Ի՞նչն է իրապես արժեքավոր
Իրապես արժեքավոր բան ունենալը կարող է ուրախություն պատճառել։ Բայց ի՞նչ կարող է դա լինել։ Մեծ քանակությամբ գումա՞ր, թանկարժեք կամ շքեղ զարդե՞ր, հռչա՞կ, թե՞ համբավ։ Այս ամենը շատերն են բարձր գնահատում։ Նրանք համարում են, որ դրանք կարող են ապահովել ապրուստը, կյանքն ավելի իմաստավորել կամ գոհացնել հավանության արժանանալու ցանկությունը և բավարարվածության զգացումը։ Ձգտո՞ւմ ենք ձեռք բերել այդ ամենը՝ հուսալով, որ դրանցով կարող ենք իրագործել ապագայի հանդեպ ունեցած մեր նպատակներն ու ցանկությունները։
Հիմնականում մարդիկ գնահատում են այն, ինչը կարող է բավարարել իրենց կարիքները կամ անձնական ցանկությունները։ Արժեքավորում ենք այնպիսի բաներ, որոնք մեր կյանքը բարեկեցիկ են դարձնում և ապահով ապագայի հեռանկար խոստանում։ Թանկ է գնահատվում այն ամենը, ինչը անմիջական թեթևացում և հանգիստ է բերում կամ մարդուն արժանացնում հարգանքի։ Սակայն, եթե ինչ–որ մի բանի արժեքը որոշելիս հիմնվենք փոփոխության ենթարկվող մեր ցանկությունների և հետաքրքրությունների վրա, ապա մեր որոշումներում կլինենք ոչ հեռատես։ Իրականում, ճիշտ արժեքը որոշվում է այն բանի գիտակցումով, թե ինչի կարիքն է, որ ամենաշատը ունենք։
Իսկ ինչի՞ կարիքն է, որ ամենաշատը ունեք։ Ոչինչ արժեք չի ունենա առանց առաջնակարգ մի բաղադրամասի՝ կյանքի։ Առանց կյանքի մենք կդադարենք գոյություն ունենալուց։ Հին Իսրայելի Սողոմոն թագավորը գրեց այդ մասին. «Մեռելները մի բան չ’գիտեն.... Գործք, խորհուրդ, գիտութիւն եւ իմաստութիւն չ’կայ միւս աշխարհքումը [գերեզմանումը]» (Ժողովող 9։5, 10)։ Երբ մահանում ենք, ստիպված ենք լինում թողնել ամեն ինչ, ինչ ձեռք ենք բերել։ Հետևաբար, մեզ խիստ անհրաժեշտ է հայթայթել մի բան, ինչը կպահպանի մեր կյանքը։ Ի՞նչը կարող է դա լինել։
Ի՞նչն է, որ կպահպանի մեր կյանքը
Սողոմոն թագավորն ասաց, որ ‘արծաթը հովանիի’ պես է (Ժողովող 7։12)։ Բավարար քանակությամբ դրամով կարող ենք սնունդ և հարմարավետ տուն գնել։ Դրամը կարող է մեզ հնարավորություն ընձեռել հաճելի ճանապարհորդություն կատարել դեպի հեռավոր երկրներ։ Այն կարող է մեր անհրաժեշտ կարիքները լցնել, երբ ծերության կամ վատառողջության պատճառով այլևս չկարողանանք աշխատել։ Դրամից ստացվող օգուտները դեռ կարելի է թվարկել։ Սակայն դրամը չի կարող պահպանել մեր կյանքը։ Պողոս առաքյալը զգուշացրեց Տիմոթեոսին. «Այս աշխարհի հարուստներին պատուիրի՛ր, որ չհպարտանան եւ չապաւինեն սնոտի հարստութեանը, այլ՝ Աստծուն» (Ա Տիմոթէոս 6։17)։ Նույնիսկ ամբողջ աշխարհում գոյություն ունեցող ողջ դրամը չի կարող գնել մեր կյանքը։
Քննենք մի օրինակ։ Հիթոշին, մեծանալով չքավոր ընտանիքում, հարուստ լինելու մեծ ցանկություն է ունեցել։ Նա այնքան է հավատացել դրամի զորությանը, որ կարծել է, թե նույնիսկ մարդկանց կարելի է գնել նրանով։ Մի անգամ Հիթոշիին այցելեց մի մարդ և հարցրեց, թե նա գիտի՞, որ Հիսուս Քրիստոսն իր կյանքը զոհաբերել է նրա համար։ Այս հարցը հետաքրքրեց Հիթոշիին, քանի որ նա կարծում էր, թե ոչ ոք իր կյանքը չէր զոհի իր նման մեկի համար։ Այնուհետև նա ներկա գտնվեց աստվածաշնչյան մի հանրային ելույթի և զարմացավ, երբ լսեց ‘աչքդ պարզ պահիր’ զգուշացումը։ Ելույթը ներկայացնողը բացատրեց, որ «պարզ» աչքը այն է, որը հեռուն է տեսնում և սևեռված է հոգևոր բաների վրա (Ղուկաս 11։34, ԱԹ)։ Դրամ ձեռք ձգելու նպատակով ծանր աշխատելու փոխարեն Հիթոշին իր կյանքում առաջնությունը տվեց հոգևոր արժեքներին։
Նյութական ստացվածքը կարող է նաև որոշ չափով կայունություն և ապահովություն տալ մեզ։ Ունևորությունը կարող է կարիքների ամենօրյա հոգսերից ազատել։ Գեղեցիկ տունը ցանկալի վայրում գոհունակություն է պատճառում մեզ։ Նորաձև հագուստը և շքեղ մեքենան կարող են մեզ ուրիշների հիացմունքի առարկան դարձնել։
Օրհնություն է, որ ‘վայելում ենք մեր ողջ աշխատանքը’ (Ժողովող 3։13)։ Ավելին ունենալը հնարավոր է դարձնում, որ մեր հարազատները ‘հանգստանան, ուտեն, խմեն և ուրախ լինեն’։ Սակայն, նյութական իրերի արժեքը կայուն չէ։ Զգուշացնելով հեռու մնալ ագահությունից՝ Հիսուս Քրիստոսն ասաց. «Մարդու կեանքը իր կուտակած հարստութեան մէջ չէ» (Ղուկաս 12։15–21)։ Ունեցվածքը, անկախ նրա քանակից կամ արժեքից, չի կարող մեզ կյանք երաշխավորել։
Լիզը, օրինակ, որն ամուսնացած էր ֆինանսապես ապահովված մի մարդու հետ, պատմում է. «Ունեինք գեղեցիկ տուն և երկու մեքենա, մեր ֆինանսական վիճակը թույլ էր տալիս մեզ ազատ վայելել ցանկացած իր, ինչը որ կառաջարկեր աշխարհը։... Կարող է տարօրինակ թվալ, բայց ես անհանգստանում էի դրամի համար»։ Նա բացատրում է. «Մենք շատ բան ունեինք, որ կարող էինք կորցնել։ Թվում է, թե որքան շատ է ունեցվածքդ, այնքան քիչ է ապահովության զգացումդ»։
Հռչակն ու համբավը նույնպես բարձր են գնահատվում շատերի կողմից, քանի որ դրանք մարդկանց պատվի և հարգանքի են արժանացնում։ Ներկայիս աշխարհում լավ կարիերան դա մի նվաճում է, ինչին շատերը կցանկանային հասնել։ Կարող ենք հռչակավոր դառնալ շնորհիվ մեր հմտությունների և շնորհների։ Ուրիշները կարող են մեծարել մեզ, մեծ տեղ տալ մեր կարծիքին, ձգտել շահել մեր հաճությունը։ Այս ամենը կարող է ոգևորություն և բավականություն պատճառել։ Բայց ի վերջո, ամեն բան աստիճանաբար չքանում է։ Սողոմոնն ուներ այն ամբողջ փառքն ու զորությունը, որ կարող էր թագավորը ունենալ, բայց նա հառաչեց. «Յաւիտեան չեն յիշում իմաստունին էլ յիմարին պէս.... բոլորը մոռացուած կ’լին[են]» (Ժողովող 2։16)։ Հռչակն ու համբավը չեն, որ կյանք են շնորհում։
Չելո անունով մի քանդակագործ սկսեց մի բան ավելի թանկ գնահատել, քան համբավը։ Տաղանդավոր լինելով՝ նրան հաջողվել էր հատուկ կրթություն ստանալ և կատարելագործվել իր աշխատանքի մեջ։ Շատ շուտով նրա գործերը լրատվական միջոցներում և արվեստի բնագավառում քննադատների կողմից գովասանքի էին արժանացել։ Նրա քանդակներից շատերը ցուցադրվել էին Եվրոպայի նշանավոր երկրներում։ Չելոն պատմում է. «Պետք է խոստովանեմ, որ մի ժամանակ առաջնայինը իմ կյանքում արվեստն էր։ Սակայն ես հասկացա, որ եթե շարունակեմ կարիերային գլխավոր տեղը տալ, ապա դա նման կլինի երկու տերերի ծառայելուն (Մատթէոս 6։24)։ Համոզվեցի, որ ամենակարևոր բանը, որ կարող էի անել, դա Աստծո Թագավորության բարի լուրի ավետումն էր։ Ուստի որոշեցի թողնել այդ գործը»։
Ի՞նչն է ամենաարժեքավորը
Քանի որ առանց կյանքի ամեն ինչ կորցնում է իր իմաստն ու արժեքը, ի՞նչ կարող ենք ձեռք բերել, որը մեզ կյանք կերաշխավորի։ Կյանքը սկիզբ է առնում Եհովա Աստծուց (Սաղմոս 36։9)։ Ինչ խոսք, ‘նրանով ենք ապրում, շարժվում և կանք’ (Գործք 17։28)։ Նրանց, ում նա սիրում է, հավիտենական կյանք է շնորհում (Հռովմայեցիս 6։23)։ Ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի արժանանանք այս պարգևին։
Հավիտենական կյանքի շնորհը ստանալը կախված է Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալուց։ Հետևաբար, նրա հաճությունը ավելի արժեքավոր է, քան ցանկացած բան, որ կարող ենք ձեռք բերել։ Եթե դա ունենք, նշանակում է ունենք հավիտյան և իսկապես երջանիկ ապրելու հեռանկարը։ Առանց Աստծո հաճության, սակայն, կանգնած կլինենք հավերժական ոչնչացման առջև։ Հստակ է, ուրեմն, որ այն, ինչը կօգնի մեզ ունենալ Եհովայի հետ լավ փոխհարաբերություն, ամեն ինչից արժեքավոր է։
Ի՞նչ է հարկավոր անել
Մեր հաջողությունը կախված է գիտություն ստանալուց։ Ճշգրիտ գիտության աղբյուրը Եհովայի Խոսքն է՝ Աստվածաշունչը։ Միայն այնտեղ է ասվում, թե ինչ է հարկավոր անել Աստծուն հաճեցնելու համար։ Հետևաբար անհարժեշտ է Գրությունները ուշադրությամբ ուսումնասիրել։ Եհովա Աստծո և Հիսուս Քրիստոսի մասին ջանասիրությամբ սովորելով այն ամենը, ինչ կարող ենք, կստանանք այն գիտությունը, որն առաջնորդում է դեպի հավիտենական կյանք (Յովհաննէս 17։3)։ Այս գիտությունը մի գանձ է, որը հարկավոր է թանկ գնահատել (Առակաց 2։1–5)։
Գիտությունը, որ ստանում ենք Աստծո Խոսքից, պատրաստում է մեզ կատարել հաջորդ քայլը՝ հավատ ընծայել Հիսուս Քրիստոսին։ Ըստ Եհովայի կարգադրության՝ մարդիկ կարող են գալ դեպի իրեն Հիսուսի միջոցով (Յովհաննէս 14։6)։ Փաստորեն, «ուրիշ մէկի միջոցով փրկութիւն չկայ» (Գործք 4։12)։ Վերջին հաշվով մեր փրկությունը կախված է ոչ թե ‘արծաթեղենից և ոսկեղենից...., այլ Քրիստոսի թանկագին արյունից’ (Ա Պետրոս 1։18, 19)։ Մենք մեր հավատը պետք է դրսևորենք Հիսուսի վարդապետությունն ընդունելով և նրա օրինակին հետևելով (Եբրայեցիս 12։1–3; Ա Պետրոս 2։21)։ Որքա՜ն արժեքավոր է նրա զոհաբերությունը։ Այդ զոհի արժեքի գործադրումը նշանակում է հավիտենական ապագա ողջ մարդկության համար։ Երբ այն ամբողջովին գործադրվի մեր օգտի համար, մենք կստանանք ճշմարտապես թանկարժեք նվեր՝ հավիտենական կյանք (Յովհաննէս 3։16)։
Հիսուսն ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով» (Մատթէոս 22։37)։ Եհովային սիրել այն կնշանակի, որ մենք «պահենք նրա պատուիրանները» (Ա Յովհաննէս 5։3)։ Նրա պատվիրաններում պահանջվում է, որ մենք հեռու մնանք աշխարհից, բարի վարք ունենանք և հավատարմորեն աջակցենք նրա Թագավորությանը։ Այդպես վարվելով է, որ մենք ‘կյանքը կընտրենք’, ոչ թե մահը (Բ Օրինաց 30։19)։ Եթե մենք ‘մոտենանք Աստծուն, նա էլ կմոտենա մեզ’ (Յակոբոս 4։8)։
Վստահությունը, որ ունենք Աստծո հաճությունը, ավելին արժե, քան ողջ աշխարհի գանձերը։ Նրանք, ովքեր ունեն այդ հաճությունը, աշխարհի ամենահարուստ մարդիկ են։ Ուրեմն՝ եկեք ջանանք ձեռք բերել այն, ինչն իրապես արժեքավոր է՝ Եհովայի հավանությունը։ Եկե՛ք ուշքներս դարձնենք Պողոս առաքյալի հորդորին. «Գնա՛ արդարութեան, աստուածապաշտութեան, հաւատի, սիրոյ, համբերութեան եւ հեզութեան ետեւից։ Հաւատի բարի մա՛րտը մղիր եւ պի՛նդ կառչիր յաւիտենական կեանքից» (Ա Տիմոթէոս 6։11, 12)։
[նկարներ 21–րդ էջի վրա]
Ի՞նչն եք բարձր գնահատում. դրա՞մը, նյութական ստացվա՞ծքը, համբա՞վը, թե մեկ ուրիշ բան
[նկար 23–րդ էջի վրա]
Անհարժեշտ է ուշադրությամբ ուսումնասիրել Գրությունները