Կենսագրություն
Անհամեմատելի ուրախություն
Պատմում է Ռեջինալդ Ուոլվորքը
«Աշխարհում ոչ մի բան չի կարող համեմատվել այն ուրախության հետ, որ վայելել ենք որպես միսիոներներ՝ լիաժամ ծառայելով Եհովային»։ Անհասկանալի ձեռագրով գրված այս երկտողը գտա կնոջս թղթերի մեջ նրա մահից (1994 թ. մայիս) կարճ ժամանակ անց։
ԵՐԲ մտածում եմ Իրենի խոսքերի շուրջ, հիշում եմ այն 37 երջանիկ, բավականություն պատճառած տարիները, որ անցկացրել ենք Պերուում՝ ծառայելով որպես միսիոներներ։ Մենք անգնահատելի քրիստոնեական համագործակցություն ենք վայելել՝ սկսած մեր հարսանիքի օրվանից՝ 1942 թ.–ի դեկտեմբերից։ Այստեղից էլ սկսեմ իմ պատմությունը։
Իրենը մեծացել է Լիվերպուլում (Անգլիա)՝ Եհովայի վկաների ընտանիքում, իր երկու քույրերի հետ միասին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մահացավ նրանց հայրը։ Հետագայում մայրն ամուսնացավ Ուինթոն Ֆրեյզերի հետ, և նրանք որդի ունեցան՝ Սիդնիին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի շեմին ընտանիքը տեղափոխվեց Բանգոր (Հյուսիսային Ուելս)։ Այնտեղ 1939 թ.–ին Իրենը մկրտվեց։ Սիդնիի հետ, որը նրանից մեկ տարի առաջ էր մկրտվել, նրանք սկսեցին ծառայել որպես ռահվիրաներ (լիաժամ քարոզիչներ) Ուելսի հյուսիսային ափում՝ Բանգորից մինչև Կարնարվոն, ինչպես նաև Անգլսի կղզում։
Այն ժամանակ ես ծառայում էի, ինչպես այսօր ասում են, նախագահող վերակացու «Ռանկորն» ժողովում՝ Լիվերպուլից մոտ 20 կիլոմետր հարավ–արևելք։ Մի շրջանային համաժողովի ժամանակ Իրենը մոտեցավ ինձ և հարցրեց, թե արդյոք կարող է քարոզչական տարածք ունենալ Ռանկորնում, քանի որ պատրաստվում էր որոշ ժամանակ մնալ իր ամուսնացած քրոջ՝ Վիրայի մոտ, որն ապրում էր այնտեղ։ Այն երկու շաբաթվա ընթացքում, որ Իրենն անցկացրեց մեզ մոտ, իմ ու նրա միջև ընկերական փոխհարաբերություններ հաստատվեցին։ Հետագայում ես մի քանի անգամ այցելեցի նրան Բանգորում։ Որքա՜ն երջանիկ էի, երբ մի հանգստյան օր Իրենը ընդունեց ամուսնության իմ առաջարկը։
Կիրակի օրը տուն վերադառնալով՝ անմիջապես սկսեցի ծրագրեր կազմել մեր հարսանիքի համար, սակայն երեքշաբթի մի հեռագիր ստացա. «Ցավում եմ, բայց այս հեռագիրը քեզ կտխրեցնի,— ասվում էր այնտեղ։— Ես հետաձգում եմ մեր հարսանիքը։ Շուտով կստանաս բացատրական նամակս»։ Ես ցնցված էի։ Ի՞նչ էր պատահել։
Հաջորդ օրը ստացա Իրենի նամակը։ Նա գրել էր, որ պատրաստվում է գնալ Հորսֆորդ (Յորքշիր)՝ Հիլդա Փադջեթի հետ ռահվիրայություն անելու։a Նա բացատրում էր, որ 12 ամիս առաջ համաձայնվել էր հարկ եղած դեպքում ծառայել այնտեղ, որտեղ ավելի մեծ կարիք կլիներ։ Իրենը գրում էր. «Ինձ համար սա նման է Եհովային տված երդման և, կարծում եմ, պիտի կատարեմ այն, քանի որ ես նրան խոստացել եմ դա քեզ ճանաչելուց առաջ»։ Թեպետ տխրեցի, բայց ինձ մեծապես հիացրեց նրա ազնվությունը ու ես ի պատասխան հեռագրեցի. «Գնա։ Ես կսպասեմ քեզ»։
Յորքշիրում ծառայելու ընթացքում Իրենը դատապարտվեց եռամսյա ազատազրկման, քանի որ գիտակցաբար հրաժարվել էր աջակցել պատերազմական գործողություններին։ Այնուամենայնիվ, 18 ամիս անց՝ 1942 թ. դեկտեմբերին, մենք ամուսնացանք։
Իմ վաղ տարիները
1919 թ.–ին մայրս ձեռք բերեց «Գրությունների ուսումնասիրություն» գրքի հատորները։b Թեպետ (ինչպես հայրս էր այդ ժամանակ իրավացիորեն ասում) մայրս մինչ այդ երբեք իր ձեռքը գիրք չէր վերցրել, բայց այժմ վճռել էր այս հատորները իր Աստվածաշնչի հետ միասին ուշադրությամբ ուսումնասիրել։ Նա այդպես էլ արեց և 1920 թ.–ին մկրտվեց։
Հայրս խիստ մարդ չէր և չէր արգելում, որ մայրս աներ այն ինչ ուզում էր. այդ թվում նաև դաստիարակեր իրենց չորս երեխաներին՝ Գվենին, Իվիին (երկու քույրերիս), ինձ և Ալեքին (եղբորս) ճշմարտության ճանապարհով։ Ստենլի Ռոջերսը և Լիվերպուլում ապրող այլ հավատարիմ Վկաներ գալիս էին Ռանկորն՝ աստվածաշնչյան թեմաներով ելույթներ ունենալու։ Կարճ ժամանակ անց այնտեղ մի ժողով ձևավորվեց։ Մեր ընտանիքը ժողովի հետ զուգահեռ հոգևորապես առաջադիմում էր։
Գվենը հաճախում էր անգլիկան եկեղեցու կոնֆիրմացիայի դասերին, բայց հենց որ սկսեց մայրիկի հետ միասին Աստվածաշունչ ուսումնասիրել, անմիջապես դադարեցրեց այնտեղ սովորելը։ Երբ տեղի քահանան այցելեց մեզ, որպեսզի պարզեր, թե ինչու Գվենը այլևս չի հաճախում իր դասերին, նա հանդիպեց հարցերի մի տեղատարափի և չկարողացավ պատասխանել դրանց։ Գվենը սկսեց «Տերունական աղոթքի» իմաստի մասին հարցեր տալով և վերջացրեց՝ դրա իմաստը բացատրելով։ Նա եզրափակեց՝ մեջբերելով Ա Կորնթացիս 10։21–ը և պարզ հասկացրեց, որ այլևս չի կարող շարունակել ‘սնվել երկու սեղանից’։ Տանից դուրս գնալիս քահանան ասաց, որ կաղոթի Գվենի համար և կվերադառնա նրա հարցերին պատասխանելու, բայց այդպես էլ չեկավ։ Մկրտվելուց կարճ ժամանակ անց Գվենը դարձավ լիաժամ ավետարանիչ։
Մեր ժողովում ընդօրինակման արժանի ուշադրություն էր ցուցաբերվում երեխաների հանդեպ։ Հիշում եմ՝ երբ յոթ տարեկան էի, մի թեմա լսեցի, որ ներկայացրեց մեզ այցելած մի երեց։ Ելույթից հետո նա մոտեցավ ինձ՝ զրուցելու։ Ես նրան ասացի, որ կարդացել եմ Աբրահամի մասին, և թե ինչպես նա փորձեց զոհաբերել իր որդուն՝ Իսահակին։ «Գնա, կանգնիր բեմահարթակին և պատմիր ինձ այդ մասին ամեն ինչ»,— ասաց նա։ Որքա՜ն հուզված էի, որ պետք է կանգնեի բեմահարթակին և ներկայացնեի իմ առաջին «հանրային ելույթը»։
Ես մկրտվեցի 1931 թ.–ին՝ 15 տարեկանում։ Այդ տարի մայրս մահացավ, իսկ ես թողեցի դպրոցը՝ էլեկտրատեխնիկ դառնալու նպատակով։ 1936 թ.–ին սկսեցին հրապարակայնորեն ներկայացվել աստվածաշնչյան թեմաներով ձայնագրություններ։ Մի տարեց քույր քաջալերեց ինձ ու եղբորս զբաղվել գործունեության այդ ձևով։ Ուստի ես ու Ալեքը գնացինք Լիվերպուլ՝ ձեռք բերելու հեծանիվ ու նրան կցվող սայլակ, որի վրա տանելու էինք մեր մեծ պատեֆոնը։ Սայլակի ետևի մասում՝ երկու մետր բարձրությամբ խողովակաձև հարմարանքի վրա, տեղադրվեց բարձրախոս։ Այն արդարացրեց իրեն, չնայած արհեստավորը մեզ ասել էր, որ մինչ այդ երբեք նման բան չի պատրաստել։ Մենք ոգևորված քարոզում էինք մեր տարածքում և երախտապարտ էինք թե՛ այն քրոջ քաջալերանքի, թե՛ մեզ վստահված առանձնաշնորհումների համար։
2–րդ համաշխարհային պատերազմ. փորձվելու ժամանակ
Պատերազմի «ամպերը» հավաքվում էին։ Իսկ այդ ընթացքում ես ու Ստենլի Ռոջերսը ազդարարում էինք «Ուղիղ նայենք փաստերին» հանրային ելույթի մասին, որ ներկայացվելու էր Լոնդոնի «Ռոյալ Ալբերտ» դահլիճում 1938 թ. սեպտեմբերի 11–ին։ Ավելի ուշ այն լույս տեսավ թերթիկի տեսքով, և ես մասնակցեցի այդ, ինչպես նաև հաջորդ տարի հրատարակված «Ֆաշիզմ կամ ազատություն» թերթիկների տարածմանը։ Երկու թերթիկներն էլ հստակորեն բացահայտում էին հիտլերյան Գերմանիայի տոտալիտար ձգտումները։ Այդ ժամանակ ինձ արդեն լավ ճանաչում էին Ռանկորնում ծառայության շնորհիվ և հարգում էին դրա համար։ Միշտ լինելով աստվածապետական գործունեության առաջին գծում՝ իրոք կարողացել եմ օգտակար լինել ուրիշներին։
Այն ընկերությունը, որում աշխատում էի, հանձն էր առել էլեկտրականություն անցկացնել քաղաքի ծայրամասում գտնվող մի նոր գործարանում։ Իմանալով, որ այն լինելու էր զինարան՝ ես պարզ ասացի, որ չեմ կարող աշխատել այնտեղ։ Գործատերերիս համար դա տհաճ էր։ Բայց վարպետս պաշտպանեց ինձ, ու ինձ ուրիշ աշխատանք տվեցին։ Հետագայում իմացա, որ նա մի մորաքույր ուներ, որը նույնպես Եհովայի վկա էր։
Գործընկերներիցս մեկը ինձ շատ քաջալերեց, երբ ասաց. «Մենք այլ բան չէինք էլ սպասում քեզանից, Ռե՛ջ, քանի որ այսքան տարի աստվածաշնչյան այդ գործունեությամբ ես զբաղված»։ Այնուամենայնիվ, ես պետք է զգոն լինեի, քանի որ գործընկերներիցս շատերը ցանկանում էին անախորժություններ պատճառել ինձ։
1940 թ.–ի հունիսին Լիվերպուլի դատարանը գրանցեց ինձ՝ որպես կրոնական շարժառիթներով զինվորական ծառայությունից հրաժարվող անձի, պայմանով, որ շարունակեի աշխատել նախկին տեղում։ Ինչ խոսք, դրա շնորհիվ կարողացա շարունակել քրիստոնեական ծառայությունս։
Լիաժամ ծառայություն եմ սկսում
Մինչ պատերազմը մոտենում էր ավարտին, ես որոշեցի թողնել աշխատանքս և լիաժամ ծառայության մեջ միանալ Իրենին։ 1946 թ.–ին 5 մետրանոց մի շարժատնակ սարքեցի, որը դարձավ մեր տունը։ Հաջորդ տարի մեզ խնդրեցին տեղափոխվել Գլոսթերշիրում գտնվող մի գյուղ՝ Ալվեստոն։ Այնուհետև մեր ռահվիրայությունը շարունակեցինք Սայրենսեստերում, որ մի հին քաղաք էր, և Բատում։ 1951 թ.–ին ինձ առաջարկեցին այցելել Ուելսի հարավում գտնվող ժողովները՝ որպես շրջագայող վերակացու։ Բայց երկու տարի չանցած՝ մենք միսիոներական կրթություն ստանալու համար ճանապարհ ընկանք «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոց։
Դպրոցի 21–րդ դասարանի դասերը անցկացվեցին Սաութ Լանսինգում (Նյու Յորք)։ Մենք այն ավարտեցինք 1953 թ.–ին «Նոր աշխարհի հասարակություն» համաժողովի ժամանակ, որը տեղի ունեցավ Նյու Յորք քաղաքում։ Մինչև ավարտականի օրը ես ու Իրենը չգիտեինք, թե ուր ենք նշանակվելու։ Որքա՜ն հուզվեցինք՝ իմանալով, որ մեր նշանակման վայրը Պերուն էր։ Ինչո՞ւ։ Որովհետև Սիդնի Ֆրեյզերը՝ Իրենի փոքր եղբայրը, և նրա կինը՝ Մարգարետը, «Գաղաադի» 19–րդ դասարանն ավարտելուց հետո մեկ տարուց ավել էր, ինչ ծառայում էին Լիմայի մասնաճյուղում։
Մինչ սպասում էինք վիզաներին, մի կարճ ժամանակ աշխատեցինք Բրուքլինի Բեթելում, բայց շուտով ճանապարհ ընկանք Լիմա։ Մեր տասը միսիոներական նշանակումներից առաջինը Կալյաոն էր՝ Պերուի գլխավոր նավահանգիստը, որը գտնվում էր Լիմայից արևմուտք։ Թեպետ իսպաներեն որոշ չափով սովորել էինք, ո՛չ ես, ո՛չ էլ Իրենը այդ ժամանակ չէինք կարողանում այդ լեզվով խոսակցություն վարել։ Ինչպե՞ս պիտի կատարեինք մեր ծառայությունը։
Քարոզչության դժվարություններն ու առավելությունները
«Գաղաադում» մեզ ասել էին, որ մայրը երեխային լեզու չի սովորեցնում։ Երեխան սովորում է այն, երբ մայրը խոսում է նրա հետ։ Ուստի մեզ խորհուրդ տրվեց. «Առանց հապաղելու գնացեք քարոզչության և մարդկանցից սովորեք լեզուն։ Նրանք կօգնեն ձեզ»։ Ես մեծ ջանքեր էի թափում՝ այս նոր լեզուն հասկանալու, և պատկերացրեք, թե ինչ զգացի, երբ երկու շաբաթվա ընթացքում նշանակվեցի «Կալյաո» ժողովի նախագահող վերակացու։ Գնացի Սիդնի Ֆրեյզերին հանդիպելու, բայց նա նույն խորհուրդը տվեց, ինչ որ տրվել էր «Գաղաադում»՝ ընկերակցեք ժողովի և ձեր տարածքում ապրող մարդկանց հետ։ Ես որոշեցի հետևել այս խորհրդին։
Մի շաբաթ օր՝ առավոտյան, հանդիպեցի մի ատաղձագործի հենց իր խանութում։ Նա ասաց. «Պետք է շարունակեմ աշխատանքս, բայց, խնդրեմ, կարող ես նստել և զրուցել հետս»։ Ես պատասխանեցի, որ այդպես էլ կանեմ, բայց մի պայմանով. «Երբ սխալ անեմ, խնդրում եմ ուղղես ինձ, ես չեմ վիրավորվի»։ Նա ծիծաղեց և համաձայնվեց։ Շաբաթը երկու անգամ այցելում էի նրան։ Ես հայտնագործեցի, որ դա իմ նոր լեզուն սովորելու լավագույն ձևն էր, ճիշտ ինչպես ինձ ասել էին։
Մեր երկրորդ նշանակման վայրում՝ Իկայում, պատահաբար հանդիպեցի մի ուրիշ ատաղձագործի և պատմեցի, թե ինչ էի անում Կալյաոյում՝ լեզուն սովորելու համար։ Նա նմանապես համաձայնվեց ինձ օգնել։ Այսպիսով իմ իսպաներենը շարունակեց բարելավվել, թեպետ երեք տարի պահանջվեց որպեսզի կատարելապես տիրապետեմ այդ լեզվին։ Այդ մարդը միշտ շատ զբաղված էր, բայց ինձ հաջողվում էր Աստվածաշունչ ուսումնասիրել նրա հետ. ես կարդում էի Գրությունները, այնուհետև բացատրում դրանց իմաստը։ Մի շաբաթ, երբ գնացի նրան հանդիպելու, գործատերն ասաց, որ այդ ատաղձագործը տեղափոխվել է Լիմա՝ այնտեղ աշխատելու։ Որոշ ժամանակ անց, երբ ես ու Իրենը գնացինք Լիմա՝ համաժողովի, նորից հանդիպեցի նրան։ Որքա՜ն էի հուզվել՝ իմանալով, որ նա կապ էր հաստատել տեղի Եհովայի վկաների հետ, որպեսզի շարունակեր ուսումնասիրությունը, և որ նրանք՝ ողջ ընտանիքով, դարձել էին Եհովայի նվիրված ծառաներ։
Ժողովներից մեկում հայտնաբերեցինք համատեղ ապրող մի երիտասարդ զույգի։ Նրանք, մկրտված Վկաներ լինելով հանդերձ, ամուսնացած չէին։ Երբ այդ զույգի հետ քննարկեցինք տվյալ հարցին վերաբերող աստվածաշնչյան սկզբունքները, նրանք վճռեցին օրինականացնել իրենց ամուսնությունը, ինչը թույլ կտար համապատասխանել մկրտված Վկաներ լինելու պահանջին։ Այսպես մենք գնացինք քաղաքապետարան՝ իրենց ամուսնությունը գրանցելու։ Այնտեղ մի ուրիշ խնդիր առաջացավ. նրանք չորս երեխա ունեին, որոնք նույնպես գրանցված չէին, իսկ դա պահանջվում էր օրենքով։ Բնականաբար, մենք ցանկացանք իմանալ, թե ինչ է պատրաստվում ձեռնարկել քաղաքագլուխը։ «Քանի որ այս լավ մարդիկ՝ Եհովայի վկա ձեր ընկերները, հոգ են տարել, որ օրինականացնեք ձեր ամուսնությունը, ես յուրաքանչյուր երեխայի համար դատական ծանուցագիր չեմ ուղարկի, այլ կգրանցեմ նրանց անվճար»,— ասաց նա։ Մենք շատ շնորհակալ էինք դրա համար, որովհետև այդ ընտանիքը աղքատ էր, և ցանկացած տուգանք մեծ բեռ կլիներ նրանց ուսերին։
Ավելի ուշ Բրուքլինում գտնվող՝ Եհովայի վկաների գլխավոր վարչությունից Ալբերտ Շրյոդերն այցելեց մեզ և առաջարկեց նոր միսիոներական տուն հիմնել Լիմայի մեկ այլ մասում։ Այսպիսով՝ ես, Իրենը, Միացյալ Նահանգներից երկու այլ քույրեր՝ Ֆրենսիս և Էլիզաբեթ Գուդերը, և կանադացի մի ամուսնական զույգ տեղափոխվեցինք Սան Բորհա։ Երկու–երեք տարվա ընթացքում մենք օրհնվեցինք. մեկ ուրիշ ծաղկուն ժողով հաստատվեց։
Կենտրոնական լեռներում (բարձրությունը՝ ավելի քան 3000 մետր) գտնվող Ուանկայո քաղաքում ծառայելիս համագործակցեցինք 80 Վկաներից բաղկացած ժողովի հետ։ Ես մասնակցեցի տեղի երկրորդ Թագավորության սրահի շինարարական աշխատանքներին։ Այդ ընթացքում նշանակվեցի Եհովայի վկաների կազմակերպության իրավական ներկայացուցիչ, քանի որ երեք անգամ ստիպված եղանք գնալ դատարան՝ հաստատելու ձեռք բերած տարածքի հանդեպ մեր իրավունքները։ Նման գործողությունները, ինչպես նաև այդ հեռավոր տարիներին հավատարիմ շատ միսիոներների կատարած՝ աշակերտ պատրաստելու լայնածավալ գործը ամուր հիմք դրեցին այն հիանալի աճի համար, որ այժմ տեսնում ենք Պերուում. 1953 թ.–ին այնտեղ 283 Վկաներ կային, իսկ այժմ ավելի քան 83 000։
Տխրությամբ հեռանում ենք
Մեզ հետ ծառայած միսիոներների հետ հիանալի ընկերակցություն ենք վայելել բոլոր միսիոներական տներում, որոնցում հաճախ առանձնաշնորհում եմ ունեցել ծառայելու որպես տան վերակացու։ Ամեն երկուշաբթի առավոտյան մենք հավաքվում էինք՝ նախապես խոսելու այդ շաբաթվա մեր գործունեության մասին և հերթապահություն էինք նշանակում՝ տան մասին հոգ տանելու։ Մենք գիտակցում էինք, որ գլխավորը քարոզչությունն էր, և դա մտքում պահելով՝ բոլորս միասին միաբանված աշխատում էինք։ Ուրախությամբ եմ հիշում, որ մեր միսիոներական տներից և ոչ մեկում երբեք մեծ վիճաբանություններ չեն եղել։
Մեր վերջին նշանակման վայրը Բրենյան էր (Լիմայի մեկ այլ արվարձան)։ Այնտեղի՝ 70 սիրառատ Վկաներից բաղկացած ժողովի անդամների թիվն արագորեն աճեց և անցավ 100–ից, ինչի շնորհիվ մեկ այլ ժողով կազմավորվեց Պալոմինիայում։ Այս ժամանակ էր, որ Իրենը հիվանդացավ։ Սկզբում նկատեցի, որ նա երբեմն չէր կարողանում հիշել, ինչ որ ասում էր և ժամանակ առ ժամանակ էլ դժվարանում էր մտաբերել տան ճանապարհը։ Թեև Իրենին լավ բժշկական օգնություն ցույց տրվեց, բայց նրա վիճակը աստիճանաբար վատացավ։
Ցավոք, 1990 թ.–ին ստիպված եղա քայլեր ձեռնարկել վերադառնալու Անգլիա, որտեղ քույրս՝ Իվին, սիրով ընդունեց մեզ իր տուն։ Չորս տարի անց՝ 81 տարեկանում, Իրենը մահացավ։ Ես շարունակում եմ լիաժամ ծառայությունս և հայրենի քաղաքիս երեք ժողովներից մեկում ծառայում եմ որպես երեց։ Ժամանակ առ ժամանակ նաև գնում եմ Մանչեստր՝ այնտեղի իսպանախոս խմբին քաջալերելու։
Վերջերս մի հուզիչ դեպք տեղի ունեցավ՝ կապված այն գործունեության հետ, որին մասնակցել էի տասնամյակներ առաջ, երբ մարդկանց հրավիրում էի իմ նվագարկիչի միջոցով հինգ րոպեանոց քարոզներ լսելու։ Շատ լավ հիշում եմ մի դպրոցական աղջկա, որ կանգնել էր իր մոր ետևում՝ դռան մոտ, և լսում էր մեր պատգամը։
Հետագայում այդ աղջիկը տեղափոխվել էր Կանադա։ Նրա ընկերուհիներից մեկը, որը մինչև հիմա ապրում է Ռանկորնում և այժմ Եհովայի վկա է, կապ էր պաշտպանում նրա հետ։ Վերջերս երբեմնի այդ աղջիկը գրել էր, որ երկու Վկաներ այցելել էին իրեն և խոսակցության ժամանակ օգտագործել այնպիսի արտահայտություններ, որոնք նրան ակամայից հիշեցրել էին այն հինգ րոպեանոց ելույթը։ Հասկանալով, որ դա է ճշմարտությունը, նա դարձել էր Եհովայի նվիրված ծառաներից մեկը։ Նա խնդրել էր իր շնորհակալական խոսքերը փոխանցել այն երիտասարդին, որ այցելել էր իր մոր տուն ավելի քան 60 տարի առաջ։ Իսկապես, երբեք չենք կարող իմանալ, թե ճշմարտության սերմերը ինչպես արմատ կգցեն և կաճեն (Ժողովող 11։6)։
Այո՛, ես երախտագիտությամբ եմ նայում Եհովայի թանկագին ծառայության մեջ անցկացրած կյանքիս։ Սկսած 1931 թ.–ից, երբ նվիրվեցի Եհովային՝ երբեք ոչ մի համաժողով բաց չեմ թողել։ Ճիշտ է, ես ու Իրենը մեր սեփական երեխաները չենք ունեցել, բայց ես երջանիկ եմ ավելի քան 150 հոգևոր որդիներ և դուստրեր ունենալու համար։ Նրանք բոլորն էլ ծառայում են մեր երկնային Հորը՝ Եհովային։ Ինչպես սիրելի կինս էր արտահայտվել, այն ուրախությունը, որ ստացել ենք մեր առանձնաշնորհումներից, ոչ մի բանի հետ հնարավոր չէ համեմատել։
[ծանոթագրություններ]
a Հիլդա Փադջեթի կենսագրությունը՝ «Հետևում եմ ծնողներիս օրինակին», կարող եք կարդալ «Դիտարանի» 1995 թ հոկտեմբերի 1–ի համարում, էջ 19–24 (ռուս.)։
b Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկար 24–րդ էջի վրա]
Մայրս՝ 1900–ականների սկզբին
[նկար 24–րդ և 25–րդ էջերի վրա]
Ձախում՝ Հիլդա Փադջեթը, ես, Իրենը և Ջոիս Ռոուլին Լիդսում (Անգլիա, 1940 թ.)
[նկար 25–րդ էջի վրա]
Վերևում՝ ես ու Իրենը մեր ավտոտնակի առջևում
[նկար 27–րդ էջի վրա]
Կարդիֆում (Ուելս) հանրային ելույթի մասին ազդարարելիս, 1952 թ.