«Փրկութիւնը Տէրոջն է»
ԵՐԲ միջազգային իրադրությունը լարվում է, կամ ճգնաժամային իրավիճակ է ստեղծվում, մարդիկ իրենց հույսը դնում են կառավարությունների վրա։ Վերջիններս էլ սկսում են ինտենսիվորեն այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք օգնում են նրանց ստանալու հասարակ ժողովրդի աջակցությունը։ Մարդկանց մեջ ավելի ու ավելի շատ է ներարկվում հայրենասիրական ոգին, ազգային տոների հետ կապված արարողությունները դառնում են ավելի ոգեշնչված ու հաճախակի։
Դժվար իրավիճակներում հայրենասիրությունը հաճախ միավորում է մարդկանց, նրանց ուժ է տալիս և նպաստում է համագործակցության ոգու զարգացմանը։ Մարդիկ մղված են լինում հասարակության շահերի մասին մտածելու։ Սակայն ինչպես ասվում է մի պարբերագրում, «հայրենասիրությունը նույնքան փոփոխական է, որքան ցանկացած զգացում. եթե այն չափավորությամբ չդրսևորվի, տհաճ և անցանկալի հետևանքներ կունենա» («The New York Times Magazine»)։ Նման կերպ դրսևորվելով՝ հայրենասիրությունը, որ բնական զգացում է, կարող է վերածվել այլ բանի՝ դրդել ուրիշների քաղաքացիական իրավունքներն ու կրոնական ազատությունը ոտնահարելու։ Ճշմարիտ քրիստոնյաների վրա, մասնավորապես, ճնշում է գործադրվում հրաժարվելու իրենց համոզմունքներից։ Ինչպե՞ս են նրանք վարվում նման իրավիճակներում։ Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքներն են օգնում նրանց խորաթափանցությամբ գործել և պահպանել իրենց անարատությունը։
«Նորանց երկրպագութիւն չ’անես»
Հայրենասիրական ոգու արտահայտման տարածված ձև է ազգային դրոշին պատիվ տալը։ Հաճախ դրոշների վրա պատկերված են լինում ինչպես երկնային մարմիններ (օրինակ՝ աստղեր), այնպես էլ երկրային։ Իր ժողովրդին հետևյալ պատվերը տալով՝ Աստված ցույց տվեց, թե ինչ տեսակետ ունի նման բաների առջև խոնարհվելու վերաբերյալ. նա ասաց. «Քեզ համար կուռք չ’շինես, եւ ոչ վերը երկնքումը՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանութիւնը. նորանց երկրպագութիւն չ’անես, եւ նորանց չ’պաշտես. որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ Աստուած եմ» (Ելից 20։4, 5)։
Պետությանը ներկայացնող ազգային դրոշին պատիվ տալը, նրա առջև ծնկի գալը իսկապես հակասում է Եհովայի այն պատվերին, համաձայն որի՝ բացարձակ նվիրվածություն հարկավոր է ցուցաբերել միայն նրա հանդեպ։ Հնում իսրայելացիներն ունեցել են ‘նշաններ’ կամ դրոշակներ, որոնց շուրջ անապատում եղած ժամանակ հավաքվում էին ցեղերը՝ երեք առ երեք (Թուոց 2։1, 2)։ Ահա թե ինչ է ասվում մի հանրագիտարանում «դրոշակներ» թարգմանված եբրայերեն բառերի մասին. «Նրանցից և ոչ մեկը չի արտահայտում այն գաղափարը, որը մենք պատկերացնում ենք «դրոշ» բառը լսելիս» («McClintock and Strong’s Cyclopedia»)։ Բացի այդ, Իսրայելի դրոշակները չէին համարվում սուրբ և ոչ մի արարողության ժամանակ չէին օգտագործվում։ Նրանք ծառայում էին զուտ գործնական նպատակի՝ ցույց էին տալիս ժողովրդին, թե որտեղ է պետք հավաքվել։
Իսկ խորանում և Սողոմոնի տաճարում պատկերված քերովբեները իրենցից լոկ զարդարանք էին ներկայացնում (Ելից 25։18; 26։1, 31, 33; Գ Թագաւորաց 6։23, 28, 29; Եբրայեցիս 9։23, 24)։ Դրանք ևս չեն պաշտվել։ Վերջին հաշվով՝ մարդիկ մեծամասամբ այդ պատկերները չեն էլ տեսել։ Բացի այդ, հրեշտակներին պաշտելը ճիշտ չէ (Կողոսացիս 2։18, ԷԹ; Յայտնութիւն 19։10; 22։8, 9)։
Քննենք նաև այն դեպքը, երբ իսրայելացիների՝ անապատում եղած ժամանակ Մովսես մարգարեն պղնձե օձ պատրաստեց։ Դա մի խորհրդանիշ էր, որ մարգարեական նշանակություն ուներ, և պաշտամունքի առարկա չէր հանդիսանում (Թուոց 21։4–9; Յովհաննէս 3։14, 15)։ Մովսեսի օրերից դարեր անց, սակայն, իսրայելացիները սկսեցին երկրպագել այդ օձին, նույնիսկ՝ խունկ ծխել նրա առջև, ինչը ճիշտ չէր։ Այդ էր պատճառը, որ Հուդայի թագավոր Եզեկիան ջարդել տվեց դա (Դ Թագաւորաց 18։1–4)։
Իսկ ի՞նչ կարելի է ասել ազգային դրոշի մասին. արդյո՞ք այն զուտ խորհրդանշան է, որ ինչ–որ գործնական նպատակի է ծառայում։ Ի՞նչ է այն խորհրդանշում։ «Ազգայնամոլության գլխավոր սիմվոլը դրոշն է, որ հավատի նշան և երկրպագության գլխավոր առարկա է հանդիսանում»,— ասում է գրող Փոլ Ուիլյամսը։ Մի հանրագիտարանում էլ գրվում է. «Դրոշը ճիշտ այնպիսի սրբություն է, ինչպիսին խաչն է» («The Encyclopedia Americana»)։ Այն պետության խորհրդանիշն է։ Ուստի նրա առջև խոնարհվելն ու նրան պատիվ տալը կրոնական արարողության պես է՝ ուղղված պետության փառաբանմանը։ Նման կերպ վարվելով՝ մարդիկ փրկությունը վերագրում են պետությանը և այդպիսով գործում կռապաշտության մասին Աստվածաշնչի ասածներին հակառակ։
Գրություններում շատ պարզ ասվում է. «Փրկութիւնը Տէրոջն է» (Սաղմոս 3։8, Արևմտ Աստ.)։ Այն չպետք է վերագրվի մարդկային կազմակերպությունների ու նրանց խորհրդանիշներին։ Պողոս առաքյալն իր հավատակիցներին տվեց հետևյալ խորհուրդը. «Իմ սիրելիք, փախէք կռապաշտութիւնիցը» (Ա Կորնթացիս 10։14)։ Առաջին քրիստոնյաները չէին մասնակցում պետությանը երկպագելու հետ առնչվող արարողություններին։ Ահա թե ինչ է ասվում մի գրքում. «Քրիստոնյաները հրաժարվում էին զոհեր մատուցել [Հռոմի] կայսրին, որն աստվածացվում էր։ Այսօր դա հիշեցնում է դրոշին պատիվ տալուց.... հրաժարվելը» («Those About to Die», Դանիել Մանիքս)։ Այդպես են վարվում նաև մեր օրերում ապրող քրիստոնյաները։ Եհովայի հանդեպ բացարձակ նվիրվածություն հանդես բերելու համար նրանք խուսափում են ազգային դրոշին պատիվ տալուց։ Այդպես վարվելով՝ նրանք ցույց են տալիս, որ իրենց կյանքում Աստված առաջին տեղում է։ Միևնույն ժամանակ, սակայն, նրանք հարգանք են ցուցաբերում կառավարությունների ու նրանց ղեկավարների հանդեպ, քանզի ընդունում են, որ պարտավոր են ենթարկվել պետական «բարձր իշխանութիւններին» (Հռովմայեցիս 13։1–7)։ Իսկ ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը ազգին փառաբանող երգեր, օրինակ՝ հիմներ երգելու վերաբերյալ։
Ի՞նչ է ազգային հիմնը
«Ազգային հիմնը հայրենասիրական ոգու արտահայտման միջոց է, որ հաճախ իր մեջ ներառում է Աստծուն ուղղված խնդրանքներ՝ ժողովրդին ու նրա ղեկավարներին առաջնորդելու ու պաշտպանելու վերաբերյալ» («The Encyclopedia Americana»)։ Այն, ըստ էության, օրհներգություն է կամ աղոթք ազգի համար՝ սովորաբար նրա նյութական բարգավաճման ու հավիտենական գոյատևման մասին։ Տեղին կլինի՞ արդյոք, որ քրիստոնյան երգի նման օրհներգություններ, որ իրենցից աղոթք են ներկայացնում։
Քննենք Երեմիա մարգարեի դեպքը։ Նա ապրում էր այնպիսի մարդկանց մեջ, որոնք ասում էին, թե ծառայում են Աստծուն։ Եհովան պատվիրեց Երեմիային. «Մի աղօթիր այս ժողովրդի համար, եւ նորանց համար աղաղակ ու աղաչանք մի բարձրացնիր,....որովհետեւ ես քեզ չեմ լսելու» (Երեմիա 7։16; 11։14; 14։11)։ Ինչո՞ւ նրան այդպիսի հրաման տրվեց։ Որովհետև իր օրերի հասարակության մեջ տարածված էին գողությունը, սպանությունը, պոռնկությունը, կեղծ երդումները ու կռապաշտությունը (Երեմիա 7։9)։
Այս հարցում օրինակ է թողել նաև Հիսուս Քրիստոսը, որն ասել է. «Ոչ թէ աշխարհքի համար եմ աղաչում. այլ նորանց համար՝ որ ինձ տուիր» (Յովհաննէս 17։9)։ Ըստ Գրությունների՝ «բոլոր աշխարհքը չարութեան մէջ է» և «անցնում է» (Ա Յովհաննէս 2։17; 5։19)։ Մի՞թե ճշմարիտ քրիստոնյաները կարող են մաքուր խղճով աղոթել նման համակարգի բարգավաճման ու գոյատևման համար։
Սակայն բոլոր ազգային հիմները չէ, որ իրենցից ներկայացնում են Աստծուն ուղղված խնդրանք։ «Կան տարբեր ձևի ազգային հիմներ. դրանք կարող են լինել միապետի համար ասված աղոթքի տեսքով, կարող են հիշատակել ազգի պատմության մեջ վճռական դեր խաղացած ճակատամարտերն ու հեղափոխությունները.... կամ էլ հայրենասիրական զգացմունքներ արտահայտել» («Encyclopædia Britannica»)։ Աստծուն հաճեցնել ցանկացող մարդու համար տեղին կլինի՞ արդյոք ցնծություն արտահայտել պատերազմում տարած որևէ հաղթանակի կամ հեղափոխության համար։ Ճշմարիտ երկրպագուների վերաբերյալ Եսայիան կանխագուշակել էր. «Նորանք կ’ձուլեն իրանց սուրերը խոփեր, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ» (Եսայիա 2։4)։ Իսկ Պողոս առաքյալը գրել էր. «Թէ եւ մարմնով ենք վարվում, բայց մարմնաւորապէս չենք զինուորութիւն անում։ Որովհետեւ մեր զինուորութեան զէնքերը մարմնաւոր չեն» (Բ Կորնթացիս 10։3, 4)։
