Կարո՛ղ եք խուսափել ինֆարկտից՝ հոգևոր առումով
Համաշխարհային կարգի մի մարզիկ, որը կատարելապես տիրապետում էր իր մարզաձևին և արտաքինից գերազանց վիճակում էր, մարզումներից մեկի ժամանակ հանկարծակի վայր ընկավ և մահացավ։ Այդ մարզիկը չմշկորդ Սերգեյ Գրինկովն էր՝ Օլիմպիական խաղերի ոսկեմեդալակիր, երկակի չեմպիոն, ում կարիերան վերջ գտավ նրա ծաղկուն հասակում, երբ նա ընդամենը քսանութ տարեկան էր։ Ինչպիսի՜ դժբախտություն։ Պատճա՞ռը։ Սրտամկանի ինֆարկտ։ Նրա մահը լիովին անսպասելի էր, քանի որ սրտից նա երբեք չէր գանգատվել։ Սակայն հետազոտությունից հետո պարզվեց, որ նրա սրտի սահմանները մեծացած են եղել, իսկ պսակային զարկերակները՝ սաստիկ խցանված։
Կարող է թվալ, թե շատ դեպքերում ինֆարկտը տեղի է ունենում առանց նախանշանների, սակայն բժիշկներն ասում են, որ հազվադեպ է այդպես պատահում։ Ճշմարտությունն այն է, որ այնպիսի նախանշաններն ու նպաստող գործոնները, ինչպիսիք՝ շնչարգելությունն է, ճարպակալումն ու կրծքավանդակում զգացվող ցավերը, հաճախ անուշադրության են մատնվում։ Արդյունքում՝ եթե նույնիսկ սրտամկանի ինֆարկտից չեն մահանում, շատերն իրենց կյանքի մնացած տարիներն ապրում են անլիարժեք կյանքով։
Այսօր բժիշկների մեծամասնությունը համաձայն է նրան, որ ինֆարկտը կանխելու համար հարկավոր է խիստ ուշադիր լինել սննդակարգին ու կենսակերպին, և կանոնավորաբար բժշկական ստուգման ենթարկվել։a Նման միջոցներ ձեռք առնելը, ինչպես նաև հարկ եղած դեպքում փոփոխություններ մտցնելու անկեղծ ցանկությունը մեծապես կօգնեն ազատվել ինֆարկտի ողբերգական հետևանքներից։
Սակայն, գոյություն ունի մեկ ուրիշ տեսակի սիրտ, որն արժանի է ավելի մեծ ուշադրության։ «Ամեն զգուշութիւնից առաւել զգուշացիր քո սրտին,— պատվիրում է Աստվածաշունչը,— որ նորանից է կեանքի ելքը» (Առակաց 4։23)։ Այս խոսքը, իհարկե, գլխավորաբար վերաբերում է փոխաբերական սրտին։ Եթե սիրտ–օրգանը պահպանելու համար զգոնություն է հարկավոր, ապա առավել ևս անհրաժեշտ է զգոն լինել՝ պահպանելու մեր փոխաբերական սիրտը հիվանդություններից, որոնք կարող են հոգևոր մահվան պատճառ դառնալ։
Ինֆարկտի անատոմիան՝ հոգևոր առումով
Ինչպես սրտամկանի ինֆարկտը, այնպես էլ փոխաբերական սրտի հիվանդությունը կանխելու վստահելի միջոցներից մեկն է՝ իմանալ նրա առաջացմանը նպաստող գործոնների մասին և համապատասխան քայլեր ձեռնարկել։ Այժմ եկեք քննարկենք հիմնական գործոններից մի քանիսը, որոնք ախտահարում են և՛ ֆիզիկական, և՛ փոխաբերական սիրտը։
