Ընթերցողների հարցերը
Ինչպե՞ս կարող է քրիստոնյա կինը Աստծո հանդեպ հավատարմությունը հավասարակշռել իր հավատը չկիսող ամուսնուն հնազանդվելու հետ, եթե վերջինս մասնակցում է կրոնական տոնակատարություններին։
Դրա համար կնոջը հարկավոր է խորաթափանց ու նրբանկատ լինել։ Եվ ճիշտ կլինի, եթե նա ձգտի հավասարակշռել իր երկու պարտականությունները։ Հիսուսը նմանօրինակ խորհուրդ տվեց. «Տուէ՛ք կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն» (Մատթէոս 22։21)։ Ճիշտ է՝ խոսքն այստեղ վերաբերում է իշխանությունների առջև ունեցած պարտավորություններին, որոնց, ինչպես հետագայում նշվեց, քրիստոնյաները պետք է հնազանդվեն (Հռովմայեցիս 13։1)։ Սակայն, նրա խորհուրդը կիրառելի է նաև կնոջ՝ Աստծո առջև իր պարտականությունները և ամուսնու հանդեպ հնազանդությունը հավասարակշռելու հարցում, եթե նույնիսկ ամուսինն իր հավատը չի կիսում։
Աստվածաշնչին ծանոթ և ոչ մեկը չի ժխտի, որ այնտեղ շեշտը դրվում է այն բանի վրա, որ քրիստոնյան առաջին հերթին պարտավորություն է կրում Ամենակալ Աստծո առաջ՝ հավատարիմ լինելու նրան ամեն ժամանակ (Գործք 5։29)։ Այնուամենայնիվ, շատ իրավիճակներում ճշմարիտ երկրպագուն կարող է հաշվի առնել իր հավատը չկիսող իշխանություն ունեցողների խնդրանքներն ու պահանջները՝ չխախտելով Աստծո բարձր օրենքները։
Մեզ համար օգտակար կարող է լինել օրինակը այն երեք եբրայեցի երիտասարդների, որոնց մասին պատմվում է «Դանիէլ» գրքի 3–րդ գլխում։ Պետության ղեկավարը՝ Նաբուգոդոնոսորը, հրամայել էր, որպեսզի բոլորը, այդ թվում նաև նրանք, ներկայանային Դուրայի դաշտ։ Գիտենալով, որ այնտեղ կեղծ կրոնական արարողություն էր նախատեսվում, երեք եբրայեցիները հավանաբար կնախընտրեին խուսափել այնտեղ գտնվելուց։ Հնարավոր է Դանիելը կարողացել էր ազատվել այդ պարտականությունից, բայց այս երեք երիտասարդներին չէր հաջողվել։a Ուստի, նրանք հրամանին ենթարկվեցին այն չափով, որ ներկայացան այնտեղ, բայց մտադիր չէին մասնակցել այդ արարողությանը. և այդպես էլ արեցին (Դանիէլ 3։1–18)։
Նմանապես, տոն օրերին ամուսինը կարող է խնդրել կամ պահանջել, որ իր քրիստոնյա կինը անի մի բան, ինչից վերջինս կնախընտրեր խուսափել։ Քննարկենք մի քանի օրինակներ։ Ենթադրենք, նա կնոջը խնդրում է որոշակի ճաշատեսակ պատրաստել, որպեսզի ուրիշների հետ տոնակատարություն անցկացնի։ Կամ գուցե պահանջում է, որ ընտանյոք հանդերձ (այդ թվում նաև կինը) այդ առիթով գնան իր բարեկամների տուն ճաշկերույթի կամ էլ պարզապես նրանց տեսնելու։ Տոնի նախօրեին նույնիսկ կարող է կնոջը խնդրել, որ խանութ գնալիս իր համար էլ որոշ գնումներ կատարի, ինչպես օրինակ՝ պատրաստություններ տեսնելու համար հատուկ մթերքներ գնի, որոշակի իրեր կամ ձևավոր փաթեթաթղթեր ու բացիկներ՝ նվիրելու համար։
Իհարկե, քրիստոնյա կինը պետք է վճռական լինի և չմասնակցի կեղծ կրոնական արարողություններին։ Բայց ի՞նչ կարելի է ասել վերոհիշյալ խնդրանքների մասին։ Ամուսինը ընտանիքի գլուխն է, և Աստծո Խոսքն ասում է. «Կանա՛յք, հնազա՛նդ եղէք ձեր մարդկանց, ինչպէս որ վայել է ի Տէր» (Կողոսացիս 3։18)։ Նման դեպքերում կարո՞ղ է կինը հնազանդվել ամուսնուն և միևնույն ժամանակ հավատարիմ մնալ Աստծուն։ Նա պետք է որոշի, թե ինչպես հավասարակշռի ամուսնուն հնազանդվելու իր պարտականությունը Աստծո հանդեպ հնազանդության հետ, որը շատ ավելի կարևոր է։
Լինում է, որ ոչ տոնական օրերին ամուսինը խնդրում է կնոջը հատուկ ճաշատեսակ պատրաստել, որը նա սիրում է կամ էլ՝ սովորաբար ուտում է հատուկ առիթներին։ Կինը կատարելով ամուսնու խնդրանքը՝ ցույց է տալիս, որ սիրում է նրան և հարգում նրա գլխավորությունը։ Կարո՞ղ է նա հատուկ ճաշատեսակ պատրաստել նույնիսկ այն ժամանակ, երբ ամուսինը խնդրում է տոնի առիթով։ Որոշ քրիստոնյա կանայք կարողացել են հանգիստ խղճով կատարել ամուսնու խնդրանքները, համարելով դա կերակուր պատրաստելու ամենօրյա պարտականություն։ Ինչ խոսք, հավատարիմ քրիստոնյան դրան տոնական նշանակություն չի տալիս, եթե նույնիսկ ամուսինը այդպես է անում։ Նույն ձևով էլ ամուսինը տարվա ցանկացած ժամանակ կարող է պահանջել, որ կինը իրեն ընկերակցի, երբ նա մտադիր է այցելել իր բարեկամներին։ Կարո՞ղ է կինը դա անել, եթե այդ օրը տոն է։ Կամ սովորական իր գնումներն անելիս նա չի՞ կարող գնել նաև ամուսնու խնդրած իրերը՝ առանց ենթադրություններ անելու, թե ինչ է նա մտադրվում դրանք անել։
Իհարկե, քրիստոնյա կինը պետք է մտածի նաև ուրիշների մասին, թե ինչ ազդեցություն կթողնի նրանց վրա (Փիլիպպեցիս 2։4)։ Նա կցանկանար խուսափել այնպիսի տպավորություն գործելուց, թե նա մասնակից է տոնական արարողությանը, ճիշտ այնպես, ինչպես երեք եբրայեցիները, որոնք հավանաբար կնախընտրեին, որ ուրիշները չտեսնեն իրենց Դուրայի դաշտ ուղևորվելիս։ Ուստի կինը պետք է նրբանկատորեն փորձի խոսել ամուսնու հետ, որպեսզի վերջինս, տեսնելով, որ կինը հարգում ու սիրում է իրեն, հաշվի առնի կնոջ զգացմունքները և համաձայնվի տոնական որոշակի արարողությունների մասնակցել առանց նրա։ Ամուսինը պետք է նաև հասկանա, որ այդպես վարվելը խելացի կլինի, քանի որ նրանք երկուսով չեն հայտնվի անհարմար իրավիճակում, երբ կինը մերժի մասնակցել կեղծ կրոնական արարողությանը։ Այո, այդ հարցի շուրջ նախապես հանգիստ զրուցելը խաղաղ լուծում կբերի (Առակաց 22։3)։
Որպես վերջնական ամփոփում՝ հավատարիմ քրիստոնյան պետք է կշռի փաստերը և հետո որոշի, թե ինչ անի։ Առաջնությունը պետք է տրվի Աստծուն հնազանդվելուն, ինչպես արեցին երեք եբրայեցիները (Ա Կորնթացիս 10։31)։ Դա նկատի ունենալով հանդերձ՝ ամեն քրիստոնյա անհատ պետք է որոշի, թե ինչ կարելի է անել, որպեսզի առանց իր սկզբունքներին դավաճանելու հնազանդվի իր հանդեպ իշխանություն ունեցողներին, լինի դա ընտանիքում, թե այլուր։
[ծանոթագրություն]
a Տեսեք «Դիտարանի» 2001 թ. օգոստոսի 1–ի «Ընթերցողների հարցերը» բաժինը։