Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 6/15 էջ 17–22
  • Բոլորի մեջ լավը փնտրենք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բոլորի մեջ լավը փնտրենք
  • 2003 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործում
  • Ընտանիքում
  • Քրիստոնեական ժողովում
  • Բոլորի մեջ լավը փնտրենք
  • Առաքինություն. ինչպե՞ս զարգացնել
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Շարունակենք բարություն դրսևորել
    2002 Դիտարան
  • «Խնդրում եմ, լսեցեք, թե ինչ երազ եմ տեսել»
    2014 Դիտարան
  • «Որքա՜ն մեծ է նրա բարությունը»
    Մոտեցիր Եհովային
Ավելին
2003 Դիտարան
w03 6/15 էջ 17–22

Բոլորի մեջ լավը փնտրենք

«Ով Աստված իմ, յիշիր ինձ ի բարին» (ՆԷԵՄԻԱ 13։31)։

1. Ինչպե՞ս է Եհովան բարությամբ գործում բոլորի հանդեպ։

ԲԱԶՄԱԹԻՎ ամպամած ու մռայլ օրերից հետո դուրս է գալիս արևը ու հաճելի պահեր պարգևում։ Հոգիդ թունդ է առնում, դրական զգացումներով ես լցվում։ Նույն ձևով էլ շոգ ու չոր եղանակի երկարատև շրջանից հետո անձրևը՝ նույնիսկ հորդառատ, բերում է թարմություն և թեթևացում։ Մեր սիրառատ Ստեղծիչը՝ Եհովան, մի հրաշալի նվեր է տվել՝ երկրագնդի մթնոլորտի այն տարբեր վիճակները, որը մենք անվանում ենք եղանակ։ Հիսուսն ուսուցանելիս իր ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց Աստծո առատաձեռնության վրա։ Նա ասաց. «Սիրեցէք ձեր թշնամիներին.... եւ աղօթք արէք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար. որ որդիք լինիք ձեր Հօրն, որ երկնքումն է. որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վերայ, եւ անձրեւ է բերում արդարների եւ անիրաւների վերայ» (Մատթէոս 5։43–45)։ Այո՛, Եհովան բարությամբ է գործում բոլորի հանդեպ։ Նրա ծառաները պետք է ձգտեն ընդօրինակել նրան՝ ուրիշների մեջ լավը փնտրելով։

2. ա) Ինչո՞ւ է Եհովան բարությամբ գործում։ բ) Ի՞նչ է նկատում Եհովան՝ դիտելով, թե ինչպես ենք արձագանքում իր բարությանը։

2 Ինչո՞ւ է Եհովան բարությամբ գործում։ Այն ժամանակվանից ի վեր, ինչ Ադամն ընկավ մեղքի տակ, Եհովան չի դադարել մարդկանց մեջ լավը փնտրելուց (Սաղմոս 130։3, 4)։ Նրա նպատակն է հնազանդ մարդկանց կրկին բնակեցնել Դրախտում (Եփեսացիս 1։9, 10)։ Նրա շնորհը տվել է մեզ հեռանկար՝ խոստացյալ Սերնդի միջոցով ազատվելու մեղքից ու անկատարությունից (Ծննդոց 3։15; Հռովմայեցիս 5։12, 15)։ Փրկանքն ընդունելը հնարավորություն է ընձեռում ի վերջո դառնալու կատարյալ անձնավորություն։ Եհովան այժմ դիտում է մեզանից յուրաքանչյուրին՝ տեսնելու, այլ բաների թվում, թե ինչպես ենք արձագանքում նրա առատաձեռնությանը (Ա Յովհաննէս 3։16)։ Նա նկատում է այն ամենը, ինչ որ անում ենք՝ արտահայտելու համար մեր երախտագիտությունը իր բարության համար։ «Աստուած անիրաւ չէ որ մոռանայ ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք»,— գրեց Պողոս առաքյալը (Եբրայեցիս 6։10)։

3. Ո՞ր հարցն է արժանի մեր ուշադրությանը։

3 Ինչպե՞ս, ուրեմն, կարող ենք ընդօրինակել Եհովային ուրիշների մեջ լավը փնտրելու հարցում։ Եկեք քննենք այս հարցի պատասխանները, որոնք վերաբերում են կյանքի չորս բնագավառների՝ 1) քրիստոնեական ծառայություն, 2) ընտանիք, 3) ժողով և 4) մեր հարաբերությունները ուրիշների հետ։

Քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործում

4. Ինչպե՞ս է, որ մասնակցելով քրիստոնեական ծառայությանը՝ մենք դրանով իսկ ուրիշների մեջ լավն ենք փնտրում։

4 «Արտը աշխարհքս է»,— պատասխանեց Հիսուսն իր աշակերտներին, երբ նրանք հարց տվեցին ցորենի ու որոմների առակի իմաստի վերաբերյալ։ Լինելով Քրիստոսի ներկայիս աշակերտները՝ մենք մեր ծառայության ժամանակ տեսնում ենք այս խոսքերի ճշմարտացիությունը (Մատթէոս 13։36–38; 28։19, 20)։ ‘Արտում’ ծառայելիս մենք հրապարակավ ցույց ենք տալիս մեր հավատը։ Հենց այն փաստը, որ Եհովայի վկաները հայտնի են տնետուն և փողոցի ծառայությամբ, վկայում է, որ մենք ջանասիրաբար փնտրում ենք բոլոր նրանց, ովքեր արժանի են Թագավորության պատգամին։ Հիսուսը հրահանգ տվեց. «Որ քաղաք՝ կամ գիւղ որ մտնէք, հարցրէք թէ նորանում ո՛վ է արժանի» (Մատթէոս 10։11; Գործք 17։17; 20։20)։

5, 6. Ինչո՞ւ պետք է հաստատակամորեն շարունակենք կրկնակի այցելություններ անել մարդկանց։

5 Այցելելով մարդկանց, երբ նրանք մեզ չեն սպասում, մենք հնարավորություն ենք ունենում տեսնելու, թե ինչպիսին է նրանց արձագանքը մեր պատգամին։ Երբեմն նկատում ենք, որ տան անդամներից մեկը պատրաստ է լսել մեզ, մինչդեռ այդ նույն տնից մեկ ուրիշը արտաբերում է՝ «դա մեզ չի հետաքրքրում», ու մեր այցը դրանով ավարտվում է։ Որքա՜ն ցավալի է, երբ մեկի հակառակությունը կամ անտարբերությունը ազդում է այն բանի վրա, թե ինչպես կարձագանքի մյուսը։ Ի՞նչը, ուրեմն, կարող է օգնել մեզ, որ հաստատակամորեն շարունակենք բոլորի մեջ լավը փնտրել։

6 Հաջորդ անգամ այցելելով՝ գուցե հնարավորություն ունենանք խոսելու անմիջապես այն անհատի հետ, որը վերջ էր դրել մեր նախորդ այցին։ Այս երկրորդ այցին մենք կարող ենք նախապատրաստվել՝ հիշելով, թե ինչ էր տեղի ունեցել նախորդ անգամ։ Մեզ հակառակող անձնավորությունը գուցե վարվել է բարի մղումներով՝ համոզված լինելով, որ ինքը չպետք է թույլ տա, որ հետաքրքրություն հանդես բերող անհատը լսի Թագավորության պատգամը։ Նրա հայացքները գուցե ձևավորվել են մեր նպատակների վերաբերյալ եղած կեղծ տեղեկությունների հիման վրա։ Սակայն դա չի խանգարում մեզ, որ, նրբանկատորեն փորձելով հարթել թյուրիմացությունները, շարունակենք քարոզել Թագավորության բարի լուրը այդ տան անդամներին։ Մենք հետաքրքրված ենք այն բանում, որ բոլորին օգնենք ճշգրիտ գիտելիքներ ստանալ Աստծո մասին։ Եվ այս դեպքում Եհովան գուցե անհատին ‘քաշի’ իր կողմը (Յովհաննէս 6։44; Ա Տիմոթէոս 2։4)։

7. Ի՞նչը կարող է օգնել մեզ դրական տեսակետ պահպանել քարոզելիս։

7 Իր աշակերտներին հրահանգներ տալիս Հիսուսը խոսեց նաև ընտանիքի անդամների կողմից եկող հակառակության մասին։ Մի՞թե նա չասաց. «[Ես] եկայ բաժանելու մարդն իր հօր դէմ, եւ աղջիկն՝ իր մօր դէմ, եւ հարսն՝ իր սկեսրի դէմ»։ Նա ավելացրեց. «Մարդի թշնամիները իր ընտանիքը կ’լինին» (Մատթէոս 10։35, 36)։ Սակայն հանգամանքները և մարդկանց կարծիքները փոխվում են։ Անսպասելի հիվանդությունը, հարազատի կորուստը, աղետը, էմոցիոնալ ծանր վիճակները և բազում այլ գործոններ կարող են ազդել այն բանի վրա, թե ինչպես մարդիկ կարձագանքեն մեր քարոզչությանը։ Իսկապե՞ս մարդկանց մեջ լավն ենք փնտրում, եթե բացասականորեն ենք տրամադրված նրանց հանդեպ՝ մտածում ենք, թե նրանք, միևնույն է, չեն արձագանքի մեր բերած լուրին։ Ինչո՞ւ ուրախությամբ չայցելենք նրանց, երբ մեկ ուրիշ հարմար առիթ ներկայանա։ Հնարավոր է՝ նրանք այլ ձևով արձագանքեն։ Երբեմն մարդկանց կարծիքը փոխելուն նպաստում է ոչ միայն այն, թե ինչ ենք ասում, այլև այն, թե ինչպես ենք ասում։ Քարոզչությունը սկսելուց առաջ Եհովային ջերմեռանդորեն աղոթելն անկասկած կօգնի մեզ դրական տրամադրվածություն ունենալ ու Թագավորության պատգամը բոլորին ներկայացնել գրավիչ ձևով (Կողոսացիս 4։6; Ա Թեսաղոնիկեցիս 5։17)։

8. Ի՞նչ արդյունքներ կարող են լինել, երբ քրիստոնյաները լավն են փնտրում իրենց անհավատ ազգականների մեջ։

8 Որոշ ժողովներում միևնույն գերդաստանին պատկանող շատ անհատներ են ծառայում Եհովային։ Հաճախ տվյալ գերդաստանի երեխաները հիացմունքով ու հարգանքով են լցվում իրենց մեծահասակ ազգականների հանդեպ այն պատճառով, որ վերջիններս հաստատակամություն են ցուցաբերում. մեծահասակներ, որոնց լավ ընտանեկան ու ամուսնական հարաբերությունները նպաստում են, որ երեխաների սրտում դրական փոփոխություններ կատարվեն։ Պետրոս առաքյալի խորհրդին ականջ դնելն օգնել է շատ քրիստոնյա կանանց ‘առանց խոսքի շահել’ իրենց ամուսիններին (Ա Պետրոս 3։1, 2)։

Ընտանիքում

9, 10. Ինչպե՞ս Հակոբն ու Հովսեփը լավը փնտրեցին իրենց ընտանիքի անդամների մեջ։

9 Սերտ կապը, որ գոյություն ունի ընտանիքի անդամների միջև, մեկ այլ հնարավորություն է ստեղծում մեզ համար դիմացինի մեջ լավը փնտրելու։ Քննենք մի դաս, որը սովորում ենք այն բանից, թե ինչպես Հակոբը վարվեց իր որդիների հետ։ «Ծննդոց» գրքի 37–րդ գլխի 3–րդ և 4–րդ համարներից երևում է, որ Հակոբը հատկապես Հովսեփին էր սիրում։ Հովսեփի եղբայրները այն աստիճան էին նախանձում նրան, որ նույնիսկ ծրագրեցին սպանել իրենց եղբորը։ Սակայն ուշադրություն դարձրեք, թե հետագայում Հակոբն ու Հովսեփը ինչպիսի վերաբերմունք ցույց տվեցին նրանց նկատմամբ։ Երկուսն էլ իրենց ընտանիքի անդամների մեջ լավը փնտրեցին։

10 Հովսեփը, որ Եգիպտոսում, որտեղ սովն էր մոլեգնում, պարենամթերքի գծով պատասխանատուի պաշտոնն էր կատարում, իր եղբայրներին ուրախությամբ ընդունեց։ Անմիջապես չհայտնելով իր ինքնությունը՝ նա դեպքերին որոշակի ընթացք տվեց, որպեսզի նրանց մասին ինչպես հարկն է հոգ տանեին, և նրանք սնունդ ունենային՝ տանելու իրենց ծեր հորը։ Այո՛, չնայած որ Հովսեփը նրանց ատելության զոհն էր դարձել, այնուամենայնիվ նա գործեց հանուն նրանց բարօրության (Ծննդոց 41։53–42։8; 45։23)։ Նույն ձևով, Հակոբն իր մահվան անկողնում մարգարեական օրհնություններ ասաց իր բոլոր որդիների մասին։ Թեև նրանք իրենց սխալ գործողությունների պատճառով կորցրին որոշ առանձնաշնորհումներ, նրանցից և ոչ մեկը չզրկվեց երկրում ժառանգություն ստանալուց (Ծննդոց 49։3–28)։ Մշտական սիրո ի՜նչ չքնաղ արտահայտություն Հակոբի կողմից։

11, 12. ա) Ո՞ր մարգարեական օրինակն է շեշտում ընտանիքի անդամների մեջ լավը փնտրելու կարևորությունը։ բ) Ի՞նչ դաս ենք քաղում անառակ որդու մասին Հիսուսի պատմած առակի հոր օրինակից։

11 Եհովայի երկայնամտությունը անհավատ Իսրայել ազգի հանդեպ նույնպես օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես է նա լավ հատկություններ փնտրում իր ժողովրդի մեջ։ Ովսեե մարգարեի ընտանեկան վիճակի օրինակով Եհովան լուսաբանում է իր մշտատև սերը։ Գոմերը՝ Ովսեեի կինը, մի քանի անգամ շնություն գործեց։ Բայց չնայած դրան՝ Եհովան Ովսեեին պատվիրեց. «Էլի գնա մի շնացող կին սիրիր՝ ընկերիցը սիրուած, ինչպէս որ Տէրը սիրում է Իսրայէլի որդկանցը, իսկ նորանք դառնում են դէպի ուրիշ աստուածներ եւ չամիչի կարկանդակներ են սիրում» (Ովսէէ 3։1)։ Ինչո՞ւ Եհովան այսպիսի հրահանգ տվեց։ Նա գիտեր, որ այդ ազգի մեջ, որը շեղվել էր Իր ճանապարհներից, կլինեն անհատներ, ովքեր կարձագանքեն իր համբերատարությանը։ Ովսեեն հստակորեն ասաց. «Յետոյ պիտի դառնան Իսրայէլի որդիքը եւ որոնեն իրենց Տէր Աստուծուն եւ իրանց Դաւիթ թագաւորին, եւ դողալով մօտենան Տիրոջը եւ նորա բարութեանը վերջի օրերումը» (Ովսէէ 3։5)։ Անշուշտ, սա մի հրաշալի օրինակ է, թե ինչի մասին պետք է խորհել, երբ դժվարությունների ենք հանդիպում ընտանիքում։ Շարունակելով լավը փնտրել քո ընտանիքի անդամների մեջ՝ դու առնվազն հրաշալի օրինակ կթողնես համբերատարություն ցույց տալու հարցում։

12 Անառակ որդու մասին Հիսուսի առակը նույնպես օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես կարող ենք մեր ընտանիքի անդամների մեջ լավը փնտրել։ Կրտսեր որդին, թողնելով ցոփ ու շվայտ կյանքը, տուն վերադարձավ։ Հայրը գթասրտորեն վարվեց նրա հետ։ Ավագ որդին, որ երբեք չէր լքել իրենց ընտանիքը, գանգատվեց։ Ինչպե՞ս հայրը արձագանքեց։ Դիմելով վերջինիս՝ նա հստակորեն ասաց. «Որդեակ, դու ամեն ժամանակ ինձ հետ ես, եւ ամեն ինչ որ իմս է՝ քոնն է»։ Դա վրդովմունքով լի կտրուկ պատասխան չէր, այլ պարզապես հայրական սիրո ապացույց։ Հայրը շարունակեց. «Ուրախ լինել եւ խնդալ պէտք էր. որ այս քո եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ. կորած էր եւ գտնուեցաւ»։ Մենք նույնպես կարող ենք ուրիշների մեջ լավը փնտրել (Ղուկաս 15։11–32)։

Քրիստոնեական ժողովում

13, 14. Ո՞րն է միջոցներից մեկը դրսևորելու սիրո «թագաւորական օրէնքը» քրիստոնեական ժողովում։

13 Որպես քրիստոնյաներ՝ մենք նպատակ ենք դնում սիրո «թագաւորական օրէնքը» կիրառել կյանքում (Յակոբոս 2։1–9)։ Ճիշտ է, մենք գուցե նորմալ ենք համարում, որ մեր ժողովի անդամներից ոմանք նյութական տեսակետից տարբերվում են մեզանից։ Բայց դնո՞ւմ ենք արդյոք «դասակարգային» տարբերություններ՝ ելնելով անհատի ռասայից, մշակույթից կամ նույնիսկ կրոնական ծագումից։ Եթե այո, ապա ինչպե՞ս կարող ենք առաջնորդվել Հակոբոսի խորհրդով։

14 Ուրախությամբ ընդունելը բոլոր նրանց, ովքեր գալիս են քրիստոնեական հանդիպումներին, վկայում է, որ մեծ սիրտ ունենք։ Եթե նախաձեռնություն հանդես բերենք խոսելու նորերի հետ, որոնք գալիս են Թագավորության սրահ, ապա նրանց կաշկանդվածությունն ու շփոթվածությունը հավանաբար կանցնի։ Եվ իրոք, առաջին անգամ քրիստոնեական հանդիպման այցելածներից ոմանք նշում են. «Ամեն մեկն այնքա՜ն ընկերական էր վերաբերվում։ Կարծես թե բոլորն արդեն ինձ ճանաչելիս լինեին։ Ես ինձ տանն էի զգում»։

15. Ինչպե՞ս կարելի է օգնել ժողովի երեխաներին, որպեսզի նրանք հետաքրքրվեն մեծերով։

15 Որոշ ժողովներում մի քանի երեխաներ հանդիպումից հետո հավաքվում են Թագավորության սրահի ներսում կամ դրսում՝ խուսափելով մեծերի հետ շփվելուց։ Ի՞նչ կարելի է անել նման հակվածությունը կանխելու համար։ Առաջին քայլը, իհարկե, այն է, որ ծնողները տանը ‘կրթեն’ իրենց երեխաներին՝ նրանց նախապատրաստելով հանդիպումներին (Առակաց 22։6)։ Երեխաներին կարելի է հանձնարարել պատրաստել այն հրատարակությունները, որոնք անհրաժեշտ են տան անդամներին՝ ժողովում դրանցից օգտվելու համար։ Նաև, ծնողներն իրենք լավագույնս կարող են քաջալերել իրենց զավակներին, որ Թագավորության սրահում մտքեր փոխանակեն մեծերի ու ֆիզիկապես տկար անհատների հետ։ Նման անհատներին մի ինչ–​որ բովանդակալից միտք ասելը կարող է երեխային գոհունակության զգացում պատճառել։

16, 17. Ինչպե՞ս կարող են չափահասները ժողովի երեխաների մեջ լավը փնտրել։

16 Մեծահասակ եղբայրներն ու քույրերը պետք է հետաքրքրվեն ժողովի երեխաներով (Փիլիպպեցիս 2։4)։ Քաջալերական տոնով՝ նրանք կարող են նախաձեռնություն հանդես բերել խոսելու երեխաների հետ։ Սովորաբար հանդիպման ընթացքում որոշ ուշագրավ մտքեր են արծարծվում։ Երեխաներին կարելի է հարց տալ, թե արդյոք նրանք հաճույք ստացան հանդիպումից և թե կային ինչ–​որ մտքեր, որոնք հատկապես իրենց դուր եկան ու որոնք իրենք կարող են կիրառել գործնականում։ Երեխաները ժողովի անբաժանելի մասն են կազմում, ու նրանց հարկավոր է գովել ուշադիր լինելու և հանդիպման ընթացքում ցանկացած մեկնաբանություն անելու կամ էլ հանդիպման ծրագրի մեջ որևէ մասնակցություն ունենալու համար։ Երբ որ երեխաները ժողովի մեծերի հետ հաղորդակցվում են, ինչպես նաև պարզ տնային գործեր են անում, դա ցույց է տալիս, որ նրանք ապագայում հավանաբար կկարողանան ավելի մեծ պատասխանատվություններ վերցնել իրենց վրա (Ղուկաս 16։10)։

17 Ստանձնելով պատասխանատվություն՝ որոշ պատանիներ այն աստիճան են հասունացել ու հոգևոր հատկություններ ձեռք բերել, որ ի վիճակի են եղել ավելի մեծ նշանակումներ ընդունելու։ Բացի այդ, զբաղվածությունը կարող է օգնել նրանց՝ խուսափելու անմիտ վարքից (Բ Տիմոթէոս 2։22)։ Նման հանձնարարությունները կարող են եղբայրներին, որոնք ձգտում են ծառայել որպես ծառայող օգնական, ‘փորձել’ այն բանում, թե արդյոք նրանք համապատասխանում են պահանջվող չափանիշներին (Ա Տիմոթէոս 3։10)։ Նրանց պատրաստակամությունը՝ մասնակցելու հանդիպումներին, և եռանդը՝ ծառայության մեջ, ինչպես նաև հոգատարությունը ժողովի բոլոր անդամների հանդեպ հնարավորություն է տալիս երեցներին նշմարել այդ եղբայրների ունակությունները նրանց լրացուցիչ նշանակումներ տալու հարցը քննելիս։

Բոլորի մեջ լավը փնտրենք

18. Դատելու հետ կապված ո՞ր որոգայթից հարկ է խուսափել, և ինչո՞ւ։

18 «Դատաստանում աչառութիւն անելը լաւ չէ»,— հստակորեն ասվում է Առակաց 24։23–ում։ Երկնային իմաստությունը պահանջում է, որ երեցները խուսափեն աչառություն անելուց, երբ ժողովի հետ կապված հարցեր են քննում։ «Վերին իմաստութիւնը նախ եւ առաջ սուրբ է, եւ յետոյ խաղաղարար, հեզ, հլու, ողորմութիւնով եւ բարի պտուղներով լիքը, անկողմնասէր, անկեղծ» (Յակոբոս 3։17)։ Ակներևաբար երեցները, փնտրելով ուրիշների մեջ լավը, պետք է հավաստիանան, որ իրենց դատողության վրա ազդեցություն չեն գործի անձնական հարաբերությունները կամ զգացմունքները։ «Աստուած կանգնում է Աստուծոյ ժողովրդի մէջ,— գրեց սաղմոսերգու Ասափը.— նա աստուածների [կամ այլ ձևով՝ «աստվածանման էակների», (վերաբերում է մարդկային դատավորներին)] միջումը դատում է։ Մինչեւ ե՞րբ էք դատելու անիրաւութիւնով, եւ ամբարիշտներին երես տեսնելու [«աչառութիւն պիտի ընէք», Արևմտ. Աստ.]» (Սաղմոս 82։1, 2)։ Ուստի քրիստոնյա երեցները խուսափում են որևէ ձևով հովանավորչություն ցուցաբերելուց իրենց ազգականի կամ ընկերոջ հետ կապված հարցերում։ Այս ձևով նրանք պահպանում են ժողովի միասնությունը և հնարավորություն են տալիս Եհովայի ոգուն ազատորեն գործելու (Ա Թեսաղոնիկեցիս 5։23)։

19. Ինչպե՞ս կարող ենք լավը փնտրել ուրիշների մեջ։

19 Մեր եղբայրների ու քույրերի մեջ լավը փնտրելու հարցում մենք արտացոլում ենք Պողոսի այն վերաբերմունքը, որ նա ցուցաբերեց Թեսաղոնիկեի ժողովին դիմելիս։ Նա ասաց. «Վստահութիւն ունինք ձեզ վերայ Տէրով, որ այն բաներն որ պատուիրեցինք ձեզ, եւ անում էք եւ կ’անէք էլ» (Բ Թեսաղոնիկեցիս 3։4)։ Մենք ավելի հակված կլինենք ծածկել ուրիշների սխալները, եթե նրանց մեջ լավը փնտրենք։ Մենք կորոնենք, թե որ հարցերում կարող ենք գովել մեր եղբայրներին և, անշուշտ, կխուսափենք քննադատական ոգի ցուցաբերելուց։ «Տնտեսների մէջ այն է պահանջվում որ մէկը հաւատարիմ գտնուի»,— գրեց Պողոսը (Ա Կորնթացիս 4։2)։ Ոչ միայն ժողովում ‘տնտեսներ’ ծառայողների, այլև մեր բոլոր քրիստոնյա եղբայրների ու քույրերի հավատարմությունն է մղում մեզ սիրել նրանց։ Այսպես ավելի ենք մոտենում նրանց՝ զորացնելով քրիստոնեական բարեկամության կապերը։ Մենք որդեգրում ենք այն տեսակետը, որ Պողոսն ուներ եղբայրների վերաբերյալ իր օրերում։ Նրանք ‘գործակիցներ են Աստծո արքայությունում’ և «զորավիգ» (ՆԱ)՝ մեզ համար (Կողոսացիս 4։11)։ Այդպես արտացոլում ենք Եհովայի տեսակետը։

20. Ի՞նչ օրհնություններ կստանան նրանք, ովքեր բոլորի մեջ լավն են փնտրում։

20 Անշուշտ, մենք էլ Նեեմիայի պես աղոթում ենք. «Ով Աստված իմ, յիշիր ինձ ի բարին» (Նէեմիա 13։31)։ Որքա՜ն ուրախ ենք, որ Եհովան մարդկանց մեջ լավն է փնտրում (Գ Թագաւորաց 14։13)։ Թող որ մենք էլ նույն ձևով վարվենք ուրիշների հետ։ Վարվելով այսպես՝ մենք կունենանք փրկության ու հավիտենական կյանքի հեռանկար նոր աշխարհում, որն այնքան մոտ է (Սաղմոս 130։3–8)։

Ինչպե՞ս կպատասխանեիք

• Ինչո՞ւ է Եհովան բարությամբ գործում բոլորի հանդեպ։

• Ինչպե՞ս կարող ենք ուրիշների մեջ լավը փնտրել մեր

• ծառայության ժամանակ,

• ընտանիքում,

• ժողովում,

• բոլոր հարաբերություններում։

[նկար 18–րդ էջի վրա]

Հովսեփը իր եղբայրների մեջ լավը փնտրեց՝ չնայած որ նրանք նախկինում ատելություն էին ցուցաբերել իր հանդեպ

[նկար 19–րդ էջի վրա]

Հակառակությունը չի խանգարում մեզ, որ փորձենք օգնել բոլորին

[նկար 20–րդ էջի վրա]

Հակոբի բոլոր որդիներն էլ օրհնություններ ստացան՝ չնայած իրենց անցյալին

[նկար 21–րդ էջի վրա]

Ուրախությամբ ընդունեցեք բոլորին, որ գալիս են քրիստոնեական հանդիպումների

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը