Սպասում ենք «մեծ ակնկալութեամբ»
Ստեղծուածները մեծ ակնկալութեամբ սպասում են Աստծու որդիների յայտնութեանը» (Հռովմայեցիս 8։19)։
1. Ի՞նչ ընդհանրություն գոյություն ունի ներկայիս և առաջին դարի քրիստոնյաների միջև։
ՃՇՄԱՐԻՏ քրիստոնյաների ներկայիս վիճակը հիշեցնում է առաջին դարի քրիստոնյաներին։ Այդ օրերին Եհովայի ծառաները մի մարգարեությունից գիտեին, թե երբ էր հայտնվելու Մեսիան (Դանիէլ 9։24—26)։ Այդ նույն մարգարեության մեջ խոսվում էր նաև Երուսաղեմի կործանման մասին, սակայն ոչ մի մանրամասնություն չէր տրվում, որից կարելի էր նախօրոք իմանալ, թե երբ էր դա տեղի ունենալու (Դանիէլ 9։26բ, 27)։ Նմանապես, 19–րդ դարում մի մարգարեություն պատահաբար սպասողական դրության մեջ գցեց Աստվածաշնչի մի խումբ անկեղծ ուսումնասիրողների։ Կապելով Դանիէլ 4։25–ի «եօթը ժամանակը» «հեթանոսների ժամանակների» հետ՝ նրանք սպասում էին, որ Հիսուսն իր թագավորական իշխանությունը կստանա 1914–ին (Ղուկաս 21։24; Եզեկիէլ 21։25—27)։ Ճիշտ է, Դանիելի գիրքը շատ մարգարեություններ է պարունակում, սակայն դրանցից ոչ մեկը Աստվածաշնչի ժամանակակից ուսումնասիրողներին հնարավորություն չի տալիս հաշվելու, թե երբ է Սատանայի իրերի ողջ համակարգը կործանվելու (Դանիէլ 2։31—44; 8։23—25; 11։36, 44, 45)։ Այնուհանդերձ, կործանումը շուտով տեղի է ունենալու, քանի որ ապրում ենք «վերջին ժամանակում» (Դանիէլ 12։4)։a
Աչալրջությունը Քրիստոսի ներկայության ընթացքում
2, 3.ա) Ո՞րն է թագավորական իշխանությամբ Քրիստոսի ներկայության ամենամեծ ապացույցը։ բ) Ի՞նչն է ցույց տալիս, որ քրիստոնյաներին հարկավոր էր արթուն մնալ Հիսուս Քրիստոսի ներկայության ընթացքում։
2 Ճիշտ է, մինչ 1914 թ.–ին Քրիստոսի՝ թագավորական իշխանությանն անցնելը, մարգարեությունը քրիստոնյաներին սպասողական դրության մեջ էր դրել, սակայն իր ներկայության և իրերի համակարգի վախճանի վերաբերյալ Քրիստոսի տված «նշանը» որոշակի իրադարձություններից էր բաղկացած։ Դրանց մեծամասնությունն ակնհայտ էր դառնալու նրա ներկայությունից հետո միայն։ Այդ իրադարձությունները՝ պատերազմները, սովը, երկրաշարժերը, համաճարակները, անօրինության շատանալը, քրիստոնյաների հալածվելը և Թագավորության ավետիսի համաշխարհային քարոզը, ամենահզոր ապացույցն են այն բանի, որ այժմ ապրում ենք Քրիստոսի՝ իր թագավորական իշխանությամբ, ներկայության ժամանակաշրջանում (Մատթէոս 24։3—14; Ղուկաս 21։10, 11)։
3 Բայց և այնպես, իր աշակերտներին ուղղած Հիսուսի խորհրդի բուն իմաստը հետեվյալն էր. «Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք.... արթո՛ւն կացէք» (Մարկոս 13։33, 37; Ղուկաս 21։36)։ Երբ ուշադիր ընթերցում ենք աչալրջության մասին այս հորդորները, հայտնաբերում ենք, որ Քրիստոսը չխոսեց այն մասին, թե առաջին հերթին պետք էր հետևել իր ներկայությունն ապացուցող նշանի կատարումը սկսվելուն, այլ պատվիրեց հավատարիմ աշակերտներին աչալուրջ լինել իր ներկայության ընթացքում։ Ինչո՞ւ պետք է ճշմարիտ քրիստոնյաներն արթուն լինեին։
4. Ի՞նչ նպատակի պետք է ծառայեր Հիսուսի տված նշանը։
4 Հիսուսը, ի պատասխան իրեն ուղղված հարցին, թե՝ «ե՞րբ կը լինի [հրեական համակարգի վախճանին առաջնորդող իրադարձությունները], եւ կամ քո գալստեան [«ներկայության», ՆԱ] ու այս աշխարհի վախճանի նշանն ի՞նչ կը լինի», մարգարեությունների մի շարք տվեց (Մատթէոս 24։3)։ Նրա տված նշանը ոչ միայն պետք է օգներ ճանաչել իր ներկայությունը, այլ նաև ներկա չար համակարգի ավարտին առաջնորդող դեպքերը։
5. Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ նա դեռ պետք է գա՝ չնայած իր հոգևոր ներկայությանը։
5 Հիսուսը ցույց տվեց, որ իր «ներկայության» ընթացքում (հունարեն՝ պարուսի՛ա) նա կգա փառքով և զորությամբ։ Այդ «գալստյան» կապակցությամբ (վերջինս արտահայտված է հունարեն է՛րխոմաի բառի ձևերով) նա հայտարարեց. «Ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով.... Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետեւ, երբ նրա ոստերը կակղեն, եւ տերեւը ցցուի, կ’իմանաք, որ ամառը մօտ է։ Նոյնպէս եւ դուք՝ երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է Նա [Քրիստոսը], դռների առաջ.... Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ ո՛ր ժամին կը գայ ձեր Տէրը.... պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասում, մարդու Որդին կը գայ» (Մատթէոս 24։30, 32, 33, 42, 44)։
Ինչո՞ւ է գալիս Հիսուս Քրիստոսը
6. Ինչպե՞ս է վրա հասնելու «Մեծն Բաբելոնի» կործանումը։
6 Թեև 1914–ից ի վեր Հիսուս Քրիստոսը ներկա է որպես Թագավոր, մինչև չարերի դեմ իր դատավճիռ կայացնելը նա դեռ պետք է դատի համակարգերն ու մարդկանց (համեմատեք Բ Կորնթացիս 5։10)։ Շուտով Եհովան իշխանությունների մտքում կդնի ոչնչացնել «Մեծն Բաբելոնը»՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը (Յայտնութիւն 17։4, 5, 16, 17)։ Պողոս առաքյալը զգուշացրեց, որ Հիսուս Քրիստոսը պիտի ոչնչացնի «անօրէնութեան մարդուն»՝ քրիստոնեական աշխարհի հավատուրաց հոգևորականությանը՝ «Մեծն Բաբելոնի» երևելի մի մասը։ Նա գրեց. «Պիտի յայտնուի Անօրէնը, որին Տէր Յիսուս պիտի կործանի իր բերանի շնչով եւ պիտի ոչնչացնի իր յայտնութեամբ իր գալստեան ժամանակ» (Բ Թեսաղոնիկեցիս 2։3, 8)։
7. Ի՞նչ դատավճիռ պիտի կայացնի մարդու Որդին, երբ իր փառքով գա։
