Ինչպե՞ս կարող ենք «հաշվել» մեր օրերը Եհովայի առաջ
«Երեկ՝ արևամուտից մինչև արևածագն ընկած ժամանակահատվածում, կորցրեցի երկու ոսկի ժամեր, որոնցից յուրաքանչուրը 60–ական ադամանդե րոպեներ ուներ։ Եվ այդ ժամերը ոչ մի գնով չեմ կարող ետ բերել. նրանք անցան անվերադարձ...» (Լիդիա Հ. Սիգորնի, ամերիկացի գրող, 1791–1865)։
ՄԵՐ կյանքը շատ կարճ է ու վաղանցիկ։ Մտորելով կյանքի կարճատևության մասին՝ սաղմոսերգու Դավիթն աղոթեց. «Տէր, ցոյց տուր ինձ իմ վերջը եւ իմ օրերի չափը թէ որքան է, թող իմանամ թէ քանի՜ անցաւոր եմ ես։ Ահա թիզի չափով կարգեցիր իմ օրերը, եւ իմ կեանքի ժամանակը ոչինչի պէս է քո առաջին»։ Դավիթը ցանկանում էր ապրել այնպիսի կյանքով, որ իր խոսքերով ու գործերով հաճելի լիներ Աստծուն։ Ցույց տալով իր կախվածությունն Աստծուց՝ նա ասաց. «Իմ յոյսը քեզ վերայ է» (Սաղմոս 39։4, 5, 7)։ Եհովան լսում էր։ Նա դատում էր Դավիթի գործերը և պարգևատրում՝ դրանց համապատասխան։
Արագորեն անցնող այս կյանքում շատ հեշտ է ամեն րոպե զբաղված լինել՝ խեղդված զանազան գործերով։ Մեզ կարող է անհանգստություն պատճառել հատկապես այն, որ շատ բան ունենք անելու, բայց ժամանակը չի բավականացնում։ Մեզ ևս մտահոգո՞ւմ է այն հարցը, ինչ որ Դավիթին՝ այնպես ապրել, որ Աստծո բարեհաճությունը շահենք։ Անշուշտ, Եհովան տեսնում և ուշադրությամբ քննում է մեզանից յուրաքանչյուրին։ Հոբը, որն աստվածավախ անձնավորություն էր, դեռևս 3 600 տարի առաջ հասկացավ, որ Եհովան տեսնում է իր բոլոր ճանապարհները և հաշվում, այսինքն՝ քննում է իր բոլոր քայլերը։ Հոբը, առանց պատասխան ակնկալելու, հարցնում է. «Երբոր նա քննէ, ես ի՞նչ պատասխան կ’տամ» (Յոբ 31։4–6, 14)։ Որպեսզի մեր ապրած օրերը արժեք ունենան Աստծո համար, մենք պետք է հոգևոր նպատակներ դնենք մեր առջև, հնազանդվենք նրա հրահանգներին և մեր ժամանակը խելամտորեն օգտագործենք։ Եկեք ավելի հանգամանորեն քննենք այն, թե ինչպես կարելի է անել դա։
Հոգևոր հարցերը առաջին տեղում դասենք
Ներշնչյալ Գրությունները խրախուսում են մեզ հոգևոր նպատակներ հետապնդել՝ ասելով. «Լաւագոյնն ընտրէք»։ Ի՞նչ է մտնում այս «լաւագոյնի» մեջ. ճշգրիտ «գիտութիւն[ը] եւ ամեն հասկացողութիւն[ը]» (Փիլիպպեցիս 1։9, 10)։ Եհովայի նպատակների մասին գիտություն ստանալու համար անհրաժեշտ է ժամանակը խելամտորեն օգտագործել։ Հոգևոր հարցերը առաջին տեղում դասելու դեպքում մեզ բավականություն պատճառող և պարգևատրություններով լի կյանք է սպասում։
Պողոս առաքյալը հիշեցնում է, որ ստուգենք «թէ ինչ է հաճոյ Տիրոջը»։ Ստուգելու մեջ մտնում է մեր մղումներն ու սրտի ցանկությունները քննելը։ Պողոսը շարունակում է. «Իմացէք թէ ինչ է Տիրոջ կամքը» (Եփեսացիս 5։10, 17)։ Իսկ ի՞նչն է ընդունելի Եհովային։ Աստվածաշնչի առակներից մեկը պատասխանում է այս հարցին. «Իմաստութեան սկիզբն է [«ամէն բանի գլուխը իմաստութիւնն է», տող. ծան.], «Իմաստութիւն ստացիր». եւ քո ամեն ստացուածքի հետ հանճար ստացիր։ Դու նորան մեծարիր, եւ նա քեզ կ’բարձրացնէ» (Առակաց 4։7, 8)։ Եհովան ուրախանում է այն անհատով, ով աստվածային իմաստություն է ձեռք բերում և գործադրում այն (Առակաց 23։15)։ Այսպիսի իմաստության արժեքը կայանում է նրանում, որ այն հնարավոր չէ խլել կամ ոչնչացնել։ Այն անհատին կպահի ու կպաշտպանի «չար ճանապարհիցը, եւ նենգութիւններ խօսող մարդիցը» (Առակաց 2։10–15)։
Ուստի որքա՜ն իմաստուն կլինի դիմադրել հոգևոր հարցերի հանդեպ անհոգ վերաբերմունք դրսևորելու հակվածությանը։ Հարկավոր է գնահատանք զարգացնել Եհովայի խոսքերի հանդեպ, ինչպես նաև նրա նկատմամբ առողջ վախ ունենալ (Առակաց 23։17, 18)։ Թեև մտքի նման տրամադրվածություն կարելի է զարգացնել ցանկացած տարիքում, սակայն լավ է երիտասարդ հասակում այդպիսի հիմք դնել և Աստվածաշնչի սկզբունքները դրոշմել մեր սրտում։ «Յիշիր քո ստեղծողին քո երիտասարդութեան օրերումը», — ասում է իմաստուն Սողոմոն թագավորը (Ժողովող 12։1)։
Եհովայի հանդեպ երախտագիտություն զարգացնելու համար անհրաժեշտ է ամեն օր անձնական աղոթքով դիմել Եհովային՝ որպես ամենամտերիմ անձնավորության։ Դավիթ թագավորը գիտակցում էր Եհովային ապավինելու կարևորությունը, ուստի նա աղոթեց. «Տէր, լսիր իմ աղօթքը, եւ իմ աղաղակին միտք դիր. իմ արտասուքին լուռ մի կենար» (Սաղմոս 39։12)։ Եհովայի հետ ունե՞ս մտերիմ փոխհարաբերություններ, պատահո՞ւմ է երբեմն, որ հուզմունքից աչքերդ արցունքով են լցվում։ Ինչ խոսք, որքան շատ Եհովային պատմենք մեզ հուզող հարցերի մասին և խորհրդածենք նրա Խոսքի շուրջ, այնքան ավելի կմտերմանանք նրա հետ (Յակոբոս 4։8)։
Սովորենք հնազանդվել
Հավատով առաջնորդվող մեկ ուրիշ անձնավորություն էր Մովսեսը, որը գիտակցում էր իր կախվածությունը Աստծուց։ Դավիթի նման, Մովսեսը նույնպես տեսնում էր, որ կյանքը լի է հոգսերով։ Այդ պատճառով էլ նա խնդրեց Աստծուն, որ իրեն ‘սովորեցնի այնպես հաշվել իր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունի’ (Սաղմոս 90։10–12)։ Մեր սիրտն իմաստությամբ կլցվի միայն այն դեպքում, եթե սովորենք Եհովայի օրենքներն ու սկզբունքները ու ապրենք դրանց համապատասխան։ Մովսեսը գիտեր դա, ուստի ձգտում էր այդ կարևոր ճշմարտությունը տպավորել իսրայելացիների սրտում՝ Աստծո օրենքներն ու հրահանգները կրկնելով նրանց նախքան Ավետյաց երկիր մտնելը։ Հետագայում Եհովայի կողմից Իսրայելի համար ընտրված թագավորները պետք է Օրենքի մի օրինակ արտագրեին և կարդային այն իրենց կյանքի բոլոր օրերում։ Ինչո՞ւ. քանի որ դա կօգներ նրանց սովորել աստվածավախություն մշակել։ Նաև կփորձվեր թագավորի հնազանդությունը, կպաշտպաներ նրան իր անձը իր եղբայրներից բարձր դասելու հակումից ու կերկարացներ նրա թագավորության տարիները (Բ Օրինաց 17։18–20)։ Եհովան օրերի երկարություն խոստանում է նաև Դավիթի որդի Սողոմոնին՝ ասելով. «Եթէ գնաս իմ ճանապարհներումը, որ իմ պատուիրանքներն ու հրամանները պահես ինչպէս որ գնաց քո հայր Դաւիթը, այն ժամանակ քո օրերը կ’երկայնացնեմ» (Գ Թագաւորաց 3։10–14)։
Հնազանդությունը շատ կարևոր հարց է Աստծո համար։ Եթե մենք Աստծո որոշ պահանջներ ու հրահանգներ ոչ կարևոր համարենք, անշուշտ դա չի վրիպի Եհովայի ուշադրությունից (Առակաց 15։3)։ Ուստի այդ բանը գիտակցելով՝ մենք կձգտենք միշտ բարձր դասել Եհովայի բոլոր հրահանգները, նույնիսկ եթե դա հեշտ չլինի։ Սատանան ամեն բան անում է, որ «խափան[ի] մեզ», երբ մենք ջանում ենք ուշադրություն ընծայել Աստծո օրենքներին և հրահանգներին (Ա Թեսաղոնիկեցիս 2։18)։
Հատկապես կարևոր է հետևել Աստվածաշնչի այն խորհրդին, որը վերաբերում է երկրպագության ու ընկերակցության նպատակով մեր հավատակիցների հետ հավաքվելուն (Բ Օրինաց 31։12, 13; Եբրայեցիս 10։24, 25)։ Լավ կլինի, եթե ինքներս մեզ հարցնենք. «Արդյոք լցվա՞ծ եմ վճռականությամբ և համոզվածությամբ անելու այն, ինչն իսկապես արժեքավոր է»։ Նյութական ապահովվածության ձգտելու պատճառով քրիստոնեական հանդիպումներին տրվող ուսուցումն ու հաղորդակցությունը մերժելով՝ մենք վնասում ենք Եհովայի հետ մեր փոխհարաբերությունը։ Պողոս առաքյալը գրել է. «Փողասիրությունը թող տեղ չունենա ձեր կյանքում. բավարարվեցե՛ք ձեր ունեցածով, որովհետև Աստված ինքն է ասում. «Քեզ երեսի վրա չեմ թողնելու և երբեք չեմ լքելու»» (Եբրայեցիս 13։5, ԱՆԹ)։ Պատրաստակամորեն Եհովայի հրահանգներին հնազանդվելով՝ ցույց ենք տալիս մեր լիարժեք վստահությունը այն բանում, որ նա հոգ կտանի մեր մասին։
Հիսուսը հնազանդություն սովորեց և օգուտներ քաղեց դրանից։ Նույնը կարող ենք մենք անել (Եբրայեցիս 5։8)։ Որքան շատ աշխատենք զարգացնել այդ հատկությունը, այնքան ավելի հեշտ կլինի հնազանդվելն անգամ աննշան հարցերում։ Ճիշտ է, անարատություն պահպանելու պատճառով գուցե ուրիշների կողմից վատ, նույնիսկ դաժան վերաբերմունքի ենթարկվենք։ Դա կարող է պատահել հատկապես աշխատավայրում, դպրոցում կամ կրոնապես պառակտված ընտանիքում։ Սակայն մեզ սփոփում է իսրայելացիներին տրված խորհուրդը. «Եհովայ Աստուծուն սիրես՝ նորա ձայնին լսես, եւ նորան յարես, որովհետեւ նա է քո կեանքը եւ քո օրերի երկայնութիւնը» (Բ Օրինաց 30։20)։ Այս նույն խոստումը տրված է նաև մեզ։
Ժամանակը խելամտորեն օգտագործենք
Ժամանակը խելամտորեն օգտագործելը նույնպես մեզ կօգնի մեր օրերը «հաշվել» Եհովայի առաջ։ Ի տարբերություն գումարի, որը հնարավոր է խնայել՝ ժամանակը կա՛մ օգտագործում ենք, կա՛մ վատնում։ Ամեն մի ժամ անցնում է անվերադարձ։ Ուստի արդյոք մեր ժամանակն օգտագործո՞ւմ ենք այնպես, որ կարողանանք հասնել մեր կյանքի նպատակներին՝ հաշվի առնելով այն, որ միշտ էլ անելու ավելի շատ բան կա, քան հնարավոր է։ Քրիստոնյաների համար կարևոր նպատակ պետք է լինի Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործին կանոնավորաբար մասնակցելը (Մատթէոս 24։14; 28։19, 20)։
Ժամանակը խելամտորեն օգտագործելու համար մենք պետք է գնահատենք նրա արժեքը։ Եփեսացիս 5։16–ը հորդորում է մեզ ‘գնել ժամանակը’, որ ծախսվում է ոչ կարևոր գործերի վրա։ Դա նշանակում է քիչ ժամանակ տրամադրել այնպիսի գործերին, որոնք պարզապես ժամանակ են սպանում։ Հեռուստացույց դիտելուն, Ինտերնետում փնտրտուքներ կատարելուն, որևէ օգուտ չտվող աշխարհիկ գրականություն ընթերցելուն կամ էլ հանգստին ու զվարճություններին չափից շատ ժամանակ տրամադրելը մեզ ուժասպառ կարող է անել։ Նյութական կարողություններ կուտակելով տարվելը նույնպես կխլի այն ժամանակը, որն անհրաժեշտ է իմաստուն սիրտ ‘ընդունելու’ համար։
Այն մարդիկ, ովքեր կարողանում են ճիշտ տնօրինել իրենց ժամանակը, ասում են. «Առանց կոնկրետ նպատակներ ունենալու՝ հնարավոր չէ խելամտորեն օգտագործել ժամանակը»։ Նրանք նշում են, որ նպատակներ հետապնդելիս պետք է հաշվի առնել հինգ հանգամանք. նպատակը պետք է լինի որոշակի, այսպես ասած՝ չափելի, նաև հասանելի, ռեալ և պլանավորված։
Ուշադրության արժանի նպատակ է Աստվածաշնչի ընթերցանությունը կատարելագործելը։ Առաջին քայլը մեր նպատակը որոշակիացնելն է՝ կարդալ ամբողջ Աստվածաշունչը։ Հաջորդ քայլը այն չափելի դարձնելն է, որպեսզի կարողանանք տեսնել, թե որքանով ենք առաջադիմել։ Մեր նպատակները պետք է դրդեն մեզ ջանքեր գործադրելու և առաջադիմելու։ Նաև նրանք պետք է լինեն հասանելի և ռեալ։ Պետք է հաշվի առնել անձնական կարողությունները, ընդունակությունները և տրամադրության տակ ունեցած ժամանակը. մի քանիսից գուցե ավելի շատ ժամանակ պահանջվի իրենց նպատակին հասնելու համար։ Վերջին քայլը պլանավորելն է։ Մեր նպատակի կատարման համար ժամկետ սահմանելը կմղի մեզ իրականացնել այն։
Բեթելի համաշխարհային ընտանիքի բոլոր անդամները, որոնք ծառայում են Եհովայի վկաների գլխավոր վարչությունում կամ ամբողջ աշխարհում գտնվող մասնաճյուղերում, նպատակ են հետապնդում Բեթելի ծառայության առաջին տարում կարդալ Աստվածաշունչն ամբողջությամբ։ Նրանք գիտակցում են, որ Աստվածաշնչի ընթերցանությունը նպաստում է իրենց հոգևոր աճին և Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ հաստատելուն, և գիտեն, որ Եհովայի մատուցած ուսուցումն օգտակար է իրենց համար (Եսայիա 48։17)։ Կարո՞ղ ենք մենք էլ Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունը մեր նպատակը դարձնել։
Օգուտներ, որ ստանում ենք մեր օրերը հաշվելու շնորհիվ
Հոգևոր հարցերին մեծ ուշադրություն դարձնելը մեզ անհամար օրհնություններ կբերի։ Այդ օրհնություններից մեկն այն է, որ բավարարվածության ավելի մեծ զգացում կապրենք և կյանքի իմաստ կունենանք։ Անկեղծ աղոթքի միջոցով Եհովայի հետ կանոնավորաբար հաղորդակցվելով՝ մենք ավելի կմտերմանանք նրա հետ։ Աղոթելով՝ մենք ցույց ենք տալիս, որ վստահում ենք նրան։ Իսկ ամեն օր ընթերցելով Աստվածաշունչն ու նրա վրա հիմնված հրատակությունները, որ տալիս է մեզ «հաւատարիմ եւ իմաստուն ծառան»՝ մենք ցույց ենք տալիս, որ պատրաստակամորեն լսում ենք, թե ինչ է ասում մեզ Աստված (Մատթէոս 24։45–47)։ Դա օգնում է մեզ իմաստուն սիրտ ‘ընդունել’, որպեսզի կյանքում ճիշտ որոշումներ կայացնենք և ճիշտ ընտրություններ կատարենք (Սաղմոս 1։1–3)։
Մենք սիրով հնազանդվում ենք Եհովայի պատվիրաններին, քանի որ դրանք ծանր չեն (Ա Յովհաննէս 5։3)։ Մեր օրերը Եհովայի առաջ հաշվելով՝ ամրացնում ենք նրա հետ մեր փոխհարաբերությունները։ Նաև իսկական հոգևոր ասպար ենք դառնում մեր քրիստոնյա հավատակիցների համար։ Նման կեցվածքը ուրախացնում է Եհովային (Առակաց 27։11)։ Ինչպես տեսնում ենք, հիմա և հավիտյան Եհովայի հաճությանն արժանանալուց ավելի մեծ պարգևատրություն չկա...
[նկար 21–րդ էջի վրա]
Քրիստոնյաները լուրջ են վերաբերվում հոգևոր հարցերին
[նկարներ 22–րդ էջի վրա]
Ժամանակդ իմաստությա՞մբ ես օգտագործում
[նկար 23–րդ էջի վրա]
Մեր ամեն օրը Եհովայի առաջ հաշվելով՝ ամրացնում ենք նրա հետ մեր փոխհարաբերությունները