Կենսագրություն
Եհովայի ճանապարհով առաջ ընթանալը մեր զորությունն ու ուրախությունն է
Պատմում է Լուիջի Վալենտինոն
«Սա է ճանապարհը, սորանով գնացէք»,— ասում է Եհովան (Եսայիա 30։21)։ Այս խորհրդին հետևելը կյանքիս նպատակն է դարձել ուղիղ վաթսուն տարի առաջ իմ մկրտվելուց ի վեր։ Այս նպատակը վաղուց էի դրել՝ հետևելով ծնողներիս՝ իտալացի գաղթականների օրինակին։ Նրանք գաղթել էին Իտալիայից և 1921 թ.–ին բնակություն էին հաստատել ԱՄՆ–ի Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում։ Այստեղ էլ մեծացել ենք՝ ես, մեծ եղբայրս՝ Մայքն ու մեր փոքր քույր Լիդիան։
Ծնողներս ծանոթացել էին տարբեր կրոնների հետ, սակայն, վերջիվերջո, հիասթափված, դադարեցրել էին իրենց փնտրտուքները։ Բայց 1932–ին՝ մի օր, ռադիոյով իտալերեն ինչ–որ հաղորդում էր եղել՝ Եհովայի վկաների կողմից պատրաստված։ Հորս դուր էր եկել այն։ Նա մի նամակ գրեց, որտեղ նշեց, որ լրացուցիչ տեղեկություն է ցանկանում ստանալ։ Դրանից հետո Բրուքլինի գլխավոր վարչությունից մի իտալացի Վկա այցելեց մեզ։ Մինչև լույս տևած աշխույժ քննարկումից հետո ծնողներս համոզվեցին, որ գտել են ճշմարիտ կրոնը։
Հայրս ու մայրս սկսեցին հաճախել քրիստոնեական հանդիպումներին և իրենց տանիքի տակ շատ շրջանային վերակացուներ ընդունեցին։ Թեև փոքր էի, սակայն այդ տղամարդիկ ինձ հետ միասին քարոզչական ծառայության էին դուրս գալիս և խրախուսում ինձ մտածել Եհովային լիաժամ ծառայելու մասին։ Այդ այցելուներից մեկը Քերի Բարբերն էր, որն այժմ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամներից մեկն է։ Շատ չանցած՝ 1941 թ. փետրվարին, տասնչորս տարեկան հասակում մկրտվեցի, իսկ 1944–ին ռահվիրայություն սկսեցի Քլիվլենդում։ Մայքն ու Լիդիան նույնպես Աստվածաշնչի ճշմարտության ճանապարհը բռնեցին։ Մայքը մինչև իր կյանքի վերջը ծառայեց Եհովային։ Լիդիան քսանութ տարի իր ամուսնու՝ Հարոլդ Վիդների հետ միասին անց է կացրել շրջագայական ծառայության մեջ։ Այսօր նրանք հատուկ լիաժամ քարոզիչներ են։
Առաջ ընթանալու վճռականությունս ավելի է ամրապնդվում բանտում
1945–ի սկզբներն էր, երբ հայտնվեցի Չիլլիկոտեի ֆեդերալ բանտում (Օհայո), քանի որ Աստվածաշնչի հիման վրա կրթված խիղճս ինձ թույլ չէր տվել հակառակ վարվել Եսայիա 2։4 խոսքերին, որտեղ ասվում է, որ մարդիկ իրենց սուրերը պետք է խոփերի վերածեն։ Բանտապահները Եհովայի վկաների կազմակերպության հրատարակած աստվածաշնչյան գրականությունից միայն որոշակի քանակ էին թույլ տալիս, որ լիներ կալանավորված Վկաների մոտ։ Սակայն հարևան ժողովների Վկաները այդ հարցում մեծ օգնություն էին ցույց տալիս։ Ժամանակ առ ժամանակ նրանք մի քանի կտոր գրականություն էին նետում բանտի մոտակայքը։ Հաջորդ առավոտյան, երբ կալանավորներին տանում էին իրենց աշխատավայրերը, նրանք փնտրում–գտնում էին այդ գրականությունը, որից հետո նաև հաջողվում էր այն ներս տանել։ Այն ժամանակ, երբ ես ձերբակալվեցի, Վկաներին թույլ էին տալիս ավելի շատ գրականություն ունենալ։ Բայցևայնպես, իսկապես սովորեցի գնահատել Եհովայի մատակարարած հոգևոր կերակուրը. այդ դասը չեմ մոռանում առ այսօր ու հիշում եմ ամեն անգամ, երբ ստանում եմ «Դիտարանի» կամ «Արթնացե՛ք»–ի հերթական օրինակը։
Միառժամանակ անց թույլտվություն ստացանք ժողովի հանդիպումներ անցկացնելու, սակայն՝ միայն Վկաներով. Վկա չհանդիսացող անհատներին թույլ չէր տրվում ներկա գտնվել։ Այդուհանդերձ, բանտի աշխատողներից ու բանտարկյալներից ոմանք գաղտնի կերպով հաճախում էին այդ հանդիպումներին, և նրանցից մի քանիսը նույնիսկ ընդունեցին ճշմարտությունը (Գործք 16։30–34)։ Մեզ համար միշտ էլ մեծ օգնություն էին եղբայր Ա. Մակմիլանի այցելությունները։ Նա շարունակ մեզ հավաստիացնում էր, որ բանտում անցկացրած մեր ժամանակն ապարդյուն չի լինելու, քանի որ մարզվում ենք ապագա նշանակումների համար։ Այդ՝ արդեն տարեց ու անչափ սիրված եղբայրը անտարբեր չի թողել իմ սիրտը ու ամրապնդել է Եհովայի ճանապարհով քայլելու վճռականությունս։
Կյանքիս ընկերը
Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց։ Բանտի դռները բացվեցին, և ես կրկին անցա ռահվիրայական իմ ծառայությանը։ Սակայն 1947–ին հայրս մահացավ։ Ընտանիքիս մասին հոգալու համար աշխատանքի անցա. բացի այդ սովորեցի նաև բժշկական մերսումներ անել։ Իմ ձեռք բերած այդ հմտությունը շուրջ երեսուն տարի անց օգնեց մեզ, երբ ես ու կինս հայտնվեցինք դժվար կացության մեջ։ Բայց կարծես թե առաջ եմ ընկնում։ Նախ՝ թույլ տվեք պատմել կնոջս մասին։
1949 թ.–ին՝ կեսօրին մոտ, Թագավորության սրահում հեռախոսի զանգը հնչեց։ Վերցրեցի լսափողը։ Կանացի մի հաճելի ձայն էր։ «Անունս Քրիստին Գենկուր է։ Ես Եհովայի վկա եմ։ Եկել եմ Քլիվլենդ՝ աշխատանք գտնելու և կցանկանայի կցվել որևէ ժողովի»։ Մեր Թագավորության սրահը հեռու էր այն տեղից, որտեղից զանգահարում էր այդ օրիորդը։ Սակայն նրա ձայնն ինձ այնքան դուր եկավ, որ, բացատրելով, թե ինչպես կարող է գտնել մեր Սրահը, խրախուսեցի անպայման գալ կիրակնօրյա հանդիպմանը. այդ օրը ես հանրային ելույթ ունեի։ Կիրակի օրը առաջինն էի եկել Թագավորության սրահ, սակայն ոչ մի անծանոթ քույր այդպես էլ չհայտնվեց։ Ողջ ելույթի ընթացքում աչքս չէի կտրում մուտքից, սակայն ոչ ոք ներս չմտավ։ Հաջորդ օրը զանգահարեցի նրան։ Պարզվեց, որ դեռ բավականին ծանոթ չէ ավտոբուսների չվացուցակին։ Ասացի, որ կարող եմ օգնել նրան։
Նրա ծնողները գաղթականներ էին Չեխոսլովակիայից։ Իսկ Աստվածաշունչ ուսումնասիրողներին միացել էին «Որտե՞ղ են գտնվում մահացածները» գրքույկն ընթերցելուց հետո։ Նրանք մկրտվել էին 1935–ին։ 1938–ին Քրիստինի հայրը ընկերության ծառայող էր նշանակվել (այժմ՝ նախագահող վերակացու) Եհովայի վկաների Քլիմերում (Փենսիլվանիա նահանգ) գտնվող ժողովում։ Քրիստինը մկրտվել էր 1947–ին՝ տասնվեց տարեկան հասակում։ Երկար ժամանակ չպահանջվեց, որ սիրահարվեի այդ սիրունատես, հոգևոր մտածելակերպի տեր քրոջը։ Մենք ամուսնացանք 1950 թ. հունիսի 24–ին, ու այդ օրից ի վեր Քրիստինը կյանքիս հավատարիմ ընկերն է՝ միշտ պատրաստ Աստծո Թագավորության շահերը առաջին տեղը դնելու։ Շնորհակալ եմ Եհովային, որ այս շնորհալի ընկերը համաձայնվեց իր կյանքը ինձ հետ միասին անցկացնել (Առակաց 31։10)։
Մեծ անակնկալ
1951–ի նոյեմբերի 1–ից միասին ռահվիրայություն սկսեցինք։ Երկու տարի անց Թոլիդոյում (Օհայո) կայացած համաժողովում եղբայրներ Հյուգո Ռիմերն ու Ալբերտ Շրյոդերը զրույց անցկացրին միսիոներական ծառայությամբ հետաքրքրվող մի խումբ ռահվիրաների հետ։ Ներկաների թվում մենք էլ կայինք։ Բոլորիս խրախուսեցին շարունակել ծառայությունը Քլիվլենդում, սակայն հենց հաջորդ ամիս ես ու Քրիստինը մի մեծ անակնկալ ունեցանք. մեզ հրավիրեցին սովորելու «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 23–րդ դասարանում. դասերը սկսվելու էին 1954–ի փետրվարին։
Երբ ավտոմոբիլով մոտենում էինք Նյու Յորքի Սաութ Լանսինգին, որտեղ անց էր կացվում «Գաղաադ» դպրոցը, Քրիստինը այնքան հուզված էր, որ շարունակ կրկնում էր՝ դանդաղ վարիր։ «Եթե մի փոքր ավել դանդաղեցնենք, ապա պարզապես կանգ կառնենք»,— պատասխանեցի ես։ Դպրոցի տարածք հասնելուն պես, սակայն, թեթևացած շունչ քաշեցինք։ Եղբայր Նաթան Նորը ողջունեց ուսանողներին, որից հետո միասին շրջեցինք տարածքում։ Նա մեզ բացատրեց, թե ինչպես կարող ենք խնայել ջուրն ու էլեկտրաէներգիան՝ ընդգծելով նաև, որ խնայողասիրությունը արժանիք է, երբ մտածում ենք Թագավորության շահերի մասին։ Այդ խորհուրդը խոր արմատներ ձգեց մեր սրտերում։ Մինչև օրս էլ չենք զլանում հետևել դրան։
Թռիչք դեպի Ռիո
Շուտով արդեն մեր ավարտական երեկոն էր, և 1954–ի դեկտեմբերի 10–ին Նյու Յորքի ցուրտ օդանավակայանում պատրաստ էինք ինքնաթիռ նստելու։ Հուզված էինք. գլխներումս արևոտ Ռիո դե Ժանեյրոյում ստացած մեր նոր նշանակումն էր։ Պիտեր ու Բիլլի Կարբելլո ամուսինները մեզ հետ նույն նշանակումն էին ստացել, և մեկնում էին մեզ հետ միասին։ Թռիչքը պետք է տևեր քսանչորս ժամ՝ Պուերտո Ռիկոյում, Վենեսուելայում և Բրազիլիայի հյուսիսում գտնվող Բելեն քաղաքներում կանգառներով։ Սակայն շարժիչի հետ կապված որոշ խնդիրների պատճառով երեսունվեց ժամ հետո միայն տեսանք Ռիո դե Ժանեյրոն։ Ի՜նչ զարմանահրաշ տեսարան բացվեց մեր առջև։ Քաղաքն ամբողջովին ողողված էր ադամանդաշող լույսերով, կարծես սև թավշյա գորգի վրա ադամանդներ սփռված լինեին, իսկ լուսնի արծաթափայլ լույսն արտացոլվում էր Գուանաբարա խորշի ջրերում։
Բեթելի ընտանիքից մի քանի հոգի արդեն սպասում էին օդանավակայանում։ Ջերմորեն ողջունելուց հետո մեզ ուղեկցեցին մասնաճյուղի շենքը, և առավոտյան ժամը երեքին մոտ արդեն անկողին էինք մտել։ Մի քանի ժամ հետո զարթուցիչը հիշեցրեց, որ միսիոներական մեր առաջին օրն արդեն սկսվել է։
Մի վաղեմի դաս
Կարճ ժամանակ անց մի դեպք պատահեց, որը մեզ համար կարևոր դաս եղավ։ Մի երեկո քրիստոնյա ընտանիքներից մեկը մեզ իրենց տուն հրավիրեց։ Երբ արդեն ուզում էինք վերադառնալ Բեթել (ոտքով պետք է գնայինք), տանտերը առարկեց. «Չեք կարող գնալ. դրսում հորդառատ անձրև է տեղում»։ Այնուհետև փորձեց համոզել, որ իրենց մոտ գիշերենք։ «Այնտեղ, որտեղից եկել ենք, նույնպես անձրև է գալիս»,— ծիծաղեցի ես՝ ուշադրություն չդարձնելով նրա խոսքերին։ Այդպես էլ նրանց հրաժեշտ տվեցինք։
Ռիոն շրջապատված է լեռներով, ու անձրևաջրերը շատ արագ են հավաքվում ու հոսում քաղաքի միջով՝ հաճախ հեղեղներ առաջացնելով։ Շատ չանցած՝ արդեն քայլում էինք մինչև ծնկները հասնող ջրերի միջով։ Մասնաճյուղի կողքի փողոցներով անձրևաջրերը կատաղած գետի ջրերի պես էին հոսում ու հասնում մինչև մեր կրծքավանդակը։ Երբ տեղ հասանք, մինչև ոսկորներս թրջված էինք։ Հաջորդ օրը Քրիստինի ինքնազգացողությունը վատացավ ու պարզվեց, որ որովայնային տիֆով է հիվանդացել։ Երկար ժամանակ պահանջվեց, մինչև որ նա իրեն նորից առողջ զգաց։ Պարզ է, որ մենք՝ նորեկ միսիոներներս, պետք է ականջ դնեինք տեղի փորձառու Վկաների տված խորհրդին։
Առաջին քայլերը միսիոներական ու շրջագայական ծառայության մեջ
Այս տհաճ միջադեպից հետո մենք սիրով անցանք մեր ծառայությանը։ Ամեն անգամ մեզ հանդիպած մարդկանց պորտուգալերեն մեկ–երկու նախադասություն էինք ասում զրույց սկսելու համար, և թվում էր՝ երկուսս էլ միևնույն հաջողություններն էինք անում։ Մեկը, դիմելով Քրիստինին, ասում էր. «Ես հասկանում եմ ձեր ասածը, սակայն,— մատնացույց անելով ինձ՝ շարունակում էր նա,— ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչ է ասում ձեր ուղեկիցը»։ Իսկ ուրիշը նույն բանն էր ասում, բայց այս անգամ արդեն դիմելով ինձ. «Կարող եմ հասկանալ ձեզ, բայց ոչ՝ նրան»։ Չնայած այդ ամենին՝ ուրախ էինք, որ այդ մի քանի շաբաթվա ընթացքում «Դիտարանի» ավելի քան հարյուր բաժանորդագրության պատվեր էինք ստացել։ Նրանցից մի քանիսը, որոնց հետ Աստվածաշունչ էինք ուսումնասիրում, մկրտվեցին Բրազիլիայում մեր ծառայության հենց առաջին տարվա ընթացքում՝ սկզբիցևեթ մեզ համար ապացույց լինելով, թե որքան պտղաբեր է լինելու մեր միսիոներական այդ նշանակումը։
1950–ականներին որակելի եղբայրների մեծ կարիք կար Բրազիլիայում, և շրջանային վերակացուները չէին կարողանում շատ ժողովներ կանոնավորաբար այցելել։ Ու թեև դեռ շարունակում էի լեզուն սովորել և ոչ մի անգամ պորտուգալերենով հանրային ելույթ չէի ունեցել, 1956–ին նշանակում ստացա այցելելու Սան Պաուլու նահանգի ժողովները։
Առաջին ժողովում, որը պետք է այցելեինք, արդեն երկու տարի էր, ինչ շրջանային վերակացու չէր եղել. բոլորը մեծ սպասումների մեջ էին։ Հանրային ելույթը պատրաստելիս առանձին պարբերություններ էի կտրել–հանել պորտուգալերեն «Դիտարանի» հոդվածներից և դրանք սոսնձել թղթի կտորների վրա։ Այդ կիրակի Թագավորության սրահը լեփ–լեցուն էր։ Մարդիկ նստած էին նույնիսկ բեմի վրա. բոլորը սպասում էին այդ մեծ իրադարձությանը։ Ելույթս՝ ավելի ճիշտ ընթերցանությունս սկսվեց։ Ժամանակ առ ժամանակ աչքերս վեր էի բարձրացնում. ի զարմանս ինձ՝ ոչ ոք տեղից չէր շարժվում, նույնիսկ երեխաներն էին լուռ նստած։ Բոլորն իրենց աչքերը հառած ինձ էին նայում։ «Վալենտինո՜,— մտածեցի ես,— ինչքա՜ն է լավացել պորտուգալերենդ։ Այս մարդիկ ուշադիր լսում են քեզ»։ Տարիներ անց, երբ կրկին այցելեցի այդ ժողովը, եղբայրներից մեկը, որը ներկա էր գտնվել այն առաջին այցելությանը, ասաց. «Հիշո՞ւմ ես քո ներկայացրած առաջին հանրային ելույթը։ Մենք ոչ մի բառ չէինք հասկացել դրանից»։ Ստիպված էի խոստովանել, որ անգամ ինքս շատ բան չէի հասկացել այդ ելույթից։
Շրջանային ծառայությանս առաջին տարվա ընթացքում հաճախ էի կարդում Զաքարիա 4։6–ը։ «Ոչ թէ ոյժով, այլ իմ հոգովը» խոսքերը հիշեցնում էին ինձ, որ Թագավորության գործունեության առաջընթացի միակ «պատճառը» Եհովայի ոգին էր։ Եվ այն իրոք առաջընթաց էր ապրում՝ չնայած մեր բացահայտ սահմանափակումներին։
Մեր ճանապարհին հանդիպած դժվարություններն ու օրհնությունները
Շրջանային ծառայության մեջ գտնվել՝ նշանակում էր ամեն անգամ կտրել–անցնել երկիրը՝ միաժամանակ քարշ տալով գրամեքենան, գրականության տուփերը, ճամպրուկներն ու պայուսակները։ Քրիստինն իմաստուն էր վարվում ու միշտ գիտեր մեր ծանրոցների քանակը, այնպես որ մի ավտոբուսից մյուսին վազելիս ոչինչ չէինք մոռանում վերցնել։ Մեզ համար սովորական էր դարձել հաջորդ նշանակման վայր հասնելու համար կեղտոտ ճանապարհներով ընթացող ավտոբուսներով տասնհինգ ժամ ճամփորդելը։ Երբեմն սարսափելի նյարդայնանում էինք, երբ հակառակ ուղղությամբ առաջ ընթացող երկու ավտոբուսներ միաժամանակ անցնում էին խարխուլ կամրջով, այն էլ անցնելիս իրար այնքան մոտ էին լինում, որ հազիվ մի կտոր բարակ թղթի տեղ էր մնում։ Մենք ճանապարհորդում էինք նաև գնացքով, նավով ու ձիերով։
1961–ից անցանք նահանգային շրջագայության՝ այս անգամ արդեն ժողովից ժողով ճանապարհորդելու փոխարեն՝ տեղափոխվում էինք շրջանից շրջան։ Շաբաթվա ընթացքում՝ երեկոները, Եհովայի կազմակերպության թողարկած ֆիլմերն էինք ցուցադրում՝ ամեն անգամ տարբեր վայրերում։ Հաճախ հարկավոր էր լինում արագ գործել՝ տեղի կրոնականներին շրջանցելու նպատակով, քանի որ նրանք ջանում էին խանգարել մեզ։ Քաղաքներից մեկում, որտեղ սրահ էինք վարձել, մի քահանա սպառնալով ստիպել էր մեզ հետ պայմանագիր կնքած մի մարդու հրաժարվել այդ պայմանագրից։ Նոր սրահի որոնումների մեջ մի քանի օր անցկացնելուց հետո վերջապես նոր վայր գտանք, սակայն ոչ ոքի այդ մասին ոչինչ չասացինք, այլ բոլորին շարունակեցինք հրավիրել նախկին սրահը։ Ծրագիրը սկսվելուց առաջ Քրիստինը մտավ սրահ և, առանց աղմուկ բարձրացնելու, բոլոր ցանկացողներին հայտնեց նոր սրահի տեղը։ Այդ երեկո հարյուր հիսուն հոգի դիտեց բովանդակությանը անչափ համապատասխանող «Նոր աշխարհի հասարակությունը եռուզեռի մեջ» վերնագիրը կրող ֆիլմը։
Թեպետ շրջագայական աշխատանքը որոշ հեռավոր տարածքներում մեզանից մեծ ջանքեր էր պահանջում, սակայն տեղի խոնարհ եղբայրները այնքան շնորհակալ էին մեր այցելությունների համար և այնպիսի սիրով էին մեզ հյուրընկալում իրենց տներում, որ մենք ամեն անգամ մեր երախտագիտությունն էինք հայտնում Եհովային՝ նրանց կողքին լինելու համար։ Նրանց օգնելը հաճելի օրհնություններ էր բերում մեզ (Առակաց 19։17, ՆԱ; Անգե 2։7)։ Որքա՜ն ցավալի էր մեզ համար քսանմեկ տարի Բրազիլիայում գտնվելուց հետո հրաժեշտ տալ միսիոներական ծառայությանը։
Ծանր պահերին Եհովան ցույց է տվել ճանապարհը
1975–ին Քրիստինը վիրահատվեց։ Շրջագայական ծառայությունը շարունակեցինք, սակայն նրա առողջությունը գնալով վատանում էր։ Ամենաճիշտ որոշումը Միացյալ Նահանգներ վերադառնալն էր, որպեսզի Քրիստինը բժշկական հսկողության տակ գտնվեր։ 1976–ի ապրիլին տեղափոխվեցինք Կալիֆոռնիա՝ Լոնգ Բիչ՝ մորս մոտ։ Քսան տարի տնից հեռու ապրելուց հետո մոլորված էինք՝ ի՞նչ անել։ Սկսեցի մերսումներ անել, ու վաստակածս դրամով կարողանում էինք ապրել։ Կալիֆոռնիա նահանգը Քրիստինին տեղ տվեց հիվանդանոցում, սակայն նրա վիճակը գնալով վատթարանում էր, քանի որ բժիշկները հրաժարվում էին անարյուն վիրաբուժության մեթոդով նրան բուժել։ Հուսահատված՝ սկսեցինք Եհովայից օգնություն աղերսել։
Մի օր՝ կեսօրին, քարոզում էի փողոցում ու պատահմամբ բժշկի մի աշխատասենյակ նկատեցի։ Որոշեցի ներս մտնել։ Բժիշկն արդեն մտադիր էր տուն գնալ, սակայն ինձ ներս հրավիրեց, ու գրեթե երկու ժամ զրուցեցինք։ Ահա թե ինչ ասաց նա. «Գնահատում եմ որպես միսիոներներ ձեր կատարած աշխատանքը։ Ես հանձն կառնեմ ձեր կնոջ բուժումը, առանց վճարի ու առանց արյան ներարկման»։ Ականջներիս չէի կարող հավատալ։
