Կենսագրություն
Մենք մի խումբ էինք
Պատմում է Մելբա Բերին
1999 թվականի հուլիսի երկուսին ես ու ամուսինս ներկա էինք Եհովայի վկաների խոշոր հավաքույթներից մեկին՝ մեկն այն հազարավոր հանդիպումներից, որոնց ներկա էինք եղել մեր հիսունյոթ տարվա ամուսնական կյանքի ընթացքում։ Լլոյդը ելույթ էր ունենում Հավայիում անցկացվող նահանգային համաժողովի ուրբաթ օրվա ծրագրի վերջին թեմայով։ Հանկարծ նա վայր ընկավ։ Նրան ուշքի բերել ու բոլոր ջանքերն ապարդյուն անցան. Լլոյդը մահացավ։a
Որքա՜ն հոգատար էին Հավայիի այն քույրերն ու եղբայրները, որ հավաքվել էին շուրջս՝ օգնելու հաղթահարել այդ ողբերգությունը։ Լլոյդը նրանցից շատերին էր, որ անտարբեր չէր թողել, ինչպես աշխարհում շատ ուրիշների։
Լլոյդի մահից հետո (դա մոտ երկու տարի առաջ էր) հիշեցի միասին անցկացրած մեր թանկագին տարիները, որոնց մի մասն անցել էր օտար երկրում՝ միսիոներական ծառայության մեջ, իսկ մի մասն էլ՝ Նյու Յորքի՝ Բրուքլինում գտնվող Եհովայի վկաների գլխավոր վարչությունում։ Հիշեցի նաև Սիդնեյում (Ավստրալիա) անցկացրած իմ երիտասարդ տարիները, նաև այն, թե մեր ամուսնության հետ կապված ինչպիսի դժվարություններ ենք հաղթահարել ես ու Լլոյդը Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում։ Բայց նախ պատմեմ, թե ինչպես դարձա Վկա և ինչպես 1939–ին հանդիպեցի Լլոյդին։
Ինչպես դարձա Վկա
Ջեյմս և Հենրիետա Ջոնսերը իմ սիրող ու հոգատար ծնողներն են եղել։ Երբ 1932–ին ավարտեցի դպրոցը, ուղիղ տասնչորս տարեկան էի։ Աշխարհն այդ ժամանակ Մեծ ճգնաժամի մեջ էր։ Սկսեցի աշխատել ընտանիքիս օգնելու համար, որտեղ բացի ինձանից կային նաև երկու փոքր քույրերս։ Մի քանի տարի անց արդեն լավ վարձատրվող աշխատանք ունեի, ու մի քանի երիտասարդ կանայք էին աշխատում իմ վերահսկողության ներքո։
Այդ ընթացքում՝ 1935–ին, մայրս աստվածաշնչյան գրականություն վերցրեց մի Եհովայի վկայից և շատ չանցած հասկացավ, որ գտել է ճշմարտությունը։ Մնացածս մտածում էինք, որ նա խելքը թռցրել էր։ Մի օր, սակայն, ձեռքս վերցրի «Որտե՞ղ են գտնվում մահացածները» գրքույկը, որի վերնագիրն ինձ խիստ հետաքրքրեց։ Բոլորից թաքուն սկսեցի այն կարդալ։ Այդ գրքույկն իր գործն արեց. անմիջապես սկսեցի մորս հետ հաճախել ամեն շաբաթ անցկացվող հանդիպմանը, որը կոչվում էր Տիպարային ուսումնասիրություն։ «Տիպարային ուսումնասիրություն» վերնագիրը կրող գրքույկը (ժամանակի ընթացքում այդպիսի ևս երկու գրքույկ լույս տեսավ) հարցեր ու պատասխաններ էր պարունակում, ինչպես նաև այդ պատասխանները հիմնավորող աստվածաշնչյան համարներ։
Միևնույն ժամանակ՝ 1938–ի ապրիլին, Եհովայի վկաների համաշխարհային վարչական կենտրոնի ներկայացուցիչ Ջոզեֆ Ռադերֆորդը այցելության եկավ Սիդնեյ և հանդես եկավ հանրային ելույթով։ Առաջին անգամ էի նման հանդիպման ներկա գտնվում։ Այն պետք է անցկացվեր Սիդնեի քաղաքապետարանի սրահում, սակայն հակառակորդները «հոգ էին տարել», որ սրահի օգտագործման համար մեր ստացած թույլտվությունը չեղյալ համարվի։ Փոխարենը՝ ելույթը տեղի ունեցավ ավելի մեծ դահլիճում՝ Սիդնեի մարզադաշտում։ Հակառակորդների կողմից բարձրացված հրապարակայնության շնորհիվ՝ այդ հանդիպմանը ներկա էին շուրջ 10 000 հոգի՝ իրոք որ զարմանալի երևույթ, եթե նկատի առնվի այն իրողությունը, որ ամբողջ Ավստրալիայում այդ ժամանակ կար ընդամենը 1 300 Վկա։
Այդ իրադարձությունից շատ ժամանակ չանցած՝ առաջին անգամ, առանց որևէ հատուկ նախապատրաստման անցնելու, մասնակցեցի քարոզչական ծառայությանը։ Երբ մեր խումբը հասավ այնտեղ, ուր պետք է քարոզեինք, պատասխանատու եղբայրը դիմեց ինձ. «Ահա այն տունը, որտեղ կարող ես քարոզել»։ Ես այնքան հուզված էի, որ երբ տանտիրուհին բաց արեց դուռը, ասացի. «Չէի՞ք կարող ասել՝ ժամը քանիսն է»։ Տիկինը ներս գնաց, նայեց ժամացույցին, վերադարձավ, ասաց ժամը... և վերջ. ես ետ վերադարձա ավտոմեքենայի մոտ։
Սակայն չհանձնվեցի, և շուտով արդեն մնացածների հետ միասին կանոնավորաբար մասնակցում էի Թագավորության լուրի քարոզմանը (Մատթէոս 24։14)։ 1939 թ. մարտին իմ նվիրվելը Եհովային խորհրդանշեցի մկրտությամբ, որն անցկացվեց մեր կողքի հարևանի՝ Դորոտի Հաչինգսի տան լոգարանում։ Քանի որ եղբայրներ չկային, մկրտվելուցս կարճ ժամանակ անց ժողովում որոշ պատասխանատվություններ ստացա, որոնք սովորաբար կատարում են քրիստոնյա տղամարդիկ։
Առհասարակ մեր հանդիպումներն անց էինք կացնում տներում, բայց ժամանակ առ ժամանակ նաև սրահ էինք վարձում հանրային ելույթների համար։ Մեր մասնաճյուղից՝ Բեթելից, մի բարետես եղբայր էր այցելում մեր ժողով՝ հանրային ելույթներով հանդես գալու։ Հետագայում պարզվեց, որ նա այցելելու մեկ այլ պատճառ ևս ուներ, ինչի մասին ես նույնիսկ չէի էլ կռահում. գալիս էր ինձ մոտիկից ճանաչելու համար։ Ահա թե ինչպես ծանոթացա Լլոյդի հետ։
Ծանոթանում եմ Լլոյդի ընտանիքի հետ
Շուտով որոշեցի Եհովային լիաժամ ծառայել։ Սակայն երբ լրացրի ռահվիրայական ծառայության (լիաժամ քարոզչական ծառայության) դիմումս, ինձ հարցրին՝ կցանկանայի՞ արդյոք ծառայել Բեթելում։ Այսպիսով, 1939–ի սեպտեմբերին՝ այն ամսին, երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, ես դարձա Սթրաթֆիլդում՝ Սիդնեյի արվարձաններից մեկում գտնվող Բեթելի ընտանիքի անդամ։
1939–ի դեկտեմբերին համաժողովի մասնակցելու նպատակով մեկնեցի Նոր Զելանդիա։ Լլոյդը Նոր Զելանդիայից էր, այնպես որ նա էլ էր ուղևորվում այնտեղ։ Միևնույն նավի վրա էինք, ուստի հնարավորություն ունեցանք իրար ավելի լավ ճանաչելու։ Լլոյդը հոգ տարավ, որ Վելինգթոնի համաժողովին անպայման ծանոթանամ իր հոր, մոր ու քույրերի հետ, իսկ հետո իրենց տուն հրավիրվեցի՝ Քրայսթչերչ։
Արգելվում է մեր գործունեությունը
1941 թ. հունվարի 18–ին՝ շաբաթ օրը, Միության իշխանությունները մոտ կես դյուժին սև լիմուզիններով ժամանեցին մասնաճյուղ՝ գույքը բռնագրավելու։ Ես աշխատում էի Բեթելի մուտքի մոտ գտնվող փոքրիկ պահակատանը և առաջինն էի, որ տեսա նրանց։ Դրանից մոտ տասնութ ժամ առաջ տեղեկացել էինք արգելքի մասին, այնպես որ գրեթե ողջ գրականությունն ու քարտարկղերը հասցրել էինք դուրս բերել Բեթելից։ Հաջորդ շաբաթ Բեթելի ընտանիքից հինգ հոգի՝ այդ թվում նաև Լլոյդը, ձերբակալվեցին։
Հասկանում էի, որ ամենակարևորը, ինչի կարիքն ունեին եղբայրները բանտում, դա հոգևոր կերակուրն էր։ Լլոյդին խրախուսելու համար որոշեցի նրան «սիրային նամակներ» գրել։ Դրանք սկսում էի այնպես, ինչպես սովորաբար սկսվում են նման նամակները, իսկ հետո ամբողջական հոդվածներ էի արտագրում «Դիտարանից» և վերջում ստորագրում որպես նրա սիրեցյալ։ Չորսուկես ամիս հետո Լլոյդին բաց թողեցին։
Ամուսնանում ենք և շարունակում ծառայել
1940–ին Լլոյդի մայրը եկավ Ավստրալիա՝ նրան այցելության, և Լլոյդն ասաց նրան, որ մտադիր է ամուսնանալու։ Մայրը խորհուրդ չտվեց նրան ամուսնանալ, քանի որ իրերի համակարգի վախճանը թվում էր, թե արդեն վրա է հասել (Մատթէոս 24։3–14)։ Իր մտադրությունների մասին Լլոյդը խոսում էր նաև ընկերների հետ, բայց նրանք էլ ամեն անգամ նրան ետ էին կանգնեցնում այդ մտքից։ Ի վերջո, մի օր՝ 1942 թ. փետրվարին, Լլոյդը սուսուփուս ձեռքս բռնեց, և չորս Վկաների հետ միասին, որոնք խոսք էին տվել այդ մասին ոչ ոքի ոչինչ չասել, գնացինք զագս և գրանցվեցինք։ Այն ժամանակ Ավստրալիայում Եհովայի վկաները դեռևս լիազորված չէին ամուսնություններ գրանցելու։
Թեև մեզ թույլ չտրվեց որպես ամուսնական զույգ մեր ծառայությունը շարունակել Բեթելում, սակայն առաջարկեցին անցնել հատուկ ռահվիրայական ծառայության, ինչը մեծ ուրախությամբ ընդունեցինք։ Մեր նշանակման վայրը եղավ քաղաքից դուրս գտնվող Վագա–Վագա շրջանը։ Մեր քարոզչական գործունեությունը դեռ արգելքի տակ էր, և մենք ֆինանսական ոչ մի օգնություն չէինք ստանում, այնպես որ պետք է իսկապես մեր հոգսը Եհովայի վրա գցեինք (Սաղմոս 55։22)։
Մեր երկթամբ հեծանիվով մեկնում էինք գյուղերը, որտեղ մեզ հանդիպածների մեջ լինում էին սիրալիր մարդիկ, որոնց հետ երկար զրույցներ էինք ունենում։ Նրանցից ոչ շատերը համաձայնվեցին Աստվածաշունչ ուսումնասիրել, սակայն մի խանութպան, որը գնահատում էր մեր կատարած աշխատանքը, ամեն շաբաթ մեզ միրգ ու բանջարեղեն էր հյուրասիրում։ Վագա–Վագայում վեց ամիս ծառայելուց հետո մենք կրկին հրավեր ստացանք Բեթելում աշխատելու։
Բեթելի ընտանիքը 1942–ի մայիսին ազատել էր Սթրաթֆիլդի գրասենյակը և տեղավորվել մասնավոր տներում։ Հայտնաբերումից խուսափելու նպատակով՝ նրանք մոտ երկու շաբաթը մեկ տնից տուն էին տեղափոխվում։ Երբ ես ու Լլոյդը օգոստոս ամսին վերադարձանք Բեթել, նրանց միացանք այդ տներից մեկում։ Այն ժամանակ մենք նշանակվել էինք ծառայելու ընդհատակյա տպարաններից մեկում։ Վերջապես, 1943–ի հունիսին արգելքը մեր գործունեության վրայից վերցվեց։
Պատրաստություն՝ օտար երկրում ծառայելու
1947 թ. ապրիլին դիմումի նախնական բլանկներ ստացանք՝ այցելելու «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոց՝ Սաութ Լանսինգում (ԱՄՆ, Նյու Յորք)։ Միևնույն ժամանակ նշանակում ստացանք այցելելու Ավստրալիայի ժողովները եղբայրներին հոգևորապես ամրապնդելու համար։ Մի քանի ամիս հետո Գաղաադի տասնմեկերորդ դասարանում սովորելու հրավեր ստացանք։ Մեր տրամադրության տակ երեք շաբաթ ունեինք գործերը կարգավորելու և իրերը դասավորելու համար։ 1947–ի դեկտեմբերին հրաժեշտ տվեցինք մեր ընտանիքի անդամներին և ընկերներին, ու տասնհինգ այլ ավստրալիացիների հետ միասին, որոնք նույնպես նույն դասարանում սովորելու հրավեր էին ստացել, ուղևորվեցինք Նյու Յորք։
Գաղաադ դպրոցում մի քանի ամիսը շատ արագ անցավ, և շուտով արդեն միսիոներական նշանակում էինք ստացել Ճապոնիա։ Մեր փաստաթղթերը պատրաստելու համար ժամանակ էր պետք, այնպես որ Լլոյդը կրկին շրջանային վերակացուի նշանակում ստացավ։ Ժողովները, որոնք այցելում էինք, գտնվում էին Լոս Անջելես քաղաքից մինչև Մեքսիկայի սահմանները։ Մենք մեքենա չունեինք, այնպես որ ամեն շաբաթ Վկաները սիրով մեզ մի ժողովից մյուսն էին տեղափոխում։ Այդ հսկայական շրջանն ընդգրկող տարածքը այժմ երեք անգլիախոս և երեք իսպանախոս նահանգ է կազմում՝ յուրաքանչյուրը մոտ տասը շրջանից բաղկացած։
Ահա արդեն 1949–ի հոկտեմբերն էր, և մենք Ճապոնիա տանող երբեմնի զինվորական մի փոխադրանավի վրա էինք։ Նավի մի ծայրը հատկացված էր տղամարդկանց, մյուսը՝ կանանց և երեխաներին։ Յոկոհամա հասնելուց ընդամենը մեկ օր առաջ մեզ ընդառաջ եկող թայֆունի հետ բախվեցինք։ Ըստ ամենայնի՝ այն մաքրել էր օդը, քանի որ հաջորդ օրը՝ հոկտեմբերի երեսունմեկին, արևածագին տեսանք Ֆուձիյամա լեռը՝ իր ողջ փառքով։ Ի՜նչ փառահեղ «ընդունելություն» էր մեր նոր նշանակման հենց առաջին օրը։
Աշխատում ենք ճապոնացիների հետ
Երբ նավն արդեն մոտենում էր նավամատույցին, նկատեցինք հարյուրավոր սևահեր մարդկանց։ «Ի՜նչ աղմկոտ են»,— մտածեցինք մենք՝ լսելով նրանց դոփյունները։ Բոլորը փայտե ոտնամաններ էին կրում, որոնցով էլ դոփում էին փայտե նավամատույցի վրա։ Յոկոհամայում գիշերելուց հետո գնացքով ուղևորվեցինք մեր միսիոներական նշանակման վայրը՝ Կոբե։ Այստեղ Դան Հազլիթը՝ Գաղաադ դպրոցի մեր համադասարանցիներից մեկը, որը մեզանից մի քանի ամիս առաջ էր եկել Ճապոնիա, մի տուն էր վարձել, որն էլ մեզ համար միսիոներական տուն էր լինելու։ Դա մի գեղեցիկ, լայնարձակ, արևմտյան ոճի, երկհարկանի տուն էր՝ բացարձակապես դատարկ։
Ներքնակ ունենալու համար բակից երկար խոտեր քաղեցինք ու փռեցինք տան հատակին։ Այդպես էլ սկսվեց մեր միսիոներական կյանքը. մեր միակ ունեցվածքը ճամպրուկներում եղածն էր։ Մի փայտածուխով այրիչ ձեռք բերեցինք, որը ճապոներեն կոչվում է «հիբաչի», ու դրանով տաքանում էինք ու վրան կերակուր պատրաստում։ Մի գիշեր Լլոյդը մեզ հետ այդ տանը ապրող միսիոներներ Փերսի ու Իլմա Իզլոբներին ուշագնաց վիճակում գտավ։ Կարողացավ նրանց ուշքի բերել՝ բացելով պատուհանները, որպեսզի թարմ, սառը օդը ներս լցվի։ Ես նույնպես մի օր գիտակցությունս կորցրի, երբ այդ փայտածուխով այրիչի վրա կերակուր էի պատրաստում։ Որոշ բաների իրոք ժամանակ է պետք, որ հարմարվես։
Լեզուն սովորելը մեզ համար առաջնահերթ խնդիր էր, այնպես որ ուղիղ մեկ ամիս օրական տասնմեկ ժամ էինք անցկացնում ճապոներենի վրա։ Ի վերջո, մի օր ծառայության դուրս եկանք՝ մեկ–երկու նախադասություն թղթի վրա գրած ունենալով։ Ծառայությանս հենց առաջին օրը հանդիպեցի մի շատ բարեհամբույր տիկնոջ՝ Միյո Տակագիին։ Նա մեծ սիրով ընդունեց ինձ։ Վերայցելությունների ընթացքում որոշ ժամանակ երկուսս էլ պայքարում էինք ճապոներեն–անգլերեն բառարանները ձեռքներիս, մինչև, ի վերջո, մի հրաշալի Աստվածաշնչի ուսումնասիրություն ստացվեց։ 1999 թ., երբ ներկա էի Ճապոնիայի մասնաճյուղի լրացուցիչ կառույցների բացմանը, հանդիպեցի Միյոյին և շատ ու շատ սիրելի անհատների, որոնց հետ ժամանակին ուսումնասիրություն եմ անցկացրել։ Այն օրերից ի վեր արդեն հիսուն տարի է անցել, սակայն նրանք այժմ էլ շարունակում են եռանդորեն քարոզել Թագավորության լուրը՝ իրենց ուժերից եկածն անելով Եհովայի ծառայության մեջ։
Կոբեում 1950 թ. ապրիլի մեկին մոտավորապես 180 հոգի ներկա գտնվեցին Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին։ Ի զարմանս մեզ՝ հաջորդ առավոտյան քարոզչական ծառայությանը մասնակցելու եկան երեսունհինգ հոգի։ Միսիոներներիցս յուրաքանչուրը նրանցից երեք–չորս հոգու վերցրեց իր հետ ծառայության։ Տանտերերը չէին խոսում ինձ՝ օտարականիս հետ, որ շատ քիչ էի հասկանում ճապոներեն, այլ զրուցում էին ինձ ընկերակցող ճապոնացիների հետ, որոնք միայն նախորդ օրն էին առաջին անգամ ներկա գտնվել Հիշատակի երեկոյին։ Զրույցներն անվերջ շարունակվում էին, և ես գաղափար չունեի, թե ինչի մասին են նրանք խոսում։ Ուրախ եմ հայտնելու, որ այդ նորեկներից ոմանք առաջադիմեցին գիտության մեջ և մինչև օրս շարունակում են իրենց քարոզչական ծառայությունը։
Ուրախություն բերող բազում նշանակումներ
Ես ու Լլոյդը միսիոներական ծառայությունը Կոբեում շարունակեցինք մինչև 1952–ը, որից հետո տեղափոխվեցինք Տոկիո, որտեղ նա նշանակում ստացավ վերահսկելու մասնաճյուղի գրասենյակը։ Ժամանակի ընթացքում գործի հետ կապված նրա նշանակումները նրան շրջագայության հանեցին ամբողջ Ճապոնիայում ու այլ երկրներում։ Մի առիթով՝ Տոկիոյում իր այցելություններից մեկի ժամանակ, Նաթան Նորը (համաշխարհային գլխավոր վարչությունից) դիմեց ինձ՝ ասելով. «Գիտե՞ս՝ ուր է ամուսինդ գնալու իր հաջորդ զոնալ այցելությամբ. Ավստրալիա և Նոր Զելանդիա»։ Ապա ավելացրեց. «Կարող ես նրան ընկերակցել, եթե ինքդ վճարես քո ճանապարհածախսը»։ Որքա՜ն էի ուրախացել. արդեն ինը տարի էր, ինչ հեռացել էինք հարազատ տնից։
Շուտափույթ մի նամակ գրեցինք տուն։ Մայրս օգնեց վճարել տոմսի գինը։ Ես ու Լլոյդը միշտ զբաղված էինք մեր նշանակումների մեջ և անհրաժեշտ միջոցներ չունեինք մեր ընտանիքներին այցելելու համար։ Դա պատասխան էր իմ աղոթքներին։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե մայրս որքա՜ն ուրախ էր՝ ինձ տեսնելու։ «Նորից փող կխնայեմ, որ կարողանաս մի երեք տարուց կրկին գալ»,— ասաց նա։ Այդ մտքով էլ բաժանվեցինք, բայց, ցավոք, նույն ամռանը՝ հուլիսին, մայրս մահացավ։ Ի՜նչ երջանկություն է լինելու ինձ համար նրան նոր աշխարհում տեսնելը։
Մինչև 1960 թվականը ես զբաղված էի միայն միսիոներական ծառայությամբ, սակայն նույն թվականին նամակ ստացա, որտեղ խոսվում էր իմ նոր նշանակման մասին, «որի մեջ մտնում էր Բեթելի ընտանիքի համար լվացք ու արդուկ անելը»։ Բեթելի ընտանիքն այդ ժամանակ բաղկացած էր տաս–տասներկու հոգուց, այնպես որ ի վիճակի էի և՛ հոգ տանել նրանց մասին, և՛ շարունակել միսիոներական ծառայությունս։
1962–ին ճապոնական ոճի մեր տունը քանդեցին, և հաջորդ տարի նույն տեղում մի նոր, վեցհարկանի տուն կառուցվեց։ Ինձ հանձնարարվեց օգնել Բեթելի նորեկ եղբայրներին՝ իրենց սենյակները կոկիկ ու մաքուր պահելու։ Ճապոնիայում սովորաբար տղա–երեխաներին չէին սովորեցնում տնային գործեր կատարել։ Կարևորը եղել էր կրթություն ստանալը, իսկ մնացած ամեն բան նրանց համար արել էին իրենց մայրերը։ Շուտով հասկացան, որ ես իրենց մայրը չեմ։ Ժամանակի ընթացքում նրանցից շատերն առաջադիմեցին և նոր, պատասխանատու նշանակումներ ստացան կազմակերպության մեջ։
Ամառային մի տապ օր, երբ մաքրություն էի անում լողասենյակներից մեկում, Աստվածաշունչ ուսումնասիրող մի երիտասարդ կին էքսկուրսիա էր անցնում Բեթելում։ Տեսնելով ինձ աշխատելիս՝ նա ասաց. «Հայտնեք, խնդրեմ, ձեր գործատիրոջը, որ կցանկանայի վճարել որևէ աշխատողի, որպեսզի այս գործը նա ձեզ համար անի»։ Ես նրան պատասխանեցի, որ անչափ շնորհակալ եմ նրա հոգատարության համար, սակայն մեծ հաճույքով եմ անում ամեն բան, ինչ ինձ տրվում է Եհովայի կազմակերպության մեջ։
Մոտավորապես միևնույն ժամանակ ես ու Լլոյդը հրավեր ստացանք՝ սովորելու Գաղաադ դպրոցի երեսունիններորդ դասարանում։ Մեզ համար դա մեծ պատիվ էր 1964 թ.–ին՝ քառասունվեց տարեկան հասակում, կրկին սովորել այդ դպրոցում։ Դասընթացները մասնավորաբար նախատեսված էին մասնաճյուղերում ծառայողներին օգնելու նպատակով, որպեսզի վերջիններս կարողանան ի կատար ածել իրենց պատասխանատվությունները։ Տասամսյա դասընթացներից հետո կրկին նշանակում ստացանք Ճապոնիայում։ Այդ ժամանակ այնտեղ արդեն երեք հազար Թագավորության քարոզիչ կար։
Աճն այնպիսի թափ էր առել, որ 1972–ին Ճապոնիայում արդեն ավելի քան տասնչորս հազար Վկա կար, այնպես որ մի նոր հինգհարկանի գրասենյակ կառուցվեց Տոկիոյի հարավում՝ Նումազուում։ Բեթելից նայելիս մեր առջև վեր էր խոյանում վեհապանձ Ֆուձիյամա լեռը։ Ամեն ամիս մեկ միլիոնից ավել ճապոներեն պարբերագրեր էին լույս տեսնում, և այդ բոլորը պատրաստվում էր հսկայական, նոր ռոտացիոն տպագրամեքենաների վրա։ Սակայն մի փոփոխություն մեզ համար դեռ մնում էր առջևում։
1974–ի վերջերին Լլոյդը Եհովայի վկաների Բրուքլինում գտնվող գլխավոր վարչությունից նամակ ստացավ, որտեղ ասվում էր, որ նա հրավիրվում է Կառավարիչ մարմնի անդամ դառնալու։ Ահա և վերջ, սկզբում մտածեցի ես։ «Քանի որ Լլոյդը երկնային հույս ունի, իսկ ես՝ երկրային, վաղ թե ուշ մենք պետք է իրար հրաժեշտ տանք. ըստ երևույթին, Լլոյդն առանց ինձ է Բրուքլին մեկնելու»։ Սակայն շատ չանցած հասկացա, որ այդպես չէ և, սիրով միանալով նրան, 1975–ի մարտին մեկնեցի Բրուքլին։
Օրհնություններ գլխավոր վարչությունում
Նույնիսկ այստեղ Լլոյդի սիրտը կապված մնաց Ճապոնիայի հետ։ Նա շարունակ պատմում էր այնտեղ մեզ հանդիպած զանազան փորձառություններից։ Սակայն կար նաև «ընդարձակվելու» հնարավորություն։ Իր կյանքի վերջին քսանչորս տարիների ընթացքում Լլոյդը հիմնականում մասնակցություն է բերել զոնալային աշխատանքում։ Բազում անգամներ եմ նրան ընկերակցել աշխարհով մեկ այդ ճամփորդությունների ժամանակ։
Այլ երկրներում ապրող մեր քրիստոնյա եղբայրներին այցելելու հնարավորությունն ինձ թույլ տվեց հասկանալ, թե ինչ պայմաններում են նրանցից շատերն ապրում ու աշխատում։ Երբեք չեմ մոռանա հյուսիսային Աֆրիկայից Էնտելիա անունով մի տասնամյա աղջնակի դեմքը։ Նա սիրում էր Աստծո անունն ու ամեն անգամ մեկուկես ժամվա ճանապարհ էր անցնում քրիստոնեական հանդիպումներին ներկա լինելու համար։ Չնայած ընտանիքի կողմից եկած հալածանքներին՝ Էնտելիան նվիրվել էր Եհովային։ Երբ այցելեցինք նրանց ժողով, այնտեղ ընդամենը մեկ, շատ թույլ լուսավորող էլեկտրական լամպ էր վառվում, որը գտնվում էր ելույթ ունեցողի գլխավերևում, իսկ ժողովատեղի մնացած մասն ամբողջությամբ խավարի մեջ էր։ Այդ մթության մեջ ապշեցուցիչ էր լսել եղբայրների ու քույրերի գեղեցիկ երգեցողությունը։
Մեր կյանքի նշանակալից դեպքերից մեկը տեղի ունեցավ 1998–ի դեկտեմբերին, երբ Լլոյդի հետ ներկա էինք Կուբայում անցկացվող «Աստվածահաճո կյանքի ուղին» խորագիրը կրող նահանգային համաժողովին։ Որքա՜ն տպավորեց այն երախտագիտությունն ու ուրախությունը, որ դրսևորեցին տեղի եղբայրներն ու քույրերը Բրուքլինի գլխավոր վարչությունից ներկայացուցիչներ ունենալու համար։ Եվ որքա՜ն շատ են հիշողություններս այն հարազատ մարդկանց մասին, որոնք եռանդորեն շարունակում են բարձրաձայն փառաբանել Եհովային։
Աստծո ժողովրդի հետ
Թեև ծնունդով ավստրալիացի եմ, ուր որ ուղարկել է մեզ Եհովայի կազմակերպությունը, սիրել եմ այդ երկրներում ապրող մարդկանց։ Սիրել եմ մարդկանց Ճապոնիայում և այժմ, երբ ահա արդեն ավելի քան քսանհինգ տարի է, ինչ գտնվում եմ Միացյալ Նահանգներում, նույնը կարող եմ ասել և այստեղի մասին։ Երբ կորցրի ամուսնուս, գլխումս ծագած առաջին միտքն այն էր, որ չվերադառնամ Ավստրալիա, այլ մնամ Բրուքլինի Բեթելում՝ այնտեղ, որտեղ նշանակում եմ ստացել Եհովայից։
Այժմ արդեն ութսունն անց եմ։ Վաթսունմեկ տարվա լիաժամ ծառայությունից հետո հիմա էլ մեծ ցանկություն ունեմ ծառայելու այնտեղ, որտեղ Եհովան կամենա։ Նա, իրոք, միշտ հոգ է տարել իմ մասին։ Սրտումս փայփայում եմ այն ավելի քան հիսունյոթ տարիները, որ անց եմ կացրել Եհովային սիրող ու ինձ համար հարազատ մի անձնավորության կողքին։ Վստահ եմ, որ Եհովան այժմ էլ կշարունակի օրհնել մեզ, և գիտեմ, որ նա չի մոռանա այն գործերն ու սերը, որ ցույց ենք տվել նրա անվան համար (Եբրայեցիս 6։10)։
[ծանոթագրություն]
a Տեսեք «Դիտարան» հոկտեմբերի 1, 1999 թ., էջ 16, 17 (ռուս.)։
[նկար 25–րդ էջի վրա]
Մորս հետ՝ 1956–ին
[նկար 26–րդ էջի վրա]
Լլոյդի ու մի խումբ ճապոնացի քարոզիչների հետ՝ 1950–ականներին
[նկարներ 26–րդ էջի վրա]
Միյո Տակագիի հետ (առաջինը, ում հետ սկսել եմ Աստվածաշունչ ուսումնասիրել) Ճապոնիայում 1950–ականների սկզբներին և 1999–ին
[նկար 28–րդ էջի վրա]
Լլոյդի հետ՝ Ճապոնիայում, պարբերագրերով քարոզելիս