Ցնծալու են նրանք, ովքեր գնում են լույսի մեջ
«Եկէք եւ գնանք Տիրոջ լուսովը» (Եսայիա 2։5)։
1, 2. ա) Ի՞նչ կարևորություն ունի լույսը։ բ) Ինչո՞ւ է լուրջ այն նախազգուշացումը, որ խավարը ծածկելու էր երկիրը։
ԵՀՈՎԱՆ լույսի Աղբյուրն է։ Աստվածաշնչում ասվում է, որ նա «արեգակը դրել է օրուան լոյսի համար, լուսնի եւ աստղերի կանոնները գիշերուայ լոյսի համար» (Երեմիա 31։35; Սաղմոս 8։3)։ Եհովան այն Մեկն է, ով ստեղծել է մեր արեգակը, որը, փաստորեն, մի հսկա միջուկային վառարան է և արձակում է վիթխարի քանակությամբ էներգիա՝ որոշ մասը լույսի և ջերմության վերածված։ Այդ էներգիայի չնչին քանակությունը, որ մեզ է հասնում արեգակի լույսի տեսքով, պահպանում է կյանքը երկրի վրա։ Առանց արեգակի լույսի մենք չէինք կարող գոյություն ունենալ։ Երկիրը կլիներ մի անկենդան մոլորակ։
2 Այս ամենը նկատի ունենալով՝ կարող ենք ըմբռնել այն իրավիճակի լրջությունը, որը նկարագրում է Եսայիա մարգարեն հետևյալ խոսքերով. «Ահա խաւարը՝ երկիրը ու մառախուղը ազգերը պիտի ծածկէ» (Եսայիա 60։2, Արևմտ. Աստ.)։ Սա, իհարկե, չի վերաբերում բառացի խավարին։ Եսայիան չէր ուզում ասել, թե մի օր արեգակը, լուսինը և աստղերը կդադարեն լույս արձակելուց (Սաղմոս 89։36, 37; 136։7–9)։ Ո՛չ, նա խոսում էր հոգևոր խավարի մասին։ Իսկ հոգևոր խավարը մահ է բերում։ Վերջին հաշվով, մենք չենք կարող ապրել առանց հոգևոր լույսի ճիշտ այնպես, ինչպես չենք կարող ապրել առանց ֆիզիկական լույսի (Ղուկաս 1։79, ԱԹ)։
3. Հաշվի առնելով Եսայիայի խոսքերը՝ ի՞նչ պետք է անեն քրիստոնյաները։
3 Այս ամենը հաշվի առնելով՝ շատ կարևոր է նկատել, որ թեպետ Եսայիայի խոսքերը իրականացել են հին Հուդայի վրա, սակայն այսօր դրանք ավելի մեծ կատարում են ունենում։ Այո՛, մեր ժամանակներում աշխարհը պարուրված է հոգևոր խավարով։ Այդպիսի վտանգավոր իրավիճակում խիստ կարևորվում է հոգևոր լույսի դերը։ Ահա թե ինչու քրիստոնյաները պետք է հետևեն Հիսուսի կոչին. «Թող.... փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ» (Մատթէոս 5։16)։ Հավատարիմ քրիստոնյաները կարող են լուսավորել խավարում գտնվող խոնարհ մարդկանց՝ դրանով իսկ նրանց հնարավորություն ընձեռելով կյանք ստանալ (Յովհաննէս 8։12)։
Իսրայելի խավար ժամանակները
4. Ե՞րբ առաջին անգամ իրականացան Եսայիայի մարգարեական խոսքերը, բայց ինչպիսի՞ն էր կացությունը արդեն իսկ նրա օրերում։
4 Եսայիայի խոսքերը՝ երկիրը խավարով ծածկվելու մասին, առաջին անգամ կատարվեցին այն ժամանակ, երբ Հուդան ամայացվեց, իսկ բնակչությունը գերի տարվեց Բաբելոն։ Սակայն, նույնիսկ նախքան այդ դեպքերի կատարվելը՝ հենց Եսայիայի օրերում, ժողովրդի մեծ մասն արդեն ընկղմվել էր հոգևոր խավարի մեջ, ինչը մարգարեին մղեց կոչ անել իր հայրենակիցներին. «Ով Յակոբի տուն, եկէք եւ գնանք Տիրոջ լուսովը» (Եսայիա 2։5; 5։20)։
5, 6. Եսայիայի օրերում ի՞նչ գործոններ էին նպաստում հոգևոր խավարի տարածմանը։
5 Եսայիան Հուդայում մարգարեանում էր «Յուդայի թագաւորների՝ Ոզիայի, Յովաթամի, Աքազի եւ Եզեկիայի օրերումը» (Եսայիա 1։1)։ Դրանք անհանգիստ ժամանակներ էին. քաղաքական իրավիճակն անկայուն էր, հոգևորականները կեղծավոր էին, դատավորները՝ կաշառակեր, իսկ աղքատները ճնշվում էին։ Նույնիսկ հավատարիմ թագավորների, ինչպես օրինակ, Հովաթամի օրոք շատ բլրագագաթների վրա կարելի էր տեսնել կեղծ աստվածների զոհասեղաններ։ Իսկ անհավատարիմ թագավորների օրոք իրավիճակն է՛լ ավելի վատթար էր։ Օրինակ՝ Աքազ թագավորն այն աստիճանի հասավ, որ իրենից ծնվածին զոհ մատուցեց Մողոք աստծուն։ Իրոք որ, խավար ժամանակներ էին (Դ Թագաւորաց 15։32–34; 16։2–4)։
6 Հարաբերությունները մյուս ազգերի հետ ևս լավ բան չէին խոստանում։ Անընդհատ վտանգ կար, որ Մովաբը, Եդովմը և փղշտացիները կհարձակվեին Հուդայի վրա։ Իսրայելի հյուսիսային թագավորությունը, չնայած Հուդայի հետ ունեցած արյունակցական կապին, վերջինիս երդվյալ թշնամին էր։ Իսրայելից այն կողմ՝ ավելի հյուսիս, Ասորիքն էր սպառնում Հուդայի խաղաղությանը։ Էլ ավելի մեծ վտանգ էր իրենից ներկայացնում դաժան Ասորեստանը, որը առիթներ էր փնտրում՝ իր տիրույթներն ընդարձակելու։ Եսայիայի մարգարեանալու շրջանում Ասորեստանը Իսրայել անունով երկիրը ամբողջությամբ ջնջեց քարտեզի վրայից, իսկ Հուդան գրեթե ավերեց։ Կար ժամանակ, երբ Հուդայի բոլոր պարսպավոր քաղաքները, բացի Երուսաղեմից, Ասորեստանի ձեռքում էին գտնվում (Եսայիա 1։7, 8; 36։1)։
7. Ի՞նչ ճանապարհով գնացին Իսրայելն ու Հուդան, և ինչպե՞ս արձագանքեց դրան Եհովան։
7 Աստծո ուխտյալ ժողովուրդը տուժեց այդ աղետներից, քանի որ Իսրայելն ու Հուդան անհավատարիմ էին նրան։ Նրանք «Առակաց» գրքում նշված այն մարդկանց պես էին, որոնք «ուղղութեան ճանապարհները թող[ն]ում են, որպէս զի խաւարի ճանապարհներովը գնան» (Առակաց 2։13)։ Այնուամենայնիվ, թեև Եհովան բարկացել էր իր ժողովրդի վրա, նա վերջնականապես չէր թողել նրանց։ Եհովան վեր կացրեց Եսայիային ու այլ մարգարեների, որոնք հոգևոր լույսի աղբյուր էին հանդիսանալու բոլոր նրանց համար, ովքեր դեռևս ձգտում էին հավատարմորեն ծառայել իրեն։ Այդ մարգարեների միջոցով տրվող լույսն, իրոք, հրաշալի էր։ Դա կենարար լույս էր։
Խավար ժամանակներն այսօր
8, 9. Ի՞նչ գործոններ են այսօր նպաստում, որ աշխարհում տիրապետի խավարը։
8 Եսայիայի օրերի դրությունը շատ նման է այսօրվան։ Մեր ժամանակներում մարդկային առաջնորդները թիկունք են դարձրել Եհովային ու նրա գահակալված Թագավոր Հիսուս Քրիստոսին (Սաղմոս 2։2, 3)։ Քրիստոնեական աշխարհի առաջնորդները խաբել են իրենց հոտերի անդամներին։ Նրանք պնդում են, թե ծառայում են Աստծուն, սակայն, իրականում, նրանց մեծ մասը «պաշտում» է այս աշխարհի աստվածներին, որոնք են՝ ազգայնամոլությունը, ռազմամոլությունը, հարստությունը, ինչպես նաև ականավոր անձանց փառաբանումը՝ չխոսելով դեռ հեթանոսական վարդապետությունների մասին։
9 Ամենուրեք քրիստոնեական աշխարհը ներգրավվել է պատերազմների ու քաղաքական բանավեճերի մեջ, որոնց հատկանշական են եղել էթնիկական մաքրումներն ու այլ սարսափելի գործեր։ Բացի այդ, սուրբգրային բարոյականությանը թիկունք կանգնելու փոխարեն, շատ եկեղեցիներ կա՛մ աչք են փակում այնպիսի անբարոյական գործերի վրա, ինչպիսիք են պոռնկությունն ու համասեռամոլությունը, կա՛մ էլ ակտիվորեն պաշտպանում են դրանք։ Որպես հետևանք աստվածաշնչյան չափանիշների մերժման՝ քրիստոնեական աշխարհի հոտերի անդամները նմանվում են այն մարդկանց, որոնց մասին հին ժամանակներում սաղմոսերգուն ասել է. «Չեն իմանում եւ միտք չեն առնում. խաւարի մէջ են գնում» (Սաղմոս 82։5)։ Ճշմարտապես, քրիստոնեական աշխարհը, հին Հուդայի պես, գտնվում է խոր խավարում (Յայտնութիւն 8։12)։
10. Ինչպե՞ս է լույսը շողում այսօրվա խավարում և ինչո՞ւմ է օգնում խոնարհներին։
10 Այդ խավարի մեջ Եհովան լույս է շողացնում՝ հանուն խոնարհների։ Նա անում է դա երկրում գտնվող իր օծյալ ծառաների՝ «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» միջոցով, որոնք ‘փայլում են ինչպես լուսատուներ աշխարհում’ (Մատթէոս 24։45; Փիլիպպեցիս 2։15)։ Այդ ծառա դասակարգը, որին աջակցում են միլիոնավոր «այլ ոչխարներ», արտացոլում է Աստծո Խոսքից՝ Աստվածաշնչից բխող լույսը (Յովհաննէս 10։16)։ Այս խավար աշխարհում այդպիսի լույսը հույս է տալիս խոնարհներին, օգնում է նրանց փոխհարաբերություններ ունենալ Աստծո հետ և խուսափել հոգևոր ծուղակներից։ Դա հրաշալի ու կենարար լույս է։
«Գովում եմ քո անունը»
11. Ինչի՞ մասին Եհովան հաղորդեց Եսայիայի օրերում։
11 Ի՞նչ առաջնորդություն տվեց Եհովան Եսայիայի ապրած խավար օրերում և հաջորդող էլ ավելի խավար ժամանակներում, երբ բաբելոնացիները նրա ժողովրդին գերության տարան։ Բացի բարոյական հարցերի շուրջ առաջնորդություն տալուց՝ Եհովան նախօրոք հստակորեն ուրվագծեց, թե ինչպես էր իրականացնելու իր նպատակները՝ կապված իր ժողովրդի հետ։ Քննարկենք, օրինակ, «Եսայիա» գրքի 25–27 գլուխներում գրված հիանալի մարգարեությունները։ Այս գլուխներում պարունակված խոսքերը ցույց են տալիս, թե ինչպես է Եհովան վերահսկել իրավիճակները հնում և ինչպես է դա անելու ներկայումս։
12. Ի՞նչ սրտաբուխ խոսքեր ասաց Եսայիան։
12 Նախևառաջ, Եսայիան հայտարարում է. «Եհովայ, դու իմ Աստուածն ես. ես քեզ բարձրացնում եմ, գովում եմ քո անունը»։ Փառաբանության ի՜նչ սրտաբուխ արտահայտություն։ Սակայն ի՞նչը մղեց մարգարեին այդպես աղոթելու։ Դրա հիմնական պատճառը գրված է Եսայիա 25։1–ի երկրորդ մասում. «Քանզի սքանչելի բաներ ըրիր, քու վաղեմի խորհուրդներն հաւատարիմ եւ ճշմարիտ են» (Արևմտ. Աստ.)։
13. ա) Ինչի՞ մասին իմանալը Եսայիայի սիրտը երախտագիտությամբ լցրեց Եհովայի նկատմամբ։ բ) Ի՞նչ կարող ենք սովորել Եսայիայի օրինակից։
13 Եհովան բազմաթիվ սքանչելի բաներ էր արել Իսրայելի համար մինչև Եսայիայի օրերը, որոնց մասին գրի էր առնված։ Անկասկած, Եսայիան ծանոթ էր այդ գրվածքներին։ Օրինակ՝ նա գիտեր, որ Եհովան իր ժողովրդին ազատել էր Եգիպտոսի գերությունից ու փրկել փարավոնի բանակի ցասումից Կարմիր ծովի մոտ։ Նա գիտեր, որ Եհովան առաջնորդել էր իր ժողովրդին անապատի միջով ու նրանց բերել Ավետյաց երկիր (Սաղմոս 136։1, 10–26)։ Այդ պատմական փաստերը ցույց էին տալիս, որ Եհովա Աստված հավատարիմ է և ճշմարիտ։ Նրա «խորհուրդները»՝ իր նպատակադրած բոլոր բաները, իրականացել էին։ Աստծո կողմից տրված ճշգրիտ գիտությունը զորացրեց Եսայիային, որպեսզի շարունակեր գնալ լույսի մեջ։ Ուստի, նա հրաշալի օրինակ է հանդիսանում մեզ համար։ Եթե մենք ուշադրությամբ ուսումնասիրենք Աստծո գրված Խոսքը և կիրառենք կյանքում, ապա նույնպես կմնանք լույսի մեջ (Սաղմոս 119։105; Բ Կորնթացիս 4։6)։
Քաղաքն ավերված է
14. Քաղաքի վերաբերյալ ի՞նչ է մարգարեացվում, և, հավանաբար, ո՞ր քաղաքն էր դա։
14 Աստծո ‘խորհրդի’ մի օրինակ է տրված Եսայիա 25։2–ում, որտեղ կարդում ենք. «Քաղաքիցը հողակոյտ շինեցիր, պարըսպաւոր քաղաքը՝ փլատակ. քաղաքը՝ օտարների պալատ[ը], յաւիտեան չէ շինուելու»։ Ո՞ր քաղաքի մասին է խոսքը։ Եսայիան, հավանաբար, մարգարեանում էր Բաբելոնի մասին։ Եվ իսկապես, ժամանակը եկավ, ու Բաբելոնը ամբողջությամբ հողակույտի վերածվեց։
15. Ի՞նչ «մեծ քաղաք» գոյություն ունի այսօր, և ի՞նչ է պատահելու նրան։
15 Արդյո՞ք Եսայիայի հիշատակած քաղաքը իր նմանօրինակն ունի մեր օրերում։ Այո՛։ «Յայտնութիւն» գրքում խոսվում է ‘մեծ քաղաքի [մասին], որը թագավորում է երկրի թագավորների վրա’ (Յայտնութիւն 17։18)։ Այդ մեծ քաղաքը «Մեծն Բաբելոնն» է՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը (Յայտնութիւն 17։5)։ Այսօր Մեծ Բաբելոնի մեջ առաջատար դիրք է գրավում քրիստոնեական աշխարհը, որի հոգևորականությունը առաջնորդություն է վերցնում՝ խանգարելու Եհովայի ժողովրդի կողմից իրականացվող Թագավորության քարոզչության գործին (Մատթէոս 24։14)։ Սակայն, ինչպես հին Բաբելոնը, այնպես էլ Մեծ Բաբելոնը շուտով ավերվելու է երբեք ոտքի չկանգնելու հեռանկարով։
16, 17. Ինչպե՞ս են Եհովայի թշնամիները փառք տվել նրան հնում և ներկայումս։
16 Ուրիշ ի՞նչ է մարգարեանում Եսայիան «պարսպաւոր քաղաքի» մասին։ Դիմելով Եհովային՝ Եսայիան ասում է. «Քեզ պիտի պատուէ զօրաւոր ժողովուրդը, ահարկու ազգերի քաղաքը պիտի վախենայ քեզանից» (Եսայիա 25։3)։ Ինչպե՞ս էր այս թշնամական, «ահարկու ազգերի քաղաքը» պատվելու Եհովային։ Եկեք հիշենք, թե ինչ պատահեց Բաբելոնի ամենահզոր թագավոր Նաբուգոդոնոսորին։ Սթափվելով իր հետ պատահած դեպքից, որը ցույց տվեց, թե որքան անկարող է նա, Նաբուգոդոնոսորը ստիպված էր ընդունել Եհովայի մեծությունն ու ամենակարող զորությունը (Դանիէլ 4։34, 35)։ Երբ Եհովան երևան հանի իր զորությունը, նույնիսկ իր թշնամիներն են ստիպված լինելու ընդունել, թեկուզև դժկամորեն, որ նա զորեղ գործեր է կատարում։
17 Արդյոք Մեծ Բաբելոնը երբևէ ստիպվա՞ծ է եղել ընդունելու, որ Եհովան զորեղ գործեր է կատարում։ Այո՛։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Եհովայի օծյալ ծառաները քարոզում էին՝ չնայած փորձություններին։ 1918 թ.–ին նրանք հոգևոր գերության մեջ ընկան, երբ «Դիտարան» ընկերության պատասխանատու անձանց բանտարկեցին։ Կազմակերպված քարոզչական աշխատանքը համարյա դադարեց։ Այնուհետև՝ 1919–ին, Եհովան վերականգնեց ու զորացրեց նրանց իր ոգով, որից հետո նրանք նպատակ դրեցին իրականացնել բոլոր ժողովուրդներին բարի լուրը քարոզելու հանձնարարությունը (Մարկոս 13։10)։ Այս բոլորը, ինչպես նաև այն, թե ինչ ազդեցություն էր դա թողնելու հակառակորդների վրա, մարգարեացված էր «Յայտնութիւն» գրքում։ Նրանք «մեծ վախով բռնուեցան, եւ փառք տուին երկնքի Աստուծուն» (Յայտնութիւն 11։3, 7, 11–13, ԱԹ)։ Դա չէր նշանակում, թե բոլորը փոխեցին իրենց հավատը, այլ նրանք ստիպված էին ընդունել, որ Եհովան այդ ժամանակ զորեղ գործ կատարեց՝ ճիշտ Եսայիայի կանխագուշակածի պես։
«Ապաւէն.... աղքատին»
18, 19. ա) Ինչո՞ւ հակառակորդներին չի հաջողվել կոտրել Եհովայի ժողովրդի ուղղամտությունը։ բ) Ինչպե՞ս «բռնաւորներուն ցնծութեան ձայնը պիտի ցածնայ»։
18 Այնուհետև, շեշտելով Աստծո բարյացակամությունը լույսի մեջ գնացողների նկատմամբ, Եսայիան ասում է Եհովային. «Դուն ապաւէն եղար աղքատին, ապաւէն՝ չքաւորին իր նեղութեան ատենը, ապաստանարան՝ փոթորիկէն, հովանի՝ տաքութենէն, երբ անօրէն մարդոց կատաղութիւնը պատ փլցնող փոթորիկի պէս գայ։ Օտարականներուն աղաղակը չոր տեղին տաքութեանը պէս պիտի մեղմացնես։ Ինչպէս տաքութիւնը ամպի հովանիով կ’իջնէ, այնպէս բռնաւորներուն ցնծութեան ձայնը պիտի ցածնայ» (Եսայիա 25։4, 5, Արևմտ. Աստ.)։
19 1919–ից սկսած՝ «բռնաւորները» ամեն ինչ արել են կոտրելու ճշմարիտ երկրպագուների ուղղամտությունը, սակայն դա նրանց չի հաջողվել։ Ինչո՞ւ։ Քանի որ Եհովան ապավեն ու ապաստարան է։ Նա հովանի է իր ժողովրդի համար հալածանքի կիզիչ տաքությունից և ամուր պատի նման կանգնում է՝ պաշտպանելու նրանց հակառակության փոթորկից։ Մենք, որ գնում ենք Աստծո լույսի մեջ, վստահաբար սպասում ենք այն ժամանակին, երբ «բռնաւորներուն ցնծութեան ձայնը պիտի ցածնայ»։ Այո՛, անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ Եհովայի թշնամիներն այլևս գոյություն չեն ունենա։
20, 21. Ի՞նչ խնջույք է կազմակերպել Եհովան, և ի՞նչ է այդ խնջույքը նշանակելու նաև նոր աշխարհում։
20 Եհովան իր ծառաներին պաշտպանելուց ավելին է անում։ Նա հոգ է տանում նրանց՝ որպես սիրառատ Հայր։ 1919–ին իր ժողովրդին արձակելով Մեծ Բաբելոնի գերությունից՝ Եհովան նրանց համար հաղթության խնջույք կազմակերպեց՝ առատ հոգևոր սնունդ մատակարարելով։ Սա կանխագուշակված էր Եսայիա 25։6–ում, որտեղ կարդում ենք. «Զօրաց Տէրը բոլոր ազգերի համար այս սարի վերայ խնջոյք է անելու պարարտ բաներով հին գինիներով, ծուծով լիքը պարարտ բաներով, հին եւ մաքրուած գինիներով»։ Ի՜նչ օրհնյալ վիճակում ենք գտնվում՝ մասնակցելով այդ խրախճանքին (Մատթէոս 4։4)։ Իրոք որ, Եհովայի «սեղանը» ծայրեծայր լցված է համեղ կերակուրներով (Ա Կորնթացիս 10։21)։ «Հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» միջոցով մենք միշտ ստանում են այն ամենը, ինչ որ անհրաժեշտ է հոգևոր առումով։
21 Սակայն Աստված, այդ խնջույքից բացի, ուրիշ բան էլ է նախատեսել։ Այն հոգևոր խրախճանքը, որ այսօր վայելում ենք, մեզ հիշեցնում է առատ բառացի սննդի մասին, որը կունենանք Աստծո խոստացած նոր աշխարհում։ Ուստի, «խնջոյքը.... պարարտ բաներով» նշանակելու է նաև ֆիզիկական սննդի առատություն։ Ոչ ոք բառացի կամ հոգևոր իմաստով քաղցած չի լինելու։ Ի՜նչ թեթևացում են ապրելու այն սիրելի հավատարիմ մարդիկ, որոնք այժմ դժվարություններ են կրում սննդի պակասությունից, որը Հիսուսի ներկայության մասին կանխագուշակված «նշանի» երեսակներից մեկն է (Մատթէոս 24։3, 7)։ Նրանց, իրոք, շատ են մխիթարում սաղմոսերգուի խոսքերը, որն ասաց. «Ցորենի առատութիւն կ’լինի երկրի մէջ սարերի գլուխների վերայ» (Սաղմոս 72։16)։
22, 23. ա) Ի՞նչ «վարագոյր», կամ «ծածկոց» է հեռացվելու, և ինչպե՞ս։ բ) Ինչպե՞ս է Եհովայի ժողովրդի «նախատինքը» վերացվելու։
22 Այժմ լսեցեք է՛լ ավելի սքանչելի մի խոստման մասին։ Համեմատելով մեղքն ու մահը «վարագոյրի», կամ «ծածկոցի» հետ՝ Եսայիան ասում է. «[Եհովան] բնաջինջ է անելու այս սարի վերայ երեսի ծածկոցը, որ ծածկում է բոլոր ժողովուրդներին, եւ այն վարագոյրը, որ վարագուրուած է բոլոր ազգերի վերայ» (Եսայիա 25։7)։ Պատկերացնո՞ւմ եք։ Մեղքն ու մահը, որ շնչահեղձ անող փաթաթանի պես խեղդում են մարդկությանը, այլևս չեն լինելու։ Որքա՜ն ենք փափագում այն օրվան, երբ Հիսուսի քավիչ զոհաբերության օգուտները լիակատար կերպով կկիրառվեն՝ հանուն հնազանդ և հավատարիմ մարդկության (Յայտնութիւն 21։3, 4)։
23 Մատնացույց անելով այդ փառավոր ժամանակներին՝ ներշնչված մարգարեն վստահեցնում է մեզ. «[Աստված] պիտի կլանէ մահին յաւիտեան, եւ Եհովայ Տէրը պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից, եւ իր ազգի ամօթը («նախատինքը», Արևմտ. Աստ.) պիտի հեռացնէ բոլոր երկրի վերայից, որովհետեւ Տէրն է ասում» (Եսայիա 25։8)։ Մարդիկ այլևս չեն մահանա ծերությունից կամ հիվանդությունից, ոչ էլ կարտասվեն հարազատի մահվան պատճառով։ Ի՜նչ երանելի փոփոխություն։ Երկրի վրա այլևս ոչ մի տեղ նախատինքի ձայն չի լսվելու, դադարելու է կեղծ պրոպագանդան, որոնց Աստված և իր ծառաները այդքան երկար ժամանակ համբերել են։ Ո՞րն է պատճառը։ Պատճառն այն է, որ Եհովան վերացնելու է այդ ամենի աղբյուրին՝ ստության հայր Բանսարկու Սատանային՝ իր ողջ սերնդով հանդերձ (Յովհաննէս 8։44)։
24. Ինչպե՞ս են լույսի մեջ գնացողները արձագանքում այն բանին, որ Եհովան, հանուն իրենց, զորեղ գործեր է կատարում։
24 Լույսի մեջ գնացողները, խորհրդածելով Եհովայի զորության այսպիսի դրսևորումների շուրջ, ցանկություն են ունենում բացականչելու. «Ահա մեր Աստուածը, որին մենք յուսացել ենք, եւ նա մեզ փրկեց. Եհովան է սա, որին յուսացել ենք, ուրախանալու եւ ցնծալու ենք նորա փրկութիւնովը» (Եսայիա 25։9)։ Շուտով բոլոր արդար մարդիկ հիմնավոր պատճառ կունենան ցնծալու։ Խավարն ամբողջությամբ ցրվելու է, և հավատարիմ մարդիկ հավիտյան լցվելու են Եհովայի լույսով։ Կա՞ ավելի փառահեղ հեռանկար։ Անշուշտ, չկա՛։
Կարո՞ղ եք բացատրել
• Ինչո՞ւ է այսօր կենսական լույսի մեջ գնալը։
• Ինչո՞ւ Եսայիան գովեց Եհովայի անունը։
• Ինչո՞ւ թշնամիները երբեք չեն կոտրի Եհովայի ժողովրդի ուղղամտությունը։
• Ի՞նչ մեծ օրհնություններ են սպասում նրանց, ովքեր գնում են լույսի մեջ։
[նկար 12–րդ և 13–րդ էջերի վրա]
Հուդայի բնակիչները երեխաներ էին զոհաբերում Մողոքին
[նկարներ 15–րդ էջի վրա]
Եհովայի զորավոր գործերի մասին տեղյակ լինելը մղեց Եսայիային գովել նրա անունը
[նկար 16–րդ էջի վրա]
Արդարները հավիտյան կլցվեն Եհովայի լույսով