Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 4/15 էջ 23–26
  • Բոոսի և Հռութի անհավանական ամուսնությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բոոսի և Հռութի անհավանական ամուսնությունը
  • 2003 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Գաղտնի հանդիպում
  • «Առաքինի կին»
  • Հովանավոր և բարեկամ
  • Ցանկանում է գտնել «ապաստան»
  • Ազգականը հրաժարվում է
  • Առատ վարձատրություն
  • «Առաքինի կին»
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • «Առաքինի կին»
    2012 Դիտարան
  • Աստվածաշնչի գիրք համար 8. Հռութ
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ուշագրավ մտքեր «Հռութ» գրքից
    2005 Դիտարան
Ավելին
2003 Դիտարան
w03 4/15 էջ 23–26

Բոոսի և Հռութի անհավանական ամուսնությունը

ԲԵԹԼԵՀԵՄԻ մոտակայքում գտնվող արտերում գարնանային եռուզեռ է տիրում։ Ետևում է մնացել երկար աշխատանքային օրը։ Թարմ, բոված հացահատիկի բուրմունքը հիշեցնում է քաղցած աշխատավորներին, որ ուտելու ժամանակն է։ Յուրաքանչյուրը պատրաստվում է վայելելու իր աշխատանքի պտուղը։

Բոոսը, որ մի հարուստ հողատեր է, իր ճաշը ըմբոշխնելուց հետո գարու մի մեծ դեզի մոտ նստած՝ հանգստանում է։ Ավելի ուշ, երբ հունձքի օրն արդեն իր ավարտին է մոտենում, մարդիկ հարմարավետ տեղ են փնտրում՝ հանգստանալու։ Բոոսը՝ կուշտ ու գոհ, պառկում է դեզի մոտ ու, ծածկվելով, պատրաստվում է քնելու։

Գաղտնի հանդիպում

Կեսգիշերին Բոոսը սկսում է մրսել ու ցրտից զարթնում է։ Զարմանալի բան. ինչ–​որ մեկը դիտավորյալ բաց է արել իր ոտքերի ծածկը և պառկել է իր ոտքերի մոտ։ Մթան մեջ չճանաչելով նրա ով լինելը՝ Բոոսը հարցնում է. «Դու ո՞վ ես»։ Կանացի մի ձայն պատասխանում է. «Ես քո աղախին Հռութն եմ. եւ քո քղանցքը տարածիր քո աղախնի վերայ, որովհետեւ դու իմ մօտ ազգականն ես» (Հռութ 3։1–9)։

Գիշերվա մթության մեջ նրանց խոսակցությունը ոչ ոք չէր լսում։ Սովորաբար կանայք այդպես չէին անում (Հռութ 3։14)։ Չնայած դրան՝ Բոոսի առաջարկով Հռութը պառկում է նրա ոտքերի մոտ մինչև լուսաբաց. ապա առավոտյան վաղ վեր է կենում և գնում, որպեսզի իրեն ուղղված ավելորդ խոսակցությունների տեղիք չտա։

Գուցե դա ռոմանտիկ հանդիպո՞ւմ էր։ Իսկ գուցե հեթանոսական երկրից եկած այս երիտասարդ, աղքատ այրին ուզում էր հրապուրե՞լ այդ հարուստ տարեց տղամարդուն։ Կամ՝ օգտվե՞ց այդ գիշեր Բոոսը այն բանից, որ Հռութը աղքատ էր ու միայնակ։ Ո՛չ։ Իրականում այն, ինչ տեղի ունեցավ, վկայում է Աստծո հանդեպ նրանց հավատարմության ու սիրո մասին։ Բացի դրանից, այս պատմությունը լի է հուզիչ մանրամասներով։

Սակայն հարց է ծագում՝ ո՞վ էր Հռութը։ Ի՞նչ մղումներ ուներ նա, և ո՞վ էր այս հարուստ անձնավորությունը՝ Բոոսը։

«Առաքինի կին»

Այս դեպքից տարիներ առաջ Հուդայում սով ընկավ։ Չորս հոգուց բաղկացած իսրայելացի մի ընտանիք՝ Ելիմելեքը, նրա կին Նոեմին և նրանց երկու որդիները՝ Մաալոնն ու Քելլոնը, թողեցին Հուդան և բնակվեցին Մովաբի երկրում։ Տղաներն ամուսնացան երկու մովաբացի աղջիկների հետ, որոնց անուններն էին՝ Որփա և Հռութ։ Պատահեց այնպես, որ ընտանիքի երեք տղամարդիկ էլ մահացան Մովաբում, և նրանց կանայք այրի մնացին։ Օրերից մի օր նրանք լսեցին, որ Իսրայելում արդեն սովը դադարել է և ապրելու համար ավելի լավ պայմաններ են ստեղծվել։ Ուստի Նոեմին՝ այժմ արդեն այրիացած, կորստի վիշտը սրտում, առանց զավակների և թոռների, որոշեց վերադառնալ հայրենի երկիր (Հռութ 1։1–14)։

Դեպի Իսրայել ետ դառնալու ճանապարհին Նոեմին համոզեց Որփային վերադառնալ հարազատների մոտ։ Որից հետո դիմեց Հռութին՝ ասելով. «Ահա քո ները [«տագերակինը», ԷԹ] ետ դառաւ իր ժողովրդին եւ իր աստուածներին. դու էլ ետ դարձիր քո ների ետեւիցը։ Եւ Հռութն ասեց. Ինձ մի ստիպիր որ քեզ թողեմ.... ուր որ գնաս գնալու եմ.... քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, եւ քո Աստուածն իմ Աստուածն է։ Ուր որ մեռնես՝ ես էլ կ’մեռնեմ եւ այնտեղ կ’թաղուիմ» (Հռութ 1։15–17)։ Եվ այսպես՝ երկու չքավոր կանայք վերադարձան Բեթլեհեմ։ Հռութի սերն ու հոգատարությունն իր սկեսրոջ հանդեպ այն աստիճան տպավորեցին հարևաններին, որ նրանք ասում էին, թե Հռութը «[Նոեմիի] համար եօթը որդիից լաւ է»։ Մյուսներն էլ կարծիք հայտնեցին, թե նա ‘մի առաքինի կին է’ (Հռութ 3։11; 4։15)։

Երբ Բեթլեհեմում գարու բերքահավաքը նոր էր սկսվել, Հռութն ասաց Նոեմիին. «Գնամ արտերը, եւ որի աչքի առաջին ողորմութիւն գտնեմ, նորա ետեւից հասկեր ժողովեմ» (Հռութ 2։2)։

Պատահմամբ Հռութը գնաց այն արտը, որը պատկանում էր իր սկեսրայր Ելիմելեքի բարեկամ Բոոսին։ Նա խնդրեց հնձվորների վրա նշանակված ծառային թույլ տալու իրեն հասկաքաղ անել։ Հռութի աշխատասիրությունն աննկատ չմնաց, և ծառան գովեց նրան Բոոսի մոտ (Հռութ 1։22–2։7)։

Հովանավոր և բարեկամ

Բոոսը Եհովայի անկեղծ երկրպագուն էր։ Ամեն առավոտ նա իր հնձվորներին ողջունում էր այս խոսքերով. «Տէրը ձեզ հետ», իսկ նրանք պատասխանում էին. «Տէրը քեզ օրհնէ» (Հռութ 2։4)։ Նկատելով Հռութի ջանասիրությունն իր կատարած գործում և լսելով Նոեմիի հանդեպ նրա նվիրվածության մասին՝ Բոոսը հատուկ պայմաններ ստեղծեց նրա համար՝ հասկ ժողովելու՝ ասելով մոտավորապես հետևյալը. «Մնա իմ արտում, կարիք չկա, որ ուրիշների մոտ գնաս։ Ինձ ծառայող աղջիկների մոտ կմնաս, իրենց մոտ քեզ ապահով կզգաս։ Ծառաներին պատվիրել եմ քեզ չդիպչել։ Երբ ծարավես, նրանք քեզ թարմ ջուր կտան խմելու» (Հռութ 2։8, 9)։

Հռութը մինչև գետինը խոնարհվեց նրա առջև և ասաց. «Ի՞նչից է որ ես քո աչքերի առաջին շնորհք գտայ.... քանի որ ես մէկ օտար կին եմ»։ Բոոսը պատասխանեց նրան. «Քո մարդը մեռնելուց յետոյ՝ դու ինչպէս որ սկեսրիդ արել ես բոլորն էլ պատմել են ինձ, եւ թէ ինչպէս քո հօրը եւ մօրը եւ ծնած երկիրդ թողեցիր, եւ եկար այն ժողովրդի մօտ, որին առաջ չ’էիր ճանաչում։ Քո գործքի փոխարէնը Տէրը հատուցանէ, եւ քո վարձքը Իսրայէլի Տէր Աստուծոյ կողմանէ առատապէս տրուի» (Հռութ 2։10–12)։

Իրականում Բոոսը չէր փորձում Հռութի սերը շահել։ Նրա գովեստի խոսքերը անկեղծ սրտից էին բխում։ Հռութը սրտանց և խոնարհաբար շնորհակալություն հայտնեց Բոոսին մխիթարական խոսքերի համար։ Նա մտածեց, որ ինքն արժանի չէ դրան և շարունակեց ավելի եռանդորեն աշխատել։ Ավելի ուշ՝ ճաշի ժամին, Բոոսը ձայն տվեց Հռութին. «Մօտեցիր, եւ հացիցը կեր, եւ պատառդ քացախին թաթախիր»։ Նա կերավ մինչև կշտանալը, իսկ ավելացածը պահեց, որ իր հետ տանի տուն՝ Նոեմիին (Հռութ 2։14)։

Օրվա ընթացքում Հռութը հավաքել էր մոտավորապես մեկ արդուի չափ [22լ] գարի։ Նա իր հետ վերցրեց հավաքածը և իր կերածի ավելացածն ու գնաց տուն (Հռութ 2։15–18)։ Տեսնելով մեծ քանակությամբ գարին՝ Նոեմին գոհունակությամբ հարցրեց. «Ո՞րտեղ հաւաքեցիր այսօր.... օրհնեալ լինի նա, ով լաւութիւն արեց քեզ»։ Իմանալով, որ այդ մարդը Բոոսն է՝ նա ասաց. «Նա Տէրիցն օրհնեալ լինի, որ կենդանիներիցն ու մեռածներիցն իր ողորմութիւնը չ’պակասացրեց.... Այն մարդը մեր ազգատոհմիցն է. նա մօտ ազգական է մեզ» (Հռութ 2։19 ԷԹ, 20)։

Ցանկանում է գտնել «ապաստան»

Փորձելով իր հարսի համար գտնել «ապաստան», կամ տուն՝ Նոեմին որոշեց, որ եկել է այն պահը, երբ նա կարող է օգտվել ստեղծված հնարավորությունից՝ գործել Աստծո՝ ազգականության պարտավորության մասին օրենքի համաձայն (Ղեւտացոց 25։25; Բ Օրինաց 25։5, 6)։ Նա առաջարկեց Հռութին օգտավետ, նույնիսկ որոշ չափով ոչ սովորական մի ծրագիր, որպեսզի վերջինս իր կողմը գրավեր Բոոսի ուշադրությունը։ Նախապես իմանալով, թե ինչպես և ինչ պիտի անի՝ Հռութը գիշերով գնաց այն կալատեղը, որը Բոոսին էր պատկանում։ Տեղ հասնելով՝ նրան քնած գտավ։ Ապա ոտքերի վրայի ծածկոցը մի կողմ տարավ և սպասեց, մինչև որ նա արթնանա (Հռութ 3։1 ԷԹ, 2–7)։

Բոոսը իրոք զարթնեց։ Հռութի արարքի խորհրդանշական լինելը, անկասկած, օգնեց նրան հասկանալու վերջինիս խնդրանքը՝ ‘տարածել իր քղանցքը իր աղախնի վրա’։ Հռութի արարքը տարեց հրեային հիշեցրեց իր ազգականության պարտավորության մասին, քանի որ նա Հռութի նախկին ամուսնու՝ Մաալոնի ազգականն էր (Հռութ 3։9)։