Այս բարի բժիշկը, որն, ինչպես պարզվեց, հարգված մասնագետ էր, Քրիստինին տեղափոխեց իր կլինիկան, որտեղ Քրիստինը նրա որակելի հսկողության ներքո շուտով սկսեց ապաքինվել։ Որքա՜ն ենք երախտապարտ Եհովային, որ այդ ծանր կացության մեջ ցույց տվեց մեզ ճանապարհը։
Նոր նշանակումներ
Քրիստինի առողջանալուն պես ռահվիրայություն սկսեցինք, ինչը մեզ կրկին մեծ ուրախություններ պարգևեց։ Լոնգ Բիչում մի քանի հոգի մեր օգնությամբ Եհովայի երկրպագուները դարձան։ 1982–ին մեզ խնդրեցին Միացյալ Նահանգներում շրջանային ծառայության անցնել։ Ամեն օր մեր գոհունակությունն էինք հայտնում Եհովային, որ մեզ կրկին օգտագործում է շրջագայական աշխատանքում՝ ծառայության մի ձևի մեջ, որը մեր կողմից արդեն սիրված էր։ Ծառայել ենք Կալիֆոռնիայում, իսկ հետագայում՝ Նոր Անգլիայում. այս շրջանում նաև մի քանի պորտուգալախոս ժողովներ էին գործում։ Ավելի ուշ շրջանի մեջ ընդգրկվեցին նաև Բերմուդյան կղզիները։
Չորս թարմացուցիչ տարիներից հետո ստացանք մի նոր նշանակում։ Մեզ առաջարկեցին որպես հատուկ ռահվիրաներ ծառայել այնտեղ, որտեղ ինքներս կամենանք։ Տխուր էր թողնել մեր շրջագայական ծառայությունը, սակայն վճռականորեն տրամադրված էինք առաջ ընթանալ մեր նոր նշանակման մեջ։ Բայց որտե՞ղ։ Շրջագայելիս նկատել էի, որ Նյու Բեդֆորդի (Մասաչուսեթս) պորտուգալախոս ժողովները օգնության կարիք ունեին։ Այնպես որ ուղևորվեցինք հենց այնտեղ։
Երբ տեղ հասանք, ժողովը մեզ համար մի մեծ խնջույք պատրաստեց։ Պարզ զգացվում էր, որ մեր կարիքն ունեն։ Արտասվելու չափ հուզվել էինք։ Մի երիտասարդ զույգ, որը երկու մանկահասակ երեխաներ ուներ, մինչ մենք բնակարան կգտնեինք, մեզ սիրով իրենց տուն տարավ։ Օրհնությունները, որոնք հաջորդեցին մեր հատուկ ռահվիրայական նշանակմանը, գերազանցեցին մեր բոլոր սպասելիքները։ 1986–ից ի վեր թվով մոտ քառասուն հոգու օգնել ենք այստեղ Վկա դառնալ։ Նրանք են մեր հոգևոր ընտանիքի անդամները։ Սրանից բացի, մեծ ուրախություն եմ ապրել՝ տեսնելով, թե ինչպես են տեղի եղբայրներից հինգը աճել ու այժմ հոտի հոգատար հովիվներ դարձել։ Այս ծառայությունը իսկական պտղաբեր միսիոներական ծառայություն էր։
Ետադարձ հայացք նետելով մեր անցյալին՝ կարող ենք ասել՝ երջանիկ ենք, որ պատանեկան տարիներից սկսած ծառայել ենք Եհովային ու ճշմարտությունը մեր կյանքի ուղին դարձրել։ Ճիշտ է՝ տարիքն ու մեր տկարությունները այժմ իրենց զգացնել են տալիս, սակայն, առաջվա նման, Եհովայի ճանապարհով առաջ ընթանալը մեր զորությունն ու ուրախությունն է։
[նկար 26–րդ էջի վրա]
Մեր առաջին օրերը Ռիո դե Ժանեյրոյում
[նկար 28–րդ էջի վրա]
Մեր հոգևոր ընտանիքը՝ Նյու Բեդֆորդի ժողովը