Սննդակարգը. Ընդունված է այն կարծիքը, որ կալորիականությամբ հարուստ սնունդը թեև համեղ է, բայց ո՛չ սննդարար է, ո՛չ էլ՝ առողջարար։ Այդպես էլ վնասակար այն նյութերը, որով սնուցանվում է մարդու միտքը, թեև մատչելի են և հրապուրիչ, բայց վնասում են հոգևոր առողջությունը։ Որպես օրինակ՝ ճարպկորեն վաճառքի են հանվում անօրինական սեքսի ու թմրամոլության, բռնության ու ոգեհարցության վերաբերյալ նյութեր, որոնցով ողողված են զանգվածային լրատվական միջոցները։ Այսպիսի նյութերով միտքը սնուցանելով՝ կվնասենք մեր փոխաբերական սիրտը։ Աստծո Խոսքը զգուշացնում է. «Այն ամէնը, ինչ աշխարհի մէջ կայ, մարմնի ցանկութիւն է, աչքերի ցանկութիւն եւ ա՛յս կեանքի ամբարտաւանութիւն, որ Հօրից չէ, այլ՝ այս աշխարհից։ Թէ՛ այս աշխարհն է անցնում, թէ՛ ցանկութիւնը։ Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։16, 17)։
Սննդարար կերակուրը, ինչպես մրգերը և թարմ բանջարեղենը, չեն հրապուրում այն մարդուն, որը սովոր է սնվել կալորիականությամբ հարուստ ուտելիքներով։ Նմանապես, առողջարար և սննդարար հոգևոր կերակուրը կարող է քիչ հրապուրել անհատին, որը սովորություն ունի սնել իր միտքն ու սիրտը աշխարհի մատուցած նյութերով։ Հնարավոր է նա որոշ ժամանակ մնա Աստծո Խոսքի «կաթնակեր» (Եբրայեցիս 5։13)։ Այդպիսով նա հոգևորապես չի հասունանա, ինչն անհրաժեշտ է քրիստոնեական ժողովում և ծառայության մեջ կարևոր պարտականություններ կատարելու համար (Մատթէոս 24։14; 28։19; Եբրայեցիս 10։24, 25)։ Ոմանք այսպիսի իրավիճակում թույլ են տվել, որ հոգևորապես այնքան թուլանան, մինչև որ դարձել են ոչ ակտիվ Վկաներ։
Նաև վտանգ կա, որ մարդու հավատը կարող է արտաքին բնույթ կրել, և քրիստոնեական պարտականությունների զուտ կատարումը կարող է քողարկել սրտի հիվանդությունը, որն առաջացել է գաղտնաբար մատերիալիստական փիլիսոփայությանը կամ այնպիսի զվարճություններին տրվելուց, որոնց հատուկ են անբարոյականությունը, բռնությունն ու ոգեհարցությունը։ Միգուցե թվա, թե այսպիսի վնասակար սնունդը աննշան ազդեցություն է գործում անհատի հոգևոր վիճակի վրա, բայց այն կարող է կաթվածահար անել փոխաբերական սիրտը, ինչպես թերի սնունդը՝ կարծրացնել զարկերակները և վնասել սիրտը։ Հիսուսը զգուշացրեց թույլ չտալ սխալ ցանկություններին մուտք գործել սիրտ։ Նա ասաց. «Ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում» (Մատթէոս 5։28)։ Այո, հոգևոր թերի սնունդը կարող է մարդուն հոգևոր առումով ինֆարկտի հասցնել։ Սակայն կան ուրիշ գործոններ էլ, որ արժանի են ուշադրության։
Մարզանք. Հայտնի է, որ նստակյաց կյանքը կարող է նպաստել սրտամկանի ինֆարկտին։ Հոգևորապես նստակյաց կյանքը նույնպես կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Օրինակ՝ հնարավոր է անհատը որոշ չափով մասնակցի քրիստոնեական ծառայությանը, բայց գուցե սահմանափակի իր ծառայությունը՝ իրեն նեղություն չտալու համար, այսինքն՝ քիչ ջանք գործադրի կամ ընդհանրապես չգործադրի՝ դառնալու «մի մշակ, որ ամօթով չի մնում, ճշմարտութեան խօսքը ուղիղ ներկայացնող» (Բ Տիմոթէոս 2։15)։ Կամ կարող է հաճախի քրիստոնեական հանդիպումներին, բայց լավ չպատրաստվի, և այնտեղ մասնակցություն չբերի։ Կարող է չունենա հոգևոր նպատակներ, հոգևոր բաների հանդեպ ախորժակ կամ խանդավառություն։ Հոգևոր «մարզանքի» բացակայության արդյունքում եղած հավատն էլ վերջնականապես թուլանում, նույնիսկ մահանում է (Յակոբոս 2։26)։ Պողոս առաքյալը այս վտանգի մասին նշեց, երբ գրեց եբրայեցի այն քրիստոնյաներին, որոնցից ոմանք հավանաբար անցել էին նման նստակյաց կյանքի։ Նա զգուշացրեց, որ այսպիսի կենսակերպը կարող էր հոգևորապես կարծրացնել նրանց։ Նա գրեց. «Եղբայրնե՛ր, տեսէ՛ք, ձեզանից որեւէ մէկի մէջ թող երբեք չլինի չար ու անհաւատ սիրտ եւ ապստամբի կենդանի Աստծու դէմ։ Բայց յորդորեցէ՛ք միմեանց ամէն օր, քանի այդ Այսօրը դեռ առջեւում է, որպէսզի ձեզնից ոչ ոք չկարծրանայ մեղքի խաբէութեամբ» (Եբրայեցիս 3։12, 13)։
Լարվածությունը. Սրտամկանի ինֆարկտի առաջացման գլխավոր պատճառներից մեկը լարվածությունն է։ Լարվածությունը, կամ «ապրուստի հոգսերը» կարող են հեշտությամբ վնասել փոխաբերական սիրտը, նույնիսկ պատճառ դառնալ, որ անհատը լիովին դադարի Աստծուն ծառայել։ Այս կապակցությամբ ժամանակահարմար է Հիսուսի զգուշացումը. «Զգոյշ կացէք անձներիդ, մի գուցէ ձեր սրտերը ծանրանան շատակերութիւնով եւ արբեցութիւնով եւ ապրուստի հոգսերով, եւ այն օրը յանկարծ հասնէ ձեզ վերայ» (Ղուկաս 21։34, ԱԹ; 35)։ Լարվածությունը կարող է նաև վնասել մեր փոխաբերական սիրտը, եթե երկար ժամանակ տանջվում ենք թաքցված մեղքի համար։ Դավիթ թագավորը իր մաշկի վրա էր զգացել, թե ինչ ցավ է պատճառում նման վնասակար լարվածությունը, երբ ասաց. «Իմ ոսկորներումը խաղաղութիւն չ’կայ իմ մեղքի համար։ Որովհետեւ իմ անօրէնութիւնները գլխիցս վեր բարձրացան. ինչպէս մէծ ծանր բեռ ծանր են ինձ վերայ» (Սաղմոս 38։3, 4)։
Չափից մեծ վստահություն. Սրտամկանի ինֆարկտի զոհը դարձողներից շատերը մինչ այդ լիովին վստահ են եղել, որ առողջ են։ Հաճախ նրանք հրաժարվել են բժշկական քննության ենթարկվելուց և նույնիսկ, լուրջ չընդունելով, համարել են դա ավելորդ։ Այսպես էլ ոմանք հնարավոր է մտածեն, թե քանի որ արդեն որոշ ժամանակ է քրիստոնյա են, իրենց հետ ոչինչ էլ չի պատահի։ Միգուցե նրանք արհամարհեն հոգևորապես քննության ենթարկվելը կամ անձնաքննություն կատարելը, մինչև որ դժբախտություն պատահի։ Խիստ անհրաժեշտ է հիշել չափից մեծ վստահության մասին Պողոս առաքյալի տված խորհուրդը. «Ով կարծում է, թէ կանգնած է հաստատ, թող զգոյշ լինի, գուցէ թէ ընկնի»։ Իմաստնություն է ճանաչել մեր անկատար էությունը և ժամանակ առ ժամանակ հոգևորապես մեզ քննության ենթարկել (Ա Կորնթացիս 10։12; Առակաց 28։14)։
Անուշադրության մի մատնեք նախանշանները
Հիմնավոր պատճառներով Գրությունները մեծ կարևորություն են տալիս փոխաբերական սրտի վիճակին։ Երեմիա 17։9, 10 խոսքերում կարդում ենք. «Խորամանկ է սիրտն ամենից աւելի եւ ապականուած. նորան ո՞վ կարող է հասկանալ։ Ես Տէրս քննում եմ սիրտը՝ փորձում եմ երիկամունքը, որ տամ մարդիս իր ճանապարհներին համեմատ եւ իր գործերի պտուղին համեմատ»։ Սակայն, բացի մեր սիրտը քննելուց, Եհովան նաև սիրով միջոցներ է նախաձեռնել, որպեսզի օգնի մեզ անհրաժեշտ ինքնաքննություն կատարել։
«Հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» միջոցով նա մեզ ժամանակին հիշեցումներ է տալիս (Մատթէոս 24։45)։ Օրինակ՝ մեր փոխաբերական սիրտը կարող է խաբել՝ մեզ աշխարհային պատրանքներին անձնատուր անելով։ Սրանք անիրական երևակայություններ, երազանքներ, մտքի ունայն թափառումներ են։ Այսպիսի բաները կարող են շատ վնասակար լինել, հատկապես, եթե դրանք անմաքուր մտքեր են առաջ բերում։ Հետևաբար՝ պետք է դրանք բոլորովին մերժենք։ Եթե Հիսուսի նման մենք էլ ատենք անօրենությունը, մեր սիրտը կպահպանենք աշխարհային պատրանքներից (Եբրայեցիս 1։8, 9)։
Կարող ենք նաև դիմել քրիստոնեական ժողովի երեցներին, որոնք սիրով կօգնեն մեզ։ Մինչ գնահատում ենք մեր հանդեպ ուրիշների ցուցաբերած հոգատարությունը, չմոռանանք, որ սրտին հոգ տանելու պարտականությունը մեր վրա է։ Այդ մենք ենք, որ պետք է ‘փորձենք ամեն ինչ’ և ‘քննենք ինքներս մեզ՝ տեսնելու, թե հավատի մե՞ջ ենք’ (Ա Թեսաղոնիկեցիս 5։21; Բ Կորնթացիս 13։5)։
Պահպանեք ձեր փոխաբերական սիրտը
Աստվածաշնչի սկզբունքը՝ «ինչ որ մարդս սերմանում է, նոյնը եւ կը հնձի», վերաբերում է նաև փոխաբերական սրտին (Գաղատացիս 6։8)։ Հաճախ հոգևոր այն հիվանդությունը, որը թվում է, թե հանկարծակի է վրա հասել, երկար ժամանակ գաղտնաբար հոգևորապես կործանող այնպիսի հետապնդումների անձնատուր լինելու արդյունք է, ինչպիսիք են պոռնկագրություն դիտելը, նյութական ստացվածքով չափից դուրս մտահոգվելը կամ ճանաչման ու իշխանության ձգտելը։
Ուրեմն՝ սիրտը պահպանելու համար հարկավոր է հետևել հոգևոր սննդակարգին։ Սնեք ձեր միտքն ու սիրտը Աստծո Խոսքով։ Հեռու մնացեք վնասակար սննդից, որն այդքան մատչելի և հրապուրիչ է, բայց արդյունքում անզգայացնում է փոխաբերական սիրտը։ Սաղմոսերգուն բժշկական տեսակետից ճշգրիտ համեմատություն է անում. «Նորանց սիրտը պարարտ է [«անզգայացած է», ՆԱ] ինչպէս ճարպ» (Սաղմոս 119։70)։
Եթե անցյալից մնացած գաղտնի մեղավոր սովորություններ ունեք, ջանք արեք արմատախիլ անել, որ չլինի թե դրանք խցանեն ձեր փոխաբերական զարկերակները։ Եթե աշխարհը սկսի գրավիչ երևալ և թվա, թե հաճույք ստանալու և վայելելու շատ բաներ է մատուցում, խորհեք Պողոս առաքյալի տված իմաստուն խորհրդի շուրջ։ Նա գրել է. «Բայց ա՛յս կ’ըսեմ, ե՛ղբայրներ, թէ որոշումի ժամանակը կարճցած է. ալ անոնք .... որ աշխարհիկ գործով կը զբաղին՝ [այնպէս ըլլան] որպէս թէ միայն անով չեն զբաղիր. վասն զի այս աշխարհի կերպարանքը կ’անցնի» (Ա Կորնթացիս 7։29–31, Արևմտ. Աստ.)։ Եվ եթե նյութական հարստությունը սկսի ձեզ իր կողմը ձգել, ուշադրություն դարձրեք Հոբի խոսքերին. «Եթէ ես ոսկին շինել եմ իմ յոյսը, կամ մաքուր ոսկիին ասել եմ. Իմ վստահութի՜ւն. Դա էլ դատաւորների դատելի անօրէնութիւն է. որովհետեւ ուրացած պիտի լինէի Աստուծուն ի վերուստ» (Յոբ 31։24, 28; Սաղմոս 62։10; Ա Տիմոթէոս 6։9, 10)։
Նկարագրելով աստվածաշնչյան խորհուրդը արհամարհելու սովորության լրջությունը՝ Աստվածաշունչը զգուշացնում է. «Յանդիմանութիւններ ստացող մարդը՝ եթէ իր պարանոցը խստացնէ, յանկարծ կ’ջարդուի եւ բժշկութիւն չի գտնիլ» (Առակաց 29։1)։ Եվ հակառակը, մեր փոխաբերական սրտին լավ հոգ տանելով մենք կարող ենք հաճույք ստանալ ու ներքին խաղաղություն ունենալ, ինչը գալիս է պարզ, հասարակ կյանքով ապրելուց։ Միշտ սա է եղել ճշմարիտ քրիստոնյաներին առաջարկվող ճանապարհը։ Պողոս առաքյալը ներշնչված էր գրելու. «Իրօք, աստուածապաշտութիւնը շահի մեծ աղբիւր է նրանց համար, ովքեր գոհ են իրենց վիճակից. որովհետեւ ոչինչ չբերեցինք աշխարհ, ոչ էլ պիտի կարողանանք տանել։ Այլ ունենք կերակուր եւ հանդերձներ ու դրանցով էլ բաւականանք» (Ա Տիմոթէոս 6։6–8)։
Այո, սովորելով և ապրելով աստվածապաշտության մեջ՝ կարող ենք վստահ լինել, որ մեր փոխաբերական սիրտը կլինի առողջ և ամուր։ Շարունակ ուշադիր հետևելով մեր հոգևոր սննդակարգին՝ թույլ չենք տա, որ այս աշխարհի կործանարար ճանապարհներն ու մտածելակերպը վնասեն մեր հոգևոր առողջությունը։ Ամենակարևորը՝ ընդունելով Եհովայի նախաձեռնությունները իր կազմակերպության միջոցով, եկեք կանոնավորաբար քննության ենթարկենք մեր սիրտը։ Ջանասիրաբար այսպես վարվելով՝ կխուսափենք հոգևոր առումով ինֆարկտ ստանալուց և նրա տխուր հետևանքներից։
[ծանոթագրություն]
a Հավելյալ տեղեկության համար տեսեք «Սրտամկանի ինֆարկտ. Ի՞նչ կարելի է անել» հոդվածների շարքը «Արթնացե՛ք» պարբերագրի 1996 թ. դեկտեմբերի 8–ի համարում (ռուս.)՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։
[մեջբերում 10–րդ էջի վրա]
ՀՈԳԵՎՈՐԻՆ ՎՆԱՍՈՂ ՍՆՈՒՆԴԸ ԿԱՐՈՂ Է ԿԱԹՎԱԾԱՀԱՐ ԱՆԵԼ ՓՈԽԱԲԵՐԱԿԱՆ ՍԻՐՏԸ, ԻՆՉՊԵՍ ԹԵՐԻ ՍՆՈՒՆԴԸ՝ ԿԱՐԾՐԱՑՆԵԼ ԶԱՐԿԵՐԱԿՆԵՐԸ ԵՎ ՎՆԱՍԵԼ ՍԻՐՏԸ
[մեջբերում 10–րդ էջի վրա]
ՀՈԳԵՎՈՐ ՆՍՏԱԿՅԱՑ ԿՅԱՆՔԸ ԿԱՐՈՂ Է ԼՈՒՐՋ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ
[մեջբերում 11–րդ էջի վրա]
«Ապրուստի հոգսերը» կարող են հեշտությամբ վնասել փոխաբերական սիրտը
[նկար 11–րդ էջի վրա]
Մեր հոգևոր առողջությունն անուշադրության մատնելը ցավալի հետևանքներ կունենա
[նկարներ 13–րդ էջի վրա]
Հոգևոր առողջությանը նպաստող լավ սովորություններ մշակելը պաշտպանում է փոխաբերական սիրտը
[նկար 9–րդ էջի վրա. թույլտվությամբ]
AP Photo/David Longstreath