Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 9/15 էջ 15–20
  • Շարունակեք անել այն, ինչ սովորել եք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Շարունակեք անել այն, ինչ սովորել եք
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հետևեք ‘ողջամիտ խոսքերի օրինակին’
  • Մերժել ‘առասպելները’
  • Ճշմարտությունը գործի դնելու օգուտները
  • Շարունակեք կիրառել այն, ինչ սովորել եք
  • Ուշադրություն կդարձնե՞ս Եհովայի հստակ նախազգուշացումներին
    2011 Դիտարան
  • Ի՞նչը կօգնի մեզ ‘ճշմարտության խոսքն ուղիղ մատակարարել’
    2003 Դիտարան
  • Հեռու մնանք կեղծ կրոնից
    2006 Դիտարան
  • Ամուր համոզվածությամբ կառչիր ճշմարտությանը
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2002 Դիտարան
w02 9/15 էջ 15–20

Շարունակեք անել այն, ինչ սովորել եք

«Այն որ սովորեցիք, եւ ընդունեցիք, եւ լսեցիք, եւ ինձանում տեսաք, այն արէք. եւ խաղաղութեան Աստուածը ձեզ հետ կ’լինի» (ՓԻԼԻՊՊԵՑԻՍ 4։9)։

1, 2. Արդյոք Աստվածաշունչը, ընդհանուր առմամբ, որևէ դեր խաղո՞ւմ է իրենց կրոնասեր համարող մարդկանց կյանքում։ Բացատրեք։

«ԿՐՈՆԻ ազդեցությունն ուժեղանում է, բարոյականության ազդեցությունը թուլանում»։ Ահա այսպիսի վերնագիր հայտնվեց մի տեղեկագրում, որն ամփոփում էր Միացյալ Նահանգներում անցկացված հետազոտության արդյունքները («Emerging Trends»)։ Ինչպես երևում է, այդ երկրում մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր հաճախում են եկեղեցի և ասում են, թե կրոնը մեծ դեր է խաղում իրենց կյանքում։ Վերոհիշյալ տեղեկագրում, սակայն, ասվում է նաև հետևյալը. «Չնայած այս մեծ թվերին՝ շատ ամերիկացիներ կասկածում են, որ կրոնը կարող է որևէ ձևով անդրադառնալ անհատի կամ հասարակության կյանքի վրա»։

2 Նման իրավիճակ է տիրում նաև այլ երկրներում։ Համայն աշխարհում Աստվածաշունչն ընդունող և իրենց կրոնասեր անվանող շատ մարդիկ թույլ չեն տալիս, որ Գրությունները որևէ ձևով ազդեն իրենց կյանքի վրա (Բ Տիմոթէոս 3։5)։ «Թեև մեր մեջ դեռևս պահպանվել է հարգանքը Աստվածաշնչի նկատմամբ,— ասում է հետազոտական մի խմբի ղեկավար,— սակայն այն կարդալու և ուսումնասիրելու վրա ժամանակ հատկացնելը և մեր սովորածը կիրառելը պատմության գիրկն անցած բաներ են»։

3. ա) Ի՞նչ ազդեցություն է գործում Աստվածաշունչը անկեղծ քրիստոնյաների վրա։ բ) Ինչպե՞ս են Հիսուսի հետևորդները կիրառում Փիլիպպեցիս 4։9–ում արձանագրված՝ Պողոսի խորհուրդը։

3 Անկեղծ քրիստոնյաների դեպքում, սակայն, պարագան այլ է։ Աստծո Խոսքում գրված խորհուրդները կիրառելու շնորհիվ՝ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել նրանց վարքի ու մտածելակերպի մեջ։ Շատերը հեշտությամբ նկատում են, որ նրանք բոլորովին ուրիշ անձնավորություն են դարձել (Կողոսացիս 3։5–10)։ Աստվածաշունչը Հիսուսի հետևորդների համար այնպիսի մի գիրք չէ, որ դարակում դրված՝ իր վրա փոշի է հավաքում։ Ընդհակառակը՝ Պողոս առաքյալը Փիլիպպեի քրիստոնյաներին ասել էր. «Այն որ սովորեցիք, եւ ընդունեցիք, եւ լսեցիք, եւ ինձանում տեսաք, այն արէք. եւ խաղաղութեան Աստուածը ձեզ հետ կ’լինի» (Փիլիպպեցիս 4։9)։ Քրիստոնյաները ոչ միայն ընդունում են, որ Աստծո Խոսքը ճշմարիտ է, այլև գործում են իրենց սովորածին համապատասխան՝ միշտ կիրառելով աստվածաշնչյան խորհուրդները, որտեղ էլ լինեն՝ տանը, աշխատավայրում, ժողովում, թե այլուր։

4. Ինչո՞ւ է դժվար կիրառել Աստծո օրենքները։

4 Աստծո կողմից տրված օրենքներն ու սկզբունքները հեշտ չէ կիրառել։ Մեզ շրջապատող աշխարհը գտնվում է Բանսարկու Սատանայի իշխանության տակ։ Վերջինս Աստվածաշնչում կոչվում է ‘այս աշխարհի աստված’ (Բ Կորնթացիս 4։4; Ա Յովհաննէս 5։19)։ Ուստի շատ կարևոր է զգույշ լինել և թույլ չտալ, որ որևէ բան խանգարի մեզ պահպանել մեր անարատությունը Եհովա Աստծո առջև։ Իսկ ինչպե՞ս կարող ենք անել այդ։

Հետևեք ‘ողջամիտ խոսքերի օրինակին’

5. Ի՞նչ են իրենց մեջ բովանդակում Հիսուսի կողմից ասված «իմ ետեւից գայ» խոսքերը։

5 Սովորածը կիրառելու ձևերից մեկը ճշմարիտ երկրպագությանը հավատարիմ մնալն է՝ չնայած անհավատ մարդկանց կողմից ցուցաբերվող հակառակությանը։ Համբերելու համար ջանքեր են հարկավոր։ «Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ,— ասաց Հիսուսը,— թող իր անձն ուրանայ եւ իր խաչն առնէ, եւ իմ ետեւից գայ» (Մատթէոս 16։24)։ Հիսուսն այստեղ չասաց, որ իր հետևից հարկավոր է գնալ մի շաբաթ, մի ամիս, մի տարի։ «Իմ ետեւից գայ» խոսքերն ասելով՝ նա որոշակի ժամանակ չնշեց։ Ընդհակառակը՝ նրա խոսքերը ցույց են տալիս, որ մեր նվիրումը՝ որպես նրա աշակերտների, չի կարող լինել ժամանակավոր։ Ճշմարիտ երկրպագությանը հավատարիմ մնալ՝ նշանակում է շարունակել քայլել մեր ընտրած ուղով, ինչ էլ պատահի։ Իսկ ինչպե՞ս կարող ենք անել այդ։

6. Ո՞րն էր ողջամիտ խոսքերի օրինակը, որ Պողոսը սովորեցրել էր առաջին դարի քրիստոնյաներին։

6 Իր ծառայակից Տիմոթեոսին Պողոսը տվեց հետևյալ հորդորը. «Ունեցիր ողջամիտ խօսքերի օրինակը, որ ինձանից լսեցիր հաւատքով եւ սիրով որ Քրիստոս Յիսուսումն է» (Բ Տիմոթէոս 1։13)։ Ի՞նչ նկատի ուներ Պողոսը։ «Օրինակ» թարգմանված հունարեն բառն այստեղ կրում է նկարչի կողմից գծագրված լինելու իմաստ։ Դա նման է մի նկարի, որ թեև բոլոր մանրամասնություններով պատկերված չէ, սակայն բավական լավ է ուրվագծված, այնպես որ խորաթափանց անհատը ի վիճակի է պատկերացնելու այնտեղ նկարվածը։ Նմանապես՝ ճշմարտության «օրինակը», որ Պողոսը սովորեցրել էր Տիմոթեոսին և ուրիշներին, նախատեսված չէր բոլոր հնարավոր հարցերին պատասխան տալու։ Սակայն ուսուցումների այդ ամբողջությունը բավական լավ «ուրվագծված» է և կարող է ուղեցույց հանդիսանալ անկեղծ մարդկանց համար՝ օգնելով հասկանալ, թե ինչ է Եհովան պահանջում։ Աստծուն հաճեցնելու համար նրանք պետք է շարունակեն հետևել ճշմարտության այդ օրինակին՝ կիրառելով այն, ինչ սովորել են։

7. Ինչպե՞ս կարող են քրիստոնյաները հավատարիմ մնալ «ողջամիտ խօսքերի օրինակ[ին]»։

7 Հիմենոսը, Աղեքսանդրոսը, Փիլետոսը և առաջին դարում ապրող նման այլ անհատներ «ողջամիտ խօսքերի օրինակ[ին]» հակասող մտքեր էին առաջ քաշում (Ա Տիմոթէոս 1։18–20; Բ Տիմոթէոս 2։16, 17)։ Ինչպե՞ս կարող էին առաջին քրիստոնյաները խուսափել հավատուրացների կողմից մոլորության մեջ գցվելուց։ Նրանք կարող էին անել այդ՝ Աստծո կողմից ներշնչված խոսքերը ուշադրությամբ ուսումնասիրելով և դրանք կյանքում կիրառելով։ Պողոսի և հավատարիմ այլ մարդկանց օրինակին հետևող անհատները կկարողանային տարբերել իրենց սովորած ճշմարտության օրինակին հակասող ցանկացած բան և մերժել այն (Փիլիպպեցիս 3։17; Եբրայեցիս 5։14)։ ‘Հակառակության խոսքեր և խնդիրներ առաջացնելու հիվանդությամբ բռնված’ լինելու փոխարեն՝ նրանք շարունակում էին իրենց աստվածանվեր ընթացքը (Ա Տիմոթէոս 6։3–6, ԷԹ)։ Մենք կնմանվենք նրանց, եթե շարունակենք կյանքում կիրառել մեր սովորած ճշմարտությունները։ Որքան է ամրանում մեր հավատը, երբ տեսնում ենք, որ համայն աշխարհում Եհովային ծառայող միլիոնավոր անհատներ հաստատակամորեն հետևում են աստվածաշնչյան ճշմարտության այն օրինակին, որ սովորել են (Ա Թեսաղոնիկեցիս 1։2–5)։

Մերժել ‘առասպելները’

8. ա) Ինչպե՞ս է Սատանան այսօր հնարավորություններ փնտրում՝ մեր հավատը կործանելու։ բ) Համաձայն Բ Տիմոթէոս 4։3, 4–ի՝ ինչի՞ մասին նախազգուշացրեց Պողոսը։

8 Սատանան փորձում է կոտրել անարատ մնալու մեր վճռականությունը՝ մեր սովորած բաների հանդեպ կասկածներ սերմանելով։ Ճիշտ ինչպես առաջին դարում, հավատուրացները և ուրիշ մարդիկ այսօր հնարավորություններ են փնտրում անկեղծ մարդկանց հավատը կործանելու (Գաղատացիս 2։4; 5։7, 8)։ Երբեմն նրանք օգտագործում են մասսայական լրատվական միջոցները՝ Եհովայի ժողովրդի գործունեության ձևերի և շարժառիթների մասին աղավաղված տեղեկություններ կամ նույնիսկ բացահայտ ստեր տարածելու համար։ Պողոսը նախազգուշացրել էր, որ ոմանք պիտի երես թեքեին ճշմարտությունից։ «Ժամանակ կ’գայ,— գրել էր նա,— որ ողջամիտ վարդապետութեանը չեն համբերիլ. այլ իրանց յատուկ ցանկութիւնների համեմատ վարդապետներ կ’դիզեն իրանց վերայ, իրանց լսելիքների մարմաջելու պէս։ Եւ իրանց լսելիքը ճշմարտութիւնիցը ետ կ’դարձնեն եւ առասպելների ետեւից կ’մոլորին» (Բ Տիմոթէոս 4։3, 4)։

9. Ամենայն հավանականությամբ, ի՞նչ նկատի ուներ Պողոսը ‘առասպելներ’ բառի տակ։

9 Ողջամիտ խոսքերի օրինակին հետևելու փոխարեն՝ ոմանք հետաքրքրություն էին զարգացրել «առասպելների» հանդեպ։ Ի՞նչ էին իրենցից ներկայացնում այդ ‘առասպելները’։ Գուցե Պողոսը նկատի ուներ այն մտացածին լեգենդները, որոնք կարելի է գտնել, օրինակ՝ «Տոբիթում» (Աստվածաշնչի պարականոն գրքերից)։a ‘Առասպելները’ կարող էին նաև իրենցից սենսացիոն կեղծ լուրեր ներկայացնել։ Նման դեպքերում ևս ոմանք՝ «իրանց.... ցանկութիւնների համեմատ», գուցե մոլորության մեջ գցվեին այն անհատների կողմից, ովքեր չէին ցանկանում «սահմանափակել» իրենց իրավունքները աստվածաշնչյան չափանիշներով, կամ էլ քննադատաբար էին վերաբերվում ժողովում պատասխանատվություն ունեցող անհատներին (Գ Յովհաննէս 9, 10; Յուդա 4)։ Անկախ այն բանից, թե ինչն էր նրանց գայթակղեցրել՝ այդ մարդիկ, աստվածաշնչյան ճշմարտության փոխարեն, նախապատվությունը տվեցին կեղծիքին։ Շատ չանցած՝ նրանք դադարեցին կիրառել այն, ինչ սովորել էին՝ վնաս հասցնելով իրենց հոգևորին (Բ Պետրոս 3։15, 16)։

10. «Առասպելների» ի՞նչ ժամանակակից ձևեր գոյություն ունեն, և ինչո՞ւ Հովհաննեսը ընդգծեց զգույշ լինելու անհրաժեշտությունը։

10 Մենք կխուսափենք «առասպելների» միջոցով մոլորության մեջ ընկնելուց, եթե ուշադիր և ընտրողական լինենք այն ամենի հանդեպ, ինչ լսում և կարդում ենք։ Օրինակ՝ մասսայական լրատվական միջոցները հաճախ խրախուսում են անբարոյականությունը։ Շատերը առաջ են քաշում ագնոստիցիզմի հետ կապված, նույնիսկ աթեիստական գաղափարներ։ Աստվածաշնչյան քննադատները հեգնանքով են վերաբերվում այն մտքին, որ այդ գիրքը գրվել է Աստծո ներշնչմամբ։ Իսկ հավատուրացները շարունակում են կասկածներ սերմանել՝ փորձելով կործանել քրիստոնյաների հավատը։ Խոսելով այն մասին, թե ինչ վտանգ էին իրենցից ներկայացնում առաջին դարի կեղծ մարգարեները՝ Հովհաննեսը մի նախազգուշացում տվեց, որը հավասարապես կիրառելի է նաև մեր օրերում։ Նա ասաց. «Սիրելիներ, ամեն հոգու մի հաւատաք. այլ փորձեցէք հոգիները թէ արդեօք Աստուածանից են. որովհետեւ շատ սուտ մարգարէներ են դուրս եկել աշխարհք» (Ա Յովհաննէս 4։1)։ Ուստի՝ հարկավոր է զգույշ լինել։

11. Ո՞րն է մեզ ստուգելու ձևերից մեկը, որ կօգնի տեսնել, թե արդյոք հավատի մեջ ենք։

11 Այս կապակցությամբ Պողոսը գրել է. «Փորձեցէք ձեր անձերը, թէ արդեօք հաւատքո՞ւմն էք» (Բ Կորնթացիս 13։5)։ Այստեղ առաքյալը հորդորում է, որ միշտ ստուգենք ինքներս մեզ՝ տեսնելու համար, թե արդյոք շարունակում ենք կառչած մնալ քրիստոնեական հավատից։ Եթե հակված ենք դժգոհության ոգի ցուցաբերող անհատներին լսելու, ապա կարիք կա, որ աղոթքով քննենք ինքներս մեզ (Սաղմոս 139։23, 24)։ Տրամադըրված չե՞նք արդյոք Եհովայի ժողովրդի մեջ թերություններ փնտրելու։ Եթե այո, ապա ինչո՞ւ։ Ինչ–որ մեկի խոսքերն ու գործերը խոցե՞լ են մեզ։ Եթե այո, ապա արդյո՞ք դրան ճիշտ տեսանկյունից ենք նայում։ Ցանկացած դժբախտություն, որ այս աշխարհում կարող է պատահել մեզ, անցողիկ է (Բ Կորնթացիս 4։17, ԷԹ)։ Նույնիսկ եթե փորձությունը կապված է ժողովի անդամների հետ, մի՞թե արժե դադարեցնել Աստծուն մատուցվող մեր ծառայությունը։ Եթե ինչ–որ բանից վհատված ենք, շատ ավելի լավ չի՞ լինի արդյոք ձեռքից եկածն անել խնդիրը լուծելու համար, իսկ հետո ամեն ինչ հանձնել Եհովայի ձեռքը (Սաղմոս 4։4; Առակաց 3։5, 6; Եփեսացիս 4։26)։

12. Ի՞նչ առումով են բերիացիները լավ օրինակ ծառայում մեզ համար։

12 Փոխանակ քննադատական մոտեցում ցուցաբերելու՝ եկեք առողջ հոգևոր տեսակետ պահպանենք այն տեղեկությունների հանդեպ, որ ստանում ենք անձնական ուսումնասիրության և ժողովների միջոցով (Ա Կորնթացիս 2։14, 15)։ Աստծո Խոսքը կասկածի ենթարկելու փոխարեն՝ շատ ավելի խելամիտ կլինի զարգացնել այն նույն տրամադրվածությունը, որ ունեին առաջին դարում ապրող բերիացիները. նրանք ուշադրությամբ քննում էին Գրությունները (Գործք 17։10, 11)։ Եկեք, ուրեմն, գործենք մեր սովորածին համապատասխան՝ մերժելով ‘առասպելներն’ ու հավատարիմ մնալով ճշմարտությանը։

13. Ինչպե՞ս կարող է պատահել, որ անկանխամտածված ձևով նպաստենք «առասպելների» տարածմանը։

13 Կա «առասպելների» ևս մի տեսակ, որից նույնպես հարկավոր է զգուշանալ։ Հաճախ մեծ քանակությամբ սենսացիոն պատմվածքներ են տարածվում էլեկտրոնային փոստի միջոցով։ Խելամիտ կլինի այս հարցում զգուշություն ցուցաբերել, հատկապես՝ երբ մենք չգիտենք, թե որտեղից է վերցված այդ տեղեկությունը։ Եթե նույնիսկ այն ուղարկած անհատը վստահության արժանի քրիստոնյա է, նա կարող է բավականաչափ ծանոթ չլինել բոլոր փաստերին։ Ահա թե ինչու է կարևոր զգույշ լինել և չստուգված տեղեկություններ չտարածել՝ դրանք ուրիշներին պատմելով կամ ուղարկելով։ Մենք, անկասկած, չէինք ցանկանա պատմել «հավատը պղտորող առասպել[ներ]» (Ա Տիմոթէոս 4։7, ԱՆԹ)։ Բացի այդ, քանի որ պարտավոր ենք միմյանց ճշմարտությունն ասել, իմաստությամբ կվարվենք, եթե խուսափենք սխալ տեղեկություններ տարածելուց, նույնիսկ՝ ոչ դիտավորյալ (Եփեսացիս 4։25)։

Ճշմարտությունը գործի դնելու օգուտները

14. Ի՞նչ օգուտներ կքաղենք՝ կիրառելով այն, ինչ սովորել ենք Աստծո Խոսքից։

14 Աստվածաշնչի անձնական ուսումնասիրության ու քրիստոնեական հանդիպումների ժամանակ ձեռք բերած գիտելիքները կյանքում կիրառելով՝ բազում օգուտներ կքաղենք։ Օրինակ՝ կնկատենք, որ լավանում են հավատակիցների հետ մեր հարաբերությունները (Գաղատացիս 6։10)։ Նաև մենք ավելի լավ անձնավորություն կդառնանք (Սաղմոս 19։8)։ Բացի այդ, ‘կզարդարենք Աստծո վարդապետությունը’ և դրանով գուցե կնպաստենք, որ ուրիշները գան ճշմարտության (Տիտոս 2։6–10)։

15. ա) Ինչպե՞ս մի երիտասարդ աղջիկ հավաքեց իր ուժերը և վկայություն տվեց դպրոցում։ բ) Ի՞նչ սովորեցիր այս օրինակից։

15 Եհովայի վկաների շարքերում կան բազմաթիվ պատանիներ, որոնք կյանքում կիրառում են այն, ինչ սովորել են՝ շնորհիվ Աստվածաշնչի ու քրիստոնեական հրատարակությունների անձնական ուսումնասիրության և ժողովի հանդիպումներին կանոնավորապես ներկա գտնվելու։ Նրանց լավ վարքը մեծ վկայություն է հանդիսանում ուսուցիչների ու համադասարանցիների համար (Ա Պետրոս 2։12)։ Ահա մի օրինակ. 13–ամյա Լեսլին, որ ապրում է Միացյալ Նահանգներում, դժվարանում էր համադասարանցիների հետ խոսել իր հավատի մասին։ Մի օր, սակայն, իրավիճակը փոխվեց։ Դասարանում խոսք գնաց այն մասին, թե ինչպես են մարդիկ փորձում ինչ–որ բան վաճառել։ Մի աղջիկ ձեռք բարձրացրեց և խոսեց Եհովայի վկաներից։ Ինչպե՞ս արձագանքեց Լեսլին, որը Եհովայի վկա է։ «Ես պաշտպանեցի իմ հավատը,— պատմում է նա,— ինչը, վստահ եմ, զարմացրեց բոլորին, քանի որ ես սուսիկ–​փուսիկ եմ»։ Լեսլիի քաջությունը ինչ–​որ արդյունքի բերեց։ Տեսնենք թե ինչ է ասում նա. «Ես կարողացա մի գրքույկ և մի թերթիկ տալ այդ աղջկան, քանի որ նա ուրիշ հարցեր էլ ուներ»։ Որքա՜ն պիտի որ ուրախանա Եհովան՝ տեսնելով, որ երիտասարդները կիրառում են այն, ինչ սովորել են, ու իրենց ուժերը հավաքելով՝ վկայություն են տալիս դպրոցում (Առակաց 27։11; Եբրայեցիս 6։10)։

16. Ի՞նչ օգուտ է տվել Աստվածապետական ծառայության դպրոցը մի երիտասարդ Վկայի։

16 Քննենք մեկ ուրիշ օրինակ։ Ամեն անգամ Աստվածապետական ծառայության դպրոցում ելույթ ունենալու հանձնարարություն ստանալիս յոթնամյա Էլիզաբեթը իր ուսուցիչներին հրավիրում էր Թագավորության սրահ։ Նա իր այդ սովորությունը պահպանեց միջնակարգ դպրոցում սովորելու ողջ ընթացքում։ Եթե ուսուցիչը չէր կարողանում գալ, այդ աղջնակը միևնույն է ներկայացնում էր իր ելույթը նրա առջև՝ դասերից հետո։ Վերջին դասարանում Էլիզաբեթը տաս էջանոց մի թեմա գրեց Աստվածապետական ծառայության դպրոցի օգուտների մասին և ներկայացրեց այն չորս ուսուցիչներից բաղկացած հանձնաժողովի առջև։ Նրան առաջարկեցին ցույց տալ, թե ինչ ձևով են ներկայացվում ելույթները Աստվածապետական դպրոցի ժամանակ։ Այդ անելու համար Էլիզաբեթն ընտրեց «Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս տառապանքը» թեման։ Ինչպես երևում է, նա մեծ օգուտներ է քաղել այն կրթական ծրագրից, որ իրականացնում են Եհովայի վկաները Աստվածապետական դպրոցի ժամանակ։ Այս աղջիկը ընդամենը մեկն է այն բազում երիտասարդներից, ովքեր փառք են բերում Եհովային՝ կիրառելով այն, ինչ սովորել են նրա Խոսքից։

17, 18. ա) Ի՞նչ խորհուրդ է տալիս Աստվածաշունչը ազնվության վերաբերյալ։ բ) Ի՞նչ ազդեցություն էր թողել Եհովայի վկայի ազնիվ վարքը մի մարդու վրա։

17 Աստվածաշունչը քաջալերում է քրիստոնյաներին ազնիվ լինել բոլոր գործերում (Եբրայեցիս 13։18)։ Անազնվությունը կարող է վնաս հասցնել ուրիշների և, որ ավելի կարևոր է, Եհովայի հետ մեր ունեցած փոխհարաբերություններին (Առակաց 12։22)։ Եթե վստահելի անձնավորություն ենք, նշանակում է կիրառում ենք այն, ինչ սովորել ենք։ Իսկ դա կարող է նպաստել, որ շատերը ավելի հարգանքով վերաբերվեն Եհովայի վկաներին։

18 Ահա թե ինչ տեղի ունեցավ Ֆիլիպ անունով մի զինծառայողի հետ։ Նա չէր էլ նկատել, թե ինչպես էր կորցրել իր չեկը (քանի որ չեկի վրա դրված էր այդ ծառայողի ստորագությունը, և որոշակի գումար նշված չէր, գտնողը հեշտությամբ կարող էր բանկից վերցնել նրա ունեցած ողջ գումարը)։ Այդ չեկը փոստով վերադարձրին։ Գտնողը Եհովայի վկա էր։ Վերջինս չեկի հետ միասին մի երկտող էր ուղարկել, որտեղ գրել էր, որ իր կրոնական համոզմունքներն են մղել նրան այդպես վարվելու։ Ֆիլիպը ապշած էր։ «Նրանք կարող էին ինձնից 9 000 դոլլար տանել»,— ասել էր նա։ Մի անգամ եկեղեցում նրանից գողացել էին իր գլխարկը, ինչը մեծ հիասթափություն էր պատճառել նրան։ Գլխարկը տանողն, ըստ երևույթին, ծանոթ մարդ էր եղել։ Այս դեպքում, սակայն, բոլորովին անծանոթ մարդը վերադարձրել էր հազարավոր դոլլարների արժողություն ունեցող մի չեկ։ Իրոք որ, ազնիվ քրիստոնյաները փառք են բերում Եհովա Աստծուն։

Շարունակեք կիրառել այն, ինչ սովորել եք

19, 20. Ի՞նչ օգուտներ կքաղենք, եթե գործենք Գրություններից ձեռք բերած գիտելիքներին համապատասխան։

19 Այն անհատները, ովքեր կիրառում են Աստծո Խոսքից սովորածը, բազում օրհնություններ են ստանում։ Հակոբոս աշակերտը գրում է. «Նա որ ազատութեան կատարեալ օրէնքի մէջ աչքը գցած մտիկ տուաւ եւ նորանում կացաւ, նա մոռացուկ լսող չ’եղաւ այլ գործ կատարող. նա իր անելովը երանելի է» (Յակոբոս 1։25)։ Այո՛, եթե գործենք Գրություններից սովորած բաներին համապատասխան, իսկական երջանկություն կգտնենք և է՛լ ավելի պատրաստված կլինենք դժվարությունները դիմագրավելու։ Իսկ ամենակարևորն այն է, որ Եհովան կօրհնի մեզ, և մենք հավիտյան ապրելու հույս կունենանք (Առակաց 10։22; Ա Տիմոթէոս 6։6, ԷԹ)։

20 Ուրեմն՝ շարունակեք ուսումնասիրել Աստծո Խոսքը։ Կանոնավորապես մասնակցեք Եհովայի երկրպագուների հավաքույթներին և ուշադրությամբ լսեք քրիստոնեական ժողովների ժամանակ քննարկվող թեմաները։ Կիրառեք այն, ինչ սովորել եք, և «խաղաղութեան Աստուածը ձեզ հետ կ’լինի» (Փիլիպպեցիս 4։9)։

[ծանոթագրություն]

a «Տոբիթը», որ հավանաբար գրվել է մ.թ.ա. երրորդ դարում, բաղկացած է Տուբի անունով մի հրեայի մասին բազում հնարովի պատմություններից, որ իրենց մեջ սնապաշտության հետ կապված բավական շատ մտքեր են պարունակում։ Ըստ այդ գրքի՝ Տուբին մարդկանց բուժելու և դևեր հանելու զորություն ուներ, և անում էր դա՝ հսկայական մի ձկան սիրտը, լեղապարկը և լյարդը օգտագործելով։

Հիշո՞ւմ եք

• Ի՞նչ է «ողջամիտ խօսքերի օրինակը», և ինչպե՞ս կարող ենք հետևել դրան։

• Ո՞ր ‘առասպելներն’ է հարկավոր մերժել։

• Ի՞նչ օգուտներ են քաղում այն անհատները, ովքեր կիրառում են Աստծո Խոսքից ձեռք բերած գիտելիքները։

[նկար 17–րդ էջի վրա]

Ինչպե՞ս կարող էին առաջին քրիստոնյաները խուսափել հավատուրացների կողմից մոլորության մեջ գցվելուց

[նկարներ 18–րդ էջի վրա]

Մասսայական լրատվական միջոցները, ինտերնետը և հավատուրացների տարածած տեղեկությունները կարող են կասկածներ սերմանել մեր մեջ

[նկար 19–րդ էջի վրա]

Անխոհեմաբար կվարվենք, եթե չստուգված տեղեկություններ տարածենք

[նկարներ 20–րդ էջի վրա]

Աշխատավայրում, դպրոցում և այլուր Եհովայի վկաները կիրառում են այն, ինչ սովորում են Աստծո Խոսքից

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը