Ամբարտավանությունը անարգանքի է բերում
«Հպարտութիւնն [կամ ամբարտավանությունը] եկաւ, անարգութիւն էլ կ’գայ. բայց խոնարհների հետ իմաստութիւն կայ» (ԱՌԱԿԱՑ 11։2)։
1, 2. Ի՞նչ է ամբարտավանությունը, և ինչպե՞ս է այն տանում կործանման։
ՆԱԽԱՆՁ ղևտացին ժողովրդին հրահրում է ապստամբել Եհովայի կողմից նշանակված առաջնորդների դեմ։ Փառասեր արքայորդին դավ է նյութում հոր գահը զավթելու համար։ Անհամբեր թագավորը արհամարհում է Աստծո մարգարեի տված որոշակի հրահանգները։ Այս երեք իսրայելացիներին միացնում է բնավորության մի ընդհանուր գիծ՝ ամբարտավանությունը։
2 Ամբարտավանությունը մարդու սրտին բնորոշ հատկություն է և իրենից լուրջ վտանգ է ներկայացնում (Սաղմոս 19։13)։ Ամբարտավան մարդը համարձակորեն արտոնությունն իր ձեռքն է վերցնում, չնայած այն բանին, որ դա անելու իրավունքը չունի։ Այդպիսի վարմունքը հաճախ իր հետ դժբախտություններ է բերում։ Ամբարտավանությունը թագավորների է կործանել ու կայսրություններ տապալել (Երեմիա 50։29, 31, 32; Դանիէլ 5։20)։ Այն իր ճիրանների մեջ է առել և նույնիսկ կործանման առաջնորդել Աստծո ծառաներից ոմանց։
3. Ի՞նչը մեզ կօգնի իմանալ ամբարտավանության վտանգների մասին։
3 Լիովին հիմնավոր պատճառներով Աստվածաշունչը զգուշացնում է. «Հպարտութիւնն [կամ ամբարտավանությունը] եկաւ, անարգութիւն էլ կ’գայ. բայց խոնարհների հետ իմաստութիւն կայ» (Առակաց 11։2)։ Այդ գրքում մի շարք օրինակներ են բերվում, որոնք հաստատում են այս խոսքերի ճշմարտացիությունը։ Դրանցից մի քանիսի քննարկումը կօգնի մեզ տեսնել թույլատրելիի սահմաններն անցնելու վտանգը։ Այժմ եկեք քննենք, թե հոդվածի սկզբում նշված դեպքերում ինչպես են նախանձը, փառասիրությունը և անհամբերությունը մարդկանց դրդել ամբարտավանության, ինչի համար էլ նրանք անարգանքի են արժանացել։
Նախանձ ու ապստամբ Կորխը
4. ա) Ո՞վ էր Կորխը, և պատմական ի՞նչ իրադարձությունների մասնակից էր նա, ամենայն հավանականությամբ, եղել։ բ) Ավելի ուշ, նա ո՞ր տխրահռչակ արարքի հեղինակը դարձավ։
4 Կորխը Կահաթյանց տոհմի ղևտացի էր, Մովսեսի և Ահարոնի հորեղբորորդին։ Ամենայն հավանականությամբ, նա տասնյակ տարիներ հավատարմորեն ծառայել էր Եհովային։ Կորխը եղել էր այն մարդկանց շարքերում, ովքեր պատիվ էին ունեցել հրաշքով անցնելու Կարմիր ծովը, և հավանաբար՝ մասնակցել էր նաև Սինայ լեռան մոտ հորթին երկրպագություն մատուցած իսրայելացիների դեմ Եհովայի դատաստանն ի գործ դնելուն (Ելից 32։26)։ Սակայն, ժամանակի ընթացքում, նա Մովսեսի և Ահարոնի դեմ կազմակերպված ըմբոստության պարագլուխը դարձավ. նրա կողմն էին անցել նաև Ռուբենյանց Դաթանը, Աբիրոնը, նաև Օնը 250 իսրայելացի իշխանների հետ միասին։a «Բաւական է ձեզ,— ասացին նրանք Մովսեսին ու Ահարոնին,— որովհետեւ բոլոր ժողովքը ամենքն էլ սուրբ են, եւ Եհովան նորանց մէջ է. եւ ի՞նչու էք ձեզ բարձրացնում Եհովայի ժողովրդի վերայ» (Թուոց 16։1–3)։
5, 6. ա) Ինչո՞ւ Կորխն ապստամբեց Մովսեսի ու Ահարոնի դեմ։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Կորխը թերագնահատում էր Աստծո կարգադրության մեջ ունեցած սեփական առանձնաշնորհումները։
5 Այդքան տարի հավատարիմ մնալուց հետո Կորխն ինչո՞ւ ապստամբեց։ Անշուշտ, Մովսեսն իսրայելացիներին ղեկավարելիս բռնություն չէր գործադրում, որովհետև նա «շատ հեզ էր երկրի վերայ եղած բոլոր մարդկանցից աւելի» (Թուոց 12։3)։ Սակայն, ըստ երևույթին, Կորխը նախանձում էր Մովսեսին ու Ահարոնին և չէր կարողանում հաշտվել այն հանգամանքի հետ, որ նրա՛նք են առաջնորդում ժողովրդին։ Դրա համար էլ անարդարացիորեն հայտարարեց, որ այդ մարդիկ քմահաճ են ու եսասիրաբար իրենց բարձր են դասում ժողովրդից (Սաղմոս 106։16)։
6 Կորխի խնդիրը մասամբ կայանում էր նրանում, որ նա չէր գնահատում Աստծո կարգադրության մեջ ունեցած սեփական առանձնաշնորհումները։ Ճիշտ է, Կահաթյանց ղևտացիները քահանաներ չէին, սակայն նրանք Աստծո Օրենքի ուսուցիչներ էին։ Նրանց պարտականությունների մեջ էր մտնում նաև խորանի պատկանելիքներն ու սպասքեղենը կրելը, երբ դրանք տեղափոխելու կարիք էր զգացվում։ Դա աննշան հանձնարարություն չէր, քանի որ խորանի սպասքեղենին կարող էին դիպչել միայն կրոնական և բարոյական տեսակետից մաքուր մարդիկ (Եսայիա 52։11)։ Ուստի, Մովսեսն, ըստ էության, այսպիսի պատասխան էր տվել Կորխին. «Ինչ է, աչքներիդ աննշան բա՞ն է երևում ձեր նշանակումը, որ հիմա քահանայությունն էլ եք ուզում վերցնել» (Թուոց 16։9, 10)։ Կորխը չէր գիտակցում, որ ամենամեծ պատիվը ոչ թե որևէ առանձնահատուկ պաշտոն կամ դիրք ունենալն է, այլ Եհովային իր կարգադրության հետ ներդաշնակ հավատարմորեն ծառայելը (Սաղմոս 84։10)։
7. ա) Մովսեսը ինչպե՞ս վարվեց Կորխի ու նրա համախոհների հետ։ բ) Ինչպե՞ս Կորխի ապստամբությունը կործանեց իրեն։
7 Մովսեսը Կորխին ու նրա համախոհներին առաջարկեց հաջորդ առավոտ իրենց բուրվառներով ու խնկով ներկա գտնվել խորանի դռան մոտ։ Կորխն ու իր մարդիկ իրավունք չունեին խունկ ծխելու, քանի որ քահանաներ չէին։ Նման ձևով ներկայանալը կնշանակեր, որ նրանք մնացել էին իրենց նախկին կարծիքին՝ թեպետ մի ամբողջ գիշեր ժամանակ ունեին խորհրդածելու կատարվածի շուրջ։ Եվ երբ հաջորդ օրն առավոտյան նրանք ներկայացան, Եհովան արդարացիորեն իր բարկությունը թափեց նրանց վրա։ «Երկիրը իր բերանը բաց արաւ եւ կուլ տուաւ» Ռուբենյաններին։ Մնացածներին՝ այդ թվում նաև Կորխին, լափեց երկնքից ուղարկված կրակը (Բ Օրինաց 11։6; Թուոց 16։16–35; 26։10)։ Կորխն իր ամբարտավանության պատճառով վերջնականապես անարգվեց, այսինքն՝ մերժվեց Եհովայի կողմից։
Հակառակվե՛ք ‘նախանձելու հակումին’
8. Ինչպե՞ս կարող է քրիստոնյաների մեջ նախանձելու հակում դրսևորվել։
8 Կորխի մասին այս պատմությունը նախազգուշացում է մեզ համար։ Քանի որ ‘նախանձելու հակումը’ բնորոշ է անկատար մարդկանց, այն կարող է ի հայտ գալ նույնիսկ քրիստոնեական ժողովներում (Յակոբոս 4։5, ՆԱ)։ Օրինակ՝ գուցե մեծ նշանակություն ենք տալիս ժողովում մարդկանց զբաղեցրած դիրքին։ Կորխի պես թերևս մենք էլ նախանձենք նրանց, ովքեր ունեն այն առանձնաշնորհումը, որը կուզենայինք մենք ունենալ։ Կամ, գուցե նմանվում ենք առաջին դարի քրիստոնյա Դիոտրեփեսին, որը խիստ քննադատաբար էր մոտենում առաքյալների ունեցած հեղինակությանը, ըստ ամենայնի այն պատճառով, որ ուզում էր առաջնորդությունն իր ձեռքը վերցնել։ Եվ իրոք, ինչպես գրում է Հովհաննեսը, Դիոտրեփեսը «իրեն միւսներից առաջ է գցում» (Գ Յովհաննէս 9)։
9. ա) Ժողովում պատասխանատվությունների հանդեպ ի՞նչ վերաբերմունքից է հարկավոր խուսափել։ բ) Ի՞նչ պատշաճ տեսակետ պետք է ունենալ Աստծո սահմանած կարգավորման մեջ ունեցած մեր տեղի վերաբերյալ։
9 Իհարկե՝ վատ չէ, երբ քրիստոնյա տղամարդը ձգտում է ժողովում պատասխանատվություններ ունենալ։ Ժամանակին Պողոսը նույնիսկ խրախուսում էր նման ձգտումը (Ա Տիմոթէոս 3։1)։ Սակայն ծառայության մեջ առանձնաշնորհումները մենք երբեք չպետք է դիտենք որպես մեծարանքի արտահայտություն՝ կարծելով, թե դրանց շնորհիվ մի աստիճան վեր ենք բարձրացել «ծառայողական սանդուղքով»։ Հիշենք Հիսուսի խոսքերը. «Ձեզնից ով կը կամենայ մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի. եւ ձեզնից ով կը կամենայ առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի» (Մատթէոս 20։26, 27)։ Սխալ կլիներ նախանձել նրանց, ովքեր ավելի մեծ պատասխանատվություններ ունեն, կարծես թե Աստված մեզ գնահատում է՝ ելնելով իր կազմակերպության մեջ մեր ունեցած «դիրքից»։ Հիսուսն ասաց. «Դուք բոլորդ եղբայրներ էք» (Մատթէոս 23։8)։ Այո՛, լինի դա ուղղակի քարոզիչ, թե՝ ռահվիրա, նոր մկրտված, թե՝ երկար տարիներ հավատարմորեն ընթացող քրիստոնյա անհատ, բոլորը, ովքեր ամբողջ սրտով ծառայում են Եհովային, իրենց արժանի տեղն ունեն նրա սահմանած կարգավորման մեջ (Ղուկաս 10։27; 12։6, 7; Գաղատացիս 3։28; Եբրայեցիս 6։10)։ Իսկապես, մեծ օրհնություն է ուս–ուսի ծառայել միլիոնավոր մարդկանց հետ միասին, ովքեր ձգտում են կիրառել Աստվածաշնչի այս խորհուրդը. «Միմեանց հանդէպ խոնարհութիւն ունեցէք» (Ա Պետրոս 5։5)։
Փառամոլ Աբիսողոմը
10. Ո՞վ էր Աբիսողոմը, և ինչպե՞ս էր նա աշխատում գրավել թագավորի մոտ դատաստանի համար եկողների բարեհաճությունը։
10 Դավիթ թագավորի երրորդ որդու՝ Աբիսողոմի կյանքը վկայում է, որ նա բավականին փառամոլ անձնավորություն է եղել։ Այդ խորամանկ ու շահամոլ արքայորդին նպատակ էր դրել գրավելու դատաստանի համար թագավորի մոտ եկող մարդկանց բարեհաճությունը։ Նախ՝ նա ակնարկում էր, թե Դավիթին չեն հետաքրքրում իր ժողովրդի կարիքները, ապա ակնարկներից անցնում էր իր բուն ասելիքին։ «Երանի՜ թէ ինձ դատաւոր դնէին այս երկրումը,— բացականչում էր Աբիսողոմը,— եւ ինձ մօտ գար ամեն ով վէճ եւ դատ ունենար, եւ ես կ’արդարացնէի նորան»։ Աբիսողոմի վարած նենգ քաղաքականությունը սահմաններ չէր ճանաչում։ «Երբոր մի մարդ նորան մօտենում էր նորան երկրպագելու, նա իր ձեռքը մեկնում էր եւ նորան բռնում եւ համբուրում նորան։ Եւ Աբիսողոմն այսպէս էր անում բոլոր Իսրայէլին, որ դատուելու համար գալիս էին թագաւորի մօտ»։ Արդյո՞ւնքը։ «Աբիսողոմը գողացաւ Իսրայէլի մարդկանց սիրտերը» (Բ Թագաւորաց 15։1–6)։
11. Ինչպե՞ս էր Աբիսողոմը փորձում զավթել Դավիթի գահը։
11 Աբիսողոմը մտադիր էր զավթել հոր գահը։ Դրանից հինգ տարի առաջ նա իր քույր Թամարի բռնաբարության վրեժը լուծելու քողի տակ սպանել էր Դավիթի ավագ որդուն՝ Ամնոնին (Բ Թագաւորաց 13։28, 29)։ Չի բացառվում, որ Աբիսողոմն արդեն այն ժամանակ էր աչք դրել գահին, իսկ Ամնոնին ասպարեզից վերացնելը իր մրցակիցներից մեկից ազատվելու հարմար առիթ էր։b Ամեն դեպքում, երբ ժամանակը հասունացավ, Աբիսողոմը որոշակի քայլեր ձեռնարկեց. ամբողջ երկրով մեկ նա իրեն թագավոր հայտարարեց (Բ Թագաւորաց 15։10)։
12. Բացատրեք, թե ինչպե՛ս Աբիսողոմն իր ամբարտավանության պատճառով անարգվեց։
12 Սկզբնական շրջանում Աբիսողոմը հաջողություն ունեցավ, քանի որ «դաւաճանութիւնը զօրացաւ. եւ ժողովուրդը գնալով շատանում էր Աբիսողոմի հետ»։ Դավիթ թագավորն իր կյանքը փրկելու համար ստիպված էր նույնիսկ փախչել (Բ Թագաւորաց 15։12–17)։ Շուտով, սակայն, Աբիսողոմի հաջողություններին վերջ դրեց Հովաբի սուրը. նրա մարմինը նետեցին մի մեծ փոսի մեջ ու քարերով ծածկեցին... Իշխանության տենչացող այդ փառամոլ մարդը արժանի չեղավ նույնիսկ նրան, որ իր մարմինը պատշաճ կերպով հողին հանձնեն։c Աբիսողոմի ամբարտավանությունը անարգանքի բերեց նրան (Բ Թագաւորաց 18։9–17)։
Խուսափեք շահադիտական փառասիրությունից
13. Ինչպե՞ս կարող է պատահել, որ փառասիրական հակումները բույն դնեն քրիստոնյայի սրտում։
13 Աբիսողոմի փառքի հասնելն ու դրան հաջորդած անկումը շատ լավ դաս է մեզ համար։ Անսկզբունքայնությամբ լի այս աշխարհում սովորական բան է, երբ մարդիկ քծնում են իրենցից վերև կանգնածներին՝ փորձելով նրանց հաճությունը շահել, պարզապես տպավորություն թողնել կամ էլ ինչ–որ առանձնաշնորհում, ավելի բարձր պաշտոն ստանալ։ Միևնույն ժամանակ, այդ նույն մարդիկ իրենց ենթակաների ներկայությամբ պարծենում են՝ ձգտելով ձեռք բերել նրանց համակրանքն ու աջակցությունը։ Եթե զգույշ չլինենք, ապա նման փառասիրական հակումները կարող են բույն դնել նաև մեր սրտերում։ Հավանաբար նման խնդիր էր ծագել առաջին դարում, ինչի պատճառով էլ անհրաժեշտություն էր առաջացել, որ առաքյալները խիստ նախազգուշացումներ տան այդ հատկությունը դրսևորող մարդկանց (Գաղատացիս 4։17, ՆԿ–ի ՆԱԹ; Գ Յովհաննէս 9, 10)։
14. Ինչո՞ւ պետք է խուսափենք փառասիրական, սեփական անձը բարձրացնող ոգի դրսևորելուց։
14 Եհովայի կազմակերպության մեջ տեղ չունեն սեփական անձը բարձրացնող նենգ մարդիկ, որոնք ջանում են «պատիվ» գտնել (Առակաց 25։27)։ Աստվածաշունչը զգուշացնում է. «Տէրը կ’կտրէ ամեն նենգաւոր շրթունքները, եւ մեծ բաներ խօսող լեզուն» (Սաղմոս 12։3)։ Իրոք որ Աբիսողոմը նենգ շրթունքներ ուներ։ Նա «մեծամիտ բաներ» էր խոսում նրանց հետ, ում բարեհաճությունն ուզում էր շահել, և այդ ամենն անում էր իշխանության հասնելու համար։ Դրան հակառակ, ի՜նչ օրհնություն է գտնվել այնպիսի եղբայրության մեջ, որը հետևում է Պողոսի խորհրդին. «Մի՛ արէք որեւէ բան հակառակութեան ոգով, ոչ էլ որեւէ բան՝ սնապարծութեամբ, այլ խոնարհութեամբ մէկդ միւսին աւելի լաւ համարեցէք, քան ինքներդ ձեզ» (Փիլիպպեցիս 2։3)։
Անհամբեր Սավուղ թագավորը
15. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Սավուղը ժամանակին համեստ մարդ էր։
15 Կար ժամանակ, երբ Սավուղը, որը հետագայում դարձավ Իսրայելի թագավոր, համեստ մարդ էր։ Ահա թե ինչ պատահեց մի անգամ, երբ նա դեռ երիտասարդ էր։ Ի պատասխան Սամուել մարգարեի բարի խոսքերին՝ նա խոնարհաբար պատասխանել էր. «Մի՞թէ ես Իսրայէլի ցեղերի փոքրագունիցը՝ Բենիամինեան չեմ, եւ իմ ազգատոհմը Բենիամինի ցեղի բոլոր ազգատոհմների պզտիկը չէ՞. ի՞նչու համար ես ինձ այդպիսի խօսք ասում» (Ա Թագաւորաց 9։21)։
16. Ինչպե՞ս Սավուղը անհամբերություն դրսևորեց։
16 Հետագայում, սակայն, Սավուղի համեստությունից նշույլ անգամ չմնաց։ Փղշտացիների դեմ պատերազմելիս նա իջել էր Գաղգաղա, որտեղ պետք է սպասեր Սամուելի գալուն, որպեսզի վերջինս զոհաբերություններով խնդրանք մատուցեր Աստծուն։ Երբ նշանակված օրը Սամուելը չեկավ, Սավուղն ինքնավստահորեն ինքը ողջակեզ մատուցեց։ Եվ երբ նա արդեն վերջացնում էր այդ արարողությունը, Սամուելը եկավ։ «Ի՞նչ ես արել»,— հարցրեց նա։ «Տեսայ որ ժողովուրդն իմ մօտիցը ցրվում է, եւ դու քո որոշած օրերիդ չ’եկար.... եւ ես ինձ ստիպելով ողջակէզը մատուցրի»,— պատասխանեց Սավուղը (Ա Թագաւորաց 13։8–12)։
17. ա) Առաջին հայացքից ինչո՞ւ կարող է Սավուղի արարքն արդարացի թվալ։ բ) Եհովան ինչո՞ւ դատապարտեց Սավուղին իր անհամբերության համար։
17 Առաջին հայացքից Սավուղի արարքը կարող է արդարացի թվալ։ Չէ՞ որ Աստծո ժողովուրդը «նեղութեան մէջ» էր, «տագնապուած», և, անհուսալի կացության մեջ գտնվելով, դողում էր (Ա Թագաւորաց 13։6, 7)։ Իհարկե, հարկ եղած դեպքում նախաձեռնություն վերցնելը ինքնին սխալ չէ։d Սակայն չմոռանանք, որ Եհովան կարդում է սրտերը և տեսնում անգամ մեր ամենածածուկ շարժառիթները (Ա Թագաւորաց 16։7)։ Ուստի, ըստ ամենայնի, նա Սավուղի մեջ որոշ հատկություններ էր տեսել, որոնց մասին Աստվածաշնչում ուղղակիորեն արձանագրված չէ։ Օրինակ, Եհովան կարող էր տեսած լինել, որ Սավուղի անհամբերությունը նրա հպարտությունից էր բխում։ Գուցե Սավուղը ծայր աստիճան բարկացած էր, որ ինքը՝ Իսրայելի թագավորը, ստիպված է սպասել իր կարծիքով մի ծեր ու դանդաղկոտ մարգարեի։ Ինչևիցե, փաստն այն է, որ Սավուղի կարծիքով Սամուելի ուշացումը իրեն իրավունք էր տալիս ամեն բան իր ձեռքը վերցնել և արհամարհել տրված կոնկրետ հրահանգները։ Արդյունքն ի՞նչ եղավ։ Սամուելը չողջունեց Սավուղի նախաձեռնությունը. ընդհակառակը, նախատեց նրան՝ ասելով. «Քո թագաւորութիւնը հաստատ չէ լինելու.... որովհետեւ դու չ’պահեցիր ինչ որ Տէրը քեզ պատուիրել էր» (Ա Թագաւորաց 13։13, 14)։ Այս դեպքում ևս ամբարտավանությունը անարգանքի բերեց։
Զգուշացեք անհամբեր լինելուց
18, 19. ա) Բացատրե՛ք, թե ինչպե՛ս կարող է անհամբերությունը Աստծո ժամանակակից ծառայողներին ամբարտավանության դրդել։ բ) Ի՞նչ է պետք միշտ հիշել քրիստոնեական ժողովի գործունեության վերաբերյալ։
18 Սավուղի ամբարտավան արարքից կարող ենք դասեր քաղել (Ա Կորնթացիս 10։11)։ Մեր եղբայրների անկատարությունը հեշտությամբ կարող է մեզ զայրացնել։ Սավուղի նման մենք էլ կարող ենք անհամբերություն դրսևորել՝ մտածելով, որ հարցերը ճիշտ կերպով կլուծվեն միայն այն դեպքում, եթե նախաձեռնությունը մեր ձեռքն առնենք։ Ենթադրենք՝ եղբայրներից որևէ մեկը կազմակերպչական հարցերում լավ ընդունակություններ ունի, ճշտապահ է, հետևում է ժողովին տրվող ընթացիկ հրահանգներին, շնորհալի հռետոր է և ուսուցիչ։ Սակայն, միևնույն ժամանակ, նա զգում է, որ մյուսները իր չափանիշներին նույն բծախնդրությամբ չեն մոտենում և իր ուզածի պես արդյունավետ չեն գործում։ Արդյոք այս բոլոր հանգամանքները նրան իրավունք տալի՞ս են անհամբերություն դրսևորելու։ Արդյոք նա պե՞տք է քննադատի իր եղբայրներին՝ թերևս, ակնարկելով նրանց, որ առանց իր ներդրած ջանքերի ոչինչ էլ չէր արվի, և ժողովը կթուլանար։ Սա արդեն ամբարտավանություն է։
19 Մինչդեռ իրականում ի՞նչն է պահում քրիստոնեական ժողովի միասնականությունը։ Ղեկավարելու ընդունակություննե՞րը, գիտելիքների պաշա՞րը։ Ճիշտ է, դրանք նպաստում են ժողովի հաջող գործունեությանը (Ա Կորնթացիս 14։40; Փիլիպպեցիս 3։16; Բ Պետրոս 3։18)։ Սակայն, ինչպես Հիսուսն ասաց, իր հետևորդները գլխավորաբար ճանաչվելու էին իրենց միջև ունեցած սիրով (Յովհաննէս 13։35)։ Այդ իսկ պատճառով էլ հոգատար երեցները, թեև կարգ ու կանոն են պահպանում, բայցև միաժամանակ հասկանում են, որ ժողովը աշխատանքի վայր չէ, որտեղ խիստ ղեկավարություն է պահանջվում, այլ հոգատար ու սիրալիր խնամքի կարիք ունի (Եսայիա 32։1, 2; 40։11)։ Այդ սկզբունքներն ամբարտավան կերպով արհամարհելը հաճախ վեճեր է ծնում, մինչդեռ Աստծո սահմանած կարգ ու կանոնը միայն խաղաղություն է բերում (Ա Կորնթացիս 14։33; Գաղատացիս 6։16)։
20. Ինչի՞ մասին է խոսվելու հաջորդ հոդվածում։
20 Կորխի, Աբիսողոմի և Սավուղի մասին Աստվածաշնչի արձանագրությունները հստակորեն ցույց են տալիս, որ մարդու ամբարտավանությունը անարգանքի է տանում, ինչպես այդ մասին ասում է Առակաց 11։2 խոսքը։ Սակայն, միևնույն համարում ասվում է նաև, որ «խոնարհների [«համեստների», ՆԱ] հետ իմաստութիւն կայ»։ Ի՞նչ է համեստությունը. Աստվածաշնչի ո՞ր օրինակները կարող են օգնել մեզ լիովին հասկանալու, թե ի՛նչ է իրենից ներկայացնում այս հատկությունը։ Եվ, վերջապես, ինչպե՞ս կարող ենք համեստություն դրսևորել այսօր։ Այս հարցերը կքննարկվեն հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություններ]
a Քանի որ Ռուբենը Հակոբի առաջնեկն էր, նրա այն հետնորդները, որոնց Կորխն իր կողմն էր գրավել, թերևս ոխ ունեին Ղևիի սերնդից եղող Մովսեսի հանդեպ այն բանի համար, որ նա էր գլխավորում իրենց։
b Քիլաբի՝ Դավիթի երկրորդ որդու անունը նրա ծննդից հետո այլևս չի հիշատակված Աստվածաշնչում։ Հնարավոր է՝ Քիլաբը Աբիսողոմի ըմբոստությունից առաջ արդեն մահացած է եղել։
c Աստվածաշնչյան ժամանակներում մահացած մարդու մարմինը թաղելը շատ կարևոր արարողություն էր։ Ուստի, թաղվելուց զրկվելը համարվում էր խայտառակություն և հաճախ Աստծո անբարեհաճությունը հաստատող փաստ (Երեմիա 25։32, 33)։
d Օրինակ՝ Փենեհեսի հապճեպ կատարած քայլը վերջ դրեց տասնյակ հազարավոր իսրայելացիների մահվան պատճառ հանդիսացող պատուհասին, իսկ Դավիթը «Աստծու տան» մեջ իր քաղցած ընկերներին կերակրեց առաջավորության հացով։ Այս երկու արարքներից և ոչ մեկը Աստված ամբարտավանություն չհամարեց (Մատթէոս 12։2–4; Թուոց 25։7–9; Ա Թագաւորաց 21։1–6)։
Հիշո՞ւմ եք
• Ի՞նչ է ամբարտավանությունը։
• Ինչպե՞ս նախանձը Կորխի մեջ ամբարտավան ոգի զարգացրեց։
• Ի՞նչ ենք սովորում փառամոլ Աբիսողոմի մասին պատմությունից։
• Ինչպե՞ս կարելի է խուսափել Սավուղի նման անհամբերություն դրսևորելուց։
[նկար 10–րդ էջի վրա]
Սավուղի անհամբերությունը դրդեց նրան ամբարտավան քայլի։