Ճիշտ հիմա է զգոնություն ցուցաբերելու ժամանակը
«ԻՄԱՑԵՔ ներկայ ժամանակիս մասին, որովհետեւ հիմա ճիշտ ժամն է, որ մենք քնից զարթնենք» (Հռովմայեցիս 13։11)։ Մ.թ. 70–ին հրեական իրերի դրության աղետալի ավարտից մոտավորապես տասնչորս տարի առաջ Պողոս առաքյալը այս խոսքերն ուղղեց Հռոմում ապրող քրիստոնյաներին։ Իրենց հոգևոր արթուն վիճակի շնորհիվ այդ վճռական օրերին նրանք Երուսաղեմում չէին և, հետևաբար, ազատվեցին մահից ու գերությունից։ Բայց նրանք ինչպե՞ս իմացան, որ անհրաժեշտ էր լքել քաղաքն ու այլևս չվերադառնալ այնտեղ։
Հիսուս Քրիստոսը նախապես զգուշացրել էր, որ թշնամիները պիտի պաշարեին ու հիմնահատակ անեին Երուսաղեմ քաղաքը (Ղուկաս 19։43, 44)։ Դրանից հետո Հիսուսն իր հավատարիմ հետևորդներին մի բաղադրյալ նշան տվեց, որը դժվար չէր ճանաչել (Ղուկաս 21։7—24)։ Երուսաղեմում ապրող քրիստոնյաների համար հեռանալը նշանակում էր լքել տունն ու աշխատանքը։ Այնուամենայնիվ, նրանց ցուցաբերած զգոնությունն ու ժամանակին փախուստը պահպանեցին նրանց կյանքը։
Երուսաղեմի կործանման մասին մարգարեանալուց հետո Հիսուսի աշակերտները հարցրին նրան. «Այդ ե՞րբ կը լինի, եւ կամ քո գալստեան [«ներկայության», ՆԱ] ու այս աշխարհի [«իրերի համակարգի», ՆԱ] վախճանի նշանն ի՞նչ կը լինի» (Մատթէոս 24։3)։ Իր պատասխանի մեջ Հիսուսն իր ապագա ներկայությունը համեմատեց Նոյի օրերի աշխարհածավալ Ջրհեղեղին նախորդող ժամանակաշրջանի հետ։ Նա մատնանշեց, որ Ջրհեղեղը ոչնչացրեց բոլոր չար մարդկանց (Մատթէոս 24։21, 37—39)։ Այս համեմատությամբ նա ցույց տվեց, որ Աստված նորից պիտի միջամտեր մարդկանց գործերին։ Բայց ի՞նչ մասշտաբով. մաքրելով ողջ հանցավոր աշխարհը կամ իրերի համակարգը (համեմատեք Բ Պետրոս 3։5, 6)։ Կարո՞ղ է դա մեր օրերում տեղի ունենալ։
Արդյո՞ք ամեն ինչ նույն ձևով է մնում
Առաջին դարի հրեաներից քչերն էին պատկերացնում, որ իրենց սուրբ քաղաքը՝ Երուսաղեմը, կարող էր կործանվել։ Համանման անհավատություն հաճախ տիրում է այն մարդկանց մեջ, ովքեր հրաբխի կողքին են ապրում, բայց չեն կրել նրա ժայթքման հետևանքները։ Երբ նախազգուշացման մասին խոսք է գնում, շատերն են պատասխանում. «Դա տեղի չի ունենա իմ կյանքի ընթացքում»։ «Սովորաբար, հրաբուխը ժայթքում է երկուսից երեք հարյուրամյակը մի անգամ,— բացատրում է հրաբխագետ Լիոնել Ուիլսոնը,— և այդ երևույթը անհանգստացնում է մեզ, եթե տեղի ունեցած է լինում մեր ծնողների օրոք, սակայն մեր անհանգստությունն անցնում է, երբ այդ դեպքը պատահած է լինում բավականին ժամանակ առաջ, թերևս մեր պապերի օրոք»։
Այնուհանդերձ, ճշգրիտ ինֆորմացիան հնարավորություն է տալիս մեզ ճանաչելու վտանգի ազդանշանները և դրանց լրջորեն վերաբերվելու։ Մոնտան Պելե լեռան մոտից փախչողներից մեկը քաջատեղյակ էր հրաբխի մասին և իսկույն ճանաչեց վտանգի ազդանշանները։ Նույն ազդանշանները ստուգությամբ մեկնաբանվեցին Պինատուբո հրաբխի ժայթքումից կարճ ժամանակ առաջ։ Հրաբխագետները, հետազոտելով լեռան ընդերքում գործող ներքին անտեսանելի ուժերը, նախազգուշացրին տարածքը լքելու մասին։
Իհարկե, միշտ էլ պատահում են այնպիսիները, որոնք մերժում են վտանգի ազդանշանները և պնդում, թե ոչինչ էլ տեղի չի ունենա։ Հնարավոր է, որ նույնիսկ ծաղրեն նրանց, ովքեր վճռական քայլերի են դիմում։ Պետրոս առաքյալը կանխագուշակեց, որ այդպես կլինի նաև մեր օրերում։ Նա գրեց. «Նախ այս բանն իմացէք, որ վերջին օրերին պիտի գան արհամարհողներ, ծաղրողներ, որոնք պիտի ընթանան ըստ իրենց ցանկութիւնների. եւ պիտի ասեն. «Ո՞ւր է նրա գալստեան խոստումը, քանի որ նախահայրերի ննջելուց յետոյ ամէն ինչ այն նոյն ձեւով է մնում, ինչպէս էր արարչագործութեան սկզբից» (Բ Պետրոս 3։3, 4)։
Դուք հավատո՞ւմ եք, որ հիմա ապրում ենք «վերջին օրերում»։ Մի գրքում («The Columbia History of the World») Ջոն Գարըթին և Պիտեր Գեյը հետևյալ հարցն են բարձրացնում. «Նկատո՞ւմ ենք արդյոք, որ մեր քաղաքակրթությունն անկում է ապրում»։ Այնուհետև, իրենց գրքում այս պատմաբանները վերլուծում են իշխանության հետ կապված պրոբլեմները, հանցագործության համաշխարհային աճն ու քաղաքացիական անկարգապահությունը, ընտանեկան կյանքի փլուզումը, նաև հասարակության պրոբլեմները լուծելու հարցում գիտության և տեխնիկայի ասպարեզներում կրած անհաջողությունները, պետական իշխանությունների ճգնաժամերը, աշխարհածավալ անբարոյությունն ու կրոնական քայքայումը։ Վերջում նրանք եզրակացնում են. «Եթե այս ամենը վախճանի ցայտուն ազդանշաններ էլ չեն, ապա զարմանալիորեն նման են դրանց»։
Մենք ամուր հիմքեր ունենք հավատալու, որ «վախճանը» մոտ է։ Վախենալու կարիք չունենք, որ երկրագունդը կվերանա, քանի որ Աստվածաշնչում ասվում է, որ Աստված «հաստատեց երկիրն իր հիմունքի վերայ, որ տեղիցը չ’շարժուի բնաւ եւ յաւիտեան» (Սաղմոս 104։5)։ Սակայն մենք պետք է ակնկալենք իրերի ներկա չար համակարգի մոտալուտ վախճանը, որը մարդկությանն այսքան տառապանք է պատճառում։ Ինչո՞ւ. քանի որ տեսնում ենք համակարգի վերջին օրերը բնորոշող այն ցայտուն նշանները, որոնք նկարագրեց Հիսուսը (տեսեք շրջանակը «Վերջին օրերի մի քանի նշանները»)։ Ինչո՞ւ չհամեմատենք Հիսուսի խոսքերն աշխարհում կատարվող դեպքերի հետ։ Դա կօգնի մեզ իմաստուն որոշումներ կայացնել մեզ և մեր ընտանիքի համար։ Իսկ ինչո՞ւ գործի չանցնել հենց հիմա։
Իսկապես անհրաժեշտ է արթուն մնալ
Թեև գիտնականները կարող են իմանալ հրաբխի ժայթքման մոտավոր ժամանակը, սակայն նրանք չեն կարող ստույգ հայտնել, թե երբ այն տեղի կունենա։ Նմանապես, Հիսուսն իրերի ներկա համակարգի վախճանի մասին ասաց. «Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը» (Մատթէոս 24։36)։ Քանի որ ճշգրտորեն չգիտենք, թե երբ է վրա հասնելու իրերի ներկա դրության վախճանը, Հիսուսը մեզ հետևյալ զգուշացումը տվեց. «Ա՛յս իմացէք. եթէ տանտէրը գիտենար, թէ ո՛ր ժամին գող կը գայ, կը հսկէր եւ չէր թողնի, որ իր տունը ծակեն։ Դրա համար դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասում, մարդու Որդին [Հիսուսը] կը գայ» (Մատթէոս 24։43, 44)։
Հիսուսի խոսքերը ցույց են տալիս, որ այս համակարգի շրջադարձային ավարտն այս աշխարհին անակնկալի է բերելու։ Անգամ Հիսուսի հետեվորդները լինելով՝ մենք պետք է ‘պատրաստ լինենք’։ Մեր վիճակը նմանվում է տանտիրոջ վիճակին, որը կարող է անակնկալի գալ, որովհետև չգիտի, թե գողը ե՞րբ է մտնելու իր տունը։
Իր հերթին Պողոս առաքյալը Թեսաղոնիկեի քրիստոնյաներին հայտնեց. «Դուք ինքներդ իսկ ստոյգ գիտէք, թէ Տիրոջ օրը այնպէս է հասնում, ինչպէս գողը՝ գիշերով.... Եղբայրնե՛ր, խաւարի մէջ չէք, որ այն օրը ձեր վրայ հասնի՝ ինչպէս գողը»։ Պողոսը նաև հորդորեց. «Ուրեմն չքնենք մնանք, ինչպէս՝ ուրիշները, այլ արթուն եւ զգաստ լինենք» (Ա Թեսաղոնիկեցիս 5։2, 4, 6)։ Ի՞նչ է նշանակում ‘արթուն և զգաստ լինել’։
Ի տարբերություն առաջին դարի քրիստոնյաների՝ Երուսաղեմից փախուստին, մեր փախուստը չի նշանակում փրկվելու նպատակով տեղափոխվել բնակվելու մի ուրիշ վայր։ Կոչ անելով Հռոմում գտնվող իր հավատակիցներին քնից արթնանալ՝ Պողոսը հորդորեց նրանց ‘դե՛ն գցել խավարի գործերը և զգեստավորվել Տեր Հիսուս Քրիստոսով’ (Հռովմայեցիս 13։12, 14)։ Եթե ուշադիր հետևենք Հիսուսի քայլերին, դրանով ցույց կտանք ժամանակի նկատմամբ մեր արթուն լինելը և, այս հոգևոր արթնությունը պահելով, իրերի այս չար համակարգի ավարտին աստվածային պաշտպանությանը կարժանանանք (Ա Պետրոս 2։21)։
Հիսուս Քրիստոսին հետևողները իմաստալից ու գոհացուցիչ կյանք են վայելում։ Միլիոնավոր Եհովայի վկաներ գտնում են, որ քրիստոնեական աշակերտության լուծը հաճելի է և թարմացնող (Մատթէոս 11։29, 30)։ Աշակերտ դառնալու առաջին քայլն է՝ ‘ճանաչել միակ ճշմարիտ Աստծուն և Հիսուս Քրիստոսին, որին նա ուղարկեց’ (Յովհաննէս 17։3)։ Ամեն շաբաթ Վկաներն այցելում են միլիոնավոր մարդկանց տները, որպեսզի օգնեն նրանց ստանալու «ճշմարտութեան գիտութիւնը» (Ա Տիմոթէոս 2։4)։ Նրանք հաճույքով Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն են անցկացնում ցանկացող անհատի հետ։ Եվ, որքան աճեք Աստծու Խոսքի գիտության մեջ, անշուշտ, այնքան ավելի կհամոզվեք, որ մեր ապրած օրերը տարբերվում են մյուս ժամանակներից։ Իսկապես որ, հիմա է քնից արթնանալու ճիշտ ժամանակը։
[շրջանակ/նկարներ 7–րդ էջի վրա]
ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՄԻ ՔԱՆԻ ՆՇԱՆՆԵՐ
«Ազգ ազգի դէմ պիտի ելնի», ‘խաղաղությունը վերանալու է երկրից’ (Մատթէոս 24։7; Յայտնութիւն 6։4)
Այս հարյուրամյակում տեղի ունեցած երկու համաշխարհային պատերազմները բազում ուրիշ ընդհարումների հետ միասին խաղաղությունը խլել են երկրի վրայից։ «Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները տարբերվում են նախկինում մղված բոլոր պատերազմներից,— գրում է պատմաբան Ջոն Քիգանը,— դրանք տարբեր էին իրենց մասշտաբներով, ուժերով, ծավալներով, նյութական ու մարդկային կորուստներով.... Երկու համաշխարհային պատերազմներում էլ ավելի շատ մարդիկ սպանվեցին, ավելի շատ նյութական արժեքներ սպառվեցին ու տառապանք պատճառվեց երկրագնդին, քան նախկինում տեղի ունեցած որևէ պատերազմի ընթացքում։ Այսօր պատերազմներում ավելի շատ կանայք ու երեխաներն են տառապում, քան իրենք զինվորները։ ՄԱԿ–ի մանկական ֆոնդը (ՅՈՒՆԻՍԵՖ) հաշվարկում է, որ վերջին տասը տարիների ընթացքում պատերազմներում սպանվել է երկու միլիոն երեխա։
«Սով» (Մատթէոս 24։7; Յայտնութիւն 6։5, 6, 8)
1996–ին նկատվեց ցորենի և եգիպտացորենի գների կտրուկ բարձրացում։ Ո՞րն էր պատճառը. հացահատիկի այս տեսակների համաշխարհային պաշարներն այնքան էին նվազել, որ հասել էին ընդամենը հիսունօրյա պաշարի. նման բան դեռ չէր արձանագրվել։ Սննդամթերքի աճող գները ցույց են տալիս, որ աշխարհի հարյուր միլիոնավոր հյուծված մարդիկ, որոնց մեծ մասը երեխաներ են, քաղցած անկողին են մտնում։
«Տեղ–տեղ երկրաշարժներ» (Մատթէոս 24։7)
Վերջին 2 500 տարիների ընթացքում տեղի ունեցած ինը երկրաշարժերից յուրաքանչյուրի ժամանակ մահացել է ավելի քան 100 000 մարդ։ Այս երկրաշարժերից չորսը տեղի են ունեցել 1914 թվականից սկսած։
«Անօրինութեան շատանալը» (Մատթէոս 24։12)
Մինչ 20–րդ դարը մոտենում է իր ավարտին, անօրենությունն ու հանցագործությունը հեղեղել են աշխարհը։ Քաղաքացիների վրա ահաբեկիչների հարձակումները, սադիստական սպանությունները և մասսայական մարդասպանությունները հատուկ են այս դաժան վերջին օրերին։
«Համաճարակ» (Ղուկաս 21։11, Նոր կտակարանի նոր աշխարհաբար թարգմանություն)։
1990–ական թվականներին, մոտ 30 միլիոն մարդ մահացավ պալարախտից։ Հիվանդաբեր մանրէները գնալով ավելի ու ավելի կայուն են դառնում անտիբիոտիկների նկատմամբ։ Մեկ ուրիշ մահացու ախտ է մալարիան, որը հարվածում է տարեկան 300—500 միլիոն անհատների և սպանում մոտավորապես երկու միլիոն մարդ։ Սպասվում է, որ մինչև այս տասնամյակի ավարտը ՁԻԱՀ–ը (ձեռք բերովի իմունոանբավարարության համախտանիշ, «ՍՊԻԴ») տարեկան 1,8 միլիոն մարդկային կյանք կխլի։ «Մարդկությունն այսօր ամենասարսափելի համաճարակն է կրում»,— հայտարարվում է մի գրքում («State of the World», 1996)։
«Եւ արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում» (Մատթէոս 24։14)։
1997–ին Եհովայի վկաները մեկ միլիարդից ավելի ժամ են տրամադրել Թագավորության բարի լուրը քարոզելու համար։ 232 երկրներում հինգ միլիոնից ավելի Եհովայի վկաներ այս պատգամը կանոնավոր կերպով մարդկանց են հասցնում։
[թույլտվությամբ]
FAO photo/B. Imevbore
U.S. Coast Guard photo
[նկարներ 4–րդ և 5–րդ էջերի վրա]
Քրիստոնյաները փախան Երուսաղեմից, քանի որ հոգևորապես արթուն էին։