Ճշմարիտ քրիստոնեությունը զորանում է
«[Աստծո] խօսքը մեծապէս կ’աճէր եւ կը զօրանար» (Գործք 19։20, Արևմտ. Աստ.)։
1. Ինչպիսի՞ աճ ապրեց քրիստոնեությունը առաջին դարի ընթացքում։
ՍՈՒՐԲ ոգու զորությամբ խանդավառված՝ վաղ քրիստոնյաները չթուլացող նախանձախնդրությամբ էին հռչակում Աստծո խոսքը։ Մի պատմաբան գրել է. «Քրիստոնեությունը զարմանալի արագությամբ տարածվեց հռոմեական աշխարհում։ Արդեն 100 թ.–ին Միջերկրական ծովի շրջանում գտնվող գրեթե յուրաքանչյուր պրովինցիայում քրիստոնեական համայնք կար»։
2. Ինչպե՞ս Սատանան կասեցրեց բարի լուրի տարածումը, և ինչպե՞ս էր դա կանխագուշակվել։
2 Չկարողանալով որևէ կերպ լռեցնել վաղ քրիստոնյաներին՝ Բանսարկու Սատանան կասեցրեց բարի լուրի տարածումը մեկ այլ միջոցով՝ հավատուրացությամբ։ Հիսուսը կանխագուշակել էր զարգացման այս ընթացքը ցորենի և որոմների առակը պատմելիս (Մատթէոս 13։24–30, 36–43)։ Պետրոս առաքյալը նույնպես զգուշացրել էր, որ սուտ ուսուցիչներ էին հայտնվելու ժողովի ներսում, որոնք կորստաբեր հերձվածներ էին ներմուծելու (Բ Պետրոս 2։1–3)։ Պողոս առաքյալն էլ էր առանձնահատուկ կերպով նախազգուշացրել, որ հավատուրացությունը նախորդելու էր Եհովայի օրվան (Բ Թեսաղոնիկեցիս 2։1–3)։
3. Ի՞նչ տեղի ունեցավ առաքյալների մահից հետո։
3 Առաքյալների մահից հետո բարի լուրը նսեմացվեց հեթանոսական ուսմունքների և փիլիսոփայությունների կողմից։ Ինչպես և կանխագուշակվել էր, սուտ ուսուցիչները աղավաղեցին ու արատավորեցին ճշմարտության անաղարտությունը։ Աստիճանաբար ճշմարիտ քրիստոնեությունը դուրս մղվեց իր շինծու նմանակի՝ քրիստոնյա աշխարհի կողմից։ Առաջ եկավ մի հոգևոր դաս, որը ձգտում էր Աստվածաշունչը հեռու պահել հասարակ ժողովրդից։ Թեպետ իրենց քրիստոնյա անվանողների թիվը շատանում էր, այնուամենայնիվ, նրանց երկրպագությունն ընդունելի չէր։ Ու չնայած քրիստոնյա աշխարհը ընդլայնվեց տարածքային առումով, դարձավ հզոր հաստատություն և գերակշիռ ուժ Արևմուտքում՝ նա չուներ ո՛չ Աստծո օրհնությունը, ո՛չ էլ նրա ոգին։
4. Ինչո՞ւ Սատանային չհաջողվեց խափանել Աստծո նպատակները։
4 Սակայն, Եհովայի նպատակները խափանելուն ուղղված Սատանայի խարդավանքներն անհաջողության էին դատապարտված։ Հավատուրացության նույնիսկ ամենախավար ժամանակներում, այնուամենայնիվ, ոմանք ճշմարիտ քրիստոնեություն էին դավանում։ Աստվածաշնչի գրագիրները գրքի բովանդակությունը ճշգրտորեն փոխանցելու համար մեծ ջանքեր էին գործադրում։ Ուստի, Աստվածաշունչը ինքնին անձեռնմխելի մնաց, թեև նրա լուրը աղավաղվեց նրանց կողմից, ովքեր հավակնում էին այն սովորեցնելու իրավունք ունենալ։ Դարերի ընթացքում այնպիսի գիտնականներ, ինչպիսիք Հերոնիմն ու Թինդալն էին, արիաբար թարգմանում ու տարածում էին Աստծո Խոսքը։ Աստվածաշունչը միլիոնավոր մարդկանց իր կողմը ձգեց, և այդ մարդիկ դավանում էին քրիստոնեության, թեկուզ և ոչ ճշմարիտ, ձևերից որևէ մեկը։
5. Ի՞նչ է նախագուշակել Դանիել մարգարեն ճշմարիտ գիտության վերաբերյալ։
5 Ի վերջո, ինչպես և նախագուշակված էր «Դանիէլ» գրքում, ճշմարիտ ‘գիտությունը շատացավ’։ Դա տեղի ունեցավ «վերջի ժամանակում»՝ այն ժամանակներում, որում հիմա մենք ենք ապրում (Դանիէլ 12։4)։ Ամբողջ աշխարհում սուրբ ոգին առաջնորդեց ճշմարտություն սիրողներին դեպի ճշմարիտ Աստծո ճշգրիտ գիտությունն ու նրա նպատակների իմացությունը։ Այո՛, դարեր շարունակ տիրապետած հավատուրացությունից հետո էլ Աստծո խոսքը զորանում է։ Այսօր բարի լուրը քարոզվում է ամենուր, և չքնաղ նոր աշխարհի հույս է տրվում մարդկանց (Սաղմոս 37։11)։ Եկեք այժմ քննենք, թե ինչպես է Աստծո խոսքը աճել մեր օրերում։
Խոսքի աճը՝ այսօր
6. Արդեն 1914 թ.–ին ի՞նչ ճշմարտություններ էին հասկացել Աստվածաշունչ ուսումնասիրողները։
6 19–րդ դարի վերջում մի խումբ Աստվածաշնչի ուսումնասիրողներ, որոնք այսօր անվանվում են Եհովայի վկաներ, աշխուժորեն սկսեցին հետաքրքրվել Աստվածաշնչի ճշմարտությամբ։ 1914թ.–ին արդեն Աստվածաշունչը բաց գիրք էր հանդիսանում նրանց համար և նրանք հրաշալի ճշմարտություններ հասկացան Աստծո նպատակների վերաբերյալ։ Այդ մարդկանց խորապես հուզեց Եհովայի սերը, որը նա ցուցաբերեց՝ երկիր ուղարկելով իր Որդուն՝ դրանով իսկ բաց անելով հավիտենական կյանք տանող դուռը։ Նրանք նաև իմացան ու մեծապես գնահատեցին Աստծո անունը և նրա ինչպիսի անձնավորություն լինելը։ Նաև հասկացան, որ «հեթանոսների ժամանակները» արդեն վերջացել են, ինչը ցույց էր տալիս, որ մոտ է ժամանակը, երբ Աստծո Թագավորությունն օրհնություններ էր բերելու մարդկությանը (Ղուկաս 21։24)։ Ի՜նչ փառահեղ բարի լուր։ Հարկավոր էր այս զորեղ ճշմարտությունները ամենուրեք հաղորդել յուրաքանչյուրին։ Մարդկանց կյա՛նքն էր հարցականի տակ։
7. Ինչպե՞ս է Աստվածաշնչի ճշմարտությունը զորացել մեր օրերում։
7 Եհովան օրհնեց այդ փոքրաթիվ, ոգով օծված քրիստոնյաներին։ Այսօր ճշմարիտ քրիստոնեությանը հարողների թիվն անցնում է վեց միլիոնից։ Աստծո խոսքը «աճել» է նաև տարածքային առումով, որովհետև Եհովայի վկաների կարելի է հանդիպել աշխարհի 235 երկրներում։ Բացի այդ, Աստվածաշնչի ճշմարտությունը ցույց տվեց իր ուժը՝ զորանալով ամեն տեսակի դժվարությունների նկատմամբ, այդ թվում նաև՝ կրոնական։ Այս համաշխարհային գործունեությունը անհերքելիորեն ցույց է տալիս, որ Հիսուսը ներկա է իր թագավորական իշխանությամբ (Մատթէոս 24։3, 14)։
8. Ինչպե՞ս են արտահայտվում Եհովայի վկաների աճի մասին։
8 Ինչպես անցյալում պատմաբաններն են նշել առաջին դարում քրիստոնեության ապշեցուցիչ աճի մասին, այնպես էլ մեր օրերում շատ գիտնականներ արտահայտվել են Եհովայի ժողովրդի աճի մասին։ Միացյալ Նահանգներում երկու գիտնականներ միասին գրեցին. «Անցած 75 տարիների ընթացքում Եհովայի վկաները արտակարգ աճ են ունեցել.... նաև համաշխարհային մասշտաբով»։ Արևելաաֆրիկյան մի հանդես արտահայտվել է Վկաների մասին՝ որպես «աշխարհի արագորեն տարածվող և մեծ հարգանք վայելող կրոններից մեկի, որը միջազգային մակարդակով հայտնի է աստվածաշնչյան ուսուցումների հանդեպ իր լիակատար հավատարմությամբ»։ Իսկ Եվրոպայում հրատարակվող մի պահպանողական կաթոլիկ հանդեսում գրվել է «Եհովայի վկաների վիթխարի աճի» մասին։ Ի՞նչն է նպաստել այս աճին։
Սուրբ ոգին գործում է այսօր
9. ա) Ո՞րն է այսօր Աստծո խոսքի զորանալու հիմնական պատճառը։ բ) Ինչպե՞ս է Եհովան մարդկանց իր կողմը գրավում։
9 Աստծո խոսքը զորանում է այսօր։ Դրա հիմնական պատճառն այն է, որ Եհովայի ոգին հուժկու կերպով գործում է ճիշտ այնպես, ինչպես որ առաջին դարում։ Հիսուսն ասաց. «Ոչ ոք չի կարող գալ դէպի ինձ, եթէ նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց» (Յովհաննէս 6։44)։ Նրա խոսքերից երևում է, որ Աստված զգուշորեն իր կողմն է գրավում նրանց, ովքեր ճիշտ տրամադրվածություն ունեն հավիտենական կյանքի հանդեպ՝ դիմելով նրանց սրտերին։ Իր Վկաների քարոզչական գործունեության միջոցով Եհովան ծառայելու է հրավիրում «բոլոր ազգերի ցանկալիքին»՝ երկրագնդի խոնարհ, ոչխարանման մարդկանց (Անգէ 2։6, 7)։
10. Ինչպիսի՞ անձնավորություններ են արձագանքել Աստծո խոսքին։
10 Սուրբ ոգին ոչ միայն զորացնում է Աստծո ժողովրդին՝ նրա խոսքը հասցնելու աշխարհի ամենահեռավոր ծայրերը, այլև դրդում է ամեն տեսակ մարդկանց արձագանքելու բարի լուրին։ Իրոք, Աստծո խոսքն ընդունած մարդիկ ծագել են «ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից» (Յայտնութիւն 5։9; 7։9 ԱԹ, 10)։ Այդ մարդկանց մեջ կան հարուստներ և աղքատներ, կրթություն ունեցողներ և չունեցողներ։ Ոմանք ընդունել են խոսքը պատերազմական իրավիճակներում, դաժան հալածանքի տակ, իսկ ուրիշները՝ խաղաղ ու բարենպաստ պայմաններում։ Ոչինչ չի խոչընդոտել մարդկանց բարյացակամորեն արձագանքել բարի լուրին, լինի դա մի ինչ–որ վարչակարգ, մշակույթ կամ՝ գտնվել են նրանք համակենտրոնացման ճամբարում, թե ապրել են դղյակներում։
11. Ինչպե՞ս է սուրբ ոգին գործում Աստծո ծառաների կյանքում, և ո՞ր տարբերությունն է ակնհայտ։
11 Չնայած Աստծո ժողովրդի զարմանալի բազմազանությանը՝ այդ մարդիկ իրար հետ միաբանությամբ են ապրում (Սաղմոս 133։1, Արևմտ. Աստ., 2, 3)։ Սա մեկ անգամ ևս փաստում է, որ սուրբ ոգին առկա է նրանց կյանքում, ովքեր ծառայում են Աստծուն։ Աստծո ոգին հզոր ուժ է ի բարին և հնարավորություն է տալիս նրա ծառաներին դրսևորելու սեր, ուրախություն, խաղաղություն, բարություն և այլ հրապուրիչ հատկություններ (Գաղատացիս 5։22, 23, ԱԹ)։ Այսօր մենք հստակորեն տեսնում ենք այն, ինչ դարեր առաջ կանխագուշակել էր Մաղաքիա մարգարեն. «Դուք ....կ’տեսնէք արդարի ու ամբարշտի տարբերութիւնը. Աստուծոյ ծառայութիւն անողին եւ ծառայութիւն չ’անողին տարբերութիւնը» (Մաղաքիա 3։18)։
Աստծո խոսքը զորանում է նախանձախնդիր գործակիցների միջոցով
12. Ինչպե՞ս են վերաբերվում ավետարանչական գործին Եհովայի վկաները, և իրենց քարոզչական գործունեության նկատմամբ ի՞նչ հակազդեցություն են ակնկալում։
12 Այսօր Եհովայի վկաները եկեղեցու պասսիվ հաճախորդներ չեն։ Նրանք ակտիվորեն մասնակցում են ավետարանչական գործին։ Վաղ քրիստոնյաների նման նրանք պատրաստակամորեն իրենք իրենց տրամադրում են Աստծո կամքը կատարելուն՝ ձգտելով օգնել մարդկանց՝ իմանալու Եհովայի Թագավորության խոստումների մասին։ Նրանք Աստծո գործակիցներ են, որոնք, նրա սուրբ ոգուն ներդաշնակ գործելով, հրավիրում են մարդկանց ծառայել Եհովային։ Այդպես Վկաներն արտացոլում են Եհովայի սերն ու ողորմածությունը թերահավատ մարդկության հանդեպ։ Եվ նրանք այդ գործը կատարում են՝ չնայած անտարբերությանը, ծաղրին և հալածանքին։ Հիսուսը նախապատրաստեց իր հետևորդներին բարի լուրի հանդեպ տարբեր արձագանքներին։ Նա ասաց. «Ծառան մեծ չէ, քան իր տէրը. եթէ ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կը հալածեն. եթէ իմ խօսքը պահեցին, ապա ձերն էլ կը պահեն» (Յովհաննէս 15։20)։
13. Ի՞նչ հատկանիշների կարիք ունի քրիստոնեական աշխարհը, որոնք, միևնույն ժամանակ, հստակորեն դրսևորվում են Եհովայի վկաների մեջ։
13 Մեզ չի կարող չզարմացնել Եհովայի վկաների և առաջին դարում ճշմարիտ քրիստոնեություն դավանողների միջև եղած նմանությունը։ Այսօր հավասարապես ցայտուն է նաև Եհովայի վկաների և քրիստոնեական աշխարհի միջև եղած տարբերությունը։ Մի գիտնական վաղ քրիստոնյաների ավետարանչական եռանդի մասին գրելուց հետո դժգոհում է. «Մինչև որ ժամանակակից եկեղեցու կյանքում փոփոխություն տեղի չունենա այնպես, որ ավետարանելու հանձնարարությունը կրկին դառնա յուրաքանչյուր մկրտված քրիստոնյայի պարտականությունը, և դա չերևա այն կենսաձևով, որը լավագույնս կտարբերվի անհավատի կենսաձևից, մենք դժվար թե առաջ գնանք»։ Հենց այն հատկանիշները, որոնց կարիքը քրիստոնեական աշխարհն է զգում, հստակորեն դրսևորվում են Եհովայի վկաների մեջ։ Նրանց հավատը կենդանի է, ճշմարիտ, այնպիսին, որը հիմնված է աստվածաշնչյան ճշմարտության վրա, որի մասին նրանք ցանկանում են խոսել նրանց հետ, ովքեր կլսեն իրենց (Ա Տիմոթէոս 2։3, 4)։
14. Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում իր ծառայությանը, և ի՞նչ վերաբերմունք են դրսևորում նրա աշակերտներն այսօր։
14 Հիսուսն անչափ լրջորեն էր վերաբերվում իր ծառայությանը՝ դարձնելով այն իր գլխավոր նպատակը։ Նա ասաց Պիղատոսին. «Ես դրա համար իսկ ծնուել եմ եւ դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպէսզի ճշմարտութեան համար վկայեմ» (Յովհաննէս 18։37)։ Աստծո ժողովուրդը ևս այդպիսի վերաբերմունք ունի ծառայության նկատմամբ։ Աստվածաշնչյան ճշմարտությունն իրենց սրտում՝ նրանք ձգտում են ուղիներ փնտրել՝ հնարավորին չափ շատ մարդկանց հաղորդելու այդ ճշմարտությունը։ Եվ երբեմն հնարագիտություն է պահանջվում դրա համար։
15. Ինչպե՞ս են ոմանք հնարագիտություն հանդես բերել բարի լուրը քարոզելիս։
15 Հարավամերիկյան մի երկրում Վկաները, որպեսզի մարդկանց հասցնեին ճշմարտությունը, նավարկում էին Ամազոն գետի վտակներից մեկով հոսանքն ի վար։ Սակայն, երբ 1995 թ.–ին քաղաքացիական հակամարտություններ սկսվեցին, նավարկությունը գետի երկայնքով արգելվեց։ Վճռականորեն տրամադրված լինելով շարունակել հետաքրքրվող անհատներին աստվածաշնչյան գրականություն հասցնել՝ Վկաները որոշեցին օգտագործել գետի հոսանքը։ Նրանք նամակներ էին գրում և «Դիտարան» ու «Արթնացե՛ք» պարբերագրերի հետ միասին դնում էին դատարկ պլաստիկ շշերի մեջ։ Այնուհետև շշերը նետում էին գետը։ Այդպես շարունակվեց չորս ու կես տարի, մինչև որ երթևեկությունը գետի վրայով կրկին բացվեց։ Գետի ափերի երկայնքով ապրող բոլոր բնակիչները շնորհակալություն էին հայտնում Վկաներին գրականության համար։ Մի կին, որի հետ մինչ այդ Աստվածաշնչի ուսումնասիրություն էին անցկացնում, արցունքն աչքերին գրկեց նրանց և ասաց. «Թվում էր, թե այլևս չեմ տեսնի ձեզ։ Բայց երբ սկսեցի շշերի մեջ դրված գրականություն ստանալ, հասկացա, որ դուք չեք մոռացել ինձ»։ Մյուս բնակիչներն էլ ասացին, որ իրենք արդեն մի քանի անգամ կարդացել էին պարբերագրերը։ Շատ բնակավայրեր ունեին իրենց «կապի հանգույցը»՝ այն տեղերը, որտեղ ջուրը տեղապտույտ էր տալիս, ուր լողացող առարկաներ էին ժամանակավորապես հավաքվում։ Հենց այդ տեղերն էլ հետաքրքրվող անհատները հաճախակի ստուգում էին՝ թե արդյոք «փոստ» չի ստացվել գետի վերին հատվածներից։
16. Ինչպե՞ս է քարոզչության մեջ գտնվելը երբեմն աշակերտներ պատրաստելու հնարավորություններ ստեղծում։
16 Բարի լուրի քարոզչությունը առաջնորդվում և հովանավորվում է Եհովա Աստծո և նրա հզոր հրեշտակների կողմից (Յայտնութիւն 14։6)։ Եթե այդ գործի մեջ ենք, ապա երբեմն աշակերտներ պատրաստելու անսպասելի հնարավորություններ են ստեղծվում։ Նայրոբիում (Քենիա) երկու քրիստոնյա կանայք ավարտել էին տնետուն ծառայությունը։ Հանկարծ մի երիտասարդ կին մոտեցավ նրանց և հուզված ասաց. «Ես աղոթում էի, որ հանդիպեմ ձեզ պես մեկին»։ Նա թախանձագին խնդրեց Վկաներին առանց հապաղելու գնալ իրենց տուն՝ զրուցելու, և հենց նույն օրը Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց նրա հետ։ Ինչո՞ւ այդ կինը մոտեցավ նրանց այդպիսի թախանձագին խնդրանքով։ Մոտ երկու շաբաթ առաջ մահացել էր նրա երեխան։ Եվ երբ նա մի պատանու ձեռքին տեսել էր «Ի՞նչ հույս կա մահացած սիրելիների համար» թերթիկը, շատ էր ցանկացել ունենալ դրանից և խնդրել էր տալ իրեն։ Տղան մերժել էր, բայց և մատնացույց էր արել թերթիկն իրեն տված Վկաներին։ Շուտով այդ կինը հոգևոր հաջողություններ ունեցավ և ուժ ստացավ՝ տանելու իր դստրիկի ցավալի կորուստը։
Աստծո սերը պետք է զորանա
17–19. Ինչպիսի՞ սեր է ցուցաբերել Եհովան մարդկության հանդեպ քավիչ զոհաբերության միջոցով։
17 Աստծո խոսքի աճելն ամբողջ աշխարհում սերտորեն կապված է Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության հետ։ Ինչպես քավիչ զոհաբերությունն էր, այնպես էլ քարոզչական աշխատանքն է Եհովայի սիրո արտահայտություն հանդիսանում ամենուրեք բոլորի համար։ Հովհաննես առաքյալը ներշնչումով գրեց. «Աստուած այնքան սիրեց աշխարհը [մարդկությանը], որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը» (Յովհաննէս 3։16)։
18 Խորհեցեք այն սիրո մասին, որ Եհովան ցուցաբերեց քավիչ զոհաբերության միջոցով։ Անհամար տարիներ շարունակ Աստված սերտորեն շփվում էր իր թանկագին միածին Որդու՝ ‘Աստծո արարածների սկզբի’ հետ (Յայտնութիւն 3։14)։ Հիսուսը խորապես սիրում է իր Հորը, իսկ Եհովան էլ սիրում է իր Որդուն դեռ «աշխարհքի հիմնելուցն առաջ» (Յովհաննէս 14։31; [17։24, ԱԹ])։ Եհովան թույլ տվեց, որ իր սիրելի Որդին մահանա, որպեսզի մարդիկ կարողանային հավիտենական կյանք ստանալ։ Մարդկության հանդեպ սիրո ի՜նչ ակնածալի դրսևորում։
19 Յովհաննէս 3։17–ում կարդում ենք. «Աստուած իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպէսզի աշխարհը նրանով փրկուի»։ Այսպիսով, սիրուց մղված, Եհովան իր Որդուն ուղարկեց փրկելու նպատակով, և ոչ թե՝ դատապարտելու կամ նախատելու։ Սա ներդաշնակ է Պետրոսի խոսքերի հետ. «[Եհովան] չի ուզում, որ որեւէ մէկը կորստեան մատնուի, այլ ուզում է, որ ամէնքը ապաշխարեն» (Բ Պետրոս 3։9)։
20. Ի՞նչ կապ ունի փրկությունը բարի լուրի քարոզչության հետ։
20 Փրկության համար օրինական հիմք ստեղծելը թանկ արժեցավ Եհովային։ Եվ նա ցանկանում է, որ ինչքան հնարավոր է շատ մարդ օգուտ ստանա դրանից։ Պողոս առաքյալը գրեց. «Ամենայն ոք, որ Տիրոջ անունը կանչի, կը փրկուի։ Իսկ ինչպէ՞ս կանչեն նրան, ում չհաւատացին. կամ՝ ինչպէ՞ս հաւատան, ում մասին չլսեցին. կամ՝ ինչպէ՞ս լսեն առանց մէկի քարոզելուն» (Հռովմայեցիս 10։13, 14)։
21. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք քարոզչական աշխատանքին մասնակցելու մեր հնարավորությանը։
21 Ի՜նչ մեծ առանձնաշնորհում է մասնակցել համաշխարհային մասշտաբով անցկացվող քարոզչական և կրթական աշխատանքին։ Դա հեշտ չէ, բայցևայնպես ինչպե՜ս է Եհովան ուրախանում՝ տեսնելով, որ իր ժողովուրդը ճշմարտությանը հավատարիմ է մնում և բարի լուրը տարածում ուրիշներին։ Ուրեմն, ինչպիսին էլ լինեն ձեր հանգամանքները, թույլ տվեք, որ Աստծո ոգին և ձեր սրտում գտնվող սերը դրդեն ձեզ՝ մասնակցելու այս գործին։ Եվ հիշենք, որ այն ամենը, ինչ որ տեսնում ենք ամբողջ աշխարհով մեկ կատարվելիս, համոզիչ կերպով ցույց է տալիս, որ Եհովա Աստված շուտով կիրագործի իր նպատակը. շուտով կհաստատվեն փառավոր ‘նոր երկինքը և նոր երկիրը, որոնցում արդարությունը կբնակվի’ (Բ Պետրոս 3։13)։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ հավատուրացությունը չկարողացավ լռեցնել բարի լուրի քարոզիչներին։
• Ինչպե՞ս է Աստծո խոսքը զորացել մեր օրերում։
• Ինչպե՞ս է Աստծո ոգին գործում այսօր։
• Ինչպե՞ս է քավիչ զոհաբերությունը կապված քարոզչության հետ։
[գծապատկեր/նկար 16–րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Թագավորության քարոզիչների աճը 20–րդ դարում
Քարոզիչների միջինը (մլն)
6.0
5.5
5.0
4.5
4.0
3.5
3.0
2.5
2.0
1.5
1.0
0.5
1900 1910 1920 1930 1940 1950 1960 1970 1980 1990 2000
[նկար 15–րդ էջի վրա]
Հերոնիմ
Թինդալ
Գուտենբերգ
Հուս
[թույլտվությամբ]
Գուտենբերգ և Հուս. «The Story of Liberty» գրքից, 1878
[նկար 15–րդ էջի վրա]
Աստվածաշունչ ուսումնասիրողները ազդարարում են բարի լուրը 1920–ականներին
[նկար 16–րդ և 17–րդ էջերի վրա]
Աշխարհի բոլոր անկյուններում մարդիկ արձագանքում են բարի լուրին
[նկար 18–րդ էջի վրա]
Ինչպես Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության, այնպես էլ քարոզչական աշխատանքի մեջ երևում է Աստծո սերը