7 Մոտ ապագայում Քրիստոսը դատելու է ժողովուրդներին այն իրողության հիման վրա, թե ինչպես են նրանք վերաբերվել դեռևս երկրի վրա ապրող Հիսուսի եղբայրներին։ Այդ մասին կարդում ենք. «Երբ որ մարդու Որդին գայ իր փառքով եւ բոլոր հրեշտակները՝ իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրայ, ու նրա առաջ պիտի հաւաքուեն բոլոր ազգերը, եւ նա նրանց միմեանցից պիտի զատի ինչպէս մի հովիւ, որ զատում է ոչխարները այծերից։ Եւ ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերը՝ ձախին.... Թագաւորը պիտի պատասխանի ու ասի [ոչխարներին]. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք».... Եւ [այծերը] պիտի գնան դէպի յաւիտենական տանջանք, իսկ արդարները՝ յաւիտենական կեանք» (Մատթէոս 25։31—46)։
8. Պողոսն ինչպե՞ս նկարագրեց անաստվածների դեմ դատավճիռ կայացնելու նպատակով Քրիստոսի գալուստը։
8 Ինչպես ցույց է տալիս «այծերի և ոչխարների» մասին առակը, Հիսուսը վերջնական դատավճիռ է կայացնելու բոլոր անաստված մարդկանց դեմ։ Պողոսը վստահեցրեց իր տառապող հավատակիցներին, որ թեթևացում է լինելու՝ «հանգիստ մեզ հետ, երբ Տէր Յիսուս յայտնուի երկնքից՝ իր հրեշտակների զօրքով՝ կրակի վրէժ լուծելու համար նրանցից, որոնք չեն ճանաչում Աստծուն եւ չեն հնազանդւում մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աւետարանին. նրանց պատիժը պիտի լինի յաւիտենական կործանումը՝ հեռու Տիրոջ ներկայութիւնից եւ նրա փառաւոր զօրութիւնից, երբ նա գայ այն օրը՝ փառաւորուելու իր սրբերի մէջ» (Բ Թեսաղոնիկեցիս 1։7—10)։ Առջևում տեսնելով այս բոլոր ակնածալի իրադարձությունները՝ մի՞թե չպետք է պատրաստակամությամբ արթուն մնանք և սպասենք Քրիստոսի գալստին։
Ակնկալությա՛մբ սպասենք Քրիստոսի հայտնությանը
9, 10. Դեռևս երկրի վրա ապրող օծյալ քրիստոնյաներն ինչո՞ւ են հիմա ակնկալությամբ սպասում Հիսուս Քրիստոսի հայտնությանը։
9 Տեր Հիսուսի հայտնությունը երկնքից լինելու է ոչ միայն չարերին կործանելու, այլ նաև արդարներին վարձահատույց լինելու համար։ Քրիստոսի օծյալ եղբայրներից առայժմ երկրի վրա ապրողները հնարավոր է տառապանքներ կրեն մինչև նրա հայտնվելը, սակայն նրանք ուրախ են, որ երկնային հույս ունեն։ Օծյալ քրիստոնյաներին Պողոս առաքյալը գրեց. «Որպէս Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ, ուրա՛խ եղէք, որպէսզի նրա փառքի յայտնութեան ժամանակ էլ ցնծաք եւ ուրախանաք» (Ա Պետրոս 4։13)։
10 Մինչ այն ժամանակը, երբ Քրիստոսը ‘իր մոտ կհավաքի’ օծյալներին, նրանք լի են հավատարիմ մնալու վճռականությամբ, որպեսզի իրենց փորձված հավատը «դառնայ գովքի, փառքի ու պատուի առարկայ յայտնութեան ժամանակ Յիսուս Քրիստոսի» (Բ Թեսաղոնիկեցիս 2։1; Ա Պետրոս 1։7)։ Այս հավատարիմ, հոգուց ծնված քրիստոնյաների համար կարելի է ասել, որ «Աստծու [«Քրիստոսի», ՆԱ] վկայութիւնն իսկ հաստատուեց ձեր մէջ։ Դուք պակաս չլինէք եւ ոչ մի շնորհից՝ սպասելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի յայտնութեանը» (Ա Կորնթացիս 1։6, 7)։
