Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w99 3/1 էջ 28–32
  • Եհովայի օրհնությունները մեր «երկրում»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովայի օրհնությունները մեր «երկրում»
  • 1999 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Գետը հոսում է վերականգնված երկրում
  • Օրհնությունների հեղեղ
  • Ջրերը կենդանություն են տալիս
  • Գետը հոսում է Դրախտում
  • «Ուր որ գետը հոսի, այնտեղ կյանք կլինի»
    Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը՝ վերջապես վերականգնված
  • Ուշագրավ մտքեր «Եզեկիէլ» գրքից (մաս 2)
    2007 Դիտարան
  • «Սիրտդ ուղղիր» դեպի Աստծո տաճարը
    1999 Դիտարան
  • «Նկարագրիր տաճարը»
    Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը՝ վերջապես վերականգնված
Ավելին
1999 Դիտարան
w99 3/1 էջ 28–32

Եհովայի օրհնությունները մեր «երկրում»

«Ամենքը պիտի կենդանանան ուր որ գետը գնայ» (Եզեկիէլ 47։9)։

1, 2. ա) Որքա՞ն կարևոր է ջուրը։ բ) Ի՞նչ են խորհրդանշում Եզեկիելի տեսած գետի ջրերը։

ՋՈՒՐԸ կենարար հեղուկ է։ Բոլոր կենդանի օրգանիզմների կյանքը կախված է ջրից։ Մեզանից ոչ մեկն առանց ջրի երկար չի գոյատևի։ Ջուրը անհրաժեշտ է նաև մաքրություն պահպանելու համար, քանի որ իր հետ մաքրում–տանում է կեղտը։ Ջրով լողանում ենք, լվանում ենք մեր հագուստը և սնունդը։ Այս ամենի շնորհիվ պահպանվում է մեր կյանքը։

2 Ջուր բառն Աստվածաշունչը գործածում է Եհովայի կենսաբեր միջոցառումները ներկայացնելու նպատակով (Երեմիա 2։13; Յովհաննէս 4։7—15)։ Այդ միջոցառումների մեջ է մտնում Քրիստոսի քավիչ զոհաբերության և Աստծո Խոսքում ամփոփված ճշմարտության միջոցով իր ժողովրդին մաքրելը (Եփեսացիս 5։25—27)։ Եզեկիելի տեսիլքում տաճարից բխող հրաշալի գետը խորհրդանշում է նման կենսատու օրհնությունները։ Բայց ե՞րբ է հոսում այդ գետը, և ի՞նչ է դա նշանակում մեզ համար այսօր։

Գետը հոսում է վերականգնված երկրում

3. Ի՞նչ բանի ականատեսն է դառնում Եզեկիելը՝ ըստ Եզեկիէլ 47։2—12–ի։

3 Բաբելոնում գերության մեջ գտնվելիս՝ Եզեկիելի ժողովուրդը խիստ զգում էր Եհովայի օրհնությունների կարիքը։ Ուստի, որքան քաջալերական էր Եզեկիելի համար, երբ տեսավ սրբարանից բխող այդ ջրի շիթը, որը դուրս էր հոսում տաճարից։ Հրեշտակը ամեն անգամ չափում էր գետը հազար կանգուն։ Ջուրը Եզեկիելի գարշապարներից հասնում էր մինչև ծնկները, ապա մինչև մեջքը, որից հետո ջրի մակարդակն այնքան էր բարձրացել, որ կարելի էր լողանալ։ Գետը կենդանություն ու բերրիություն էր բերում (Եզեկիէլ 47։2—11)։ Եզեկիելին ասվում է. «Գետի վերայ նորա եզերքին պիտի այս կողմից եւ այն կողմից ամեն տեսակ պտղաբեր ծառեր բուսնեն» (Եզեկիէլ 47։12ա)։ Մեռյալ ծով գետի թափվելուն պես ծովի անկենդան ջրերում կյանքը սկսում է փթթել։ Սկսում են վխտալ ձկները։ Ծաղկում է ձկնորսությունը։

4, 5. Ի՞նչ առումով է գետի հետ կապված Հովելի մարգարեությունը հիշեցնում Եզեկիելի մարգարեությունը, և ինչո՞վ է դա նշանակալից։

4 Այս հրաշալի մարգարեությունը աքսորված հրեաներին թերևս հիշեցրել է մինչ այդ գրեթե երկու դար առաջ գրի առնված մեկ այլ մարգարեություն. «Տիրոջ տանիցը մի աղբիւր պիտի դուրս գայ, եւ ոռոգէ Սատիմի ձորը»a (Յովէլ 3։18)։ Հովելի մարգարեությունը նման է Եզեկիելի մարգարեությանը նրանով, որ սա ևս գուշակում է Աստծո տնից՝ տաճարից դուրս եկող ջրերի՝ չոր վայրերին կենդանություն բերելու մասին։

5 «Դիտարան» ամսագրում երկար տարիներ շարունակ բացատրվել է, որ Հովելի մարգարեությունը կատարվում է մեր օրերում։b Վստահաբար, ուրեմն, նույնը կարելի է ասել Եզեկիելի տեսիլքի մասին, որը խիստ հիշեցնում է Հովելի մարգարեությունը։ Այսօր Աստծո ժողովրդի վերականգնված երկրում, այնպես, ինչպես մի ժամանակ հին Իսրայելում, հոսում են Եհովայի առատ օրհնությունները։

Օրհնությունների հեղեղ

6. Ինչի՞ մասին էր հրեաներին հիշեցնում զոհասեղանի վրա շաղ տրվող արյունը։

6 Որտեղի՞ց են բխում Աստծո վերականգնված ժողովրդի վրա թափվող օրհնությունները։ Ուշադրություն դարձնենք, որ ջրերը հոսում են Աստծո տաճարից։ Եթե այսօր զուգահեռ անցկացնենք, այդ օրհնությունները գալիս են Եհովայի փառահեղ հոգևոր տաճարից, այսինքն՝ մաքուր երկրպագության համար նախատեսած նրա կարգավորումներից։ Եզեկիելի տեսիլքում մի կարևոր մանրամասնություն է հիշատակվում. ներսի գավիթում ջրերը հոսում են զոհասեղանի հարավային կողմով (Եզեկիէլ 47։1)։ Զոհասեղանը գտնվում է տեսիլքի տաճարի ճիշտ մեջտեղում։ Եհովան Եզեկիելին հանգամանորեն նկարագրում է զոհասեղանը և պատվիրում, որ զոհաբերության արյունը շաղ տրվի նրա վրա (Եզեկիէլ 43։13—18, 20)։ Այդ զոհասեղանը մեծ նշանակություն ուներ իսրայելացիների համար։ Եհովայի հետ նրանք վաղուց էին ուխտի մեջ մտած՝ այն օրվանից, երբ Մովսեսը Սինայ լեռան ստորոտին զոհասեղանի վրա շաղ էր տվել արյունը (Ելից 24։4—8)։ Տեսիլքի զոհասեղանի վրա արյուն շաղ տալը հիշեցնում էր նրանց այն մասին, որ վերականգնված երկիր նրանց վերադառնալուն պես Եհովայի օրհնությունները կթափվեն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք պահում են իր հետ կապած ուխտը (Բ Օրինաց 28։1—14)։

7. Ի՞նչ իմաստ ունի այլաբանական զոհասեղանը քրիստոնյաների համար։

7 Այսօր էլ Աստծո ժողովուրդն օրհնվում է մի նոր՝ նախկինից ավելի լավ ուխտի միջոցով (Երեմիա 31։31—34)։ Այն ևս վաղուց ի վեր հաստատված է Հիսուս Քրիստոսի արյամբ (Եբրայեցիս 9։15—20)։ Ներկայումս բոլորս էլ՝ լինենք այդ ուխտի մասնակից օծյալներից, թե դրանից օգուտ քաղող «այլ ոչխարներից», մեծ նշանակություն ենք տալիս այդ այլաբանական զոհասեղանին։ Այն խորհրդանշում է Աստծո կամքը՝ կապված Քրիստոսի զոհաբերության հետ (Յովհաննէս 10։16; Եբրայեցիս 10։10)։ Ինչպես այլաբանական զոհասեղանն է կենտրոնական տեղ գրավում հոգևոր տաճարում, այնպես էլ Քրիստոսի քավիչ զոհաբերությունը՝ մաքուր երկրպագության մեջ։ Այն հիմք է ծառայում մեր մեղքերի թողության համար, ուստի և ապագային վերաբերող մեր բոլոր հույսերը կախված են դրանից (Ա Յովհաննէս 2։2)։ Այսպիսով՝ մենք ջանում ենք ապրել նոր ուխտի հետ կապված «Քրիստոսի օրէնքով» (Գաղատացիս 6։2)։ Այնքան ժամանակ, քանի դեռ այդպես ենք վարվում, օգուտ կքաղենք կյանքի համար Եհովայի արած նախապատրաստումներից։

8. ա) Ի՞նչ էր պակասում տեսիլքի տաճարի ներսի գավիթում։ բ) Ինչպե՞ս կարող էին մաքրվել տեսիլքում ներկայացված քահանաները։

8 Այդ օգուտներից մեկը Եհովայի առջև մաքուր կեցվածք ունենալն է։ Տեսիլքի տաճարի ներսի գավիթում պակասում էր մի բան, որը բավականին աչքի ընկնող էր խորանի և Սողոմոնի տաճարի գավիթում՝ հսկա ջրավազանը, որն ավելի ուշ կոչվեց ծով և որտեղ լողանում էին քահանաները (Ելից 30։18—21; Բ Մնացորդաց 4։2—6)։ Իսկ ինչպե՞ս կարող էին մաքրվել Եզեկիելի տեսիլքում ներկայացված քահանաները։ Հենց այդ նպատակին էին ծառայում ներսի գավիթից բխող ջրերը։ Այո՛, Եհովան պիտի օրհներ նրանց այնպիսի միջոցներով, որպեսզի մաքուր, սուրբ կեցվածք ընդունեին իր առջև։

9. Ինչպե՞ս կարող են այսօր օծյալներն ու մեծ բազմության անդամները մաքուր կեցվածք ունենալ Եհովայի առջև։

9 Նմանապես այսօր օծյալներն են օրհնվել՝ Եհովայի առջև մաքուր կեցվածք ունենալու հնարավորություն ստանալով։ Նրանք սուրբ են Եհովայի աչքին և արդար են հայտարարված նրա կողմից (Հռովմայեցիս 5։1, 2)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել ոչ քահանայական ցեղերով պատկերված «մեծ բազմութեան» մասին։ Նրանք երկրպագություն են մատուցում դրսի գավիթում, իսկ միևնույն ջրերը հոսում են տեսիլքի տաճարի այդ մասով ևս։ Այս իրողությունը որքա՜ն համապատասխան է Հովհաննես առաքյալին տրված տեսիլքին, որտեղ մաքուր, ճերմակ հագուստներ հագած մեծ բազմությունը երկրպագություն էր մատուցում հոգևոր տաճարի գավիթում (Յայտնութիւն 7։9—14)։ Ինչպես էլ որ նրանց հետ վարված լինեն այս ապականված աշխարհում, նրանք կարող են համոզված լինել, որ քանի դեռ հավատ են ընծայում Քրիստոսի քավիչ զոհաբերությանը, Եհովան նրանց մաքուր ու անարատ է համարում։ Իսկ ինչպե՞ս են հավատ ընծայում. ընթանալով Հիուսի հետքերով և լիովին վստահելով նրա քավիչ զոհաբերությանը (Ա Պետրոս 2։21)։

10, 11. Ուրիշ ի՞նչ կարևոր բան են խորհրդանշում այլաբանական ջրերը, և ի՞նչ առնչություն ունի դա գետի ջրերի մեծածավալ ընդարձակման հետ։

10 Ինչպես արդեն նշվեց, այլաբանական ջրերը մեկ այլ կարևոր բան էլ են խորհրդանշում. դա գիտությունն է։ Վերականգնված Իսրայելում Եհովան օրհնեց իր ժողովրդին և քահանաների օգնությամբ նրանք սուրբգրային հրահանգներ ստացան (Եզեկիէլ 44։23)։ Եթե զուգահեռ անցկացնենք մեր օրերի հետ, Եհովան իր ժողովրդին տվել է այսօր ‘թագավորական քահանայության’ միջոցով ճշմարտության իր Խոսքից առատ հրահանգներ ստանալու օրհնությունը (Ա Պետրոս 2։9, ԱԹ)։ Այս վերջին օրերի ընթացքում առատ ջրերի պես բխում է Եհովա Աստծո, մարդկության վերաբերյալ նրա ունեցած նպատակների և հատկապես Հիսուս Քրիստոսի ու Մեսիական թագավորության մասին գիտությունը։ Ի՜նչ հրաշալի է, որ դեպի մեզ են հոսում ավելի ու ավելի խորացող և հոգևորապես կազդուրող այդ ջրերը (Դանիէլ 12։4)։

11 Ինչպես հրեշտակի չափած գետը գնալով խորացավ, այնպես էլ Եհովայից եկող կենարար օրհնությունների հեղեղն է աստիճանաբար սաստկացել, որպեսզի օթևան տա մեր օրհնյալ հոգևոր երկիր ոտք դրած մարդկանց։ Ահա թե ինչ է ասում վերականգնման մասին մեկ այլ մարգարեություն. «Ամենափոքրը հազար պիտի դառնայ, եւ ամենապզտիկը՝ զօրաւոր ազգ. ես Տէրս իր ժամանակին շուտով կ’անեմ» (Եսայիա 60։22)։ Այս խոսքերն արդեն գտել են իրենց կատարումը, քանի որ միլիոնավոր անհատներ միացել են մեզ մաքուր պաշտամունքի մեջ։ Եհովան առատացրել է «ջուրը», որպեսզի բոլոր դեպի իրեն դարձողները կարողանան օգտվել այդ ջրից (Յայտնութիւն 22։17)։ Նա հոգ է տանում, որ իր երկրային կազմակերպությունը հարյուրավոր լեզուներով Աստվածաշնչեր և օժանդակ գրականություններ տարածի համայն աշխարհում։ Նաև քրիստոնեական հանդիպումներ և համաժողովներ են կազմակերպվում աշխարհի բոլոր մասերում, որպեսզի բոլորին անխտիր հասնեն բյուրեղի պես մաքուր ճշմարտության ջրերը։ Ի՞նչ ազդեցություն են թողնում նման միջոցառումները մարդկանց վրա։

Ջրերը կենդանություն են տալիս

12. ա) Ինչի՞ց է, որ Եզեկիելի տեսիլքի ծառերը հրաշալի հատկություններ ունեն։ բ) Ի՞նչ են ներկայացնում այդ պտղաբեր ծառերն այս վերջին օրերի ընթացքում։

12 Եզեկիելի տեսիլքի գետը առողջություն ու կյանք է բերում։ Գետի երկու կողմերում աճող ծառերի մասին տեղեկանալուց հետո Եզեկիելին նաև հետևյալն է ասվում. «Նորանց տերեւը չի թառամիլ եւ նորանց պտուղը չի վերջանալ.... եւ նորանց պտուղը ուտելու համար է եւ նորանց տերեւները՝ բժշկութեան համար»։ Ինչի՞ց է, որ այս ծառերը նման հրաշալի հատկություններ ունեն։ «Որովհետեւ նորա ջրերը սրբարանիցն են դուրս գալիս» (Եզեկիէլ 47։12բ)։ Այլաբանական ծառերը Հիսուսի քավիչ զոհաբերության հիման վրա մարդկությանը կատարելության վերադարձնելու նպատակով Աստծո նախապատրաստումների նախանշանն են։ Ներկայումս երկրի վրա օծյալ մնացորդը առաջնորդություն է վերցնում հոգևոր կերակուր մատակարարելու և բուժումներ անելու հարցում։ Երբ բոլոր 144 000 օծյալները կստանան իրենց երկնային վարձատրությունը, որպես Քրիստոսի իշխանակիցներ նրանց քահանայական ծառայությունից ստացվող օգուտները կտարածվեն դեպի ապագան՝ վերջնական հաշվով ադամական մահվան ամբողջական նվաճմանն առաջնորդելով (Յայտնութիւն 5։9, 10; 21։2—4)։

13. Ի՞նչ բժշկումներ են կատարվում մեր ժամանակներում։

13 Տեսիլքի գետը հոսում է դեպի Մեռյալ ծով և իր ճանապարհին բուժում ամեն բան։ Ծովով պատկերված է հոգևորապես մեռած միջավայրը։ Սակայն կյանքը սկսում է ծաղկել «ամեն տեղերում ուր որ այն կրկնակի գետը գնում է» (Եզեկիէլ 47։9)։ Այսօր էլ՝ այս վերջին օրերում, ամեն տեղ, ուր հասնում է կյանքի ջուրը, մարդիկ հոգևոր առումով կյանք են ստանում։ Առաջին անհատները, որոնք 1919 թ.–ին կենդանություն ստացան նման կերպով, օծյալ մնացորդի անդամներն էին։ Նրանք կյանքի վերադարձան հոգևոր մեռած, անգործունյա վիճակից (Եզեկիէլ 37։1—14; Յայտնութիւն 11։3, 7—12)։ Այս կենսաբեր ջրերը այդ ժամանակից ի վեր հասել են հոգևորապես մեռած ուրիշ շատ անհատների, որոնք կենդանացել են և գնալով շատացող այլ ոչխարների մեծ բազմությունը կազմել, որի անդամները սիրում և ծառայում են Եհովային։ Շուտով այս միջոցառումը կկիրառվի նաև նրանց համար, ովքեր հարություն կառնեն։

14. Ի՞նչ է ներկայացնում Մեռյալ ծովի ափերի մոտ բարգավաճող ձկնորսությունն այսօր։

14 Հոգևոր կենսունակությունը մեծ արդյունքների է հանգեցնում։ Դա պատկերված է նախկինում մեռած ծովի ափերին բարգավաճող ձկնորսությամբ։ Հիսուսն իր հետևորդներին ասաց. «Ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ» (Մատթէոս 4։19)։ Վերջին օրերում ձկնորսական գործունեությունը սկսվեց օծյալների մնացյալ անդամների հավաքով, բայց միայն դրանով չավարտվեց։ Եհովայի հոգևոր տաճարից բխող կենարար ջուրը իր մեջ պարունակվող ճշգրիտ գիտության օրհնությունների հետ միասին իր ազդեցությունն է թողնում բոլոր ազգերի մարդկանց վրա։ Որտեղ էլ որ հասնում են ջրերը, հոգևոր առումով կենդանացնում են մարդուն։

15. Ինչի՞ց է երևում, որ ոչ բոլորն են ընդունելու Աստծո կենսաբեր միջոցները, և արդյունքում ինչպիսի՞ վախճան են ունենալու այդ մարդիկ։

15 Իհարկե, բոլորը չեն, որ բարեհաճորեն են արձագանքում կյանքի մասին լուրին, ոչ էլ Քրիստոսի Հազարամյա թագավորության ընթացքում հարություն ստացող բոլոր անհատներն են սիրով ընդունելու այն (Եսայիա 65։20; Յայտնութիւն 21։8)։ Հրեշտակը տեղեկացնում է, որ ծովի որոշ մասեր չեն բուժվում։ Նրա ճահճոտ, անկենդան տեղերը «աղին են տրվում» (Եզեկիէլ 47։11, ՆԱ)։ Ինչ վերաբերվում է մեր օրերում ապրող մարդկանց, ապա կարելի է ասել, որ ոչ բոլորն են ընդունում Եհովայի կենարար ջուրը (Եսայիա 6։10)։ Արմագեդոնի ժամանակ այն մարդիկ, որոնք ընտրել են հոգևոր անկենդան, հիվանդ վիճակում մնալու ուղին, աղին կտրվեն, այսինքն՝ կոչնչացվեն (Յայտնութիւն 19։11—21)։ Իսկ ովքեր հավատարմորեն խմել են այս ջրից, կարող են հույս ունենալ, որ ողջ կմնան և կտեսնեն այս մարգարեության վերջնական կատարումը։

Գետը հոսում է Դրախտում

16. Վերջնականորեն ե՞րբ և ինչպե՞ս կիրականանա Եզեկիելի տաճարի տեսիլքը։

16 Վերականգնման մասին այլ մարգարեությունների նման Եզեկիելի տաճարի տեսիլքը վերջնականորեն կիրականանա Հազարամյակի ընթացքում։ Այն ժամանակ քահանայական դասակարգն այլևս երկրի վրա չի գտնվի։ «Նրանք պիտի լինեն քահանաներ Աստծու եւ Տէր Յիսուս Քրիստոսի ու նրա հետ պիտի թագաւորեն [երկնքում] հազար տարի» (Յայտնութիւն 20։6)։ Այս երկնային քահանաները կմիանան Քրիստոսին, որպեսզի ի կատար ածեն նրա քավիչ զոհաբերության շնորհիվ հնարավոր դարձած օգուտները։ Այսպիսով՝ արդար մարդկությունը կփրկվի և ետ կստանա իր կատարելությունը (Յովհաննէս 3։17)։