Բոոսը չէր կանխատեսել Հռութի գիշերային այցը։ Սակայն նրա արձագանքից կարելի է ենթադրել, որ Հռութի պահանջը այնքան էլ անսպասելի չէր նրա համար։ Բոոսը սիրով ցանկություն հայտնեց այն ի կատար ածելու։

Կարելի է ենթադրել, որ Հռութի ձայնը ինչ–որ չափով հուզված էր, քանի որ Բոոսը շտապեց հանգստացնել նրան՝ ասելով. «Հիմա, աղջիկս, մի վախենար, դու ինձ ինչ որ ասես՝ քեզ համար կ’անեմ, որովհետեւ քաղաքիս բոլոր ժողովուրդը գիտէ որ դու մի առաքինի կին ես» (Հռութ 3։11)։

Այն, որ Բոոսը Հռութի արարքը նկատեց անպախարակելի, բացահայտ երևում է նրա խոսքերից. «Օրհնեալ լինիս դու Տէրիցը, աղջիկս, քո ետքի լաւութիւնը [«բարեգթութիւնը», ԷԹ] առաջինիցը մեծ է» (Հռութ 3։10)։ Առաջին «բարեգթութիւնը» Հռութը ցույց տվեց Նոեմիի հանդեպ։ Իսկ հաջորդը՝ որ նա չփնտրեց իր սեփական շահը և ներկայացավ Բոոսին՝ բավականին տարեց այդ մարդուն՝ որպես ազգականի։ Հռութը պատրաստ էր Նոեմիի ու իր մահացած ամուսնու՝ Մաալոնի համար սերունդ ունենալ։

Ազգականը հրաժարվում է

Հաջորդ առավոտյան Բոոսը իր մոտ կանչեց այն ազգականին, որը Նոեմիի ամուսնուն ավելի մոտ արյունակից էր։ Իր շուրջը հավաքելով քաղաքի բնակիչներին և ծերերին՝ Բոոսը մոտավորապես այսպես ասաց նրան. «Ես մտածեցի, որ պետք է քեզ տեղյակ պահեմ այն մասին, որ դու իրավունք ունես Նոեմիից ծախու առնել նրա ամուսին Ելիմելեքին պատկանող արտի բաժինը, քանի որ նա վաճառում է այն»։ Այնուհետև Բոոսը շարունակեց. «Ուզո՞ւմ ես գնել։ Եթե ոչ, ապա ես ծախու կառնեմ»։ Բոոսին լսելուց հետո այդ ազգականը (որի անունը գրքում չի հիշատակվում) իր համաձայնությունը տվեց գնելու համար (Հռութ 4։1–4)։

Բայց այն, ինչ հայտարարեց հետո Բոոսը բոլոր վկաների առջև, անակնկալի բերեց այդ մարդուն. «Դու Նոեմիի ձեռքիցն արտը ծախու առած օրը՝ մեռնողի կնկանից՝ Մովաբացի Հռութիցն էլ պիտի ծախու առնես, որ մեռնողի անունը պահես իր ժառանգութեան մէջ»։ Վախենալով, որ դա կարող է վնաս հասցնել իր սեփականությանը՝ նա հրաժարվեց. «Ես իմ ազգականութեան իրաւունքը չեմ կարող կատարել»,— ասաց նա (Հռութ 4։5, 6)։

Տեղի սովորության համաձայն՝ այն մարդը, ով հրաժարվում էր ազգականության պարտավորությունից, պետք է հաներ իր կոշիկը ու տար մեկ այլ մարդու։ Ուստի երբ այդ անձնավորությունը ասաց Բոոսին՝ «դու ծախու առ», քաշեց–​հանեց կոշիկն ու մեկնեց նրան։ Ապա Բոոսը դիմեց քաղաքի ծերերին ու բոլոր ներկաներին հետևյալ խոսքերով. «Դուք այսօր վկայ էք, որ ես Ելիմելէքի բոլոր ստացուածքը, եւ Քելլոնի եւ Մաալոնի բոլոր ստացուածքը Նոեմիի ձեռքիցը ծախու առայ։ Եւ Մաալոնի կինը՝ Մովաբացի Հռութին էլ ինձ համար կին առայ որ մեռնողի անունը պահեմ իր ժառանգութեան մէջ.... դուք այսօր վկայ էք» (Հռութ 4։7–10)։

Բոոսի շուրջը հավաքված մարդիկ միաբերան ասացին. «Տէրը քո տունը մտնող կնկան Ռաքէլի ու Լիայի պէս անէ, որ այդ երկուսը Իսրայէլի տունը շինեցին. եւ դու Եփրաթայի մէջ ուժովացիր, եւ Բեթլեհէմի մէջ անուն շահիր» (Հռութ 4։11, 12)։

Մարդկանցից օրհնություններ ստանալով՝ Բոոսը Հռութին իրեն կին առավ։ Հռութը մի արու զավակ ունեցավ և նրան անվանեցին Ովբեդ։ Այսպես՝ Հռութն ու Բոոսը դարձան Դավիթ թագավորի և հետևաբար Հիսուս Քրիստոսի նախածնողները (Հռութ 4։13–17; Մատթէոս 1։5, 6, 16)։

Առատ վարձատրություն

Սկսած իր աշխատողներին ուղղված ողջույնի ջերմ խոսքերից և վերջացրած նրանով, որ համաձայնեց իր վրա վերցնել Ելիմելեքի ընտանիքի անունը պահպանելու պատասխանատվությունը՝ Բոոսը ապացուցեց, որ գործունյա և ուժեղ բնավորության տեր անձնավորություն է։ Միևնույն ժամանակ նա դրսևորեց զսպվածություն, հավատ և անարատություն։ Բոոսը նաև առատաձեռն էր, բարի, պարկեշտ և Եհովայի պատվերներին լիովին հնազանդվելու պատրաստ։

Հռութն աչքի ընկավ նրանով, որ սիրում էր Եհովային, նվիրված ու հավատարիմ էր Նոեմիի հանդեպ, ինչպես նաև աշխատասեր էր և խոնարհ։ Եվ զարմանալի չէ, որ մարդիկ նրան անվանում էին «առաքինի կին»։ Նա չէր ուտում «ծուլութեան հացը» և իր փութաջան աշխատանքի շնորհիվ կարողանում էր օգնել իր կարիքավոր սկեսրոջը (Առակ. 31։27, 31)։ Նոեմիին հոգ տանելու պատասխանատվությունն իր վրա վերցնելով՝ Հռութը պետք է որ իրեն երջանիկ զգար ‘տալուց’ (Գործք 20։35; Ա Տիմոթէոս 5։4, 8)։

Ի՜նչ հրաշալի կերպարների ենք մենք հանդիպում «Հռութ» գրքում։ Եհովան չմոռացավ Նոեմիին, Հռութը առատ վարձատրություն ստացավ՝ դառնալով Հիսուս Քրիստոսի նախամայրը։ Բոոսը օրհնվեց նրանով, որ «առաքինի կին» ունեցավ։ Իսկ մեզ համար նման անձնավորությունները հավատի հրաշալի օրինակներ են։

[շրջանակ 26–րդ էջի վրա]

Հույսի շող

Եթե երբեմն հայտնվեք այնպիսի իրավիճակներում, երբ կյանքը ձեզ տխուր ու անհուսալի թվա, Հռութի պատմությունը կարող է ձեզ համար հույսի շող դառնալ։ Այդ պատմությունն աչքի է ընկնում նրանով, որ հանդես է գալիս որպես «Դատաւորաց» գրքի համապատասխան եզրափակում։ Հռութի գիրքը պատմում է այն մասին, թե ինչպես է Եհովան ազգությամբ մովաբացի և խոնարհ այրի կնոջ միջոցով հետագայում իր ժողովրդի համար թագավոր լույս աշխարհ բերել։ Հռութի հավատը պայծառ լույսի նման շողում է այն ժամանակների իրադարձությունների ֆոնի վրա, որոնք նկարագրվում են «Դատաւորաց» գրքում։ «Հռութ» գիրքը կարդալով՝ դուք կարող եք վստահ լինել, որ ինչ սարսափելի ժամանակներում էլ որ ապրելու լինեք, Աստված միշտ հոգ կտանի իր ծառաներին և կիրագործի իր նպատակները։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը