Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 4/15 էջ 13–18
  • Աստծո օրենքները մեր օգտի համար են

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստծո օրենքները մեր օգտի համար են
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովան բոլոր իրավունքներն ունի օրենք ստեղծելու
  • Եհովայի օրենքի սահմանները
  • Ինչու պետք է թանկ գնահատենք Եհովայի օրենքը
  • Օրհնություններ նրանց համար, ովքեր հնազանդվում են Աստծո օրենքներին
  • «Եհովայի օրենքը կատարյալ է»
    Մոտեցիր Եհովային
  • Օրենսդիր
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Սիրո օրենքը՝ սրտերում
    2005 Դիտարան
  • Ազատ կամքի հոյակապ պարգևը
    Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին
Ավելին
2002 Դիտարան
w02 4/15 էջ 13–18

Աստծո օրենքները մեր օգտի համար են

«Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը» (ՍԱՂՄՈՍ 119։97)։

1. Ի՞նչ լայնորեն տարածված տեսակետ գոյություն ունի Աստծո օրենքներին հնազանդվելու հարցում։

ԱՅՍՕՐ ընդունված չէ Աստծո օրենքներին հնազանդվելը։ Շատերն անիմաստ են համարում ինչ–​որ անտեսանելի վերին իշխանության հետ հաշվի նստելը։ Մենք ապրում ենք մի այնպիսի դարում, որտեղ բարոյականությունը հարաբերական հասկացություն է դարձել, աղավաղված են ճշտի ու սխալի սահմանները, որտեղ այնպիսի իրավիճակներ են ստեղծվում, որ մարդ չգիտի, թե ինչ գնահատական տա դրանց (Առակաց 17։15; Եսայիա 5։20)։ Վերջերս մի հասարակական հարցում էր անցկացվել, որը ցույց է տալիս, թե ինչպես են մտածում աշխարհիկ դարձած հասարակության մեջ ապրող մարդիկ։ Ասվում է, որ «ամերիկացիների մեծ մասը ցանկանում է ինքնուրույն որոշել, թե ինչն է իրենց համար ճիշտ, բարի և իմաստալից»։ Նրանք նախընտրում են «ոչ խիստ Աստծուն, ոչ խիստ չափանիշները, ոչ խիստ բարոյական կամ այլ տեսակի համոզմունքներ ունեցող գերադաս մարմիններին»։ Սոցիալական հարցերի մի տեսաբան ասում է. «[Այսօր] մարդիկ կարծում են, որ ամեն մարդ ինքը պիտի որոշի, թե ինչ է նշանակում ապրել արդար ու մաքրաբարո կյանքով»։ Նա շարունակում է. «Ցանկացած բարձր իշխանություն ստիպված է հարմարեցնել իր կարգադրությունները մարդկանց ցանկություններին»։

2. Ինչպե՞ս է օրենքի մասին աստվածաշնչյան առաջին հիշատակումը սերտորեն կապված Աստծո օրհնության և հավանության հետ։

2 Քանի որ այսքան շատ մարդիկ են հարցականի տակ դնում Եհովայի օրենքների արժեքավորությունը, մենք պետք է զորացնենք մեր համոզվածությունն այն բանում, որ նրա չափանիշները գործում են հօգուտ մեզ։ Հետաքրքիր է, թե ինչ է ասվում Աստվածաշնչում, երբ առաջին անգամ հիշատակվում է օրենքի մասին։ Ծննդոց 26։5–ում Աստված ասում է. «Աբրահամն.... պահեց իմ պատուիրանքները եւ իմ կանոններն ու իմ օրէնքներն»։ Այս խոսքերը հնչել են դարեր առաջ այն բանից, երբ Եհովան Աբրահամի հետնորդներին օրենքների մանրամասն ժողովածու տվեց։ Ինչպե՞ս Աստված պարգևատրեց Աբրահամին այն բանի համար, որ նա հնազանդվեց իրեն ու իր օրենքներին։ Եհովա Աստված խոստացավ նրան. «Երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կ’օրհնուին» (Ծննդոց 22։18)։ Այսպիսով՝ Աստծո օրենքներին հնազանդվելը սերտորեն կապված է նրանից օրհնություններ ստանալու և նրա հավանությանն արժանանալու հետ։