17, 18. ա) Ինչպե՞ս է կենարար գետը նկարագրվում Յայտնութիւն 22։1, 2 խոսքերում, և ե՞րբ է կատարվելու այդ տեսիլքը։ բ) Ինչո՞ւ կյանքի ջրերի գետը Դրախտում պիտի ընդարձակվի։

17 Հազարամյակի ընթացքում վերջապես Եզեկիելի տեսած գետը կհորդանա կյանքի ամենազորեղ ջրերով։ Այդ ժամանակվան է վերաբերվում Յայտնութիւն 22։1, 2 խոսքերում արձանագրված մարգարեության հիմնական կատարումը. «Հրեշտակն ինձ ցոյց տուեց նաեւ սառնորակ կենդանի ջրի մաքուր մի գետ, որ բխում էր Աստծու եւ Գառան գահից ու գնում էր քաղաքի հրապարակների միջով։ Գետի եզերքին, մէկ եւ միւս կողմում, կար կենաց ծառ, որ տալիս էր տասներկու անգամ պտուղ. ամէն ամիս՝ իր պտուղը. եւ ծառի տերեւը ազգերի բուժման համար էր»։

18 Բոլոր հիվանդությունները՝ ֆիզիկական, հոգեկան և էմոցիոնալ, կբուժվեն Հազարամյակի ընթացքում։ Դա լավ պատկերված է «ազգերի բուժման համար» նախատեսված այլաբանական ծառերի միջոցով։ Քրիստոսի և 144 000 օծյալների կարգադրությունների շնորհիվ ոչ մի «բնակիչ չէ ասելու թէ ես տկար եմ» (Եսայիա 33։24)։ Եվ վրա կհասնի գետի առավելագույն ընդարձակման ժամանակը. այն կլայնանա ու կխորանա, որպեսզի միլիոնավոր, գուցե և միլիարդավոր հարություն առածներին մատակարարի իր կենարար, մաքուր ու զուլալ ջրերով։ Տեսիլքի գետը բժշկում է Մեռյալ ծովը ու կյանք տալիս այն ամենին, ինչին հասնում են նրա ջրերը։ Դրախտ–երկրի վրա թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, եթե հավատ ընծայեն փրկանքի իրենց հասած օգուտներին, կկենդանանան բառի լիակատար իմաստով՝ բուժվելով ժառանգություն ստացած ադամական մահից։ Յայտնութիւն 20։12–ում կանխագուշակվում է, որ այդ օրերին «գրքեր» են բացվելու, և հասկացողության հավելյալ լույս է սփռվելու, ինչից օգուտ են քաղելու հարություն ստացածները։ Ցավալի է, բայց նույնիսկ Դրախտում ոմանք հրաժարվելու են բուժում ստանալուց։ Այդ ըմբոստները նրանք են, ովքեր հավիտենական կործանման «աղին կտրվեն» (Յայտնութիւն 20։15)։

19. ա) Ինչպե՞ս է իրագործվելու երկրի բաժանման մասին մարգարեությունը Դրախտում։ բ) Դրախտի ո՞ր առանձնահատկությունն է ընդգծում տեսիլքի քաղաքը։ գ) Ի՞նչ կարևոր փաստ է ի հայտ բերում քաղաքի՝ տաճարից որոշակի հեռավորության վրա գտնվելը։

19 Այդ ժամանակ վերջնականորեն կկատարվի նաև Եզեկիելի տեսիլքում երկրի բաժանման մասին մարգարեությունը։ Եզեկիելը տեսել էր երկիրը բաշխված, ուստի յուրաքանչյուր հավատարիմ քրիստոնյա կարող է վստահ լինել, որ իր անկյունը, ժառանգությունը կունենա Դրախտում։ Միանգամայն հավանական է, որ տուն ունենալու և տան մասին հոգալու յուրաքանչյուրի ցանկությունը կիրականացվի ինչպես հարկն է (Եսայիա 65։21; Ա Կորնթացիս 14։33)։ Եզեկիելի տեսած քաղաքը համապատասխանորեն ներկայացնում է նոր երկրի համար Եհովայի նախապատրաստած վարչական կարգադրությունները։ Քահանայական օծյալ դասակարգը ֆիզիկապես այլևս երկրի վրա չի գտնվի։ Տեսիլքը հենց դա է ներկայացնում՝ պատկերելով տաճարից որոշ հեռավորության վրա «անսուրբ» վայրում գտնվող քաղաքը (Եզեկիէլ 48։15)։ Չնայած այն բանին, որ 144 000–ը Քրիստոսի հետ միասին երկնքում են թագավորում, Թագավորը երկրի վրա ներկայացուցիչներ ունի։ Երկրի վրա ապրող նրա հպատակները իշխանի դասակարգի առաջնորդությունից մեծ օգուտներ կստանան։ Այնուհանդերձ, կառավարության աթոռանիստը կլինի ոչ թե երկրի վրա, այլ երկնքում։ Երկրի վրա բոլորը, այդ թվում նաև իշխանական դասակարգը, Մեսիական թագավորության հպատակության տակ կգտնվեն (Դանիէլ 2։44; 7։14, 18, 22)։

20, 21. ա) Ինչո՞վ է աչքառու քաղաքի անունը։ բ) Ի՞նչ հարցերի շուրջ խորհրդածելու պետք է մղվենք, եթե ըմբռնել ենք Եզեկիելի տեսիլքի նշանակությունը։

20 Այժմ ուշադրություն դարձրեք Եզեկիելի եզրափակիչ խոսքերին. «Քաղաքի անունը այն օրից Եհովա–շամմա է» («Տէրը [Եհովան] այնտեղ է», տողատակի ծանոթագրություն) (Եզեկիէլ 48։35)։ Քաղաքը չի ստեղծվելու ժողովրդին հզորացնելու կամ մարդկանց կամքի դեմ բռնություն գործադրելու նպատակով։ Դա Եհովայի քաղաքն է և արտացոլելու է նրա միտքը, սիրալիր և ողջամիտ ճամփաները (Յակոբոս 3։17)։ Սա մեզ սրտապնդիչ վստահություն է ներշնչում, որ Եհովան կօրհնի «նոր երկրի» հասարակությանը, որպեսզի վերջինս հարատև ապագա ունենա (Բ Պետրոս 3։13)։

21 Մի՞թե չենք ցնծում մեր առջև ունեցած հեռանկարների համար։ Լավ կլիներ, եթե մեզանից յուրաքանչյուրը հարց տար իրեն. «Ինչպե՞ս եմ արձագանքում Եզեկիելի տեսիլքում ցույց տրված հրաշալի օրհնություններին։ Հավատարմորեն թիկունք կանգնո՞ւմ եմ արդյոք սիրող վերակացուների՝ օծյալ, թե իշխանական դասակարգի ապագա անդամների կատարած աշխատանքին։ Իմ կյանքը կենտրոնացրե՞լ եմ մաքուր երկրպագության շուրջը։ Այսօր այդչափ առատորեն հոսող կյանքի ջրերից առավելագույն օգուտ քաղո՞ւմ եմ»։ Թող բոլորս անհատապես շարունակենք այդ կերպով վարվել և հավիտյան ուրախանանք Եհովայի կարգադրություններով։

[ծանոթագրություն]

a Խոսքը, հավանաբար, Կեդրոնի ձորի մասին է, որը ձգվում է Երուսաղեմից դեպի հարավ–արևելք և վերջանում Մեռյալ ծովի մոտ։ Նրա իջվածքները կլոր տարին հիմնականում անջուր են և չորացած։

b Տեսեք «Դիտարան» 1881, մայիսի 1 և 1981, հունիսի 1 համարները (անգլ.)։

Ինչպե՞ս կպատասխանեիք

◻ Ի՞նչ են ներկայացնում տաճարից բխող ջրերը։

◻ Ի՞նչ հիվանդություններ է Եհովան բուժել այլաբանական գետի օգնությամբ, և ինչո՞ւ են ընդարձակվել գետի ջրերը։

◻ Ի՞նչ են ներկայացնում գետի երկու կողմերում աճող ծառերը։

◻ Ի՞նչ կներկայացնի քաղաքը Հազարամյա թագավորության ընթացքում, և ինչո՞վ է քաղաքի անունը աչքառու։

[նկարներ 32–րդ էջի վրա]

Կյանքի գետով պատկերված են Եհովայի փրկարար միջոցառումները։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը