Ինչպես ունենալ հավասարակշռված տեսակետ աշխատանքի հանդեպ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ շուկայի ճնշող ազդեցությունը, ագրեսիվ մրցակցությունը և զանգվածային արտադրությունը պատճառ են դարձել, որ շատ մարդիկ ամեն օր ստիպվա՛ծ գնան աշխատանքի։ Մինչդեռ մենք պետք է հաճույք ստանանք աշխատանքից։ Իսկ ինչո՞ւ։ Պատճառն այն է, որ մենք ստեղծված ենք Աստծո նմանությամբ, իսկ Աստված բավականություն է ստանում իր աշխատանքից։ Երբ նա աչքի անցկացրեց իր կատարած գործերը վեց ստեղծագործական «օրերի» ավարտին, որոնք ընդգրկում են երկար ժամանակահատվածներ, «տեսաւ բոլորն ինչ որ արել էր, եւ ահա շատ բարի էր», ինչպես կարդում ենք Ծննդոց 1։31–ում։
Առանց կասկածի կարող ենք ասել, որ սերն աշխատանքի հանդեպ դա պատճառներից մեկն է, թե ինչու է Եհովան կոչվում «երանելի Աստու[ած]» (Ա Տիմոթէոս 1։11)։ Տրամաբանական չէ՞ ուրեմն ենթադրել, թե որքան շատ նմանվենք Աստծուն, այնքան ավելի երջանիկ կլինենք։ Հին Իսրայել ազգի թագավոր Սողոմոնը, որը հիանալի կառուցող ու նախաձեռնող էր, այս առումով գրել է. «Ամեն մարդ ուտում խմում է եւ իր բոլոր աշխատանքը վայելում. դա Աստուծոյ պարգեւն է» (Ժողովող 3։13)։
Աշխատավայրում կատարվող արագ փոփոխությունների պատճառով, գուցե շատ դժվար լինի մեր օրերում հավասարակշռված, առողջ տեսակետ ունենալ աշխատանքի հանդեպ։ Բայց Եհովա Աստված օրհնում է նրանց, ովքեր հետևում են իր տված առաջնորդությանը (Սաղմոս 119։99, 100)։ Նման մարդիկ գնահատվում ու հուսալի աշխատողներ են դառնում, ուստիև քիչ է հավանականությունը, որ նրանք կմնան առանց աշխատանքի։ Բացի այդ, նրանք սովորում են իրենց կյանքին ու աշխատանքին նայել ոչ միայն զուտ նյութական, այլ նաև հոգևոր տեսանկյունից։ Դա նրանց հնարավորություն է տալիս խելամիտ որոշումներ կայացնելու կյանքում և հասկանալու, որ իրենց երջանկությունը կախված չէ զուտ աշխատանքից և ներկայիս շուկայից (Մատթէոս 6։31–33; Ա Կորնթացիս 2։14, 15)։ Դա նաև օգնում է, որ նրանք իրոք հավասարակշռված լինեն աշխատանքի հարցում։
Աստծուն հաճելի տեսակետ աշխատանքի հանդեպ
Կան մարդիկ, ովքեր մոլի աշխատողներ են՝ իրենց աշխատանքը վեր են դասում ամեն ինչից։ Ուրիշներն էլ անհամբեր սպասում են, թե երբ պետք է ավարտվի աշխատանքային օրը։ Սակայն ինչպե՞ս կարելի է լինել հավասարակշռված այս հարցում։ Պատասխանը գտնում ենք Աստվածաշնչում. «Աւելի լաւ է մի բուռ լիքը հանգստութիւնով քան թէ երկու ափերը լիքը՝ աշխատութիւնով եւ չարաչար հոգսերով» (Ժողովող 4։6)։ Չափից շատ կամ երկար աշխատելն իրականում ոչ թե լավ արդյունքներ է բերում, այլ խնդիրներ, և կարելի է ասել, որ փուչ է՝ լի «աշխատութիւնով եւ չարաչար հոգսերով»։ Ինչո՞ւ։ Որովհետև դրանից կարող են տուժել բոլոր այն կարևոր բաները, որոնք մեծապես նպաստում են մեր երջանկությանը. մեր հարաբերությունները ընտանիքի անդամների ու ընկերների հետ, մեր հոգևորը, առողջությունը և նույնիսկ երկարակեցությունը (Ա Տիմոթէոս 6։9, 10)։ Իսկ հավասարակշռված տեսակետն է՝ բավարարվել ունեցած ավելի քիչ նյութական միջոցներով՝ ներքուստ խաղաղություն պահպանելով և չծանրաբեռնվելով կրկնակի աշխատանքով, որը կհանգեցնի վեճերի և թշվառության։
Նման մոտեցում քաջալերելով հանդերձ՝ Աստվածաշունչը հավանություն չի տալիս ծուլությանը (Առակաց 20։4)։ Ծույլ մարդը աստիճանաբար կորցնում է թե՛ ինքնահարգանքի զգացումը և թե՛ ուրիշների հարգանքն իր հանդեպ։ Դեռ ավելին՝ դրանով վնասվում են Աստծո հետ ունեցած իր փոխհարաբերությունները։ Աստվածաշունչը շատ հստակ կերպով ցույց է տալիս, որ աշխատել չցանկացող անհատը չպետք է ուտի ուրիշի վաստակած հացը (Բ Թեսաղոնիկեցիս 3։10)։ Նա պետք է փոխի իր ապրելակերպը և տքնաջան աշխատի՝ բարեխղճորեն հոգալով իր և իր խնամքի տակ գտնվող անձանց կարիքները։ Այդպես վարվելով՝ նա նույնիսկ ի վիճակի կլինի իսկապես կարիքի մեջ լինողներին օգնել. մի բան, որը քաջալերվում է Աստծո Խոսքում (Առակաց 21։25, 26; Եփեսացիս 4։28)։
Մանկուց են դաստիարակված՝ աշխատանքը գնահատելու համար
Աշխատանքի հանդեպ բարեխիղճ մոտեցումը ինքնին ի հայտ չի գալիս. այն սովորում են կյանքի վաղ տարիներից սկսած։ Հետևաբար Աստվածաշունչը խրախուսում է ծնողներին. «Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից» (Առակաց 22։6)։ Աշխատելու հարցում լավ օրինակ հանդիսանալուց բացի՝ իմաստուն ծնողները իրենց փոքրիկներին կրթում են՝ հանձնարարելով նրանց տարիքին համապատասխան տնային գործեր։ Նույնիսկ եթե երեխաները որոշ գործեր կատարելուց զայրանան, այնուհանդերձ հետո կզգան, որ ընտանիքում իրենց կատարածը գնահատվում է, հատկապես երբ մայրիկն ու հայրիկը գովում են լավ կատարած աշխատանքի համար։ Ցավոք, որոշ ծնողներ, ըստ էության, սխալ պատկերացնելով բարության սկզբունքը, գրեթե ամեն ինչ անում են իրենց երեխաների փոխարեն։ Ուստի լավ կլինի, որ նրանք խորհեն Առակաց 29։21–ում արձանագրված խոսքերի շուրջ. «Ով որ իր ծառային [կամ զավակին] մանկութիւնիցը փափուկ պահէ, այն ծառան յետոյ որդի կդառնայ [«անշնորհակալ կդառնա», ՆԱ]»։
Բարեխիղճ ծնողները նաև խորապես հետաքրքրվում են իրենց երեխաների դասերով և քաջալերում նրանց լավ սովորել ու ջանասեր լինել դպրոցական տարիներին։ Դա իր դրական արդյունքները կբերի, երբ ապագայում երեխաները աշխատելու պարտականությունը վերցնեն իրենց վրա։
Աշխատանք ընտրելիս եղեք իմաստուն
Ճիշտ է, Աստվածաշունչը կոնկրետ չի ասում, թե ինչպիսի աշխատանք է հարկավոր ունենալ, սակայն մեզ տալիս է հիանալի առաջնորդություն այս հարցում, որպեսզի վտանգի չենթարկվեն մեր հոգևոր առաջընթացը, Աստծուն մատուցած ծառայությունը և մյուս կարևոր պարտականությունները։ Տեսնենք, թե ինչ է գրում Պողոս առաքյալը. «Ժամանակն այլևս կարճացել է.... աշխարհը վայելողները՝ չվայելողների պես [լինեն], որովհետև մեզ ծանոթ այս աշխարհն անցնելու վրա է» (Ա Կորնթացիս 7։29–31, ԱՆԹ)։ Չկա մի բան, որ հարատև կամ ամբողջությամբ կայուն լինի իրերի ներկա համակարգում։ Մեր ողջ ժամանակը և ուժերը նվիրելով այս համակարգին՝ կնմանվենք մի մարդու, որն իր կյանքի ամբողջ ընթացքում կուտակած հարստությունը պահում է ջրհեղեղներով հայտնի տեղանքում գտնվող տան մեջ։ Ի՜նչ անխոհեմ քայլ կլիներ դա։
Աստվածաշնչի այլ թարգմանություններ ‘աշխարհը չվայելել’ արտահայտությունը փոխանցում են հետևյալ կերպ՝ «մխրճված չլինել» և ‘միայն նրանով չզբաղվել’ («The Jerusalem Bible»; Արևմտահայերեն Աստվածաշունչ)։ Իմաստուն մարդկանց տեսադաշտից երբեք չի հեռանում այն փաստը, որ ներկա համակարգին ‘կարճ ժամանակ է’ մնացել, և դրա մեջ ‘մխրճվելը’ կամ ‘միայն նրանով զբաղվելը’ իր հետ անպայման կբերի հիասթափություն և ափսոսանքի զգացում (Ա Յովհաննէս 2։15–17)։
‘Աստված երբեք ձեզ չի թողնի’
Եհովան մեզնից լավ գիտի, թե ինչի կարիք ունենք։ Նա նաև գիտի, թե ինչ դեր ենք կատարում իր նպատակների իրականացման հարցում։ Ահա թե ինչու է նա մեզ հիշեցնում. «Վարքն առանց արծաթասիրութեան լինի. բաւական համարեցէք այն որ ձեռներումդ ունիք. որովհետեւ ինքն [Աստված] ասեց, թէ Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ» (Եբրայեցիս 13։5)։ Որքա՜ն են այս խոսքերը մխիթարում մեզ։ Աստծո սիրառատ հոգատարությունն ընդօրինակելով՝ Հիսուսը իր հայտնի Լեռան քարոզի հիմնական մասը նվիրեց այն բանին, որ իր աշակերտներին սովորեցնի ճիշտ տեսակետ ունենալ աշխատանքի և նյութականի հանդեպ (Մատթէոս 6։19–33)։
Եհովայի վկաները մեծ ջանքեր են ներդնում այդ ուսուցումների համաձայն ապրելու համար։ Օրինակ՝ երբ գործատերը մի Եհովայի վկայի, որն աշխատում էր որպես էլեկտրատեխնիկ, խնդրեց կանոնավորաբար արտաժամյա աշխատել, նա չհամաձայնվեց։ Ինչո՞ւ։ Որովհետև չէր ցանկանում, որ աշխատանքը իրենից խլեր այն ժամանակը, որը նա տրամադրում էր իր ընտանիքին ու հոգևորին։ Քանի որ հիանալի մասնագետ ու վստահելի աշխատող էր, գործատերը հարգանքով մոտեցավ նրա որոշմանը։ Անշուշտ, միշտ չէ որ հանգամանքներն այսպես են դասավորվում։ Հնարավոր է՝ անհատը հավասարակշռված կյանք վարելու համար ստիպված լինի ուրիշ աշխատանք փնտրել։ Այնուամենայնիվ, ովքեր լիարժեք կերպով ապավինում են Եհովային, սովորաբար նկատում են, որ իրենց բարի վարքով ու բարեխիղճ աշխատանքով արժանանում են գործատիրոջ դրական վերաբերմունքին (Առակաց 3։5, 6)։
Երբ վարձահատույց աշխատանք կլինի
Իրերի այս անկատար համակարգում միշտ էլ կլինեն խնդիրներ և անորոշության զգացում՝ աշխատանք ունենալու կամ այն պահպանելու հետ կապված։ Իրականում վիճակն ավելի է վատթարանում, քանի որ աշխարհը գնալով անկայուն է դառնում, իսկ տնտեսական վիճակը՝ փոփոխվում և նույնիսկ անկում է ապրում։ Բայց այս ամենը ժամանակավոր է։ Շուտով անգործ մարդ չի լինի։ Դեռ ավելին՝ ամեն տեսակի աշխատանք հետաքրքիր ու վարձահատույց կլինի։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Ի՞նչը պատճառ կհանդիսանա նման փոփոխությունների։
Իր մարգարե Եսայիայի միջոցով Եհովան կանխագուշակել է, որ նման ժամանակներ պիտի գան։ «Ահա ես նոր երկինք եւ նոր երկիր եմ ստեղծում, եւ առաջինները պիտի չ’յիշուին եւ միտքը պիտի չ’գան» (Եսայիա 65։17)։ Նա խոսում է իր նոր կառավարության մասին, որի ներքո ամբողջովին նոր մարդկային հասարակությունը պետք է իրականություն դառնա (Դանիէլ 2։44)։
Մարգարեության շարունակության մեջ կարդում ենք, թե այն ժամանակ մարդիկ ինչպես են ապրելու և աշխատելու. «Տուներ պիտի շինեն եւ բնակուեն, եւ այգիներ տնկեն ու նորանց պտուղն ուտեն։ Նորանք չեն շինիլ, որ ուրիշը բնակուէ, նորանք չեն տնկիլ, որ ուրիշն ուտէ. որովհետեւ իմ ժողովրդի օրերը ծառի օրերի չափ պիտի լինեն, եւ իրանց ձեռքերի գործը պիտի մաշեցնեն իմ ընտրեալները։ Նորանք պիտի դարտակ տեղը չ’վաստակեն, եւ չ’ծնեն թշուառութեան համար. որովհետեւ նորանք Տիրոջ օրհնեալների սերունդը կ’լինեն, եւ նորանց զաւակունքն էլ նորանց հետ» (Եսայիա 65։21–23)։
Ինչպիսի՜ փոփոխություններ իր հետ կբերի Աստծո նախատեսած նոր աշխարհը։ Կցանկանայի՞ք ապրել այդպիսի միջավայրում՝ մի տեղ, ուր «դարտակ տեղը» չեք աշխատի, այլ լիարժեքորեն կվայելեք ձեր կատարած աշխատանքի «պտուղ[ը]»։ Նկատեք, սակայն, թե ովքեր են վայելելու այդ օրհնությունները՝ «Տիրոջ օրհնեալների սերունդը»։ Սովորելով Եհովայի մասին և կատարելով նրա պահանջները՝ դուք կարող եք լինել այդ «օրհնեալների[ց]» մեկը։ Ինչպես Հիսուսն է ասել. «Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» (Յովհաննէս 17։3)։ Եհովայի վկաները ուրախ կլինեն օգնել ձեզ ստանալու այդ կենարար գիտությունը Աստծո Խոսքի՝ Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրության միջոցով։
[շրջանակ 6–րդ էջի վրա]
«Միշտ էլ նրանց պահանջը կա»
«Ինչ որ էլ անէք, սրտանց արէք, ինչպէս Տիրոջը, եւ ոչ թէ մարդկանց»,— ասվում է Աստվածաշնչում (Կողոսացիս 3։23)։ Անկասկած, եթե որևէ մեկը աշխատանքին վերաբերվի՝ առաջնորդվելով այս հիանալի սկզբունքով, նման անհատին կողջունեն որպես լավ աշխատողի։ Ահա այդ պատճառով Ջ. Լունը իր գրքում («How to Be Invisible») խորհուրդ է տալիս գործատերերին աշխատողներ փնտրել որոշ կրոնական խմբերի ակտիվ անդամների մեջ։ Սակայն նա ավելացնում է. «Փաստն այն է, որ մեր վերջին ընտրությունը [Եհովայի] Վկաներն են»։ Մի շարք պատճառներ բերելով՝ նա նշում է, որ նրանք հայտնի են իրենց ազնվությամբ, և հենց դա՛ է նպաստում, որ «միշտ էլ նրանց պահանջը» լինի աշխատանքի տարբեր բնագավառներում։
[նկարներ 5–րդ էջի վրա]
Աշխատանքը, հոգևոր գործունեություններն ու հանգիստը հավասարակշռելը բավարարվածության զգացում կբերի