Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w99 6/1 էջ 3–6
  • Ժամանակ հատկացնո՞ւմ եք ձեր ընտանիքին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ժամանակ հատկացնո՞ւմ եք ձեր ընտանիքին
  • 1999 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հաղորդակցության պակասը
  • Ջանքեր են հարկավոր
  • Օգնության ձեռք է մեկնում Աստծո Խոսքը
  • Ծնողնե՛ր ու երեխանե՛ր, հաղորդակցվեք սիրով
    2013 Դիտարան
  • Ինչպե՞ս կարող է ընտանիքդ երջանիկ լինել (մաս 2)
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Կառուցեք հոգևորապես ամուր ընտանիք
    2001 Դիտարան
  • Երեխային դաստիարակեք մանուկ հասակից
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
Ավելին
1999 Դիտարան
w99 6/1 էջ 3–6

Ժամանակ հատկացնո՞ւմ եք ձեր ընտանիքին

«ՃԱՊՈՆԱՑԻ երեխաները սիրում են իրենց հայրերին, թեև վերջիններս խիստ զբաղված են լինում ու նրանց հետ ժամանակ չեն անցկացնում»։ Այս վերնագիրը «Մայնիչի շիմբուն» պարբերականում հայտնվեց մի քանի տարի առաջ։ Հոդվածում հաղորդվում էր, որ հասարակական հարցմանը մասնակցած ճապոնացի երեխաների 87,8 տոկոսը ցանկություն էր հայտնել իրենց հայրերին ծեր հասակում խնամելու մասին։ Իսկ թերթի անգլերեն հրատարակության մեջ միևնույն հոդվածը լույս տեսավ մեկ այլ վերնագրով՝ «Հայրերն ու որդիները անուշադրության են մատնված»։ Ի տարբերություն ճապոներեն հրատարակության՝ հոդվածը լուսաբանում էր այդ հարցման ուրիշ տվյալները, որոնց համաձայն, յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում ճապոնացի հայրը ընդամենը 36 րոպե է տրամադրում իր երեխային։ Դրան զուգահեռ՝ Արևմտյան Գերմանիայում հայրն աշխատանքային օրերին 44 րոպե է տրամադրում, իսկ Միացյալ Նահանգներում՝ քիչ ավելի՝ 56 րոպե։

Սակայն միայն հայրերը չեն, որ քիչ ժամանակ են հատկացնում երեխաներին։ Այսօր գնալով աճում է տանից դուրս աշխատող մայրերի թիվը։ Միայնակ մայրերից շատերն են ստիպված աշխատել ընտանիքը նյութապես ապահովելու համար։ Արդյունքում նվազում է այն ժամանակը, որը ծնողները պետք է անցկացնեն իրենց երեխաների հետ։

1997 թ.–ին ավելի քան 12 000 ամերիկացի երիտասարդների հետ անցկացված մի հարցում ցույց տվեց, որ ծնողների հետ սերտ փոխհարաբերությունների մեջ գտնվող պատանիների մոտ ավելի քիչ է էմոցիոնալ ցնցումների, ինքնասպանություն գործելու, բռնության դիմելու և թմրեցուցիչ նյութեր ընդունելու հավանականությունը։ Իսկ սոցիոլոգներից մեկը հետազոտությունների ընթացքում հետևյալ կարծիքն էր հայտնել. «Երեխայի հետ չեք կարող ամուր կապ հաստատել, եթե նրա կողքին չեք պետք եղած պահին»։ Երեխայի հետ ժամանակ անցկացնելն ու նրանց հետ հաղորդակցվելը շատ կարևոր է։

Հաղորդակցության պակասը

Հաղորդակցության առումով հատկապես խոցելի են այն ընտանիքները, որտեղ ծնողը աշխատանք փնտրելու պատճառով տնից հեռու է ապրում։ Ինչ խոսք, հաղորդակցության պակասը չի սահմանափակվում միայն այդ կարգի ընտանիքներով։ Որոշ ծնողներ չնայած ապրում են տանը, սակայն աշխատանքի են գնում նախքան երեխաների արթնանալը և վերադառնում են, երբ նրանք արդեն քնած են լինում։ Հաղորդակցության պակասը լրացնելու համար ոմանք հանգստյան և տոն օրերն ընտանիքի հետ են անցկացնում։ Նրանք դա երեխաների հետ անցկացված «արդյունավետ» ժամանակ են համարում։

Սակայն քանակի պակասը կարելի՞ է լրացնել որակով։ Հոգեբան Լորենս Սթեյնբրգը պատասխանում է. «Ընդհանրապես, ծնողների հետ ավելի շատ ժամանակ անցկացնող երեխաները ավելի լավ են զարգանում, քան նրանք, ովքեր քիչ են լինում իրենց ծնողների հետ։ Երևում է՝ այնքան էլ հեշտ չէ փոխհատուցել այդ չլրացված ժամանակը։ «Որակելի» ժամանակի գաղափարն իրեն չի արդարացնում»։ Այս կարծիքին է նաև մի բիրմանուհի։ Նրա ճապոնացի ամուսինը ամեն օր աշխատանքից տուն է վերադառնում գիշերվա ժամը մեկին–երկուսին։ Թեպետ նա հանգստյան օրերն ընտանիքի հետ է անցկացնում, բայց կինը նկատում է. «Շաբաթ–կիրակի օրերին ընտանիքի հետ լինելը չի կարող լրացնել այն պակասը, որն առաջանում է շաբաթվա մնացած օրերին տանը չլինելուց.... Կարո՞ղ եք ամբողջ շաբաթ ոչինչ չուտել, իսկ հետո շաբաթ ու կիրակի օրերին ուտել ողջ շաբաթվա կերակուրը»։

Ջանքեր են հարկավոր

Ավելի հեշտ է ասելը, որ ընտանիքում լավ հաղորդակցություն է պետք պահպանել, քան կատարելը։ Ապրուստ հայթայթող և ընտանիքի կարիքների մասին հոգ տանող հոր կամ աշխատող մոր համար հեշտ չէ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։ Շատերը, ովքեր հանգամանքների բերումով ստիպված են տնից հեռու գտնվել, կանոնավորաբար հաղորդակցվում են ընտանիքի անդամների հետ հեռախոսով կամ նամակներով։ Տանը գտնվենք, թե՝ ոչ, բարեխիղճ ջանքեր են հարկավոր ընտանիքում հաղորդակցություն պահպանելու համար։

Ընտանիքի հետ շփվելու անհրաժեշտությունն անտեսող ծնողները շատ շուտով վճարում են դրա դիմաց։ Մի հայր, որը գրեթե ժամանակ չէր տրամադրում իր ընտանիքին, նույնիսկ նրանց հետ սեղան չէր նստում, արդյունքում լուրջ հետևանքների առաջ կանգնեց։ Որդին անզուսպ ու բռնի մեծացավ, իսկ աղջիկը օրերից մի օր ձերբակալվեց խանութում գողություն կատարելու պատճառով։ Մի կիրակի առավոտ, երբ հայրը պատրաստվում էր գնալ գոլֆ խաղալու, որդին բարկությունից պոռթկաց. «Մաման միակ ծնո՞ղն է այս տանը։ Ամեն ինչ նա է այստեղ որոշում, իսկ դու՝ երբեք...»։ Տղան արտասվեց։

Այս խոսքերը ստիպեցին հորը մտածել։ Ի վերջո նա որոշեց, որ պետք է սկսի ընտանիքի հետ նախաճաշի նստելուց։ Սկզբում սեղան էին նստում ինքն ու կինը։ Հետզհետե նրանց միացան երեխաները, իսկ նախաճաշի սեղանը նրանց հաղորդակցման տեղը դարձավ։ Դրան հաջորդեցին միացյալ ընթրիքները։ Իր այդ ջանքերով հայրը փրկեց ընտանիքը կործանումից։

Օգնության ձեռք է մեկնում Աստծո Խոսքը

Աստվածաշունչը խրախուսում է ծնողներին ժամանակ հատկացնել իրենց երեխաների հետ շփվելու համար։ Ժամանակին իսրայելացիները Մովսես մարգարեից հետևյալ հրահանգը ստացան. «Լսիր, ով Իսրայէլ, մեր Եհովայ Աստուածը՝ Եհովան մէկ է։ Եւ սիրիր քո Եհովայ Աստուծուն բոլոր սրտովդ, բոլոր հոգիովդ եւ բոլոր զօրութիւնովդ։ Եւ այս խօսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մէջ լինեն։ Եւ կրկնիր [«արմատավորիր», ՆԱ] նորանք քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս» (Բ Օրինաց 6։4—7)։ Այո՛, երեխաների մտքում և սրտում Աստծո Խոսքն ‘արմատավորելու’ համար մենք՝ ծնողներս, պետք է նախաձեռնություն վերցնենք մեր ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու հարցում։

Հետաքրքրական է, որ 1997 թ.–ին ավելի քան 12 000 ամերիկացի դեռահասների հետ անցկացրած վերոհիշյալ հարցումը ցույց է տվել, որ «բնակչության մոտավորապես 88 տոկոսի համար.... որը հայտնել է որևէ կրոնի իր պատկանելու մասին, կրոնի ու աղոթքների կարևորությունը պաշտպանիչ դեր է խաղացել»։ Ճշմարիտ քրիստոնյաները գիտակցում են, որ ընտանիքում գործի դրվող կրոնական աղբյուրից բխող տեղին հրահանգները պաշտպանում են դեռահասներին այնպիսի վտանգներից, ինչպիսին են՝ թմրամոլությունը, էմոցիոնալ ընկճվածությունը, ինքնասպանությունը, բռնությունը և այլն։

Որոշ ծնողներ դժվարանում են ժամանակ գտնել ընտանիքի համար։ Ծանր է հատկապես միայնակ մայրերի վիճակը, որոնք հաճույքով կմնային իրենց երեխաների հետ, սակայն ստիպված են աշխատել։ Որտեղի՞ց գտնեն ընտանիքի հետ անցկացնելու այդ թանկարժեք ժամանակը։ «Պինդ պահիր խոհեմութիւնն ու խորհուրդը [«դատողությունը», ՆԱ]»,— ասում է Աստվածաշունչը (Առակաց 3։21)։ Ծնողները կարող են «դատողություն» գործադրել ընտանիքին ժամանակ հատկացնելու համար։ Ինչպե՞ս։

Եթե մայր եք ու աշխատանքից հետո ուժասպառ տուն եք վերադարձել, ինչո՞ւ երեխաներին չխնդրեք միասին կերակուր պատրաստել։ Միասին անցկացրած այդ ժամանակը հնարավորություն կընձեռի՝ միմյանց ավելի մոտենալու։ Սկզբում երեխաների հետ միասին ինչ–որ գործ անելը կարող է ավելի երկար ժամանակ խլել։ Շուտով, սակայն, դա ձեզ մեծ հաճույք կպատճառի, ու նույնիսկ կզգաք, որ, այդպես վարվելով, ժամանակ եք խնայում։

Իսկ գուցե դուք ընտանիքի խիստ ծանրաբեռնված հայր եք։ Ինչո՞ւ թեթև գործերը երեխաների հետ միասին չկատարեք։ Կարելի է նրանց հետ շփվել աշխատելու հետ մեկտեղ և ընթացքում արժեքավոր խորհուրդներ տալ։ Զավակների սրտում Աստծո Խոսքը արմատավորելու վերաբերյալ Աստվածաշնչի հորդորը քաջալերում է խոսել դրա մասին «տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ»՝ ցանկացած հնարավորության դեպքում։ Դա վկայում է ‘խոհեմության’ մասին, երբ, երեխաների հետ համագործակցելով, շփվում եք միմյանց հետ։

Ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը հարատև վարձատրություններ է բերում։ «Խրատուածների [«խորհրդակցողների», ՆԱ] մօտ իմաստութիւն կայ» (Առակաց 13։10)։ Ձեր ընտանիքի հետ շփվելուն ժամանակ հատկացնելով՝ ի վիճակի կլինեք իմաստուն առաջնորդություն տալ, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա պայքարել կյանքի առօրյա խնդիրների դեմ։ Այժմ տրվող այդ խրատների օգնությամբ ապագայում կկարողանաք ժամանակ խնայել և պաշտպանվել հոգեկան ծանր ապրումներից։ Բացի այդ՝ դա կնպաստի ձեր և ձեր զավակների երջանկությանը։ Այդպիսի առաջնորդություն ստանձնելու համար հարկավոր է դիմել իմաստության անսպառ աղբյուրին՝ Աստծո Խոսքին։ Օգտվեք նրանից ձեր զավակներին ուսուցանելու և ընտանիքը ղեկավարելու համար (Սաղմոս 119։105)։

[նկար 4–րդ էջի վրա]

Ծնողների հետ սերտ փոխհարաբերության մեջ գտնվող դեռահասների մոտ ավելի քիչ է էմոցիոնալ ցնցումներ կրելու հավանականությունը։

[նկար 6–րդ էջի վրա]

Երեխայի հետ միասին աշխատելիս կարող եք և՛ իրար հետ շփվել, և՛ ընթացքում արժեքավոր խորհուրդներ տալ։

[ՆԿար 5–րդ էջի վրա]

Ընտանիքում լիարժեք հաղորդակցությունը հարատև վարձատրություններ է բերում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը