Հրեշտակներն ինչպե՞ս կարող են ձեզ օգնել
ԱՍՏԾՈ Խոսքը հաստատում է, որ գոյություն ունեն հրեշտակներ։ Այն հայտնում է, որ կան միլիոնավոր այդպիսի ոգեղեն արարածներ։ Դանիելը՝ Եհովա Աստծո ծառաներից մեկը, տեսիլքում տեսնելով երկնային արարածներին, գրեց. «Հազար հազարներ ծառայում էին նորան եւ բիւր բիւրեր կանգնած էին նորա առաջին» (Դանիէլ 7։10)։
Նկատի առեք, որ Դանիելն իր հաղորդագրության մեջ չի նշում միայն այն մասին, որ շատ հրեշտակներ գոյություն ունեն, այլ նաև ասում է, որ նրանք Աստծուն են ծառայում։ Հրեշտակներն Աստծո ծառաներն են։ Այս մտքի հետ ներդաշնակ են սաղմոսերգուի հետևյալ խոսքերը. «Օրհնեցէք Տիրոջը, ով նորա հրեշտակներ՝ հզօր զօրութեամբ, որ կատարում էք նորա խօսքը. նորա խօսքի ձայնը լսելով։ Օրհնեցէք Տիրոջը, ով նորա բոլոր զօրքեր՝ նորա պաշտօնեաներ, որ կատարում էք նորա կամքը» (Սաղմոս 103։20, 21)։
Աստվածաշունչը նաև բացատրում է, որ հրեշտակներն իրենց կյանքը չեն սկսել երկրի վրա որպես մարդկային արարածներ։ Նախքան երկիրը կազմելը Եհովան հրեշտակներին երկնքում ստեղծեց։ Երբ Աստված ‘երկրի հիմունքը դրեց, Աստծո բոլոր որդիները գովաբանում էին’ (Յոբ 38։4—7)։
Հրեշտակներն անտեսանելի, հզոր, բանական, ոգեղեն էակներ են։ Աստվածաշնչում, ոգեղեն արարածին բնութագրելիս, օգտագործվում են եբրայերեն «մալախ» և հունարեն «ա՛գգելոս» բառերը, որոնք թարգմանվում են «հրեշտակ»։ Այս բառերն Աստվածաշնչում հանդիպում են մոտ 400 անգամ և երկուսն էլ ունեն նույն նշանակությունը, այն է՝ «պատգամաբեր»։
Հանդիպումներ հրեշտակների հետ
Հրեշտակները պատգամաբերներ են։ Հավանաբար, ձեզ ծանոթ է աստվածաշնչյան հաղորդագրությունն այն մասին, թե ինչպես Գաբրիել հրեշտակը հայտնվեց Մարիամին և հայտնեց, որ վերջինս թեև կույս էր, բայց որդի էր ծնելու, որի անունը Հիսուս էին դնելու (Ղուկաս 1։26—33)։ Նույն լուրը դաշտում գտնվող հովիվներին հաղորդեց նաև մի ուրիշ հրեշտակ, երբ ասաց. «Այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տերն է» (Ղուկաս 2։8—11)։ Նման ձևով հրեշտակները տեղեկություններ հայտնեցին Հագարին, Աբրահամին, Ղովտին, Հակոբին, Մովսեսին, Գեդեոնին, Հիսուսին և Աստվածաշնչում արձանագրված ուրիշ անձանց (Ծննդոց 16։7—12; 18։1—5, 10; 19։1—3; 32։24—30; Ելից 3։1, 2; Դատաւորաց 6։11—22; Ղուկաս 22։39—43; Եբրայեցիս 13։2)։
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հրեշտակների միջոցով հայտնված բոլոր այս տեղեկությունները համապատասխանում էին ոչ թե մարդկանց, այլ Աստծո նպատակներին։ Հրեշտակները ներկայանում էին որպես Աստծո պատգամաբերներ՝ գործելով նրա կամքի ու ժամանակացուցակի համաձայն։ Մարդիկ չէին կարող կարգադրել հրեշտակներին։
Օգնության համար հարկավո՞ր է դիմել հրեշտակներին
Ճիշտ կլինի՞ դժվարության հանդիպելիս կանչել հրեշտակներին։ Եթե այո, ապա ցանկալի է իմանալ այն հրեշտակի անունը, որն ի վիճակի կլինի ցույց տալ մեզ լավագույն օգնությունը։ Այդ նպատակով որոշ գրքերում բազում հրեշտակների մտացածին անունների ցանկ է կազմվել՝ ներառյալ նրանց աստիճանը, տիտղոսներն ու պաշտոնները։ Այդ գրքերից մեկի ցանկում, որը կոչվում է «Աստվածային բարձրագույն տասնյակը», ներկայացված են «Արևմուտքում ամենաճանաչված հրեշտակները»։ Գրքում հետևյալ խորհուրդն է տրվում. փակել աչքերը, դանդաղ և մի քանի անգամ կրկնել հրեշտակի անունը, խորը շունչ քաշել, դանդաղորեն արտաշնչել ու «նախապատրաստվել հաղորդակցվելու նրանց հետ»։
Հակառակ այս տեղեկության՝ Աստվածաշնչում հանդիպում ենք միայն երկու՝ Աստծուն հավատարիմ Միքայել և Գաբրիել հրեշտակների անուններին (Դանիէլ 12։1; Ղուկաս 1։26)։ Հավանաբար, նրանց անունները ներկայացվում են այն նպատակով, որպեսզի ցույց տրվի, որ ամեն հրեշտակ ոչ թե պարզապես զորություն կամ էներգիա է, այլև անզուգական, ոգեղեն անձնավորություն է։
Ուշագրավ է այն, որ անցյալում որոշ հրեշտակներ մարդկանց չէին հայտնում իրենց անունները։ Երբ Հակոբը խնդրեց հրեշտակին հայտնել իր անունը, նա չցանկացավ այդ անել (Ծննդոց 32։29)։ Երբ Հեսուն հարցրեց իրեն մոտեցող հրեշտակին նրա ինքնության մասին, վերջինս միայն պատասխանեց. «Ես Տիրոջ զօրավարն եմ» (Յեսու 5։14)։ Իսկ երբ Սամսոնի ծնողները հարցրին հրեշտակին, թե ի՞նչ էր նրա անունը, պատասխանը հնչեց այսպես. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը, որովհետեւ նա սքանչելի է» (Դատաւորաց 13։17, 18)։ Չներկայացնելով հրեշտակների անունների ցանկը՝ Աստվածաշունչը նախազգուշացնում է մեզ, որպեսզի նրանց անտեղի պատիվ ու պաշտամունք չմատուցենք։ Մի փոքր անց կիմանանք նաև, որ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս չդիմել հրեշտակներին։
Աստծուն դիմել
Աստվածաշունչը մեզ հայտնում է այն ամենը, ինչ որ անհրաժեշտ է իմանալ ոգեղեն աշխարհում կատարվող իրադարձությունների մասին։ Պողոս առաքյալը գրեց. «Աստծու շնչով գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման համար.... որպէսզի կատարեալ լինի Աստծու մարդը եւ պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Եթե Աստված ցանկանար մեզ հայտնել բազում հրեշտակների անունները, ապա նա կհայտներ դրանք իր Խոսքում՝ Աստվածաշնչում։ Եվ եթե Աստված կամենար սովորեցնել մեզ, թե ինչպես կարող ենք հաղորդակցվել ու աղոթքով խոսել նրանց հետ, ապա կտար այդ տեղեկությունը Սուրբ գրություններում։
Սակայն Հիսուսը սովորեցրեց. «Դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը.... Եւ արդ, դուք այսպէս աղօթեցէք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը» » (Մատթէոս 6։6, 9)։ Սուրբ գրությունների տեսակետը հետևյալն է. մենք չենք դիմում կամ աղոթում հրեշտակներին, սակայն պետք է աղոթքով մոտենալ հրեշտակների Ստեղծիչին, հենց իրեն՝ Աստծուն։ Նրա անունը գաղտնի չի պահված, ու կարիք չկա, որ որևէ մարգարե այն հայտնի մեզ։ Թեև Աստծո անունը Աստվածաշնչից վերացնելու փորձեր եղել են, սակայն գրքում այն հայտնվում է ավելի քան 7 000 անգամ։ Օրինակ՝ երկնային Հոր մասին սաղմոսերգուն գրեց. «Քո անունը Եհովայ է. դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ» (Սաղմոս 83։18)։
Նաև, Եհովան այնքան զբաղված չէ, որ չլսի մեզ, երբ հարգալից իրեն ենք մոտենում աղոթքով։ Աստվածաշունչը հավաստիացնում է. «Տիրոջ աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զօրացնէ նորանց, որոնց սիրտը ուղիղ է նորա հետ» (Բ Մնացորդաց 16։9)։
Հրեշտակները և բարոյական չափանիշները
Ի տարբերություն լրատվական միջոցների մեջ տրված նկարագրի, հրեշտակները մարդկանց չեն դատում, և դա պատշաճ է, քանի որ նրանց հանձնարարված չէ մարդկանց դատել։ Եհովան է «բոլորի դատաւորը»՝ թեև «ամէն դատաստան տուել է իր Որդուն»՝ Հիսուս Քրիստոսին (Եբրայեցիս 12։23; Յովհաննէս 5։22)։ Այնուամենայնիվ, սխալ կլիներ ենթադրել, թե հրեշտակների համար միևնույն է մեր ինչպիսի կյանք վարելը։ Հիսուսն ասաց. «Աստծու հրեշտակների առաջ այսպէս ուրախութիւն կը լինի մէկ մեղաւորի համար, որն ապաշխարում է» (Ղուկաս 15։10)։
Սակայն հրեշտակները միայն հանդիսատեսներ չեն։ Անցյալում, ծառայելով որպես դատաստան ի կատար ածողներ, նրանք փոխանցում էին Աստծո դատաստանները։ Օրինակ՝ Աստված հրեշտակներին օգտագործեց վաղեմի Եգիպտոսի դեմ։ Սաղմոս 78։49–ի համաձայն՝ նա «իր բարկութեան բոցն ուղարկեց նորանց վերայ՝ սրտմտութիւն, բարկութիւն եւ նեղութիւն՝ չար («աղետաբեր», ՆԱ) հրեշտակներ ուղարկելով»։ Նմանապես, Աստվածաշունչը տեղեկացնում է, որ մի գիշերվա մեջ միայն մի հրեշտակ կոտորեց 185 000 ասորի զինվորների (Դ Թագաւորաց 19։35)։
Հրեշտակներն ապագայում կվերացնեն նաև նրանց, ովքեր, մերժելով Աստծո արդար չափանիշները, սպառնալիք են հանդիսանում մնացյալ մարդկության համար։ Հիսուսը գալու է «իր հրեշտակների զօրքով՝ կրակի վրէժ լուծելու համար նրանցից, որոնք չեն ճանաչում Աստծուն եւ չեն հնազանդւում մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աւետարանին» (Բ Թեսաղոնիկեցիս 1։7, 8)։
Այսպիսով՝ Գրությունները ցույց են տալիս, որ Աստծո հավատարիմ հրեշտակները միշտ կատարում են իր կամքը՝ հետևելով նրա հրահանգներին ու պաշտպանելով նրա արդար չափանիշները։ Հասկանալի է, ուրեմն, որ եթե ցանկանում ենք հրեշտակներից օգնություն ստանալ, անհրաժեշտ է գիտենալ Աստծո կամքը ու ջանալ հաստատակամորեն կատարել այն։
Պահապան հրեշտակներ
Հրեշտակները հոգ տանո՞ւմ են մարդկանց մասին ու պաշտպանո՞ւմ են նրանց։ Պողոս առաքյալը հետևյալ հարցն ուղղեց. «Չէ՞ որ բոլորն էլ սպասարկող հոգիներ են, որոնք ուղարկւում են ի սպասաւորութիւն նրանց, որ ժառանգելու են փրկութիւնը» (Եբրայեցիս 1։14)։ Անշուշտ, Պողոսի հարցը դրական պատասխան ունի։
Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի կանգնեցրած ոսկեզօծ արձանին չերկրպագելու համար Սեդրակը, Միսակը և Աբեդնագովը նետվեցին թեժ կրակի հնոցի մեջ։ Սակայն Աստծո այս անձնվեր ծառաներին կրակը չայրեց։ Երբ թագավորը փորձեց նայել հնոցի մեջ, տեսավ ‘չորս արձակված մարդ’ ու ասաց, որ «չորրորդի կերպարանքը աստուածների որդիի էր նման» (Դանիէլ 3։25)։ Մի քանի տարի անց իր հավատարմության համար Դանիելը գցվեց առյուծների փոսը։ Նա նույնպես անվնաս մնաց, ապա հայտարարեց. «Իմ Աստուածը ուղարկեց իր հրեշտակը, եւ նա փակեց առիւծների բերանը» (Դանիէլ 6։22)։
Մ.թ. առաջին դարում՝ քրիստոնեական ժողովի հաստատման օրերում, հրեշտակները դարձյալ հայտնվեցին՝ այս անգամ առաքյալներին բանտից ազատելու համար (Գործք 5։17—24; 12։6—12)։ Իսկ երբ ծովում Պողոսի կյանքը վտանգի տակ էր, մի հրեշտակ վստահեցրեց նրան, որ նա բարեհաջող կհասնի Հռոմ (Գործք 27։13—24)։
Եհովայի ներկայիս ծառաները վստահ են, որ Աստծո անտեսանելի հրեշտակների զորությունը իրական է, և նրանք ի վիճակի են պաշտպանելու իրենց այնպես, ինչպես աջակցեցին Եղիային ու նրա սպասավորին (Դ Թագաւորաց 6։15—17)։ Իրոք որ, «Տիրոջ հրեշտակը բանակ է շինում նորանից վախեցողների չորս կողմովը եւ փրկում է նորանց» (Սաղմոս 34։7; 91։11)։
Հրեշտակների հաղորդած լուրը
Բացի այն, որ հրեշտակները հետաքրքրված են Եհովա Աստծո ծառաների բարօրությամբ, նրանք նաև հետևում են, որպեսզի մարդիկ սովորեն Աստծո և նրա նպատակների մասին։ Հովհաննես առաքյալը գրեց. «Եւ տեսայ երկնքի մէջ թռչող մի ուրիշ հրեշտակ, որ յաւիտենական աւետիս ունէր քարոզելու երկրի վրայ բոլոր ազգերին եւ լեզուներին։ Եւ նա ասում էր բարձր ձայնով. «Վախեցէ՛ք Աստծուց եւ փա՛ռք տուէք նրան» (Յայտնութիւն 14։6, 7)։
Կցանկանայի՞ք տեղեկանալ, թե ինչ է այդ «յաւիտենական աւետիսը»։ Եթե այո, ապա կարող եք դիմել Եհովայի վկաներին։ Նրանք ուրախությամբ կհայտնեն ձեզ այդ մասին։
[նկարներ 7–րդ էջի վրա]
Երկնքում թռչող հրեշտակը հայտարարում է հավիտենական ավետիսը։ Կցանկանայի՞ք իմանալ այդ մասին։