Ձգտիր նրանց նայել այնպես, ինչպես Եհովան
«Աստուած մարդուն նման չի նայիր» (Ա Թագաւորաց 16։7, Արևմտ. Աստ.)։
1, 2. Ինչո՞վ էր Եղիաբի մասին Եհովայի տեսակետը տարբերվում Սամուելի տեսակետից, և ի՞նչ կարող ենք սովորել այս դեպքից։
ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ 11–րդ դարում Եհովան Սամուել մարգարեին ուղարկեց գաղտնի հանձնարարություն կատարելու։ Նա պատվիրեց գնալ Հեսսե անունով մարդու տուն և օծել նրա որդիներից մեկին՝ որպես Իսրայելի ապագա թագավորի։ Երբ Սամուելը հայացք գցեց Հեսսեի առաջնեկի՝ Եղիաբի վրա, մտածեց, որ անկասկած նա է Աստծո ընտրյալը։ Բայց Եհովան ասաց. «Նորա երեւոյթին եւ հասակի երկայնութեանը մի նայիր, որովհետև նորան անարգեցի. այն պատճառով որ այն չէ բանը որ տեսնում է մարդը [«Աստուած մարդուն նման չի նայիր», Արևմտ. Աստ.]. որովհետեւ մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տէրը սրտին է նայում» (Ա Թագաւորաց 16։6, 7)։ Սամուելը Եղիաբին չէր նայում այնպես, ինչպես Եհովան։a
2 Որքա՜ն հեշտորեն են մարդիկ սխալվում ուրիշներին գնահատական տալիս. մի կողմից՝ գուցե դրական կարծիք կազմենք անհատի մասին, որը արտաքնապես լավ անձնավորություն է երևում, բայց իրականում անսկզբունքային է, մյուս կողմից՝ գուցե կոշտ ու խիստ վերաբերվենք այն մարդուն, որի որոշ հատկություններ նյարդայնացնում են մեզ, մինչդեռ նա իրականում ազնիվ ու անկեղծ է։
3, 4. ա) Եթե երկու քրիստոնյաների միջև խնդիր է առաջանում, ի՞նչ պետք է նրանցից յուրաքանչյուրը վճռի անել։ բ) Ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ, եթե լուրջ տարաձայնություններ ունենք հավատակցի հետ։
3 Երբ առանց երկար մտածելու դատողություններ ենք անում ուրիշների մասին, այդ թվում՝ նրանց, ում ճանաչում ենք երկար տարիներ, ապա խնդիրներ կարող են ծագել։ Հնարավոր է՝ լուրջ վեճ ես ունեցել մի քրիստոնյայի հետ, ով քո մտերիմ ընկերն է եղել։ Կցանկանայի՞ր վերականգնել ձեր փոխհարաբերությունները։ Ի՞նչը կօգնի քեզ այդ հարցում։
4 Քո քրիստոնյա եղբորը կամ քրոջը դիտիր ամբողջական հայացքով, հանգամանալի կերպով և դրական տեսակետից, ընդ որում՝ հաշվի առնելով Հիսուսի հետևյալ խոսքերը. «Ոչ ով կարող չէ ինձ մօտ գալ, եթէ Հայրն՝ որ ինձ ուղարկեց չ’քաշէ նորան» (Յովհաննէս 6։44)։ Հարցրու ինքդ քեզ. «Ինչո՞ւ է Եհովան այդ մարդուն ‘քաշել’ իր Որդու մոտ։ Ի՞նչ դրական հատկություններ ունի այդ անհատը։ Գուցե նրա այդ հատկություններին ուշադրություն չե՞մ դարձնում կամ էլ թերագնահատո՞ւմ եմ դրանք։ Ինչո՞ւ մենք ընկերներ դարձանք։ Ի՞նչն էր ինձ դուր գալիս այդ անհատի մեջ»։ Սկզբում գուցե քեզ համար դժվար լինի լավ բան մտածել նրա մասին, հատկապես եթե վիրավորվածության զգացումը դեռ չի անցել։ Այնուամենայնիվ, այդպես վարվելը կարևոր քայլ կլինի ձեր երկուսի փոխհարաբերությունները վերականգնելու ճանապարհին։ Լուսաբանելու համար, թե ինչպես կարելի է դա անել, եկեք տեսնենք, թե ինչ դրական հատկություններ ունեին երկու անձնավորություններ՝ Հովնան մարգարեն և Պետրոս առաքյալը, որոնք երբեմն դիտվում են բացասական տեսանկյունից։
Ազնիվ տեսակետ՝ Հովնանի վերաբերյալ
5. Ի՞նչ հանձնարարություն ստացավ Հովնանը, և ինչպե՞ս նա արձագանքեց։
5 Հովնանը մարգարե էր Իսրայելի հյուսիսային թագավորությունում, Հովասի որդի Հերոբովամ II–րդ թագավորի օրոք (Դ Թագաւորաց 14։23–25)։ Մի օր Եհովան հրամայեց Հովնանին թողնել Իսրայելը ու գնալ Նինվե՝ հզոր Ասորեստանի մայրաքաղաք։ Ո՞րն էր նրա առաքելությունը։ Հովնանը պետք է Նինվեի բնակիչներին զգուշացներ, որ իրենց քաղաքը շուտով ավերվելու է (Յովնան 1։1, 2)։ Բայց նա, Աստծո առաջնորդությանը հետևելու փոխարեն, փախավ։ Հովնանը նստեց մի նավ, որը գնալու էր Թարսիս՝ Նինվեից շատ հեռու (Յովնան 1։3)։
6. Ինչո՞ւ Եհովան Հովնանի՛ն հանձնարարեց, որ գնա Նինվե։
6 Ի՞նչ է գալիս քո միտքը, երբ խորհում ես Հովնանի մասին։ Գուցե մտածում ես, թե նա անհնազանդ մարգարե էր։ Առաջին հայացքից այդպես կարող է թվալ։ Բայց մի՞թե Աստված Հովնանին մարգարե կնշանակեր, եթե նա անհնազանդ անձնավորություն լիներ։ Իհարկե ոչ։ Հովնանը, անշուշտ, լավ հատկություններ ուներ։ Քննարկենք, թե ինչ է հայտնի նրա մասին՝ որպես մարգարեի։
7. Ինչպիսի՞ հանգամանքներում էր Հովնանը Իսրայելում ծառայում Եհովային, և այդ մասին իմանալն ինչպե՞ս է ազդում քո՝ նրա վերաբերյալ ունեցած տեսակետի վրա։
7 Իրականությունն այն է, որ Հովնանը հավատարմորեն ծառայում էր Իսրայելում՝ մի խիստ «անբերրի» տարածքում։ Ամովս մարգարեն, որն ապրել է գրեթե նույն ժամանակներում, ինչ Հովնանը, իսրայելացիներին նկարագրում է որպես նյութապաշտ ու հաճոյասեր մարդկանց։b Մարդիկ բոլորովին անտարբեր էին երկրում կատարվող չար գործերի հանդեպ (Ամովս 3։13–15; 4։4; 6։4–6)։ Այո՛, Հովնանն օր օրի հավատարմորեն կատարում էր իր առաջադրանքը՝ քարոզում էր։ Եթե դու բարի լուրի քարոզիչ ես, ուրեմն գիտես, թե որքան դժվար է խոսել ինքնագոհ ու անտարբեր մարդկանց հետ։ Այդ իսկ պատճառով, ընդունելով, որ Հովնանը թերի կողմեր ուներ, այնուամենայնիվ եկեք հաշվի առնենք, որ նա անհավատարիմ իսրայելացիներին քարոզելիս ցուցաբերել է այնպիսի հատկություններ, ինչպիսիք են հավատարմությունն ու տոկունությունը։
8. Իսրայելացի մարգարեն ի՞նչ դժվարությունների էր հանդիպելու Նինվեում։
8 Նինվե գնալու հանձնարարությունն ավելի դժվար էր։ Այնտեղ հասնելու համար Հովնանը պետք է ոտքով մոտ 800 կմ ճանապարհ անցներ. մի դժվար ճանապարհորդություն, որը տևելու էր մոտ մեկ ամիս։ Հասնելով այնտեղ՝ նա պետք է քարոզեր ասորեստանցիներին, որոնք հայտնի էին իրենց դաժանությամբ։ Պատերազմների ժամանակ նրանք իրենց գերիներին սադիստական տանջանքների էին ենթարկում և նույնիսկ պարծենում էին իրենց գազանաբարո վարքով։ Զարմանալի չէ, որ Նինվեն կոչվել է «արիւնհեղութեանց քաղաք» (Նաում 3։1, 7)։
9. Երբ ուժեղ փոթորիկը սպառնում էր ծովագնացների կյանքին, ի՞նչ հատկություններ դրսևորեց Հովնանը։
9 Չկամենալով հնազանդվել Եհովայի պատվերին՝ Հովնանը նստեց մի նավ, որը նրան ավելի ու ավելի էր հեռացնում իր նշանակման վայրից։ Բայց չնայած դրան՝ Եհովան չկորցրեց վստահությունը իր մարգարեի հանդեպ և ոչ էլ նրա փոխարեն մեկ ուրիշի նշանակեց։ Նա ուզում էր Հովնանին խելքի բերել։ Եհովան մի ուժգին փոթորիկ բարձրացրեց ծովում։ Նավը, որում գտնվում էր Հովնանը, սկսեց այս ու այն կողմ շպրտվել ալիքներից։ Անմեղ մարդկանց մահ էր սպառնում, և դա... Հովնանի պատճառով (Յովնան 1։4)։ Ինչպե՞ս էր վարվելու Հովնանը։ Չցանկանալով, որ ծովագնացներն իր պատճառով կորցնեին իրենց կյանքը՝ նա ասաց. «Առէք ինձ եւ գցեցէք ինձ ծովը, եւ ծովը կ’դադարէ ձեզ վերայ» (Յովնան 1։12)։ Հովնանը հիմքեր չուներ մտածելու, թե երբ նրանք հենց այդպես էլ վարվեին, Եհովան իրեն կփրկեր (Յովնան 1։15)։ Այնուհանդերձ, նա պատրաստ էր մեռնել, որպեսզի մյուսները փրկվեն։ Արդյոք չե՞նք տեսնում այստեղ քաջության, խոնարհության և սիրո դրսևորումներ։
10. Ի՞նչ եղավ, երբ Եհովան կրկին Հովնանին հանձնարարեց գնալ ու քարոզել։
10 Որոշ ժամանակ անց Եհովան ազատեց Հովնանին։ Արդյոք Հովնանն իր արարքով որակազրկե՞ց ինքն իրեն որպես Աստծո ներկայացուցչի։ Ո՛չ։ Եհովան ողորմածաբար ու սիրով կրկին հանձնարարեց մարգարեին գնալ ու քարոզել նինվեցիներին։ Հասնելով Նինվե՝ Հովնանը քաղաքի բնակիչներին խիզախորեն ասաց, որ իրենց չարությունը Աստծո ուշադրությանն է արժանացել, և որ իրենց քաղաքը 40 օր հետո կործանվելու է (Յովնան 1։2; 3։4)։ Հովնանի ազդեցիկ քարոզը լսելով՝ նինվեցիները զղջացին, և քաղաքը չկործանվեց։
11. Ի՞նչն է ցույց տալիս, որ Հովնանը արժեքավոր դաս քաղեց։
11 Սակայն Հովնանը դեռևս չէր շտկել իր տեսակետը։ Օրինակի միջոցով Եհովան համբերատար կերպով Հովնանին օգնեց հասկանալու, որ Աստված արտաքին երևույթից ավելին է տեսնում։ Եհովան քննում է սրտերը (Յովնան 4։5–11)։ Որ Հովնանը արժեքավոր դաս քաղեց, երևում է այն բանից, որ նա իր հետ տեղի ունեցածի մասին ազնվորեն գրեց։ Նրա խոնարհության մասին է խոսում նաև նրա պատրաստակամությունը՝ գրելու իր թերությունների մասին, ընդ որում՝ իրեն ոչ հաճելի մանրամասնություններով։ Քաջություն է պահանջվում սեփական սխալներն ընդունելու համար։
12. ա) Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսը մարդկանց մասին մտածում էր Եհովայի պես։ բ) Ի՞նչ հորդոր է մեզ տրվում այն մասին, թե ինչ տեսակետ պետք է ունենանք մարդկանց վերաբերյալ, ում քարոզում ենք բարի լուրը (տե՛ս շրջանակը, էջ 18)։
12 Դարեր անց Հիսուս Քրիստոսը քաջալերական խոսքեր ասաց Հովնանի կյանքի այդ դիպվածի առնչությամբ։ Նա ասաց. «Ինչպէս Յովնանը երեք օր եւ երեք գիշեր կէտի փորումն էր, այնպէս մարդի Որդին երեք օր եւ երեք գիշեր երկրի սրտումը կ’լինի» (Մատթէոս 12։40)։ Երբ որ Հովնանը հարություն առնի, նա կիմանա, որ Հիսուսն իր գտնվելը գերեզմանում համեմատեց մարգարեի կյանքի այդ մռայլ հատվածի հետ։ Մի՞թե ուրախ չենք, որ ծառայում ենք մի Աստծո, որը չի հրաժարվում իր ծառաներից, երբ նրանք սխալվում են։ Սաղմոսերգուն գրեց. «Ինչպէս որ հայրը կ’գթայ որդիներին, այնպէս գթած է Տէրը իրանից վախեցողներին։ Որովհետեւ նա գիտէ մեր կազմուածքը. յիշում է որ հող ենք մենք» (Սաղմոս 103։13, 14)։ Այո՛, այս ‘հողը’՝ անկատար մարդը, կարող է Աստծո սուրբ ոգու օգնությամբ մեծ գործեր կատարել։
Հավասարակշռված տեսակետ՝ Պետրոսի վերաբերյալ
13. Պետրոսի ո՞ր հատկությունները գուցե առաջին հերթին հիշենք, և չնայած այդ հատկություններին՝ ինչո՞ւ Հիսուսը ընտրեց նրան՝ լինելու որպես առաքյալ։
13 Այժմ եկեք հակիրճ քննարկենք Պետրոս առաքյալի օրինակը։ Եթե քեզ խնդրեին նկարագրել Պետրոս առաքյալին, իսկույն կմտածեի՞ր, որ նա հապշտապ, չմտածված քայլեր անող, նույնիսկ չափազանց ինքնավստահ անձնավորություն է։ Իսկապես Պետրոսը երբեմն նման հատկություններ է դրսևորել։ Բայց մի՞թե Հիսուսը կընտրեր Պետրոսին որպես իր առաքյալի, եթե նա իսկապես չմտածված քայլեր անող կամ ինքնավստահ մարդ լիներ (Ղուկաս 6։12–14)։ Իհարկե ոչ։ Հիսուսը նայեց Պետրոսի թերություններից այն կողմ և հստակորեն տեսավ նրա դրական հատկությունները։
14. ա) Հավանաբար, ինչո՞վ է բացատրվում Պետրոսի անմիջականությունը։ բ) Ինչո՞ւ պետք է շնորհակալ լինենք, որ Պետրոսը հաճախ էր հարցեր տալիս։
14 Պետրոսը երբեմն խոսել է մյուս առաքյալների անունից։ Ոմանք գուցե կարծեն, թե դա վկայում է նրա անհամեստության մասին։ Բայց մի՞թե իրոք այդպես է։ Ենթադրվում է, որ Պետրոսը հասակով մեծ էր մյուս առաքյալներից, գուցե ավելի մեծ, քան հենց Հիսուսը։ Եթե դա այդպես է, ապա կարելի է հասկանալ, թե ինչու էր Պետրոսն այդքան հաճախ առաջինը խոսում (Մատթէոս 16։22)։ Բայց մեկ ուրիշ գործոն էլ կա, որի շուրջ արժե խորհել։ Պետրոսը հոգևոր անձնավորություն էր։ Գիտելիքների հանդեպ ծարավն էր մղում նրան հարցեր տալ, և այն, որ նա հարցեր էր տալիս, ծառայեց մեր օգտին։ Պատասխանելով Պետրոսի հարցերին՝ Հիսուսը մի շարք արժեքավոր մտքեր արտահայտեց, որոնք պահպանվել են Աստվածաշնչում։ Օրինակ՝ Պետրոսի հարցն էր պատճառը, որ Հիսուսը խոսեց ‘հավատարիմ տնտեսի’ մասին (Ղուկաս 12։41–44)։ Խորհենք նաև Պետրոսի հետևյալ հարցի շուրջ. «Մենք ամեն բաներ թողեցինք եւ քո ետեւից եկանք. հիմա ի՞նչ կ’լինի մեզ»։ Այս հարցին հետևեց Հիսուսի սրտապնդող խոստումը. «Ամեն ով որ թողեց տներ, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր.... կամ որդիք, կամ արտեր իմ անունի համար, հարիւրապատիկ կ’առնէ եւ յաւիտենական կեանքը կ’ժառանգէ» (Մատթէոս 15։15, 16ա; 18։21, 22; 19։27–29)։
15. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Պետրոսն իսկապես նվիրված անձնավորություն էր։
15 Պետրոսը մեկ ուրիշ գերազանց հատկություն ուներ. դա նրա նվիրվածությունն էր։ Երբ Հիսուսի աշակերտներից շատերը թողեցին նրան, քանի որ չէին հասկացել նրա ուսուցումներից մեկը, Պետրոսն էր, որ 12 առաքյալների անունից առանց տատանվելու ասաց. «Տէր, ո՞ւմ մօտ գնանք. յաւիտենական կեանքի խօսքեր ունիս դու» (Յովհաննէս 6։67–69)։ Այս խոսքերը որքա՜ն ջերմացրած պետք է լինեին Հիսուսի սիրտը։ Հետագայում, երբ ամբոխը եկավ Տիրոջը ձերբակալելու, առաքյալների մեծ մասը փախավ։ Բայց Պետրոսը, որոշակի տարածություն պահպանելով, գնաց բազմության ետևից և մտավ հենց քահանայապետի տան բակը։ Քաջությունը, և ոչ թե վախկոտությունը մղեց նրան այդ քայլն անելու։ Մինչ Հիսուսին հարցաքննում էին, Պետրոսը միացավ հրեաների՝ խարույկի շուրջ տաքացող խմբին։ Քահանայապետի ծառաներից մեկը ճանաչեց նրան ու ասաց, որ Պետրոսը Հիսուսի հետ է եղել։ Ճիշտ է, Պետրոսն ուրացավ Տիրոջը, բայց եկեք չմոռանանք, որ նա այդ վտանգավոր իրավիճակում հայտնվեց այն պատճառով, որ նվիրված էր Հիսուսին ու անհանգստանում էր նրա համար. իրավիճակ, որում առաքյալների մեծ մասը չհամարձակվեց հայտնվել (Յովհաննէս 18։15–27)։
16. Ի՞նչ նպատակով մենք քննարկեցինք Հովնանի ու Պետրոսի արժանիքները։
16 Պետրոսի արժանիքներն անհամեմատ ավելի շատ էին, քան թերությունները։ Նույնը կարելի է ասել Հովնանի մասին։ Ճիշտ ինչպես որ Հովնանի ու Պետրոսի մասին այժմ ավելի դրական տեսակետ ձեռք բերեցինք, քան նախկինում գուցե ունեցել ենք, այնպես էլ պետք է ձգտենք ավելի դրական տեսակետ ունենալ մեր հոգևոր եղբայրների ու քույրերի վերաբերյալ։ Այսպես վարվելով՝ մենք է՛լ ավելի լավ հարաբերությունների մեջ կլինենք նրանց հետ։ Բայց ինչո՞ւ է դա կարևոր։
Կիրառենք սովորած դասը
17, 18. ա) Ինչո՞ւ կարող են տարաձայնություններ ծագել քրիստոնյաների միջև։ բ) Աստվածաշնչյան ո՞ր խորհուրդը կարող է օգնել մեզ լուծելու հավատակցի հետ ունեցած խնդիրը։
17 Այսօր Եհովային միասնորեն երկրպագում են բազմաթիվ տղամարդիկ, կանայք և երեխաներ՝ անկախ իրենց տնտեսական պայմաններից, կրթությունից և ռասայից (Յայտնութիւն 7։9, 10)։ Անձնավորությունների ինչպիսի՜ բազմազանություն ենք տեսնում քրիստոնեական ժողովում։ Քանի որ մենք Աստծո ծառայության մեջ սերտորեն հաղորդակցվում ենք միմյանց հետ, հնարավոր չէ, որ երբեմն տարաձայնություններ չլինեն (Հռովմայեցիս 12։10; Փիլիպպեցիս 2։3)։
18 Թեպետ մենք նկատում ենք մեր եղբայրների թերի կողմերը, այնուամենայնիվ չենք կենտրոնանում դրանց վրա։ Մենք ձգտում ենք ընդօրինակել Եհովային, որի մասին սաղմոսերգուն ասել է. «Տէր, եթէ դու անօրէնութիւնները համարես, ո՞վ կ’կենայ, Տէր» (Սաղմոս 130։3)։ Մենք ‘խաղաղության և միմյանց շինության բաների ետևից ենք գնում’ և ոչ թե մեր ուշադրությունը կենտրոնացնում այնպիսի հատկությունների վրա, որոնք կարող են տարաձայնություններ ստեղծել մեր միջև (Հռովմայեցիս 14։19)։ Մենք ձգտում ենք մարդկանց դիտել այնպես, ինչպես Եհովան, այսինքն՝ չենք կենտրոնանում նրանց թերությունների վրա և ուշադրություն ենք դարձնում նրանց դրական հատկություններին։ Այդպես վարվելը օգնում է մեզ «իրար համբերել» (Կողոսացիս 3։13)։
19. Նշեցեք, թե ինչ քայլեր պետք է քրիստոնյան կատարի լուրջ տարաձայնությունը լուծելու համար։
19 Ի՞նչ կարող ենք անել, եթե այնպիսի խնդիր է առաջացել, որի պատճառով մեր սիրտը ոչ մի կերպ չի խաղաղվում (Սաղմոս 4։4)։ Տարաձայնությունը քո և հավատակցի՞դ միջև է։ Ինչո՞ւ չփորձես լուծել այն (Ծննդոց 32։13–15)։ Նախ՝ աղոթիր Եհովային՝ նրանից առաջնորդություն խնդրելով։ Հետո՝ ի մտի ունենալով այդ անհատի դրական գծերը՝ մոտեցիր նրան «իմաստութեան հեզութիւնով» (Յակոբոս 3։13)։ Ասա նրան, որ ուզում ես հաշտվել։ Հիշիր Աստծո խորհուրդը. «Թող ամեն մարդ շուտ [«արագ», Արևմտ. Աստ.] լինի լսելու համար, եւ ծանր՝ խօսելու համար, եւ ծանր՝ բարկանալու համար» (Յակոբոս 1։19)։ «Ծանր՝ բարկանալու համար» խորհուրդը ենթադրում է, որ մյուս անհատը գուցե անի կամ ասի այնպիսի բան, որը քեզ կբարկացնի։ Եթե այդպիսի բան պատահի, խնդրիր Եհովային, որ քեզ օգնի ինքնատիրապետում պահպանել (Գաղատացիս 5։22, 23)։ Թույլ տուր, որ քո եղբայրը արտահայտվի, և նրան ուշադիր լսիր։ Մի ընդհատիր, եթե նույնիսկ համաձայն չես նրա որոշ խոսքերին։ Նրա տեսակետը գուցեև սխալ է, բայց դա այնուամենայնիվ նրա տեսակետն է։ Փորձիր խնդրին նայել եղբորդ տեսանկյունից։ Շատ հնարավոր է, որ այս ձևով ինքդ քեզ նայես եղբորդ աչքերով (Առակաց 18։17)։
20. Տարաձայնությունները հարթելիս ո՞ր լրացուցիչ քայլերը կնպաստեն հաշտությանը։
20 Երբ խոսելու հերթը քոնն է, եղիր բարյացակամ (Կողոսացիս 4։6)։ Ասա քո եղբորը, թե ինչն է քեզ դուր գալիս նրա մեջ։ Ներողություն խնդրիր քո այն քայլերի համար, որոնք տարաձայնություն են առաջացրել։ Եթե խոնարհաբար գործադրած ջանքերդ հաշտություն բերեն, ապա շնորհակալություն հայտնիր Եհովային։ Եթե ոչ, շարունակիր Եհովայից առաջնորդություն խնդրել, իսկ այդ ընթացքում հնարավորություններ փնտրիր խաղաղություն հաստատելու եղբորդ հետ (Հռովմայեցիս 12։18)։
21. Ինչպե՞ս է այս քննարկումն օգնել քեզ մարդկանց նայելու այնպես, ինչպես Եհովան է նայում։
21 Եհովան իր բոլոր ծառաներին էլ սիրում է։ Չնայած որ մենք թերություններ ունենք, նա հաճույքով է ընդունում մեր բոլորիս երկրպագությունը։ Որքան շատ ենք իմանում այն մասին, թե ինչ է Եհովան մտածում ուրիշների վերաբերյալ, այնքան ավելի է մեծանում մեր սերը եղբայրների ու քույրերի հանդեպ։ Եթե մեր սերը հավատակցի հանդեպ սառել է, ապա հնարավոր է այն կրկին «ջերմացնել» (Հռովմայեցիս 12։18)։ Ի՜նչ մեծ օրհնություն կստանանք, եթե ջանքեր գործադրենք մարդկանց դիտելու դրական տեսանկյունից՝ այո, նայել այնպես, ինչպես Եհովան է նայում։
[ծանոթագրություններ]
a Ավելի ուշ պարզ դարձավ, որ վայելչատես Եղիաբը չուներ անհրաժեշտ հատկությունները Իսրայելի թագավոր նշանակվելու համար։ Երբ փղշտացի հսկա Գողիաթը մենամարտի էր հրավիրում իսրայելացիներին, Եղիաբը վախով համակվեց, ինչպես մյուս իսրայելացիները (Ա Թագաւորաց 17։11, 28–30)։
b Մի քանի նվաճումների, նախկին սահմանների վերականգնման և ըստ երևույթին դրանց արդյունքում ստացված տուրքի շնորհիվ Հերոբովամ II–ը, ակներևաբար, շատ բանով նպաստեց հյուսիսային Իսրայելի հարստացմանը (Բ Թագաւորաց 8։6; Դ Թագաւորաց 14։23–28; Բ Մնացորդաց 8։3, 4; Ամովս 6։2)։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչպե՞ս է Եհովան նայում իր ծառաների թերություններին։
• Հովնանի և Պետրոսի ի՞նչ դրական գծեր կարող եք թվարկել։
• Ի՞նչ տեսակետ եք վճռել ունենալ քրիստոնյա եղբայրների վերաբերյալ։
[շրջանակ 18–րդ էջի վրա]
Խորհիր այն մասին, թե ինչպես է Աստված նայում մարդկանց
Խորհրդածելով այն ամենի մասին, ինչ Աստվածաշնչում ասվում է Հովնանի վերաբերյալ՝ զգո՞ւմ ես արդյոք, որ հարկավոր է նորովի դիտել այն մարդկանց, ում դու կանոնավորաբար քարոզում ես բարի լուրը։ Նրանք գուցե ինքնագոհ են, անտարբեր՝ ինչպես իսրայելացիները, կամ էլ գուցե հակառակվում են Աստծո պատգամին։ Բայց ինչպե՞ս է Եհովա Աստված նրանց նայում։ Նույնիսկ նրանք, ովքեր իրերի այս համակարգում հեղինակավոր անձնավորություններ են համարվում, գուցե մի գեղեցիկ օր դեպի Եհովան դառնան, ճիշտ այնպես, ինչպես Նինվեի թագավորը, որը զղջաց Հովնանի քարոզչությունից հետո (Յովնան 3։6, 7)։
[նկար 15–րդ էջի վրա]
Նայո՞ւմ ես մարդկանց այնպես, ինչպես Եհովան
[նկար 16–րդ և 17–րդ էջերի վրա]
Հիսուսը դրական միտք արտահայտեց Հովնանի հետ պատահածի վերաբերյալ