Հիշո՞ւմ եք
Ուշադի՞ր եք կարդացել «Դիտարանի» վերջին համարները։ Այդ դեպքում փորձեք պատասխանել հետևյալ հարցերին.
• Ինչո՞ւ կարելի է ասել, որ «Յոբ» գրքի 38–րդ գլխում բարձրացված հարցերը ուշադրության են արժանի նույնիսկ այսօր։
Շատ հրաշալի գործեր, որոնց վրա ուշադրություն հրավիրեց Աստված, ամբողջությամբ չեն կարողանում հասկանալ նույնիսկ մերօրյա գիտնականները։ Դրանց մեջ մտնում են հետևյալները՝ ինչպես է ձգողականության ուժը երկիրն իր ուղեծրի մեջ պահում, ինչ է իրականում լույսը, ինչ կարելի է ասել ձյան փաթիլների բազմազանության մասին, ինչպես են առաջանում անձրևի կաթիլները և ինչպիսի էներգիա է պարունակում ամպրոպը (4.15, էջ 4–11)։
• Սուրբգրային ի՞նչ օրինակներ կարող են օգնել մեզ հաղթահարելու բացասական զգացմունքները։
Ասափը, Բարուքը և Նոեմին հուսահատության պահեր են ապրել կամ բացասական զգացմունքներ ունեցել։ Աստվածաշունչն արձանագրում է, թե ինչպես են նրանք հաջողությամբ հաղթահարել այդպիսի իրավիճակները, և դա կարող է օգնել մեզ (4.15, էջ 22–24)։
• Որո՞նք են քրիստոնյա այրիներին օգնություն ցույց տալու գործնական կերպերից մի քանիսը։
Նրանց ընկերները կարող են սիրալիր կերպով և կոնկրետ օգնություն առաջարկել նրանց։ Ընտանիքի անդամները կամ այլոք գուցե կարողանան ֆինանսական կամ նյութական օգնություն առաջարկել, եթե այրիներն ունեն դրանց կարիքը։ Հավատակիցները նույնպես կարող են օգնություն ցույց տալ՝ սիրով ընկերություն, հոգևոր աջակցություն և մխիթարություն առաջարկելով (5.1, էջ 5–7)։
• Ինչո՞ւ է կարևոր «միայն Տիրոջով» ամուսնանալը, ինչպես խորհուրդ է տրվում Ա Կորնթացիս 7։39–ում։
Անհավատ անհատի հետ ամուսնանալը հաճախ դժբախտ հետևանքներ է ունենում։ Դեռ ավելին, այս ներշնչյալ խորհրդին հետևելը Եհովա Աստծուն հավատարիմ մնալ է նշանակում։ Աստծո Խոսքին հնազանդվելու դեպքում մեր սրտերը մեզ չեն դատապարտում (Ա Յովհաննէս 3։21, 22) (5.15, էջ 20, 21)։
• Քանի որ միայն Եհովան կարող է ներել մեր մեղքերը, այդ դեպքում ինչո՞ւ պետք է քրիստոնյաները լուրջ մեղքերը խոստովանեն ժողովի երեցներին։
Այո՛, մեղանչած անհատը Եհովայի ներողամտությունը պետք է հայցի (Բ Թագաւորաց 12։13)։ Բայց ինչպես Դավիթի դեպքում Նաթան մարգարեն օգնություն ցույց տվեց նրան, այնպես էլ ժողովի երեցները կարող են օգնել զղջացող մեղավորներին։ Երեցներին դիմելը ներդաշնակ է Յակոբոս 5։14, 15 համարներում տրված խորհրդի հետ (6.1, էջ 30, 31)։
• Ի՞նչն է ցույց տալիս, որ մենք պետք է հոգ տանենք այն որբերի և այրիների մասին, որոնք նեղության մեջ են։
Պատմությունից երևում է, որ այդպիսի հոգատարությունը ճշմարիտ երկրպագության անբաժանելի մաս է եղել հին հրեաների և վաղեմի քրիստոնյաների շրջանում (Ելից 22։22, 23; Գաղատացիս 2։9, 10; Յակոբոս 1։27)։ Պողոս առաքյալը Սուրբ Գրություններում հստակ կարգադրություններ է արձանագրել այրիների կարիքները հոգալու վերաբերյալ (6.15, էջ 9–11)։
• Ո՞րն է իմաստալից, ուրախ կյանք վայելելու գաղտնիքը։
Մենք պետք է լավ փոխհարաբերություններ զարգացնենք Եհովայի՝ մեր երկնային Հոր հետ, և պահպանենք դրանք։ Այդ հարցում կարևոր դեր ունի Աստվածաշնչի ուսումնասիրությունը (7.1, էջ 4, 5)։
• Արդյոք մարդն ունի՞ անմահ ոգի, որը վերապրում է մահից։
Թեև ոմանք հավատում են, որ ոգին, ոչ թե հոգին, անմահ է, սակայն Աստվածաշունչը թիկունք չի կանգնում այս հասկացողությանը։ Այն ցույց է տալիս, որ երբ մարդը մահանում է, նա հողին և չգոյության վիճակին է վերադառնում։ Սակայն Աստված զորություն ունի մարդուն կյանքի վերադարձնելու, ուստի հարության միջոցով ապագա կյանքի հույսը Աստծուց է կախված (Ժողովող 12։7) (7.15, էջ 3–6)։
• Որտե՞ղ էր Դանիելը, երբ եբրայեցի երեք պատանիները փորձվեցին Դուրայի դաշտում։
Աստվածաշունչը ոչինչ չի հայտնում այդ մասին։ Հնարավոր է, որ Դանիելի համար պարտադիր չէր այնտեղ գտնվելը իր ստացած արտոնությունների պատճառով կամ էլ միգուցե նա բացակայել է տեղանքից պաշտոնական հանձնարարություն կատարելու պատճառով։ Բայց կարող ենք վստահ ասել, որ նա Եհովային հավատարիմ մնալու հարցում փոխզիջումների չի գնացել (8.1, էջ 31)։