Ազգային հիմներում հաճախ տվյալ ազգը մեծարվում է ու ներկայացվում որպես ուրիշ ժողովուրդների համեմատ առավելություններ ունեցող։ Մի՞թե նման տեսակետը որևէ հիմք ունի։ Արեոպագոսում ելույթ ունենալիս Պողոս առաքյալն ասել էր. «[Եհովա Աստված] մէկ արիւնից մարդկանց բոլոր ազգերն արաւ, որ երկրի բոլոր երեսի վերայ բնակուեն» (Գործք 17։26)։ «Աստուած աչառ չէ,— ասել է Պետրոս առաքյալը,— այլ ամեն ազգումն, ով որ վախենում է նորանից՝ եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նորան» (Գործք 10։34, 35)։
Հիմնվելով Աստվածաշնչից ձեռք բերած իրենց գիտելիքների վրա՝ շատերը որոշում են հրաժարվել դրոշին պատիվ տալուց և ազգի փառաբանմանն ուղղված երգեր երգելուց։ Իսկ ինչպե՞ս են նրանք պահում իրենց, երբ հայտնվում են նման իրավիճակներում և բախվում այդպիսի հարցերի հետ։
Հրաժարվել՝ հարգալից կերպով
Իր կայսրության միասնությունը ամրացնելու նպատակով Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Դուրայի դաշտում մի հսկայական ոսկե արձան էր կանգնեցրել, որի բացման արարողությանը հրավիրել էր իր կուսակալներին, նախարարներին, կառավարիչներին, խորհրդականներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների։ Երաժշտության ձայն լսելուն պես՝ բոլորը պետք է խոնարհվեին ու երկրպագություն մատուցեին այդ արձանին։ Ներկա գտնվողների մեջ էին նաև երեք երիտասարդ հրեաներ՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը։ Ինչպե՞ս նրանք ցույց տվեցին, որ չեն մասնակցելու կրոնական այդ արարողությանը։ Երբ հնչեց երաժշտությունը, ու հավաքվածները ծունկի եկան արձանի առջև, այդ երեք հրեաները մնացին կանգնած (Դանիէլ 3։1–12)։
Այսօր դրոշին սովորաբար պատիվ են տալիս՝ ձեռքը վեր բարձրացնելով, այն ճակատի մոտ պահելով կամ սրտին դնելով։ Երբեմն էլ այդ անելու համար մարդիկ որոշակի դիրք են ընդունում։ Որոշ երկրներում ընդունված է, որ երեխաները ծնկի գան ու համբուրեն դրոշը։ Այնպիսի իրավիճակում, երբ ուրիշները պատիվ են տալիս դրոշին, լուռ կանգնելով՝ ճշմարիտ քրիստոնյաները ցույց կտան, որ հարգալից դիտորդներ են միայն։
Իսկ ինչպե՞ս վարվել այն դեպքերում, երբ պարզապես կանգնած մնալով արդեն իսկ ցույց կտանք, որ մասնակցում ենք արարողությանը։ Ասենք՝ դպրոցի աշակերտներից մեկը՝ որպես ամբողջ դպրոցի ներկայացուցիչ, պետք է դրսում պատիվ տա դրոշին, իսկ մյուսներն այդ ընթացքում պիտի զգաստ կանգնած մնան դասարանում։ Նման իրավիճակում պարզապես կանգնած մնալը ցույց կտա, որ համաձայն ենք, որպեսզի դրոշին պատիվ տվող աշակերտը ներկայացնի նաև մեզ։ Դա ինքնին կնշանակի, որ մասնակցում ենք արարողությանը։ Այդպիսի դեպքերում այն անհատները, ովքեր ցանկանում են լինել զուտ հարգալից դիտորդներ, պետք է լուռ նստած մնան։ Իսկ ինչպե՞ս վարվել, եթե արարողությունը սկսվել է այն բանից հետո, երբ աշակերտներն արդեն կանգնած են եղել որևէ այլ պատճառով։ Նման պարագայում կանգնած մնալը չի նշանակի, որ մասնակցում ենք արարողությանը։
Իսկ ենթադրենք, որ մեկին չեն խնդրում պատիվ տալ դրոշին, այլ՝ պարզապես պահել այն շքերթի ժամանակ, դասարանում կամ այլուր, որպեսզի ուրիշները կարողանան պատիվ տալ դրան։ Այդպես վարվելով՝ անհատը ոչ թե ցույց կտա, որ հետևում է ‘կռապաշտությունից փախչելու’ մասին աստվածաշնչյան պատվերին, այլ արարողության ժամանակ կհայտնվի գլխավոր դերում։ Նույնը վերաբերում է ազգային տոների ժամանակ շքերթների մասնակցելուն։ Ճշմարիտ քրիստոնյաները չեն կարող մաքուր խղճով անել այդ, քանի որ դա կնշանակի մասնակցել շքերթի ժամանակ մեծարվող առարկայի փառաբանմանը։
Երբ հնչում է ազգային հիմնը, մարդիկ սովորաբար ոտքի են կանգնում՝ ցույց տալով, որ մասնակից են դրան։ Նման դեպքերում քրիստոնյան կմնա նստած։ Եթե ինչ–ինչ պատճառներով նա արդեն կանգնած է, և հետո հնչում է ազգային հիմնը, կարիք չկա նստելու փորձ կատարել, քանզի նա հատուկ չէ որոշել ոտքի կանգնել հենց հիմնի ժամանակ։ Իսկ եթե սպասվում է, որ խումբը պիտի ոտքի կանգնի ու երգի, զուտ հարգանքից դրդված ոտքի կանգնելը (առանց երգելու) չի նշանակի, թե մասնակցում ենք այդ արարողությանը։
«Բարի խղճմտանք ունենաք»
Մարդու ձեռքով պատրաստված պաշտամունքի առարկաների անօգուտ լինելը ցույց տալուց հետո սաղմոսերգուն ասել է. «Անոնց նման կ’ըլլան զանանք շինողները ու բոլոր անոնց յուսացողները» (Սաղմոս 115։4–7, 8 Արևմտ. Աստ.)։ Ակընհայտ է ուրեմն, որ երկրպագության առարկաների, այդ թվում նաև դրոշների պատրաստմանը ուղղակիորեն առնչվող ցանկացած աշխատանք չի կարող ընդունելի լինել Եհովայի երկրպագուների համար (Ա Յովհաննէս 5։21)։ Աշխատանքի վայրում կարող են ստեղծվել նաև այլ իրավիճակներ, երբ հարկավոր լինի, որ քրիստոնյան հարգալից կերպով ցույց տա, որ չի երկրպագում ո՛չ դրոշին, ո՛չ էլ այն բանին, ինչ այդ դրոշը խորհրդանշում է, այլ՝ միայն Եհովային։
Օրինակ՝ վերադասը կարող է խնդրել աշխատողին բարձրացնել ու իջեցնել շենքի վրայի դրոշը։ Կկատարի նա այդ առաջադրանքը, թե ոչ՝ կախված է տվյալ հանգամանքների վերաբերյալ իր անձնական տեսակետից։ Եթե դրոշն իջեցնել–բարձրացնելը հատուկ մի արարողության մեջ է ընդգրկված, որի ժամանակ մարդիկ, զգաստ կանգնած, պատիվ են տալիս դրոշին, ապա այդ գործողությունը կատարել՝ կնշանակի մասնակցել արարողությանը։
Իսկ եթե այդ գործողությունը կապված չէ որևէ արարողության հետ, ապա դա նույնն է, ինչ հիմնարկության շենքը բացելուց առաջ այն կարգի բերելը, դռները, պատուհանները բացել–փակելը և այլն։ Նման դեպքերում դրոշը պարզապես պետության խորհրդանիշն է, և այն իջեցնել–բարձրացնելը ոչ այլ ինչ է, եթե ոչ ամենօրյա որևէ հանձնարարություն։ Քրիստոնյան ինքը կարող է որոշել կատարել այն, թե ոչ՝ առաջնորդվելով Աստվածաշնչի հիման վրա դաստիարակված իր խղճով (Գաղատացիս 6։5)։ Հնարավոր է, որ քրիստոնյայի խիղճը մղի նրան խնդրելու վերադասից, որ մեկ ուրիշը կատարի այդ առաջադրանքը։ Կամ էլ նրա խիղճը կարող է թույլ տալ կատարել այդ հանձնարարությունը, քանի դեռ դա չի առնչվում որևէ արարողության հետ։ Ճշմարիտ երկրպագուները պետք է ձգտեն «բարի խղճմտանք ունենա[լ]» Աստծո առջև, ինչպիսի որոշում էլ կայացնելու լինեն (Ա Պետրոս 3։16)։
Գրությունները չեն արգելում աշխատել հասարակական այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են օրինակ՝ տեղական ինքնակառավարման մարմինները և դպրոցները, որտեղ սովորաբար կախված է լինում ազգային դրոշը։ Դրոշը կարող է պատկերված լինել նամականիշների, մեքենաների պետհամարանիշների և պետության կողմից արտադրված այլ իրերի վրա։ Նման առարկաներ օգտագործելն ինքնին չի նշանակում մասնակցել դրանց երկրպագությանը։ Այստեղ կարևորը ոչ թե դրոշի կամ նրա կրկնօրինակի լինել–չլինելու հարցն է, այլ՝ թե ինչպես ենք մենք դրան վերաբերվում։
Հաճախ դրոշը պատկերվում է պատուհանների, դռների, մեքենաների, գրասեղանների և այլ առարկաների վրա։ Դրոշի պատկերով հագուստներ էլ են վաճառվում։ Որոշ երկրներում նման բան հագնելն օրենքով արգելված է։ Բայց նույնիսկ եթե դա օրենքով արգելված էլ չլինի, ի՞նչ ցույց կտա նման հագուստ կրելը աշխարհի հանդեպ անհատի դիրքի վերաբերյալ։ Իր հետևորդների մասին Հիսուսն ասել էր. «[Նրանք] այս աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ» (Յովհաննէս 17։16)։ Հարկավոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, թե ինչպես դա կարող է անդրադառնալ հավատակիցների վրա։ Հնարավո՞ր է, որ վնասենք ինչ–որ մեկի խիղճը։ Կարո՞ղ է այնպես պատահել, որ հավատի մեջ հաստատ մնալու նրա վճռականությունը թուլանա։ Պողոսը քրիստոնյաներին տվեց հետևյալ խորհուրդը. «Դրէք ձեր մտքումը, որ եղբօր գլորում կամ գայթակղութիւն չ’դնէք» (Հռովմայեցիս 14։13)։
«Ամենի հետ հեզահոգի»
Այս «չար ժամանակներ[ում]» աշխարհի վիճակը գնալով վատանում է (Բ Տիմոթէոս 3։1)։ Թո՛ղ որ Աստծուն սիրողները երբեք չմոռանան, որ փրկությունը միայն Եհովայից է։ Նա է արժանի անմնացորդ նվիրման։ Երբ Հիսուսի առաքյալներին կարգադրեցին անել մի բան, որ հակասում էր Աստծո կամքին, նրանք ասացին. «Աստուծոյ պէտք է աւելի հնազանդել քան թէ մարդկանց» (Գործք 5։29)։
«Տիրոջ ծառային պէտք չէ կռիւ անել,— գրել է Պողոս առաքյալը,— այլ ամենի հետ հեզահոգի լինել» (Բ Տիմոթէոս 2։24)։ Քրիստոնյաները ջանում են լինել խաղաղասեր, հարգալից և հեզահոգի։ Իսկ դրոշին պատիվ տալու կամ ազգային հիմն երգելու հարցում նրանք առաջնորդվում են Աստվածաշնչի հիման վրա դաստիարակված իրենց խղճի թելադրանքով ու կայացնում են իրենց անձնական որոշումը։
[նկար 23–րդ էջի վրա]
Երեք հրեաները հարգալից կերպով ցույց տվեցին, որ հաստատ վճռել են հաճեցնել Աստծուն
[նկար 24–րդ էջի վրա]
Ինչպե՞ս պետք է քրիստոնյան իրեն պահի պետության փառաբանման հետ կապված արարողությունների ժամանակ