‘Ճշմարտախոս շրթունքները հավիտյան կմնան’
ԿՐԱԿԻ լեզվակը բոցավառվում է ու հրդեհ առաջացնում. արդյունքում մի ամբողջ անտառ է ոչնչանում... Կա մի բան, որ կարող է նույնանման վնաս հասցնել մարդու ողջ կյանքին։ Այն կարող է ‘լցված լինել մահաբեր թույնով’, չնայած որ կարող է «կենաց ծառ» լինել (Առակաց 15։4)։ Այո՛, կյանքն ու մահը նրա «ձեռքին» են (Առակաց 18։21)։ Մարմնի այդ փոքրիկ անդամը՝ լեզուն, այնքա՜ն զորեղ է, որ կարող է ‘ապականել’ ամբողջ մարմինը (Յակոբոս 3։5–9)։ Ուրեմն՝ իմաստուն կլինի հետևել մեր լեզվին։
Աստվածաշնչի «Առակաց» գրքի 12–րդ գլխի երկրորդ մասում հին Իսրայելի թագավոր Սողոմոնը արժեքավոր խորհուրդներ է գրել, որոնք օգնում են հետևել մեր լեզվին՝ այն ճիշտ օգտագործել։ Իմաստուն թագավորը համառոտ, բայց միևնույն ժամանակ խորիմաստ առակների օգնությամբ ցույց է տալիս, որ ասված խոսքը անհետևանք չի մնում ու նաև ի հայտ է բերում, թե ինչ հատկությունների տեր է խոսողը։ Սողոմոնի՝ Աստծո կողմից ներշնչված խորհուրդներին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն նրանք, ովքեր ցանկանում են ‘իրենց շրթունքների դուռը պահպանել’ (Սաղմոս 141։3)։
‘Հանցանք, որ որոգայթի մեջ է գցում’
Սողոմոնն ասում է. «Չարը իր շրթունքներուն յանցանքովը որոգայթը կ’իյնայ, բայց արդարը նեղութենէ կ’ազատի» (Առակաց 12։13, Արևմտ. Աստ.)։ Շրթունքների հանցանք է ստախոսությունը, որ մահվան որոգայթ կարող է հանդիսանալ իրեն դիմողների համար (Յայտնութիւն 21։8)։ Անազնվությունը կարող է պատժից կամ տհաճ իրավիճակից խուսափելու հեշտ միջոց թվալ։ Սակայն արդյո՞ք սուտը սուտ չի ծնում։ Մոլեխաղով զբաղվողը սկզբում փոքր գումար է ներդնում, բայց կորցնելով այն՝ ավելի մեծ գումար ներդնում, հետո ավելի մեծ՝ փորձելով հետ բերել կորցրածը։ Նմանապես և ստախոսը շուտով հայտնաբերում է, որ անելանելի վիճակում է հայտնվել։
Շրթունքների հանցանքը մեկ այլ որոգայթի մեջ էլ է գցում. ուրիշներին ստողը ստում է հենց ինքն իրեն։ Օրինակ՝ ստախոսը կարող է հեշտությամբ համոզել իրեն, որ մեծ գիտելիքների տեր է ու երևելի անձնավորություն, և դա այն դեպքում, երբ իրականում նա շատ քիչ բան գիտի։ Նրա համար այդ սուտը դառնում է ճշմարտություն։ Իրոք որ «քաղցր է թւում նա իր աչքումը, որ իր անօրէնութիւնը գտնէ եւ ատելութիւն գործէ» (Սաղմոս 36։2)։ Ինչպիսի՜ որոգայթ կարող է դառնալ սուտը։ Արդար մարդը, սակայն, խուսափում է նման որոգայթից։ Նույնիսկ փորձությունների բախվելիս՝ նա ստախոսության չի դիմում։
‘Պտուղներ, որոնք կշտացնում են’
Պողոս առաքյալը զգուշացնում է. «Մի խաբուիք. Աստուած չի ծաղրուիլ։ Որովհետեւ ինչ որ մարդ սերմէ, այն էլ կ’հնձէ» (Գաղատացիս 6։7, 8ա)։ Այս սկզբունքն անշուշտ կիրառելի է նաև մեր խոսքի և գործի առնչությամբ։ Սողոմոնն ասում է. «Մարդս իր բերանի պտուղներիցը կ’կշտանայ բարիքներով, եւ մարդի ձեռքի արարքը ետ կ’դառնայ իրան» (Առակաց 12։14)։
‘Իմաստություն խոսողը’ իր բերանի պտուղներից կկշտանա (Սաղմոս 37։30)։ Իմաստություն ձեռք բերելու համար գիտություն է հարկավոր, իսկ մարդկանցից ոչ ոք չի կարող ասել, թե ամեն ինչ գիտի։ Յուրաքանչյուր ոք կարիք ունի խորհուրդ լսելու և այն կիրառելու։ «Հիմարի ճանապարհն ուղիղ է իր աչքի առաջին,— ասում է Իսրայելի թագավորը,— բայց խրատ լսողն իմաստուն է» (Առակաց 12։15)։
Եհովան մեզ իմաստուն խորհուրդներ է տալիս իր Խոսքի և իր կազմակերպության միջոցով՝ օգտագործելով «հաւատարիմ եւ իմաստուն ծառա[յի]» կողմից մատուցվող հրատարակությունները (Մատթէոս 24։45; Բ Տիմոթէոս 3։16)։ Ինչպիսի՜ անմտություն կլիներ մերժել խորհուրդն ու համառորեն ընթանալ սեփական ճանապարհով։ Մենք պետք է ‘արագ լինենք լսելու մեջ’, երբ Եհովան՝ «մարդիս գիտութիւն.... սովորեցնո[ղը]», մեզ խորհուրդներ է տալիս վերոնշյալ միջոցներով (Յակոբոս 1։19, ԷԹ; Սաղմոս 94։10)։
Իսկ անարդարացի քննադատությանը կամ վիրավորանքին ինչպե՞ս է արձագանքում ‘խորագետը’, և ինչպե՞ս՝ ‘հիմարը’։ Սողոմոնը պատասխանում է. «Յիմարը նոյն օրը կը յայտնէ իր բարկութիւնը (Արևմտ. Աստ.). բայց խորագէտը անարգանքը ծածկող է» (Առակաց 12։16)։
Իր հասցեին ուղղված վիրավորանքի դիմաց՝ ‘հիմար’ մարդը շատ արագ՝ հենց «նոյն օրը» իր զայրույթն է թափում։ Սակայն խելամիտն Աստծուն է աղոթում՝ խնդրելով նրա սուրբ ոգին ինքնատիրապետում դրսևորելու համար։ Նա ժամանակ է հատկացնում Աստծո Խոսքում գտնվող խորհուրդների շուրջ խորհելուն և երախտագիտության զգացումով կիրառում Հիսուսի հետևյալ խոսքերը. «Ով որ ապտակ տայ քո աջ երեսին, միւսն էլ նորան դարձրու» (Մատթէոս 5։39)։ Չցանկանալով «չարի տեղ չար.... հատուցան[ել]»՝ խորագետ անհատը կզսպի իր շուրթերը և անմտորեն չի խոսի (Հռովմայեցիս 12։17)։ Եթե մենք նմանապես թաքցնում ենք մեզ հասցրած վիրավորանքը, խուսափում ենք վեճից։
‘Լեզու, որ բժշկում է’
Իրավաբանական տեսակետից՝ լեզվով գործած մեղքը մեծ վնաս կարող է հասցնել։ Իսրայելի թագավորն ասում է. «Ճշմարտութիւն խօսողը արդարութիւն կ’յայտնէ. բայց սուտ վկան՝ խաբեբայութիւն» (Առակաց 12։17)։ Ճշմարիտ վկան ճշմարտությունն է խոսում. նրա վկայությունը հուսալի է և վստահելի։ Նա իր խոսքով արդարություն է հաստատում։ Իսկ կեղծ վկան լի է ստությամբ. նա խեղաթյուրում է ճշմարտությունը։
«Մարդիկ կան, որոնց անմիտ խօսքերը սուրի պէս կը խոցոտեն,— շարունակում է Սողոմոնը,— բայց իմաստուններուն լեզուն բժշկութիւն է» (Առակաց 12։18, Արևմտ. Աստ.)։ Խոսքերը կարող են սրի պես խոցել՝ «սպանել» կամ վերջ դնել ընկերությանը։ Դրանք կարող են խնդիրներ առաջ բերել։ Սակայն խոսքը կարող է լինել սքանչելի ու հաճելի՝ ամրացնելով ու հաստատելով ընկերությունը։ Իսկ մյուսների հասցեին տհաճ կերպով արտահայտվելը, նրանց վրա ձայն բարձրացնելը, անվերջ քննադատությունը և նվաստացնող խոսքերը չե՞ն խոցում արդյոք՝ խոր էմոցիոնալ վերքեր հասցնելով։ Որքա՜ն հաճելի է, երբ մենք մեր սխալն ուղղելու նպատակով բուժիչ խոսքեր ենք օգտագործում՝ անկեղծորեն զղջալով տեղի ունեցածի կապակցությամբ։
Ապրելով դժվարին ժամանակներում՝ չենք զարմանում, որ շատերը «սրտով կոտրուած» են ու «հոգով փշրուած» (Սաղմոս 34։18)։ Արդյոք բուժիչ խոսքեր օգտագործո՞ւմ ենք՝ ‘հուսադրելով վհատվածներին և պաշտպան լինելով տկարներին’ (Ա Թեսաղոնիկեցիս 5։14, ԱՆԹ)։ Այո՛, կարեկցանքով լի խոսքերը կարող են ոգևորել երիտասարդներին, ովքեր դիմադրում են հասակակիցների վատ ազդեցությանը։ Խորաթափանց լեզուն կարող է քաջալերել տարեց մարդկանց և ցույց տալ, որ նրանք անչափ սիրված են ու ցանկալի։ Բարի խոսքերը կարող են սրտապնդել նրան, ով հիվանդ է։ Նույնիսկ հանդիմանությունն է հեշտ ընդունվում, երբ այն տրվում է «հեզութեան հոգով» (Գաղատացիս 6։1)։ Իսկ ինչպե՜ս է բժշկում այն լեզուն, որը մարդկանց պատմում է Աստծո Թագավորության բարի լուրը։
‘Շրթունք, որ հավիտյան կմնա’
Օգտագործելով «շրթունք» բառը «լեզու» բառի նշանակությամբ՝ Սողոմոնն ասում է. «Ճշմարտախօս շրթունքը յաւիտեան կ’մնայ. բայց վայրկենական է ստախօս շրթունքը» (Առակաց 12։19)։ «Ճշմարտախօս շրթունք» արտահայտությունը, որում «շրթունք» բառը եզակի թվով է օգտագործված, եբրայերենում հաղորդում է ավելի խորը իմաստ, քան պարզապես ճշմարտությունն ասելը։ «Այս արտահայտությունը մատնանշում է այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ հարատևությունը, վստահելիությունն ու հուսալիությունը,— ասվում է մի աշխատությունում։— Այս հատկությամբ զուգորդվող խոսքը.... մնայուն է, որովհետև արժանի է վստահության՝ ի տարբերություն ստախոս լեզվի.... որի ասած սուտը կարճ ժամանակ կարող է «գոյատևել», սակայն չի կարող հաստատվել, երբ ենթարկվի փորձի»։
«Նենգութիւն կայ չարութիւն խորհողների սրտումը,— ասում է իմաստուն թագավորը,— բայց խաղաղութիւն խորհուրդ տուողների համար՝ ուրախութիւն»։ Նա ավելացնում է. «Արդարին ոչ մի չարիք չի հանդիպիլ, բայց ամբարիշտները լիքն են չարիքով» (Առակաց 12։20, 21)։
Չարիք խորհողները միայն ցավ ու տառապանք կարող են պատճառել։ Իսկ խաղաղությամբ ընթացողները բավականություն են ստանում՝ ճշմարտությունը գործի դնելով։ Նրանք ուրախանում են՝ քաղելով հիասքանչ արդյունքներ։ Իսկ ամենամեծ ուրախությունը նրանք ստանում են այն բանի գիտակցումից, որ Աստված իր հավանությունն է տալիս նրանց, քանզի «զզուելի են Տիրոջ համար ստախօս շրթունքները, բայց հաւատարմութիւն անողները հաճելի են նորան» (Առակաց 12։22)։
‘Լեզու, որ գիտեցածը ծածկում է’
Նկարագրելով մտածված խոսողի և անմտորեն խոսողի միջև գոյություն ունեցող ևս մեկ տարբերություն՝ Իսրայելի թագավորն ասում է. «Խորագէտ մարդը գիտեցածը ծածկող է, բայց յիմարների սիրտը տխմարութիւն կ’հրատարակէ» (Առակաց 12։23)։
Խորագետ մարդը գիտի, թե երբ է հարկավոր խոսել և երբ՝ լռել։ Նա ‘գիտեցածը ծածկում է’ այն իմաստով, որ խուսափում է ցուցադրական կերպով իր գիտելիքներն ի հայտ բերելուց։ Դա իհարկե չի նշանակում, որ նա իր գիտեցածը միշտ թաքցնում է։ Նա իր գիտելիքները դրսևորում է, միայն թե՝ խոհեմությամբ։ Իսկ ‘հիմար’ անհատը արագ է խոսելու մեջ. այդպես նա ի հայտ է բերում իր անմտությունը։ Թող որ մենք չշտապենք խոսել, և մեր լեզուն խուսափի պարծենալուց։
Շարունակելով իր խոսքը՝ Սողոմոնը մի ուշագրավ հակադրություն է ստեղծում՝ կապված աշխատասիրության և ծուլության հետ։ Նա գրում է. «Աշխատասէրների ձեռքը կ’իշխէ, բայց ծոյլը հարկատու կ’լինի» (Առակաց 12։24)։ Աշխատասիրությունը հաջողություն է բերում և նյութական ապահովվածություն, իսկ ծուլությունը՝ հարկադրական աշխատանք և թշվառություն։ «Ծույլը, ի վերջո, ջանասերի ծառան կդառնա»,— ասում է մի աստվածաշնչագետ։
‘Խոսք, որ ուրախացնում է’
Սողոմոն թագավորը դարձյալ անդրադառնում է խոսքին՝ ցուցաբերելով մարդկային էության խոր իմացություն. «Մարդիս սրտին վիշտը կ’ճնշէ նորան, բայց բարի խօսքը նորան կ’ուրախացնէ» (Առակաց 12։25)։
Բազում անհանգստությունների և հոգսերի պատճառով սիրտը վշտից կարող է ճնշվել։ Ի՞նչը կարող է թեթևացնել նման անհատների բեռը և ուրախացնել նրանց սիրտը. կարեկից մարդու քաջալերական խոսքը։ Բայց ինչպե՞ս մյուսներն իմանան, թե ինչպիսի մտահոգությամբ է լցված մեր սիրտը, եթե այն բաց չանենք նրանց առաջ։ Այո՛, երբ ճնշվածություն ենք զգում կամ վհատվում ենք, պետք է վստահենք այն կարեկից անհատին, ով կարող է օգնության ձեռք մեկնել մեզ։ Ավելին՝ զգացմունքները խոսքերի վերածելն արդեն որոշ չափով կարող է մեղմել քո սրտի ցավը։ Ուրեմն՝ սրտիդ անհանգստությունները վստահիր կողակցիդ, ծնողիդ, կամ էլ կարեկից, հոգևոր առումով հասուն որևէ անհատի։
Կա՞ն արդյոք քաջալերանքի ավելի լավ բառեր, քան այն բառերը, որ Աստվածաշնչում են գրի առնված։ Ուրեմն հարկավոր է մոտենալ Աստծուն, երախտագիտության զգացումով խորհել նրա կողմից ներշնչված Խոսքի շուրջ։ Դա անշուշտ ուրախություն կբերի ճնշված սրտին և լույս՝ տխուր աչքերին։ Սաղմոսերգուն հաստատում է դա՝ ասելով. «Տիրոջ օրէնքը անարատ է, հանգստացնում է հոգիին. Տիրոջ վկայութիւնը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին։ Տիրոջ պատուիրանքները ուղիղ են, ուրախացնում են սիրտը. Տիրոջ հրամանները մաքուր են, լուսաւորում են աչքերը» (Սաղմոս 19։7, 8)։
Ճանապարհ, որով արժե ընթանալ
Հակադրելով արդարի և ամբարշտի ճանապարհները՝ Իսրայելի թագավորն ասում է. «Արդարը ճանապարհ է ցոյց տալիս իր ընկերին [«Արդարը զննում է իր արոտավայրը», ՆԱ], բայց ամբարիշտների ճանապարհը իրանց կ’մոլորեցնէ» (Առակաց 12։26)։ Արդար անհատը զգույշ է իր «արոտավայրի» ընտրության՝ ընկերակից ընտրելու հարցում։ Նա իմաստություն է ցուցաբերում՝ խուսափելով վտանգավոր շփումից։ Սակայն այլ է պարագան ամբարշտի դեպքում, որը, մերժելով խորհուրդը, իր սեփական ճանապարհով է ընթանում ու մոլորվում։
Սողոմոն թագավորը շարունակում է իր խոսքը՝ ցույց տալով ծույլի և աշխատասերի միջև գոյություն ունեցող մեկ այլ տարբերություն։ «Թոյլը չի խորովիլ իր որսը, բայց մարդիս պատուական ստացուածքը աշխատասիրութիւնն է» (Առակաց 12։27)։ «Թույլ» անհատը՝ ‘ծույլը’ (Արևմտ. Աստ.), «չի խորովում» իր որսը։ Նա ավարտին չի հասցնում իր սկսած գործը, այնինչ աշխատասիրությունը ստացվածքի է նման։
Ծուլությունն այնքան վտանգավոր է, որ Պողոս առաքյալը անհրաժեշտ համարեց նամակ գրել Թեսաղոնիկեի քրիստոնյաներին և խրատել նրանց, ովքեր «անկարգութիւնով [էին] վարվում»՝ ընդհանրապես չէին աշխատում, այլ խառնվում էին իրենց չվերաբերող գործերին։ Նրանք մյուսների համար բեռ էին դարձել։ Պողոսը ուղղակիորեն խորհուրդ տվեց նրանց՝ խրախուսելով ‘հանդարտությամբ աշխատել և իրենց հացն ուտել’։ Եթե նրանք չարձագանքեին այդ հաստատուն խորհրդին, ապա Պողոսի՝ ժողովի անդամներին ուղղած խրատի համաձայն, վերջիններս ‘ետ կքաշվեին’ նման հավատակիցներից՝ հավանաբար խուսափելով մտերիմ փոխհարաբերություններ ունենալուց (Բ Թեսաղոնիկեցիս 3։6–12)։
Մենք պետք է սրտանց ընդունենք Սողոմոնի և՛ աշխատասիրության, և՛ մեր լեզուն պատշաճ կերպով օգտագործելու վերաբերյալ խորհուրդները։ Եկե՛ք ջանանք մեր այդ փոքրիկ օրգանն այնպես օգտագործել, որ այն բժշկի և ուրախացնի մյուսներին։ Եկեք նաև խուսափե՛նք ստախոսությունից և արդար ճանապարհով ընթանանք։ «Արդարութեան ճանապարհումը կեանք կայ,— հավաստիացնում է Սողոմոնը,— եւ նորա շաւիղների ճանապարհումը մահ չ’կայ» (Առակաց 12։28)։
[նկարներ 27–րդ էջի վրա]
«Խրատ լսողն իմաստուն է»
[նկարներ 28–րդ էջի վրա]
«Իմաստունների լեզուն բժշկութիւն է»
[նկար 29–րդ էջի վրա]
Սրտի անհանգստությունը հուսալի անհատին վստահելը մխիթարություն է բերում
[նկար 30–րդ էջի վրա]
Երախտագիտության զգացումով Աստծո Խոսքի շուրջ խորհելը ուրախությամբ է լցնում սիրտը