Ինչո՞ւ նրանք երեխաներ չեն ունենում
ԴԵԼԵ և Ֆոլաa ամուսնական զույգն ապրում ու աշխատում էր «Դիտարան» ընկերության Նիգերիայում գտնվող մասնաճյուղում։ Դեռ նոր էին այնտեղ սկսել ծառայությունը, երբ Ֆոլայի մայրիկն այցելության եկավ։ Նա եկել էր հեռվից՝ խոսելու մի շատ կարևոր հարցի շուրջ, որն իր անքուն գիշերների պատճառն էր դարձել։
«Դուք այնքա՜ն շատ բան եք ինձ համար անում,— ասաց նա Ֆոլային ու Դելեին։— Նվերներ եք ուղարկում, այցելում եք ինձ։ Ձեր ցուցաբերած սերը շատ թանկ է ինձ համար։ Սակայն մի միտք ինձ շարունակ անհանգստացնում է. ո՞վ կանի այս ամենը ձեզ համար, երբ հասնեք իմ տարիքին։ Ահա արդեն երկու տարի է՝ ամուսնացել եք, բայց երեխաներ չունեք։ Ի՞նչ եք մտածում. ժամանակը չէ՞ թողնել Բեթելը և երեխաներ ունենալ»։
Մայրիկն այսպես էր դատում. Դելեն ու Ֆոլան արդեն բավական ժամանակ է, ինչ Բեթելում են։ Իսկ հիմա ժամանակն է ապագայի մասին մտածելու։ Դե իհարկե, նրանց աշխատանքը կարող են ուրիշները կատարել։ Լիաժամ ծառայությունը թողնելու հարկ չկա, պարզապես կարող են ծառայության մեկ այլ ձև ընտրել, որը նրանց հնարավորություն կտա երեխաներ ունենալ ու վայելել ծնող լինելու ուրախությունը։
Ինչո՞ւ էր մայրիկն անհանգստանում
Մայրիկի անհանգստությունը հասկանալի էր։ Երեխաներ ունենալու ցանկությունը ընդունված է եղել բոլոր ժամանակներում և մշակույթներում։ Որդեծնությունը ուրախության և հույսի խորը զգացումներ է արթնացնում։ Աստվածաշնչում ասվում է, որ ‘որովայնի պտուղը պարգև է’։ Այո, երեխաներ ծնելու կարողությունը մեր սիրառատ Ստեղծիչի թանկագին նվերն է (Սաղմոս 127։3; Արևմտ. Աստ.)։
Շատ երկրներում ամուսնական զույգերը երեխաներ ունենալու հարցում հասարակության կողմից մեծ ճնշման են ենթարկվում։ Օրինակ՝ Նիգերիայում, որտեղ կանայք միջին հաշվով վեց երեխա են ծնում, ընդունված է հարսանիքներում նորապսակներին ահա այսպիսի բարեմաղթանքներ ուղղելը. «Թող որ ինն ամիս հետո ձեր տնից երեխայի լացի ձայն լսվի»։ Հնարավոր է, որ հարսն ու փեսան որպես հարսանեկան նվեր օրորոց ստանան։ Զոքանչն ու սկեսուրը ուշադիր հետևում են օրացույցին։ Եթե հարսը մի տարվա ընթացքում չի հղիանում, նրանք սկսում են անհանգստանալ ու մտածել, թե ինչ կարելի է անել այդ ուղղությամբ։
Շատ մայրեր այն կարծիքին են, որ իրենց երեխաներն ամուսնանում են զավակներ ծնելու և սերունդը շարունակելու համար։ Ֆոլային մայրն ասաց. «Էլ ինչո՞ւ ես ամուսնացել, եթե երեխաներ չես ունենալու։ Ինչ–որ մեկը քեզ է լույս աշխարհ բերել, դու էլ պետք է քո երեխաներին լույս աշխարհ բերես»։
Իրականում նման ձևով արտահայտվելու ուրիշ այլ պատճառներ էլ կան։ Աֆրիկյան շատ երկրներում տարեցներին խնամելու վերաբերյալ շատ քիչ կառավարական որոշումներ կան։ Սովորաբար զավակներն են, որ հոգ են տանում հասակն առած ծնողների մասին, ինչպես որ վերջիններս էին անում իրենց երեխաների համար։ Ուստի Ֆոլայի մայրը խորհում էր, որ եթե իր երեխաները զավակներ չունենան, ապա հետագայում նրանց կսպառնա մենակությունը, անցանկալի լինելն ու աղքատությունը. և, ի վերջո, մեռնելուց հետո չի լինի մեկը, որ նրանց թաղի։
Ողջ Աֆրիկայով մեկ երեխաներ չունենալը դժբախտություն է համարվում։ Որոշ վայրերում նույնիսկ ակնկալվում է, որ կանայք իրենց ծնելու կարողությունը ցույց տան նախքան ամուսնանալը։ Շատ անպտուղ կանայք էլ խելահեղորեն զանազան դեղամիջոցների ետևից են ընկնում՝ փորձելով բուժել իրենց ամլությունը։
Այս ամենն ի նկատի ունենալով՝ շատերը կարծում են, որ այն ամուսնական զույգերը, որոնք գիտակցաբար հրաժարվում են երեխաներ ունենալուց, իրենք իրենց զրկում են մի ինչ–որ շահավետ բանից։ Հաճախ նրանց համարում են տարօրինակ, անհեռատես և խղճալի։
Ուրախություն և պատասխանատվություն
Եհովայի ժողովուրդը գիտակցում է, որ ուրախության հետ միասին երեխաներ մեծացնելը իր հետ պատասխանատվություններ էլ է բերում։ Աստվածաշունչն ասում է. «Եթէ մէկը իւրայիններին եւ մանաւանդ ընտանիքին խնամք չի տանում, հաւատն ուրացել է եւ աւելի չար է, քան անհաւատը» (Ա Տիմոթէոս 5։8)։
Ծնողները պարտավոր են հոգալ իրենց ընտանիքի նյութական և հոգևոր կարիքները, իսկ դա բավական ժամանակ և ջանքեր է պահանջում։ Նրանք այսպես չեն մտածում. «Դե, եթե Աստված է երեխաներ տալիս, թող որ ինքն էլ հոգ տանի նրանց մասին»։ Ծնողները գիտակցում են, որ աստվածաշնչյան սկզբունքներով երեխաներ մեծացնելը Աստծո կողմից իրենց տրված ամենօրյա պատասխանատվություն է, որը չպետք է թողնել ուրիշներին (Բ Օրինաց 6։6, 7)։
Զավակներ մեծացնելը հատկապես դժվար է այս «վերջին օրերի չար ժամանակներում» (Բ Տիմոթէոս 3։1–5)։ Բացի այն, որ տնտեսական պայմանները գնալով վատանում են, այսօր հասարակության մեջ աճող ամբարշտության մթնոլորտում երեխա դաստիարակելն ավելի է դժվարանում։ Սակայն, նույնիսկ նման պայմաններում ամբողջ աշխարհում անհաշիվ քրիստոնյա ամուսնական զույգեր ընդունել են այս մարտահրավերը և հաջողությամբ աստվածավախ զավակներ են կրթում «Տիրոջ խրատով եւ ուսումով» (Եփեսացիս 6։4)։ Եհովան սիրում և օրհնում է այդ ծնողներին իրենց դժվար պարտականությունը կատարելու համար։
Ինչո՞ւ ոմանք երեխաներ չեն ունենում
Մյուս կողմից՝ շատ քրիստոնյա զույգեր երեխաներ չեն ունենում։ Ոմանք ամուլ են, բայց և չեն էլ որդեգրում։ Մյուսները, թեպետ ունեն այդ հնարավորությունը, սակայն որոշում են երեխաներ չունենալ՝ իհարկե ոչ այն պատճառով, որ խուսափում են պատասխանատվությունից կամ վախենում են ծնող լինելու դժվարություններից։ Պարզապես նրանք որոշել են իրենց ողջ ուշադրությունը կենտրոնացնել լիաժամ ծառայության զանազան ձևերի վրա, ինչը հնարավոր չէր լինի երեխաներ ունենալու դեպքում։ Որոշ ամուսնական զույգեր էլ ծառայում են որպես միսիոներներ, ուրիշները ծառայում են Բեթելում կամ էլ շրջագայում են ժողովներով։
Ինչպես բոլոր քրիստոնյաները, այս զույգերն էլ են գիտակցում, որ իրենք անհետաձգելի գործ են կատարում։ Հիսուսն ասաց. «Արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը»։ Այսօր այս գործը ընթացքի մեջ է։ Սա կենսականորեն կարևոր աշխատանք է, քանի որ «վախճանը» կործանում է նշանակելու նրանց համար, ովքեր ուշադրություն չեն դարձնում բարի լուրին (Մատթէոս 24։14; Բ Թեսաղոնիկեցիս 1։7, 8)։
Մեր ժամանակները նման են այն օրերին, երբ Նոյն իր ընտանիքի հետ միասին կառուցում էր հսկայական տապանը, որը նրանց փրկեց մեծ Ջրհեղեղից (Ծննդոց 6։13–16; Մատթէոս 24։37)։ Չնայած Նոյի երեք որդիներն էլ ամուսնացած էին, նրանցից ոչ մեկը մինչև Ջրհեղեղի վերջանալը երեխաներ չունեցավ։ Պատճառներից մեկը կարող էր լինել այն, որ այս զույգերը ցանկանում էին իրենց ողջ ուշադրությունն ու ուժերը նվիրել տապանի կառուցմանը։ Մյուս պատճառը, հավանաբար, այն էր, որ այն ժամանակվա աշխարհն ապականված ու դաժան էր. «Շատացել էր մարդկանց չարութիւնը.... եւ նորանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր» (Ծննդոց 6։5)։
Իհարկե, սա չի նշանակում, որ այսօր սխալ է երեխաներ ունենալը, բայցևայնպես, շատ քրիստոնյաներ չեն ցանկանում դա, որպեսզի կարողանան է՛լ ավելի մեծ չափով ներգրավվել Եհովայի կողմից հանձնարարված հրատապ աշխատանքի մեջ։ Որոշ ամուսնական զույգեր միառժամանակ երեխաներ չեն ունեցել, մյուսները որոշել են սպասել մինչև Եհովայի արդար նոր աշխարհի հաստատվելը և հետո զավակներ ծնել։ Արդյո՞ք սա կարճատեսություն չէ։ Նրանք ձեռքից բաց չե՞ն թողնում մի ինչ–որ լավ բան։ Հարկ կա՞ նրանց խղճալու։
Ապահով և ուրախ կյանք
Դելեն ու Ֆոլան, որոնց մասին խոսվեց վերևում, արդեն տասը տարի է, ինչ ամուսնացած են և մտադիր չեն երեխա ունենալ։ «Հարազատները շարունակ ճնշում են գործադրում մեզ վրա,— ասում է Դելեն։— Նրանց անհանգստացնում է մեր ապագա բարօրությունը։ Իհարկե, ամեն անգամ մեր երախտագիտությունն ենք հայտնում նրանց իրենց ուշադրության համար, բայց նաև նրբանկատորեն բացատրում ենք, որ մենք այսպես երջանիկ ենք։ Իսկ ինչ վերաբերում է ապագային, ասում ենք, որ Եհովային ենք ապավինում, որ նա հոգում է բոլոր նրանց կարիքները, ովքեր նվիրված ու հավատարիմ են իրեն։ Նաև բացատրում ենք, որ երեխաներ ունենալը դեռևս երաշխիք չէ, որ ապագայում նրանք հոգ կտանեն իրենց ծեր ծնողներին։ Ոմանց դա քիչ է մտահոգում, մյուսները հնարավորություն չունեն օգնելու, իսկ որոշ երեխաներ էլ ծնողներից շուտ են մահանում։ Բայց մեր ապագան Եհովայի հետ է»։
Դելեն և նրա նման մարդիկ վստահում են Եհովայի՝ իր հավատարիմ ծառաներին տված խոստմանը. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ» (Եբրայեցիս 13։5)։ Նրանք նաև հավատում են, որ «Տիրոջ ձեռքը չէ կարճացել փրկելուց, եւ նորա ականջը չէ ծանրացել լսելուց» (Եսայիա 59։1)։
Վստահ լինելու մեկ այլ պատճառն այն է, թե ինչպես է Եհովան թիկունք կանգնում իր հավատարիմ ծառաներին։ Դավիթ թագավորը գրեց. «Ես երեխայ էի եւ ծերացայ՝ եւ չ’տեսայ արդարին երեսից թողուած»։ Մի պահ խորհիր. ճանաչո՞ւմ ես Եհովայի հավատարիմ ծառաներից մեկին, որը «երեսից թողուած» է (Սաղմոս 37։25)։
Ափսոսանքով ետ նայելու փոխարեն՝ նրանք, ովքեր իրենց կյանքն անց են կացրել Եհովային ու քրիստոնյա հավատակիցներին ծառայելով, բավականությամբ են հիշում այդ տարիները։ Եղբայր Իրո Ուման 45 տարի լիաժամ ծառայության մեջ է եղել և հիմա Նիգերիայում շրջագայող վերակացու է։ Նա ասում է. «Չնայած երեխաներ չունենք՝ մենք չենք մոռանում, որ Եհովան միշտ հոգ է տարել մեզ թե՛ հոգևորապես և թե՛ նյութապես։ Մենք ոչ մի բանի կարիք չենք զգում։ Թեև ծերանում ենք, սակայն նա մեզ չի լքում։ Լիաժամ ծառայության մեջ անցկացրած տարիները մեր կյանքի ամենաուրախ տարիներն են եղել։ Երախտապարտ ենք, որ կարող ենք ծառայել մեր եղբայրներին, իսկ նրանք էլ իրենց հերթին գնահատում են մեր ծառայությունը՝ օգնելով մեզ»։
Ճիշտ է, շատ ամուսնական զույգեր երեխաներ չեն ունենում, բայց դրա փոխարեն նրանք ունեն այլ «երեխաներ», որոնք Եհովային երկրպագող քրիստոնյա աշակերտներն են։ Հովհաննես առաքյալը գրեթե 100 տարեկան էր, երբ գրեց. «Չունեմ աւելի մեծ ուրախութիւն, քան այն, երբ լսում եմ, թէ իմ որդիները ճշմարտութեամբ են ընթանում» (Գ Յովհաննէս 4)։ Հովհաննեսի «որդիները», որոնց նա օգնեց գալու դեպի «ճշմարտության», իրենց հավատարմությամբ մեծ ուրախություն պարգևեցին իրեն։
Նույն ուրախությունը գոյություն ունի նաև այսօր։ Բերնիսը, որը նիգերիուհի է, արդեն 19 տարի է, ինչ ամուսնացել է և կամավոր հրաժարվել է երեխա ունենալուց։ Անցած 14 տարիների ընթացքում նա ծառայել է որպես ռահվիրա։ Թեպետ տարիների հետ այլևս որդեծնության ընդունակ չի լինի, նա չի ափսոսում, որ իր կյանքը նվիրել է աշակերտներ պատրաստելու գործին։ Բերնիսն ասում է. «Ես երջանիկ եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են հոգևոր երեխաներս գնալով աճում։ Նույնիսկ եթե զավակներ էլ ունենայի, չեմ կարող համոզված լինել, որ իրենք ինձ ավելի մտերիմ կլինեին, քան նրանք, որոնց օգնել եմ ճշմարտությունը սովորելու։ Նրանց համար ես հարազատ մոր պես եմ. ինձ հետ կիսում են իրենց թե՛ ուրախությունները և թե՛ տխրությունները, խորհուրդ են հարցնում ինձանից։ Նրանք նամակներ են գրում, և մենք այցելում ենք միմյանց։
Շատերը դժբախտություն են համարում երեխա չունենալը։ Նրանք ասում են՝ երբ որ ծերանաս, կտառապես։ Սակայն չեմ կարծում, որ դա այդպես է։ Ես գիտեմ. քանի դեռ Եհովային անձնվիրաբար ծառայում եմ, նա կվարձատրի ու հոգ կտանի ինձ։ Եվ երբ ծերանամ, նա ինձ երբեք երեսից չի գցի»։
Աստված սիրում և գնահատում է նրանց
Ովքեր երեխաներ են ունեցել և նրանց մեծացրել են այնպես, որ «ճշմարտութեամբ են ընթանում», ուրախ լինելու շատ պատճառներ ունեն։ Ինչպես Աստվածաշունչն է ասում. «Արդարի հայրը անշուշտ պիտի ցնծայ, իմաստունի ծնողը նորանով պիտի ուրախանայ։ Թող ուրախանայ հայրդ ու մայրդ, եւ ցնծայ քո ծնողը» (Առակաց 23։24, 25)։
Իսկ այն քրիստոնյաները, ովքեր չեն զգացել երեխա ունենալու քաղցրությունը, օրհնվում են այլ ձևերով։ Նրանցից շատերը կենսականորեն կարևոր, արժեքավոր ներդրում են ունեցել Թագավորության շահերը ավելի մեծ թափով առաջ տանելու գործում։ Այդ աշխատանքը կատարելու համար նրանք ձեռք են բերել տարիների փորձ, իմաստություն և հմտություններ։ Շատերը Թագավորության գործի «առաջամարտիկներից» են։
Ճիշտ է, հանուն Թագավորության շահերի այս անձնավորությունները հրաժարվել են երեխաներ ունենալուց, բայց Եհովան օրհնել է նրանց հոգևոր սիրառատ ընտանիքով, որը խորապես գնահատում է նրանց կատարած այդ զոհողությունը։ Ինչպես Հիսուսն ասաց. «Չկայ մէկը, որ թողած լինի [բառացի՝ «հեռանա»] տուն, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար կամ Աւետարանի համար եւ այժմ, այս ժամանակի մէջ հարիւրապատիկը չստանայ՝ տներ եւ եղբայրներ եւ քոյրեր եւ մայրեր եւ որդիներ եւ ագարակներ՝ ....եւ այն աշխարհում, որ գալու է՝ յաւիտենական կեանք» (Մարկոս 10։29, 30)։
Որքա՜ն թանկագին են Եհովայի աչքում իրեն հավատարիմ բոլոր մարդիկ։ Պողոս առաքյալը վստահեցնում է նրանց՝ և՛ երեխա ունեցողներին, և՛ չունեցողներին. «Աստուած անիրաւ չէ որ մոռանայ ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք, որ ծառայում էիք սուրբերին եւ ծառայում էք» (Եբրայեցիս 6։10; ԱԹ)։
[ծանոթագրություն]
a Անունները փոխված են։
[նկարներ 23–րդ էջի վրա]
Երեխա չունեցող ամուսնական զույգերն օրհնվում են սիրառատ հոգևոր ընտանիքով։