Ընթերցողների հարցերը
Ճիշտ կլինի՞ ասել, թե Եհովայի ողորմածությունը մեղմում է նրա արդարությունը։
Թեև նման արտահայտություն օգտագործվել է, սակայն լավ կլինի նրանից խուսափել, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Եհովայի ողորմածության շնորհիվ փափկեցվում կամ զսպվում է նրա արդարությունը. կարծես թե ողորմածությունը վեհ հատկություն է, իսկ արդարությունը՝ դաժան։ Այդպիսի մոտեցումը ճիշտ չէ։
«Արդարություն» թարգմանված եբրայերեն բառը կարող է նշանակել նաև «դատավճիռ»։ Այն շատ մոտ է անկողմնակալությանը, սակայն մի տարբերությամբ՝ արդարությունը ունի օրենքի հետ կապված իմաստ, ինչը սովորաբար չես ասի անկողմնակալության մասին։ Իհարկե, Եհովայի այդ հատկությունն իր մեջ կրում է արդարացիորեն պատժելու գաղափարը, բայց այստեղ առկա է նաև արժանիներին փրկություն տալու միտքը (Ծննդոց 18։20–32; Եսայիա 56։1; Մաղաքիա 4։2)։ Հետևաբար՝ Եհովայի արդարությունը չպետք է դիտել որպես դաժան մի հատկություն, որը մեղմացման կարիք ունի։
Իսկ ինչ վերաբերում է «ողորմածություն» բառին, ապա եբրայերենում այն կարող է վերաբերել դատական գործ վարելիս զսպվածություն դրսևորելուն։ Այն նաև նշանակում է կարեկցանքի գործնական դրսևորում, ինչը կարող է թեթևացնել դժվար կացության մեջ հայտնված մարդու վիճակը (Բ Օրինաց 10։18; Ղուկաս 10։29–37)։
Եհովա Աստծուն հատուկ են թե՛ արդարությունը և թե՛ ողորմածությունը (Ելից 34։6, 7; Բ Օրինաց 32։4; Սաղմոս 145։9)։ Նրա այդ երկու հատկություններն էլ կատարյալ են և ներդաշնակ (Սաղմոս 116։5; Ովսէէ 2։19)։ Երկուսն էլ կատարելապես հավասարակշռում, կամ լրացնում են իրար։ Ուստի եթե ասում ենք, որ Եհովայի ողորմածությունը մեղմում է նրա արդարությունը, պետք է նաև ասենք, որ նրա արդարությունը մեղմում է նրա ողորմածությունը։
Եսայիան մարգարեացավ. «Եւ դորա համար Տէրը սպասելու է, որ ձեզ ողորմէ, եւ դորա համար բարձրանալու է որ ձեզ գթայ. որովհետեւ Տէրը իրավունքի [«արդար», Արևմտ. Աստ.] Աստուած է» (Եսայիա 30։18)։ Եսայիայի այս խոսքերից երևում է, որ հենց արդարությունն է մղում Եհովային ողորմածություն ցուցաբերելու. այն ողորմածությամբ մեղմվելու, կամ զսպվելու կարիք չունի։ Այսինքն՝ Եհովան ողորմած է, որովհետև արդար է ու սիրող։
Ճիշտ է, Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Հակոբոսը, ասել է. «Ողորմությունը հաղթանակելու է դատաստանի ժամանակ» (Յակոբոս 2։13բ, ԱՆԹ)։ Սակայն, այստեղ խոսքը այն ողորմածության մասին է, որը ցուցաբերվում է ոչ թե Եհովայի, այլ քրիստոնյաների կողմից. օրինակ՝ վշտահար կամ աղքատ մարդկանց հանդեպ (Յակոբոս 1։27; 2։1–9)։ Երբ այդ ողորմած անհատները դատաստանի առջև կանգնեն, Եհովան հաշվի կառնի նրանց վարքը և ողորմածորեն կների նրանց՝ իր Որդու զոհաբերության հիման վրա։ Այսպիսով՝ ողորմածություն ցուցաբերելով՝ նրանք հաղթանակ կտանեն՝ ազատվելով ցանկացած դատավճռից, որին կարող էին արժանանալ (Առակաց 14։21; Մատթէոս 5։7; 6։12; 7։2)։
Սակայն ճիշտ չի լինի ասել, թե Եհովայի դատավճիռը մեղմացվում է իր ողորմության շնորհիվ. կարծես թե, նրա արդարությունը ողորմածությամբ մեղմվելու կարիք ունի։ Նրա այդ երկու հատկություններն էլ գտնվում են կատարյալ հավասարակշռության մեջ. նաև հավասարակշռում ու հավասարակշռվում են Եհովայի մյուս հատկություններով, ինչպիսիք են օրինակ՝ սերն ու իմաստությունը։