Ո՞րն է այն բանի հիմքը, ինչին որ հավատում ես
«Հավատալ» բառի սահմանումն է՝ «իբրև ճշմարտություն ընդունել, հավաստի համարել»։ ՄԱԿ–ի մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիան պաշտպանում է յուրաքանչյուր անհատի «մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը»։ Այս իրավունքի մեջ է մտնում նաև «կրոնը կամ հավատը փոխելու» ազատությունը, եթե անհատը կամենում է դա անել։
Սակայն ինչո՞ւ մարդը պետք է ցանկանա փոխել իր կրոնը կամ հավատը։ Սովորաբար մարդիկ այսպես են արտահայտվում. «Ես իմ հավատն ունեմ և երջանիկ եմ ինձ զգում նրանով»։ Շատերը համարում են, որ նույնիսկ սխալ համոզմունքները կարող են անվնաս լինել։ Օրինակ՝ եթե մեկը հավատում է, որ երկիրը տափակ է, թվում է՝ դրանով չի վնասում ոչ իրեն և ոչ էլ ուրիշ որևէ մեկին։ «Թող ամեն մեկը մնա իր կարծիքին»,— ասում են ոմանք։ Սակայն մի՞շտ է սա խելամիտ։ Մի՞թե բժիշկը չի փորձի տարհամոզել իր աշխատակցին, եթե վերջինս շարունակի մնալ այն համոզմունքին, թե դիարանում դիակներին ձեռք տալուց հետո նա կարող է անմիջապես գնալ հիվանդասենյակ՝ բժշկական քննության ենթարկելու իր հիվանդ հաճախորդին։
Ինչ վերաբերում է կրոնին, ապա պատմությունից հայտնի է, թե ինչ մեծ վնասներ են հասցրել սխալ համոզմունքները։ Հիշենք միջին դարերում տեղի ունեցած «սուրբ» կոչված խաչակրաց արշավանքները, երբ կրոնական առաջնորդները «քաջալերում էին քրիստոնյա մոլեռանդներին դաժան բռնության»։ Կամ մտածենք մեր օրերում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմներին մասնակցած «քրիստոնյա» հրոսակների մասին, որոնք իրենց զենքի կոթերին փակցված ունեին կույս Մարիամի նկարը, ճիշտ միջնադարի զինվորների նման, որոնց սրերի կոթերին գրված էին սրբերի անուններ։ Բոլոր այս մոլեռանդները ունեցել են այն համոզմունքը, թե իրենք ճիշտ են վարվել։ Սակայն հստակ է, որ ինչպես այս, այնպես էլ մյուս կրոնական պայքարներում և կռիվներում նրանք չարաչար սխալվել են։
Ինչո՞ւ են այսքան շատ անկարգություններ և կոնֆլիկտներ տեղի ունենում։ Աստվածաշունչն ասում է, որ Բանսարկու Սատանան ‘մոլորեցնում է ամբողջ աշխարհը’ (Յայտնութիւն 12։9; Բ Կորնթացիս 4։4; 11։3)։ Պողոս առաքյալը զգուշացրեց, որ շատ կրոնավորներ, դժբախտաբար, ‘կորստյան կմատնվեն’, որովհետև նրանք կխաբվեն Սատանայից, որը ‘սուտ նշաններ և հրաշքներ’ (ԱԹ) կանի, որպեսզի խաբի նրանց։ Պողոսն ասաց, որ այսպիսիները ‘չեն ընդունի ճշմարտության սերը’, որը կարող է փրկել նրանց կյանքը, և դրանով կմատնվեն ‘մոլորության, որ հավատան ստին’ (Բ Թեսաղոնիկեցիս 2։9–12)։ Ինչպե՞ս կարելի է նվազեցնել ստությանը հավատալու հավանականությունը։ Իրականում ինչո՞ւ ես հավատում այն բանին, ինչին որ հավատում ես։
Մանկուց ա՞յդ են սովորեցրել քեզ
Հնարավոր է՝ քեզ դաստիարակել են ընտանիքում ընդունված հավատի համաձայն։ Դա շատ լավ է։ Աստված ցանկանում է, որ ծնողները կրթեն իրենց զավակներին (Բ Օրինաց 6։4–9; 11։18–21)։ Օրինակ՝ երիտասարդ Տիմոթեոսը իր մորն ու տատին հնազանդվելուց մեծ օգուտներ քաղեց (Բ Տիմոթէոս 1։5; 3։14, 15)։ Գրությունները խրախուսում են հարգել ծնողների հավատը (Առակաց 1։8; Եփեսացիս 6։1)։ Բայց մի՞թե Արարիչն ուզում է, որ ունենաս այդ համոզմունքները զուտ այն պատճառով, որ քո ծնողներն են դրանց հավատում։ Կուրորեն հետևելը նախկին սերունդների հավատին և սովորություններին, իրականում, կարող է վտանգավոր լինել (Սաղմոս 78։8; Ամովս 2։4)։
Սամարացի մի կին, որը հանդիպեց Հիսուս Քրիստոսին, մեծացել էր՝ որդեգրելով նախնիների հավատը (Յովհաննէս 4։20)։ Հիսուսը հարգեց նրա ազատությունը ընտրելու, թե ինչին էր ուզում հավատալ, բայց նաև հետևյալը մատնանշեց. «Դուք երկրպագում էք նրան, ում չգիտէք»։ Այդ կնոջ հավատալիքների մեծ մասը, իրականում, սխալ էին, և Հիսուսն ասաց նրան, որ եթե նա ցանկանում է Աստծուն ընդունելի ձևով, այն է՝ «հոգով եւ ճշմարտութեամբ» երկրպագել, ապա պետք է շտկումներ մտցնի իր դավանության մեջ։ Փոխանակ կառչելու այն հավատին, որն, անկասկած, թանկ էր իր համար՝ նա և նրա նման ուրիշներ ժամանակի ընթացքում ‘հնազանդվեցին [այն] հավատին’, որը բացահայտեց Հիսուս Քրիստոսը (Յովհաննէս 4։21–24, 39–41; Գործք 6։7)։
Ստացածդ կրթությո՞ւնն է համոզմունքներիդ հիմքը
Շատ ուսուցիչներ և մասնագետներ գիտության որոշակի բնագավառներում մեծ հարգանք են վայելում։ Սակայն պատմության մեջ շատ են եղել այնպիսի ճանաչված ուսուցիչներ, որոնք միանգամայն սխալվել են։ Օրինակ՝ հույն փիլիսոփա Արիստոտելի գրած երկու գիտական աշխատությունների մասին պատմաբան Բերտրան Ռասելը գրում է, որ «երկու գրքերում էլ հազիվ թե լինի մեկ նախադասություն, որն ընդունելի լինի այսօրվա գիտության տեսանկյունից»։ Նույնիսկ ժամանակակից գիտնականներն են հաճախ սխալվում։ Օրինակ՝ 1895–ին բրիտանացի գիտնական Լորդ Քելվինը վստահորեն հաստատեց, որ «օդից ծանր թռչող մեքենա հնարավոր չէ ստեղծել»։ Հետևաբար, իմաստուն մարդը կուրորեն չի հավատա որևէ բանի միայն այն պատճառով, որ հեղինակավոր մասնագետ է դա ասում (Սաղմոս 146։3)։
Նույն զգուշությունը հարկավոր է ունենալ կրոնական կրթության հարցում։ Պողոս առաքյալը բարձրագույն կրթություն էր ստացել իր կրոնական ուսուցիչներից և չափազանց ‘նախանձախնդիր էր իր հայրենի ավանդություններին’։ Սակայն, իր նախնիների ավանդական հավատին նախանձախնդիր լինելը, իրականում, նրա համար խնդիրներ էր առաջացնում։ Դա մղում էր նրան ‘հալածել Աստծու եկեղեցին և քանդել այն’ (Գաղատացիս 1։13, 14; Յովհաննէս 16։2, 3)։ Եվ դեռ ավելի վատ, երկար ժամանակ Պողոսը շարունակում էր «խթանի դէմ աքացել»՝ հակառակվելով այն ազդեցությանը, որը կմղեր նրան հավատալ Հիսուս Քրիստոսին։ Հիսուսի անմիջական միջամտությունը պահանջվեց, որպեսզի Պողոսը փոխեր իր համոզմունքները (Գործք 9։1–6; 26։14)։
Լրատվական միջոցնե՞րն են ազդում քո վրա
Հնարավոր է՝ լրատվական միջոցներն ազդեն համոզմունքներիդ վրա։ Մարդկանց մեծ մասն ուրախ է, որ այդ միջոցներում կա խոսքի ազատություն, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել օգտակար ինֆորմացիա։ Սակայն, գոյություն ունեն ազդեցիկ ուժեր, որոնք կարող են օգտագործել այդ լրատվական միջոցները իրենց շահերի համար, և նրանք հաճախ այդպես էլ անում են։ Այն, ինչ նրանք հաճախ ներկայացնում են, խեղաթյուրված տեղեկություն է, որը կարող է աննկատորեն ազդել մտածելակերպիդ վրա։
Բացի այդ, ավելի շատ ունկնդիրների հրապուրելու և նրանց ուշադրությունը գրավելու նպատակով լրատվական միջոցները տարածում են սենսացիոն և արտասովոր լուրեր։ Այսօր սովորական երևույթ է այն, ինչի մասին մի քանի տարի առաջ հազիվ թե ասվեր կամ տպագրվեր հասարակությանը իրազեկ պահելու համար։ Մարդու վարքագծի համընդհանուր չափանիշները, թեև դանդաղ, բայց վստահաբար քայքայվում և ոչնչանում են։ Մարդկանց մտածելակերպն էլ աստիճանաբար աղավաղվում է։ Նրանք սկսում են հավատալ, որ ‘բարին չարն է, իսկ չարը՝ բարին’ (Եսայիա 5։20; Ա Կորնթացիս 6։9, 10)։
Հավատի հուսալի հիմք գտնել
Մարդկային գաղափարների և փիլիսոփայության վրա հիմնվելը նման է ավազի վրա տուն կառուցելուն (Մատթէոս 7։26; Ա Կորնթացիս 1։19, 20)։ Այդ դեպքում, ինչի՞ վրա կարող ես վստահորեն հիմնել քո հավատը։ Քանի որ Աստված է, որ շրջապատող աշխարհը հետազոտելու և հոգևորի շուրջ հարցեր տալու կարողություն է տվել, մի՞թե նա չի տա հարցերի ճիշտ պատասխանները գտնելու միջոցներ (Ա Յովհաննէս 5։20, ՆԱ)։ Իհա՛րկե կտա։ Ուրեմն, ինչպե՞ս կարող ես համոզվել նրանում, թե ինչն է ճշմարիտ և հավաստի Աստծո երկրպագության հարցում։ Առանց որևիցե կասկածի՝ կարող ենք համոզված լինել, որ Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը, միակն է, որ տալիս է այդ հարցի ճիշտ պատասխանը (Յովհաննէս 17։17; Բ Տիմոթէոս 3։16, 17)։
«Բայց սպասե՛ք,— կարող է ասել մեկը,— այդ Աստվածաշունչ ունեցողները չէի՞ն, որ դարձան աշխարհում տեղի ունեցած կոնֆլիկտների և անկարգությունների պատճառը»։ Ճիշտ է, կրոնական առաջնորդները, որոնք պահանջում էին հետևել Աստվածաշնչին, կռիվների և կոնֆլիկտների մղող բազում գաղափարներ զարգացրեցին։ Եվ այս ամենը այն բանի հետևանքն էր, որ նրանց հավատը իրականում աստվածաշնչյան հիմք չուներ։ Պետրոս առաքյալը նկարագրում է նրանց իբրև «սուտ մարգարէներ» և «սուտ ուսուցիչներ», որոնք «կորստաբեր հերձուածներ» են առաջ բերում։ Որպես հետևանք նրանց գործունեության՝ ինչպես Պետրոսն է գրում, «ճշմարտութեան ճանապարհը պիտի անարգուի» (Բ Պետրոս 2։1, 2)։ Սակայն, Պետրոսը գրում է, որ «ունենք նաեւ մարգարէական աւելի հաստատուն խօսքը,— որին եթէ անսա[ն]ք, լաւ կ’անէ[ն]ք,— իբրեւ ճրագ, որ լոյս է տալիս մութ տեղում» (Բ Պետրոս 1։19; Սաղմոս 119։105)։
Աստվածաշունչը խրախուսում է մեզ ստուգել մեր համոզմունքները իր մեջ ամփոփված ուսմունքների հետ (Ա Յովհաննէս 4։1)։ Այս պարբերագրի միլիոնավոր ընթերցողներ կարող են վկայել, որ այդպես վարվելով՝ նրանք կյանքում նպատակ և համոզմունքներում հաստատունություն են ձեռք բերել։ Ուրեմն վարվի՛ր այնպես, ինչպես վարվեցին ազնիվ բերիացիները։ Մինչ կորոշես, թե ինչին հավատաս, ‘ամեն օր քննիր Գրքերը’ (Գործք 17։11, ԱԹ)։ Եհովայի վկաները սիրով կօգնեն քեզ այդ գործում։ Ինչ խոսք, քո որոշումն է, թե ինչին ես ցանկանում հավատալ։ Սակայն, իմաստուն քայլ է հավաստիանալը այն բանում, որ հավատալիքներդ ձևավորվում են ոչ թե մարդկային իմաստության և ցանկությունների վրա, այլ Աստծո Խոսքում բացահայտված ճշմարտության (Ա Թեսաղոնիկեցիս 2։13; 5։21)։
[նկար 6–րդ էջի վրա]
Կարող ես վստահորեն հավատալիքներդ հիմնել Աստվածաշնչի վրա