Քրիստոսի փրկանքը Աստծո փրկության ճանապարհն է
«Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը» (Յովհաննէս 3։16)։
1, 2. Նկարագրեք այն ծանր կացությունը, որի մեջ հայտնվել է մարդկությունը։
ՊԱՏԿԵՐԱՑՐԵՔ, որ տառապում եք ինչ–որ ծանր հիվանդությունից, որն անպայման ողբերգական վախճան կունենա, եթե վիրահատության միջամտությանը չդիմեք։ Ի՞նչ ապրումներ կունենայիք, եթե վիրահատության դիմաց այնպիսի գումար պահանջվեր, որը վճարելը ձեր ուժերից վեր լիներ։ Որքան էլ որ ցավալի է, ձեր ընտանիքն ու ընկերները չէին կարողացել նույնիսկ միացյալ ուժերով հավաքել այդ գումարը։ Կյանքում նման դժվար կացության մեջ հայտնվելը սարսափելի կլիներ։
2 Այս օրինակով կարելի է ներկայացնել այն իրավիճակը, որի մեջ հայտնվել է ողջ մարդկությունը։ Մեր առաջին ծնողները՝ Ադամն ու Եվան, ստեղծվել էին կատարյալ (Բ Օրինաց 32։4)։ Նրանք ունեին հավիտյան ապրելու հեռանկարը, և նրանց առջև էր դրված Աստծո նպատակն իրագործելու հնարավորությունը, այն է՝ «աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան» (Ծննդոց 1։28)։ Սակայն Ադամն ու Եվան ապստամբեցին իրենց Ստեղծիչի դեմ (Ծննդոց 3։1—6)։ Նրանց անհնազանդությունը մեղք բերեց ոչ միայն իրենց, այլև իրենց դեռ չծնված զավակների վրա։ Ինչպես ավելի ուշ ասաց հավատարիմ Հոբը. «Անմաքուրէն ո՞վ կրնայ մաքուր հանել։ Բնաւ մէկը չի կրնար» (Յոբ 14։4, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։
3. Ինչպե՞ս է մահը տարածվել ողջ մարդկության վրա։
3 Ուստի մեղքը հիվանդության պես վարակեց մեզ բոլորիս. այդ պատճառով Աստվածաշունչն ասում է, որ «բոլորն էլ մեղք գործեցին»։ Այս հանգամանքը կյանքին սպառնացող հետևանքներ ունի, քանի որ «մեղքի վարձը մահն է» (Հռովմայեցիս 3։23; 6։23)։ Ոչ ոք ի վիճակի չէ խուսափելու այդ դառն իրականությունից։ Բոլոր մարդիկ մեղանչում են, հետևաբար բոլորն էլ մահանում են։ Որպես Ադամի ժառանգներ՝ մենք ծնվել ենք հենց այդ արատով (Սաղմոս 51։5)։ «Մէկ մարդով,— գրեց Պողոսը,— մեղքը աշխարհ մտաւ, եւ մեղքով էլ՝ մահը, այնպէս էլ բոլոր մարդկանց մէջ տարածուեց մահը, որովհետեւ բոլորն էլ մեղանչեցին» (Հռովմայեցիս 5։12)։ Սակայն սա դեռ չի նշանակում, որ մենք փրկության ոչ մի հույս չունենք։
Վերացնել մեղքն ու մահը
4. Ինչո՞ւ մարդիկ անկարող են իրենց ուժերով վերացնելու մեղքն ու մահը։
4 Ի՞նչ է անհրաժեշտ մեղքն ու դրա հետևանքը՝ մահը վերացնելու համար։ Պարզ է, որ մարդկանցից ոչ ոք ոչինչ չի կարող առաջարկել։ Սաղմոսերգուն հառաչանքով ասաց. «Սուղ է անոնց [մարդկանց] անձին փրկութեան գինը, երբեք կարելի չէ գոհացնել, որպէսզի ապրի յաւիտեան ու ապականութիւն չտեսնէ» (Սաղմոս 49։8, 9, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։ Ճիշտ է, մենք կարող ենք մի քանի տարով երկարացնել մեր կյանքը՝ առողջարար սնունդ ընդունելով և բժշկության օգնությանը դիմելով, սակայն մեզանից ոչ մեկը չի կարող դուրս գալ մեր ժառանգած մեղավոր վիճակից։ Ոչ մեկս չենք կարող դեպի հակառակը շրջել ծերության տանող արատավոր ընթացքը և վերականգնել մեր մարմինները՝ հասցնելով Աստծո նախատեսած նախնական կատարելությանը։ Ինչ խոսք, Պողոսը չչափազանցրեց՝ գրելով, թե՝ «ստեղծուածները ունայնութեանը հնազանդուեցին», կամ, ինչպես ներկայացնում է «Երուսաղեմի Աստվածաշունչը», «անկարող դարձան՝ հասնելու իրենց նպատակին» (Հռովմայեցիս 8։20)։ Բարեբախտաբար, Ստեղծիչը չի լքել մեզ։ Նա կարգադրություններ է արել մեկընդմիշտ վերացնելու մեղքն ու մահը։ Ինչպե՞ս...
5. Ի՞նչ իմաստով էր Իսրայելին տրված Օրենքը խոր հարգանք պարունակում արդարության հանդեպ։
5 Եհովան «արդարութիւն եւ իրաւունք է սիրում» (Սաղմոս 33։5)։ Իսրայելին տված օրենքների ժողովածուն իր մեջ խոր հարգանք էր պարունակում հանդեպ հավասարակշռված և անկողմնակալ արդարությունը։ Օրինակ՝ այդ օրենքներից մեկը «անձի տեղ անձ» էր պահանջում։ Այլ կերպ ասած, եթե իսրայելացին սպանություն գործեր, իր խլած կյանքի տեղը պետք է սեփական կյանքով վճարեր (Ելից 21։23; Թուոց 35։21)։ Այսպիսով, Աստծո արդարության կշեռքի սանդղակը հավասարակշռվում էր (համեմատեք Ելից 21։30)։
6. ա) Ի՞նչ իմաստով է Ադամը մարդասպան։ բ) Ինչպիսի՞ կյանք էր կորցրել Ադամը, և ի՞նչ զոհաբերություն էր հարկավոր արդարության պահանջը բավարարելու համար։
6 Ադամը, երբ մեղանչեց, դարձավ մարդասպան։ Ի՞նչ իմաստով։ Այն իմաստով, որ իր մեղավոր վիճակը, ուստի և մահը, փոխանցեց իր հետնորդներին։ Ադամի անհնազանդության պատճառով է, որ ներկա պահին մեր մարմինները քայքայվում և աստիճանաբար գերեզման տանող ճամփան են բռնում (Սաղմոս 90։10)։ Բայց Ադամը մասնակից դարձավ նույնիսկ ավելի լուրջ մեղքի։ Հիշենք, որ Ադամն իր և իր ժառանգների համար կորցրեց ոչ թե 70—80 տարի ապրելու հեռանկարը, այլ կատարյալ՝ հավիտենական կյանքով ապրելու հնարավորությունը։ Իսկ քանի որ «անձի տեղ անձ» էր պահանջվում, ո՞ւմ կյանքը պետք է տրվեր արդարության պահանջը բավարարելու համար։ Տրամաբանորեն, մարդկային կատարյալ կյանքի անհրաժեշտությունը կար, այնպիսի մեկի, որն Ադամի նման կարող լիներ մարդկային կատարյալ ժառանգներ տալու։ Զոհաբերված մարդկային կատարյալ կյանքը ոչ միայն կհավասարակշռեր արդարության պահանջը, այլև հնարավորություն կստեղծեր վերացնելու մեղքն ու դրա հետևանքը՝ մահը։
«Ծածկել» մեղքի արժեքը
7. Բացատրե՛ք փրկանք բառի իմաստը։
7 Մեղքից մեզ ազատելու համար պահանջվող գումարը Աստվածաշնչում կոչվում է «փրկանք» (Սաղմոս 49։7)։ Այս բառը սովորաբար գործածվում է այն դեպքում, երբ առևանգիչը իր գերուն վերադարձնելու դիմաց վճար է պահանջում։ Ինչ խոսք, Եհովայի տված փրկանքը նախատեսված չէր ինչ–որ առևանգչի համար։ Սակայն գինը վճարելու գաղափարը այստեղ էլ նույնն է։ «Փրկանք» բառը եբրայերենում բառացի նշանակում է «ծածկել»։ Մեղքը քավելու համար փրկանքը պետք է ճիշտ և ճիշտ համապատասխաներ նրան, ինչը որ ծածկելու էր, այն է՝ Ադամի կատարյալ մարդկային կյանքին։
8. ա) Նկարագրեք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում վերագնման սկզբունքը։ բ) Ինչպե՞ս է մեզ՝ մեղավորներիս հետ առնչվում այդ սկզբունքը։
8 Սա հավասարազոր է Մովսիսական օրենքում տեղ գտած վերագնման սկզբունքին։ Եթե իսրայելացին չքավորության մեջ էր ընկնում և իրեն վաճառում էր ոչ իսրայելացու, նրա բարեկամներից մեկը կարող էր փրկել նրան (կամ վերագնել)՝ ծառայի համար նախատեսված գինը վճարելով (Ղեւտացոց 25։47—49)։ Աստվածաշունչն ասում է, որ մենք՝ անկատար մարդիկս, ‘մեղքի ծառա ենք’ (Հռովմայեցիս 6։6; 7։14, 25)։ Ի՞նչ է հարկավոր մեզ վերագնելու համար։ Ինչպես տեսանք, մարդկային կատարյալ կյանքի կորուստը վերականգնելու համար մեկ այլ մարդկային կատարյալ կյանքի վճար է պահանջվում՝ ոչ ավելի, ոչ պակաս։
9. Ինչպիսի՞ կարգադրություն արեց Եհովան մեղքը ծածկելու համար։
9 Մարդիկ ի ծնե անկատար են։ Մեզանից ոչ մեկը հավասար չէ Ադամին ու ոչ մեկը չի կարող վճարել արդարության պահանջած փրկանքը։ Ինչպես նախօրոք արդեն ասվեց, դա նման է նրան, որ մենք մեր կյանքին սպառնացող հիվանդություն ունենք և ի վիճակի չենք վճարելու բուժման համար։ Նման իրավիճակում մի՞թե երախտապարտ չէինք լինի, եթե ինչ–որ մեկը բարեխոսեր մեզ համար և վճարեր մեր ծախսերը։ Ճիշտ նման քայլի է դիմել Եհովան։ Նա մեկընդմիշտ մեզ մեղքից ազատելու կարգադրություն է արել։ Այո՛, նա պատրաստ է մեզ տալու այն, ինչը մեր սեփական ուժերով երբեք ի վիճակի չէինք լինի ստանալու։ Ինչպե՞ս։ «Աստծու շնորհը,— գրեց Պողոսը,— յաւիտենական կեանք[ն է]՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով» (Հռովմայեցիս 6։23)։ Հովհաննեսը Հիսուսին կոչեց «Գառն Աստուծոյ, որ վերացնում է աշխարհի մեղքը» (Յովհաննէս 1։29)։ Իսկ այժմ եկեք տեսնենք, թե Եհովան ինչպե՛ս իր սիրելի Որդու միջոցով տվեց փրկագինը։
«Համապատասխան փրկանք»
10. «Սերնդին» վերաբերվող մարգարեություններն ինչպե՞ս հասան Հովսեփին ու Մարիամին։
10 Եդեմում ծագած ապստամբությունից անմիջապես հետո Եհովան հայտնեց «սերունդ» առաջ բերելու իր նպատակը՝ ժառանգ, որը պիտի քավեր մարդկության մեղքը (Ծննդոց 3։15)։ Մի շարք հայտնությունների միջոցով Եհովան ցույց տվեց, թե ո՛ր ազգատոհմից էր առաջ գալու այդ սերունդը։ Ի վերջո, այս հայտնությունները մատնացույց արեցին Պաղեստինում բնակվող մի նշանված զույգի՝ Հովսեփին և Մարիամին։ Հովսեփին երազի միջոցով հաղորդվեց, որ Մարիամը սուրբ հոգուց հղի է։ Հրեշտակն ասաց նրան. «Նա մի որդի պիտի ծնի, եւ նրա անունը Յիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին՝ իր մեղքերից» (Մատթէոս 1։20, 21)։
11. ա) Ինչպիսի՞ պատրաստություններ տեսավ Եհովան, որպեսզի իր Որդին ծնվի որպես մարդ։ բ) Ի՞նչ առումով էր Հիսուսն ի վիճակի վճարելու «համապատասխան փրկանքը»։
11 Մարիամի հղիությունը սովորական երևույթներից չէր, քանի որ Հիսուսը մի ժամանակ ապրելիս էր եղել երկնքում (Առակաց 8։22—31; Կողոսացիս 1։15)։ Եհովան իր գերբնական զորությամբ Հիսուսի կյանքը փոխադրել էր Մարիամի արգանդը, որպեսզի իր սիրելի Որդին ծնվի որպես մարդ (Յովհաննէս 1։1—3, 14; Փիլիպպեցիս 2։6, 7)։ Եհովան այնպես արեց, որ Հիսուսը չապականվեց Ադամի մեղքով և ծնվեց կատարյալ։ Այսպիսով՝ Հիսուսն ունեցավ այն, ինչը մի ժամանակ կորցրել էր Ադամը՝ մարդկային կատարյալ կյանք։ Վերջապես հայտնվեց մեկը, ով կարող էր ծածկել այդ մեղքի արժեքը։ Հիսուսն այն վճարեց մ.թ. 33 թ. նիսանի 14–ին։ Այդ պատմական օրը նա հանձնվեց իր հակառակորդներին, որպեսզի սպանվի և դրանով իսկ վճարի «համապատասխան փրկանքը» (Ա Տիմոթէոս 2։6, ՆԱ)։
Մարդկային կատարյալ կյանքի արժեքը
12. ա) Ի՞նչ կտրուկ տարբերություն գոյություն ունի Հիսուսի մահվան և Ադամի մահվան միջև։ բ) Ինչպե՞ս է Հիսուսը դարձել հնազանդ մարդկության «Յաւիտենականութեան Հայրը»։
12 Գոյություն ունի տարբերություն Հիսուսի մահվան և Ադամի մահվան միջև, և այդ տարբերությունն էլ հենց աչքառու է դարձնում փրկանքի արժեքը։ Ադամն ինքն էր արժանացել մահվան, քանի որ ինքնակամ հակառակվել էր իր Ստեղծիչին (Ծննդոց 2։16, 17)։ Ի տարբերություն Ադամի, Հիսուսը արժանի չէր մահվան, քանի որ երբեք «մեղք չգործեց» (Ա Պետրոս 2։22)։ Ուստի, մահանալիս Հիսուսը հսկայական արժեք ունեցող մի բանի էր տիրապետում, ինչը մահանալիս չուներ մեղավոր Ադամը, այն է՝ մարդկային կատարյալ կյանքի իրավունքը։ Այսպիսով՝ Հիսուսի մահը զոհաբերական արժեք ուներ։ Նա որպես հոգեղեն անձնավորություն համբարձվեց երկինք և իր զոհաբերության արժեքը ներկայացրեց Եհովային (Եբրայեցիս 9։24)։ Իր այս արարքով Հիսուսը գնեց մեղավոր մարդկությունը և դարձավ նրա նոր Հայրը՝ Ադամի փոխարեն (Ա Կորնթացիս 15։45)։ Ամենայն իրավունքով Հիսուսը կոչվեց «Յաւիտենականութեան Հայր» (Եսայիա 9։6)։ Միայն պատկերացրեք, թե ի՜նչ է դա նշանակում։ Մեր մեղավոր հայր Ադամի պատճառով իր բոլոր հետնորդները մահկանացուներ դարձան։ Իսկ կատարյալ Հայր Հիսուսը իր զոհաբերության արժեքն օգտագործեց հնազանդ մարդկանց հավիտենական կյանք շնորհելու համար։
13. ա) Լուսաբանեք, թե ինչպե՞ս Հիսուսը ջնջեց Ադամի թողած պարտքը։ բ) Ինչո՞ւ Հիսուսի զոհաբերությունը չքավեց մեր առաջին ծնողների մեղքը։
13 Բայց ինչպե՞ս կարող էր մեկ մարդու մահը այդքան շատ մարդկանց մեղքեր ծածկել (Մատթէոս 20։28)։ Մի քանի տարի առաջ մի հոդվածում փրկանքի միջոցառումը համեմատվում էր հետևյալ դեպքի հետ։ «Երևակայեցեք հարյուրավոր բանվորներ ունեցող հսկայական մի գործարան,— ասվում էր այդ հոդվածում։— Գործարանի խարդախ տնօրենը սնանկացնում է գործարանը, որի հետևանքով փակվում են գործարանի դռները. հարյուրավոր բանվորներ գործազուրկ են դառնում և իրենց ծախսերը հոգալու անկարող։ Մեկ մարդու խարդախության պատճառով տառապում են շատերը՝ աշխատողների ընտանիքի անդամները և նույնիսկ վարկատուները։ Ապա գալիս է մի հարուստ բարերար, վճարում է ընկերության պարտքերը և կրկին աշխատեցնում գործարանը։ Ընդամենը մեկ պարտքի վճարումը թեթևացում է բերում բոլորին՝ բանվորներին, նրանց ընտանիքներին և վարկատուներին։ Բայց արդյոք նախկին տնօրենը բաժին ունի՞ այդ նոր իրավիճակից։ Ո՛չ, նա բանտում է գտնվում և ընդմիշտ կորցրել է իր աշխատանքը։ Նմանապես, Ադամի մեկ պարտքի վճարումը օրհնություններ է բերում նրա միլիոնավոր հետնորդներին, բայց ոչ իրեն՝ Ադամին»։
14, 15. Ինչո՞ւ ենք ասում, որ Ադամն ու Եվան գիտակցաբար մեղանչեցին, և մեր իրավիճակն ինչո՞վ է տարբերվում նրանցից։
14 Ինչ խոսք, տրամաբանական է։ Չմոռանանք, որ Ադամն ու Եվան գիտակցաբար կատարեցին իրենց քայլը։ Նրանք ընտրեցին Աստծուն չհնազանդվելու ուղին։ Ի տարբերություն նրանց՝ մենք մեղքով ենք ծնվել և ուրիշ ընտրություն չունենք։ Որքան էլ որ ջանում ենք մեղք չգործել, չենք կարող ամբողջովին խուսափել մեղքից (Ա Յովհաննէս 1։8)։ Պատահում է, երբ Պողոս առաքյալի ունեցած զգացումն է մեզ պատում։ Ահա նրա խոսքերը. «Երբ ես ուզում եմ բարին գործել, իմ դէմ չարն է ելնում. հաճելի է ինձ Աստծու օրէնքը՝ ներքին մարդու տեսակէտից, բայց իմ մարմնի անդամների մէջ տեսնում եմ այլ օրէնք, որ պայքարում է իմ մտքի օրէնքին հակառակ եւ ինձ գերի է դարձրել մեղքի օրէնքին, որ կայ իմ մարմնի անդամների մէջ։ Ի՜նչ խղճալի մարդ եմ ես» (Հռովմայեցիս 7։21—24)։
15 Բայց և այնպես, շնորհիվ հայթայթված փրկանքի, մենք հույս ունենք։ Հիսուսը Աստծո խոստացած սերունդն է, որի միջոցով կօրհնվեն «երկրի բոլոր ազգերը» (Ծննդոց 22։18; Հռովմայեցիս 8։20, 21ա)։ Հիսուսին հավատ ընծայողների առջև նրա զոհաբերությունը չքնաղ հեռանկարներ է բացում։ Եկեք քննարկենք դրանցից մի քանիսը։
Օրհնություններ՝ ստացված Քրիստոսի փրկանքից
16. Չնայած մեր մեղավոր վիճակին՝ ինչպիսի՞ օրհնություններ ենք վայելում Հիսուսի տված փրկանքի շնորհիվ։
16 Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Հակոբոսը, համամիտ էր այն իրողության հետ, «որ բոլորս էլ շատ ենք մեղանչում» (Յակոբոս 3։2)։ Սակայն ներում ենք ստանում Քրիստոսի փրկանքի շնորհիվ։ Հովհաննեսը գրում է. «Եթէ մէկը մեղանչի, Աստծու առաջ բարեխօս ունենք Յիսուս Քրիստոսին՝ Արդարին եւ Անարատին. եւ նա՛ է քաւութիւնը մեր մեղքերի» (Ա Յովհաննէս 2։1, 2)։ Ինչ խոսք, չի կարելի մատների արանքով նայել մեղքին (Յուդա 4; համեմատեք Ա Կորնթացիս 9։27)։ Բայց երբ մեղանչում ենք, կարող ենք մեր սրտերը բացել Եհովայի առաջ, քանզի վստահ ենք, որ նա «ներող է» (Սաղմոս 86։5; 130։3, 4; Եսայիա 1։18; 55։7; Գործք 3։19)։ Փրկանքը հնարավորություն է տալիս ծառայել Աստծուն մաքուր խղճով և աղոթքով դիմել նրան Հիսուս Քրիստոսի անունով (Յովհաննէս 14։13, 14; Եբրայեցիս 9։14)։
17. Ապագա ի՞նչ օրհնություններ են հնարավոր փրկանքի շնորհիվ։
17 Քրիստոսի փրկանքը ճանապարհ է բացում Աստծո նպատակի իրագործման համար, որպեսզի հնազանդ մարդկությունը հավիտյան ապրի դրախտ–երկրի վրա (Սաղմոս 37։29)։ Պողոսը գրեց. «Աստծու այնչա՜փ խոստումները այո՛ն եղան Նրա [Հիսուսի] մէջ [«Այո՛ դարձան նրա միջոցով», ՆԱ]» (Բ Կորնթացիս 1։20)։ Ճիշտ է, ‘մահը թագավորում է’, բայց փրկանքը հիմք է ծառայում Աստծուն՝ վերացնելու այդ «վերջին թշնամուն» (Հռովմայեցիս 5։17; Ա Կորնթացիս 15։26; Յայտնութիւն 21։4)։ Հիսուսի փրկանքը օրհնություններ է բերելու նույնիսկ մահացածներին։ «Կը գայ ժամանակ,— ասաց Հիսուսը,— երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կը լսեն նրա [Հիսուսի] ձայնը եւ դուրս կը գան» (Յովհաննէս 5։28, 29; Ա Կորնթացիս 15։20—22)։
18. Ի՞նչ ողբերգական ազդեցություն է մեղքը թողել մարդկության վրա, և ինչպե՞ս է դա ուղղվելու Աստծո նոր աշխարհում։
18 Միայն մտածեք, թե ի՜նչ սքանչելի կլինի սկզբնապես նախատեսված և այսօր մեզ ծանրաբեռնող հոգսերից զերծ կյանքը։ Մեղքը խախտել է ոչ միայն Աստծո և մեր միջև գոյություն ունեցող ներդաշնակությունը, այլև՝ ներդաշնակությունը մեր սեփական մտքի, սրտի և մարմնի միջև։ Այնուհանդերձ, Աստվածաշունչը խոստանում է, որ նոր աշխարհի «բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ»։ Այո՛, ֆիզիկական և էմոցիոնալ հիվանդություններն այլևս չեն տանջելու մարդկությանը։ Իսկ, թե ինչո՛ւ, Եսայիան պատասխանում է. «Ժողովուրդը որ բնակվում է այնտեղ՝ նորա անօրէնութիւնը թողուած է» (Եսայիա 33։24)։
Փրկանքը սիրո արտահայտում է
19. Մեզանից յուրաքանչյուրն անհատապես ինչպե՞ս պետք է արձագանքի Հիսուսի զոհաբերությանը։
19 Սերը մղեց Եհովային ուղարկել իր սիրելի Որդուն (Հռովմայեցիս 5։8; Ա Յովհաննէս 4։9)։ Իր հերթին, Հիսուսը ‘մահը ճաշակեց բոլորի համար’ (Եբրայեցիս 2։9; Յովհաննէս 15։13)։ Բոլոր հիմնավոր պատճառներով Պողոսը գրում է. «Քրիստոսի սէրն ստիպում է մեզ քննելու այս բանը, որ.... նա մեռաւ բոլորի համար, որպէսզի նրանք, որ կենդանի են, միայն իրենց համար կենդանի չլինեն, այլեւ նրա համար, ով մեռաւ եւ յարութիւն առաւ իրենց համար» (Բ Կորնթացիս 5։14, 15)։ Մենք, անշուշտ, արձագանք կտանք, եթե իրոք գնահատում ենք հանուն մեզ Հիսուսի կատարած արարքը։ Չէ՞ որ փրկանքը մեզ հնարավորություն է տվել ազատագրվելու մահից։ Ինչ խոսք, չենք ուզի մեր գործերով ցույց տալ, որ Հիսուսի զոհաբերությունը սովորական արժեք ունի մեզ համար (Եբրայեցիս 10։29)։
20. Ո՞ր հարցերում պետք է պահենք Հիսուսի «խօսքը»։
20 Ինչպե՞ս կարելի է ցույց տալ մեր անկեղծ երախտագիտությունը փրկանքի հանդեպ։ Ձերբակալվելուց առաջ Հիսուսը հայտարարեց. «Եթէ մէկը սիրում է ինձ, իմ խօսքը կը պահի» (Յովհաննէս 14։23)։ Հիսուսի «խօսքի» մեջ է մտնում նրա պատվերը. «Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք». ուստի, այս հանձնարարությունը կատարելու համար պետք է ակտիվ մասնակցություն ցուցաբերենք այդ գործում (Մատթէոս 28։19)։ Հիսուսին հնազանդվելը պահանջում է նաև, որ սեր ցուցաբերենք մեր հոգևոր եղբայրների հանդեպ (Յովհաննէս 13։34, 35)։
21. Ինչո՞ւ պետք է սույն տարվա ապրիլի 1–ին ներկա գտնվել Հիշատակի երեկոյին։
21 Մեր երախտագիտությունը ցույց տալու լավագույն կերպերից մեկը Հիսուսի մահվան Հիշատակի երեկոն այցելելն է, որն այս տարի կկայանա ապրիլի 1–ին։a Սա ևս Հիսուսի «խօսքի» մի մասն է, քանի որ, իր մահը հիշելու օրը սահմանելիս, նա իր հետևորդներին պատվիրեց. «Այս արէ՛ք իմ յիշատակի համար» (Ղուկաս 22։19)։ Ներկա գտնվելով այս կարևոր իրադարձությանը և մեր ուշադրությունը կենտրոնացնելով այն ամենի վրա, ինչ պատվիրել է մեզ Քրիստոսը՝ ցույց կտանք մեր համոզմունքը այն հարցում, որ Հիսուսի փրկանքն Աստծո հայթայթած փրկությունն է մեզ համար։ Իսկապե՛ս, «ուրիշ մէկի միջոցով փրկութիւն չկայ» (Գործք 4։12)։
[ծանոթագրություն]
a Սույն տարվա ապրիլի 1–ը համընկնում է մ.թ. 33 թ. նիսանի 14–ի՝ Հիսուսի մահվան օրվա հետ։ Ճշտեցեք Եհովայի վկաների հետ, թե երբ և որտեղ է անցկացվելու Հիշատակի երեկոն։
Կարո՞ղ եք հիշել
◻ Ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում հաշտվել իրենց մեղավոր վիճակի հետ։
◻ Ի՞նչ իմաստով է Հիսուսը «համապատասխան փրկանք»։
◻ Հիսուսն ինչպե՞ս օգտագործեց իր մարդկային կատարյալ կյանքի իրավունքը հօգուտ մեզ։
◻ Ի՞նչ օրհնություններ է ստացել մարդկությունը շնորհիվ Քրիստոսի տված փրկանքի։
[նկար 9–րդ էջի վրա]
Միայն կատարյալ մեկը՝ Ադամի համարժեքը, կարող էր բավարարել արդարության պահանջը։
[նկար 10–րդ էջի վրա]
Քանի որ Հիսուսը մարդկային կատարյալ կյանքի իրավունքն ուներ, նրա մահը զոհաբերական արժեք ունեցավ։