգարումներ, և դրա մասին չպետք է մոռանալ։ Այդ իսկ պատճառով, բոլորովին էլ հեշտ չէ նրանց հասկացնել, որ նրանք տառապում են այդ հիվանդությամբ։
Նման գործեր քննելիս երեցները մի շարք հարցեր պետք է ի մտի ունենան։
Ինչպե՞ս կարող եք որոշել, որ խնդիրը ալկոհոլամոլության մեջ է։ Խորհուրդ ենք տալիս տեսնել 1992 թ. հուլիսի 8–ի «Արթնացե՛ք» պարբերագրում հրատարակված «Երբ ընտանիքում ալկոհոլամոլ կա» վերնագրով սկսվող հոդվածների շարքը (ռուս.)։ Այնտեղ նկարագրվում են ալկոհոլիզմի ախտանիշները։
Զգո՛ն եղեք։ Երբեմն ալկոհոլիզմը կարող է մեկ այլ խնդրի ետևում թաքնված լինել։ Օրինակ՝ ժողովներից մեկում մի քույր դեպրեսիայի դեմ պայքարելու համար օգնության էր դիմել երեցներին։ Բայց, չնայած նրան օգնելու ջանքերին, դեպրեսիան շարունակվում էր։ Սակայն շուտով պարզ դարձավ, որ այդ քույրը չարաշահում էր ոգելից խմիչքի գործածումը։ Ջանալով նրան օգնել՝ նրանք պարզեցին, որ նա ալկոհոլամոլ էր։ Ալկոհոլիզմից ազատվելու նպատակով առաջարկված օգնությունն ընդունելուց հետո էր միայն, որ քույրն ապաքինվեց։
Ինչպե՞ս կարելի է օգնել ալկոհոլամոլին հասկանալ, որ նրա խնդիրը կայանում է ալկոհոլի գործածման մեջ։ Խուսափեք կարծիք հայտնելուց կամ ընդհանուր եզրակացություն անելուց. մի ասեք, օրինակ՝ «Մեր կարծիքով խմելու մեջ չափն անցնում ես»։ Նման մեկնաբանությունները կդրդեն ալկոհոլամոլին ամրացնել իր պաշտպանողական դիրքը։ Փոխարենը, կարելի է նրան կոնկրետ ներկայացնել ակնհայտ փաստեր՝ կապված իր խմելու և դրանից առաջ եկած հետևանքների հետ։ Կարևոր է նրա հետ խոսել ձայնի այնպիսի երանգով, որ զգացվի նրա համար ձեր խորին մտահոգվածությունը։ Կարող եք ասել. «Մեզ անհանգստացնում է այն, թե ինչ է տեղի ունենում քեզ հետ։ Մեզ մտահոգում են այնպիսի փաստեր, ինչպիսին են...»։
Մի երեց, որին հաջողվել է պայքարել իր իսկ ալկոհոլամոլության դեմ, հետևյալն է առաջարկում. «Նկատել եմ, որ շատ է օգնում, երբ պարզում եմ, թե անհատը ինչպիսի խնդիրներ է երբեմն ունենում տանը, կամ՝ գուցե աշխատանքի վայրում։ Այնուհետև, հուշող հարցերի միջոցով օգնում եմ նրան տեսնել, որ դրանց հիմքում ընկած խնդիրը կարող է լինել ալկոհոլի օգտագործումը։ Հիշում եմ այդպիսի մի խոսակցություն.
— Քո խմելն անդրադառնո՞ւմ է ընտանեկան կյանքիդ վրա։
— Իսկ ինչո՞ւ։ Ո՛չ։
— Վիճո՞ւմ ես կնոջդ հետ։
— Այո։
— Խմելուդ հե՞տ էին առնչվում վեճերը։
— Ոչ։
— Իսկ երբ վիճում էիր կնոջդ հետ, խմո՞ւմ էիր։
— Հը՜մ.... այո։
Մի շարք հանգամանքներ քննարկելուց հետո ես կարողացա օգնել նրան հասկանալ, որ համարյա բոլոր դեպքերում նրա խնդիրները համընկել են խմելու հետ»։
Հարկավո՞ր է պրոֆեսիոնալ օգնություն. Ապաքինվելու համար հնարավոր է, որ ալկոհոլամոլը նման օգնության կարիք ունենա։ Իհարկե, երեցները բուժման որոշակի միջոց չեն առաջադրի. դա տվյալ անհատը պետք է որոշի։ Եվ պարտադիր չէ պրոֆեսիոնալ օգնությունից հրաժարվելը զղջման բացակայություն համարել։ Բայց, դրա հետ մեկտեղ, երեցներից հաստատամտություն է պահանջվում։ Անհատը պետք է լավ հասկանա, որ այդ խնդրի լուծման հետ է կապված Եհովայի հավանությունը, թե նա կշարունակի՞ նրան քրիստոնեական ժողովի անդամ համարել։
Պե՞տք է ժողովի ընկերակցությունից զրկել, թե՝ ոչ. Դա կախված է իր խմիչք գործածելու նկատմամբ անհատի ունեցած վերաբերմունքից։ Իրականության առջև նրա աչքերը բացելու ձեր համբերատար, բայցև վճռական ջանքերից հետո էլ նա կրկին հակվա՞ծ է խմելը շարունակել։ Սրա հետ կապված՝ հետաքրքիր է ալկոհոլամոլ աշխատողներ ունեցող ձեռնարկատերերին ուղղված խորհուրդը «Անանուն ալկոհոլամոլներ» գրքից.«Եթե համոզված եք, որ նա չի ուզում թողնել խմելը, կարելի է հանգիստ նրան գործից ազատել... Նման մարդուն աշխատանքից հեռացնելը հենց նրա օգտին է։ Դա նրան մի լավ կսթափեցնի» («Alcoholics Anonymous»)։ Նմանապես, եթե անհատի վերաբերմունքից պարզ է դառնում, որ հարկավոր է ժողովը մաքուր պահելու համար նրան ընկերակցությունից զրկել, ապա դա, միևնույն ժամանակ, կարող է նրան սթափեցնել։
Իսկ ի՞նչ անել, եթե համոզված եք, որ նա իրոք ուզում է թողնել խմելը. Եթե անհատը համաձայնում է օգնություն ընդունել, ժամանակ կպահանջվի համոզվելու, թե արդյո՞ք նրա գործերը համապատասխանում են խոսքերին։ Պրոֆեսիոնալ բուժումը կարող է լավ աջակցություն լինել։ Իհարկե, անհատը պետք է հասկանա, որ միայն դա բավական չէ խնդիրը լուծելու համար։
Նա շարունակ օգնության կարիք կունենա, հատկապես՝ հոգևոր։ Հնարավոր է, որ նա անցյալում դիմել էր խմիչքին՝ ընկճվածության զգացումը կամ բարկությունը հաղթահարելու, աշխատանքի վայրում ծագած և այլ խնդիրներ լուծելու համար։ Իսկ այժմ միգուցե նա ձեր օգնության կարիքն է զգում, որպեսզի իրականությանը այլ աչքերով նայի։ Բացի դրանից, գուցե բացասական զգացումները շարունակեն ընկճել նրան, ինչպես օրինակ, մեղավորության զգացումը կամ ինքնավստահության պակասը։ Նա կարող է ինքն իրեն անարժան զգալ Աստծուն աղոթքով դիմելու, ուստի հարկ կլինի նրան օգնել վերականգնել Աստծո հետ վստահելի փոխհարաբերությունը։ Նրա համար և նրա հետ ասված աղոթքները, ինչպես նաև Աստծո Խոսքից մխիթարող հիշեցումները կհանգստացնեն նրան և կփարատեն կասկածները (Յակոբոս 5։14–16)։
Ոտքը կոտրած մարդը միառժամանակ հենակի օգնության կարիք է զգում։ Այնպես էլ նա, ով պայքարում է ալկոհոլամոլության դեմ, իրեն օգնության ձեռք մեկնողի, կարեկից և ուշադիր լսողի կարիքն ունի, ում նա կարող է «կռթնել»։ Ցանկանո՞ւմ եք օգնության ձեռք մեկնել նրան։
«Ինձ այցելում էին և՛ երեցները, և՛ ուրիշ եղբայրներ,— պատմում է մի եղբայր, որը պայքարել է խմելու իր հակվածության դեմ։— Բառերով չեմ կարող արտահայտել երախտագիտությունս նրանց սիրո ու կարեկցանքի համար։ Հրաշալի է, որ ես նորից կարողացա աղոթել Եհովային։ Դա մեծ թեթևացում բերեց»։
«Ինչում ասես, որ չօգնեցին ինձ եղբայրները,— ասում է մի ուրիշ Վկա, որը ևս ժամանակին նման իրավիճակում է գտնվել։— Նրանք նույնիսկ առաջարկեցին ինձ ժողովի հանդիպումների ժամանակ իրենց կողքին նստել, քանի որ վախենում էի հանդիպման գնալ։ Ինձ հատկապես օգնեց մի եղբայր։ Անկախ իր ծրագրած գործերից՝ նա միշտ այցելում էր ինձ հենց այն պահերին, երբ ամենաշատը դրա կարիքն ունեի։ Անչափ շնորհակալ եմ նրա սիրո և համբերության համար»։
Որոշ դեպքերում ավելի արդյունավետ կլինի, եթե խմելու սովորության դեմ պայքարողը հնարավորություն ունենա խոսել այնպիսի եղբոր հետ, որը ժամանակին նման խնդիր է ունեցել։ Ինչո՞ւ։ Քանի որ այդպիսի մեկը կարող է հասկանալ նրան. նա լավ գիտի, թե որքան ջանքեր են պահանջվում հաջողության հասնելու համար։ Դեռ ավելին, նրա կենդանի օրինակը ալկոհոլամոլին ցույց կտա, որ հնարավո՛ր է ազատվել այդ վատ սովորությունից։ Ինչ խոսք, նրա համար ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել։
Ի՞նչ կարելի է անել այն դեպքում, եթե ալկոհոլիզմի դեմ պայքարողը նորից սկսի խմել. Դա չի բացառվում։ Այս դեպքում էլ հարցը նույնն է՝ ո՞րն է ալկոհոլամոլի վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ։ Համոզվա՞ծ եք, որ նա իրոք ցանկանում է հաղթահարել իր այդ պրոբլեմը։ Հասկանո՞ւմ է արդյոք, որ եթե ուզում է ապաքինվել, պետք է կրկնապատկի ջանքերը։ Եթե այո, ապա ձեր կարեկցանքի և օգնության կարիքն ունի։
Ուրեմն, պարտադիր չէ անհատին զրկել ընկերակցությունից զուտ նրա համար, որ նա ալկոհոլամոլ է։ Եթե նա իրոք ուզում է խմելը թողնել, հարկավոր է նրան այդ հնարավորությունը տալ։ Իսկ եթե իրականում նա իր գործերով հակառա՞կն է ցույց տալիս։ Եվ ի՞նչ, եթե հարբեցողության դեպքերը կրկնվում են և խոհեմության սահմաններում տրված ոչ մի աջակցություն չի օգնում նրան։ Այդ դեպքում, համաձայն Ա Կորնթացիս 5։11–13-րդ համարներում գրված Պողոսի խոսքերի, նա պետք է զրկվի ժողովի ընկերակցությունից։
Նրանք, ովքեր ուզում են օգնել ալկոհոլից կախվածություն ունեցողներին, զգալի չափով խորաթափանցություն, համբերություն և հաստատամտություն պետք է դրսևորեն։ Սա մի այնպիսի դեպք չէ, երբ բավական կլինի ասել՝ «հավաքիր ինքդ քեզ» կամ՝ «եթե սիրում ես Եհովային, կթողնես խմելը»։
Փոխարենը, փորձեք հասկանալ ալկոհոլիզմի բնույթը, թե ինչ է այն և ինչպես է ազդում մարդու վրա։ Հիշեք, որ ալկոհոլամոլը սովորաբար հերքում է իր այդպիսին լինելը, ասես, պաշտպանության համար իրեն պարսպով է պատել, իսկ այդ պարիսպը քանդել է հարկավոր։ Պետք է հասկացնել նրան, որ նա ալկոհոլից կախվածություն ունի, հետևաբար՝ օգնության կարիք։ Հարկավոր կլինի նրան շարունակաբար օգնել և աջակցել։ Բայց մի՞թե արդյունքի հասնելու համար չարժե ջանքեր գործադրել։
Մի քույր, որին այդպիսի օգնություն է տրվել, հիշում է. «Երեցներն այնքան սեր և կարեկցանք ցուցաբերեցին, որ ես ամեն օր Եհովային շնորհակալություն եմ հայտնում, որ նա նրանց ինձ մոտ ուղարկեց։ Այժմ միտքս պարզ է։ Կարողանում եմ մաքուր խղճմտանքով խոսել Եհովայի հետ։ Նաև մեծ հաճույքով հաճախում եմ ժողովի բոլոր հանդիպումներին, որոնք ինձ մեծ բավականություն են պատճառում»։ Այո՛, որքան երախտապարտ են այս անհատները այն երեցներին, ովքեր անձնվիրաբար և հոժարակամորեն հոգ են տանում հոտին (Ա Պետրոս 5։1, 2)։