Եհովայի օրհնությունն է մեզ հարստացնում
«Տէրոջ օրհնութիւնն է, որ հարստութիւն կու տայ ու [նա] [օրհնության] հետ տրտմութիւն [«ցավ», ՆԱ] չի խառներ» (Առակաց 10։22, Արևմտ. Աստ.)։
1, 2. Ինչո՞ւ նյութական բարիքները երջանկություն չեն բերում։
ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆ այսօր ղեկավարում է միլիոնավոր մարդկանց կյանքերը։ Բայց մի՞թե դրանից նրանք ավելի երջանիկ են դառնում։ «Ես չեմ կարողանում հիշել որևէ ժամանակ, որ մարդիկ այսքան դժգոհ լինեին իրենց կյանքից,— ասվում է մի շաբաթաթերթում։— Դա պարադոքս է։ Ասում ենք, որ Ավստրալիան գերազանց տնտեսական վիճակում է գտնվում, որ կյանքը երբեք այսքան լավ չի եղել.... Բայցևայնպես հոռետեսական տրամադրությունները համակել են ողջ ազգին։ Տղամարդիկ և կանայք հավասարապես զգում են, որ իրենց կյանքում ինչ–որ բան է բացակայում, բայց թե ինչ՝ չգիտեն» («The Australian Women’s Weekly»)։ Որքա՜ն ճշմարտացի է Գրություններում ասվածը, թե ո՛չ երջանկությունը, ո՛չ էլ կյանքը կախված չեն ունեցվածքից (Ժողովող 5։10; Ղուկաս 12։15)։
2 Աստվածաշունչը սովորեցնում է, որ ամենամեծ երջանկությունը Աստծո օրհնությունից է բխում։ Ահա թե ինչ է ասվում Առակաց 10։22–ում. «Տէրոջ օրհնութիւնն է, որ հարստութիւն կու տայ ու [նա] [օրհնության] հետ տրտմութիւն [«ցավ», ՆԱ] չի խառներ» (Արևմտ. Աստ.)։ Մարդը հաճախ ցավ է ապրում անհագորեն նյութական բարիքների ետևից ընկնելու պատճառով։ Ուստիև Պողոս առաքյալը նախազգուշացնում է. «Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձութեան, որոգայթի եւ բազում անմիտ ու վնասակար ցանկութիւնների մէջ, որոնք ընկղմում–տանում են մարդկանց դէպի կործանում եւ դէպի կորուստ, որովհետեւ բոլոր չարիքների արմատը փողասիրութիւնն է, որին ոմանք ձգտելով՝ մոլորուեցին հաւատից եւ իրենք իրենց գցեցին բազում ցաւերի մէջ» (Ա Տիմոթէոս 6։9, 10)։
3. Ինչո՞ւ են Աստծո ծառաները փորձություններ կրում։
3 Մյուս կողմից՝ բոլոր նրանք, ովքեր ‘Եհովա Աստծո ձայնին լսում են’, կունենան օրհնություններ, որոնք ցավ չեն բերում իրենց հետ (Բ Օրինաց 28։2)։ Սակայն ոմանք գուցե հարցնեն. «Եթե Եհովայի օրհնությանը ցավ չկա խառնված, ապա ինչո՞ւ են Աստծո շատ ծառաներ տառապանքներ կրում»։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մեր փորձությունները թույլատրված են Աստծո կողմից, իսկ դրանց ծագման բուն պատճառներն են Սատանան, նրա ամբարիշտ համակարգը ու մեր անկատար էությունը (Ծննդոց 6։5; Բ Օրինաց 32։4, 5; Յովհաննէս 15։19; Յակոբոս 1։14, 15)։ Եհովան «ամէն բարի շնորհի եւ ամէն կատարեալ պարգեւի» աղբյուրն է (Յակոբոս 1։17)։ Հետևաբար նրա օրհնությունները երբեք ցավ չեն բերում։ Եկեք քննարկենք Աստծո կատարյալ պարգևներից մի քանիսը։
Աստծո Խոսքը՝ անգին պարգև
4. Ի՞նչ օրհնություն և անգին պարգև ունի Եհովայի ժողովուրդը ‘վերջի ժամանակում’։
4 ‘Վերջի ժամանակի’ առնչությամբ Դանիելի մարգարեության մեջ ազդարարվում է. «Գիտութիւնը պիտի շատանայ»։ Սակայն նաև ասվում է. «Ոչ մի ամբարիշտ պիտի չ’հասկանայ, բայց իմաստունները պիտի հասկանան» (Դանիէլ 12։4, 10)։ Միայն պատկերացրե՜ք։ Աստծո Խոսքը, մասնավորապես մարգարեությունները, այնպիսի աստվածային իմաստությամբ են արտահայտված, որ ամբարիշտները չեն կարող դրա իսկական իմաստը հասկանալ, մինչդեռ Եհովայի ժողովուրդը կարող է։ «Գոհութի՜ւն քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի,— աղոթեց Աստծո Որդին,— որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից եւ յայտնեցիր մանուկներին» (Ղուկաս 10։21)։ Ի՜նչ օրհնություն է ունենալ այդ անգին պարգևը՝ Աստվածաշունչը, և լինել նրանց թվում, որոնց Եհովան օժտել է հոգևոր ըմբռնմամբ (Ա Կորնթացիս 1։[21, ԱԹ], 27, 28; 2։14, 15)։
5. Ի՞նչ է իմաստությունը, և ինչպե՞ս կարող ենք այն ձեռք բերել։
5 Մենք ամենևին էլ հոգևոր ըմբռնում չէինք ունենա, եթե չստանայինք «վերին իմաստութիւնը» (Յակոբոս 3։17)։ Իմաստությունը գիտելիքներն ու հասկացողությունն օգտագործելու ընդունակությունն է՝ լուծելու պրոբլեմները, խուսափելու վտանգներից կամ խափանելու դրանք, հասնելու նպատակներին կամ ողջամիտ խորհուրդ տալու։ Ինչպե՞ս ենք աստվածային իմաստություն ձեռք բերում։ Առակաց 2։6–ում ասվում է. «Տէրն է տալիս իմաստութիւնը, նորա բերանիցն է գիտութիւնն ու հանճարը»։ Այո՛, եթե միշտ խնդրենք, Եհովան կտա մեզ իմաստություն, ինչպես որ Սողոմոն թագավորին տվեց «իմաստուն եւ հանճարեղ սիրտ» (Գ Թագաւորաց 3։11, 12; Յակոբոս 1։5–8)։ Իմաստություն ձեռք բերելու համար մենք պետք է նաև ամեն ժամանակ լսենք Եհովային՝ կանոնավորաբար ուսումնասիրելով և կիրառելով նրա Խոսքը։
6. Ինչո՞ւ է իմաստություն Աստծո օրենքներն ու սկզբունքները կյանքում կիրառելը։
6 Աստծո իմաստության գերազանց օրինակները պարունակվում են աստվածաշնչյան օրենքներում և սկզբունքներում։ Այդ իմաստությունը օգուտներ է բերում թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր, թե՛ էմոցիոնալ և թե՛ հոգևոր առումով։ Սաղմոսերգուն միանգամայն տեղին է երգում. «Տիրոջ օրէնքը անարատ է, հանգստացնում է հոգիին. Տիրոջ վկայութիւնը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին։ Տիրոջ պատուիրանքները ուղիղ են, ուրախացնում են սիրտը. Տիրոջ հրամանները մաքուր են, լուսաւորում են աչքերը։ Տիրոջ վախը սուրբ է, մնում է յաւիտեան. Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, բոլորովին արդար։ Նորանք աւելի ցանկալի են քան թէ ոսկի եւ քան թէ շատ մաքրուած ոսկի» (Սաղմոս 19։7–10; 119։72)։
7. Ի՞նչ հետևանքներ է ունենում Աստծո արդար չափանիշներն արհամարհելը։
7 Մյուս կողմից՝ ովքեր արհամարհում են Աստծո արդար չափանիշները, նրանք չեն գտնում այն երջանկությունն ու ազատությունը, որ փնտրում են։ Վաղ թե ուշ նրանք հասկանում են, որ Աստծուն անհնար է ծաղրել, քանի որ հնձում են այն, ինչ որ ցանել են (Գաղատացիս 6։7, 8ա)։ Աստվածաշնչյան սկզբունքներն արհամարհող միլիոնավոր մարդիկ հնձում են այնպիսի ողբերգական հետևանքներ, ինչպիսիք են անցանկալի հղիությունը, հիվանդություններն ու թմրամոլությունը, որոնք տառապանք ու ցավ են պատճառում։ Մինչև որ այդ մարդիկ չզղջան և չփոխեն իրենց ապրելակերպը, նրանց ընտրած ճանապարհը վերջիվերջո կառաջնորդի մահվան և գուցե նաև Աստծո ձեռքով կործանվելուն (Մատթէոս 7։13, 14)։
8. Ինչո՞ւ են Աստծո Խոսքը սիրող մարդիկ երջանիկ։
8 Իսկ նրանք, ովքեր սիրում են Աստծո Խոսքը և այն կիրառում կյանքում, մեծ օրհնություններ կվայելեն ներկայումս և ապագայում։ Միանգամայն հիմնավոր կերպով այդ մարդիկ կարող են ասել, որ Աստծո օրենքներն իրենց ազատություն են բերել, իսկապես երջանիկ են և մեծ ակնկալիքներով սպասում են այն ժամանակին, երբ կազատվեն մեղքից և նրա մահաբեր հետևանքներից (Հռովմայեցիս 8։20, 21; Յակոբոս 1։25)։ Նրանց հույսը հաստատ է, քանի որ հիմնված է Աստծո՝ մարդկությանը տված մեծագույն սիրո պարգևի, այն է՝ իր միածին Որդի Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության վրա (Մատթէոս 20։28; Յովհաննէս 3։16; Հռովմայեցիս 6։23)։ Այդօրինակ պարգևի մեջ երևում է մարդկության հանդեպ Աստծո ունեցած սիրո խորությունը. այդ սերը երաշխիք է հանդիսանում, որ անվերջ օրհնություններ կստանան բոլոր նրանք, ովքեր լսում են Եհովային (Հռովմայեցիս 8։32)։
Երախտապարտ ենք սուրբ ոգու պարգևի համար
9, 10. Ինչպե՞ս է օգուտ բերում մեզ Եհովայի պարգևած սուրբ ոգին։ Բացատրեք օրինակով։
9 Աստծո՝ սիրով լի տրված մեկ ուրիշ պարգև է նրա սուրբ ոգին, որի համար պետք է երախտապարտ լինենք։ 33 թ. Պենտեկոստեին Պետրոս առաքյալը Երուսաղեմում հավաքված բազմությանը կոչ արեց. «Ապաշխարեցէ՛ք, եւ ձեզանից իւրաքանչիւրը թող մկրտուի Տէր Յիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողութեան համար, եւ պիտի ընդունէք Սուրբ Հոգու պարգեւը» (Գործք 2։38)։ Այսօր Եհովան սուրբ ոգին տալիս է իր նվիրյալ ծառաներին, որոնք աղոթում են դրա համար և ցանկանում են կատարել իր կամքը (Ղուկաս 11։9–13, ԱԹ)։ Աստծո սուրբ ոգին՝ գործուն ուժը, որն ամենազորավորն է ողջ տիեզերքում, հնագույն ժամանակներում ուժ է տվել հավատ ունեցող մարդկանց, և նույնը տեղի է ունեցել վաղ քրիստոնյաների հետ (Զաքարիա 4։6; Գործք 4։31)։ Սուրբ ոգին կարող է նաև մեզ ուժ տալ, նույնիսկ եթե՝ որպես Եհովայի ժողովուրդ, հանդիպենք շատ մեծ խոչընդոտների կամ դժվարությունների (Յովէլ 2։28, 29)։
10 Քննարկենք Լորելի օրինակը, որը հիվանդ էր պոլիոմելիտով, և 37 տարի էր արդեն, ինչ արհեստական շնչառության սարքավորման օգնությամբ էր շնչում։a Չնայած իր ծանր վիճակին՝ նա մինչև մահ եռանդագին ծառայեց Աստծուն։ Լորելը տարիներ շարունակ վայելում էր Եհովայի առատ օրհնությունները։ Օրինակ՝ նա կարողացավ տասնյո՛թ անհատների բերել դեպի աստվածաշնչյան ճշմարտությունը, թեև օրվա բոլոր 24 ժամերին գամված էր այդ սարքավորմանը։ Նրա կացությունը հիշեցնում է Պողոս առաքյալի խոսքերը. «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զօրաւոր» (Բ Կորնթացիս 12։10)։ Այո՛, քարոզչության մեջ ցանկացած հաջողության պատճառը ոչ թե մեր ընդունակությունն ու ուժերն են, այլ Աստծո սուրբ ոգին, որը նա տալիս է իր խոսքն ամեն ժամանակ լսողներին (Եսայիա 40։29–31)։
11. Ի՞նչ հատկություններ է առաջ բերում Աստծո սուրբ ոգին նրանց մեջ, ովքեր ‘հագնում’ են «նոր մարդը»։
11 Եթե հնազանդվում ենք Աստծուն, ապա նրա ոգին մեր մեջ առաջ է բերում այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն և ժուժկալություն (Գաղատացիս 5։22, 23, ԱԹ)։ «Հոգու պտուղը» ‘նոր մարդուն’ բնորոշող հատկանիշներից է, որը քրիստոնյաները ‘հագնում’ են «գիշատչական», «գազանային» հատկությունների փոխարեն, որոնք գուցե դրսևորվել են նախկինում (Եփեսացիս 4։20–24; Եսայիա 11։6–9)։ Այդ պտուղի մեջ ամենակարևորը սերն է՝ միասնության կատարյալ կապը (Կողոսացիս 3։14)։
Քրիստոնեական սերը՝ պարգև, որը հարկավոր է բարձր գնահատել
12. Ինչպե՞ս են Տաբիթան և առաջին դարի այլ քրիստոնյաներ սեր ցուցաբերել։
12 Քրիստոնեական սերը ուրախություն բերող մեկ ուրիշ պարգև է Եհովայից, և այն մեզ համար շատ թանկագին է։ Թեպետ այդ սերը հիմնված է սկզբունքների վրա, այդուհանդերձ այնպիսի ուժ ունի, որ կարող է հավատակիցներին շատ ավելի մտերմացնել, քան արյունակցական կապը (Յովհաննէս 15։12, 13; Ա Պետրոս 1։22)։ Նման սիրո օրինակ է հանդիսանում Տաբիթան. մի հրաշալի քրիստոնյա կին, որն ապրում էր առաջին դարում։ Նրա «կեանքը լի էր բարի գործերով եւ ողորմութիւններով», հատկապես ի նպաստ ժողովի այրիների (Գործք 9։36)։ Այդ կանայք գուցե և արյունակից բարեկամներ ունեին, բայց Տաբիթան ցանկանում էր հնարավոր ամեն ինչ անել նրանց օգնելու և քաջալերելու համար (Ա Յովհաննէս 3։18)։ Ինչպիսի՜ հիանալի օրինակ է թողել Տաբիթան։ Եղբայրական սերը մղեց Պրիսկիղային և Ակյուղասին ‘վտանգել իրենց գլուխը’ հանուն Պողոսի։ Սերը մղեց նաև Եպափրասին, Ղուկասին, Ոնեսիփորոսին և մյուսներին օգնել առաքյալին, որն այդ ժամանակ գտնվում էր Հռոմի բանտում (Հռովմայեցիս 16։3, 4; Բ Տիմոթէոս 1։16; 4։11; Փիլիմոն 23, 24)։ Այո՛, այսօր էլ քրիստոնյաները նրանց պես ‘սիրում են միմյանց’։ Այդ սերը, որն Աստծուց տրված մի չքնաղ պարգև է և բնորոշում է նրանց՝ որպես Հիսուսի ճշմարիտ աշակերտների (Յովհաննէս 13։34, 35)։
13. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ խորապես գնահատում ենք մեր քրիստոնեական եղբայրությունը։
13 Գնահատո՞ւմ եք արդյոք քրիստոնեական ժողովում ցուցաբերված սերը։ Երախտապա՞րտ եք մեր համաշխարհային եղբայրության համար։ Սրանք նույնպես Աստծուց տրված պարգևներ են, որոնք ուրախացնում են մեր սիրտը և հարստացնում կյանքը։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ բարձր ենք գնահատում դրանք։ Սուրբ ծառայություն մատուցելով Աստծուն, մասնակցելով քրիստոնեական հանդիպումներին և սեր ու Եհովայի սուրբ ոգու մյուս պտուղները դրսևորելով (Փիլիպպեցիս 1։9; Եբրայեցիս 10։24, 25)։
«Մարդկանց տեսքով պարգևներ»
14. Ի՞նչ է պահանջվում քրիստոնյայից, եթե ցանկանում է ծառայել որպես երեց կամ ծառայողական օգնական։
14 Այն քրիստոնյա տղամարդիկ, ովքեր ցանկանում են իրենց հավատակիցներին ծառայել որպես երեցներ կամ ծառայողական օգնականներ, բարի նպատակ են հետապնդում (Ա Տիմոթէոս 3։1, 8)։ Այս առանձնաշնորհումներին համապատասխանելու համար եղբայրը պետք է հոգևոր անձնավորություն լինի, Գրություններին՝ քաջատեղյակ, իսկ ծառայության մեջ՝ եռանդուն (Գործք 18։24; Ա Տիմոթէոս 4։15; Բ Տիմոթէոս 4։5)։ Նա պետք է աչքի ընկնի խոնարհությամբ, համեստությամբ և համբերատարությամբ, քանզի ինքնահավան, հպարտ և հավակնոտ մարդիկ չեն կարող ունենալ Աստծո օրհնությունները (Առակաց 11։2; Եբրայեցիս 6։15; Գ Յովհաննէս 9, 10)։ Եթե նա ամուսնացած է, ապա պետք է սիրով գլխավորի իր ընտանիքը և ընդունակ լինի իր տունը լավ կառավարելու (Ա Տիմոթէոս 3։4, 5, 12)։ Քանի որ նա գնահատում է հոգևոր արժեքները, ուրեմն Եհովայից օրհնություններ կստանա (Մատթէոս 6։19–21)։
15, 16. Ովքե՞ր են «մարդկանց տեսքով պարգևները»։ Բացատրեք օրինակով։
15 Երբ ժողովի երեցները ջանք չեն խնայում լինելու ավետարանիչներ, հովիվներ և ուսուցիչներ, ապա մենք հիմքեր ենք ունենում բարձր գնահատելու նրանց՝ որպես «մարդկանց տեսքով պարգևների» (Եփեսացիս 4։8, ՆԱ, 11)։ Այն անհատները, ովքեր օգուտներ են քաղում նրանց սիրով լի ծառայությունից, գուցե միշտ չեն արտահայտում իրենց գնահատանքը, սակայն Եհովան տեսնում է հավատարիմ երեցների կատարած բոլոր գործերը։ Նա չի մոռանա այն սերը, որ նրանք ցույց են տալիս իր անվան համար՝ ծառայելով իր ժողովրդին (Ա Տիմոթէոս 5։17; Եբրայեցիս 6։10)։
16 Քննարկենք օրինակներ, որոնցում երևում է երեցների հոգատարությունը։ Մի երեց այցելել էր մի քրիստոնյա աղջկա, որին գլխուղեղի վիրահատություն պետք է անեին։ «Նա այնքան բարի էր, այնքան հոգատար, նեցուկ կանգնող,— գրել էր աղջկա ընտանիքի ընկերներից մեկը։— Նա թույլտվություն խնդրեց՝ միասին աղոթելու Եհովային։ Աղոթելու ընթացքում աղջկա հայրը, որ Եհովայի վկա չէր, հեծկլտաց. հիվանդասենյակում գտնվող բոլոր մարդիկ էլ արտասվում էին։ Ինչքա՜ն քնքշորեն էր այդ երեցը աղոթում, և սիրո ինչպիսի՜ դրսևորում էր Եհովայի կողմից նրան այդպիսի ժամանակի ուղարկելը»։ Հիվանդանոցում գտնվող մեկ ուրիշ Վկա ահա թե ինչ է ասում իրեն այցելած երեցների մասին. «Ես պառկած էի ինտենսիվ թերապիայի բաժնում։ Երբ տեսա, որ նրանք մոտենում են իմ անկողնուն, հաստատ համոզվածությամբ լցվեցի, որ ինչ էլ պատահի, կկարողանամ դիմանալ։ Ես ուժերի հորդում և հոգեկան անդորր զգացի»։ Հնարավո՞ր է գնել նման սիրառատ հոգատարություն։ Երբե՛ք։ Դա պարգև է Աստծուց՝ քրիստոնեական ժողովի միջոցով (Եսայիա 32։1, 2)։
Ծառայությունը որպես պարգև
17, 18. ա) Ի՞նչ պարգև է ստացել Եհովայից նրա ժողովուրդը։ բ) Ինչպիսի՞ օգնություն է ցույց տալիս Աստված, որպեսզի կարողանանք կատարել մեր ծառայությունը։
17 Մարդուն ավելի մեծ պատիվ չի կարող տրվել, քան Եհովային՝ Բարձրյալին ծառայելը (Եսայիա 43։10; Բ Կորնթացիս 4։7; Ա Պետրոս 2։9)։ Այդ առանձնաշնորհումը կարող են ունենալ երիտասարդներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ. բոլոր նրանք, ովքեր Աստծուն ծառայելու անկեղծ ցանկություն ունեն։ Օգտվո՞ւմ եք այս թանկագին պարգևից։ Ոմանք իրենց անվստահ են զգում և գուցե այդ պատճառով խուսափում են քարոզելուց, բայց հարկավոր է հիշել, որ Եհովան սուրբ ոգին տալիս է նրանց, ովքեր ծառայում են իրեն, իսկ այն, ինչ չենք կարողանում անել, կանի սուրբ ոգին (Երեմիա 1։6–8; 20։11)։
18 Եհովան Թագավորության քարոզչության գործը վստահել է իր խոնարհ ծառաներին և ոչ թե նրանց, ովքեր հպարտ են ու ապավինում են սեփական ուժերին (Ա Կորնթացիս 1։20, 26–29)։ Խոնարհ, համեստ մարդիկ ընդունում են, որ իրենց հնարավորությունները սահմանափակ են և Աստծո օգնության կարիքն ունեն ծառայությունը կատարելու համար։ Նրանք նաև գնահատում են «հաւատարիմ եւ իմաստուն տնտեսի» միջոցով ցույց տրված հոգևոր օգնությունը (Ղուկաս 12։42–44; Առակաց 22։4)։
Երջանիկ ընտանեկան կյանքը՝ հրաշալի պարգև
19. Ի՞նչ գործոններ են նպաստում երեխաների հաջող դաստիարակությանը։
19 Ամուսնությունն ու երջանիկ ընտանեկան կյանքը պարգև են Աստծուց (Հռութ 1։9; Եփեսացիս 3։14, 15)։ Իսկ երեխաները Եհովայի տված թանկագին «ժառանգութիւնն» են։ Ծնողները, որոնք հաջողությամբ աստվածահաճո հատկություններ են արմատավորում նրանց մեջ, ուրախանում են նրանցով (Սաղմոս 127։3)։ Եթե ծնող եք, ապա միշտ լսեցեք Եհովայի ձայնին, այսինքն՝ զավակներին մեծացրեք նրա Խոսքի համաձայն։ Այսպես վարվողներն, անշուշտ, կտեսնեն Եհովայի աջակցությունն ու առատ օրհնությունները (Առակաց 3։5, 6; 22։6; Եփեսացիս 6։1–4)։
20. Ի՞նչը կարող է օգտակար լինել այն ծնողներին, որոնց զավակները հեռանում են ճշմարիտ երկրպագությունից։
20 Թեպետև աստվածավախ ծնողները բարեխղճորեն դաստիարակում են իրենց երեխաներին, այնուամենայնիվ գուցե նրանցից ոմանք, մեծանալով, հեռանում են ճշմարիտ երկրպագությունից (Ծննդոց 26։34, 35)։ Դա կարող է հոգեկան մեծ հարված հասցնել ծնողներին (Առակաց 17։21, 25)։ Լիովին հույսը կորցնելու փոխարեն՝ ծնողներին գուցե օգտակար կլիներ հիշել Հիսուսի պատմած առակը անառակ որդու մասին։ Չնայած այդ որդին թողեց հայրական տունը և գնաց իր ընտրած ճանապարհով, բայցևայնպես ավելի ուշ վերադարձավ, և հայրը ուրախությամբ ու սիրով ընդունեց նրան (Ղուկաս 15։11–32)։ Ինչ էլ որ պատահի, հավատարիմ քրիստոնյա ծնողները կարող են վստահ լինել Եհովայի ըմբռնման, հոգատարության և մշտական աջակցության մեջ (Սաղմոս 145։14)։
21. Ո՞ւմ պիտի լսենք, և ինչո՞ւ։
21 Եվ այսպես՝ եկե՛ք ամեն մեկս որոշենք, թե ինչն է իսկապես կարևոր մեր կյանքում։ Անհագաբար նյութակա՞ն բարիքների ետևից ընկնելը, ինչը կարող է ցավ պատճառել մեզ և մեր ընտանիքներին, թե՞ ‘բարի շնորհների և կատարյալ պարգևների’ հետամուտ լինելը, որոնք գալիս են «լոյսի Հօրից» (Յակոբոս 1։17)։ Սատանան՝ «ստի հայրը», ուզում է, որ մենք հարստության ձգտենք, ամբողջ օրը աշխատելով, ու կորցնենք և՛ մեր ուրախությունը, և՛ մեր կյանքը (Յովհաննէս 8։44; Ղուկաս 12։15)։ Իսկ Եհովան լավագույնն է ուզում մեզ համար (Եսայիա 48։17, 18)։ Ուրեմն՝ եկե՛ք ամեն ժամանակ լսենք մեր երկնային սիրառատ Հորը և միշտ ‘ցնծանք’ նրանով (Սաղմոս 37։4)։ Եթե այդպես վարվենք, Եհովայի անգին պարգևներն ու առատ օրհնությունները, առանց որևէ ցավի, կհարստացնեն մեզ։
[ծանոթագրություն]
a Տեսեք՝ «Արթնացե՛ք», հունվարի 22, 1993 թ., էջ 18–21, անգլ.։
Հիշո՞ւմ եք
• Որտե՞ղ կարելի է գտնել ամենամեծ երջանկությունը։
• Ի՞նչ պարգևներ է Եհովան տվել իր ժողովրդին։
• Ինչո՞ւ է ծառայությունը պարգև։
• Ի՞նչ կարող են անել ծնողները, որպեսզի Աստծո օրհնությունն ունենան երեխաներին դաստիարակելու գործում։
[նկար 16–րդ էջի վրա]
Գնահատո՞ւմ եք Աստծո տված պարգևը՝ Աստվածաշունչը
[նկար 17–րդ էջի վրա]
Չնայած իր ծանր վիճակին՝ Լորել Նիսբեթը եռանդագին ծառայեց Աստծուն
[նկարներ 18–րդ էջի վրա]
Ինչպես Տաբիթան, քրիստոնյաներն այսօր հայտնի են սիրո գործերով
[նկար 19–րդ էջի վրա]
Քրիստոնյա երեցները մեծ հոգատարություն են ցուցաբերում հավատակիցների հանդեպ