Ատելությունն արմատախիլ անելու միակ միջոցը
«Չկա ատելություն առանց վախի.... Մենք ատում ենք այն, ինչից որ վախենում ենք, ուստի ատելության ետևում վախն է թաքնված»
(Սիրիլ Կոննոլի՝ գրաքննադատ և խմբագիր)։
ԲԱԶՄԱԹԻՎ սոցիոլոգներ այն կարծիքն են հայտնում, որ ատելությունը խորապես արմատացած է մարդու ենթագիտակցության մեջ։ Ըստ մի քաղաքագետի՝ ատելության զգացումը «գուցե զգալի չափով նույնիսկ ծրագրավորված լինի»՝ որպես մարդու էության մի մասնիկ։
Հասկանալի է, թե մարդու վարքագիծն ուսումնասիրող անձինք ինչու են հանգում նմանատիպ եզրակացությունների։ Չէ՞ որ նրանց ուսումնասիրության առարկա հանդիսացող տղամարդիկ ու կանայք, համաձայն Աստվածաշնչի, ծնվել են «անօրենութիւնով» ու «մեղքով» (Սաղմոս 51։5)։ Արարիչն ինքն էլ հազարամյակներ առաջ, բնութագրելով անկատար մարդկանց՝ «տեսաւ որ շատացել էր մարդկանց չարութիւնը երկրի վերայ, եւ նորանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր» (Ծննդոց 6։5)։
Կանխակալությունը, խտրականությունը և դրանց հետևանքով առաջացող ատելությունը մարդուն ներհատուկ անկատարության և եսասիրության արդյունք են (Բ Օրինաց 32։5)։ Ցավոք, ոչ մի մարդկային կազմակերպության կամ կառավարության՝ անկախ իրենց վարած քաղաքականությունից, չի հաջողվել ընդունել այնպիսի օրենք, որը հնարավորություն կտար փոխել մարդու սիրտը։ Արտասահմանցի թղթակից Ջոհաննա Մակգիրին նշում է. «Ոչ մի «համաշխարհային ժանդարմ», որքան էլ հզոր լինի, չի կարող իր միջամտությամբ վերջ դնել ատելությանը, որն արյունահեղության պատճառ է դարձել Բոսնիայում, Սոմալիում, Լիբերիայում, Քաշմիրում և Կովկասում»։
Ատելությունն արմատախիլ անելու միջոցը գտնելու համար նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է ընկած ատելության դրսևորումների հիմքում։
Ատելություն՝ վախից ծնված
Հայտնի են ատելության դրսևորման զանազան երանգներ ու ձևեր։ Գրող Էնդրյու Սալիվանը դիպուկ նկարագրություն է տալիս. «Կա վախեցողի, և կա լոկ արհամարհողի ատելություն։ Կա ատելություն, որ զորություն է արտացոլում, և կա, որ՝ անզորություն։ Կա վրեժխնդիր ատելություն, կա նախանձից ծնված ատելություն.... Կա հարստահարողի ատելություն, և կա զոհի ատելություն։ Ատելություն կա, որ աստիճանաբար է բորբոքվում, և կա, որ խամրում է։ Բայց կա՝ որ պայթում է, և կա, որ երբեք չի բորբոքվում»։
Անկասկած, ատելությամբ հագեցած մեր ժամանակներում ընդհարումների հիմքում մեծամասամբ սոցիալական և տնտեսական գործոններ են ընկած։ Նախատրամադրվածությունն ու ատելությունը իրենց վառ դրսևորումներն են գտնում հաճախ այն վայրերում, որտեղ ունևորները փոքրամասնություն են կազմում։ Ատելությունը ծնունդ է առնում նաև այն դեպքում, երբ օտարերկրացիների ներհոսքը սպառնում է հասարակության որոշ խավի կենսամակարդակին։
Ոմանց թվում է, թե այս նորեկները մրցակցություն կստեղծեն աշխատանքի շուկայում՝ համաձայնվելով աշխատել ավելի ցածր վարձատրությամբ, կամ էլ՝ նրանց պատճառով կընկնի անշարժ գույքի գինը։ Այլ հարց է, թե որքանով են հիմնավորված նման տագնապները։ Փաստն այն է, որ երբ մարդկանց անհանգստացնում է հնարավոր տնտեսական կորուստը և հասարակայնության կենսամակարդակին կամ ապրելակերպին սպառնացող վտանգը, նրանց մեջ սկսում է գլուխ բարձրացնել կանխակալությունն ու ատելությունը։
Ուրեմն, ատելությունն արմատախիլ անելու համար ո՞րն է առաջին քայլը։ Դա վերաբերմունքի մեջ փոփոխություն մտցնելն է։
Վերաբերմունքի փոփոխություն
«Մարդիկ կարող են փոխվել միայն այն դեպքում, եթե անձամբ ցանկանան դա անել»,— նշում է Մակգիրին։ Սակայն ինչպե՞ս է հնարավոր մարդուն մղել փոխվելու։ Փորձը ցույց է տալիս, որ ատելության դեմ ամենազորեղ, ամենաներգործուն և ամենահուսալի միջոցը Աստծո Խոսքն է՝ Աստվածաշունչը։ Ինչո՞ւ. քանի որ «կենդանի է Աստծու խօսքը, ազդու եւ աւելի հատու, քան ամէն մի երկսայրի սուր. եւ կտրում անցնում է մինչեւ ոգու եւ հոգու, յօդերի եւ ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները» (Եբրայեցիս 4։12)։
Իհարկե, կանխակալ կարծիքից ու ատելությունից հնարավոր չէ ազատվել ինքնաբերաբար, կամ էլ՝ միանգամից։ Սակայն դա ամենևին էլ անհնար չէ։ Հիսուս Քրիստոսը կարողանում էր հուզել մարդկանց սրտերն ու շարժել խղճմտանքը՝ մղելով նրանց փոխվելու։ Միլիոնավոր մարդիկ հաջողության են հասել՝ հետևելով նրա իմաստուն խորհրդին. ‘Սիրեցեք ձեր թշնամիներին և աղոթեցեք նրանց համար, որ հալածում են ձեզ’ (Մատթէոս 5։44)։
Գործելով իր ուսուցանածին համապատասխան, Հիսուսն իր ամենավստահելի ընկերների շարքին դասեց մի մարդու, որն ատված ու մերժված էր հրեական հասարակայնության կողմից՝ նախկին հարկահավաք Մատթեոսին (Մատթէոս 9։9; 11։19)։ Ավելին՝ Հիսուսը հիմնեց մաքուր երկրպագության մի այնպիսի համակարգ, որում ներգրավվելու հնարավորություն էին ստանում նախկինում մերժված ու ատված հազարավոր հեթանոսներ (Գաղատացիս 3։28)։ Այն ժամանակներում հայտնի աշխարհի բոլոր կողմերում ապրող մարդիկ դառնում էին Հիսուս Քրիստոսի հետևորդներ (Գործք 10։34, 35)։ Նրանք հայտնի դարձան իրենց բացառիկ սիրով (Յովհաննէս 13։35)։ Չնայած մարդիկ, ատելությամբ լցված, քարկոծում էին Հիսուսի աշակերտ Ստեփանոսին, նրա վերջին խոսքերը եղան. «Տե՛ր, սա մեղք մի՛ համարիր դրանց», այսինքն՝ Ստեփանոսը իրեն ատողներին ամենալավ բանն էր կամենում (Գործք 6։8–14; 7։54–60)։
Նմանապես ներկայիս ճշմարիտ քրիստոնյաները, արձագանքելով Հիսուսի խորհրդին, բարիք են գործում ոչ միայն հավատակիցներին, այլև նույնիսկ իրենց ատողներին (Գաղատացիս 6։10)։ Նրանք ամեն կերպ ջանում են իրենց կյանքից դուրս վանել չար ատելությունը։ Հասկանալով, թե ինչպիսի ուժեղ գործոններ կան, որոնք կարող են նպաստել մարդու մեջ ատելության առաջացմանը՝ քրիստոնյաները միջոցներ են ձեռնարկում, որպեսզի ատելությունը փոխարինեն սիրով։ Այո՛, ինչպես արտահայտվել է հնում ապրած մի իմաստուն՝ «ատելութիւնը կռիւներ կ’քրքրէ, բայց սէրը ամեն յանցանքները կը ծածկէ» (Առակաց 10։12)։
Հովհաննես առաքյալն ասաց. «Ամէն ոք, ով ատում է եղբօրը, մարդասպան է. եւ գիտենք, որ ամէն մարդասպան իր մէջ յաւիտենական կեանք չունի» (Ա Յովհաննէս 3։15)։ Եհովայի վկաները համամիտ են առաքյալի հետ։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ այսօր նրանք տարբեր ազգերի ներկայացուցիչներ լինելով ու տարբեր մշակութային, կրոնական ու քաղաքական պայմաններում ապրելով՝ կազմում են մեկ միասնական, ատելությունից զերծ, իսկական համաշխարհային եղբայրություն (տեսեք հարակից շրջանակները)։
Ատելությունը արմատախիլ կարվի
Գուցե որևէ մեկն առարկի. «Բայց այս խնդիրը լուծված է միայն այդ մարդկանց համար, իսկ այդպես ատելությունը լիովին չի անհետանա երկրի երեսից»։ Եվ իրոք, նույնիսկ եթե դուք չեք էլ ատում, հնարավոր է, որ ուրիշի ատելության զոհը դառնաք։ Այդ իսկ պատճառով, աշխարհածավալ այս խնդրի իրական լուծումը պետք է Աստծուց ակնկալել։
Աստված մտադիր է շուտով երկրի վրայից վերացնել ատելության բոլոր հետքերը։ Սա տեղի կունենա այն երկնային կառավարության իշխանության ներքո, որի համար Հիսուսը մեզ սովորեցրեց աղոթել. «Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը. քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛» (Մատթէոս 6։9, 10)։
Երբ ստանանք այս աղոթքի ամբողջական պատասխանը, երկրի վրա այլևս գոյություն չեն ունենա ատելություն բորբոքող գործոններն ու դրան նպաստող պայմանները։ Պրոպագանդան, տգիտությունը և կանխակալությունը կփոխարինվեն կրթվածությամբ, ճշմարտությամբ ու արդարությամբ։ Այն ժամանակ, իրոք, Աստված ‘սրբած կլինի ամեն արտասուք. և այլևս մահ չի լինի. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ և ո՛չ չարչարանք’ (Յայտնութիւն 21։1–4)։
Այսօր իսկ լավատես լինելու հիմքեր ունենք։ Կան անհերքելի ապացույցներ, որ մենք ապրում ենք «վերջին օրերում»։ Հետևաբար կարող ենք վստահ լինել, որ շատ շուտով դաժան ատելությունը կվերանա երկրի երեսից (Բ Տիմոթէոս 3։1–5; Մատթէոս 24։3–14)։ Աստծո խոստացած նոր աշխարհում եղբայրասիրությունը կտիրի, քանի որ կվերականգնվի մարդու կատարյալ վիճակը (Ղուկաս 23։43; Բ Պետրոս 3։13)։
Սակայն կարիք չկա սպասել այդպիսի եղբայրություն վայելելու համար։ Շրջանակներում բերված օրինակներից կարող ենք տեսնել, թե ինչպես է քրիստոնեական սերն արդեն տեղ գտել միլիոնավոր անհատների սրտում, ուր հակառակ դեպքում կարող էր ատելությունը լինել։ Դուք նույնպես հրավիրվում եք ընդգրկվելու այդ սիրառատ եղբայրության մեջ։
[շրջանակ 5-րդ էջի վրա]
«Ի՞նչ կաներ Հիսուսը»
1998 թ. հունիսին Տեխասի (ԱՄՆ) գյուղական վայրերից մեկում երեք սպիտակամորթներ հարձակվեցին սևամորթ Ջեյմս Բըրդ կրտսերի վրա։ Նրանք Ջեյմսին տարան մի հեռու, ամայի տեղ, ծեծեցին և ոտքերը շղթայեցին. ապա կապեցին ավտոմեքենայից ու ճանապարհով քարշ տվեցին։ Հինգ կիլոմետր անցնելուց հետո նրա մարմինը բետոնե խրամառվին խփվեց։ Այս դեպքը համարվել է 90–ականների՝ ատելության հողի վրա կատարված ամենասարսափելի հանցագործությունը։
Ջեյմս Բըրդի երեք քույրերը Եհովայի վկաներ են։ Ի՞նչ են նրանք զգում ոճրագործների նկատմամբ։ Իրենց համատեղ խոսքում նրանք ասացին. «Հարազատ մարդուն կտտանքների ու լինչահարության ենթարկելը մեզ աննկարագրելի ցավ ու կորուստ պատճառեց։ Ինչպե՞ս արձագանքել այսպիսի դաժանությանը։ Մեր մտքով երբեք չանցավ նույնով հատուցել, անիծել կամ էլ մարդկանց նրանց դեմ տրամադրել։ Մենք մտածում էինք. «Իսկ ի՞նչ կաներ Հիսուսը։ Ինչպե՞ս կարձագանքեր»։ Պատասխանը միանգամայն պարզ էր։ Նա խաղաղություն ու հույս էր քարոզում»։
Հռովմայեցիս 12։17–19-ը սուրբգրային այն խոսքերից են, որոնք զորացրին նրանց, որպեսզի իրենց սրտում ատելությունը գլուխ չբարձրացնի։ Պողոս առաքյալը գրում է. «Մէկի չարի փոխարէն չար մի՛ հատուցէք.... ինչ չափով հնարաւոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղութիւն պահեցէ՛ք. ինքներդ վրէժխնդիր մի՛ եղէք, սիրելինե՛ր, այլ թոյլ տուէք, որ Աստծու բարկութիւնը կատարի այն, որովհետեւ գրուած է. «Իմն է վրէժխնդրութիւնը, եւ ես կը հատուցեմ»,– ասում է Տէրը»։
Քույրերը շարունակում են. «Մտաբերեցինք, որ մեր հրատարակություններում գրվել էր այն իրողության մասին, որ կլինեն իրավիճակներ, երբ մեր դեմ գործադրված ծայրահեղ անարդարությունը կամ սարսափելի ոճիրը շատ ավելի դժվար կլինի ներել ու պարզապես մոռանալ։ Այսպիսի պարագաներում ներելը կլիներ այն, որ քեզանից վանես հիշաչարությունն ու շարունակես ապրել՝ թույլ չտալով, որ դա ֆիզիկական կամ հոգեկան հիվանդության պատճառ դառնա»։
Ի՜նչ պերճախոս վկայություն. այո՛, Աստվածաշունչը զորություն ունի խոչընդոտելու, որպեսզի ատելությունն արմատներ չգցի մարդու սրտում։
[շրջանակ 6-րդ էջի վրա]
Թշնամությունը վերածվեց բարեկամության
Վերջին տարիներին աշխատանք փնտրելու նպատակով հազարավոր մարդիկ են ներգաղթել Հունաստան։ Սակայն վատթարացող տնտեսական պայմանները նվազեցրին աշխատանք գտնելու հնարավորությունները, և աշխատանքի տեղավորվելու համար պայքարը սաստկացավ։ Հետևանքը եղավ այն, որ զանազան էթնիկական խմբերի միջև մեծ թշնամություն առաջացավ։ Դրա տիպիկ օրինակն է հանդիսանում ալբանացի և բուլղարացի ներգաղթյալների միջև գույություն ունեցող մրցակցությունը, որը նկատվում է Հունսաստանի շատ վայրերում։
Հյուսի–արևմտյան Պելեպոնեսի Կիատո քաղաքում մի բուլղարական ընտանիք և մի ալբանացի տղամարդ սկսեցին Եհովայի վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրել ու այդ ընթացքում ծանոթացան միմյանց հետ։ Աստվածաշնչյան սկզբունքները կիրառելու շնորհիվ նրանց միջից վերացավ այն թշնամությունը, որ գոյություն ուներ այս երկու էթնիկական խմբերի միջև։ Դեռ ավելին, անկեղծ եղբայրական կապվածություն առաջացավ այդ մարդկանց միջև։ Բուլղարացի Իվանը նույնիսկ օգնեց ալբանացի Լուլիսին ապաստան գտնելու իր տան հարևանությամբ։ Նրանց ընտանիքները հաճախ են իրար հետ կիսում կերակուրը և նյութական սուղ միջոցները։ Այժմ թե՛ Իվանը, թե՛ Լուլիսը Եհովայի մկրտված վկաներ են և իրար հետ սերտորեն համագործակցում են բարի լուրը ավետելու համար։ Ավելորդ է նշել, որ այս քրիստոնեական բարեկամությունը հարևանների կողմից աննկատ չի մնում։
[նկար 7–րդ էջի վրա]
Աստծո Թագավորության ներքո՝ ատելության բոլոր հետքերը կանհետանան երկրի վրայից։