Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 7/1 էջ 4–7
  • Որտե՞ղ կարելի է գտնել հոգեկան անդորր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Որտե՞ղ կարելի է գտնել հոգեկան անդորր
  • 2000 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ է խաղաղությունն այսքան հազվադեպ
  • Որտե՞ղ է հնարավոր հոգեկան անդորր գտնել
  • Հոգեկան հանգստություն անհանգիստ աշխարհում
  • Ինչպես կարելի է իսկական անդորր գտնել մեր օրերում
  • Հնարավո՞ր է արդյոք գտնել հոգեկան անդորր
    2000 Դիտարան
  • Կարո՞ղ ես խաղաղ լինել այս անհանգիստ աշխարհում
    2009 Դիտարան
  • Հովհաննես 14։27. «Խաղաղություն եմ թողնում ձեզ»
    Աստվածաշնչյան համարների բացատրություն
  • Խաղաղություն. ինչպե՞ս կարող ես այն գտնել
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2000 Դիտարան
w00 7/1 էջ 4–7

Որտե՞ղ կարելի է գտնել հոգեկան անդորր

Մեծ տարբերություն կա մեր և Թորոյի ապրած ժամանակների միջև, որի մասին հիշատակվեց նախորդ հոդվածում։ Աչքի ընկնող տարբերություններից մեկն այն է, որ այսօր բոլորովին էլ դժվար չէ խորհուրդ գտնել այն հարցի վերաբերյալ, թե ինչպես ձեռք բերել հոգեկան անդորր։ Այդ թեմային կարելի է հանդիպել բազմաթիվ հոգեբանական աշխատություններում, ինքնուսույցներում, ինչպես նաև որոշ լրագրային խորագրերում։ Սակայն նման խորհուրդները հիմնականում բերում են լոկ կարճատև թեթևացում, մինչդեռ տևական օգուտներ ձեռք բերելու համար հարկավոր է գտնել շատ ավելի խորունկ մի աղբյուր։ Հենց նմանատիպ եզրակացության էին հանգել նախորդ հոդվածում հիշատակված անձնավորությունները։

ԱՆՏՈՆԻՈՒՆ, Մարկոսը, Գերզոնը, Վենիան և Մարսելուն, ապրելով տարբեր միջավայրերում, ունեցել են միանգամայն տարբեր խնդիրներ, սակայն նրանց միջև կա առնվազն երեք ընդհանրություն։ Առաջին հերթին այն, որ մի ժամանակ նրանք ‘ոչ մի հույս չունեին ու առանց Աստծու էին աշխարհում’ (Եփեսացիս 2։12)։ Երկրորդ՝ հինգն էլ ներքուստ փափագում էին հոգեկան անդորրի։ Եվ երրորդ՝ նրանցից յուրաքանչյուրն էլ այդ խաղաղությունը ձեռք է բերել Եհովայի վկաների հետ Աստվածաշունչն ուսումնասիրելուց հետո։ Գիտելիքներ ձեռք բերելուն զուգահեռ նրանք հասկացել են, որ Աստված անտարբեր չէ իրենց նկատմամբ։ Ինչպես ժամանակին Պողոս առաքյալն արտահայտվեց՝ դիմելով աթենացիներին՝ Աստված «մեզնից յուրաքանչիւրիցս հեռու չէ» (Գործք 17։27)։ Միայն դրա հանդեպ անկեղծ հավատն է, որ կարող է խաղաղություն ու հանգստություն բերել մեր սրտերին։

Ինչո՞ւ է խաղաղությունն այսքան հազվադեպ

Լինի դա հոգեկան անդորրը, թե խաղաղությունը մարդկանց միջև, աշխարհում, ինչպես նշում է Աստվածաշունչը, խաղաղությունը բացակայում է երկու հիմնական պատճառներով։ Դրանցից առաջինը գրի է առնված Աստվածաշնչի Երեմիա գրքի 10։23 խոսքում. «Գիտեմ, ով Տէր, որ մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը»։ Մարդը չունի բավականաչափ իմաստություն և հեռատեսություն, որպեսզի ինքնուրույն կարողանա լիարժեք ձևով տնօրինել իր կյանքը, և միայն Աստծո կողմից է, որ նա կարող է ստանալ իրեն անհրաժեշտ օգնությունն ու ղեկավարությունը։ Առանց Աստծո օգնության հնարավոր չէ տևական անդորր ձեռք բերել։ Իսկ թե որն է խաղաղության բացակայության երկրորդ պատճառը, երևում է Հովհաննես առաքյալի հետևյալ խոսքերից. «Ամբողջ աշխարհը Չարին ենթակայ [է]» (Ա Յովհաննէս 5։19, ՆԿ–ի ՆԱԹ)։ Առանց Աստծո ղեկավարության՝ մարդկանց խաղաղասիրական ջանքերը երբեք հաջողությամբ չեն պսակվի, քանի որ դրան խոչընդոտում է «Չարը»՝ Սատանան, որը թեև անտեսանելի, սակայն իրականում գոյություն ունեցող հզոր էակ է։

Այսպիսով՝ սրանք են երկու հիմնական պատճառները, որ մարդկությունն այսօր, ընդհանուր առմամբ, գտնվում է թշվառ վիճակում. նախ՝ այն, որ մարդիկ չեն փնտրում Աստծո առաջնորդությունը, և երկրորդ՝ որ աշխարհի վրա իշխում է Սատանան։ Պողոս առաքյալը հետևյալ ձևով բնութագրեց այդ երևույթը. «Բոլոր ստեղծուածները հեծեծում են եւ երկունքի ցաւի մէջ են մինչեւ այժմ» (Հռովմայեցիս 8։22)։ Ո՞վ կարող է հերքել սա։ Թե՛ տնտեսապես հարուստ, և թե՛ աղքատ երկրներում ընտանեկան խնդիրները, հանցագործությունը, անարդարությունը, մարդկանց միջև ընդհարումները, տնտեսական անկայունությունը, ցեղային և էթնիկական ատելությունը, հարստահարումը, հիվանդություններն ու այլ չարիքները մարդուն մատնում են անհանգստության ու տագնապի։

Որտե՞ղ է հնարավոր հոգեկան անդորր գտնել

Աստծո Խոսքի՝ Աստվածաշնչի գիտությունը արմատապես փոխեց Անտոնիուի, Մարկոսի, Գերզոնի, Վենիայի և Մարսելուի կյանքը։ Նախ՝ նրանք տեղեկացան այն մասին, որ ապագայում սպասվում է բոլորովին ուրիշ մի աշխարհ։ Եվ դա ոչ թե պարզապես մի աղոտ հույսի նշույլ է՝ թե ամեն բան ինչ–որ մի ձևով, ինքնըստինքյան կարգի կգա, այլ հիմնավորված վստահություն է՝ ելնելով այն բանից, որ Աստված նպատակ ունի մարդկության հետ կապված, և նրա կամքը կատարելու դեպքում կարելի է օգուտներ քաղել այդ նպատակից նույնիսկ հիմա։ Այդ մարդիկ սկսեցին հետևել Աստվածաշնչի սկզբունքներին, և նրանց կյանքը աստիճանաբար ու լիովին բարեփոխվեց։ Նրանց բոլոր սպասելիքներին հատկապես գերազանցեց երջանկության ու ներքին հանգստության այն զգացումը, որ ձեռք բերեցին շնորհիվ այդ բանի։

Ներկայումս Անտոնիուն չի մասնակցում ո՛չ բողոքի ցույցերի և ո՛չ էլ գործադուլների։ Նա գիտի, որ այդ ճանապարհով ձեռք բերված հաջողությունները ժամանակավոր են և ոչ էական։ Երբեմնի արհմիութենական առաջնորդը այժմ տեղյակ է Աստծո Թագավորության մասին, որի համար աղոթում են միլիոնավոր մարդիկ՝ կրկնելով Տերունական աղոթքը (կամ՝ «Հայր մերը»). «Քո թագաւորութի՛ւնը թող գայ» (Մատթէոս 6։10ա)։ Անտոնիուին հայտնի է նաև այն փաստը, որ Աստծո Թագավորությունը՝ երկնային իրական կառավարությունը, լիարժեք խաղաղություն է բերելու մարդկությանը։

Ինչ վերաբերվում է Մարկոսին, ապա նա սկսեց հաջողությամբ կիրառել ընտանեկան կյանքին առնչվող աստվածաշնչյան իմաստուն խորհուրդները։ Շնորհիվ դրա՝ նախկին քաղաքագետը կրկին միացավ իր կնոջը, և նրանք այժմ շատ երջանիկ են։ Մարկոսը նույնպես սպասում է այն ժամանակին, երբ Աստծո Թագավորությունը կփոխարինի ագահությամբ ու եսասիրությամբ լեցուն այս աշխարհակարգին։ Նա խորությամբ ըմբռնել է Հիսուսի սովորեցրած աղոթքի (Տերունական աղոթք) հետևյալ հատվածի բուն էությունը. «Քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է» (Մատթէոս 6։10բ)։ Երբ երկրի վրա հաստատվի Աստծո կամքը, մարդիկ կապրեն այնպիսի հրաշալի կյանքով, որ դժվար է անգամ պատկերացնելը։

Իսկ ինչպե՞ս դասավորվեց Գերզոնի հետագա կյանքը։ Նա այլևս թափառաշրջիկ չէ, և ոչ էլ՝ գող։ Անցյալում անապաստան այս մարդն այսօր ապրում է իմաստալից կյանքով, քանի որ օգնում է ուրիշներին հոգեկան անդորր գտնել։ Այս օրինակները մեկ անգամ ևս ցույց են տալիս, թե ինչպես են Աստվածաշնչի ուսումնասիրությունն ու նրա խորհուրդների կիրառումը օգնում մարդուն բարեփոխել իր կյանքը։

Հոգեկան հանգստություն անհանգիստ աշխարհում

Հիսուս Քրիստոսը պատմական անձնավորություն է, որի դերը չափազանց կարևոր է Աստծո կամքն իրականացնելու գործում։ Եհովայի վկաների հետ ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ մարդիկ բավականին գիտելիքներ են ձեռք բերում նրա մասին։ Այն գիշեր, երբ Հիսուսը ծնվեց, հրեշտակները փառաբանում էին Աստծուն՝ երգելով. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութի՜ւն եւ հաճութի՜ւն՝ մարդկանց մէջ» (Ղուկաս 2։14)։ Երբ Հիսուսն արդեն հասուն մարդ էր, նա ցույց տվեց, որ շատ է ուզում օգնել մարդկանց։ Նա հասկանում էր մարդկանց զգացմունքները և բացառիկ կարեկցանք ցուցաբերում վշտահարների ու հիվանդների հանդեպ։ Եվ հրեշտակների խոսքերին ներդաշնակ՝ Հիսուսն օգնեց, որ բազմաթիվ խոնարհ անհատներ հոգեկան անդորր գտնեն։ Երբ իր առաքելությունը մոտենում էր ավարտին, Հիսուսն աշակերտներին ասաց. «Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք» (Յովհաննէս 14։27)։

Սակայն Հիսուսը խաղաղություն տալուց ավելին արեց։ Նա իրեն համեմատեց հովվի, իսկ իր խոնարհ հետևորդներին՝ ոչխարների հետ։ «Ես եկայ, որպէսզի կեանք ունենան եւ՝ առաւել եւս ունենան,— ասաց նա,— ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար» (Յովհաննէս 11։10, 11)։ Ի տարբերություն այսօրվա շատ առաջնորդների, որոնք առաջին հերթին մտահոգված են իրենց բարեկեցությամբ՝ Հիսուսը կյանքը տվեց հանուն իր ոչխարների։

Իսկ դա ինչպիսի՞ օգուտներ է մեզ բերում։ Շատերն են ծանոթ աստվածաշնչյան հետևյալ խոսքերին. «Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը» (Յովհաննէս 3։16)։ Հիսուսի հանդեպ հավատ ունենալու համար նախ հարկավոր է գիտելիքներ ձեռք բերել թե՛ իր մասին, և թե՛ իր Հոր՝ Եհովայի։ Այդ գիտելիքների օգնությամբ է, որ հնարավոր է դառնում ջերմ փոխհարաբերություններ զարգացնել Եհովա Աստծո հետ և ներքին հանգստություն գտնել։

Հիսուսն ասել է. «Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց. եւ նրանք գալու են իմ ետեւից. եւ ես նրանց կը տամ յաւիտենական կեանք. եւ նրանք չեն կորչի յաւիտեան. եւ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի յափշտակի» (Յովհաննէս 10։27, 28)։ Ինչպիսի՜ ջերմ ու մխիթարիչ խոսքեր։ Ու թեև Հիսուսն այս խոսքերն ասել է գրեթե երկու հազար տարի առաջ, սակայն դրանք առ այսօր չեն կորցրել իրենց ուժն ու նշանակությունը։ Մի՛ մոռացեք, որ Հիսուս Քրիստոսն այսօր կենդանի է և որպես Թագավոր՝ իշխում է Աստծո Թագավորության երկնային գահին նստած։ Ինչպես իր երկրային կյանքի տարիներին, այսօր էլ նա անտարբեր չէ հոգեկան անդորր փնտրող խոնարհ անհատների նկատմամբ։ Նա հիմա էլ շարունակում է հովվել իր ոչխարներին։ Նրան հետևելով՝ կկարողանանք խաղաղություն ունենալ մեր սրտերում և ի վիճակի կլինենք հաստատ հույսով նայել դեպի ապագան՝ այն ժամանակը, երբ երկրի վրա իսկական խաղաղություն կտիրի, երբ անհետ կկորչեն պատերազմը, հանցագործությունն ու բռնությունը։

Իմանալով, թե ինչպես է Եհովան մեզ օգնության ձեռք մեկնում Հիսուսի միջոցով, և հավատ ընծայելով դրան՝ իսկական թեթևացում ենք զգում։ Հիշո՞ւմ եք Վենիա անունով այն աղջկան, որի ուսերին ծանրացել էր ընտանիքի ամբողջ հոգսը և որին թվում էր, թե Աստված մոռացության է մատնել իրեն։ Այժմ Վենիան համոզված է, որ Աստված իրեն չի լքել։ «Գիտեմ, որ Աստված իրական անձնավորություն է՝ հրաշալի հատկություններով,— ասում է նա,— ու սիրուց մղված նա իր Որդուն ուղարկել է երկիր մեզ կյանք տալու համար։ Շատ կարևոր է այդ մասին իմանալը»։

Ըստ Մարսելուի անձնական վկայության՝ նա այժմ ունի միանգամայն իրական փոխհարաբերություններ Աստծո հետ։ Նախկինում զվարճությունների սիրահար այս պատանին այսպես է ասում. «Երիտասարդները հաճախ չգիտեն, թե ինչով զբաղվեն, և իրենց համար վնասակար սովորություններ են ձեռք բերում։ Ոմանք սկսում են թմրադեղեր ընդունել, ինչպես ես էի անում նախկինում։ Հուսով եմ, որ դեռ շա՜տ ու շա՜տ ինձ նմաններին նույնպես սպասվում են Աստծո ու նրա Որդու մասին գիտությամբ ձեռք բերվող օրհնությունները»։

Աստվածաշնչի ուշադիր ուսումնասիրության շնորհիվ Վենիայի ու Մարսելուի մոտ ամուր հավատ է զարգացել Աստծո հանդեպ, և նրանք կասկած չունեն, որ նա ցանկանում է օգնել իրենց։ Մեզանից ամեն ոք, նրանց նման ուսումնասիրելով Աստվածաշունչը և ձգտելով կյանքում կիրառել նրա սկզբունքները, նույնպես ներքին խաղաղություն կգտնի։ Այդ դեպքում Պողոս առաքյալի խորհուրդը իրո՛ք որ կվերաբերվի մեզ. «Հոգ մի արէ՛ք, այլ աղօթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանութեամբ յայտնի թող լինեն Աստծուն։ Եւ Աստծու խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով» (Փիլիպպեցիս 4։6, 7)։

Ինչպես կարելի է իսկական անդորր գտնել մեր օրերում

Ճշմարտությանը տենչացող անհատների համար Հիսուս Քրիստոսը բաց է արել դեպի երկրային դրախտ տանող հավիտենական կյանքի ճանապարհը։ Մարդկանց առաջնորդելով ճշմարիտ Աստծո երկրպագությանը՝ նա օգնում է հասնել իսկական խաղաղության, որի մոտավոր նկարագրությունը տրված է Աստվածաշնչում. «Իմ ժողովուրդը կ’բնակուէ խաղաղաւէտ բնակարանում, եւ ապահով վրաններում եւ անդորր հանգչարաններում» (Եսայիա 32։18)։ Եվ դա ընդամենը մի փոքր մասնիկն է սպասվելիք այն խաղաղության, որի մասին Աստվածաշնչի մի ուրիշ հատվածում կարդում ենք. «Խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը։ Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։11, 29)։

Ուստի, ի՞նչ կարելի է ասել. հնարավո՞ր է հոգեկան անդորր վայելել մեր օրերում։ Այո՛։ Դեռ ավելին՝ համոզված ենք, որ մոտ ապագայում Աստված մի այնպիսի խաղաղությամբ է օրհնելու իրեն հնազանդ մարդկանց, որպիսին չի եղել մարդկության ողջ պատմության ընթացքում։ Ուրեմն ինչո՞ւ Աստծուն չդիմենք աղոթքով՝ մեզ համար խաղաղություն ու հոգեկան անդորր խնդրելով։ Եթե ձեզ մտատանջող խնդիրներ ունեք, դուք էլ կարող եք վարվել Դավիթ թագավորի նման՝ դիմելով. «Սրտիս նեղութիւնները շատ են. հանիր ինձ իմ վշտերիցը։ Մտիկ արա իմ խղճութեանը եւ իմ ցաւին, եւ ներիր իմ ամեն մեղքերը» (Սաղմոս 25։17, 18)։ Համոզված եղեք, որ Աստված լսում է նման աղոթքները։ Նա օգնության ձեռք է մեկնում իրեն անկեղծորեն փնտրող անհատներին ու խաղաղություն շնորհում նրանց։ Աստվածաշունչը մեզ սիրով վստահեցնում է. «Տէրը մօտիկ է բոլոր դէպի իրան կանչողներին, այն ամենին՝ որ կանչում են նորան ճշմարտութիւնով։ Իրանից վախեցողների կամքը անում է նա. եւ նորանց աղաղակին լսում եւ նորանց փրկում է» (Սաղմոս 145։18, 19)։

[մեջբերում 5–րդ էջի վրա]

Մարդ արարածը բավականաչափ ո՛չ իմաստություն, և ո՛չ էլ հեռատեսություն ունի, որպեսզի կարողանա ինքնուրույն տնօրինել իր կյանքը. իսկական օգնությունն ու ղեկավարությունը կարող է տալ միայն Աստված։

[մեջբերում 6–րդ էջի վրա]

Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին գիտելիքներն օգնում են ջերմ փոխհարաբերություններ զարգացնել Եհովա Աստծո հետ և ներքին հանգստություն գտնել։

[նկար 7–րդ էջի վրա]

Աստվածաշնչի խորհուրդներին հետևելը օգնում է ընտանեկան խաղաղ կյանք վարել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը