«Ամրացրէ՛ք ձեր սրտերը»
«Ձեզ համբերութիւն է պետք, որպէսզի, Աստծու կամքը կատարելով, հասնէք նրա խոստմանը» (Եբրայեցիս 10։36)։
1, 2. ա) Ի՞նչ պատահեց առաջին դարում ապրող մի շարք քրիստոնյաների։ բ) Ինչո՞ւ հավատը հեշտությամբ կարող է թուլանալ։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ գրողներից ոչ մեկը հավատին այնքան չի անդրադարձել, որքան Պողոս առաքյալը։ Նա հաճախ էր խոսում նրանց մասին, ում հավատը թուլացել էր կամ մեռել։ Օրինակ՝ Հիմենոսն ու Աղեքսանդրոսը «նաւաբեկութեան ենթարկուեցին հաւատի մէջ» (Ա Տիմոթէոս 1։19, 20)։ Դեմասը լքեց Պողոսին, քանի որ «աշխա՛րհը սիրեց» (Բ Տիմոթէոս 4։10)։ Ոմանք իրենց անպատասխանատու, քրիստոնյային անվայել արարքներով «հաւատն ուրացան»։ Ուրիշները մոլորվեցին կեղծ իմաստությամբ և «շեղուեցին հաւատից» (Ա Տիմոթէոս 5։8; 6։20, 21)։
2 Ինչո՞ւ այս օծյալ քրիստոնյաները հավատից ետ կանգնեցին։ «Ի՞նչ է հաւատը, եթէ ոչ՝ յուսացուած բաների հաստատումը եւ ապացոյցն այն բաների, որոնք չեն երեւում» (Եբրայեցիս 11։1)։ Մենք հավատ ենք դրսևորում մի բանի հանդեպ, ինչը որ չենք կարող տեսնել։ Հավատի անհրաժեշտությունը զգացվում է այն ժամանակ, երբ չենք տեսնում։ Իսկ երբ տեսնում ենք որևէ բան, հավատն այլևս պետք չէ։ Տեսանելի հարստությանը ձգտելն ավելի հեշտ է, քան անտեսանելի, հոգևոր հարստությանը (Մատթէոս 19։21, 22)։ Տեսանելի շատ բաներ՝ «մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը», խիստ հրապուրում են մեր անկատար մարմինը ու կարող են թուլացնել մեր հավատը (Ա Յովհաննէս 2։16)։
3. Քրիստոնյան ինչպիսի՞ հավատ պիտի մշակի իր մեջ։
3 «Բայց,— ասում է Պողոսը,— առանց հաւատի անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մօտենում է Աստծուն, պէտք է հաւատայ, որ Աստուած կայ եւ վարձահատոյց է լինում նրանց, ովքեր փնտռում են իրեն»։ Մովսեսն այդպիսի հավատ ուներ։ Նա «աչքերը յառած, վարձատրութեան էր սպասում» և «համբերեց, որպէս թէ անտեսանելին էր տեսնում» (Եբրայեցիս 11։6, 24, 26, 27)։ Քրիստոնյան էլ նման հավատ պետք է ունենա։ Ինչպես նկատի առնվեց նախորդ հոդվածում, Աբրահամը հավատի հոյակապ օրինակ թողեց։
Աբրահամի հավատի օրինակը
4. Աբրահամի հավատն ինչպե՞ս ազդեց իր կյանքի ընթացքի վրա։
4 Աբրահամը գտնվում էր Ուր քաղաքում, երբ լսեց Աստծո խոստումն այն մասին, որ ինքը բոլոր ազգերի մարդկանց օրհնություն բերող սերնդի հայրն էր դառնալու (Ծննդոց 12։1—3; Գործք 7։2, 3)։ Այս խոստման հիման վրա Աբրահամը հնազանդվեց Եհովային՝ տեղափոխվելով նախ՝ Խառան, ապա՝ Քանանի երկիր։ Այնտեղ Եհովան խոստացավ այդ երկիրը տալ Աբրահամի սերնդին (Ծննդոց 12։7; Նէեմիա 9։7, 8)։ Սակայն Եհովայի տված խոստումների մեծ մասը Աբրահամի մահից հետո էին իրականանալու։ Օրինակ՝ Քանանի երկրից Աբրահամին ոչ մի ժառանգություն չհասավ՝ բացի Մաքփելայի քարայրից, որը գնեց գերեզմանի համար (Ծննդոց 23։1—20)։ Սակայն նա պահում էր Աստծո խոսքի հանդեպ իր հավատը։ Եվ որ ամենակարևորն էր, նա հավատում էր ապագա «հիմքերով հաստատուած քաղաքին, որի ճարտարապետը եւ արարիչը Աստուած է» (Եբրայեցիս 11։10)։ Նման հավատը պաշտպանեց Աբրահամին իր ողջ կյանքի ընթացքում։
5, 6. Եհովայի խոստման հետ կապված ինչպե՞ս փորձվեց Աբրահամի հավատը։
5 Աբրահամը հավատ դրսևորեց հատկապես այն խոստման հանդեպ, որի համաձայն իր սերունդը մեծ ազգ էր դառնալու։ Դրա համար անհրաժեշտ էր, որ Աբրահամը զավակ ունենար, իսկ նա երկար սպասեց այդ օրհնությունը ստանալուն։ Մեզ հայտնի չէ, թե նա քանի տարեկան էր, երբ առաջին անգամ լսեց Աստծո խոստումը, բայց գիտենք, որ դեպի Խառան երկար ճանապարհորդություն կատարելիս՝ Եհովան նրան դեռ զավակ չէր պարգևել (Ծննդոց 11։30)։ Խառանում նա բավականին ժամանակ ունեցավ ‘իր բոլոր ունեցած ստացվածքը, եւ ստացած անձինքը’ հավաքելու համար։ Քանան տեղափոխվելիս Աբրահամը 75 տարեկան էր, իսկ Սառան՝ 65։ Սակայն նրանք դեռ երեխա չունեին (Ծննդոց 12։4, 5)։ Երբ Սառան մոտ 80 տարեկան էր, վճռեց, որ ինքն արդեն բավականաչափ ծեր է, որպեսզի Աբրահամի համար որդի ունենար։ Ուստի, հետևելով այն ժամանակվա սովորությանը, նա իր աղախին Հագարին տվեց Աբրահամին, ու վերջինս նրանից որդի ունեցավ։ Բայց այդ երեխան չէր խոստումը ժառանգող որդին։ Ժամանակի ընթացքում Հագարն ու նրա որդին՝ Իսմայելը, հեռացվեցին Աբրահամի տնից։ Բայց և այնպես, երբ Աբրահամը խնդրեց նրանց համար, Եհովան խոստացավ օրհնել Իսմայելին (Ծննդոց 16։1—4, 10; 17։15, 16, 18—20; 21։8—21)։
6 Աստծո սահմանած ժամանակին՝ առաջին անգամ խոստումը լսելուց երկա՜ր տարիներ անց, հարյուրամյա Աբրահամը և իննսունամյա Սառան որդի ունեցան՝ Իսահակին։ Սա ի՜նչ ուրախալի դեպք էր նրանց համար։ Այս տարեց ամուսնական զույգի համար սա հարության նման մի իրադարձություն էր, երբ իրենց ‘մեռած մարմինները’ նորից կենդանացան (Հռովմայեցիս 4։19—21)։ Սպասողական վիճակը երկար տևեց, սակայն սպասելն իրոք արժեր, քանի որ խոստումը լիովին կատարվեց։
7. Հավատն ինչպե՞ս է կապված համբերատարության հետ։
7 Աբրահամի օրինակը հիշեցնում է մեզ, որ հավատը չպետք է միայն կարճ ժամանակի համար լինի։ Պողոսն այն կապեց համբերատարության հետ, երբ գրեց. «Համբերութիւն է պէտք ձեզ, որ Աստուծոյ կամքն անելով խոստմունքն ստանաք.... Իսկ մենք ետ քաշուողներիցը չենք որ կորչենք. այլ հաւատքիցն ենք որ մեր հոգիները փրկուին» (Եբրայեցիս 10։36—39, ԱԹ)։ Շատերը խոստման իրականացմանը սպասել են երկար ժամանակ։ Ոմանք նույնիսկ սպասել են իրենց ողջ կյանքի ընթացքում։ Նրանց ամուր հավատը զորացրել է իրենց։ Եհովայի որոշած ժամանակին իրենք էլ Աբրահամի նման ստանալու են իրենց պարգևը (Ամբակում 2։3)։
Լսել Աստծուն
8. Այսօր ո՞ր ուղիներով ենք լսում Աստծուն, և այսպես վարվելն ինչո՞ւ կամրացնի մեր հավատը։
8 Առնվազն չորս ազդակներ ամրացրին Աբրահամի հավատը և դրանք կարող են օգնել նաև մեզ։ Նախ՝ նա հավատում էր, որ «Աստուած կայ», քանի որ լսում էր Եհովայի խոսքին։ Այսպես վարվելով՝ նա տարբերվեց Երեմիայի օրերում ապրող հրեաներից, որոնք հավատում էին Եհովային, սակայն հավատ չէին ընծայում նրա խոսքերին (Երեմիա 44։15—19)։ Այսօր Եհովան խոսում է մեզ հետ Աստվածաշնչի՝ իր ներշնչմամբ գրված Խոսքի միջոցով, որը Պետրոսը նմանեցնում է «ճրագի, որ լոյս է տալիս մութ տեղում՝.... ձեր սրտերում» (Բ Պետրոս 1։19)։ Երբ ուշադրությամբ ենք կարդում Աստվածաշունչը, ‘սնվում ենք հավատի խոսքերով’ (Ա Տիմոթէոս 4։6; Հռովմայեցիս 10։17)։ Բացի այդ, այս վերջին օրերում «հաւատարիմ եւ իմաստուն ծառան» տալիս է «իր ժամին կերակուր», Աստվածաշնչի սկզբունքները կիրառելու մեջ առաջնորդություն և Աստվածաշնչի մարգարեությունների ըմբռնում (Մատթէոս 24։45—47)։ Ամուր հավատ ունենալու համար անհրաժեշտ է Եհովային լսել այս ուղիների միջոցով։
9. Եթե մենք իսկապես քրիստոնյաների տածած հույսն ունենք, արդյունքն ի՞նչ է լինելու։
9 Աբրահամի հավատը սերտորեն կապված էր նրա ունեցած հույսի հետ։ Նա «յոյսով հաւատաց, որ ինքը կը լինի բազում ազգերի հայր» (Հռովմայեցիս 4։18)։ Սա երկրորդ ազդակն է, որ կարող է օգնել մեզ։ Երբեք չպիտի մոռանանք, որ Եհովան «վարձահատոյց է լինում նրանց, ովքեր փնտռում են իրեն»։ Պողոս առաքյալը գրեց. «Տքնում ենք եւ նախատինքներ կրում. քանի որ մեր յոյսը դրել ենք կենդանի Աստծու վրայ» (Ա Տիմոթէոս 4։10)։ Եթե մենք իսկապես ունենք քրիստոնյաների տածած հույսը, ապա Աբրահամի նման մեր հավատն էլ կդրսևորվի մեր ողջ կյանքի ընթացքում։
Աստծո հետ խոսել
10. Ինչպիսի՞ աղոթքը կամրացնի մեր հավատը։
10 Աբրահամը խոսեց Աստծո հետ, և դա նրա հավատը ամրացնող երրորդ ազդակն էր։ Այսօր մենք նույնպես խոսում ենք Աստծո հետ՝ օգտագործելով Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն ուղղված աղոթքի պարգևը (Յովհաննէս 14։6; Եփեսացիս 6։18)։ Աղոթքի մեջ հարատևելու անհրաժեշտությունը շեշտող առակը պատմելուց հետո էր, երբ Հիսուսը հարց տվեց. «Երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կը գտնի՞» (Ղուկաս 18։8)։ Հավատը զորացնող աղոթքը անիմաստ, մեխանիկորեն արտասանվող բառերի շարան չէ։ Այն խորը նշանակություն ունի։ Օրինակ՝ կարևոր որոշումներ կայացնելիս կամ խիստ հալածվելիս սրտաբուխ աղոթքն անհրաժեշտ է (Ղուկաս 6։12, 13; 22։41—44)։
11. ա) Աբրահամի հավատն ինչպե՞ս ամրացավ, երբ իր սիրտը բացեց Աստծո առաջ։ բ) Ի՞նչ ենք սովորում Աբրահամի հետ կատարված դեպքից։
11 Երբ Աբրահամն արդեն տարիքն առել էր, բայց Եհովան դեռ չէր տվել խոստացած սերունդը, նա իր մտահոգությունը հայտնեց Աստծուն։ Եհովան մխիթարեց Աբրահամին։ Արդյունքն ի՞նչ եղավ։ «Նա հավատաց Եհովային, եւ նա նորա համար արդարութիւն համարեց այս»։ Ապա Եհովան որպես երաշխիք մի նշան տվեց նրան (Ծննդոց 15։1—18)։ Երբ մեր սրտերն աղոթքով բացենք Աստծու առաջ, ընդունենք նրա Խոսքում՝ Աստվածաշնչում տրված հավաստիացումները և հնազանդվենք նրան հավատքով, ապա Եհովան մեր հավատքն էլ կամրացնի (Մատթէոս 21։22; Յուդա 20, 21)։
12, 13. ա) Աբրահամն ինչպե՞ս օրհնվեց, երբ հետևեց Եհովայի առաջնորդությանը։ բ) Ի՞նչը կզորացնի մեր հավատը։
12 Երբ Աբրահամը հետևեց Աստծո առաջնորդությանը, Եհովան պաշտպանեց նրան։ Սա Աբրահամի հավատն ամրացնող չորրորդ ազդակն էր։ Երբ Աբրահամը հետապնդեց թագավորներին Ղովտին փրկելու համար, Եհովան նրան հաղթանակ պարգևեց (Ծննդոց 14։16, 20)։ Այն տարիներին, երբ Աբրահամը որպես ժամանակավոր բնակիչ ապրում էր մի երկրում, որը պիտի ժառանգեր իր սերունդը, Եհովան օրհնեց նրան նյութապես (համեմատեք Ծննդոց 14։21—23)։ Եհովան առաջնորդեց նրա ծառային, որպեսզի Իսահակի համար համապատասխան կին գտնի (Ծննդոց 24։10—27)։ Այո՛, «Եհովան ամեն բանում օրհնել էր Աբրահամին» (Ծննդոց 24։1)։ Արդյունքում նրա հավատն այնքա՜ն ամրացավ ու Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունն այնքան ջերմ դարձավ, որ Եհովան նրան «բարեկամ» անվանեց (Եսայիա 41։8; Յակոբոս 2։23)։
13 Այսօր մենք էլ այդպիսի ամուր հավատ կարո՞ղ ենք ունենալ։ Այո՛։ Եթե մենք էլ Աբրահամի պես վստահենք Եհովային, ենթարկվելով նրա պատվիրաններին, ապա Եհովան մեզ էլ կօրհնի, և դա կզորացնի մեր հավատը։ Օրինակ՝ երբ հայացք ենք նետում 1998 ծառայողական տարվա հաշվետվությանը՝ տեսնում ենք, որ շատերը հրաշալի օրհնություններ են ստացել՝ հնազանդվելով բարի լուրը քարոզելու պատվիրանին (Մարկոս 13։10)։
Հավատի արձանագրությունն այսօր
14. Եհովան ինչպե՞ս օրհնեց «Թագավորության լուրը» № 35 թերթիկի տարածումը։
14 1997 տարվա հոկտեմբեր ամսին միլիոնավոր Վկաների ցուցաբերած եռանդի ու խանդավառության շնորհիվ «Թագավորության լուրը» № 35 թերթիկի համաշխարհային միջոցառումը աչքառու հաջողություններ ունեցավ։ Հետաքրքիր է Գանայում կատարվածը։ Չորս լեզուներով այդ թերթիկից մոտ 2,5 միլիոն օրինակներ բաժանվեցին, և արդյունքում մոտ 2 000 Աստվածաշնչի ուսուցումներ սկսվեցին։ Կիպրոսում երկու Վկաներ, «Թագավորության լուրը» № 35 թերթիկը տարածելիս, նկատեցին, որ մի քահանա հետևում է իրենց։ Որոշ ճանապարհ անցնելով՝ նրան առաջարկեցին թերթիկը։ Քահանան արդեն ստացել էր մի օրինակը. «Այս լուրն ինձ այնքա՜ն տպավորեց,— ասաց նա,— որ ուզում էի շնորհավորել նրա հրատարակիչներին»։ Դանիայում «Թագավորության լուրը» № 35 թերթիկի 1,5 միլիոն օրինակների տարածումը հոյակապ արձագանքներ գտավ։ Տեղեկատու բյուրոյում աշխատող մի կին այսպես արտահայտվեց. «Այնտեղ տեղեկություններ կան բոլոր մարդկանց համար։ Այն հեշտությամբ հասկացվում է, տպավորիչ է, ավելին իմանալու ցանկություն է առաջացնում։ Այնտեղ գրվածն իրոք ճշմարտություն է»։
15. Ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ Եհովան օրհնում է իր ծառաների՝ մարդկանց ամենուր հանդիպելու ջանքերը։
15 Փորձեր արվեցին 1998 թ. ընթացքում մարդկանց քարոզելու ոչ միայն տներում, այլև ամենուրեք։ Կոտ դ’Իվուարում միսիոներական մի զույգ այցելում էր նավահանգստում գտնվող 322 նավերը։ Նրանք 247 գիրք, 2 284 ամսագիր, 500 բրոշյուր ու հարյուրավոր թերթիկներ տարածեցին, ինչպես նաև տեսաֆիլմեր, որոնք նավաստիները կարող էին դիտել ծովում նավարկելիս։ Կանադայում Եհովայի վկաներից մեկը մտավ ավտոպահեստամասերի մի խանութ։ Խանութի տերը հետաքրքրվեց, բայց քանի որ հաճախորդները ելումուտ էին անում, այնտեղ անցկացրած չորսուկես ժամից միայն մեկուկես ժամն անցավ վկայություն տալու համար։ Ի վերջո, պայմանավորվեցին ամեն անգամ երեկոյան ժամը 10–ին ուսուցում անկացնել։ Սակայն, երբեմն, նրանց չէր հաջողվում պայմանավորված ժամին սկսել, այլ սկսում էին կեսգիշերին ու շարունակում մինչև գիշերվա ժամը երկուսը։ Հավանաբար գրաֆիկը ծանր էր, սակայն արդյունքներն ակնառու էին։ Խանութպանը որոշեց կիրակի օրերը փակել խանութը ու ժողով այցելել։ Շուտով նա և իր ընտանիքի անդամները առաջընթաց քայլեր կատարեցին։
16. Ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ «Գիտություն» գիրքը և «Աստված պահանջում է» բրոշյուրը քարոզչական և ուսուցանելու գործի մեջ օգտագործվող հզոր գործիքներ են։
16 «Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում» բրոշյուրը և «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը դեռևս մնում են քարոզչական և ուսուցանելու գործի մեջ օգտագործվող հզոր գործիքները։ Իտալիայում ավտոբուսի կանգառում սպասող մի միանձնուհի համաձայնվեց վերցնել «Թագավորության լուրը» № 35 թերթիկի մի օրինակը։ Հաջորդ օրը Վկաները նրան կրկին մոտեցան. այս անգամ նա վերցրեց «Աստված պահանջում է» բրոշյուրը։ Այդ դեպքից հետո ամեն օր, ավտոբուսի կանգառում նրա հետ 10–15 րոպե Աստվածաշնչի ուսուցում էր անցկացվում։ Մեկուկես ամիս անց նա որոշեց լքել կուսանոցը և վերադառնալ Գվատեմալա՝ իր տուն, որտեղ շարունակեց Աստվածաշնչի ուսուցումը։ Մալավիում եկեղեցու ջերմեռանդ հաճախողներից մի կին՝ Լոբինա անունով, խիստ զայրացավ, երբ իմացավ, որ իր աղջիկները Աստվածաշնչի ուսուցում են սկսել Եհովայի վկաների հետ։ Այնուամենայնիվ, նրա դուստրերը առիթը բաց չէին թողնում պատմելու իրենց մորը Աստվածաշնչի ճշմարտության մասին։ 1997 թ. հունիսին Լոբինան տեսավ «Գիտություն» գիրքը, ու «առաջնորդող գիտություն» արտահայտությունը նրան շատ տպավորեց։ Հուլիս ամսին նա համաձայնվեց սկսել Աստվածաշնչի ուսուցում, օգոստոսին մասնակցեց շրջանային համաժողովին և ուշադրությամբ լսեց ողջ ծրագիրը։ Ամսվա վերջում նա թողեց իր եկեղեցին ու դարձավ չմկրտված քարոզիչ։ Եվ վերջապես այդ նույն տարում նա մկրտվեց։
17, 18. Ընկերության թողարկած տեսաերիզներն ի՞նչ օգուտներ տվեցին հոգևոր բաները տեսնելու համար։
17 Ընկերության թողարկած տեսաերիզները շատերին են օգնել հասկանալու հոգևոր բաները։ Մավրիկիոսում ապրող մի մարդ լքել էր եկեղեցին՝ տեսնելով այնտեղ տիրող երկպառակությունը։ Մի միսիոներ առաջարկեց նրան դիտել «Միացած աստվածային ուսուցմամբ» տեսաերիզը, որտեղ ցույց էր տրվում, թե ինչ միասնություն է տիրում Եհովայի ժողովրդի մեջ։ Տպավորված այդ ֆիլմից՝ նա ասաց. «Դուք՝ Եհովայի վկաներդ, արդեն դրախտում եք ապրում»։ Նա համաձայնվեց Աստվածաշնչի ուսուցում սկսել։ Ճապոնիայում ապրող մի քույր իր անհավատ կողակցին ցույց տվեց «Եհովայի վկաներ՝ կազմակերպություն՝ կանգնած այդ անվան ետևում» տեսաերիզը. այն դիտելուց հետո վերջինս համաձայնվեց Աստվածաշնչի կանոնավոր ուսուցում սկսել, իսկ «Միացած աստվածային ուսուցմամբ» տեսաերիզը դիտելուց հետո նա Եհովայի վկա դառնալու ցանկություն հայտնեց։ Երեք մասերից բաղկացած «Աստվածաշունչը փաստերի և մարգարեությունների գիրք» տեսաերիզն օգնեց նրան Աստվածաշնչի սկզբունքները կիրառել իր կյանքում։ Վերջում նա դիտեց «Եհովայի վկաները նացիզմի դեմ» տեսաերիզը, որից հասկացավ, որ Եհովան զորացնում է իր ժողովրդին Սատանայի հարձակումների դեմ։ 1997 թ. հոկտեմբեր ամսին այդ մարդը մկրտվեց։
18 Սրանք ընդամենը մի քանիսն են նախորդ ծառայողական տարվա ընթացքում կատարված դեպքերից, որոնք ցույց են տալիս, որ Եհովայի վկաները կենսունակ հավատ ունեն, և Եհովան, օրհնելով նրանց գործունեությունը, զորացնում է նրանց հավատը (Յակոբոս 2։17)։
Հավատ մշակեք այսօր
19. ա) Մեր վիճակն ինչո՞վ է Աբրահամի վիճակից ավելի լավ։ բ) Անցյալ տարի քանի՞ հոգի էին հավաքվել Հիսուսի զոհաբերական մահը հիշելու համար։ գ) Անցյալ տարի ո՞ր երկրներում էր Հիշատակի երեկոյին մասնակցողների թիվն աչքառու (տեսեք 28—31 էջերի աղյուսակը)։
19 Շատ դեպքերում այսօր մենք Աբրահամից ավելի լավ վիճակում ենք գտնվում։ Գիտենք, որ Եհովան իրագործեց Աբրահամի հետ կապված իր բոլոր խոստումները։ Աբրահամի սերունդը ժառանգեց Քանանի երկիրը, և նրանք մեծ ազգ դարձան (Գ Թագաւորաց 4։20; Եբրայեցիս 11։12)։ Բացի այդ, Աբրահամի՝ Խառանից հեռանալուց 1971 տարի անց Հիսուսը՝ Աբրահամի սերունդը, ջրում մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից, ընդ որում Եհովան նրան մկրտեց սուրբ հոգով, ու նա դարձավ Մեսիա, այսինքն՝ Աբրահամի Սերունդը ամբողջական, հոգևոր իմաստով (Մատթէոս 3։16, 17; Գաղատացիս 3։16)։ Մ.թ. 33–ի նիսանի 14–ին Հիսուսն իր կյանքը որպես փրկանք տվեց իրեն հավատ ընծայողների համար (Մատթէոս 20։28; Յովհաննէս 3։16)։ Միլիոնավոր մարդիկ այսօր կարող են օրհնվել նրա միջոցով։ Անցյալ տարի նիսանի 14–ին մեկտեղ հավաքված 13 896 312 մարդ հիշեց սիրո դրսևորման այդ հոյակապ արարքը։ Եհովայի՝ իր խոստումը Պահողի կողմից ներկայացված ի՜նչ հրաշալի ապացույց։
20, 21. Առաջին դարում բոլոր ազգերից դուրս եկած անհատներն ինչպե՞ս օրհնվեցին Աբրահամի Սերնդով և ինչպե՞ս են օրհնվում այսօր։
20 Առաջին դարում բոլոր ազգերից դուրս եկած բազում անհատներ, սկսած մարմնավոր Իսրայելից, հավատ ընծայեցին Աբրահամի այս Սերնդին և դարձան Աստծո օծյալ որդիները՝ նոր, «Աստծու Իսրայելի» հոգևոր անդամները (Գաղատացիս 3։26—29; 6։16; Գործք 3։25, 26)։ Նրանք երկնքում, որպես Աստծո Թագավորության իշխանակիցներ, հոգևոր կյանքով ապրելու երաշխավորված հույսն ունեին։ Թվով միայն 144 000 անհատներ պետք է այսպես օրհնվեին, որոնցից մի փոքր մասը դեռ մնում է երկրի վրա (Յայտնութիւն 5։9, 10; 7։4)։ Անցյալ տարի Հիշատակի երեկոյին խորհրդանիշներից օգտվեցին 8 756 անհատներ, որով դրսևորեցին այդ թվի մեջ մտնելու իրենց հավատը։
21 Այսօր համարյա բոլոր Եհովայի վկաները Յայտնութեան 7։9—17–ում նկարագրված «մեծ բազմության» անդամներն են։ Նրանք երկրային դրախտում հավիտյան ապրելու հույսն ունեն, քանի որ օրհնվում են Հիսուսի միջոցով (Յայտնութիւն 21։3—5)։ 1998 թ.–ին քարոզչական աշխատանքում բաժին ունեցած 5 888 650 անհատների թիվն ապացուցում է, որ նրանց բազմությունն իրոք որ «մեծ» է։ Մեզ հատկապես հուզեց այն տեղեկագրությունը, որ թե՛ Ռուսաստանի, և թե՛ Ուկրաինայի հաշվետվության մեջ առաջին անգամ քարոզիչների թիվը անցավ 100 000–ից։ Աչքառու էր նաև հետևյալը. ԱՄՆ–ում օգոստոս ամսին քարոզիչների թիվը հասավ 1 040 283–ի։ Սրանք միայն երեքն են 19 այն երկրներից, որտեղ անցյալ տարի ավելի քան 100 000 քարոզիչ է արձանագրվել։
Հույսը շուտով իրականանալու է
22, 23. ա) Ինչո՞ւ է անհրաժեշտ այսօր ամրացնել մեր սրտերը։ բ) Ինչպե՞ս կարող ենք նմանվել Աբրահամին, և ոչ թե Պողոսի հիշատակած անհավատ մարդկանց։
22 Հիշատակի երեկոյին ներկա գտնվողներին հիշեցվեց, որ Եհովայի խոստումների իրագործման շեմին ենք հասել։ 1914–ին Հիսուսը որպես Թագավոր նստեց Աստծո Թագավորության գահին՝ թագավորական զորությամբ սկսելով իր ներկայությունը (Մատթէոս 24։3; Յայտնութիւն 11։15)։ Այո՛, Աբրահամի Սերունդն այժմ իշխում է երկնքում։ Հակոբոսը դիմեց իր օրերում ապրող քրիստոնյաներին. «Համբերեցէ՛ք եւ դուք, ամրացրէ՛ք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մօտեցել է» (Յակոբոս 5։8)։ Այդ ներկայությունն այժմ իրականություն է։ Ուրեմն հիմքեր ունենք մեր սրտերն ամրացնելու։
23 Իմաստալից աղոթքի ու Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրության միջոցով թող որ մեր վստահությունն Աստծո խոստումների հանդեպ մշտապես ամրանա։ Թող որ երբեք չդադարենք Աստծո օրհությունները զգալուց, մինչ հնազանդվում ենք իր Խոսքին։ Այդ ժամանակ մենք էլ կլինենք Աբրահամի, և ոչ թե Պողոսի հիշատակած մարդկանց նման, որոնց հավատն աստիճանաբար թուլացավ ու մեռավ։ Ոչինչ չի կարող բաժանել մեզ մեր սրբազան հավատից (Յուդա 20)։ Մենք աղոթում ենք, որ 1999 ծառայողական տարվա ընթացքում և ապագայում էլ սա իրականություն դառնա Եհովայի բոլոր ծառաների համար։
Գիտե՞ք արդյոք
◻ Այսօր ինչպե՞ս կարող ենք լսել Աստծուն։
◻ Աստծուն ուղղված իմաստալից աղոթքներից ինչպիսի՞ օգուտներ ենք ստանում։
◻ Մեր հավատն ինչպե՞ս կամրանա, եթե հնազանդորեն հետևենք Եհովայի առաջնորդությանը։
◻ Տարեկան հաշվետվության ո՞ր տվյալները ձեզ հատկապես հետաքրքրեցին (28—31 էջեր)։
[Աղյուսակ 28–31-րդ էջերի վրա]
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ 1997 ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
(Տե՛ս միահյուսված հատորը)
[նկար 24–րդ էջի վրա]
Եթե լսենք Եհովային, մեր վստահությունն իր խոստումների հանդեպ կամրանա։
[նկար 26–րդ էջի վրա]
Մեր հավատն ամրանում է, երբ մասնակցում ենք քարոզչական գործունեությանը։