Պատմում են Թագավորության քարոզիչները
Շքանշան՝ Թագավորության սրահին
ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ Շրջակա միջավայրի նախարարությունը 2000 թ.–ը հռչակել էր «Կանաչապատման տարի»։ Կազմակերպիչներից մեկի խոսքերով՝ «կանաչապատումը տարվա թեմա [էր] ընտրվել այն նպատակով, որ հիշեցնի մեզ, թե ինչ մեծ ազդեցություն կարող է գործել կանաչ միջավայրը մեր առօրյա կյանքի և առողջության վրա»։
2001 թ. հունվարի 12–ին Եհովայի վկաների՝ Ֆինլանդիայի մասնաճյուղը նամակ ստացավ Ֆինլանդիայի՝ Կանաչապատման հարցերով զբաղվող միությունից։ Այնտեղ գրված էր, որ Տիկկուրիլայում գտնվող Թագավորության սրահին շնորհվել է «Կանաչապատման տարվա» շքանշաններից մեկը՝ գեղեցիկ և կանաչ շրջակայք ունենալու համար։ Նամակում նշվում էր, որ «[սրահի] շուրջ գտնվող տարածքը ձևավորված է շատ բարձր ճաշակով և հաճելի տեսք ունի թե՛ ամռանը, թե՛ ձմռանը»։
Շքանշանը Եհովայի վկաներին շնորհվեց Տամպերեի «Ռոզենդալ» հյուրանոցում կայացած միջոցառման ժամանակ, որին ներկա էր 400 հոգի (մասնագետներ և գործարար մարդիկ)։ Բացի այդ, Ֆինլանդիայի՝ Կանաչապատման հարցերով զբաղվող միությունը մասսայական լրատվական միջոցներում պաշտոնական հաղորդագրություն ներկայացրեց, որում ասվում էր. «Երկրի տարբեր մասերում գտնվող՝ Եհովայի վկաների համարյա բոլոր Թագավորության սրահները շատ գեղեցիկ են։ Նրանց լավ խնամված շրջակայքը անտարբեր չի թողնում գրեթե ոչ մի անցորդի։ Տիկկուրիլայի Թագավորության սրահի տարածքը հիանալի պարտեզի մի օրինակ է։ Թե՛ շենքը և թե՛ նրա լայնարձակ շրջակայքը խաղաղ և հանգիստ մթնոլորտ են ստեղծում»։
Ֆինլանդիայում կա գրեթե 233 Թագավորության սրահ, մեծամասնությունը՝ գեղեցիկ պարտեզներով շրջապատված։ Իրականում, սակայն, այդ վայրերը գեղեցիկ է դարձնում այն հանգամանքը, որ նրանք ճշմարիտ երկրպագության և աստվածաշնչյան կրթության կենտրոններ են։ Համայն աշխարհում ապրող ավելի քան վեց միլիոն Եհովայի վկաների համար Թագավորության սրահը՝ լավ սարքավորված թե համեստ, սիրված մի տեղ է։ Դա է պատճառը, որ նրանք ջանադրաբար ու սիրով հոգ են տանում այդ վայրերի մասին։ Թագավորության սրահի դռները բաց են ձեր տարածքում ապրող ցանկացած մարդու համար։