Ինչպես կարող եք կայացնել խոհեմ որոշումներ
Ազատ կամքը Աստծուց տրված պարգև է։ Առանց դրա, մենք ռոբոտից մի փոքր ավելին կլինեինք և չէինք կարողանա վերահսկել մեր գործողությունները։ Սակայն ազատ կամք ունենալը անհրաժեշտություն է առաջացնում որոշումներ կայացնել ողջ կյանքի ընթացքում, որն այնքան էլ հեշտ չէ։
Իհարկե, շատ դեպքերում որոշում ընդունելը իրենից ոչ մի դժվարություն չի ներկայացնում։ Սակայն այլ հարցերի կապակցությամբ ընդունված որոշումները, ինչպես օրինակ, կյանքի ուղի ընտրելը կամ ամուսնանալ թե չամուսնանալը, կարող են ազդել մեր հետագա ողջ կյանքի վրա։ Կան հարցեր էլ, որոնց վերաբերյալ կայացրած որոշումներն ազդեցություն են գործում ուրիշների վրա։ Ծնողների ընդունած առանձին որոշումներ կարող են խոր ազդեցություն թողնել իրենց երեխաների վրա։ Դեռ ավելին, մեր կայացրած շատ որոշումների համար մենք հաշիվ ենք տալու Աստծուն (Հռովմայեցիս 14։12)։
Օգնության կարիք կա
Մարդիկ չեն կարող պարծենալ նրանով, որ միշտ են խոհեմ որոշումներ կայացնում։ Մեզ հայտնի ամենաառաջին որոշումներից մեկը, որը կայացրել է մարդ–արարածը, աղետալի հետևանքներ ունեցավ։ Եվան որոշեց ուտել այն ծառի պտղից, որի նկատմամբ Աստված հստակ արգելք էր դրել։ Նրա՝ եսասիրական ցանկությամբ կատարած ընտրությունը հանգեցրեց այն բանին, որ իր ամուսինն էլ միացավ իրեն Աստծուն չհնազանդվելու մեջ, և, արդյունքում, մարդկությունը մեծ վնասներ կրեց։ Շատ դեպքերում մարդիկ շարունակում են իրենց որոշումները կայացնել ավելի շատ եսասիրական ցանկությունների, քան թե արդար սկզբունքների վրա հիմնվելով (Ծննդոց 3։6–19; Երեմիա 17։9)։ Իսկ երբ լուրջ որոշումներ կայացնելու առջև ենք կանգնում, հաճախ գիտակցում ենք մեր հնարավորությունների սահմանափակ լինելը։
Ուստի զարմանալի չէ, որ շատերը, երբ կարևոր որոշումներ կայացնելու առջև են կանգնած, օգնության համար մարդկանցից վեր գտնվող աղբյուրների են դիմում։ Աստվածաշնչում հաղորդվում է մի դեպքի մասին, երբ Նաբուգոդոնոսորը արշավանքի թեժ պահին պետք է որոշում կայացներ։ Թեև նա թագավոր էր, բայց «հմայություն անելու», այսինքն՝ ոգիներին դիմելու անհրաժեշտություն զգաց։ Աստվածաշնչում ասվում է. «Նա երերացնում է նետերը՝ հարցնում է թերափիմներին, մտիկ է տալիս լեարդին» (Եզեկիէլ 21։21)։ Նույնանման կերպով բազմաթիվ մարդիկ այսօր դիմում են բախտագուշակների և աստղագուշակների ու այլ ձևերով օգնություն են փնտրում ոգիների մոտ։ Սակայն այդ աղբյուրները խաբուսիկ են և մոլորեցնող (Ղեւտացոց 19։31)։
Մինչդեռ կա Մեկը, որին կարելի է լիովին վստահել և որը մարդկության ողջ պատմության ընթացքում օգնել է նրանց՝ իմաստուն որոշումներ կայացնելու։ Այդ Մեկը ոչ այլ ոք է, եթե ոչ Եհովա Աստված։ Օրինակ՝ հին ժամանակներում Աստված իր ժողովրդին՝ Իսրայելին, տվեց ուրիմն ու թումիմը, որոնք, հավանաբար, վիճակահանության սուրբ առարկաներ էին, որ գցվում էին, երբ ժողովուրդը լուրջ իրավիճակներում էր հայտնվում։ Ուրիմի և թումիմի միջոցով Եհովան ուղղակի պատասխաններ էր տալիս հարցերին և օգնում էր Իսրայելի ծերերին վստահ լինելու, որ իրենց ընդունած որոշումները ներդաշնակ են իր կամքին (Ելից 28։30; Ղեւտացոց 8։8; Թուոց 27։21)։
Քննարկենք մեկ ուրիշ օրինակ։ Երբ Գեդեոնը կանչվեց՝ առաջնորդելու իսրայելացիների բանակը մադիանացիների դեմ, նա պետք է որոշում կայացներ՝ ընդունե՞լ, թե՞ չընդունել նման մեծ առանձնաշնորհումը։ Լիովին վստահ լինելու համար, որ Եհովան կպաշտպանի իրեն՝ Գեդեոնը խնդրեց նրան մի հրաշք–նշան տալ։ Նա աղոթեց Աստծուն, որ դրսում թողնված ոչխարի բրդի վրա գիշերը ցող նստի, իսկ դրա շուրջ գետինը չոր լինի։ Հաջորդ գիշեր նա խնդրեց հակառակը՝ որ բուրդը չոր լինի, իսկ գետինը ցողով թրջվի։ Եհովան բարյացակամորեն ընդառաջեց Գեդեոնի խնդրանքին և տվեց այդ նշանները։ Արդյունքում՝ Գեդեոնը ճիշտ որոշում կայացրեց և Աստծո օգնությամբ լիակատար պարտության մատնեց Իսրայելի թշնամիներին (Դատաւորաց 6։33–40; 7։21, 22)։
Իսկ այսօ՞ր
Այսօր Եհովան շարունակում է օգնություն ցույց տալ իր ծառաներին, երբ նրանց անհրաժեշտ է լինում կարևոր որոշումներ կայացնել։ Ինչպե՞ս։ Գեդեոնի պես մե՞նք էլ պետք է Եհովայից խնդրենք «բրդյա փորձեր»՝ նշաններ, որպեսզի իմանանք, թե ինչ անել։ Ամուսնական մի զույգ ցանկանում էր իմանալ, թե արդյոք հարկավոր է իրենց տեղափոխվել՝ ծառայելու այնտեղ, որտեղ Թագավորության քարոզիչների մեծ կարիք կար։ Որպեսզի կարողանային որոշում կայացնել, նրանք հետևյալը ձեռնարկեցին. իրենց տունը դրեցին վաճառքի՝ որոշակի գին սահմանելով։ Եթե տունը մինչև որոշված ժամկետը սահմանված կամ դրանից բարձր գնով վաճառվեր, ապա դա լինելու էր որպես նշան այն բանի, որ Եհովան ցանկանում է նրանց տեղափոխվելը։ Իսկ եթե չվաճառվեր, նրանք կեզրակացնեին, որ Աստված չի ցանկանում իրենց տեղափոխվելը։
Տունը չվաճառվեց։ Նշանակո՞ւմ էր դա, թե Եհովան չէր ցանկանում, որ նրանք ծառայեին այնտեղ, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կար։ Անշուշտ, չափից դուրս ինքնավստահության ցուցաբերում կլիներ կտրականապես հայտարարել, թե Եհովան ինչ է անում և ինչ չի անում իր ծառաների համար։ Մենք չենք կարող ասել, որ Եհովան այսօր բոլորովին չի միջամտում մեր գործերին՝ ցույց տալու իր կամքը մեր առնչությամբ (Եսայիա 59։1)։ Բայցևայնպես իրավունք չունենք ակնկալելու, որ նա միջամտի մեր՝ կարևոր որոշումներ կայացնելուն, փաստորեն, թողնելով, որ մեր փոխարեն Աստված որոշում կայացնի։ Այո՛, նույնիսկ Գեդեոնը իր կյանքի ընթացքում մեծ մասամբ ինքը պիտի որոշումներ կայացներ՝ առանց Եհովայից հրաշք–նշաններ ստանալու։
Այդուհանդերձ Աստվածաշնչում ասվում է, որ հնարավո՛ր է Աստծուց առաջնորդություն ստանալ։ Այդ գրքում մեր ժամանակների մասին մարգարեացվում է. «Քո ականջները լսելու են մի խօսք քո ետեւիցը որ ասէ. Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք, երբոր աջ կողմը պէտք է գնաք եւ երբոր ձախ կողմը պէտք է գնաք» (Եսայիա 30։21)։ Վճռորոշ ընտրություններ անելու առջև գտնվելիս միանգամայն տեղին է համոզվել այն բանում, որ մեր որոշումները ներդաշնակ են Աստծո կամքին և արտացոլում են նրա գերազանց իմաստությունը։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։ Դիմելով նրա Խոսքին և թույլ տալով, որ այն լինի ‘ճրագ մեր ոտների համար և լույս մեր ճանապարհի համար’ (Սաղմոս 119։105; Առակաց 2։1–6)։ Իսկ դա անելու համար մեզ հարկավոր է Աստվածաշնչից ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելու սովորություն մշակել (Կողոսացիս 1։9, 10)։ Եվ երբ մեզ անհրաժեշտ է որոշում կայացնել, մենք պետք է մանրամասնորեն քննենք տվյալ հարցին առնչվող աստվածաշնչյան բոլոր սկզբունքները։ Նման քննությունը կօգնի մեզ ‘լավն ընտրել’ (Փիլիպպեցիս 1։9, 10)։
Մենք պետք է նաև աղոթքով խոսենք Եհովայի հետ՝ վստահ լինելով, որ նա կլսի մեզ։ Որքա՜ն մխիթարական է մեր սիրառատ Աստծուն բացատրելը, թե ինչ խնդրի առջև ենք կանգնած և ինչ քայլեր ենք մտադիր անել դրա հետ կապված։ Այնուհետև ամենայն վստահությամբ կարող ենք խնդրել իր առաջնորդությունը՝ ճիշտ որոշում կայացնելու համար։ Սուրբ ոգին մեզ հաճախակի կհիշեցնի խնդրին վերաբերող աստվածաշնչյան սկզբունքների մասին կամ կօգնի ավելի հստակ պատկերացնել, թե ինչ է ասում տվյալ սուրբգրային համարը մեր իրավիճակի առնչությամբ (Յակոբոս 1։5, 6)։
Նաև Եհովան ժողովին ապահովում է հասուն անհատներով, որոնց հետ կարող ենք քննել մեր կայացվելիք որոշումները (Եփեսացիս 4։11, 12)։ Սակայն ուրիշների հետ խորհրդակցելու նպատակով մենք չպետք է նմանվենք նրանց, ովքեր մեկին մոտենալուց հետո մոտենում են մյուսին, մինչև որ վերջապես գտնեն նրան, ով կասի այն, ինչը իրենք կցանկանային լսել։ Ապա հետևում են նրա խորհրդին։ Մենք պետք է հիշենք նաև Ռոբովամի նախազգուշացնող օրինակը։ Երբ նա պետք է լուրջ որոշում կայացներ, գերազանց խորհուրդ ստացավ իր հոր մոտ ծառայած ծերերից։ Բայց նրանց խորհրդին հետևելու փոխարեն՝ նա խորհուրդ հարցրեց իր հետ մեծացած երիտասարդներից։ Հետևելով նրանց խորհրդին՝ նա չափազանց անխոհեմ որոշում ընդունեց և արդյունքում իր թագավորության մեծ մասը կորցրեց (Գ Թագաւորաց 12։1–17)։
Երբ խորհուրդ եք փնտրում, հարցրեք նրանց, ովքեր կյանքի փորձ և Աստվածաշնչից խոր գիտելիքներ ունեն, ինչպես նաև՝ խոր հարգանք արդար սկզբունքների հանդեպ (Առակաց 1։5; 11։14; 13։20)։ Անհրաժեշտության դեպքում ժամանակ տրամադրեք՝ խորհելու հարցին առնչվող սկզբունքների և ձեռք բերված բոլոր տեղեկությունների շուրջ։ Ինչքան ավելի շատ Եհովայի Խոսքի լույսի ներքո իրերին նայեք, այնքան ճիշտ որոշում կայացնելու հավանականությունն ավելի մեծ կլինի (Փիլիպպեցիս 4։6, 7)։
Մեր կայացրած որոշումները
Որոշ հարցերի առնչությամբ կարելի է հեշտությամբ որոշում կայացնել։ Երբ կարգադրություն եղավ դադարեցնելու քարոզչությունը, առաքյալները գիտեին, որ իրենք պետք է շարունակեն քարոզել Հիսուսի մասին և անհապաղ ատյանին տեղյակ պահեցին իրենց որոշման մասին, այն է՝ առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց (Գործք 5։28, 29)։ Կան որոշումներ էլ, որոնք կայացնելու համար հարկավոր է ավելի երկար մտածել տվյալ հարցի վերաբերյալ աստվածաշնչյան ուղղակի ցուցում չլինելու պատճառով։ Սակայն աստվածաշնչյան սկզբունքները սովորաբար հնարավորություն են տալիս ըմբռնելու, թե որն է լավագույն որոշումը։ Օրինակ՝ թեև զվարճության ներկայիս շատ ձևեր գոյություն չունեին Հիսուսի օրերում, բայց կան սուրբգրային հստակ մտքեր այն մասին, թե ինչն է հաճելի Եհովային և ինչը՝ ոչ։ Ուստի ցանկացած քրիստոնյա, որը թույլ է տալիս իրեն զբաղվել այնպիսի զվարճություններով, որոնցում կան բռնություն, անբարոյություն կամ էլ ըմբոստության արտահայտումներ, անխոհեմ որոշում է ընդունել (Սաղմոս 97։10; Յովհաննէս 3։19–21; Գաղատացիս 5։19–23; Եփեսացիս 5։3–5)։
Երբեմն այնպես է լինում, որ տվյալ հարցի շուրջ կարելի է երկու որոշում կայացնել, և երկուսն էլ ճիշտ են։ Օրինակ՝ ավելի շատ կարիք ունեցող վայրերում ծառայելը հրաշալի առանձնաշնորհում է և կարող է մեծ օրհնությունների դուռ բացել։ Բայց եթե մարդը ինչ–ինչ պատճառներով որոշում է այդ քայլին չդիմել, նա կարող է շարունակել ակտիվ ծառայությունը իր ժողովում։ Ժամանակ առ ժամանակ գուցե անհրաժեշտ լինի ընդունել այնպիսի որոշումներ, որոնք հնարավորություն կտան դրսևորելու մեր նվիրվածությունը Եհովային կամ ցույց տալու, թե կյանքում ինչն է ամենակարևորը մեզ համար։ Այսպիսով՝ Եհովան թույլ է տալիս, որ մենք մեր ազատ կամքով ցույց տանք, թե իրականում ինչպիսին է մեր սիրտը։
Հաճախ մեր կայացրած որոշումներն ազդում են ուրիշների վրա։ Օրինակ՝ առաջին դարի քրիստոնյաները ուրախացան, որ իրենք ազատվել են Օրենքի բազմաթիվ սահմանափակումներից։ Դա մասնավորապես նշանակում էր, որ նրանք կարող են ուտել կամ չուտել այն, ինչն անմաքուր էր՝ ըստ Օրենքի։ Այդուհանդերձ նրանց խորհուրդ տրվեց հաշվի առնել մյուսների խիղճը այդ ազատությունից օգտվելիս։ Այդ առնչությամբ Պողոսը խորհուրդ տվեց, որը կարող ենք կիրառել մեր որոշումներից շատերն ընդունելիս. «Գայթակղութեան պատճառ մի՛ եղէք» (Ա Կորնթացիս 10։32)։ Չցանկանալով գայթակղեցնել ուրիշներին՝ մենք դրանով արդեն հաճախ կարող ենք կողմնորոշվել, թե ինչ որոշում կայացնել։ Բացի այդ, կարելի է նկատի ունենալ, որ մերձավորի հանդեպ սեր ունենալը երկրորդ մեծ պատվիրանն է (Մատթէոս 22։36, 39)։
Մեր որոշումների արդյունքում
Մաքուր խղճի և աստվածաշնչյան սկզբունքների հիման վրա ընդունված որոշումները վերջիվերջո միշտ լավ արդյունքներ կունենան։ Իսկ մինչ այդ, գուցե որոշակի զոհողություններ պահանջվեն ձեզանից։ Երբ առաքյալները հայտարարեցին ատյանին, որ իրենք որոշել են շարունակել քարոզել Հիսուսի մասին, նրանց, նախքան ազատելը, գանահարեցին (Գործք 5։40)։ Երբ երեք հրեա երիտասարդները՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, որոշեցին չխոնարհվել Նաբուգոդոնոսորի կանգնեցրած ոսկե արձանի առաջ, դրանով նրանք վտանգի ենթարկեցին իրենց կյանքը։ Նրանք լավ գիտեին, որ իրենց որոշման արդյունքում, հավանական է, կորցնեին իրենց կյանքը։ Բայց նաև գիտեին, որ ունենալու են Աստծո հավանությունն ու օրհնությունը (Դանիէլ 3։16–19)։
Եթե կշռադատված որոշման արդյունքում մեր առջև դժվարություններ են հայտնվում, ապա հարկ չկա մտածելու, թե որոշումը սխալ էր։ ‘Ժամանակն ու դիպվածը’ կարող են ձախողել նույնիսկ ամենալավ մտադրություններով կայացված որոշումը (Ժողովող 9։11)։ Ավելին, Եհովան երբեմն թույլ է տալիս, որ դժվարությունները փորձեն մեր նվիրվածության աստիճանը։ Հակոբը մի ամբողջ գիշեր գոտեմարտում էր հրեշտակի հետ, որպեսզի օրհնություն ստանար (Ծննդոց 32։24–26)։ Մենք նույնպես գուցե ստիպված ենք «գոտեմարտել» ինչ–որ դժվարության դեմ, նույնիսկ եթե ճիշտ քայլեր ենք անում։ Բայցևայնպես եթե մեր որոշումները ներդաշնակ են Աստծո կամքին, ապա կարող ենք վստահ լինել, որ նա կօգնի մեզ՝ համբերելու, և, ի վերջո, կօրհնի (Բ Կորնթացիս 4։7)։
Եվ այսպես՝ երբ կարևոր որոշումներ եք կայացնում, մի՛ ապավինեք ձեր իմաստությանը։ Քննե՛ք հարցին վերաբերող աստվածաշնչյան սկզբունքները։ Խոսե՛ք Եհովայի հետ տվյալ խնդրի մասին։ Հնարավորության դեպքում խորհրդակցե՛ք հասուն քրիստոնյաների հետ։ Եղե՛ք համարձակ։ Պատասխանատու մոտեցո՛ւմ հանդես բերեք Աստծուց տրված ձեր ազատ կամքի նկատմամբ։ Կայացրե՛ք խոհեմ որոշումներ և ցո՛ւյց տվեք Եհովային, որ ձեր սիրտն ուղիղ է նրա առջև։
[նկար 28–րդ էջի վրա]
Դիմեք Աստծո Խոսքին նախքան կարևոր որոշումներ կայացնելը
[նկարներ 28–րդ և 29–րդ էջերի վրա]
Խոսեք Եհովայի հետ ձեր կայացնելիք որոշումների մասին
[նկար 30–րդ էջի վրա]
Դուք կարող եք ձեր կայացնելիք կարևոր որոշումները քննարկել հասուն քրիստոնյաների հետ