«Եկեք ինձ մոտ.... և ես թարմություն կտամ ձեզ»
«Արածեցրէք Աստուծոյ հօտը»
«Դուք միշտ պատրաստ եք մեզ լսելու և Աստվածաշնչից կարդալու խոսքեր, որոնք ոգևորում են» (Պամելա)։
«Շնորհակալ եմ այն բոլոր բաների համար, որ դուք անում եք հանուն մեզ։ Մենք դա շատ թանկ ենք գնահատում» (Ռոբերտ)։
ՊԱՄԵԼԱՆ ու Ռոբերտը, այս խոսքերը գրելով, իրենց երախտագիտությունն են հայտնում իրենց ժողովի երեցներին։ Աստծո՝ աշխարհով մեկ սփռված մյուս ծառաները նույնպես երախտագիտության զգացումով են լցվում նրանց հանդեպ, ովքեր, ‘արածեցնելով Աստծո հոտը’, ամեն ժամանակ աջակցություն և հոգատարություն են ցույց տալիս (Ա Պետրոս 5։2)։ Իսկապես, Եհովայի ծառաները անչափ երախտապարտ են իրենց երեցներին այն բազմաթիվ գործերի համար, որ նրանք անում են հանուն իրենց ու նաև այն բանի համար, թե նրանք դա ինչ ձևով են անում։
Նրանք շատ ջանք են ներդնում Տիրոջ գործում
Քրիստոնյա երեցներին բազմաթիվ պատասխանատվություններ են վստահված (Ղուկաս 12։48)։ Նրանք ելույթներ են պատրաստում ժողովի հանդիպումները կազմակերպելու համար, մասնակցում են Աստծո Թագավորության բարի լուրի հանրային քարոզչությանը։ Նրանց պարտականությունների մեջ է մտնում նաև հավատակիցներին հովվական այցեր կատարելը։ Երեցները ժամանակ են նվիրում այն անձանց, ովքեր հատուկ ուշադրության կարիք ունեն, օրինակ՝ տարեցներին։ Բայց միևնույն ժամանակ նրանք չեն անտեսում իրենց ընտանիքի հոգևոր ու նյութական կարիքները (Յոբ 29։12–15; Ա Տիմոթէոս 3։4, 5; 5։8)։ Երեցներից ոմանք մասնակցում են Թագավորության սրահների շինարարությանը։ Մյուսները ծառայում են Հիվանդանոցների հետ կապի կոմիտեում կամ էլ Հիվանդներին այցելող խմբում։ Նրանցից շատերն էլ համաժողովների ժամանակ ծառայում են որպես կամավորներ։ Այո՛, երեցները շատ ջանք են ներդնում Տիրոջ գործում (Ա Կորնթացիս 15։58, ՆԱ)։ Զարմանալի չէ, որ ջանասեր երեցները մեծ հարգանքի են արժանանում այն անձանց կողմից, ում Եհովան վստահել է նրանց հոգածությանը (Ա Թեսաղոնիկեցիս 5։12, 13)։
Երեցները կանոնավորաբար այցելում են իրենց հավատակիցներին, որպեսզի նրանց հոգևորապես զորացնեն. նրանք մեծ քաջալերանքի աղբյուր են։ «Եթե նրանք ինձ սիրով լի աջակցություն ու քաջալերանք ցույց չտային, ապա չեմ կարծում, թե այսօր կկարողանայի Եհովային լիաժամ ծառայել», — ասում է Թոմասը, որը մեծացել է առանց հայրական խնամքի։ Միայնակ ծնողի խնամքի տակ մեծացած երեխաներից շատերն են ասում, որ երեցների ցուցաբերած ուշադրությունն օգնել է իրենց անձնական հարաբերություններ զարգացնելու Աստծո հետ։
Երեցների կողմից կատարված հովվական այցերը բարձր են գնահատում նաև ժողովի տարեց անդամները։ Ութսունն անց երկու ամուսիններ, որոնք ծառայել են որպես միսիոներ, երեցների այցից հետո այսպիսի խոսքեր նրանց գրեցին. «Ցանկանում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել ձեր անչափ հաճելի այցի համար։ Ձեր գնալուց հետո մենք կրկին կարդացինք այն համարները, որ դուք քննարկեցիք մեզ հետ։ Երբեք չենք մոռանա քաջալերանքի ձեր խոսքերը»։ 70–ամյա մի այրի երեցներին գրեց. «Ես Եհովային աղոթում էի օգնության համար, և նա ինձ մոտ ուղարկեց ձեզ՝ երկու եղբայրներիդ։ Ձեր այցը օրհնություն էր Եհովայից»։ Իսկ դուք վերջերս առիթ ունեցե՞լ եք օգուտ քաղելու ձեր ժողովի երեցների այցելությունից։ Անշուշտ, բոլորս էլ բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ նրանք գործադրում են իրենց վստահված հոտը հովվելու համար։
Հովիվներ, որ ընդօրինակում են Աստծուն և Քրիստոսին
Եհովան սիրառատ Հովիվ է (Սաղմոս 23։1–4; Երեմիա 31։10; Ա Պետրոս 2։25)։ Հիսուս Քրիստոսը նույնպես այնպիսի Հովիվ է, որը հոգ է տանում մեր հոգևոր կարիքների մասին։ Նա կոչվել է «բարի հովիւ», «մեծ Հովիւ» և «Հովուապետ» (Յովհաննէս 10։11; Եբրայեցիս 13։20; Ա Պետրոս 5։4)։ Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում այն մարդկանց, ովքեր ցանկանում էին դառնալ իր աշակերտները։ Նա սրտանց հրավիրեց նրանց. «Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ [«թարմություն», ՆԱ] կ’տամ ձեզ» (Մատթէոս 11։28)։
Նման ձևով այսօր երեցները ձգտում են հոտի համար լինել թարմության և պաշտպանության աղբյուր։ Այդ մարդիկ «քամիի դէմ եղող պատսպարանի պէս, եւ փոթորկի դէմ եղող ծածկոցի պէս [են], չոր տեղում եղող ջրերի վտակների նման, մեծ ապառաժի հովանիին պէս.... ծարաւուտ երկրում» (Եսայիա 32։2)։ Այս բարի պաշտպանները թարմություն են բերում։ Դրանով նրանք ձեռք են բերում հոտի անդամների հարգանքը և արժանանում են Աստծո հավանությանը (Փիլիպպեցիս 2։29; Ա Տիմոթէոս 5։17)։
Նրանց կանանց կողմից ցուցաբերված աջակցությունը շատ արժեքավոր է
Աստծո ծառաները երախտապարտ են ինչպես քրիստոնյա երեցներին, այնպես էլ նրանց կանանց այն բանի համար, որ վերջիններս սիրով աջակցում են իրենց ամուսիններին։ Նման աջակցություն ցույց տալը այս կանանցից հաճախ զոհողություններ է պահանջում։ Երբեմն նրանց ամուսինները իրենց կողքին չեն լինում, քանի որ ժողովի հետ կապված ինչ–որ հարցեր քննելու կամ էլ հովվական այց կատարելու անհրաժեշտություն է առաջանում։ Երբեմն էլ ամուսինները ստիպված են փոխել հանգամանորեն մշակված պլանները ժողովում անհետաձգելի գործեր առաջանալու պատճառով։ Միշելն ասում է. «Երբ տեսնում եմ, թե որքան զբաղված է ամուսինս՝ պատրաստվում է հանդիպումներին կամ հովվական այց է կատարում, միշտ հիշում եմ, որ նա անում է Եհովայի գործը, և ես ձգտում եմ հնարավորին չափ աջակցել նրան»։
Շերիլը, որը նույնպես երեցի կին է, ասում է. «Ես գիտեմ, որ ժողովի եղբայրներն ու քույրերը կարիք ունեն խոսելու երեցի հետ, ուստի այնպես եմ անում, որ նրանք զգան, որ երբ ցանկանան, կարող են մոտենալ իմ ամուսնուն»։ Իրենց ամուսիններին սատար կանգնող այնպիսի կանայք, ինչպիսիք Միշելն ու Շերիլն են, պատրաստակամորեն զոհողությունների են գնում, որպեսզի իրենց ամուսինները կարողանան հոգ տանել Աստծո ոչխարներին։ Երեցների կանանց այսպիսի տրամադրվածությունը գովեստի է արժանի։
Սակայն երեցը, զբաղված լինելով ժողովի գործերով, չպետք է անտեսի իր կնոջ ու երեխաների հոգևոր և մյուս կարիքները։ Ամուսնացած երեցը պետք է լինի «անարատ [«անմեղադրելի», Արևմտ. Աստ.].... մէկ կնկան մարդ, հաւատացեալ որդիք ունենայ որոնց վերայ անառակութեան գանգատ չ’կայ կամ անհնազանդ չեն» (Տիտոս 1։6)։ Նա պետք է իր ընտանիքին հոգ տանի այնպես, ինչպես որ Աստվածաշունչն է պահանջում քրիստոնյա վերակացուներից (Ա Տիմոթէոս 3։1–7)։
Բազմազբաղ երեցի համար իրեն սատար կանգնող կինը անգնահատելի գանձ է։ Իրենց կանանց հանդեպ ուշադիր երեցները հենց այսպես են մտածում։ Աստվածաշունչն էլ է ասում. «Ամուսնուհի [«Առաքինի կին», Արևմտ. Աստ.] գտնողը բարիք է գտել եւ Տէրիցը շնորհք ստացել» (Առակաց 18։22)։ Խոսքով ու գործով նման երեցներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում իրենց կանանց։ Նրանք ոչ միայն աղոթում են միասին ու Աստվածաշնչի հաճելի ուսումնասիրություններ անցկացնում, այլ նաև ժամանակ են գտնում բնության գրկում հանգստանալու, արշավի գնալու կամ պարզապես զբոսնելու։ Այո՛, երեցները ուրախություն են գտնում իրենց կանանց՝ սիրով լի հոգատարություն ցույց տալու մեջ (Ա Պետրոս 3։7)։
Աստծո հոտը անշահախնդրորեն հովվող երեցները Եհովայի ժողովրդի համար հոգևոր թարմության աղբյուր են։ Նրանք իսկապես «մարդկանց տեսքով պարգևներ» (ՆԱ) են, օրհնություն՝ ժողովի համար (Եփեսացիս 4։8, 11–13)։