11. Ինչո՞վ են զբաղված օծյալները մինչ Հիսուս Քրիստոսի հայտնությանը սպասելը։
11 Օծյալ մնացորդի անդամները կիսում են Պողոսի զգացումները, թե՝ «այնպէս է թւում, թէ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու գալիք փառքի հետ, որ յայտնուելու է մեզ» (Հռովմայեցիս 8։18)։ Նրանց հավատը կախված չէ ժամանակի հաշվարկներից։ Նրանք, զբաղված մնալով Եհովայի ծառայության մեջ, հիանալի օրինակ են ծառայում «այլ ոչխարներին» (Յովհաննէս 10։16)։ Այս օծյալները գիտակցում են, որ մոտ է ներկա չար համակարգի վախճանը և ուշադրություն են ընծայում Պետրոսի տված հորդորին. «Ուստի, գօտեպնդելով ձեր միտքը, զգաստ, կատարեալ յոյսով սպասեցէ՛ք Յիսուս Քրիստոսի յայտնութեան ժամանակ ձեզ հասանելիք շնորհին» (Ա Պետրոս 1։13)։
«Ստեղծուածները մեծ ակնկալութեամբ սպասում են»
12, 13. Ինչպե՞ս է մարդ արարածը ‘ունայնությանը հնազանդվել’, և ինչի՞ են սպասում «այլ ոչխարները»։
12 Իսկ ի՞նչ կարելի է ասել «այլ ոչխարների» մասին. ունե՞ն արդյոք նրանք էլ որևէ առիթ մեծ ակնկալությամբ ապրելու համար։ Ամենայն համոզվածությամբ կարող ենք ասել՝ այո՛։ Եհովայի որդեգրած և հոգուց ծնված «որդիների»՝ ‘Քրիստոսի ժառանգակիցների’ փառավոր հույսի մասին խոսելուց հետո Պողոսը գրեց. «Ստեղծուածները մեծ ակնկալութեամբ սպասում են Աստծու որդիների յայտնութեանը, քանի որ ստեղծուածները ունայնութեանը հնազանդուեցին (ոչ իրենց կամքով, այլ նրա համար, որ Աստուած հնազանդեցրեց նրանց) այն յոյսով, որ ստեղծուածներն իրենք էլ ազատուեն ապականութեան ծառայութիւնից՝ Աստծու որդիների փառքի ազատութեան հասնելու համար» (Հռովմայեցիս 8։14—21; Բ Տիմոթէոս 2։10—12)։
13 Ադամի գործած մեղքի պատճառով իր հետնորդներն «ունայնութեանը հնազանդուեցին»՝ ծնվելով մեղքի ու մահվան կապանքներում։ Նրանք անկարող են ինքնուրույն ազատվելու այդ կապանքներից (Սաղմոս 49։7; Հռովմայեցիս 5։12, 21)։ «Այլ ոչխարների»՝ ‘ապականության ծառայությունից ազատվելու’ ցանկությունն անչափ մեծ է։ Սակայն մինչ այդ, Եհովայի ժամերի ու ժամանակների համաձայն, որոշակի դեպքեր պետք է տեղի ունենան։
14. Ի՞նչ է կատարվելու ‘Աստծու որդիների հայտնության’ ընթացքում, և ի՞նչ կերպով այն կավարտվի ‘ապականության ծառայությունից’ մարդկության ազատագրմամբ։
14 Աստծո օծյալ որդիների մնացորդը պետք է նախ և առաջ ‘հայտնվի’։ Ինչպե՞ս է դա տեղի ունենալու։ Աստծո սահմանած ժամանակին «այլ ոչխարների» համար ակնհայտ կդառնա, որ օծյալներն արդեն ‘կնքված են’ և փառավորված՝ Քրիստոսի հետ իշխանությունը կիսելով (Յայտնութիւն 7։2—4)։ Աստծո հարություն ստացած որդիների «հայտնությունը» տեղի կունենա նաև այն ժամանակ, երբ Քրիստոսի հետ միասին նրանք կմասնակցեն Սատանայի չար աշխարհը ոչնչացնելու գործին (Յայտնութիւն 2։26, 27; 19։14, 15)։ Ապա, Քրիստոսի Հազարամյա իշխանության ընթացքում նրանք ‘կհայտնվեն’ այն իմաստով, որ քահանաների դեր կտանեն՝ «ստեղծուածներին», այսինքն՝ մարդկանց Հիսուսի քավիչ զոհաբերության օգուտները բաշխելով։ Դա կավարտվի նրանով, որ մարդիկ ‘կազատվեն ապականության ծառայությունից’ և, վերջիվերջո, կհասնեն «Աստծու որդիների փառքի ազատութեանը» (Հռովմայեցիս 8։21; Յայտնութիւն 20։5; 22։1, 2)։ Զարմանալի՞ է, որ նման չքնաղ հեռանկարներ ունեցող «այլ ոչխարները» «մեծ ակնկալութեամբ սպասում են Աստծու որդիների յայտնութեանը» (Հռովմայեցիս 8։19)։
Եհովայի համբերությունը փրկություն է մեզ համար
15. Ինչ վերաբերվում է դեպքերի համար նախատեսած Եհովայի ժամանակացուցակին, ինչի՞ մասին պետք է շարունակ հիշենք։
15 Եհովան խիստ ճշտապահ անձնավորություն է։ Դեպքերի համար նրա նախատեսած ժամանակացուցակը գործի կդրվի կատարելապես։ Միշտ չէ, որ իրադարձությունները կհամապատասխանեն մեր ակնկալածին։ Այնուամենայնիվ, Աստծո խոստումներին կարող ենք բացարձակ հավատ ընծայել (Յեսու 23։14)։ Նա գուցեև թույլ տա, որ որոշ դեպքեր սպասվածից ավելի երկար տևեն։ Սակայն, եկեք փորձենք հասկանալ նրա ուղիներն ու հիանանք նրա իմաստությամբ։ Ահա թե Պողոսը ինչ խոսքերով դա արտահայտեց. «Օ՜, խորութիւն Աստծու հարստութեան, իմաստութեան եւ գիտութեան։ Ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, եւ անզննելի՝ նրա ճանապարհները։ Արդարեւ, ո՞վ իմացաւ Տիրոջ միտքը, կամ ո՞վ խորհրդատու եղաւ նրան» (Հռովմայեցիս 11։33, 34)։
16. Ովքե՞ր են պատրաստ օգտվելու Եհովայի համբերատարությունից։
16 «Սիրելինե՛ր,— գրում է Պետրոսը,— սպասելով այս բաներին [հին «երկնքի» և հին «երկրի» կործանմանը և Աստծո խոստացած «նոր երկնքով» ու «նոր երկրով» դրանց փոխարինմանը], ջա՛նք թափեցէք, որ Նա [«ի վերջո», ՆԱ] գտնի ձեզ անբիծ եւ անարատ, խաղաղութեան մէջ։ Եւ Տիրոջ համբերատարութիւնը փրկութիւն համարեցէք»։ Շնորհիվ Եհովայի համբերատարության՝ միլիոնավոր մարդիկ հնարավորություն են ստացել փրկվելու «Եհովայի օրը» (ՆԱ), որը վրա է հասնելու անսպասելիորեն, «ինչպէս մի գող» (Բ Պետրոս 3։9—15)։ Նրա համբերատարությունը հնարավորություն է տալիս նաև յուրաքանչյուրիս ‘ահով և դողով մեր փրկության համար աշխատելու’ (Փիլիպպեցիս 2։12)։ Հիսուսն ասել է, որ ‘զգույշ լինենք ինքներս մեզնից’ և ‘արթուն կենանք’, եթե ուզում ենք հավանություն ստանալ ու ‘արժանի լինել կանգնելու մարդու Որդու առաջ’ դատաստանի համար նրա գալստյանը (Ղուկաս 21։34—36; Մատթէոս 25։31—33)։
Համբերությամբ սպասենք
17. Պողոս առաքյալի ո՞ր խոսքերին է հարկավոր ուշադրություն դարձնել։
17 Պողոսը հորդորեց իր հոգևոր եղբայրներին հայացքը սևեռել ոչ թե «տեսանելի բաներին, այլ՝ անտեսանելիներին» (Բ Կորնթացիս 4։16—18)։ Ոչնչից չպետք է մթագներ երկնային պարգևին ուղղված նրանց հայացքը։ Լինենք օծյալ, թե «այլ ոչխարներից» մեկը, եկեք մեր մտքում պահենք մեր առջև դրված հույսը և երբեք չհանձնվենք։ ‘Համբերությամբ սպասենք’՝ ապացուցելով, որ «ոչ թէ [երկմտելով] կորստեան ենք մատնւում, այլ հաւատով հասնում ենք հոգիների փրկութեան» (Հռովմայեցիս 8։25; Եբրայեցիս 10։39)։
18. Ինչո՞ւ վստահությամբ կարող ենք ժամերն ու ժամանակները թողնել Եհովային։
18 Վստահությամբ կարող ենք ժամերն ու ժամանակները թողնել Եհովային։ Նրա խոստումների կատարումն իր կարգացուցակից «ետ չի մնալ» (Ամբակում 2։3)։ Միևնույն ժամանակ, Տիմոթեոսին ուղղված Պողոսի հորդորը լրացուցիչ իմաստ է ստանում մեզ համար։ «Այս բանն եմ վկայել տալիս Աստծու եւ Յիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է կենդանիներին եւ մեռածներին՝ իր յայտնութեան օրը, երբ գայ իր արքայութեամբ։ Եւ դու քարոզի՛ր Աստծու խօսքը, շարունա՛կ յայտարարիր այն, ժամանակին լինի թէ տարաժամ.... աւետարանչի գործե՛ր արա, լիուլի կատարի՛ր քո պաշտօնը»,— գրում է նա (Բ Տիմոթէոս 4։1—5)։
19. Եհովայի ժողովրդի համար դեռևս ո՞ր գործը կատարելու ժամանակն է և ինչո՞ւ։
19 Բազում կյանքեր վտանգի տակ են՝ մերը, մեր դրացիներինը։ Կրկին անգամ Պողոսը զգուշացնում է. «Զգո՛յշ եղիր քո նկատմամբ եւ քո ուսուցման նկատմամբ. եւ յարատեւի՛ր դրանում։ Եթէ այդ բանն անես, կը փրկես ե՛ւ քեզ, ե՛ւ նրանց, որ լսում են քեզ» (Ա Տիմոթէոս 4։16)։ Իրերի այս չար համակարգի ավարտին շատ կարճ ժամանակ է մնացել։ Մինչ մեծ ակնկալությամբ սպասում ենք մեր առջևում կատարվելիք կարևոր իրադարձություններին, եկեք ավելի քան երբևէ արթուն լինենք՝ հիշելով, որ Եհովայի ժողովրդի համար դեռևս Արքայության ավետիսը քարոզելու նրա սահմանած ժամերն ու ժամանակներն են։ Այդ գործը կավարտվի Աստծուն հարմար ժամանակին։ «Եւ ապա,— ասաց Հիսուսը,— պիտի գայ վախճանը» (Մատթէոս 24։14)։
[ծանոթագրություն]
a Տեսեք «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գրքի 10–րդ և 11–րդ գլուխները, հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության։
Հակիրճ պատասխանեք
□ Ժամանակի հաշվարկների հետ կապված՝ մեր վիճակն ինչո՞վ է հիշեցնում առաջին դարի քրիստոնյաներին։
□ Ինչո՞ւ պետք է քրիստոնյաները արթուն լինեն նույնիսկ Քրիստոսի ներկայության ընթացքում։
□ Ինչո՞ւ են մարդիկ մեծ ակնկալությամբ սպասում «Աստծու որդիների յայտնութեանը»։
□ Ինչո՞ւ կարող ենք վստահությամբ ժամերն ու ժամանակները Եհովային թողնել։
Քրիստոնյաները պետք է արթուն լինեն՝ սպասելով Քրիստոսի գալստյանը։
[նկար 15–րդ էջի վրա]
Քրիստոնյաները պետք է արթուն լինեն՝ սպասելով Քրիստոսի գալստյանը։
[նկար 16–րդ էջի վրա]
Օծյալ մնացորդը զբաղված է Եհովայի ծառայության գործով, և նրանց հավատը կախված չէ ժամանակի հաշվարկներից։