Կա՞ արդյոք կյանք մահից հետո
«Մարդը թէ մեռնի՝ կ’ապրի՞ նա դարձեալ»,— հարցրեց նահապետ Հոբը մոտ 3 500 տարի առաջ (Յոբ 14։14, ԷԹ)։ Հազարամյակներ շարունակ մարդկությանը հանգիստ չի տվել այս հարցը։ Հարյուրամյակների ընթացքում բոլոր մշակույթների պատկանող մարդիկ մտորել են այս հարցի շուրջ և, արդյունքում, մի շարք տեսություններ են առաջ բերել։
Իրենց քրիստոնյա համարող բազում անհատներ հավատում են դժոխքի և դրախտի գոյությանը։ Հնդուականները հավատում են վերամարմնավորմանը։ Մահմեդականների հավատի վերաբերյալ Իսլամական կրոնի կենտրոնի աշխատակից Ամիր Մուավիյան ասում է. «Մենք հավատում ենք, որ մահից հետո դատաստանի օր է լինելու, երբ կանգնելու ենք Աստծո՝ Ալլահի առջև այնպես, կարծես դատարան ենք ներկայացել»։ Ըստ մահմեդականների՝ Ալլահը քննելու է յուրաքանչյուրի վարած կյանքը և որոշելու նրա տեղը՝ կամ դրախտ, կամ էլ դժոխքի կրակներ։
Շրի Լանկայում բուդդայականները և կաթոլիկները, երբ տնեցիներից մեկը մահանում է, տան դռները և պատուհանները լայն բաց են անում, ապա վառում են ճրագը, իսկ դագաղը տեղավորում են այնպես, որպեսզի հանգուցյալի ոտքերը դռան կողմը լինեն։ Նրանք համոզված են, որ նման արարողությունները հեշտացնում են հանգուցյալի ոգու դուրս գալը։
Ըստ Արևմտյան Ավստրալիայի համալսարանի ներկայացուցիչ Ռոնալդ Բեռնտի՝ Ավստրալիայի բնիկները հավատում են, որ «մարդ արարածի ոգեղեն էությունն անխորտակելի է»։ Որոշ աֆրիկյան ցեղեր էլ հավատում են այն բանին, որ հասարակ մարդիկ մահից հետո դառնում են ուրվականներ, իսկ երևելի անհատները՝ նախնիների ոգիներ, որոնց մեծարում են և աղոթքներ ուղղում՝ որպես համայնքի անտեսանելի առաջնորդների։
Որոշ երկրներում մահացած մարդու վիճակի մասին համոզմունքները հիմնված են և՛ տեղական սովորույթների, և՛, այսպես կոչված, քրիստոնեական հավատալիքների վրա։ Օրինակ՝ Արևմտյան Աֆրիկայում ինչպես կաթոլիկների, այնպես էլ բողոքականների մեջ ընդունված է ծածկել հայելիները, երբ տանը հանգուցյալ կա, որպեսզի ոչ ոք հայելու մեջ նայելիս չտեսնի մահացածի ոգին։
Ինչ խոսք, պատասխաններն այն հարցին, թե ինչ է պատահում, երբ մարդ մահանում է, տարբեր են։ Սակայն այդ պատասխանների մեջ կա հիմնական մեկ գաղափար՝ անձի ներսում կա ինչ–որ բան, որն անմահ է և շարունակում է իր գոյությունը մահից հետո։ Ոմանք հավատում են, որ այդ «ինչ–որ բանը» ոգի է։ Օրինակ՝ Աֆրիկայի, Ասիայի, ինչպես նաև Խաղաղ օվկիանոսի որոշ երկրներում, ինչպես Պոլինեզիայում, Մելանեզիայում և Միկրոնեզիայում շատերը հավատում են, որ ոգին, և ոչ թե հոգին, անմահ է։ Իրականում, որոշ լեզուներում չկա նույնիսկ «հոգի» բառը։
Կենդանի մարդն ունի՞ արդյոք ոգի։ Այդ ոգին իրապե՞ս թողնում է մարմինը, երբ մարդը մահանում է։ Եթե այո, ապա ի՞նչ է տեղի ունենում նրա հետ։ Եվ ի՞նչ հույս կարող ենք ունենալ մահացածների համար։ Այս հարցերը չենք կարող անտեսել։ Ինչպիսին էլ որ լինի մեր մշակույթն ու կրոնը, մահը մի իրողություն է, որից հեռու չենք փախչի։ Ուստի, այս հարցերը նաև վերաբերում են անձամբ ձեզ։ Մենք խրախուսում ենք ձեզ քննության առնել դրանք։