Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 10/1 էջ 12–17
  • Եհովան օրհնում և պաշտպանում է հնազանդներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան օրհնում և պաշտպանում է հնազանդներին
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Անհնազանդ ազգը զոհ է դառնում
  • Թագավոր, որին կործանեց չար ընկերակցությունը
  • Գրագիր, որին փրկեց հնազանդությունը
  • Հնազանդությունը փրկում է պաշարման ժամանակ
  • Հնազանդություն՝ Աստծո հակահարվածի ժամանակ
  • Հնազանդությունը հույս է ներշնչում
  • Խուսափիր «մեծամեծ բաներ» փնտրելուց
    Աստծու ուղերձը մեզ Երեմիայի միջոցով
  • Բարուք. Երեմիայի հավատարիմ գրագիրը
    2006 Դիտարան
  • Եհովայի աչքերը մեզ վրա են մեր իսկ բարօրության համար
    2008 Դիտարան
  • Վատ ընկերների պատճառով Հովասը թողեց Եհովային
    2009 Դիտարան
Ավելին
2002 Դիտարան
w02 10/1 էջ 12–17

Եհովան օրհնում և պաշտպանում է հնազանդներին

«Բայց ինձ լսողը ապահով կ’բնակուի, եւ հանդարտ կ’լինի չարիքի վախիցը» (ԱՌԱԿԱՑ 1։33)։

1, 2. Ինչո՞ւ է կարևոր հնազանդվել Աստծուն։ Ցույց տվեք դա օրինակի միջոցով։

ՓԱՓԼԻԿ դեղին ճուտիկները քուջուջ են անում կանաչների մեջ։ Նրանք չեն էլ կռահում, որ վերևում սավառնում է բազեն։ Հանկարծ թխսամայրը մի անհանգիստ ճիչ է արձակում և տարածում է իր թևերը։ Ճուտիկները վազում են նրա մոտ ու հաշված րոպեների ընթացքում ապաստան գտնում նրա թևերի տակ։ Բազեի հարձակումը ձախողվում է։a Ի՞նչ դաս ենք քաղում այս օրինակից։ Հնազանդությունը կյանք է փրկում։

2 Այսօր այդ դասը հատկապես կարևոր է քրիստոնյաների համար, քանի որ Սատանան գործի է դնում բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կարողանա Աստծո ծառաներին դարձնել իր զոհը (Յայտնութիւն 12։9, 12, 17)։ Նրա նպատակն է վնաս հասցնել մեր հոգևորին, ինչի հետևանքով կկորցնենք Եհովայի բարեհաճությունն ու հավիտենական կյանքի հեռանկարը (Ա Պետրոս 5։8)։ Սակայն եթե պահպանենք մեր մտերմությունը Աստծո հետ և արագորեն արձագանքենք այն ցուցումներին, որ տրվում են նրա Խոսքի ու կազմակերպության միջոցով, ապա կարող ենք վստահ լինել, որ Աստված հոգ կտանի մեր համար ու կպաշտպանի մեզ։ «Նա կ’ծածկէ քեզ իր փետուրներովը, նորա թեւերի տակ ապահով կ’լինիս»,— գրել է սաղմոսերգուն (Սաղմոս 91։4)։

Անհնազանդ ազգը զոհ է դառնում

3. Ի՞նչ հետևանքներ ունեցավ Իսրայելի կողմից բազմիցս ցուցաբերված անհնազանդությունը։

3 Երբ Իսրայել ազգը հնազանդվում էր Եհովային, օգուտ էր քաղում, քանզի Աստված հոգ էր տանում նրա մասին։ Ցավոք, շատ ավելի հաճախ այդ ժողովուրդը թողնում էր իր Արարչին և դիմում էր փայտից ու քարից պատրաստված աստվածների՝ «ոչինչ բաների.... որոնք օգուտ չեն եւ չեն կարող ազատել» (Ա Թագաւորաց 12։21)։ Դարեր շարունակ նրանց բռնած ապստամբ ընթացքի հետևանքով հավատուրացության ոգին այնպես արմատավորվեց ժողովրդի մեջ, որ վերջինիս այլևս հնարավոր չեղավ «բուժել»։ Ահա թե ինչու Հիսուսը ցավով ասաց. «Երուսաղէմ Երուսաղէմ, մարգարէները կոտորող, եւ քեզ մօտ ուղարկուածները քարկոծող. քանի անգամ կամեցայ քո երեխաները ժողովել, ինչպէս հաւը ժողովում է իր ձագերը թեւերի տակը. եւ դուք չ’կամեցաք։ Ահա ձեր տունն աւերուած կ’թողուի ձեզ» (Մատթէոս 23։37, 38)։

4. Ինչպե՞ս մ.թ. 70 թ.–ին ակնհայտ դարձավ, որ Եհովան մերժել է Երուսաղեմը։

4 Եհովան մերժեց ուխտադրուժ Իսրայելին, և դա շատ դրամատիկ ձևով ակնհայտ դարձավ մ.թ. 70 թ.–ին, երբ հռոմեական զորքերը, արծվի պատկերով իրենց դրոշակները բարձր պահած, հարձակվեցին Երուսաղեմի վրա՝ սարսափելի արյունահեղություն իրականացնելով։ Այդ ժամանակ քաղաքը լի էր մարդկանցով, որոնք եկել էին Պասեքը տոնելու։ Իրենց բազում զոհերով, սակայն, նրանք չկարողացան շահել Աստծո բարեհաճությունը։ Կատարված ողբերգությունը հիշեցումն էր այն խոսքերի, որ Սամուել մարգարեն ասել էր Սավուղ թագավորին. «Մի՞թէ Տէրը այնքան հաւանում է ողջակէզների եւ զոհերի ինչպէս Տիրոջ ձայնին լսելուն. ահա հնազանդութիւնը՝ զոհից լաւ է, եւ ականջ դնելը՝ խոյերի ճարպիցը» (Ա Թագաւորաց 15։22)։

5. Ինչպիսի՞ հնազանդություն է Եհովան պահանջում, և որտեղի՞ց գիտենք, որ հնարավոր է նման հնազանդություն դրսևորել։

5 Թեև Եհովան հնազանդություն է պահանջում, նա նաև հասկանում է, որ անկատար մարդկանց հնարավորությունները անսահմանափակ չեն (Սաղմոս 130։3, 4)։ Նրա պահանջածը անկեղծ սիրտ և հնազանդ ոգի ունենալն է՝ հիմնված հավատի, սիրո ու նրան տհաճություն չպատճառելու առողջ վախի վրա (Բ Օրինաց 10։12, 13; Առակաց 16։6; Եսայիա 43։10; Միքիա 6։8; Հռովմայեցիս 6։17)։ Նման հնազանդությունը հնարավոր է. դա երևում է այն բանից, որ նախաքրիստոնեական շրջանում ‘վկաների բազմություն’ կազմող անհատները պահել են իրենց անարատությունը մեծ դժվարությունների, նույնիսկ մահվան հետ բախվելիս (Եբրայեցիս 11։36, 37; 12։1)։ Որքա՜ն են նրանք ուրախացրել Եհովայի սիրտը (Առակաց 27։11)։ Եղել են նաև այնպիսի անհատներ, որոնք սկզբում հավատարմություն են ցուցաբերել Աստծո հանդեպ, բայց հետո հեռացել են հնազանդության ճանապարհից։ Նրանցից է, օրինակ, Հուդայի Հովաս թագավորը։

Թագավոր, որին կործանեց չար ընկերակցությունը

6, 7. Ինչպիսի՞ թագավոր էր Հովասը Հովիադայի կենդանության օրոք։

6 Դեռևս մանկիկ՝ Հովաս թագավորը հազիվ փրկվեց սպանվելուց։ Երբ նա դարձավ յոթ տարեկան, Հովիադա քահանայապետը, համարձակություն ցուցաբերելով, նրան հանեց իր թաքնվելու տեղից ու գահ բարձրացրեց։ Քանի որ աստվածավախ Հովիադան գործեց որպես Հովասի հայր և խորհրդատու, պատանի թագավորը «ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին Յովիադա քահանայի բոլոր օրերին» (Բ Մնացորդաց 22։10–23։1, 11; 24։1, 2)։

7 Հովասը բարի գործեր կատարեց, օրինակ՝ վերանորոգեց Եհովայի տաճարը. մի քայլ, որը «[նրա] սիրտն ուզեց» անել։ Բացի այդ, նա հիշեցրեց քահանայապետ Հովիադային, որ Մովսեսի պատվերի համաձայն՝ Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներից հարկավոր է հավաքել տաճարի հարկը, ինչի շնորհիվ նրանք կարողացան միջոցներ հայթայթել վերանորոգման աշխատանքների համար։ Ինչպես երևում է, Հովիադան կարողացել էր քաջալերել երիտասարդ թագավորին ուսումնասիրել Աստծո օրենքը և հնազանդվել դրան։ Արդյունքում՝ տաճարի ու նրա պիտույքների վերանորոգման աշխատանքները արագորեն ավարտին հասցվեցին (Բ Մնացորդաց 24։4, 6, 13, 14; Բ Օրինաց 17։18)։

8. ա) Ո՞րն էր Հովասի հոգևոր անկման գլխավոր պատճառը։ բ) Ի վերջո անհնազանդությունը ի՞նչ քայլի մղեց թագավորին։

8 Ցավոք, Հովասը մինչև վերջ հնազանդ չմնաց Եհովային։ Ո՞րն էր պատճառը։ Ահա թե ինչ է ասվում Աստծո Խոսքում. «Յովիադայի մեռնելուց յետոյ եկան Յուդայի իշխանները եւ խոնարհութիւն արին թագաւորին. այն ժամանակը թագաւորը նորանց լսում էր։ Եւ թողեցին իրանց հայրերի Տէր Աստուծոյ տունը, եւ ծառայեցին Աստարովթների եւ կուռքերի. եւ Յուդայի ու Երուսաղեմի վերայ բարկութիւն եկաւ նորանց այս յանցանքի համար»։ Հուդայի իշխանների վնասակար ազդեցությունը հանգեցրեց այն բանին, որ թագավորը հրաժարվեց լսել Աստծո մարգարեներին, որոնցից մեկն էլ Հովիադայի որդի Զաքարիան էր։ Վերջինս արիաբար հանդիմանեց Հովասին ու ժողովրդին իրենց անհնազանդության համար։ Փոխանակ զղջալու՝ Հովասը հրամայեց քարկոծել Զաքարիային։ Որքա՜ն քարսիրտ ու անհնազանդ անձնավորություն էր դարձել նա. և այդ ամենի պատճառը չար ընկերակցության ազդեցությունն էր (Բ Մնացորդաց 24։17–22; Ա Կորնթացիս 15։33)։

9. Ինչպե՞ս է Հովասի ու նրա իշխանների վախճանը ցույց տալիս, որ անհնազանդություն ցուցաբերելը անխոհեմություն է։

9 Ի՞նչ հետևանքներ ունեցավ Եհովային մերժելը Հովասի ու նրա իշխանազուն չար ընկերակիցների համար։ Ասորական զորքերը, որ «թէեւ քիչ մարդկանցով եկան», ներխուժեցին Հուդա և «փչացրին ժողովրդիցը ժողովրդի բոլոր իշխաններին»։ Զավթիչները նաև ստիպեցին թագավորին տալ իր բոլոր ունեցվածքն ու սրբարանի ոսկին և արծաթը։ Թեև Հովասը չզոհվեց, բայց շատ թուլացավ ու հիվանդացավ։ Կարճ ժամանակ անց դավադիրները, որ հենց թագավորի ծառաներից էին, սպանեցին նրան (Բ Մնացորդաց 24։23–25; Դ Թագաւորաց 12։17, 18)։ Սա փաստեց Եհովայի կողմից Իսրայելին ասված հետևյալ խոսքերի ճշմարտացիությունը. «Եթէ քո Եհովայ Աստուծոյ խօսքին չ’լսես, եւ չ’պահես եւ չ’անես նորա բոլոր պատուիրանքները եւ կանոնները,....այս ամեն անէծքները քեզ վերայ կ’գան եւ քեզ կ’հասնեն» (Բ Օրինաց 28։15)։

Գրագիր, որին փրկեց հնազանդությունը

10, 11. ա) Ինչո՞ւ է օգտակար խորհրդածել Եհովայի կողմից Բարուքին տրված խորհրդի շուրջ։ բ) Ի՞նչ խորհուրդ տվեց Եհովան Բարուքին։

10 Պատահո՞ւմ է այնպես, որ ձեզ վհատված զգաք այն պատճառով, որ ծառայության ժամանակ շատերը հետաքրքրություն չեն ցուցաբերում բարի լուրի հանդեպ։ Երբեմն նախանձո՞ւմ եք նրանց բարեկեցությանն ու եսանվեր ապրելակերպին։ Եթե այո՛, ապա խորհեցեք Երեմիայի գրագրի՝ Բարուքի մասին, ինչպես նաև՝ Եհովայի կողմից նրան սիրով տված խորհրդի։

11 Բարուքը մարգարեական լուր էր գրի առնում, երբ Եհովան իր ուշադրությունը կենտրոնացրեց նրա վրա։ Պատճա՞ռը։ Բարուքը սկսել էր վշտանալ իր վիճակի համար. նա ցանկանում էր կյանքում ինչ–որ ավելի լավ բանի հասնել, քան Աստծուն ծառայելու իր հատուկ առանձնաշնորհումն էր։ Նկատելով Բարուքի տրամադրվածության այս փոփոխությունը՝ Եհովան նրան պարզ և բարի մի խորհուրդ տվեց՝ ասելով. «Դու քեզ համար մեծամեծ բանե՞ր ես որոնում. մի որոնիր. որովհետեւ ահա ես չարիք եմ բերելու բոլոր մարմնի վերայ,....եւ ես քո անձդ քեզ տալիս եմ իբրեւ աւար այն ամեն տեղերումը, ուր որ գնաս» (Երեմիա 36։4; 45։5)։

12. Ինչո՞ւ պետք է խուսափենք մեզ համար այս աշխարհում «մեծամեծ բաներ» որոնելուց։

12 Բարուքին ասված Եհովայի այս խոսքերից չի՞ երևում արդյոք, որ նա խորապես մտահոգված էր այդ լավ մարդու համար, որը Երեմիայի հետ միասին հավատարմորեն ու արիաբար ծառայում էր իրեն։ Այսօր Եհովան նույնպես խորապես մտահոգված է նրանց համար, ում մեջ գայթակղություն է առաջանում այս աշխարհում ավելի լավ դիրքի հասնելու։ Բարեբախտաբար, Բարուքի նման այդ անհատներից շատերը արձագանքում են հոգևորապես հասուն պատասխանատու եղբայրների կողմից սիրով տրված խորհրդին (Ղուկաս 15։4–7)։ Մեզնից շատերը գիտակցում են, որ այս աշխարհում իրենց համար «մեծամեծ բաներ» որոնողները ապագա չունեն։ Նման անհատները ոչ միայն չեն հասնի իսկական երջանկության, այլև, որ ավելի վատ է, այս աշխարհի ու նրա եսասիրական ձգտումների հետ միասին շուտով ‘կանցնեն’ (Մատթէոս 6։19, 20; Ա Յովհաննէս 2։15–17)։

13. Ինչպե՞ս կարող ենք Բարուքի մասին գրվածից խոնարհություն սովորել։

13 Բարուքի մասին գրվածից կարող ենք նաև խոնարհություն սովորել։ Հաշվի առնենք, որ Եհովան Բարուքին ոչ թե անմիջականորեն խորհուրդ տվեց, այլ Երեմիայի միջոցով, որի թերություններն ու թուլությունները Բարուքն, ըստ երևույթին, բավական լավ գիտեր (Երեմիա 45։1, 2)։ Սակայն նրա հպարտությունը դրանից չխոցվեց. Բարուքը խոնարհություն ցուցաբերեց՝ հասկանալով, որ այդ խորհուրդն իրականում տրվում էր Եհովայի կողմից (Բ Մնացորդաց 26։3, 4, 16; Առակաց 18։12; 19։20)։ Ուրեմն՝ եթե մենք ‘հանկարծ բռնվենք մի հանցանքով’ և Աստծո Խոսքից ստանանք անհրաժեշտ խորհուրդը, եկեք ընդօրինակենք Բարուքին, որը հոգևոր հասունություն, խորաթափանցություն և խոնարհություն ցուցաբերեց (Գաղատացիս 6։1)։

14. Ինչո՞ւ մեզ համար օգտակար կլինի լսել ժողովում պատասխանատվություն ունեցող անհատներին։

14 Խոնարհություն ցուցաբերելով՝ օգնած կլինենք նաև մեզ խորհուրդ տվողներին։ Եբրայեցիս 13։17–ն ասում է. «Ականջ դրէք ձեր առաջնորդներին, եւ հնազանդեցէք. որ նորանք հսկում են ձեր հոգիների համար որպէս թէ հաշիւ պիտի տան որ ուրախութիւնով անեն այն եւ ոչ թէ հառաչելով. որ դա ձեզ օգուտ չէ» (Եբրայեցիս 13։17)։ Քանի՜–​քանի՜ անգամ են երեցները աղոթում Եհովային համարձակության, իմաստության և նրբանկատության համար. բաներ, որ անհրաժեշտ են նրանց հովվական աշխատանքի այդ դժվարին ոլորտում։ Եկեք ուրեմն ‘ճանաչենք այդպիսիններին’ (Ա Կորնթացիս 16։18)։

15. ա) Ինչպե՞ս Երեմիան ցույց տվեց, որ վստահում է Բարուքին։ բ) Ի՞նչ վարձատրություն ստացավ Բարուքը հնազանդություն ցուցաբերելու համար։

15 Բարուքը շտկեց իր մտածելակերպը։ Դա երևում է այն բանից, որ Երեմիան հետո նրան մի շատ դժվար հանձնարարություն տվեց՝ գնալ տաճար և բարձրաձայն կարդալ դատապարտական այն խիստ լուրը, որ Երեմիայի թելադրանքով հենց ինքն էլ գրել էր։ Արդյոք նա հնազանդվե՞ց։ Այո՛, Բարուքն արեց «այն ամենի համեմատ, որ նորան պատուիրել էր Երեմիա մարգարեն»։ Անգամ նա այդ լուրը կարդաց Երուսաղեմի իշխանների առջև, ինչն անկասկած բավական համարձակություն էր պահանջում (Երեմիա 36։1–6, 8, 14, 15)։ Երբ մոտ 18 տարի անց քաղաքն ընկավ բաբելոնացիների ձեռքը, Բարուքը փրկվեց։ Պատկերացնո՞ւմ եք, թե որքան երախտապարտ պետք է լիներ նա իր փրկության համար, որ ստացավ ‘մեծամեծ բաներ’ չփնտրելու մասին Եհովայի նախազգուշացմանը ուշադրություն դարձնելու շնորհիվ (Երեմիա 39։1, 2, 11, 12; 43։6)։

Հնազանդությունը փրկում է պաշարման ժամանակ

16. Ինչպե՞ս Եհովան ցույց տվեց իր կարեկցանքը հրեաների հանդեպ մ.թ.ա. 607 թ.–ին՝ բաբելոնացիների կողմից քաղաքի պաշարման ժամանակ։

16 Մ.թ.ա. 607 թ.–ին՝ Երուսաղեմի կործանման ժամանակ, նորից ակնհայտ դարձավ, որ Աստված կարեկցանքով է վերաբերվում հնազանդ մարդկանց։ Պաշարման ամենաթեժ պահին Եհովան ասաց հրեաներին. «Ահա ես դնում եմ ձեր առաջին կենաց ճանապարհը և մահուան ճանապարհը։ Այս քաղաքում մնացողը պիտի մեռնի սրով եւ սովով եւ ժանտախտով. բայց դուրս եկող՝ Քաղդէացիների կողմն անցնողը, որոնք ձեզ պաշարել են, պիտի ապրի եւ նորա անձն իր համար աւար պիտի լինի» (Երեմիա 21։8, 9)։ Թեև Երուսաղեմի բնակիչները արժանի էին կործանման, Եհովան կարեկցանք ցուցաբերեց նրանց հանդեպ, ովքեր լսեցին իրեն, նույնիսկ՝ այդ վճռական պահին։b

17. ա) Ի՞նչ երկու ձևով էր փորձվում Երեմիայի հնազանդությունը, երբ Եհովան պատվիրեց նրան կոչ անել պաշարված հրեաներին ‘անցնել քաղդեացիների կողմը’։ բ) Ի՞նչ օգուտ կարող ենք քաղել համարձակության և հնազանդության այն օրինակից, որ թողել է Երեմիան։

17 Ինչ խոսք, հրեաներին հանձնվելու կոչ անելը փորձություն էր նաև Երեմիայի համար. փորձվում էր նրա հնազանդությունը։ Նախ՝ նա շատ նախանձախնդիր էր Աստծո անվան նկատմամբ։ Երեմիան չէր ցանկանում, որ այն նախատինքի արժանանար թշնամիների կողմից, քանզի նրանք իրենց հաղթանակը վերագրելու էին անկենդան կուռքերին (Երեմիա 50։2, 11; Երեմիայի Ողբերը 2։16)։ Բացի այդ, Երեմիան գիտեր, որ հանձնվելու կոչ անելով՝ նա մեծապես վտանգում էր իր իսկ կյանքը, քանի որ շատերը այդ քայլը կհամարեին սադրիչ գործողություն։ Չնայած այս ամենին՝ նա չտրվեց վախի զգացումին, այլ հնազանդություն ցուցաբերեց՝ փոխանցելով Եհովայի խոսքերը (Երեմիա 38։4, 17, 18)։ Երեմիայի նման մենք նույնպես այնպիսի լուր ենք տարածում, որ համակրանք չի վայելում։ Դա այն նույն լուրն է, որի համար անարգանքի արժանացավ Հիսուսը (Եսայիա 53։3; Մատթէոս 24։9)։ Եկեք ուրեմն չվախենանք մարդկանցից և Երեմիայի պես համարձակորեն ցույց տանք, որ հնազանդվում ենք Եհովային՝ նրան ամբողջովին ապավինելով (Առակաց 29։25)։

Հնազանդություն՝ Աստծո հակահարվածի ժամանակ

18. Ինչպե՞ս է փորձվելու Եհովայի ծառաների հնազանդությունը։

18 Շուտով «մեծ նեղութիւն» է լինելու, որի ժամանակ ոչնչացվելու է Սատանայի ողջ չար համակարգը (Մատթէոս 24։21)։ Մինչ այդ և այդ ընթացքում Աստծո ժողովուրդը մեծ դժվարությունների առջև կկանգնի, ինչով կփորձվի նրա հավատն ու հնազանդությունը։ Օրինակ՝ Աստվածաշունչն ասում է, որ Սատանան՝ իբրև ‘Գոգը Մագոգի երկրից’, լայնածավալ հարձակում է ձեռնարկելու Եհովայի ծառաների դեմ՝ մոբիլիզացնելով այն ուժերը, որ նկարագրվում են որպես «շատ զօրք[եր].... իբրեւ ամպ երկիրը ծածկ[ող]» (Եզեկիէլ 38։2, 14–16)։ Թվով սակավ ու անզեն՝ Աստծո ժողովուրդը ապաստան է փնտրելու Եհովայի «թևերի» տակ, որ նա տարածել է հնազանդներին պաշտպանելու համար։

19, 20. ա) Ինչո՞ւ էր շատ կարևոր, որ Կարմիր ծովի մոտ Իսրայելը հնազանդություն ցուցաբերեր Եհովայի հանդեպ։ բ) Այսօր ի՞նչ օգուտ կարող ենք քաղել՝ Կարմիր ծովի մոտ տեղի ունեցած դեպքերի մասին աղոթքով խորհրդածելուց։

19 Այդ իրավիճակը հիշեցնում է այն դեպքերը, որ տեղի ունեցան Եգիպտոսից իսրայելացիների դուրս գալու ժամանակ։ Եգիպտոսը տասը կործանարար պատուհասներով զարկելուց հետո Եհովան իր ժողովրդին Ավետյաց երկիր առաջնորդեց ոչ թե ամենակարճ ճանապարհով, այլ ներքև՝ դեպի Կարմիր ծով, որտեղ նրանց հեշտությամբ հնարավոր կլիներ շրջապատել ու գրոհել։ Ռազմական տեսանկյունից՝ դա աղետաբեր մի քայլ էր։ Եթե դուք լինեիք նրանց մեջ, կհնազանդվեի՞ք արդյոք Եհովայի խոսքին, որ նա ասել էր Մովսեսի միջոցով, և ամբողջովին նրան վստահելով՝ կգնայի՞ք դեպի Կարմիր ծով՝ իմանալով հանդերձ, որ Ավետյաց երկիրը գտնվում է այլ կողմում (Ելից 14։1–4)։

20 Կարդալով Ելից 14–րդ գլուխը՝ տեսնում ենք, որ ահ ներշնչող զորություն ցուցաբերելով՝ Եհովան ազատեց իր ժողովրդին։ Որքա՜ն է ամրանում մեր հավատը, երբ ժամանակ ենք հատկացնում նման դեպքերի մասին գրվածն ուսումնասիրելու և դրա շուրջ խորհրդածելու (Բ Պետրոս 2։9)։ Ամուր հավատն, իր հերթին, ուժ է տալիս Եհովային հնազանդվելու, նույնիսկ՝ երբ մարդկային տեսանկյունից թվում է, թե նրա պահանջները այդքան էլ իրական չեն (Առակաց 3։5, 6)։ Ուստի կարող ենք հարցնել ինքներս մեզ. ջանք թափո՞ւմ եմ հավատս ամրացնելու՝ ժրաջանորեն Աստվածաշունչն ուսումնասիրելով, աղոթելով, խորհրդածելով և Եհովայի ժողովրդի հավաքույթներին կանոնավորապես ներկա գտնվելով (Եբրայեցիս 10։24, 25; 12։1–3)։

Հնազանդությունը հույս է ներշնչում

21. Ի՞նչ օրհնություններ կստանան Եհովային հնազանդվողները թե՛ հիմա և թե՛ ապագայում։

21 Այն անհատները, ովքեր Եհովային հնազանդվելը կյանքի ուղի են դարձրել, նույնիսկ հիմա են տեսնում, թե ինչպես են իրենց վրա իրականանում Առակաց 1։33–ում գրված խոսքերը։ Ահա թե ինչ է ասվում այնտեղ. «Ինձ լսողը ապահով կ’բնակուի, եւ հանդարտ կ’լինի չարիքի վախիցը»։ Իսկ որքա՜ն հրաշալի կերպով կիրականանան այս մխիթարական խոսքերը Եհովայի գալիք վրիժառության օրը։ Հիսուսն ասել է իր աշակերտներին. «Երբոր այս բաները կ’սկսեն լինիլ, վեր նայեցէք եւ բարձրացրէք ձեր գլուխները. որ ձեր փրկութիւնը մօտ է» (Ղուկաս 21։28)։ Պարզ է, որ միայն Աստծուն հնազանդ անհատները վստահությամբ ուշադրություն կդարձնեն այս խոսքերին (Մատթէոս 7։21)։

22. ա) Վստահ լինելու ուրիշ ի՞նչ հիմք ունի Եհովայի ժողովուրդը։ բ) Ի՞նչ է քննարկվելու հաջորդ հոդվածում։

22 Վստահություն ունենալու մեկ ուրիշ հիմք էլ կա. այն, որ «Տէր Եհովան ոչ մի բան չի անիլ, եթէ չ’յայտնէ իր խորհուրդը իր ծառաներին՝ մարգարէներին» (Ամովս 3։7)։ Այսօր Եհովան մարգարեներ չի ուղարկում, ինչպես անցյալում։ Փոխարենը՝ նա հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգին է հանձնարարել ժամանակին հոգևոր սնունդ տալ իր «տան անդամներին» (Մատթէոս 24։45–47)։ Որքա՜ն ուրեմն կարևոր է, որ մենք հնազանդություն ցուցաբերենք այդ ‘ծառայի’ հանդեպ։ Ինչպես ցույց կտա հաջորդ հոդվածը, նման հնազանդությունից կերևա մեր վերաբերմունքը նաև Հիսուսի հանդեպ, որն այդ ‘ծառայի’ տերն է, և որին պատկանում է «ժողովուրդների հնազանդութիւնը» (Ծննդոց 49։10)։

[ծանոթագրություններ]

a Թեև թխսամայրը հաճախ ներկայացվում է իբրև վախկոտ, նա «պատրաստ է մինչ ի մահ կռվելու իր ճուտիկների համար»։ Այդպես է գրված մի հրատարակության մեջ՝ տպագրված կենդանիների պաշտպանությամբ զբաղվող մի կազմակերպության կողմից։

b Երեմիա 38։19–ից երևում է, որ որոշ հրեաներ «անցել» էին քաղդեացիների կողմը. այդ մարդիկ չսպանվեցին, այլ տարվեցին գերության։ Սակայն հայտնի չէ՝ նրանք այդպես էին վարվել՝ հետևելով Երեմիայի ասածներին, թե՝ ոչ։ Ինչևէ, այն, որ նրանք փրկվեցին, փաստեց մարգարեի խոսքերի ճշմարտացիությունը։

Հիշո՞ւմ եք

• Ի՞նչ հետևանքներ ունեցավ Իսրայելի կողմից բազմիցս ցուցաբերված անհնազանդությունը։

• Ի՞նչ ազդեցություն գործեցին Հովաս թագավորի վրա նրա ընկերակցությունները՝ վաղ հասակում և ավելի ուշ։

• Ի՞նչ կարող ենք սովորել Բարուքից։

• Ինչո՞ւ Եհովայի ժողովուրդը վախենալու պատճառ չունի, թեև ապրում է այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ ներկա համակարգը մոտենում է իր վախճանին։

[նկար 13–րդ էջի վրա]

Հովիադայի առաջնորդությամբ երիտասարդ Հովասը հնազանդվում էր Եհովային

[նկար 15–րդ էջի վրա]

Չար ընկերակցությունները մղեցին Հովասին Աստծո մարգարեին սպանելու

[նկար 16–րդ էջի վրա]

Կհնազանդվե՞ք Եհովային և կվկայե՞ք արդյոք նրա՝ ահ ներշնչող փրկարար զորության մասին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը