Պարտավո՞ր ես հավատալ
ՏԱՍՆԵՐԿՈՒԱՄՅԱ աշակերտը ամբողջովին կլանված էր հանրահաշվի հիմնական սկզբունքներն ըմբռնելու ջանքերով. ուսուցչի կողմից դասարանին ներկայացվել էր առաջին հայացքից շատ պարզ մի մաթեմատիկական հաշվարկ։
Նա սկսել էր այսպես. «Ենթադրենք՝ x=y, և երկուսի արժեքն էլ հավասար է 1–ի»։
«Ի՞նչ կա որ, տրամաբանական է»,— մտածել էր աշակերտը։
Բայց արի ու տես, որ տրամաբանական թվացող չորս քայլերին հաջորդել էր խիստ անսպասելի մի վերջնական արդյունք՝ 2=1։
Ապա ուսուցիչը զարմանքից քար կտրած իր աշակերտներին դիմել էր մի դժվար առաջադրանքով. «Փորձեք հերքել այս արտահայտությունը»։
Ունենալով հանրահաշվի չափազանց սահմանափակ գիտելիքներ՝ աշակերտը չէր կարողանում կողմնորոշվել, թե ինչպես կարելի է հերքել այն։ Հաշվարկի յուրաքանչյուր քայլը թվում էր միանգամայն տեղին։ Հարց է ծագում. պարտավո՞ր էր նա հավատալ այդ տարօրինակ պնդմանը... չէ՞ որ ուսուցիչը շատ ավելի խոր մաթեմատիկական գիտելիքներ ուներ, քան ինքը։ Ոչ։ Նա մտածեց. «Հակառակն ապացուցել չեմ կարող, սակայն առողջ բանականության թելադրանքով՝ վստահ եմ, որ դա անհեթեթություն է» (Առակաց 14։15, 18)։ Նա համոզված էր, որ ո՛չ իր ուսուցիչը և ո՛չ էլ դասընկերներից որևէ մեկը երբևէ չէին համաձայնի փոխանակել երկու դոլլարանոց թղթադրամը՝ մեկով։
Ժամանակի ընթացքում այս աշակերտին հաջողվեց հայտնաբերել հանրահաշվական գործողություններում թաքնված սխալ քայլը։ Բայց նախքան դա տեղի կունենար, նա այս դեպքից չափազանց կարևոր մի դաս քաղեց իր համար. երբ խոր գիտելիքների պաշար ունեցող որևէ մեկը փորձում է խնամքով քողարկված մի կեղծիք մատուցել որպես անհերքելի փաստ, բոլորովին կարիք չկա համաձայնվել այդ անհեթեթ մտքի հետ միայն այն պատճառով, ինչ է թե՝ դեռևս չես կարող ապացուցել դրա հակառակը։ Աշակերտի արարքն իրականում հիշեցնում է աստվածաշնչյան մի շատ գործնական սկզբունք՝ արձանագրված Ա Յովհաննէս 4։1–ում, համաձայն որի՝ կարիք չկա անմիջապես հավատալ ամեն մի լսածի, նույնիսկ եթե թվում է, թե այն գալիս է հեղինակավոր աղբյուրից։
Սա բոլորովին էլ չի նշանակում, թե հարկավոր է ամեն կերպ կառչել նախկինում ձեռք բերած տեսակետից։ Սխալ կլիներ արգելք հանդիսանալ հավաստի տեղեկություններին՝ ներթափանցելու մեր մտածողության ոլորտը և հարկ եղած դեպքում ճշտելու որոշ պատկերացումներ։ Բայցև, միևնույն ժամանակ, կարիք չկա «հալած յուղի տեղ ընդունել» տվյալ փաստարկը լոկ այն հավաստիացմամբ, թե՝ դա մատուցված է խոր գիտելիքների ու հեղինակության տեր անձնավորության կողմից (Բ Թեսաղոնիկեցիս 2։2)։ Իհարկե, ինչ վերաբերում է ուսուցչին, նա դրանով ընդամենը փորձում էր իր աշակերտների գիտելիքները։ Սակայն կյանքում քիչ չեն այն դեպքերը, որոնք անկարելի է դասել այդպիսի անմեղ կատակների շարքը։ Մարդիկ կարող են չափազանց հմտորեն ‘մոլորեցնել խաբեբայության խորամանկությունով’ (Եփեսացիս 4։14; Բ Տիմոթէոս 2։14, 23, 24)։
Փորձագիտական եզրահանգումները մի՞շտ են ճշգրիտ
Գիտական տվյալների մեծ պաշարի հետ մեկտեղ՝ որևէ բնագավառում կատարված փորձաքննական վերլուծությունները կարող են պարունակել հակասական մտքեր և իրարամերժ կարծիքներ։ Վերցնենք, օրինակ, բժշկական գիտություններում անվերջ ծավալվող տարակարծությունը մի այնպիսի հիմնական հարցում, ինչպիսին է հիվանդությունների ծագումը։ «Հիվանդության առաջացման մեջ ժառանգական գործոնի ունեցած դերի հարաբերական առավելությունը պայմանական գործոնների նկատմամբ՝ գիտնականների միջև տաք վիճաբանությունների տեղիք է տալիս»,— գրում է Հարվարդի համալսարանի բժշկագիտության ամբիոնի մի դասախոս։ Դետերմինիզմի կողմնակիցները վստահեցնում են, որ տարբեր հիվանդությունների նկատմամբ մեր ընկալունակությունը հիմնավորապես որոշվում է գեներով։ Մինչդեռ մյուսները պնդում են, որ մարդու ախտաբանական նկարագիրը ձևավորվում է առաջին հերթին միջավայրի ու կենսապայմանների ազդեցությամբ։ Ի պաշտպանություն իրենց տեսակետի՝ երկու կողմերն էլ շտապում են ներկայացնել ուսումնասիրության արդյունքներ ու վիճակագրական տվյալներ։ Բայց, միևնույն է, վիճաբանությունները շարունակում են ծավալվել։
Նորից ու նորից հերքվում են հանրահայտ մտածողների այնպիսի տեսակետներ, որոնք մի ժամանակ դիտվում էին որպես կասկածից դուրս մի բան։ Փիլիսոփա Բերտրան Ռասելը իր «Արևմուտքի փիլիսոփայության պատմություն» գրքում Արիստոտելին ներկայացրել է որպես «բոլոր փիլիսոփաներից ամենաազդեցիկը»։ Բայց դրա հետ մեկտեղ նշել է նաև, որ նրա դրույթներից շատերը «ամբողջովին կեղծ են»։ «Ընդհուպ մինչև մեր ժամանակները,— գրել է նա,— գիտության, տրամաբանության և փիլիսոփայության մեջ գրեթե ամեն մի առաջընթաց տեղի է ունեցել Արիստոտելի հետևորդների խիստ ընդդիմության պայմաններում» («History of Western Philosophy»)։
«Սուտանուն գիտությունը»
Առաջին դարի քրիստոնյաները հավանաբար հաճախ էին հանդիպում հայտնի հունական փիլիսոփաներ Սոկրատեսի, Պլատոնի և Արիստոտելի հետևորդների։ Այդ ժամանակներում հարգի կրթություն ստացած անհատները մտավոր մակարդակով իրենց շատ ավելի բարձր էին դասում քրիստոնյաներից. Հիսուսի աշակերտներից քչերին կարելի էր համարել ‘մարմնապես իմաստուն’ (Ա Կորնթացիս 1։26)։ Փաստ է, որ այդ օրերի փիլիսոփաների մոտ ուսում ստացած անհատները քրիստոնյաների հավատալիքները դիտում էին որպես ‘հիմարություն’ (Ա Կորնթացիս 1։23)։
Եթե դուք լինեիք առաջին դարի քրիստոնյաներից մեկը, բարձրակիրթ խավին պատկանելու վերաբերյալ այդ անժխտելի փաստարկներն ու իմաստության դրսևորումները պիտի դիմավորեի՞ք արդյոք խոր տպավորվածությամբ ու մեծ պատկառանքով (Կողոսացիս 2։8)։ Ըստ Պողոս առաքյալի՝ այդպես վարվելու ոչ մի հիմք չկար։ Նա քրիստոնյաներին հիշեցրեց, որ ‘իմաստունների իմաստությունն’ ու ‘հանճարեղների մտածումները’ Եհովան դիտում է որպես հիմարություն (Ա Կորնթացիս 1։19)։ «Ո՞ւր է իմաստունը,— հարցնում է նա այնուհետև,— ո՞ւր է դպիրը, ո՞ւր է այս աշխարհի քննողը» (Ա Կորնթացիս 1։20)։ Չնայած իրենց փայլուն մտավոր կարողություններին՝ Պողոսի ժամանակներում ապրող փիլիսոփաներից, գրողներից ու քննադատներից և ոչ մեկը չէր կարող ռեալ պատասխան տալ մարդկանց հուզող հարցերին։
Ուստիև, քրիստոնյաներն աշխատում էին հեռու մնալ այն ամենից, ինչը, Պողոս առաքյալի խոսքերով ասած, ընդամենը ‘սուտանուն գիտության հակառակություն’ էր (Ա Տիմոթէոս 6։20, Արևմտ. Աստ.)։ Պողոսն այդ գիտելիքներն անվանում էր սուտանուն, որովհետև նրանցում բացակայում էր հետևյալ կարևոր գործոնը՝ Աստծո Խոսքից բխող հիմնավորումը ի նպաստ տվյալ գաղափարի (Յոբ 28։12; Առակաց 1։7)։ Այդ հիմքի բացակայությունը, ինչպես նաև գերագույն մոլորեցնողի՝ Սատանայի կողմից «կուրացած» լինելը արգելք էին հանդիսանում, որ նման գիտությամբ տարված մարդիկ երբևէ գտնեին իսկական ճշմարտությունը (Ա Կորնթացիս 2։6–8, 14; 3։18–20; Բ Կորնթացիս 4։4; 11։14; Յայտնութիւն 12։9)։
Աստվածաշունչը՝ Աստծուց ստացված ուղեցույց
Վաղ քրիստոնյաները որևէ կասկած չունեին, որ Աստծո կամքը, նպատակներն ու սկզբունքները զետեղված են Սուրբ Գրություններում (Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Այդպիսի դիրքորոշումը նրանց պահպանում էր ամեն տեսակի ‘ճարտարամտության և մարդկային ավանդությունների սնոտի խաբեբայության’ զոհը դառնալուց (Կողոսացիս 2։8)։ Նույնն է իրադրությունը նաև այսօր։ Ի տարբերություն մարդկային խառնիճաղանջ ու հակասական ենթադրությունների՝ Աստծո ներշնչմամբ գրի առնված Խոսքը մեզ տալիս է ամուր հիմքեր, որոնց վրա կարող ենք կառուցել մեր հավատալիքները (Յովհաննէս 17։17; Ա Թեսաղոնիկեցիս 2։13; Բ Պետրոս 1։21)։ Առանց դրա մենք կգտնվեինք անելանելի վիճակում՝ փորձելով ամուր կառույց հիմնել մարդկային գաղափարախոսությունների ու փիլիսոփայությունների ավազուտներում (Մատթէոս 7։24–27)։
Այստեղ որևէ մեկը գուցե առարկի. «Բայց չէ՞ որ որոշ գիտական փաստեր ցույց են տվել Աստվածաշնչում գրվածի անհամապատասխանությունը իրականության հետ, ուստի չենք կարող այն համարել առավել վստահելի, քան մարդկային մշտափոփոխ փիլիսոփայությունները»։ Բերտրան Ռասելը, օրինակ, հայտարարում է, որ «Կոպեռնիկոսը, Կեպլերը և Գալիլեյը ստիպված էին պայքարել Արիստոտելի, և ինչ խոսք՝ նաև Աստվածաշնչի դեմ, հաստատելու համար այն փաստը, որ Երկիրը բոլորովին էլ Տիեզերքի կենտրոնը չէ»։ Եվ կամ՝ մի՞թե այսօրվա դրությամբ արարչագործական տեսության կողմնակիցները Աստվածաշնչի հիման վրա չէ, որ պնդում են, թե՝ երկիրը ստեղծվել է ընդամենը 24–ժամյա տևողության վեց օրերի ընթացքում, այնինչ բազմաթիվ փաստեր վկայում են, որ երկիրը միլիարդավոր տարիներ է, ինչ գոյություն ունի։
Իրականում, Աստվածաշունչը չի ասում, թե Երկիր մոլորակը գտնվում է Տիեզերքի կենտրոնում։ Այդ գաղափարը ուսուցանվել է եկեղեցական առաջնորդների կողմից, որոնք անձամբ հեռու էին Աստծո Խոսքի հանդեպ հավատարիմ լինելուց։ Ինչ վերաբերում է ստեղծագործության մասին «Ծնընդոց» գրքում տրված տեղեկություններին՝ նրանք չեն ժխտում երկրի միլիարդավոր տարիների գոյության վարկածը և յուրաքանչյուր ստեղծագործական օրը չեն սահմանափակում ընդամենը 24 ժամվա տևողությամբ (Ծննդոց 1։1, 5, 8, 13, 19, 23, 31; 2։3, 4)։ Անկողմնակալ աչքով «զննության ենթարկելով» Աստվածաշունչը՝ կարելի է համոզվել, որ թեև այն իրենից չի ներկայացնում «գիտական ձեռնարկ», սակայն չափազանց հեռու է «հիմարություն» լինելուց։ Իրականում, հայտնաբերված գիտական փաստերի հետ նա լիարժեք համաձայնության մեջ է։a
«Մտքի նորոգությունը»
Թեև Հիսուսի աշակերտների մեծամասնությունը հասարակ խավի ներկայացուցիչներ էին և, հավանաբար, առանց աչքի ընկնող կրթության, սակայն ունեին մի եզակի, աստվածաշնորհ առանձնահատկություն։ Անկախ իրենց ծագումից՝ նրանք բոլորն էլ օժտված էին նորոգ մտածողությամբ և խոհականությամբ (խոհեմությամբ)։ Պողոս առաքյալը խրախուսում էր իր հավատակիցներին ամբողջությամբ գործի դնել իրենց «մտքի նորոգությունը», որպեսզի կարողանային քննել, թե «ի՞նչ է Աստծո կամքը՝ բարին, հաճելին և կատարյալը» (Հռովմայեցիս 12։1, 2)։
Աստծուց ստացած «մտքի նորոգության» շնորհիվ՝ առաջին դարի քրիստոնյաները հստակորեն տեսնում էին, որ Աստծո Խոսքի հետ աններդաշնակ ցանկացած փիլիսոփայություն ու գաղափարախոսություն անօգուտ է։ Պատահում էր, որ ժամանակի գիտունները փորձում էին ‘ճշմարտությունը անիրավությամբ բռնած պահել’ և անտեսում էին իրենց շուրջ գտնվող այն բազմաթիվ փաստերը, որոնք վկայում էին Աստծո մասին։ «Ասելով թե իմաստուն են՝ հիմարացան»,— գրում է Պողոս առաքյալը։ Քանի որ նրանք մերժում էին Աստծո և նրա նպատակների մասին ճշմարտությունը, ուստի ‘իրենց մտածմունքներում ունայնացան և նրանց անմիտ սրտերը խավարեցին’ (Հռովմայեցիս 1։18–22, ԱԹ; Երեմիա 8։8, 9)։
Նրանք, ովքեր հավաստիացնում են, թե իրենք շատ բան գիտեն, հաճախ հանդես են գալիս նման եզրակացություններով՝ «Աստված գոյություն չունի» կամ «Աստվածաշունչը արժանահավատ չէ», կամ էլ՝ «Մենք չենք ապրում «վերջին օրերում»»։ Նման մտքերը Աստծո տեսանկյունից այնքան անհեթեթ են, որքան «2=1» արտահայտությունը (Ա Կորնթացիս 3։19)։ Ինչպիսի հեղինակություն էլ որ մարդիկ վերագրեն իրենց, միևնույն է, դուք պարտավոր չեք համաձայնել նրանց այն եզրահանգումներին, որոնք հակառակ են Աստծուն, անտեսում են նրա Խոսքը և կամ՝ չեն ներդաշնակում բանականության թելադրանքին։ Վերջին հաշվով, խելացի վարվելու համար հարկավոր է միշտ նկատի ունենալ հետևյալը՝ «թող Աստուած ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ՝ սուտ» (Հռովմայեցիս 3։4)։
[ծանոթագրություն]
a Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է ընթերցել «Աստվածաշունչը Աստծո՞ խոսքն է, թե՞ մարդկանց» և «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գրքերը՝ հրատարակված «Դիտարան» ընկերության կողմից։
[նկարներ 31–րդ էջի վրա]
Ի տարբերություն մարդկային փոփոխական ենթադրությունների՝ Աստվածաշունչը ապահովում է մեզ հավատի ամուր հիմքերով։
[թույլտվությամբ]
Ձախում՝ Էպիկուրն է. Photograph taken by courtesy of the British Museum; վերևի շարքի մեջտեղում՝ Պլատոնը. National Archaeological Museum, Athens, Greece; իսկ աջ կողմում՝ Սոկրատեսը. Roma, Musei Capitolini