3. ա) Եհովայի օրենքի հանդեպ ի՞նչ զգացումներ էր տածում սաղմոսերգուներից մեկը։ բ)Ի՞նչ հարցերի է հարկավոր ուշադրություն դարձնել։

3 Սաղմոսերգուներից մեկը, որը հավանաբար Հուդայի արքայազն էր ու ապագա թագավոր, արտահայտեց զգացումներ, որոնք սովորաբար չեն դրսևորվում օրենքի հանդեպ։ Նա դիմեց Աստծուն՝ բացականչելով. «Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը» (Սաղմոս 119։97)։ Սա ընդամենը զգացումների հորդում չէր։ Դա սիրո արտահայտություն էր Աստծո կամքի հանդեպ, որն արտացոլված էր նրա օրենքում։ Աստծո Որդի Հիսուս Քրիստոսը, որ կատարյալ էր, նմանատիպ զգացումներ ուներ։ Սաղմոսերգուն ասաց մարգարեական խոսքեր, որոնք կարծես թե հենց ինքը Հիսուսն էր ասում. «Քո կամքը կատարել կամեցայ, ով Աստուածս. եւ քո օրէնքն իմ սրտի մէջ է» (Սաղմոս 40։8; Եբրայեցիս 10։9)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Հաճույքո՞վ ենք կատարում Աստծո կամքը։ Համոզվա՞ծ ենք, որ Եհովայի օրենքները օգտակար են։ Որքանո՞վ ենք հաշվի նստում Աստծո օրենքների հետ մեր երկրպագության մեջ, ամենօրյա կյանքում, որոշումներ կայացնելիս և մարդկանց հետ մեր հարաբերություններում։ Որպեսզի սիրենք Աստծո օրենքը, մենք պետք է հասկանանք, թե ինչու Աստված իրավունք ունի ստեղծել օրենքներ ու ապահովել դրանց իրագործումը։

Եհովան բոլոր իրավունքներն ունի օրենք ստեղծելու

4. Ինչո՞ւ է Եհովան գերագույն Օրենսդիր։

4 Որպես Արարիչ՝ Եհովան տիեզերքի գերագույն Օրենսդիրն է (Յայտնութիւն 4։11)։ Եսայիա մարգարեն հայտարարեց. «Մեր օրէնսդիրը Տէրն է» (Եսայիա 33։22)։ Եհովան ստեղծել է օրենքներ, որոնք ղեկավարում են կենդանի ու անկենդան բնությունը (Յոբ 38։4–38; 39։1–12; Սաղմոս 104։5–19)։ Որպես Աստծո ստեղծագործություն՝ մարդը ենթակա է նրա այդ օրենքներին։ Ու թեև մարդուն ընտրության ազատություն է տրված, և նա կարող է ինքնուրույն դատողություններ անել, այնուամենայնիվ նա երջանիկ է միայն այն դեպքում, եթե այնպիսի հարցերում, ինչպիսիք են բարոյականությունն ու երկրպագությունը, ենթարկվում է Աստծո օրենքներին (Հռովմայեցիս 12։1; Ա Կորնթացիս 2։14–16)։

5. Աստծո օրենքների առնչությամբ ինչպե՞ս է երևում Գաղատացիս 6։7, 8ա համարներում գրված սկզբունքի ճշմարիտ լինելը։

5 Ինչպես գիտենք, Եհովայի ստեղծած բնական օրենքները անխափան են գործում (Երեմիա 33։20, 21)։ Եթե անհատը հակառակ է գնում ինչ–​որ մի բնական օրենքի, ասենք՝ ձգողականության օրենքին, ապա նա «ճաշակում» է դրա հետևանքները։ Նման անփոփոխելիություն ունեն նաև Աստծո բարոյական օրենքները. հնարավոր չէ շրջանցել դրանք կամ խուսափել այն հետևանքներից, որ լինում են այդ օրենքները խախտելու դեպքում։ Աստծո բարոյական օրենքները գործում են նույն ճշգրտությամբ, ինչ բնական օրենքները, թեև բարոյական օրենքների գործողության արդյունքը այնպես արագ չի ի հայտ գալիս, ինչպես բնական օրենքներինը։ «Աստուած չի ծաղրւում, որովհետեւ, ինչ որ մարդս սերմանում է, նոյնը եւ կը հնձի» (Գաղատացիս 6։7, 8ա; Ա Տիմոթէոս 5։24)։

Եհովայի օրենքի սահմանները

6. Որքանո՞վ են ընդգրկուն Աստծո օրենքները։

6 Աստծո ուշագրավ օրենքներից էր Մովսիսական օրենքը (Հռովմայեցիս 7։12)։ Ժամանակի ընթացքում Եհովա Աստված այդ օրենքը փոխարինեց «Քրիստոսի օրենքով»a (Գաղատացիս 6։2; Ա Կորնթացիս 9։21բ)։ Մենք՝ քրիստոնյաներս, լինելով «ազատութեան կատարեալ օրէնքի» տակ՝ հասկանում ենք, որ Աստված չի սահմանափակում իր հրահանգները կյանքի որոշակի բնագավառներով, ինչպես ասենք՝ դավանաբանական հարցերով կամ ծիսակատարություններով։ Նրա չափանիշները կյանքի բոլոր ասպարեզներին են վերաբերում, ինչպես՝ ընտանիքին, գործարար հարաբերություններին, հակառակ սեռի, ինչպես նաև հավատակից քրիստոնյաների հետ վարվելու կերպին և ճշմարիտ երկրպագության մեջ մասնակցություն ունենալուն (Յակոբոս 1։25, 27)։

7. Աստծո օրենքների մի քանի օրինակներ բերեք։

7 Օրինակ՝ Աստվածաշունչն ասում է. «Ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արուամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ յափշտակողներ Աստծու արքայութիւնը չպիտի ժառանգեն» (Ա Կորնթացիս 6։9, 10)։ Այո՛, պոռնկությունն ու շնությունը չի կարելի համարել պարզապես «սեր», իսկ համասեռամոլությունը՝ լոկ «կյանքի այլընտրանքային ձև»։ Դրանք Եհովայի օրենքի խախտումներ են։ Նույնպես են՝ գողությունը, ստելը, զրպարտանքը (Սաղմոս 101։5; Կողոսացիս 3։9; Ա Պետրոս 4։15)։ Հակոբոսը դատապարտեց պարծենկոտությունը, իսկ Պողոսը խորհուրդ տվեց հեռու մնալ դատարկ զրույցներից ու անպարկեշտ կատակներից (Եփեսացիս 5։4; Յակոբոս 4։16)։ Քրիստոնյաները վարքի այս բոլոր կանոնները համարում են Աստծո անարատ օրենքի մի մաս (Սաղմոս 19։7)։

8. ա) Ո՞րն է Եհովայի օրենքի էությունը։ բ) Ո՞րն է «օրենք» բառով թարգմանված եբրայերեն բառի հիմնական իմաստը։

8 Եհովայի Խոսքում պարփակված այս հիմնական չափանիշներից երևում է, որ նրա օրենքը չոր ու ցամաք կանոնների ցուցակ չէ։ Այն հիմք է ստեղծում, որ մարդը հավասարակշռված, լիարժեք կյանքով ապրի, որի դեպքում նրա կատարած գործողությունները իրեն օգուտներ կբերեն։ Աստծո օրենքը բարոյապես կերտում և ուսուցանում է (Սաղմոս 119։72)։ Սաղմոսերգուի օգտագործած «օրենք» բառը թարգմանված է եբրայերեն թորա բառից։ Մի աստվածաշնչագետ ասում է. «Այս բառը ծագում է մի բայից, որը նշանակում է ուղղություն տալ, առաջնորդել, նշան բռնել, նետ արձակել.... Ուրեմն, այն պետք է որ նշանակի վարքի կանոն»։ Սաղմոսերգուն այդ օրենքը համարում էր պարգև՝ տրված Աստծուց։ Չպե՞տք է մենք էլ Աստծո օրենքը նման ձևով գնահատենք՝ թույլ տալով, որ այն ազդեցություն գործի մեր ապրելակերպի վրա։

9, 10. ա) Ինչո՞ւ հուսալի առաջնորդության կարիք ունենք։ բ) Ո՞րն է այն միակ միջոցը, որը մեր կյանքը կդարձնի ուրախ և հաջողություններով լի։

9 Եհովայի ստեղծած ամեն մի բանական էակ կարիք ունի հուսալի ու վստահելի առաջնորդության։ Սա վերաբերում է նաև Հիսուսին ու մյուս հրեշտակներին, ովքեր բարձր են կանգնած մարդկանցից (Սաղմոս 8։5; Յովհաննէս 5։30; 6։38; Եբրայեցիս 2։7; Յայտնութիւն 22։8, 9)։ Եթե այս կատարյալ ստեղծագործություններին անհրաժեշտ է Աստծո առաջնորդությունը, ապա որքա՜ն առավել նման առաջնորդության կարիք ունեն անկատար մարդիկ։ Մարդկության պատմությունը և հենց մեր անձնական փորձը ապացուցում են Երեմիա մարգարեի խոսքերի ճշմարտացիությունը։ Նա ասաց. «Գիտեմ, ով Տէր, որ մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը» (Երեմիա 10։23)։

10 Եթե ցանկանում ենք, որ մեր կյանքը լինի ուրախ և հաջողություններով լի, պետք է Աստծո առաջնորդությունը փնտրենք։ Սողոմոն թագավորը տեսնում էր, որ վտանգավոր է սեփական չափանիշները վեր դասել Աստծո առաջնորդությունից։ Նա ասաց. «Կայ ճանապարհ որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նորա վերջը մահուան ճանապարհներ են» (Առակաց 14։12)։

Ինչու պետք է թանկ գնահատենք Եհովայի օրենքը

11. Ինչո՞ւ պետք է ցանկանանք հասկանալ Աստծո օրենքը։

11 Լավ կլինի, եթե Եհովայի օրենքը հասկանալու մեծ ցանկություն մշակենք մեր մեջ։ Սաղմոսերգուի խոսքերում նման փափագ է արտացոլված. «Բաց արա իմ աչքերը, որ քո օրէնքի հրաշքները [հրաշալի բաները] տեսնեմ» (Սաղմոս 119։18)։ Որքան ավելի մոտից ճանաչենք Աստծուն ու նրա ճանապարհները, այնքան ավելի խորը կըմբռնենք Եսայիայի խոսքերի ճշմարտացիությունը. «Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը։ Երանի թէ ուշադրութիւն անէիր իմ պատուէրներին» (Եսայիա 48։17, 18)։ Եհովայի փափագն է, որ իր ժողովուրդը, ուշադրություն անելով իր պատվերներին, խուսափի չարիքից ու վայելի կյանքը։ Եկեք քննարկենք մի քանի պատճառներ, թե ինչու պետք է թանկ գնահատենք Աստծո օրենքը։

12. Ինչպե՞ս է Եհովան մեր մասին ունեցած իր գիտելիքներով դառնում լավագույն Օրենսդիր։

