Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 9/1 էջ 8–13
  • ‘Խաղաղություն որոնեցեք և նրան հետևեք’

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • ‘Խաղաղություն որոնեցեք և նրան հետևեք’
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Ամեն մարդկանց հետ խաղաղութիւն ունեցէք»
  • Խաղաղարար՝ ծառայության ժամանակ
  • Խաղաղարար՝ ընտանիքում
  • Խաղաղարարներ՝ ժողովում
  • ‘Քո վերակացուները՝ որպես խաղաղություն’
  • Խաղաղություն. ինչպե՞ս կարող ես այն գտնել
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Խաղաղություն
    Աստվածաշնչի ըմբռնում
  • «Խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ»
    2009 Դիտարան
  • Հետամուտ եղիր խաղաղության
    2011 Դիտարան
2001 Դիտարան
w01 9/1 էջ 8–13

‘Խաղաղություն որոնեցեք և նրան հետևեք’

«Եթէ կարելի է՝ որքան ձեզանից է կախուած՝ ամեն մարդկանց հետ խաղաղութիւն ունեցէք» (Հռովմայեցիս 12։18, ԱԹ)։

1, 2. Ո՞ր պատճառներն են անհնար դարձնում մարդկանց ձեռքով հաստատված խաղաղության տևական լինելը։

ՊԱՏԿԵՐԱՑՐԵՔ մի տուն, որի հիմքը թույլ է, հեծանները՝ փտած, իսկ տանիքը ծռված է։ Կցանկանայի՞ք այդպիսի տան մեջ բնակվել, այն ձեր օջախը դարձնել։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Նույնիսկ ներկի թարմ շերտը չի կարող փոխել այն իրողությունը, որ տունը ամուր չէ։ Վաղ թե ուշ այդ տունը, ըստ ամենայնի, կփլվի։

2 Այս աշխարհում հաստատված ամեն մի խաղաղություն նման է այդ տանը։ Այդ խաղաղությունը կառուցված է թույլ հիմքի՝ մարդկանց խոստումների և գործելակերպերի վրա. մարդկանց, ‘որոնց մոտ փրկություն չկա’ (Սաղմոս 146։3)։ Պատմությունն իրենից ներկայացնում է հակամարտությունների մի երկար շարք ազգերի, էթնիկական խմբերի և ցեղերի միջև։ Ճիշտ է՝ եղել են խաղաղության կարճ ժամանակաշրջաններ, սակայն ինչպիսի՞ խաղաղություն է դա եղել։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ երկու ազգեր պատերազմ են մղում միմյանց դեմ, իսկ հետո խաղաղություն է հայտարարվում կա՛մ այն պատճառով, որ կողմերից մեկը պարտվել է, կա՛մ՝ որ երկուսն էլ հետագա հակամարտության մեջ ոչ մի հեռանկար չեն տեսնում։ Փոխադարձ ատելությունը, կասկածանքը և նախանձը, որոնց պատճառով սկսվել էր պատերազմը, շարունակում են մնալ։ Արհեստական խաղաղությունը, որն ընդամենը ներկ է՝ քսված թշնամության երեսին, չի կարող տևական լինել (Եզեկիէլ 13։10)։

3. Ինչո՞ւ է Աստծո ժողովրդի ունեցած խաղաղությունը տարբերվում մարդկանց բերած խաղաղությունից։

3 Բայցևայնպես պատերազմից բզկտված այս աշխարհում իսկական խաղաղություն գոյություն ունի։ Որտե՞ղ։ Հիսուս Քրիստոսի հետևորդների մեջ. այն ճշմարիտ քրիստոնյաների, որոնք հետևում են Հիսուսի խոսքերին և ձգտում ընդօրինակել նրա կյանքի ընթացքը (Ա Կորնթացիս 11։1; Ա Պետրոս 2։21)։ Այն խաղաղությունը, որը գոյություն ունի տարբեր ռասայական, սոցիալական և ազգային ծագում ունեցող ճշմարիտ քրիստոնյաների միջև, իսկական է, քանի որ առաջ է գալիս Աստծո հետ ունեցած իրենց խաղաղ հարաբերություններից, որոնք հիմնված են Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության հանդեպ տածած իրենց հավատի վրա։ Նրանց խաղաղությունը ոչ թե մարդկային ուժերով է ձեռք բերված, այլ Աստծուց ստացած նվեր է (Հռովմայեցիս 15։33; Եփեսացիս 6։23, 24)։ Դա «Խաղաղութեան իշխանին»՝ Հիսուս Քրիստոսին հնազանդվելու և Եհովային՝ ‘խաղաղության և սիրո Աստծուն’ երկրպագելու արդյունք է (Եսայիա 9։6; Բ Կորնթացիս 13։11)։

4. Ինչպե՞ս են քրիստոնյաները խաղաղության ‘հետևում’։

4 Անկատար մարդիկ ինքնաբերաբար չեն դառնում խաղաղ։ Այդ իսկ պատճառով Պետրոսն ասաց, որ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է «խաղաղութիւն որոնէ եւ նորան հետեւէ» (Ա Պետրոս 3։11, ԱԹ)։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։ Հին ժամանակներում ասված մի մարգարեություն ցույց է տալիս, թե որն է այս հարցի պատասխանը։ Խոսելով Եսայիայի միջոցով՝ Եհովան ասաց. «Քո բոլոր որդիքը Տէրից ուսուած պիտի լինեն, եւ շատ պիտի լինի քո որդկանց խաղաղութիւնը» (Եսայիա 54։13; Փիլիպպեցիս 4։9)։ Այո՛, իսկական խաղաղություն ունենում են նրանք, ովքեր ականջ են դնում Եհովայի ուսուցումներին։ Ավելին, խաղաղությունը Աստծո սուրբ ոգու պտուղ է հանդիսանում ‘սիրո, ուրախության,.... երկայնամտության, քաղցրության, բարության, հավատի, հեզության, ժուժկալության’ հետ միասին (Գաղատացիս 5։22, 23)։ Խաղաղություն չի կարող ունենալ նա, ով չի սիրում, ուրախ չէ, անհամբեր է, դաժան, չար, անհավատարիմ, մոլեգին կամ ինքնատիրապետում չունեցող։

«Ամեն մարդկանց հետ խաղաղութիւն ունեցէք»

5, 6. ա) Ի՞նչ տարբերություն կա խաղաղ և խաղաղարար լինելու միջև։ բ) Ո՞ւմ հետ են քրիստոնյաները ձգտում ‘խաղաղություն ունենալ’։

5 «Խաղաղություն» բառը սահմանվում է որպես անդորրություն, կամ հանգստի վիճակ։ Այս սահմանումն իր մեջ ընդգրկում է շատ իրավիճակներ, որտեղ բացակայում է պայքարը։ Այո՛, նույնիսկ մահացած մարդն է խաղաղության մեջ գտնվում։ Սակայն իսկական խաղաղություն վայելելու համար մարդը պարզապես խաղաղ լինելուց ավելին պետք է լինի։ Իր Լեռան քարոզում Հիսուսն ասաց. «Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն» (Մատթէոս 5։9)։ Հիսուսը խոսում էր այնպիսի անհատների հետ, որոնք ավելի ուշ հնարավորություն էին ունենալու դառնալ Աստծո հոգևոր որդիներ և ստանալ երկնային անմահ կյանք (Յովհաննէս 1։12; Հռովմայեցիս 8։14–17)։ Իսկ բոլոր այն հավատարիմ մարդիկ, ովքեր երկնային հույս չեն փայփայում, վայելելու են ‘Աստծո որդիների փառավոր ազատությունը’ (Հռովմայեցիս 8։21, ԱԹ)։ Միայն խաղաղարարները կարող են նման հույս ունենալ։ Հաճախ տարբերություն գոյություն ունի խաղաղ՝ խաղաղության մեջ լինելու և խաղաղարար լինելու միջև։ Սուրբ գրությունների տեսանկյունից՝ խաղաղարար լինել նշանակում է ակտիվորեն ձգտել խաղաղության՝ երբեմն դա անելով այնտեղ, որտեղ մինչ այդ այն բացակայում էր։

6 Ի մտի ունենալով վերոհիշյալը՝ քննարկենք Պողոս առաքյալի հետևյալ խորհուրդը՝ ուղղված հռոմեացիներին. «Եթէ կարելի է՝ որքան ձեզանից է կախուած՝ ամեն մարդկանց հետ խաղաղութիւն ունեցէք» (Հռովմայեցիս 12։18, ԱԹ)։ Պողոսը նրանց պարզապես չէր պատվիրում հանդարտաբարո լինել, թեպետև դա էլ էր պետք։ Նա քաջալերում էր խաղաղություն անել։ Ո՞ւմ հետ։ «Ամեն մարդկանց հետ»՝ ընտանիքի անդամների, հավատակիցների և նույնիսկ նրանց հետ, ովքեր չէին կիսում իրենց համոզմունքները։ Նա քաջալերեց հռոմեացիներին խաղաղություն ունենալ ուրիշների հետ, ‘որքանով իրենցից էր կախված’։ Ո՛չ, նա չէր ցանկանում, որ նրանք հանուն խաղաղության փոխզիջման գնային իրենց համոզմունքներում, այլ, չցանկանալով մարդկանց անտեղի տրամադրել իրենց դեմ, պետք է խաղաղամտորեն վերաբերվեին նրանց։ Քրիստոնյաները նման վերաբերմունք պետք է ցուցաբերեին թե՛ ժողովի անդամ հանդիսացողների և թե՛ չհանդիսացողների հանդեպ (Գաղատացիս 6։10)։ Այս մտքին համահունչ՝ Պողոսը գրեց. «Միշտ միմեանց հանդէպ եւ բոլորի հանդէպ բարին գործելու հետամուտ եղէք» (Ա Թեսաղոնիկեցիս 5։15)։

7, 8. Ինչպե՞ս և ինչո՞ւ են քրիստոնյաները խաղաղարար վերաբերմունք ունենում նրանց նկատմամբ, ովքեր չեն բաժանում իրենց համոզմունքները։

7 Ինչպե՞ս կարող ենք ձգտել խաղաղություն ունենալ նրանց հետ, ովքեր չեն բաժանում մեր համոզմունքները և նույնիսկ հակառակվում են դրանց։ Միջոցներից մեկը, օրինակ, այն է, որ մենք խուսափում ենք մյուսների նկատմամբ գերազանցության ոգի դրսևորելուց։ Օրինակ՝ դժվար թե խաղաղարար կոչվի այն խոսելաձևը, որին հատուկ են նսեմացուցիչ արտահայտություններ։ Ճիշտ է, Եհովան դատապարտել է կազմակերպություններ և դասակարգեր, բայց մենք իրավունք չունենք խոսել որևէ մարդու հետ այնպես, կարծես թե նա արդեն դատապարտված է։ Անտարակույս, մենք չպետք է դատենք ուրիշներին, նույնիսկ մեր հակառակորդներին։ Պողոսը Տիտոսին պատվիրեց, որ խորհուրդ տա Կրետեի քրիստոնյաներին, թե ինչպիսի վարվելակերպ ունենան մարդկային իշխանությունների նկատմամբ, և ասաց, որ հիշեցնի նրանց, որ «ոչ ոքի չչարախօսեն, չլինեն կռուարար, այլ՝ հեզահամբոյր, բոլոր մարդկանց հանդէպ քաղցրութեամբ վերաբերուեն» (Տիտոս 3։1, 2)։

8 Խաղաղարար վերաբերմունք ունենալով նրանց նկատմամբ, ովքեր չեն բաժանում մեր հավատը՝ մեծապես նպաստում ենք, որ նրանք ավելի ընկալունակ դառնան ճշմարտության հանդեպ։ Իհարկե, մենք չենք ձգտում այնպիսի ընկերակցությունների, որոնք «ապականում են բարի վարքերը» (Ա Կորնթացիս 15։33, ԱԹ)։ Բայցևայնպես կարող ենք քաղաքավարի լինել և պետք է բոլորին արժանապատվորեն ու բարությամբ վերաբերվենք։ Պետրոսը գրել է. «Ցոյց [տվեք] ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մէջ, որպէսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրեւ չարագործների, դրա մէջ իսկ տեսնելով ձեր բարի գործերը՝ փառաւորեն Աստծուն նրա այցելութեան օրը» (Ա Պետրոս 2։12)։

Խաղաղարար՝ ծառայության ժամանակ

9, 10. Անհավատ մարդկանց հետ խաղաղարար կերպով վարվելու ի՞նչ օրինակ է թողել Պողոս առաքյալը։

9 Առաջին դարի քրիստոնյաները հայտնի էին իրենց համարձակությամբ։ Նրանք չէին մեղմացնում իրենց լուրը, իսկ հակառակության հանդիպելիս վճռականորեն տրամադրված էին առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց (Գործք 4։29; 5։29)։ Այդուհանդերձ նրանք համարձակությունը չէին շփոթում կոպտության հետ։ Տեսնենք, թե ինչպես վարվեց Պողոսը, երբ պաշտպանում էր իր հավատը Հերովդես Ագրիպպաս 2–րդ թագավորի առաջ։ Թեև Հերովդես Ագրիպպասը արյունապիղծ կապի մեջ էր իր քրոջ՝ Բերենիկեի հետ, բայցևայնպես Պողոսը մտադիր չէր Ագրիպպասի համար բարոյականության թեմայով դասախոսություն կարդալ։ Դրա փոխարեն՝ նա մատնանշեց բաներ, որոնցում երկուսն էլ համաձայն էին՝ Ագրիպպասին վերագրելով հրեական սովորույթների մեջ գիտակ լինելը և նրան համարելով մի մարդ, որը հավատում է մարգարեներին (Գործք 26։2, 3, 27)։

10 Արդյո՞ք Պողոսը կեղծավորաբար քծնում էր այդ մարդուն, որը կարող էր իրեն ազատություն շնորհել։ Ո՛չ։ Պողոսը հետևեց իր իսկ տված խորհրդին և ճշմարտությունն ասաց։ Ագրիպպասին ասած նրա խոսքերի մեջ ոչ մի կեղծ բան չկար (Եփեսացիս 4։15)։ Պողոսը խաղաղարար մարդ էր և գիտեր, թե ինչպես «բոլորի հետ ամէն ինչ» լինել (Ա Կորնթացիս 9։22)։ Նրա նպատակը Քրիստոսի մասին քարոզելու իր իրավունքը պաշտպանելն էր։ Որպես լավ ուսուցիչ՝ նա իր խոսքը սկսեց այնպիսի միտք արտահայտելով, որի առնչությամբ ինքն ու Ագրիպասը կարող էին համաձայն լինել։ Այսպես Պողոսն օգնեց այդ անբարո թագավորին ավելի դրականորեն տրամադրվելու քրիստոնեության նկատմամբ (Գործք 26։28–31)։

11. Ինչպե՞ս կարող ենք խաղաղարար լինել ծառայության ժամանակ։

11 Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք խաղաղարար լինել ծառայության ժամանակ։ Պողոսի նման մենք պետք է խուսափենք վեճերից։ Ճիշտ է՝ երբեմն հարկավոր է «առանց երկիւղի քարոզել Աստծու խօսքը»՝ համարձակորեն պաշտպանելով մեր հավատը (Փիլիպպեցիս 1։14)։ Բայց մեծամասամբ մեր հիմնական նպատակը բարի լուրը քարոզելն է (Մատթէոս 24։14)։ Եթե անհատը հասկանում է ճշմարտությունը Աստծո նպատակների վերաբերյալ, ուրեմն կարող է դեն նետել կեղծ կրոնական գաղափարները և մաքրվել պիղծ սովորություններից։ Ուստի ցանկալի կլիներ հնարավորին չափ շեշտել այն, ինչը կգրավեր մեր ունկնդրին՝ խոսակցությունը սկսելով երկուստեք ընդհանուր բաներից։ Անհատին հակառակ տրամադրելը ոչ մի արդյունք չի բերի, իսկ եթե նրա նկատմամբ նրբանկատ մոտեցում է ցուցաբերվում, գուցե լսի մեր բերած լուրը (Բ Կորնթացիս 6։3)։

Խաղաղարար՝ ընտանիքում

12. Ինչպե՞ս կարող ենք խաղաղարարներ լինել ընտանիքում։

12 Պողոսն ասաց, որ ամուսնացողները «մարմնի նեղութիւն են ունենալու» (Ա Կորնթացիս 7։28)։ Նրանք զանազան դժվարությունների են հանդիպելու, օրինակ, ժամանակ առ ժամանակ անհամաձայնություններ են ունենալու։ Ինչպե՞ս է հարկավոր դրանք լուծել։ Խաղաղորեն։ Խաղաղարար մարդը թույլ չի տա, որ տարաձայնությունը խորանա։ Ինչպե՞ս։ Նախևառաջ հետևելով իր լեզվին։ Մարմնի այս փոքր անդամը, երբ օգտագործվում է սարկաստիկ և վիրավորական խոսքեր ասելու համար, կարող է իսկապես լինել «չար, անզսպելի եւ մահաբեր թոյնով լցուած» (Յակոբոս 3։8)։ Խաղաղարար մարդն իր լեզուն ավելի շուտ օգտագործում է շինելու և ոչ թե քանդելու համար (Առակաց 12։18)։

13, 14. Ինչպե՞ս կարող ենք խաղաղություն պահպանել, երբ սխալվում ենք խոսքով կամ էմոցիաների ենք տեղ տալիս։

13 Լինելով անկատար՝ բոլորս էլ երբեմն ասում ենք բաներ, որոնց համար ավելի ուշ զղջում ենք։ Նման իրավիճակում արագորեն ուղղեք ձեր սխալը և խաղաղություն հաստատեք (Առակաց 19։11, Արևմտ. Աստ.; Կողոսացիս 3։13)։ Խուսափեցեք «վիճաբանութիւնների» և «դատարկ վէճերի» մեջ խորամուխ լինելուց (Ա Տիմոթէոս 6։4, 5, ԱԹ)։ Դրա փոխարեն՝ փորձեք հարցի էությունն ավելի խորությամբ պատկերացնել և հասկանալ կողակցի զգացումները։ Եթե կոպիտ խոսքեր են ձեզ ասում, ապա նույն ձևով մի պատասխանեք։ Հիշեք, որ «մեղմ պատասխանը կ’հանգստացնէ բարկութիւնը» (Առակաց 15։1)։

14 Երբեմն գուցե մենք կարիք ունենանք քննելու Առակաց 17։14–ի խորհուրդը. «Վէճը չ’բորբոքուած դու ետ քաշուիր»։ Ե՛տ քաշվեք պայթյունավտանգ իրավիճակներից։ Ավելի ուշ, երբ էմոցիաները հանդարտված կլինեն, դուք, ամենայն հավանականությամբ, կկարողանաք խնդիրը խաղաղ կերպով լուծել։ Որոշ դեպքերում նպատակահարմար կլիներ դիմել քրիստոնեական հասուն վերակացուների օգնությանը։ Այս փորձառու և նրբազգաց մարդիկ կարող են զգալի օգնություն ցույց տալ, երբ ամուսնության խաղաղությանը վտանգ է սպառնում (Եսայիա 32։1, 2)։

Խաղաղարարներ՝ ժողովում

15. Հակոբոսի խոսքերի համաձայն՝ ի՞նչ վատ հատկություն դրսևորեցին որոշ քրիստոնյաներ, և ինչո՞ւ է դա կոչվում «երկրաւոր», «անասնական» և «դիւային»։

15 Որքան էլ որ ցավալի է, առաջին դարի որոշ քրիստոնյաներ նախանձելու և վիճելու հակում դրսևորեցին. հատկություններ, որոնք խաղաղության ճիշտ և ճիշտ հակառակն են։ Հակոբոսն ասաց. «Այս իմաստութիւնը ի վերուստ չէ իջած, այլ՝ երկրաւոր է, մարմնաւոր [«անասնական», ՆԱ] եւ դիւային. որովհետեւ, ուր հակառակութիւն [«հակառակասիրութիւն», ՆԿ–ի ՆԱԹ] եւ նախանձ կայ, այնտեղ կայ անկարգութիւն եւ ամէն չար բան» (Յակոբոս 3։14–16)։ Ենթադրվում է, որ «հակառակասիրութիւն» թարգմանված հունարեն բառը նշանակում է եսասիրական պատվախնդրություն, ամեն գնով դիրքի հասնելու ձգտում։ Ուստի Հակոբոսը միանգամայն հիմնավոր կերպով դա բնութագրում է որպես «երկրաւոր, մարմնաւոր [«անասնական», ՆԱ] եւ դիւային» հատկություն։ Ամբողջ պատմության ընթացքում տիրակալները ‘հակառակասիրաբար’ են գործել, ինչպես վայրի կենդանիներ, որոնք կռվում են միմյանց դեմ։ Հակառակասիրությունն իսկապես «երկրաւոր» է և «անասնական»։ Այն նաև «դիւային» է։ Առաջին անգամ այս չար հատկությունը դրսևորեց այն իշխանատենչ հրեշտակը, որը դեմ դուրս եկավ Եհովային և դարձավ Սատանա, բոլոր դևերի ղեկավար։

16. Ինչպե՞ս են առաջին դարի քրիստոնյաներից ոմանք դրսևորել այնպիսի ոգի, ինչպիսին դրսևորել էր Սատանան։

16 Հակոբոսը հորդորում էր քրիստոնյաներին խուսափել հակառակասեր ոգուց, քանզի դա խանգարում էր խաղաղությանը։ Նա գրեց. «Այդ որտեղի՞ց պատերազմներ եւ որտեղի՞ց կռիւներ ձեր մէջ. չէ՞ որ ձեր այն ցանկութիւններից, որոնք կռիւ են մղում ձեր անդամների մէջ» (Յակոբոս 4։1)։ Այստեղ «ցանկութիւններ» բառը կարող է վերաբերել նյութականի անհագ ձգտում ունենալուն կամ աչքի ընկնելու, իշխելու, ազդեցիկ լինելու ցանկությանը։ Ինչպես Սատանան, ոմանք ժողովներում, հավանաբար, ավելի շատ ցանկացել էին փայլել, քան «փոքրագոյններ» լինել, ինչպես Հիսուսն էր պատվիրել իր աշակերտներին (Ղուկաս 9։48)։ Նման ոգի դրսևորելը կարող է խլել ժողովի խաղաղությունը։

17. Ինչպե՞ս կարող են այսօր քրիստոնյաները խաղաղարարներ լինել ժողովում։

17 Այսօր մենք նույնպես պետք է դիմադրենք այնպիսի հակումների, ինչպիսիք են նյութապաշտությունը, նախանձը և ունայն պատվախնդրությունը։ Եթե մենք իսկական խաղաղարարներ ենք, ապա մեզ վատ չենք զգա, եթե ժողովում որոշակի գործեր անելու մեջ կան մեզանից ավելի հմուտ անձնավորություններ, և ուրիշների աչքում չենք վարկաբեկի նրանց՝ կասկածի տակ դնելով նրանց շարժառիթները։ Եթե մի ինչ–​որ ուշագրավ ընդունակություն ունենք, ապա այնպես չենք անի, որ մյուսներն իրենց ստվերում զգան, կարծես թե ժողովը կբարգավաճի միայն ու միայն մեր հմտության և բանիմացության շնորհիվ։ Նման ոգի դրսևորելը բաժանումներ կառաջացնի՝ խաղաղություն չի բերի։ Խաղաղարար մարդիկ չեն փողահարում իրենց ունակությունների մասին, այլ համեստորեն դրանք օգտագործում են եղբայրներին ծառայելու և Եհովային պատիվ բերելու համար։ Նրանք գիտակցում են, որ, վերջիվերջո, ոչ թե ընդունակությունը, այլ սերն է բնորոշում ճշմարիտ քրիստոնյաներին (Յովհաննէս 13։35; Ա Կորնթացիս 13։1–3)։

‘Քո վերակացուները՝ որպես խաղաղություն’

18. Ինչպե՞ս են երեցները խաղաղություն պահպանում իրար միջև։

18 Ժողովի երեցներն առաջնորդություն են վերցնում խաղաղարարներ լինելու մեջ։ Եհովան իր ժողովրդի առնչությամբ մարգարեացավ. «Քո վերակացուներդ պիտի շինեմ խաղաղութիւնը, եւ քո ոստիկաններդ՝ արդարութիւնը» (Եսայիա 60։17)։ Այս մարգարեական խոսքերին ներդաշնակ՝ նրանք, ովքեր ծառայում են որպես քրիստոնյա հովիվներ, ձգտում են խաղաղություն պահպանել ինչպես իրար, այնպես էլ հոտի մեջ։ Ժողովի երեցները կարող են խաղաղություն պահպանել միմյանց միջև՝ դրսևորելով խաղաղարար և ողջախոհ «վերին իմաստութիւն» (Յակոբոս 3։17)։ Նրանք երբեմն իրարից տարբերվող տեսակետներ կունենան, քանի որ տարբեր են ծագումով և կյանքի փորձով։ Նշանակո՞ւմ է արդյոք, որ նրանց մեջ խաղաղություն չկա։ Ո՛չ, եթե նման իրավիճակները հարթվում են ինչպես հարկն է։ Խաղաղարարները համեստորեն արտահայտում են իրենց մտքերը, իսկ հետո հարգանքով լսում, թե ինչ են ասում մյուսները։ Սեփական կարծիքը պնդելու փոխարեն՝ խաղաղարար անձնավորությունը աղոթելով կխորհի իր եղբոր տեսակետի շուրջ։ Եթե աստվածաշնչյան ոչ մի սկզբունք չի խախտվում, ապա սովորաբար հնարավոր են զանազան տեսակետներ ինչ–​որ հարցի վերաբերյալ։ Եթե մյուսները համաձայն չեն, ապա խաղաղարար մարդը կզիջի և կպաշտպանի մեծամասնության որոշումը։ Դրանով նա ցույց կտա, որ «հանդարտաբարոյ» է (Ա Տիմոթէոս 3։2, 3)։ Փորձառու վերակացուները գիտեն, որ խաղաղություն պահպանելն ավելի կարևոր է, քան սեփական տեսակետով առաջնորդվելը։

19. Ինչպե՞ս են երեցները խաղաղարարներ հանդիսանում ժողովում։

19 Երեցները նպաստում են հոտի խաղաղությանը նրանով, որ թիկունք են կանգնում նրա անդամներին և ոչ թե անհիմն կերպով քննադատում նրանց։ Ճիշտ է՝ երբեմն անհրաժեշտ է ոմանց ուղղել, բայց քրիստոնյա վերակացուի աշխատանքը, ընդհանուր առմամբ, կարգ ու կանոն հաստատելը չէ (Գաղատացիս 6։1)։ Նա հաճախ գովում է մյուսներին։ Սիրող երեցները ձգտում են նրանց մեջ լավը տեսնել։ Վերակացուները բարձր են գնահատում իրենց հավատակիցների ջանքերը և վստահ են, որ նրանք իրենց լավագույնն են անում (Բ Կորնթացիս 2։3, 4)։

20. Ինչպե՞ս է ժողովին օգուտ բերում այն, որ նրա բոլոր անդամները խաղաղարարներ են։

20 Եվ այսպես՝ ընտանիքում, ժողովում և մեր համոզմունքները չընդունող մարդկանց հետ մեր հարաբերություններում ձգտում ենք խաղաղարար լինել, խաղաղություն հաստատել։ Եթե մենք ջանադրաբար մշակում ենք այդ հատկությունը, ապա դրանով կնպաստենք ժողովի ուրախությանը։ Միևնույն ժամանակ պաշտպանված և զորացած կլինենք շատ կերպերով, ինչի մասին կիմանանք հաջորդ հոդվածից։

Հիշո՞ւմ եք

• Ի՞նչ է նշանակում լինել խաղաղարար։

• Ինչպե՞ս կարող ենք խաղաղություն պահպանել, երբ գործ ենք ունենում ոչ Վկաների հետ։

• Որո՞նք են այն մի քանի միջոցները, որոնց օգնությամբ կարելի է ընտանիքում խաղաղություն հաստատել։

• Երեցներն ինչպե՞ս կարող են խաղաղություն պահպանել ժողովում։

[շրջանակ 13–րդ էջի վրա]

Մի ժամանակ «գայլ» էինք. հիմա «ոչխար» ենք

Երբ ես ու Սակինան փոքր էինք, ապրում էինք իրար հարևանությամբ։ Սակինան բարձրահասակ ու ամրակազմ աղջիկ էր, մինչդեռ ես կարճահասակ էի ու նիհար։ Մենք հաճախ վիճում էինք իրար հետ։ Բայց մի օր լուրջ վեճ տեղի ունեցավ մեր միջև։ Այդ օրվանից մենք ոչ խոսում էինք իրար հետ, ոչ էլ՝ ողջունում։ Ժամանակի ընթացքում երկուսս էլ տեղափոխվեցինք այդտեղից և ոչ մի տեղեկություն չունեինք միմյանցից։

1994 թ.–ին սկսեցի Եհովայի վկաների հետ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Աստիճանաբար դարձա ուրիշ անձնավորություն։ Մի քանի տարի անց Բուժումբուրայում (Բուրունդի) անցկացվող մեկօրյա հատուկ համաժողովին հանդիպեցի Սակինային ու ապշեցի։ Չնայած ես ուրախ էի, որ նա ներկա էր այդ համաժողովին, սակայն իրար սառնությամբ ողջունեցինք։ Աչքերիս չէի հավատում՝ այդ օրն ավելի ուշ նրան մկրտության թեկնածուների թվում տեսնելով։ Սակինան նույնպես շատ էր փոխվել։ Նա այլևս կռվարար անձնավորություն չէր, որի հետ ես մի ժամանակ հաճախ վիճում էի։ Որքա՜ն հաճելի էր տեսնել, թե ինչպես է նա հրապարակայնորեն ցույց տալիս իր նվիրումը Աստծուն՝ ջրում մկրտվելով։

Երբ նա ջրից դուրս եկավ, ես շտապ մոտեցա՝ նրան թևերիս մեջ առնելու, և շշնջացի նրա ականջին. «Հիշո՞ւմ ես՝ ինչքան էինք վիճում»։ «Այո՛,— ասաց նա,— հիշում եմ, բայց դա անցյալում էր։ Ես հիմա նոր անձնավորություն եմ»։

Մենք երկուսս էլ ուրախ ենք, որ գտել ենք Աստվածաշնչի ճշմարտությունը, որը հաշտեցրել է մեզ և մեր «գայլանման» անձնավորությունները փոխել «ոչխարանմանների», որոնք Մեծ Հովվի՝ Եհովա Աստծո հոտի անդամներն են։ Իրոք որ, Աստվածաշնչի ճշմարտությունը փոխում է մարդուն։

[նկար 9–րդ էջի վրա]

Խաղաղարարները խուսափում են գերազանցության ոգի դրսևորելուց

[նկարներ 10–րդ էջի վրա]

Քրիստոնյաները խաղաղության են ձգտում ծառայության ժամանակ, տանը և ժողովում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը