Ընթերցողների հարցերը
Քրիստոնեական նվիրումը կարելի՞ է ուխտ համարել։
Երբ մարդը սկսում է սիրել ճշմարիտ Աստծուն, մեծ ցանկություն է ունենում նրան ծառայելու։ Այդպիսի անհատը պետք է իր կյանքը նվիրի Եհովային ու մկրտվի։ Աստվածաշունչը քրիստոնեական նվիրման առնչությամբ չի օգտագործում «ուխտ» բառը։ Այդուհանդերձ, սխալ չէ այդ իմաստով կիրառել այն։ Ինչպես նշվում է «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանում (անգլ.), ուխտը «Աստծուն տրված հանդիսավոր խոստում է որևէ բան անելու, զոհ կամ ընծա մատուցելու, որևէ ծառայություն կատարելու մասին»։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ երբեմն մարդիկ ուխտ են կապել այն պայմանով, որ Աստված դրա փոխարեն որևէ բան կանի։ Օրինակ՝ Թուոց 21։2–ում ասվում է. «Իսրայէլն ուխտ արաւ Եհովային եւ ասեց. Եթէ այս ժողովուրդն իմ ձեռքը մատնես, նորանց քաղաքները կ’նզովեմ» (Ծննդ. 28։20–22; Դատ. 11։30–39)։ Ինչ խոսք, քրիստոնյան Աստծուն որևէ պայմանով չի նվիրվում։ Նա չի ասում. «Եհո՛վա, խոստանում եմ, որ եթե ինձ երջանկություն ու բարեկեցություն տաս, իսկ հետագայում հավիտենական կյանք պարգևես, ամբողջ կյանքում քեզ կծառայեմ»։ Աստվածաշնչում կան նաև այնպիսի ուխտերի օրինակներ, որոնք Եհովան չի պահանջել անելու։ Հին Կտակարանի վերաբերյալ մի աշխատության մեջ ասվում է, որ եբրայերեն նա–դար բառը վերաբերում է այնպիսի «ուխտի, համաձայն որի՝ մարդը խոստանում է որևէ բան անել կամ տալ։ Առաջին հերթին՝ այդ բառը զատելու իմաստ ունի» (Wilson’s Old Testament Word Studies)։ Փաստորեն, այստեղ խոսքը Աստծու հետ հոժարակամորեն ուխտ կապելու մասին է։ Այդ դեպքում տեղի՞ն է մտածել, որ Հիսուսի նվիրված ու մկրտված աշակերտը դառնալով՝ մարդը ուխտ չի կապում, քանի որ Աստված նվիրվածություն է պահանջում բոլոր նրանցից, ովքեր ցանկանում են ունենալ նրա հավանությունը։ Ո՛չ։
Այն հանգամանքը, որ Եհովան որոշակի բաներ է պահանջում իր ընկերներից, ամենևին էլ չի նշանակում, թե վերջիններս ընտրելու հնարավորություն չունեն։ Մովսեսը իսրայելացիներին ասաց. «[Ես] կեանքը ու մահը, օրհնութիւնը եւ անէծքը ձեր առաջը դրի. ուրեմն կեանքը ընտրիր որ ապրես՝ դու եւ քո սերունդը» (Բ Օրին. 30։19, 20; Սաղ. 15։1–5; Յեսու 24։15; Գ Թագ. 18։21)։ Հիշենք նաև Հիսուսի խոսքերը. «Ինձ մո՛տ եկեք բոլորդ, որ հոգնած եք ու բեռնավորված, և ես կթարմացնեմ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և ինձանից սովորեք, քանզի ես հեզ եմ և սրտով խոնարհ, և դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար» (Մատթ. 11։28, 29)։ Սա, իհարկե, ոչ թե խիստ պահանջ է, այլ հրավեր, որին հոժարակամորեն են արձագանքում։
Հիսուսը ծնվել էր Իսրայել ժողովրդի մեջ, որը նվիրված էր Աստծուն։ Գրություններում բազմաթիվ մարգարեություններ կային՝ նրա կյանքի ու մահվան հետ կապված։ Աստված էր նախատեսել, որ իր Որդին մահանա զոհաբերական մահով։ Այդուհանդերձ, Քրիստոսը հոժարակամորեն նվիրեց իր կյանքը հատուկ ծառայության համար։ Դա երևում է նրա հետևյալ խոսքերից. «Զոհ և ընծա դու չցանկացար, այլ մի մարմին պատրաստեցիր ինձ համար» (Եբր. 10։5–10)։ Նմանապես, յուրաքանչյուր մարդ պետք է անձամբ որոշի նվիրվել Եհովային ու մկրտվել։ Բացի այդ, քրիստոնյաները գիտակցում են, որ «ուխտ» բառն այսօր ավելի լայն իմաստ ունի։ Եհովայի վկաները հանդիսավոր կերպով «ամուսնական ուխտ»a են տալիս հարսանեկան արարողության ժամանակ, որը սովորաբար անցկացվում է Թագավորության սրահում։ Սա լիովին համապատասխանում է «ուխտ» բառի հետևյալ բացատրությանը. «Հանդիսավոր խոստում կամ պարտավորություն, որի ժամանակ մարդը սովորաբար երդում է տալիս Աստծուն» (Oxford American Dictionary, 1980 թ., էջ 778)։
Ուրեմն չարժե սահմանափակել «ուխտ» բառի իմաստը։ Հնարավոր է՝ ոմանք, որոշելով ծառայել Եհովային, մտածեն, որ իրենց անմնացորդ նվիրումը Աստծու աչքում հավասար է նվիրման ուխտի։ Չէ՞ որ նրանք հանդիսավոր խոստում են տվել կամ իրենց վրա պարտավորություն են վերցրել, ինչը և ուխտ է համարվում։ Նրանք խոստացել են ամբողջ կյանքում ծառայել Եհովային ու հավատարմորեն կատարել Նրա կամքը։ Հարկավոր է շատ լուրջ վերաբերվել այս քայլին։ Մենք պետք է ընդօրինակենք սաղմոսերգուին, որը հիշելով իր ուխտերը՝ ասաց. «Ի՞նչ հատուցանեմ Տիրոջը նորա բոլոր բարութեան համար, որ ինձ արաւ։ Պատարագիր Աստուծուն գոհութիւն, եւ վճարիր Բարձրելոյն քո ուխտերը» (Սաղ. 116։12–14; 50։14)։
[ծանոթագրություն]
a Հարսանիքի ժամանակ հարսն ու փեսան ուխտ են կապում իրար հետ և դա անում են վկաների ներկայությամբ, Աստծու առաջ։