12 Աստծո օրենքը բխում է Նրանից, ով լավագույնս է մեզ հասկանում։ Եհովան մեր Ստեղծիչն է, ուստիև տրամաբանական է ենթադրել, որ նա մարդուն լիովին ճանաչում է (Սաղմոս 139։1, 2; Գործք 17։24–28)։ Մտերիմները, հարազատները, նույնիսկ ծնողները չեն կարող այնպես ճանաչել մեզ, ինչպես Եհովան։ Նույնիսկ մենք ինքներս չենք ճանաչում մեզ այնպես, ինչպես Աստված է ճանաչում։ Մեր Արարիչը շատ լավ է հասկանում մեր հոգևոր, էմոցիոնալ, մտավոր ու ֆիզիկական կարիքները։ Նա մեծ ըմբռնում է հանդես բերում՝ տեսնելով, թե ինչպիսին են մեր խառնվածքը, ցանկությունները և ձգտումները։ Եհովան հասկանում է, որ մենք սահմանափակ հնարավորություններ ունենք, բայց նաև գիտի մեր ներուժի մասին։ Սաղմոսերգուն ասում է. «Նա գիտէ մեր կազմուածքը. յիշում է որ հող ենք մենք» (Սաղմոս 103։14)։ Այսպիսով՝ մենք կարող ենք մեզ հոգևորապես ապահով զգալ, եթե պատրաստակամորեն հնազանդվելով Աստծո առաջնորդությանը՝ ձգտում ենք քայլել նրա օրենքով (Առակաց 3։19–26)։

13. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան խորապես շահագրգռված է մեր բարօրությամբ։

13 Աստծո օրենքը բխում է Նրանից, ով սիրում է մեզ։ Աստված շատ է ցանկանում, որ մեր բարօրությունը տևական լինի։ Չէ՞որ նա իր Որդուն տվեց «որպէս փրկանք շատերի փոխարէն», թեև դա նրա վրա թանկ նստեց (Մատթէոս 20։28)։ Մի՞թե Եհովան չի խոստացել, որ ‘չի թողնի մեզ մեր կարողությունից վեր փորձվելու’ (Ա Կորնթացիս 10։13, ԱԹ)։ Մի՞թե Աստվածաշունչը չի հավաստիացնում, որ Աստված ‘հոգում է մեր մասին’ (Ա Պետրոս 5։7)։ Ոչ ոք Եհովայից ավելի շատ չի շահագրգռված մարդ արարածին առաջնորդություն ցույց տալու մեջ։ Նա գիտի, թե ինչը մեզ բարիք կբերի, գիտի՝ որտեղով է անցնում երջանկության ու վշտի սահմանագիծը։ Չնայած որ անկատար ենք ու սխալներ ենք անում՝ եթե ձգտում ենք արդարության, ապա նա այնպես կդրսևորի մեր հանդեպ իր սերը, որ վերջնական արդյունքում կյանք և օրհնություններ կունենանք (Եզեկիէլ 33։11)։

14. Ինչո՞վ է Աստծո օրենքը էապես տարբերվում մարդկային գաղափարներից։

14 Աստծո օրենքը բոլորովին չի փոփոխվում։ Մեր այս փոթորկալից ժամանակներում Եհովան մի հաստատուն վեմ է, որ հավիտենից մինչև հավիտյան գոյություն ունի (Սաղմոս 90։2)։ Նա իր մասին ասել է. «Ես Տէրս չեմ փոփոխուիլ» (Մաղաքիա 3։6)։ Աստծո չափանիշները կատարելապես վստահելի են՝ ի տարբերություն մարդկային հարափոփոխ գաղափարների (Յակոբոս 1։17)։ Օրինակ՝ տարիներ շարունակ հոգեբանները պաշտպանում էին այն տեսակետը, թե ծնողները երեխաների հանդեպ պետք է զիջողամիտ լինեն։ Սակայն ավելի ուշ նրանցից մի քանիսը փոխեցին իրենց տեսակետը և ընդունեցին իրենց տված խորհրդի սխալ լինելը։ Դաստիարակության հարցում աշխարհի չափանիշներն անընդհատ փոփոխվում են՝ ասես տարուբերվելով քամուց։ Մինչդեռ Եհովայի Խոսքը հաստատուն է։ Դարեր շարունակ Աստվածաշունչը ցույց է տվել, թե ինչ է նշանակում դաստիարակել երեխաներին սիրով։ Պողոս առաքյալը գրեց. «Հայրե՛ր, մի՛ զայրացրէք ձեր որդիներին, այլ մեծացրէ՛ք նրանց Տիրոջ խրատով եւ ուսումով» (Եփեսացիս 6։4)։ Որքա՜ն ենք զորանում՝ գիտենալով, որ առանց կասկածելու կարող ենք վստահել Եհովայի չափանիշներին. դրանք չեն փոխվի։

Օրհնություններ նրանց համար, ովքեր հնազանդվում են Աստծո օրենքներին

15, 16. ա) Ի՞նչ արդյունքներ կարող են լինել, եթե Եհովայի չափանիշներով ենք առաջնորդվում։ բ) Ինչպե՞ս կարող են Աստծո օրենքները նպաստել, որ ամուսնությունը հաջող լինի։

15 Եսայիա մարգարեի միջոցով Աստված ասում է. «Իմ բերանից դուրս եկած խօսքը.... պիտի.... յաջողուի» (Եսայիա 55։11)։ Եթե ջանք չենք խնայում հետևելու նրա Խոսքի չափանիշներին, ապա անշուշտ հաջողություններ կունենանք, բարի գործեր կանենք ու երջանիկ կլինենք։

16 Օրինակ՝ եկեք տեսնենք, թե ինչպես են Աստծո օրենքները նպաստում, որ անհատը հաջող ամուսնություն ունենա։ «Ամուսնութիւնը բոլորովին պատուական է,— գրեց Պողոսը,— ու անկողինը անարատ է. բայց Աստուած պիտի դատէ պոռնիկներն ու շնացողները» (Եբրայեցիս 13։4, Արևմտ. Աստ.)։ Ամուսինները պետք է միմյանց հարգեն ու սիրեն. «Ամէն մէկն ալ իր կինը այնպէս սիրէ՝ որպէս թէ իր անձը ու կինը իր այրէն ակնածի» (Եփեսացիս 5։33, Արևմտ. Աստ.)։ Ա Կորնթացիս 13։4–8-ում գրված է, թե ինչպիսին պետք է լինի սերը. «Սէրը համբերող է, քաղցրաբարոյ է. սէրը չի նախանձում, չի ամբարտաւանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտռում, բարկութեամբ չի գրգռւում, չար բան չի խորհում, անիրաւութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան վրայ. ամէն բանի դիմանում է, ամէն բանի հաւատում է, մշտապէս յոյս է տածում, ամէն բանի համբերում։ Սէրը երբեք չի անհետանում»։ Այն ամուսնությունը, որտեղ կա այսպիսի սեր, չի քայքայվի։

17. Ի՞նչ օգուտներ կարելի է ստանալ՝ հետևելով Եհովայի խորհուրդներին՝ ոգելից խմիչքների վերաբերյալ։

17 Այն, որ Եհովան դատապարտում է հարբեցողությունը, նույնպես վկայում է, որ նրա չափանիշներն օգտակար են։ Նա հավանություն չի տալիս անգամ «գինեսէր» լինելուն (Ա Տիմոթէոս 3։3, 8; Հռովմայեցիս 13։13)։ Սակայն շատերը, անտեսելով Աստծո չափանիշները, ալկոհոլի չարաշահման պատճառով «քաղել» են հիվանդություններ կամ էլ դրանք ավելի են խորացրել։ Ոմանք, հաշվի չառնելով Աստվածաշնչի խորհուրդը չափավոր լինելու մասին, սովորություն են դարձրել «հանգստանալու» նպատակով ոգելից խմիչքների չարաշահումը։ Արդյունքում առաջանում են բազմաթիվ պրոբլեմներ։ Օրինակ՝ նման անհատը զրկվում է հարգանքից, նրա ընտանեկան հարաբերությունները լարվում են կամ ընտանիքը քայքայվում է, եկամուտների կորուստ է ունենում, կորցնում է աշխատանքը (Առակաց 23։19–21, 29–35)։ Մի՞թե Եհովայի խորհուրդները ոգելից խմիչքների վերաբերյալ չեն պաշտպանում մեզ։

18. Գործնակա՞ն են Աստծո օրենքները ֆինանսական առումով։ Բացատրեք։

18 Աստծո չափանիշները գործնական արժեք ունեն նաև ֆինանսական հարցերի տեսանկյունից։ Աստվածաշունչը քրիստոնյաներին հորդորում է ազնիվ ու աշխատասեր լինել (Ղուկաս 16։10; Եփեսացիս 4։28; Կողոսացիս 3։23)։ Նման հատկություններ դրսևորելու արդյունքն այն է եղել, որ շատ քրիստոնյաների առաջարկվել է ավելի բարձր պաշտոն, կամ նրանք մնացել են իրենց աշխատանքին, այն դեպքում երբ մյուսներին ազատել են գործից։ Բացի այս ամենից, անհատը ֆինանսապես շահում է, երբ խուսափում է Աստվածաշնչին հակասող այնպիսի սովորություններից, ինչպիսիք են՝ մոլեխաղերով տարվելը, ծխելը և թմրանյութեր օգտագործելը։ Անշուշտ, կարելի է ուրիշ օրինակներ էլ բերել, որոնք վկայում են Աստծո օրենքների՝ տնտեսական առումով օգտակար լինելու մասին։

19, 20. Ինչո՞ւ է իմաստություն Աստծո օրենքներն ընդունելն ու դրանց հետևելը։

19 Անկատար մարդու համար հեշտ է շեղվել Աստծո օրենքներից ու չափանիշներից։ Խորհեցե՛ք, օրինակ, Սինա լեռան ստորոտում գտնվող իսրայելացիների մասին։ Աստված ասաց նրանց. «Եթէ իրաւ իմ ձայնին լսէք եւ իմ ուխտը պահէք, այն ժամանակ դուք ինձ համար սեպհական ժողովուրդ կ’լինիք ամեն ազգերից»։ Նրանք պատասխանեցին. «Եհովայի բոլոր ասածները կ’անենք»։ Բայց որքա՜ն էին տարբերվում նրանց հետագա գործերը այս խոսքերից (Ելից 19։5, 8; Սաղմոս 106։12–43)։ Եկեք ընդունենք Աստծո խորհուրդները և դրանց հետևենք։

20 Իմաստություն է կառչած մնալ Եհովայի անհամեմատելի օրենքներին, որոնք առաջնորդում ու երջանիկ են դարձնում մեզ (Սաղմոս 19։7–11)։ Դա հաջողությամբ անելու համար պետք է նաև ըմբռնենք, թե որքա՛ն արժեքավոր են Աստծո սկզբունքները։ Հաջորդ հոդվածի թեման սա կլինի։

[ծանոթագրություն]

a «Քրիստոսի օրենքի» վերաբերյալ մանրամասն քննարկման մասին տե՛ս 1996 թ. դեկտեմբերի 1–ի «Դիտարանում» (էջ 12–21)։

Հիշո՞ւմ եք

• Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Աստծո օրենքները մեր օգտի համար են։

• Ի՞նչ պատճառներով պետք է թանկ գնահատենք Եհովայի օրենքը։

• Ինչպե՞ս են Աստծո օրենքները օգուտներ բերում։

[նկար 13–րդ էջի վրա]

Աբրահամը մեծապես օրհնվեց Եհովայի օրենքին հնազանդվելու համար

[նկարներ 15–րդ էջի վրա]

Ներկա կյանքի հոգսերը շատերին են շեղում Աստծո օրենքից

[նկար 17–րդ էջի վրա]

Ինչպես մի փարոս՝ քարաժայռի վրա, Աստծո օրենքը հաստատուն է և անփոփոխ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը