2003թ. միջազգային համաժողովները
Շաբաթ օրը՝ 2001 թ. հոկտեմբերի 6–ին, Ջերսի Սիթիում (Նյու Ջերսի, ԱՄՆ) տեղի ունեցավ «Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերության» (Փենսիլվանիա) տարեկան հանդիպումը, որից հետո ընկերության անդամները իրենց հյուրերի հետ մեծ հաճույքով ունկնդրեցին մի հատուկ ծրագիր։ Հաջորդ օրը՝ Կանադայի չորս քաղաքներում ու Միացյալ Նահանգներում տեղի ունեցած լրացուցիչ հանդիպումների ժամանակ, ավարտական ելույթից հետո Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամների կողմից մի հայտարարություն արվեց։
Նրանք ասացին հետևյալը. «Շատ կարևոր է, որ Աստծո ժողովուրդը ապագայում էլ չթողնի միասին հավաքվելու սովորությունը։ Համաձայն Պողոս առաքյալի խոսքերի՝ դա, ինչպես նաև միմյանց հորդորելը հատկապես կարևոր էր լինելու այն ժամանակ, երբ ակնհայտ դառնար, որ մոտենում է Եհովայի մեծ և ահեղ օրը (Եբրայեցիս 10։24, 25)։ Հուսով ենք, որ Գրություններում տրված այս պատվերի համաձայն՝ մյուս տարի [2002] ամբողջ աշխարհում կկայանան մարզային համաժողովներ։ Այնուհետև՝ 2003 թ.–ին, Եհովայի կամքով գուցե հնարավոր լինի անցկացնել հատուկ միջազգային համաժողովներ աշխարհի որոշ մասերում։ Այժմ ժամանակն է արթուն լինելու, որպեսզի կարողանանք տեսնել, թե ինչպես են զարգանում համաշխարհային իրադարձությունները»։
Մոտենում է ներկա համակարգի վերջը, մեծանում է աշխարհում տիրող անորոշությունն ու լարվածությունը։ Չնայած դրան՝ Աստծո ժողովրդի գործունեությունը պետք է հաջողությամբ առաջ ընթանա։ Թագավորության բարի լուրը, Աստվածաշնչում տրվող նախազգուշացման հետ մեկտեղ, պետք է հռչակվի բոլոր ազգերին, ցեղերին, լեզուներին և ժողովուրդներին՝ կոչ անելով նրանց ‘վախենալ Աստծուց և փառք տալ նրան, որովհետև եկել է նրա դատաստանի ժամը’ (Յայտնութիւն 14։6, 7)։ Ուստի մեր երկնային Հոր կամքով՝ ծրագրել ենք 2003 թ.–ին աշխարհի տարբեր մասերում անցկացնել միջազգային համաժողովներ։
Նախնական համաժողովները կանցկացվեն Հյուսիսային Ամերիկայի մի քանի քաղաքներում, իսկ կարճ ժամանակ անց՝ նաև Եվրոպայում։ Այնուհետև՝ 2003 թ. ընթացքում, միջոցներ ձեռք կառնվեն, որ պատվիրակների խմբեր ուղևորվեն Ասիայի որոշ քաղաքներ։ Տարվա վերջում էլ ուրիշ խմբեր կուղևորվեն Աֆրիկա, Հարավային Ամերիկա և խաղաղօվկիանոսյան շրջաններ։ Մասնաճյուղերից միայն սահմանափակ քանակությամբ մարդիկ են հրավիրվելու այդ հատուկ համաժողովներին, ուստի բոլորը չէ, որ հրավեր կստանան։ Այնուամենայնիվ քաջալերական կլինի տեսնել աշխարհի տարբեր երկրները ներկայացնող պատվիրակների թեկուզև փոքր խմբերին։
Եհովայի վկաների ժողովները շուտով հավելյալ տեղեկություններ կստանան այս հավաքույթների վերաբերյալ։ Համաժողովների անցկացման ճշգրիտ տեղն ու ժամանակը կհաղորդվի համապատասխան մասնաճյուղերի կողմից։ Ուստի խնդրվում է, որ այս ընթացքում տվյալ հարցի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով չգրել ու հարցումներ չանել։
Պատվիրակները կընտրվեն նվիրված ու մկրտված Վկաներից։ Նրանք լավ օրինակ կծառայեն և եղբայրական սեր կդրսևորեն այն տեղերում ապրող եղբայրների հանդեպ, ուր գնալու են։ Վերջիններս էլ, իրենց հերթին, հրաշալի հնարավորություն կունենան՝ այցելուների հանդեպ ջերմ ընդունելություն և հյուրասիրություն ցուցաբերելու (Եբրայեցիս 13։1, 2)։ Դա կհանգեցնի ‘փոխադարձ մխիթարության’ (Հռովմայեցիս 1։11, 12, ԱԹ)։ Այս բոլոր միջոցառումների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կտրվեն մասնաճյուղերի կողմից, որոնք, մեր խնդրանքով, պատվիրակություններ կուղարկեն որևէ կոնկրետ երկիր կամ երկրներ։
Ինչպես միշտ, 2003 թ. ընթացքում շատ երկրներում եռօրյա մարզային համաժողովներ են կազմակերպվելու։ Միասին հավաքվելով՝ բոլորը հնարավորություն կունենան ‘լսելու, սովորելու և մխիթարվելու’ (Բ Օրինաց 31։12; Ա Կորնթացիս 14։31)։ Դա կօգնի, որ Աստծո ողջ ժողովուրդը «ճաշակ[ի] եւ տես[նի], որ Տէրը քաղցր է» (Սաղմոս 34։8)։ Բոլոր միջազգային և մարզային համաժողովներին ներկա կլինեն միսիոներներ, որոնցից ոմանք կմասնակցեն ծրագրին։
Այս տարվա ընթացքում մենք ուրախություն ենք ստանում «Թագավորության եռանդուն քարոզիչները» մարզային համաժողովներից, որ մղում են ավելի մեծ վկայություն տալու։ Դրա շնորհիվ՝ մենք սրտի թրթիռով կսպասենք այն ամենին, ինչ Եհովան նախապատրաստել է գալիք տարվա համար։ Դա կօգնի, որ ‘արթուն կենանք և պատրաստ լինենք’ այս դժվարին ու կարևոր ժամանակներում (Մատթէոս 24։42–44)։