Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w99 9/1 էջ 12–17
  • Եհովան պատրաստում է ճանապարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան պատրաստում է ճանապարհը
  • 1999 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Դժվար առաջադրանք
  • Կրոնական իրավիճակը
  • Օրենքի օգուտները
  • Խաղաղության և հադուրժողականության ժամանակաշրջան
  • Տեխնիկայի դերը
  • Հիմք նախապատրաստվեց, որ ազգերը «սովորեն Եհովայի մասին»
    2015 Դիտարան
  • Եհովան առաջնորդում է համաշխարհային կրթական գործը
    2015 Դիտարան
  • «Գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք»
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Վկայություն բոլոր ազգերին
    2006 Դիտարան
Ավելին
1999 Դիտարան
w99 9/1 էջ 12–17

Եհովան պատրաստում է ճանապարհը

«Եւ արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի» (Մատթէոս 24։14)։

1. Քարոզչական գործունեության միջոցով ի՞նչ է իրականացվել թե՛ առաջին, և թե՛ քսաներորդ դարերում։

ԵՀՈՎԱՆ սիրո Աստված է, և իր կամքն է, որ «բոլոր մարդիկ փրկուեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը» (Ա Տիմոթէոս 2։4)։ Իսկ որպեսզի մարդիկ հասնեն «ճշմարտության գիտությանը», պահանջվում է միջազգային քարոզչական և ուսուցողական գործունեություն ծավալել։ Առաջին դարում այս քարոզչության շնորհիվ քրիստոնեական ժողովը դարձավ «սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան» (Ա Տիմոթէոս 3։15)։ Ավելի ուշ վրա հասավ հավատուրացության բավականին երկար մի ժամանակահատված, որի ընթացքում ճշմարտության լույսը խավարեց։ Մեր օրերում՝ «վերջին ժամանակի» մեջ, «գիտութիւնը» նորից լուսավորվեց՝ միլիոնավոր մարդկանց առջև բացելով Աստվածաշնչի վրա հիմնված հավիտենական փրկության հույսը (Դանիել 12։4)։

2. Եհովան քարոզչական գործունեության հետ կապված ի՞նչ է արել։

2 Չնայած Աստծո նպատակն արգելող Սատանայի անխոնջ ջանքերին, քարոզչական գործունեությունը թե՛ առաջին, և թե՛ քսաներորդ դարերում ապշեցուցիչ հաջողությունների է հասել։ Սա հիշեցնում է այն մարգարեությունը, որի մասին Եսայիան մ. թ. ա. վեցերորդ դարում հրեա գերիների Հուդա վերադառնալու կապակցությամբ գրեց. «Ամեն ձոր բարձրանայ, եւ ամեն սար ու բլուր ցածանայ, եւ ծուռը ուղիղ դառնայ, եւ խորտուբորտ տեղերը՝ հարթայատակ» (Եսայիա 40։4)։ Եհովան նաև ճանապարհ էր հարթել քարոզչական մեծ գործունեության համար և՛ առաջին, և՛ քսաներորդ հարյուրամյակներում։

3. Եհովան ինչպե՞ս կարող է իրականացնել իր նպատակները։

3 Բայց սա չի նշանակում, որ Եհովան ուղղակիորեն ազդեցություն է բանեցնում երկրի վրա կատարվող յուրաքանչյուր իրադարձության վրա, որպեսզի առաջ տանի բարի լուրի քարոզչությունը, և ոչ էլ նշանակում է, թե նա գործի է դրել կանխատեսելու իր կարողությունը՝ իմանալու առաջիկա դեպքերի բոլոր մանրամասնությունները։ Անշուշտ, նա ի վիճակի է թե՛ կանխատեսել, և թե՛ որոշել կատարվելիք դեպքերի ընթացքը (Եսայիա 46։9—11)։ Նա նաև ի վիճակի է ազդել տեղի ունենալիք դեպքերի զարգացման վրա։ Փորձառու հովվի նման, որը գիտի, թե ինչպես ղեկավարել և պաշտպանել հոտը, Եհովան առաջնորդում է իր ժողովրդին։ Նա նրանց փրկության է տանում, հոգևորապես պաշտպանում է և օգնում է օգտվել այն իրավիճակներից ու դեպքերի ընթացքից, որոնք նպաստում են ամբողջ աշխարհում բարի լուրի հաջող քարոզչությանը (Սաղմոս 23։1—4)։

Դժվար առաջադրանք

4, 5 .Ինչո՞ւ էր բարի լուրի քարոզչությունը դժվար առաջադրանք։

4 Ինչպես Նոյի օրերում տապանի շինարարությունը, այնպես էլ առաջին դարում և այսօր Թագավորության քարոզչական աշխատանքը հսկայական ծրագիր է իրենից ներկայացնում։ Ողջ մարդկությանը տեղեկացնելու առաջադրանքը բավականին դժվար գործ է. այս առաջադրանքը կատարելը յուրահատուկ դժվարություններ է ունեցել։ Առաջին դարում քրիստոնյա աշակերտները թվով համեմատաբար քիչ էին։ Նրանց առաջնորդին՝ Հիսուսին, մահապատժի էին ենթարկել՝ մեղադրելով նրան խռովություն բարձրացնելու մեջ։ Այդ օրերին հրեական կրոնը հեղինակություն էր վայելում։ Փառահեղ տաճարը գտնվում էր Երուսաղեմում։ Բացի այդ, միջերկրածովյան երկրներում լայնորեն ճանաչում էին գտել նաև ոչ հրեական կրոնները՝ իրենց տաճարներով ու քահանայությամբ։ Եթե զուգահեռ անցկացնենք 1914 թ.–ի՝ «վերջին ժամանակը» սկսվելու տարեթվի հետ, ապա կտեսնենք, որ օծյալ քրիստոնյաները նույնպես փոքրամասնություն էին կազմում՝ ի տարբերություն մյուս կրոնների մեծաքանակ կողմնակիցների, որոնք պնդում էին, թե Աստծուն են ծառայում (Դանիել 12։9)։

5 Հիսուսը զգուշացրեց իր աշակերտներին, որ նրանք հալածանքներ էին կրելու։ Նա ասաց. «Ձեզ նեղութեան պիտի մատնեն եւ պիտի սպանեն ձեզ. եւ իմ անուան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինէք» (Մատթէոս 24։9)։ Այս դժվարություններին գումարվեցին նաև հատկապես «վերջին օրերի» «չար ժամանակները» (Բ Տիմոթէոս 3։1)։ Հաշվի առնելով ահռելի ծավալով աշխատանքը, ինչպես նաև հալածանքն ու ծանր ժամանակները՝ քարոզչական գործն իրենից բավականին դժվար առաջադրանք էր ներկայացնում։ Այն առաջ տանելու համար մեծ հավատ էր պահանջվում։

6. Եհովան քարոզչական գործում հաջողություն ունենալու ի՞նչ երաշխիք տվեց իր ժողովրդին։

6 Թեև Եհովան տեղյակ էր այդ դժվարություններից, բայց նա գիտեր նաև, որ ոչ մի բան չէր կարող դադարեցնել աշխատանքը։ Այն, որ քարոզչական գործունեությունը հաջողություն պիտի ունենար, արդեն նախագուշակված էր հայտնի մի մարգարեության մեջ, որն իր աչքառու կատարումն ունեցավ ինչպես առաջին դարում, այնպես էլ ունենում է մեր՝ քսաներորդ հարյուրամյակում. «Արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում» (Մատթէոս 24։14)։

7. Քարոզչական գործունեությունն ինչպե՞ս ընդարձակվեց առաջին դարում։

7 Առաջին դարում Աստծո ծառաները՝ լցված հավատով և սուրբ հոգով, խիզախորեն կատարեցին իրենց առաջադրանքը։ Քանի որ Եհովան իրենց հետ էր, նրանք այնպիսի հաջողությունների հասան, որ իրենք էլ չէին ակնկալում։ Ուստի, Հիսուսի մահից 27 տարի անց, կողոսացիներին ուղղված իր նամակում Պողոսը կարող էր ասել, որ բարի լուրը քարոզված էր «երկնքի տակ գտնուող բոլոր արարածներին» (Կողոսացիս 1։23)։ Իսկ այս՝ քսաներորդ դարի ավարտին բարի լուրը քարոզվում է 233 երկրներում։

8. Շատերն ինչպիսի՞ պայմաններում են ընդունել բարի լուրը։ Բերե՛ք օրինակներ։

8 Վերջին տասնամյակների ընթացքում միլիոնավոր մարդիկ են ընդունել բարի լուրը, և հարկ է նշել, որ նրանցից շատերն այն ընդունել են անբարենպաստ պայմաններում՝ պատերազմական օրերին, արգելքների և ուժեղ հալածանքների ժամանակ։ Այդպես էր նաև առաջին դարում։ Մի առիթով Պողոսն ու Շիղան մտրակներով դաժանորեն ծեծվեցին ու բանտ գցվեցին։ Թվում էր, թե նման իրավիճակը նպաստավոր չէր աշակերտներ պատրաստելու գործի համար։ Սակայն Եհովան ստեղծված պահն օգտագործեց հենց այդ նպատակով. Պողոսն ու Շիղան ազատ արձակվեցին, իսկ բանտապետն իր ընտանիքի անդամներով հանդերձ դարձավ քրիստոնյա (Գործք 16։19—33)։ Նման դեպքերը վկայում են այն մասին, որ հակառակորդները չեն կարող լռեցնել բարի լուրի քարոզչությունը (Եսայիա 54։17)։ Այնուամենայնիվ, քրիստոնեության պատմությունը դաժան հալածանքների ու ձախորդությունների պատմություն չէ։ Այժմ եկեք կանգ առնենք այն մի քանի բարենպաստ դեպքերի վրա, որոնք օգնեցին բարի լուրի հաջող քարոզչության համար ճանապարհ հարթել թե՛ առաջին, և թե՛ քսաներորդ դարերում։

Կրոնական իրավիճակը

9, 10. Եհովան ինչպե՞ս սպասողական դրություն ստեղծեց բարի լուրի քարոզչության համար թե՛ առաջին դարում, և թե՛ մեր օրերում։

9 Ուշադրություն դարձնենք այն բանի վրա, թե երբ ծավալվեցին համաշխարհային քարոզչական գործունեությունները։ Ինչ վերաբերում է առաջին դարին, ապա Դանիելի 9։24—27–ում արձանագրված 70 շաբաթ–​տարիների վերաբերյալ մարգարեությունը մատնանշում էր մ. թ. 29 թվականը՝ այն տարին, երբ հայտնվելու էր Մեսիան։ Թեև առաջին դարի հրեաները չէին հասկանում մարգարեության բոլոր մանրամասնությունները, սակայն Մեսիային մեծ ակնկալիքներով էին սպասում (Ղուկաս 3։15)։ Ֆրանսերեն լեզվով «Աստվածաշնչյան տեղեկատուի» մեջ ասվում է. «Մարդիկ տեղյակ էին, որ Դանիելի կողմից նշված յոթանասուն շաբաթ–​տարիները մոտենում էին իրենց ավարտին, և ոչ ոք չէր զարմանում՝ լսելով Հովհաննես Մկրտչի խոսքերն այն մասին, թե Աստծո Թագավորությունը մոտեցել է» («Manuel Biblique»)։

10 Իսկ ինչպե՞ս ծավալվեցին դեպքերը մեր ժամանակներում։ Երկրորդ իրադարձությունը Հիսուսի գահակալությունն էր երկնքում, որը մատնանշում էր թագավորական զորությամբ նրա ներկայության սկիզբը։ Աստվածաշնչի մարգարեությունը ցույց է տալիս, որ այդ թագադրումը տեղի ունեցավ 1914 թ.–ին (Դանիել 4։13—17)։ Այս իրադարձության հետ կապված՝ մեր օրերի կրոնականները ևս սպասողական դրության մեջ էին։ Մարգարեության կատարմանը սպասում էին նաև Աստվածաշնչի անկեղծ ուսումնասիրողները, որոնք 1879 թ.–ից ի վեր սկսեցին հրատարակել սույն ամսագիրը՝ այն ժամանակ «Սիոնի դիտարան՝ Քրիստոսի ներկայության մունետիկ» վերնագրով։ Հետևաբար թե՛ առաջին դարում, և թե՛ մեր օրերում կրոնականների սպասումները հիմք ստեղծեցին բարի լուրը քարոզելու համար։a

11. Կրոնական ո՞ր գիտելիքներն օգնեցին բարի լուրը քարոզելուն։

11 Ինչպես առաջին, այնպես էլ քսաներորդ դարերում քրիստոնյաների գործին նպաստեց նաև այն հանգամանքը, որ մարդկանցից շատերն արդեն ծանոթ էին Սուրբ գրություններին։ Առաջին դարում հրեա համայնքները ցրված էին հարևան հեթանոս ժողովուրդների մեջ։ Այս համայնքներն ունեին ժողովարաններ, որտեղ հրեաները կանոնավորաբար հավաքվում էին լսելու համար Գրությունների ընթերցանությունն ու մեկնաբանությունները։ Վերջինիս շնորհիվ առաջին դարի քրիստոնյաները կարողանում էին հիմնվել կրոնական այն գիտելիքների վրա, որոնք մարդիկ արդեն ունեին (Գործք 8։28—36; 17։1, 2)։ Մեր դարասկզբին աշխարհի շատ երկրներում Եհովայի ժողովուրդն էլ նմանատիպ իրավիճակների հանդիպեց։ Աստվածաշունչը լայնորեն տարածված էր քրիստոնեական աշխարհում՝ հատկապես այն երկրներում, որտեղ բողոքականությունը պետական կրոն էր համարվում։ Այն կարդում էին բազմաթիվ եկեղեցիներում, իսկ միլիոնավոր մարդիկ գրքի իրենց անձնական օրինակներն ունեին։ Շատերն իրենց ձեռքերում Աստվածաշունչ ունեին, բայց հարկավոր էր օգնել նրանց հասկանալու այն։

Օրենքի օգուտները

12. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ առաջին դարում հռոմեական օրենքը պաշտպանիչ միջոց էր։

12 Քրիստոնյաների քարոզչության գործին հաճախ օժանդակում էր նաև պետական օրենքը։ Առաջին դարում իշխող Հռոմեական կայսրությունը և նրա գրավոր օրենքները առօրյա կյանքի վրա խորը ազդեցություն էին թողնում։ Այդ օրենքները պաշտպանիչ միջոց էին հանդիսանում, իսկ առաջին դարի քրիստոնյաները կարողանում էին օգտվել դրանցից։ Օրինակ՝ Պողոսը, լինելով Հռոմի քաղաքացի, համաձայն գործող օրենքի ազատվեց բանտարկությունից ու խարազանվելուց (Գործք 16։37—39; 22։25, 29)։ Եփեսոսի ատենադպիրը կարողացավ հանգստացնել զայրացած ամբոխին՝ վկայակոչելով Հռոմի օրենսդրությունը (Գործք 19։35—40)։ Մի առիթով, Երուսաղեմում Պողոսը ազատվեց խոշտանգումից դարձյալ այն բանի շնորհիվ, որ Հռոմի քաղաքացի էր (Գործք 23։27)։ Ավելի ուշ հռոմեական օրենքը հնարավորություն տվեց նրան, որ իր հավատը Կեսարի առջև իրավաբանորեն պաշտպանի (Գործք 25։11, 12)։ Թեև Հռոմի մի շարք կայսրեր բռնապետներ էին, բայց գործող օրենքները սովորաբար թույլ էին տալիս, որպեսզի ‘ավետարանը պաշտպանվի ու հաստատվի’ (Փիլիպպեցիս 1։7)։

13. Մեր օրերում օրենքները հաճախ ինչպե՞ս են նպաստել քարոզչական գործունեությանը։

13 Նույն բանը այսօր կարելի է ասել նաև շատ երկրների համար։ Թեպետև կան այնպիսիները, ովքեր ‘օրենքի դեմ չարիք են պատրաստում’, այնուամենայնիվ, բազմաթիվ երկրներում գործում են օրենքներ, որոնցում կրոնի ազատությունն ընդունվում է որպես հիմնական իրավունք (Սաղմոս 94։20, Արևմտ. Աստ.)։ Համոզվելով, որ Եհովայի վկաների դիրքորոշումը սպառնալիք չի հանդիսանում հասարակական կարգ ու կանոնին, շատ կառավարություններ պաշտոնապես գրանցել են մեր կազմակերպությունը։ Եհովայի վկաների գրականությունը մեծ քանակությամբ տպագրվում է Միացյալ Նահանգներում, որտեղ գործող օրենքները հնարավոր են դարձնում «Դիտարան» ամսագրի պարբերաբար թողարկումը. ամսագիր, որն արդեն 120 տարի է, ինչ ընթերցվում է համայն աշխարհում։

Խաղաղության և հադուրժողականության ժամանակաշրջան

14, 15. Առաջին դարում հասարակության մեջ տիրող հարաբերական կայունությունն ինչպե՞ս օգնեց քարոզչական գործունեությանը։

14 Քարոզչական գործունեությանը նպաստել է նաև պատմական տարբեր ժամանակաշրջաններում տիրող հարաբերական խաղաղությունը։ Թեև Հիսուսը ճշգրտորեն մարգարեացել էր, որ վերոհիշյալ երկու դարաշրջաններում «ազգ ազգի դէմ պիտի ելնի», սակայն կայունության ժամանակահատվածներ էլ են եղել, որոնց ընթացքում հնարավոր է դարձել Թագավորության եռանդուն քարոզչությունը (Մատթէոս 24։7)։ Առաջին դարի քրիստոնյաներն ապրում էին Pax Romana կամ հռոմեական խաղաղության մեջ։ Մի պատմաբան գրել է. «Հռոմեական կայսրության սահմաններն այնքան հեռու էին տարածվել՝ ընդհուպ մինչև միջերկրածովյան երկրները, որ դրա հետևանքով դադարել էր դարեր շարունակ այդ երկրներում գրեթե անընդհատ տեղի ունեցող պատերազմները»։ Այս կայունությունը վաղեմի քրիստոնյաների համար հռոմեական աշխարհում հարաբերական անվտանգության մեջ ճանապարհորդելու դուռ բաց արեց։

15 Հռոմեական կայսրությունը ամեն ջանք գործադրում էր՝ միավորելու իր տիրապետության սահմաններում ապրող ժողովուրդներին իր հզոր ձեռքի տակ։ Այս քաղաքականությունը նպաստում էր ոչ միայն ճանապարհորդություններ կատարելուն, հանդուրժողականությանը և գաղափարների փոխանակմանը, այլև՝ միջազգային եղբայրության գաղափարի ստեղծմանը։ Մի գրքում ասվում է. «[Հռոմեական] կայսրության միասնությունը նպաստավոր պայմաններ ստեղծեց [քրիստոնեությունը քարոզելու համար]։ Ազգային խտրականությունները վերացվեցին։ Հռոմի քաղաքացին համարվում էր նաև ամբողջ աշխարհի քաղաքացի։ ....Դեռ ավելին, կրոնը, որը ազգերի միջև եղբայրություն էր ուսուցանում, կարող էր հասկանալի դառնալ մի պետության մեջ, որն առաջ էր քաշել համընդհանուր քաղաքացիության գաղափարը» («On the Road to Civilization»), (համեմատեք Գործք 10։34, 35; Ա Պետրոս 2։17)։

16, 17. Մեր օրերում խաղաղության համար մղվող պայքարում ո՞ր իրավիճակն է մղիչ ուժ հանդիսանում, և շատերն ի՞նչ եզրակացության են հանգել։

16 Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ Պատմության մեջ ամենակործանարար պատերազմները տեղի են ունեցել 20–րդ դարում, իսկ որոշ սահմանակից պետությունների միջև պատերազմները դեռ շարունակվում են (Յայտնութիւն 6։4)։ Այնուամենայնիվ, եղել են նաև հարաբերական խաղաղության ժամանակաշրջաններ։ Աշխարհի հզորագույն տերությունները հիսուն տարուց ավելի է, ինչ չեն բախվել իրար հետ համաշխարհային պատերազմում։ Նման իրավիճակը մեծապես նպաստել է այդ երկրներում բարի լուրի քարոզչությանը։

17 Քսաներորդ դարի պատերազմների թողած ահն ու սարսափը մարդկանց մեծամասնության գիտակցության մեջ մտցրել են համաշխարհային կառավարություն ստեղծելու անհրաժեշտության գաղափարը։ Պատերազմի վախն էր պատճառը, որ կազմավորվեցին՝ սկզբում՝ Ազգերի Լիգան, և ապա՝ ՄԱԿ–ը (Յայտնութիւն 13։14)։ Այս երկու կազմակերպությունները պաշտոնապես հայտարարել են իրենց նպատակը՝ ստեղծել միջազգային համագործակցություն ու հաստատել համընդհանուր խաղաղություն։ Մարդիկ, որոնք դրանց անհրաժեշտությունը զգում են, հաճախ դրականորեն են արձագանքում համաշխարհային կառավարության՝ Աստծո Թագավորության մասին բարի լուրին, որը կբերի մնայուն և կայուն խաղաղություն։

18. Կրոնի հանդեպ ո՞ր վերաբերմունքն է նպաստել քարոզչական գործունեությանը։

18 Թեև քրիստոնյաները ժամանակ առ ժամանակ դաժանորեն հալածվել են, սակայն թե՛ առաջին դարում, և թե՛ քսաներորդ դարում եղել են կրոնական հանդուրժողականության ժամանակահատվածներ (Յովհաննէս 15։20; Գործք 9։31)։ Հռոմեացիները ազատորեն ընդունում էին իրենց նվաճած երկրների ժողովուրդների աստվածներին։ Պրոֆեսոր Ռոդնի Սթարկը գրում է. «Շատ դեպքերում Հռոմը կրոնի ազատության հարցում ավելի բարձր մակարդակ ստեղծեց, քան Ամերիկյան հեղափոխությունից հետո էր»։ Մեր օրերում շատ երկրներում մարդիկ սկսել են ավելի անկաշկանդ ընդունել նոր գաղափարները, հետևաբար նրանք հետաքրքրությամբ են լսում Աստվածաշնչի հայտնած բարի լուրը, որը նրանց են հասցնում Եհովայի վկաները։

Տեխնիկայի դերը

19. Առաջին դարի քրիստոնյաներն ինչպե՞ս օգտագործեցին ձեռագիր մատյանը։

19 Իսկ հիմա եկեք նկատի առնենք, թե Եհովան ինչպե՞ս էր ճանապարհ բացում իր ժողովրդի համար, որպեսզի վերջինս կարողանար օգտվել տեխնիկայի նվաճումներից։ Թեև առաջին դարի քրիստոնյաները տեխնիկական առաջընթացի դարաշրջանում չէին ապրում, համենայն դեպս օգտվում էին մի հայտնագործությունից՝ ձեռագիր մատյանից, որը թերթերով իրար ամրացված գիրք էր։ Վերջինս փոխարինել էր գլանաձև մեծածավալ ձեռագրերին։ «Ձեռագիր մատյանի ծագումը» (անգլ.) գրքում ասվում է. «Ի տարբերություն աշխարհիկ գրականության մեջ մագաղաթից դեպի ձեռագիր մատյանին անցնելու դանդաղ և աստիճանական ընթացքին, քրիստոնեության մեջ դա կարծես թե ակնթարթորեն և համընդհանուր կերպով կատարվեց» («The Birth of the Codex»)։ Նույն աշխատության մեջ նաև կարդում ենք. «Քրիստոնյաները երկրորդ դարում այնքա՜ն լայնորեն սկսեցին գործածել ձեռագիր մատյանը, որ ենթադրվում է, թե նրա կիրառությունը սկսվել է մ. թ. 100 թ.–ից շատ ավելի առաջ»։ Ձեռագիր մատյանի գործածումն ավելի մատչելի էր, քան մագաղաթինը. Սուրբ գրությունների համարները կարելի էր ավելի հեշտությամբ գտնել։ Վստահաբար այս հանգամանքն օգնեց առաջին դարում ապրող այն քրիստոնյաներին, ովքեր Պողոսի նման ոչ միայն բացատրում էին Աստվածաշունչը, այլև, հիմնվելով նրա տեքստի վրա, «ապացուցում» էին իրենց սովորեցրած բաները (Գործք 17։2, 3)։

20. Աստծո ժողովուրդն ինչպե՞ս է օգտագործում ժամանակակից տեխնիկան համաշխարհային քարոզչական գործունեության մեջ և ինչո՞ւ։

20 Մեր հարյուրամյակում, քարոզչության գործի հետ կապված, տեխնիկական առաջխաղացումներն ապշեցուցիչ մակարդակի են հասել։ Արագաշարժ տպագրական հաստոցների օգնությամբ աստվածաշնչյան գրականություն է հրատարակվել միաժամանակ տարբեր լեզուներով։ Ժամանակակից տեխնիկայի շնորհիվ արագացել է Աստվածաշնչի թարգմանության աշխատանքը։ Բեռնատար մեքենաները, գնացքները, նավերն ու ինքնաթիռները հնարավոր են դարձրել այդ գրականության արագ տեղափոխումը ցանկացած ուղղությամբ։ Հեռախոսներն ու ֆաքսի մեքենաները վայրկենապես ապահովում են հաղորդակցական կապը։ Եհովան իր սուրբ հոգու միջոցով առաջնորդել է իր ծառաներին, որպեսզի նրանք, գործնականում կիրառելով նմանօրինակ տեխնիկան, օժանդակեն համայն աշխարհում բարի լուրի տարածմանը։ Նրանց նպատակը սոսկ վերջին տեխնիկական նորարարություններն իմանալը և կիրառելը չէ։ Առաջին հերթին նրանց հետաքրքրում է այն, ինչը որ բարի լուրի քարոզչության գործին կարող է արդյունավետ կերպով օգնել։

21. Ի՞նչ բանում կարող ենք վստահ լինել։

21 «Արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում»,— մարգարեացավ Հիսուսը (Մատթէոս 24։14)։ Ինչպես որ առաջին դարի քրիստոնյաները դարձան այս մարգարեության կատարման ականատեսները, այսօր էլ մենք ենք տեսնում համաշխարհային մասշտաբներով նրա իրականացումը։ Անկախ ծավալուն և դժվարին աշխատանքից, ժամանակի պատեհ կամ անպատեհ լինելուց, փոփոխվող օրենքներից ու հայացքներից՝ լինի պատերազմական թե խաղաղ, կամ էլ տեխնիկայի զանազան առաջխաղացումների պայմաններում, բարի լուրը քարոզվել է և դեռ պիտի քարոզվի։ Մի՞թե ձեր սիրտը հարգանքով չի լցվում Եհովայի իմաստության ու ապշեցուցիչ կանխատեսության հանդեպ։ Կարող ենք լիովին վստահ լինել, որ քարոզչական աշխատանքը կավարտվի Եհովայի ժամանակացուցակի համաձայն, և կիրականացվի արդարներին օրհնելու նրա սիրալիր նպատակը։ Նրանք կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն այնտեղ (Սաղմոս 37։29; Ամբակում 2։3)։ Եթե մեր կյանքը ներդաշնակեցնենք Եհովայի նպատակի հետ, ապա մենք նույնպես կլինենք այդ մարդկանց թվում (Ա Տիմոթէոս 4։16)։

[ծանոթագրություն]

a Մեսիայի վերաբերյալ այս երկու մարգարեությունների մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար տեսե՛ք «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը (36, 97 և 98—107 էջերը)՝ հրատարակված «Դիտարան» ընկերության կողմից։

Կրկնողության հարցեր

◻ Ինչո՞ւ է բարի լուրի քարոզչությունը դժվար առաջադրանք։

◻ Պետական օրենքներն ու հարաբերական կայունությունն ինչպե՞ս են նպաստել քրիստոնյաների գործունեությանը։

◻ Առաջիկա ո՞ր դեպքերին կարող ենք վստահությամբ սպասել՝ գիտենալով, որ Եհովան օրհնում է քարոզչական գործունեությունը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը