Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w98 12/1 էջ 28–31
  • Արժե՞ հավատակցիցս պարտքով գումար վերցնել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արժե՞ հավատակցիցս պարտքով գումար վերցնել
  • 1998 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հաշվիր ծախսերը
  • Բացատրիր, թե ինչ նպատակով է գումարն անհրաժեշտ
  • Գրավոր համաձայնագիր վերցրու
  • Շրջահայաց եղիր գումար տրամադրելիս
  • Ուշադրությամբ քննիր քո գործերը
  • Ընթերցողների հարցերը
    2004 Դիտարան
  • Պե՞տք է պարտքով փող վերցնեմ
    2014 Դիտարան
  • Ֆինանսական խնդիրներ ու պարտքեր. Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Պարտքե՞ր ունես
    2012 Դիտարան
Ավելին
1998 Դիտարան
w98 12/1 էջ 28–31

Արժե՞ հավատակցիցս պարտքով գումար վերցնել

ՍԻՄՈՆԻ երեխան հիվանդ է ու բուժվելու խիստ կարիք ունի։ Սակայն վերջինս շատ աղքատ է ու չի կարող վճարել բուժման համար պահանջվող գումարը։ Ի՞նչ է անելու նա։ Նրա հավատակիցներից մեկը՝ Միքայելը, նյութապես ավելի ապահովված վիճակում է, քան նա։ Միգուցե Միքայելը նրան պարտքով գումա՞ր կտա։ Սակայն Սիմոնը հոգու խորքում զգում է, որ հազիվ թե ինքը ի վիճակի լինի վճարելու այդ գումարը։a

Երբ Սիմոնն այս հարցով մոտենում է իրեն, Միքայելը դժվար կացության մեջ է ընկնում։ Նա հասկանում է, որ Սիմոնն իրոք կարիքի մեջ է, բայց վստահ չէ, որ վերջինս կկարողանա վերադարձնել գումարը, քանի որ հազիվ է կերակրում իր ընտանիքին։ Ինչպե՞ս է վարվելու Միքայելը։

Շատ երկրներում մարդիկ անսպասելիորեն կորցնում են իրենց ապրուստի միջոցները և մնում առանց կոպեկի կամ ապահովագրության՝ չկարողանալով ծածկել իրենց բժշկական ծախսերը։ Բանկից փոխառնված գումարները կարող են շահավետ չլինել կամ չափազանց թանկ նստել։ Երբ ծայրահեղ անհրաժեշտություն է առաջանում, թվում է, թե միակ ելքը փոխարինաբար գումար վերցնելն է։ Սակայն, նախքան այդ քայլին դիմելը, մի քանի կարևոր հարցեր կան քննարկելու։

Հաշվիր ծախսերը

Սուրբ գրությունների մեջ թե՛ պարտատիրոջ, և թե՛ պարտապանի համար բազմաթիվ խորհուրդներ են տրվում։ Ուշադրությամբ հետևելով այդ խրատներին՝ կարելի է խուսափել շատ թյուրիմացություններից ու վիրավորանքներից։

Օրինակ՝ Աստվածաշունչը հիշեցնում է, որ թեթևամտորեն չվերաբերվենք պարտքով գումար վերցնելու խնդրին։ Պողոս առաքյալը հորդորում էր Հռոմում ապրող քրիստոնյաներին. «Ոչ ոքի պարտապան մի՛ մնացէք, բացի միմեանց սիրելուց, քանի որ, ով սիրում է ընկերոջը, կատարում է օրէնքը» (Հռովմայեցիս 13։8)։ Սերն է միակ պարտքը, որ քրիստոնյան պիտի վճարի ուրիշներին։ Հետևաբար, նախ պետք է հարցնենք ինքներս մեզ, թե փոխարինաբար գումար վերցնելն իսկապե՞ս անհրաժեշտ է։

Եթե դրա անհրաժեշտությունը կա, ապա իմաստուն կլիներ մտածել պարտք վերցնելու հետևանքների մասին։ Հիսուս Քրիստոսը ցույց տվեց, որ կարևոր որոշումներ կայացնելու համար հարկավոր է պլանավորել անելիքը և խորհել այդ ուղղությամբ։ Նա հարցրեց իր աշակերտներին. «Ձեզնից ո՞վ, եթէ կամենայ աշտարակ շինել, նախ նստելով չի հաշուի իր ծախսերը, թէ աւարտելու համար բաւական դրամ ունի՞» (Ղուկաս 14։28)։ Այս սկզբունքը կիրառվում է այն ժամանակ, երբ մտածում ես՝ արդյոք պարտքով գումար խնդրե՞լ քո եղբորից, թե՝ ոչ։ Փոխարինաբար գումար վերցնելու հետ կապված ծախսերը հաշվելը նշանակում է ծանրութեթև անել, թե ինչպես և երբ կարող ենք վերադարձնել գումարը։

Պարտատերն իրավունք ունի հարցնելու, թե պարտապանն ինչպես և երբ է վերադարձնելու փոխարինաբար վերցրած գումարը։ Մանրակրկիտ ձևով կշռադատելով այդ հարցերը՝ կկարողանանք նրան կոնկրետ պատասխան տալ։ Վստա՞հ ենք արդյոք, որ պարտքը ճիշտ ժամանակին կարող ենք վերադարձնել։ Իհարկե, հեշտ է ասել եղբորը. «Կվերադարձնեմ որքան հնարավոր է շուտ։ Գիտես չէ՞, որ կարող ես վստահել ինձ»։ Բայց ինչո՞ւ նման հարցերը ձեռք չառնել ավելի մեծ պատասխանատվության զգացումով։ Մենք սկզբից ևեթ պիտի պարզենք գումարը վերադարձնելու հարցը, քանի որ այդպես է պահանջում մեզանից Եհովան։ «Ամբարիշտը փոխ է առնում եւ չէ վճարում,— գրված է Սաղմոս 37։21–ում։

Եթե մենք նախօրոք ճշտենք, թե ինչպես և երբ ենք վերադարձնելու պարտքը, ապա դա կօգնի մեզ պարտքը վճարելու հարցին լրջորեն վերաբերվել։ Դա մեզ ետ կպահի անտեղի առիթով պարտք վերցնելուց։ Եթե խուսափենք փոխարինաբար գումար վերցնելուց, ապա շատ պրոբլեմներից զերծ կմնանք։ Առակաց 22։7–ում նախազգուշացվում է. «Փոխ առնողը ծառայ կ’լինի փոխ տուողին»։ Նույնիսկ այն դեպքում, երբ թե՛ պարտատերը, և թե՛ պարտապանը հոգևոր եղբայրներ են, համենայն դեպս, պարտք վերցնելը կարող է ինչ–որ չափով ազդել նրանց փոխհարաբերության վրա։ Պարտքերի շուրջ առաջացած թյուրիմացությունները նույնիսկ խախտել են որոշ ժողովներում տիրող խաղաղությունը։

Բացատրիր, թե ինչ նպատակով է գումարն անհրաժեշտ

Պարտատերն իրավունք ունի իմանալու, թե ինչպես ենք պատրաստվում օգտագործել փոխարինաբար վերցրած գումարը և թե դրանից բացի՝ ուրիշներից էլ արդյոք գումար չե՞նք վերցրել։ Եթե այո, ապա անհրաժեշտ է պարտատիրոջը հայտնել այդ մասին, քանի որ այս հարցն առնչվում է պարտքը վճարելու մեր կարողության հետ։

Հարկավոր է տեղյակ լինել, թե ինչու է փոխարինաբար գումար վերցվում՝ առևտրակա՞ն նպատակներով, թե՞ ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով։ Եղբայրը սուրբգրային տեսանկյունից պարտավորված չէ առևտրական գործարքի համար պարտքով գումար տրամադրել, սակայն նա, հավանաբար, տրամադրված է օգնել մի ուրիշ եղբոր, որը ոչ իր մեղքով հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ նույնիսկ ի վիճակի չէ վճարելու առաջին անհրաժեշտության միջոցների՝ սննդի, հագուստի կամ էլ անհրաժեշտ բժշկական ծախսերի համար։ Այս հարցերի մեջ ճշտություն և անկեղծություն ցուցաբերելը կօգնի մեզ խուսափելու թյուրիմացություններից (Եփեսացիս 4։25)։

Գրավոր համաձայնագիր վերցրու

Եթե ցանկանում ենք խուսափել ապագա թյուրիմացություններից, առաջին կարևոր քայլը գրավոր համաձայնագիր կազմելն է։ Համաձայնագրում նշված մանրամասնությունները հեշտությամբ կարող են մոռացվել, եթե դրանք գրի չառնվեն։ Անհրաժեշտ է գրանցել փոխարինաբար վերցված գումարի չափը և վերադարձնելու ժամկետը։ Անհրաժեշտ է, որ և՛ պարտապանը, և՛ պարտատերը ստորագրեն համաձայնագիրը, ու յուրաքանչյուրն իր համար անձնական օրինակ պահի։ Աստվածաշնչում նշվում է, որ ֆինանսական գործարքները պետք է վավերացվեն։ Նախքան բաբելոնացիների կողմից Երուսաղեմի կործանումը, Եհովան հայտնեց Երեմիային, որ վերջինս իր որևէ ազգականից հողամաս գնի։ Մենք կարող ենք օգուտներ քաղել՝ քննելով այդ գործի ընթացքը։

Երեմիան ասաց. «Ես ծախու առայ այն ագարակը իմ հօրեղբօր որդի Անամայէլիցը, որ Անաթովթումն է, եւ կշռեցի տուի նորան արծաթը՝ տասնեւեօթը սիկղ արծաթ։ Եւ ես գրեցի մուրհակումը եւ կնքեցի եւ վկաներով վկայեցի, եւ կշիռքով կշռեցի արծաթը։ Եւ առայ ստացուածքի մուրհակը պատուէրի ու կանոնների համաձայն կնքուածը եւ բացը։ Եւ տուի այն ստացուածքի մուրհակը Մաասիայի որդի Ներիայի որդի Բարուքին իմ հօրեղբօր Անամայէլի աչքի առաջին եւ այն վկաների աչքի առաջին, որոնք գրուած էին ստացուածքի մուրհակումը՝ եւ այն ամէն Հրէաների աչքի առաջին, որոնք նստած էին բանտի գաւիթումը» (Երեմիա 32։9—12)։ Թեև այս օրինակն ավելի շուտ գնումներ անելուն է վերաբերում, սակայն այն ցույց է տալիս պարզորոշ և ճշգրիտ ձևով դրամական գործարքներ վարելու կարևորությունը (տեսեք «Դիտարան» օգոստոս 1, 1997 թ., էջ 30, 31, ռուս.)։

Դժվարություններ առաջանալիս՝ դրանք պետք է լուծել Հիսուսի՝ Մատթէոս 18։15—17 խոսքերում արձանագրված խորհրդի համաձայն։ Մի երեց, որը փորձել էր օգտակար լինել նման հարցերում, բացատրում է. «Համարյա միշտ բացակայում էին գրավոր համաձայնագրերը, որի հետևանքով համաձայնություն չկար երկու կողմերի միջև, թե պարտքն ինչպես պիտի վճարվեր պարտատիրոջը։ Ես համոզված եմ, որ նման հարցերը գրավոր ձևով ներկայացնելը ոչ թե անվստահության, այլ սիրո նշան է»։

Համաձայնագիրը կազմելուց հետո պետք է աշխատենք պահել մեր խոսքը։ Հիսուսը կոչ արեց. «Ձեր խօսքը լինի՝ այոն՝ այո, եւ ոչը՝ ոչ. որովհետեւ դրանից աւելին չարից է» (Մատթէոս 5։37)։ Եթե որոշ չնախատեսված հանգամանքներ խանգարում են մեզ ժամանակին վճարել պարտքը, անհրաժեշտ է պարտատիրոջն անմիջապես բացատրել իրավիճակը։ Միգուցե նա թույլ տա, որ պարտքը վճարենք փոքր չափերով և ավելի երկար ժամանակահատվածում։

Այնուամենայնիվ, չնախատեսված հանգամանքները չեն ազատում մեզ պատասխանատվություններից։ Աստվածավախ անհատը ձեռքից եկածն անում է իր խոսքը պահելու համար (Սաղմոս 15։4)։ Թեև հանգամանքները կարող են մեր ակնկալածի պես չընթանալ, բոլոր դեպքերում պետք է պատրաստ լինենք զոհ գնալու մեր պարտքերը վճարելու համար, քանի որ այդպես վարվելը մեր քրիստոնեական պատասխանատվությունն է։

Շրջահայաց եղիր գումար տրամադրելիս

Իհարկե, միայն պարտապանը չէ, որ պիտի շրջահայաց գտնվի մինչև գումար վերցնելը։ Փոխարինաբար գումար տվող եղբայրը նույնպես պետք է հաշվարկի ծախսերը։ Գումար տալուց առաջ խելամիտ կլինի, եթե ժամանակ տրամադրենք հարցերն ուշադրությամբ և ռեալ կերպով քննարկելու համար։ Աստվածաշունչը հորդորում է մեզ շրջահայեցողություն դրսևորել. «Մի լինիր ձեռքը գրաւի պէս տուողներից, որ պարտքի համար երաշխաւոր են լինում» (Առակաց 22։26)։

Նախքան համաձայնվելը, մտածիր, թե ի՞նչ կպատահի, եթե պարտք վերցնող եղբայրն ի վիճակի չլինի վերադարձնելու այն։ Հետագայում արդյոք ինքդ ֆինանսական լուրջ պրոբլեմների չե՞ս հանդիպի։ Եղբոր՝ անգամ ամենալավ միտումներն ունենալու դեպքում էլ հանգամանքները կարող են փոխվել, կամ էլ նա կարող է սխալվել իր հաշվարկներում։ Հակոբոս 4։14 խոսքերը բոլորիս համար հնչում են որպես հիշեցում. «Դուք, որ ոչինչ չգիտեք վաղվա մասին. որովհետև ի՞նչ է մեր կյանքը. հիրավի մի մշուշ է այն, որ մի պահ երևում է և ապա անհետանում» (համեմատեք Ժողովող 9։11)։

Հատկապես առևտրական նպատակներով տրվող պարտքերի հարցում իմաստուն կլիներ նկատի առնել պարտապանի ունեցած հեղինակությունը։ Նրան ճանաչում են որպես վստահելի ու հուսալի անձնավորությո՞ւն, թե նա անհմուտ է ֆինանսական հարցերում, կամ թե ժողովի տարբեր անդամներից գումար վերցնելու սովորությո՞ւն ունի։ Խոհեմ կլիներ մտաբերել հետևյալ խոսքերը. «Պարզամիտը հաւատում է ամեն խօսքի, բայց խորագէտը քննում է իր քայլերը» (Առակաց 14։15)։

Երբեմն, եղբորը պարտքով գումար տալով, կարող ենք նրան դժվար կացության մեջ դնել։ Վերջինիս համար այն հեշտությամբ կարող է բեռ դառնալ՝ խլելով նրա ուրախությունը։ Կցանկանայի՞նք, որ նման եղբայրը մեր «ծառան» դառնար։ Կարող է այնպես պատահել, որ փոխարինաբար վերցված գումարի պատճառով նրա հետ ունեցած փոխհարաբերությունները վատանան, կամ էլ պրոբլեմներ առաջանան, երբ նա չկարողանա վճարել այն։

Եթե մեր եղբայրն իրոք կարիքի մեջ է, գուցե կարողանայինք պարտքի փոխարեն որոշ չափով գումար նվիրել նրան։ Սուրբ գրությունները հորդորում են մեզ ողորմած լինել, երբ տեսնում ենք, որ մեր եղբայրը կարիքի մեջ է։ «Արդարը ողորմած է եւ տալիս է»,— ասում է սաղմոսերգուն (Սաղմոս 37։2)։ Սերը պիտի մղի մեզ մեր ձեռքից եկածն անելու մեր կարիքավոր եղբայրներին գործով օգնելու համար (Յակոբոս 2։15, 16)։

Ուշադրությամբ քննիր քո գործերը

Քանի որ փոխարինաբար վերցրած գումարները տարաձայնությունների հնարավոր աղբյուր են, հավանաբար, դրանք որպես հեշտ տարբերակ ընդունելու փոխարեն, կդիտենք որպես վերջին միջոց։ Ինչպես սկզբում արդեն նշվեց, անհրաժեշտ է, որ պարտապանն անկեղծ լինի իր պարտատիրոջ նկատմամբ և գրավոր ձևով ներկայացնի, թե երբ և ինչպես է վերադարձնելու գումարը։ Ծայրահեղ կացության դեպքում լավագույն ելքը կլինի գումար պարգևելը։

Վերոհիշյալ Միքայելը փոխարինաբար դրամ չտվեց Սիմոնին, այլ մի փոքր գումար նվիրեց նրան, երբ վերջինս նրանից դրամ խնդրեց։ Սիմոնն անչափ շնորհակալ էր նրանից այդպիսի օգնություն ցույց տալու համար. նա կարողացավ վճարել երեխային բժշկելու ծախսերը։ Իր հերթին՝ Միքայելն ուրախացավ, որ հնարավորություն ստեղծվեց գործով ապացուցելու իր եղբայրասիրությունը (Առակաց 14։21; Գործք 20։35)։ Նրանք երկուսն էլ սպասում են Աստծո Թագավորությանը՝ այն օրվան, երբ Քրիստոսը «կ’փրկե խեղճին որ աղաղակում է», և չի լինելու մեկը, որն ասի՝ «ես տկար եմ» (Սաղմոս 72։12; Եսայիա 33։24)։ Իսկ նախքան այդ օրվա գալը, եկեք ուշադրությամբ քննենք մեր գործերը, երբ հանգամանքները ստիպում են փոխարինաբար գումար վերցնել մեր եղբորից։

[ծանոթագրություն]

a Անունները փոխված են։

[նկար 31–րդ էջի վրա]

Գրավոր համաձայնագիր կազմելը ոչ թե անվստահության, այլ սիրո նշան է։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը