«Ահա մեր Աստուածը»
Ուսումնասիրության այս երկու հոդվածներում քննարկվող նյութերը հիմնված են «Մոտեցիր Եհովային» գրքի վրա, որը լույս ընծայվեց 2002–2003 թ.թ. ամբողջ աշխարհում կայացած մարզային համաժողովների ժամանակ։ Տե՛ս 20–րդ էջում գտնվող «Այն լցրեց սրտիս դատարկությունը» հոդվածը։
«Ահա մեր Աստուածը, որին մենք յուսացել ենք, եւ նա մեզ փրկեց. Եհովան է սա» (ԵՍԱՅԻԱ 25։9)։
1, 2. ա) Ինչպե՞ս Եհովան արտահայտվեց նահապետ Աբրահամի մասին, և նրա խոսքերը թերևս մեզ մղեն ինչի՞ շուրջ խորհելու։ բ) Ինչպե՞ս է Աստվածաշունչը մեզ վստահեցնում, որ Աստծո հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալը հնարավոր է։
«ԻՄ ԸՆԿԵՐ»։ Ահա թե ինչպես Եհովան՝ երկնքի և երկրի Արարիչը, խոսեց նահապետ Աբրահամի մասին (Եսայիա 41։8, ՆԱ)։ Մի պահ պատկերացրու. մարդ արարածը ընկերական փոխհարաբերություններ է վայելում տիեզերքի Գերիշխան Տիրոջ հետ։ Գուցե քեզ հետաքրքրի. «Հնարավո՞ր է, որ ես էլ այդքան մոտ լինեմ Աստծուն»։
2 Աստվածաշունչը վստահեցնում է մեզ, որ Աստծո հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալը հնարավոր է։ Աբրահամին շնորհվեց այդպիսի հնարավորություն, քանի որ նա «հաւատաց Աստուծուն» (Յակոբոս 2։23)։ Այսօր ևս Եհովայի «մտերմութիւնը ուղիղների հետ է» (Առակաց 3։32)։ Աստվածաշունչը Յակոբոս գրքի 4–րդ գլխի 8–րդ համարում մեզ հորդորում է. «Մօտեցէք Աստուծուն, եւ նա կ’մօտենայ ձեզ»։ Պարզ է՝ եթե մենք քայլեր կատարենք Եհովային մոտենալու համար, նա կարձագանքի։ Այո՛, նա կմոտենա մեզ։ Սակայն արդյո՞ք Աստծո ներշնչումով գրված այս խոսքերը նշանակում են, որ առաջին քայլը կատարում ենք մենք՝ մեղավոր ու անկատար մարդիկս։ Ամենևին։ Եհովայի հետ մտերմությունը հնարավոր է դարձել միայն շնորհիվ այն բանի, որ մեր սիրառատ Աստվածը երկու կարևոր քայլեր է ձեռնարկել (Սաղմոս 25։14)։
3. Ի՞նչ երկու քայլեր է Եհովան կատարել, որպեսզի հնարավորություն ունենանք իր հետ ընկերական փոխհարաբերություններ վայելել։
3 Առաջին. Եհովան հոգ է տարել, որ Հիսուսը «շատերի փոխանակ իր անձը փրկանք տայ» (Մատթէոս 20։28)։ Այդ քավիչ զոհաբերությունը հնարավոր է դարձնում Աստծո հետ մտերմանալը։ Աստվածաշունչն ասում է. «Մենք սիրենք նորան, որովհետեւ առաջ նա սիրեց մեզ» (Ա Յովհաննէս 4։19)։ Այո՛, քանի որ նախևառաջ Աստված «սիրեց մեզ», նա մեզ համար հիմք դրեց՝ իր հետ ընկերություն հաստատելու։ Երկրորդ. Եհովան մեզ հայտնել է, թե ով է ինքը։ Ընկերական հարաբերությունները հիմնված են դիմացինին ճանաչելու, նրան բնորոշ գծերով հիանալու և դրանք գնահատելու վրա։ Խորհենք, թե ինչ է դա նշանակում. եթե Եհովան թաքնված, անճանաչելի Աստված լիներ, մենք երբեք չէինք կարողանա մոտենալ նրան։ Սակայն իրեն թաքցնելու փոխարեն՝ Եհովան ուզում է, որ մենք ճանաչենք իրեն (Եսայիա 45։19)։ Իր խոսքում՝ Աստվածաշնչում, Եհովան ինքն իրեն ներկայացնում է մեզ հասկանալի լեզվով. սա ապացույցն է այն բանի, որ նա ոչ միայն սիրում է մեզ, այլ նաև ցանկանում է, որ ճանաչենք և սիրենք իրեն ինչպես մեր երկնային Հոր։
4. Եհովայի հատկությունների մասին լավ իմանալը կնպաստի, որ մեր մեջ ինչպիսի՞ զգացումներ արթնանան նրա հանդեպ։
4 Երբևէ տեսած կա՞ս, թե ինչպես է փոքր երեխան մատնացույց անում իր հորը և հետո անմեղ ձայնով, ուրախ ու հպարտ ասում իր ընկերներին. «Սա իմ հայրիկն է»։ Աստծո երկրպագուները բոլոր հիմքերն ունեն Եհովայի հանդեպ նման զգացումներ ունենալու։ Աստվածաշնչում կանխագուշակվում է, որ ժամանակ կգա, երբ բոլոր հավատարիմ մարդիկ կբացականչեն. «Ահա մեր Աստուածը» (Եսայիա 25։8, 9)։ Որքան ավելի լավ հասկանանք Եհովայի հատկությունները, այնքան ավելի կզգանք, որ նա ամենալավ Հայրն է, ամենալավ Ընկերը, և որ նրա նմանը չկա։ Այո՛, Եհովայի հատկությունները հասկանալը մեզ տալիս է բազմաթիվ հիմքեր՝ նրան մոտենալու համար։ Ուստի եկեք քննենք, թե ինչպես է Աստվածաշունչը բացահայտում Եհովայի հիմնական հատկությունները՝ զորությունը, արդարությունը, իմաստությունը և սերը։ Այս հոդվածում կքննարկենք առաջին երեք հատկությունները։
‘Մեծ է զորությամբ’
5. Ինչո՞ւ է տեղին միմիայն Եհովային կոչել «Ամենակալ», և ինչպե՞ս է նա գործածում իր ահռելի զորությունը։
5 Եհովան «մեծ է զօրութեամբ» (Յոբ 37։23, Արևմտ. Աստ.)։ Երեմիա 10։6–ում ասվում է. «Բնաւ չ’կայ քեզ նմանը, ով Տէր, դու մեծ ես, եւ մեծ է քո անունը զօրութիւնով»։ Ի տարբերություն բոլոր արարածների՝ Եհովան անսահման զորության տեր է։ Դա է պատճառը, որ միմիայն նա է կոչվում «Ամենակալ» (Յայտնութիւն 15։3)։ Եհովան իր ահռելի զորությունը գործածում է արարելու, կործանելու, պաշտպանելու և վերականգնելու նպատակով։ Քննարկենք ընդամենը երկու օրինակ՝ նրա արարելու զորությունը և պաշտպանելու զորությունը։
6, 7. Ինչպիսի՞ն է Արեգակի հզորությունը, և դա ի՞նչ կարևոր ճշմարտության մասին է վկայում։
6 Երբ ամառային պայծառ մի օր կանգնած ես լինում դրսում, մաշկիդ վրա ի՞նչ ես զգում։ Արեգակի ջերմությունը։ Իրականում, կարելի է ասել, որ դու զգում ես Եհովայի արարելու զորության արդյունքները։ Ինչպիսի՞ն է արևի հզորությունը։ Արեգակի միջուկի ջերմաստիճանը հասնում է 15 000 000 °C–ի։ Եթե հնարավոր լիներ արևի միջուկից վերցնել ասեղի գլխիկի չափ մի մասնիկ և դնել երկրի վրա, ապա անկարելի կլիներ կանգնել ջերմության այդ փոքրիկ աղբյուրից 140 կիլոմետր հեռավորության վրա ու չվնասվել։ Վայրկյանում Արեգակն արձակում է այնքան էներգիա, որքան որ կառաջանար հարյուր միլիոնավոր միջուկային ռումբերի պայթյունից։ Սակայն Երկիրը, պտտվելով այդ ապշեցուցիչ ջերմամիջուկային հնոցի շուրջ, պահպանում է ճիշտ հեռավորություն. ավելի մոտ լինելու դեպքում Երկիր մոլորակի ջուրը կգոլորշիանար, իսկ եթե հեռու լիներ, ամբողջությամբ կսառցակալեր։ Երկու ծայրահեղություններն էլ անկենդան վիճակում կթողնեին մեր մոլորակը։
7 Չնայած նրան, որ մարդկանց կյանքը կախված է արևից, շատերն այն համարում են սովորական մի բան։ Այդպիսով նրանք աչքաթող են անում այն, ինչ կարող է արևը մեզ սովորեցնել։ Սաղմոս 74։16–ում Եհովայի մասին ասվում է. «Դու պատրաստեցիր լուսաւորները եւ արեգակը»։ Այո՛, Արեգակը փառաբանում է Եհովային՝ ‘երկինքն ու երկիրը ստեղծողին’ (Սաղմոս 146։6)։ Այնուհանդերձ, այն ընդամենը մեկն է բազմաթիվ ստեղծագործություններից, որոնք մեզ սովորեցնում են Եհովայի վիթխարի զորության մասին։ Որքան ավելի շատ ենք սովորում Եհովայի արարելու զորության վերաբերյալ, այնքան ավելի է խորանում մեր ակնածանքը նրա հանդեպ։
8, 9. ա) Ո՞ր պատկերավոր և հուզիչ նկարագրությունն է մեզ ցույց տալիս Եհովայի պատրաստակամությունը՝ պաշտպանելու իր երկրպագուներին և հոգալու նրանց մասին։ բ) Աստվածաշնչյան ժամանակներում ինչպիսի՞ հոգատարություն էր ցույց տալիս հովիվը իր ոչխարների հանդեպ, և ի՞նչ է դա մեզ սովորեցնում մեր Մեծ Հովվի մասին։
8 Եհովան իր վիթխարի զորությունը գործածում է նաև իր ծառաներին պաշտպանելու և նրանց մասին հոգ տանելու համար։ Աստվածաշունչը օգտագործում է միաժամանակ վառ և հուզիչ պատկերավոր արտահայտություններ՝ նկարագրելու Եհովայի պաշտպանելու խոստումները։ Օրինակ՝ ուշադրություն դարձնենք Եսայիա 40։11 համարի վրա։ Այստեղ Եհովան իրեն նմանեցնում է հովվի, իսկ իր ժողովրդին՝ ոչխարների։ Կարդում ենք. «Հովիւի նման հովուելու է նա իր հօտին, իր բազուկի վերայ է ժողովելու գառնուկներին, եւ իր գրկումը կրելու է նորանց, եւ կամաց քշելու է ծիծ տուող ոչխարներին»։ Կարո՞ղ ես պատկերացնել այս համարում նկարագրվածը։
9 Քիչ են այն ընտանի կենդանիները, որ ոչխարների նման անօգնական են։ Աստվածաշնչյան ժամանակներում հովիվը պետք է անվախ լիներ, որպեսզի պաշտպաներ ոչխարներին գայլերից, արջերից և առյուծներից (Ա Թագաւորաց 17։34–36; Յովհաննէս 10։10–13)։ Սակայն երբեմն նաև քնքշություն էր պահանջվում ոչխարներին պաշտպանելու և հոգ տանելու համար։ Եթե, օրինակ, ոչխարը ձագ էր բերում հոտից բավականին հեռու մի տեղում, ինչպե՞ս էր հովիվը պահպանում անպաշտպան, նորածին գառնուկին։ Նա հավանաբար օրեր շարունակ գառնուկին կրում էր «իր գրկումը»՝ հանդերձի վերնամասի լայն ծալքերում։ Բայց ինչպե՞ս էր այդ փոքրիկ գառնուկը հայտնվում հովվի գրկում։ Հնարավոր է, որ նա մոտենում էր հովվին և նույնիսկ թեթև հրում նրա ոտքը։ Սակայն հովիվն էր, որ պետք է կռանար, տարածեր ձեռքերը, վերցներ գառնուկին ու պահեր իր ապահով գրկի մեջ։ Ինչպիսի՜ սրտահույզ տեսարան, որով պատկերվում է մեր Մեծ Հովվի պատրաստակամությունը՝ պաշտպանելու իր ծառաներին և հոգալու նրանց մասին։
10. Ինչպիսի՞ պաշտպանություն է Եհովան տալիս այսօր, և ինչո՞ւ է այդպիսի պաշտպանությունը հատկապես կարևոր։
10 Եհովան ավելին է արել, քան պարզապես պաշտպանություն խոստանալը։ Աստվածաշնչյան ժամանակներում նա հրաշքներով ցույց է տվել, որ ի վիճակի է «աստուածապաշտներին փրկել փորձանքից» (Բ Պետրոս 2։9)։ Իսկ այսօ՞ր։ Մենք գիտենք, որ մեր օրերում նա չի գործածում իր զորությունը, որպեսզի մեզ պաշտպանի ամեն տեսակ փորձանքներից։ Այնուհանդերձ, նա մեզ տալիս է ավելի կարևոր՝ հոգևոր պաշտպանություն։ Մեր սիրառատ Աստվածը պաշտպանում է այն վտանգներից, որ կարող են սպառնալ մեր հոգևորին՝ զինելով անհրաժեշտ ամեն ինչով, որ կարողանանք տոկալ և պահպանել նրա հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։ Ղուկաս 11։13 համարում ասվում է. «Եթէ դուք որ չար էք՝ գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, էլ ո՞րքան աւելի երկնաւոր Հայրը Սուրբ Հոգին կ’տայ նորանց, որ ուզում են նորանից»։ Նրա տված այդ հզոր ուժը կարող է մեզ դարձնել այնպիսին, որ կարողանանք հաղթահարել մեզ հանդիպող փորձություններն ու խնդիրները (Բ Կորնթացիս 4։7)։ Ահա այսպես Եհովան աշխատում է մեր կյանքը պահպանել ոչ թե կարճ ժամանակով՝ ընդամենը մի քանի տարի, այլ հավիտյան։ Մեր մտքում այդ հեռանկարն ունենալով՝ մենք իրոք կարող ենք ներկա համակարգում տեղի ունեցող ցանկացած տառապանքի նայել որպես «վայրկենական թեթեւ» մի բանի (Բ Կորնթացիս 4։17, Արևմտ. Աստ.)։ Ինչպե՞ս կարող է մեզ չձգել այն Աստվածը, որն այսքան սիրով է գործի դնում իր զորությունը հանուն մեզ։
Եհովան արդարություն է սիրում
11, 12. ա) Ինչո՞ւ է Եհովայի արդարությունը մեզ ձգում դեպի իրեն։ բ) Ի՞նչ եզրահանգման եկավ Դավիթը Եհովայի արդարության վերաբերյալ, և ինչպե՞ս կարող են ներշնչյալ այս խոսքերը մխիթարել մեզ։
11 Եհովան գործում է արդար ու ազնիվ կերպով. նա այդպես վարվում է հետևողականորեն և առանց խտրականության։ Աստծո արդարությունը սառը, բիրտ հատկություն չէ, որը վանում է, այլ գրավիչ մի հատկություն է, որը մեզ մոտեցնում է Եհովային։ Աստվածաշունչը պարզորեն նկարագրում է այս հատկության ջերմաշունչ էությունը։ Քննենք, թե ինչ երեք ձևերով է Եհովան արդարություն դրսևորում։
12 Առաջին. Եհովայի արդարությունը մղում է նրան հավատարիմ լինելու իր ծառաների հանդեպ։ Սաղմոսերգու Դավիթը անձամբ էր զգացել Եհովայի արդարության այս առանձնահատկությունը։ Ի՞նչ եզրահանգման էր եկել նա իր անձնական փորձից և Աստծո ճանապարհները ուսումնասիրելուց։ Դավիթը հայտարարեց. «Տէրն իրաւունք է սիրում եւ իր սուրբերին չէ թողնում. նորանք յաւիտեան պահպանվում են» (Սաղմոս 37։28)։ Մխիթարական ինչպիսի՜ հավաստիացում։ Մեր Աստվածը երբեք՝ մի պահ անգամ չի թողնի նրանց, ովքեր հավատարիմ են իրեն։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ նա մոտ կլինի մեզ և սիրով հոգ կտանի մեր մասին։ Նրա արդարությունը երաշխիք է այդ հարցում (Առակաց 2։7, 8)։
13. Ինչպե՞ս է Իսրայել ազգին տրված Օրենքից ակնհայտորեն երևում, որ Եհովան մտահոգվում է վատ վիճակում գտնվող անձանց համար։
13 Երկրորդ. Աստծո արդարությունը զգայուն է վշտահարների կարիքների հանդեպ։ Վատ վիճակում գտնվողների հանդեպ Եհովայի մտահոգությունը ակնհայտ կերպով երևում է այն Օրենքից, որը նա տվել էր Իսրայել ազգին։ Օրինակ՝ Օրենքը նախատեսում էր միջոցառումներ որբերի և որբևայրիների կարիքները հոգալու համար (Բ Օրինաց 24։17–21)։ Հասկանալով, թե որքան դժվար կարող էր լինել այդ ընտանիքների կյանքը՝ Եհովան հանդես էր գալիս նրանց համար միաժամանակ թե՛ Հայր, թե՛ Դատավոր ու Պաշտպան (Բ Օրինաց 10։17, 18)։ Աստված նախազգուշացրել էր իսրայելացիներին, որ եթե վշտացնեին անպաշտպան կանանց ու երեխաներին, նա կլսեր վերջիններիս աղաղակը։ «Իմ բարկութիւնը կ’բորբոքուի»,— ասել էր նա, ինչպես արձանագրված է Ելից 22։22–24 համարներում։ Թեև բարկությունը Աստծո հիմնական հատկություններից չէ, այնուամենայնիվ նա արդարացիորեն զայրանում է, երբ մարդիկ գիտակցաբար անարդար են վարվում, հատկապես երբ արարքների զոհը անպաշտպան անհատներ են (Սաղմոս 103։6)։
14. Եհովայի անաչառության ինչպիսի՞ ուշագրավ դրսևորում կհիշատակեիք։
14 Երրորդ. Բ Օրինաց 10։17 համարում Աստվածաշունչը հավաստիացնում է մեզ, որ Եհովան «աչառութիւն չի անիլ եւ կաշառք չի առնիլ»։ Ի տարբերություն շատ մարդկանց, ովքեր ունեն իշխանություն և ազդեցիկ դիրք՝ Եհովայի համար նշանակություն չունեն նյութական հարստությունն ու արտաքին տեսքը։ Նա զերծ է կանխակալ կարծիքից և աչառությունից։ Տեսնենք նրա անաչառության ուշագրավ մի դրսևորում. նրա ճշմարիտ երկրպագուն դառնալու և հավիտյան ապրելու հեռանկարը նա տալիս է բոլորին, և ոչ թե ինչ–որ հատուկ խավի։ Գործք 10։34, 35 համարներում ասվում է. «Աստուած աչառ չէ. Այլ ամեն ազգումն, ով որ վախենում է նորանից՝ եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նորան»։ Այս հեռանկարը բաց է բոլորի համար՝ անկախ հասարակության մեջ ունեցած դիրքից, մաշկի գույնից կամ այն բանից, թե որ երկրում են ապրում։ Արդյո՞ք սա չէ ճշմարիտ արդարությունը՝ իր գերազանց դրսևորմամբ։ Անշուշտ, Եհովայի արդարությունը ավելի խորությամբ ըմբռնելով՝ մենք մոտենում ենք նրան։
«Ո՜վ Աստուծոյ.... իմաստութեան.... խորութիւնը»
15. Ի՞նչ է իմաստությունը, և ինչպե՞ս է Եհովան դրսևորում այն։
15 Պողոս առաքյալը մղվեց բացականչելու, ինչպես գրված է Հռովմայեցիս 11։33 համարում. «Ո՜վ Աստուծոյ.... իմաստութեան եւ գիտութեան խորութիւնը»։ Այո՛, խորհրդածելով Եհովայի անսահման իմաստության տարբեր առանձնահատկությունների շուրջ՝ չենք կարող ակնածանքով չլցվել։ Բայց ինչպե՞ս տալ այս հատկության սահմանումը։ Իմաստությունն իր մեջ բովանդակում է գիտություն, խորաթափանցություն և հասկացողություն, որոնք գործնականում են դրսևորվում։ Գործի դնելով իր մեծ գիտելիքները և խորը հասկացողությունը՝ Եհովան միշտ կայացնում է հնարավոր լավագույն որոշումները՝ դրանք իրագործելով լավագույն եղանակով։
16, 17. Ինչպե՞ս են Եհովայի ստեղծածները վկայում նրա անսահման իմաստության մասին։ Բերեք օրինակ։
16 Որո՞նք են Եհովայի անսահման իմաստության մի քանի կոնկրետ ապացույցները։ Սաղմոս 104։24–ում ասվում է. «Որքա՜ն մեծ են քո գործերը, ով Տէր. նորանց բոլորն իմաստութիւնով ես արել. երկիրը լիքն է քո ստեղծուածներովը»։ Իրո՛ք, որքան ավելի շատ ենք սովորում Եհովայի ստեղծածների մասին, այնքան ավելի է նրա իմաստությունն ակնածանք ներշնչում մեզ։ Խորհիր. նույնիսկ գիտնականներն են շատ բան սովորում՝ ուսումնասիրելով Եհովայի արարչագործությունը։ Գոյություն ունի ինժեներիայի մի ասպարեզ, որի նպատակն է ստեղծել բնության մեջ առկա կառուցվածքների նմանօրինակները։
17 Առիթ ունեցե՞լ ես նայելու սարդոստայնին ու հիանալու նրա գեղեցկությամբ։ Այն սքանչելի կառուցվածք ունի։ Նուրբ թելիկներից մի քանիսը հարաբերական առումով ավելի ամուր են, քան պողպատը, և ավելի կարծր, քան անզրահաթափանց ժիլետի մանրաթելերը։ Պարզենք մեր ասելիքը։ Պատկերացրու՝ սարդոստայնը այնքան մեծացնեն, որ այն դառնա ձկնորսական նավակում օգտագործվող ցանցի չափերի։ Այդպիսի ոստայնը այն աստիճան ամուր կլիներ, որ կկարողանար կանգնեցնել իր ամբողջ արագությամբ թռչող մարդատար ինքնաթիռը։ Ինչ խոսք, Եհովան բոլոր այսպիսի բաները «իմաստութիւնով» է արարել։
18. Ինչպե՞ս է Եհովայի իմաստությունը արտացոլվում նրանում, որ նա իր Խոսքը՝ Աստվածաշունչը, գրի է առել մարդկանց միջոցով։
18 Եհովայի իմաստության մեծագույն վկայությունը կարելի է գտնել իր Խոսքում՝ Աստվածաշնչում։ Այդ գրքի էջերում գտնվող իմաստուն խորհուրդները իսկապես ցույց են տալիս կյանքի լավագույն ուղին (Եսայիա 48։17)։ Սակայն Եհովայի անզուգական իմաստությունը նաև երևում է նրանում, թե ինչպես է գրի առնվել Աստվածաշունչը։ Ի՞նչ ենք ուզում ասել։ Իմաստություն դրսևորելով՝ Եհովան նախընտրել է իր Խոսքը գրի առնել մարդկանց միջոցով։ Եթե նա հրեշտակների միջոցով դա աներ, արդյո՞ք Աստվածաշունչը նույն ձևով կգրավեր մարդկանց։ Անշուշտ, հրեշտակները կարող էին նկարագրել Եհովային իրենց՝ ավելի բարձր տեսանկյունից և կարող էին արտահայտել անձամբ իրենց նվիրվածությունը նրա հանդեպ։ Բայց այդ դեպքում ի վիճակի կլինեի՞նք ըմբռնել այդ կատարյալ, ոգեղեն արարածների մտածելակերպը, որոնց գիտելիքները, փորձը և ուժը անհամեմատ մեծ են մերինից (Եբրայեցիս 2։6, 7)։
19. Ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ Աստվածաշնչի՝ մարդկանց միջոցով գրելը մեծ ջերմություն ու գրավչություն է հաղորդում այդ գրքին։
19 Այն, որ Աստվածաշունչը գրվել է մարդկանց կողմից, այդ գրքին մեծ ջերմություն ու գրավչություն է հաղորդում։ Այդ գրագիրները ունեցել են նույնպիսի զգացմունքներ, ինչպիսին որ մենք ունենք։ Լինելով անկատար՝ նրանք բախվել են նույնանման փորձությունների ու ճնշումների, ինչպիսին որ մենք։ Երբեմն նրանք առաջին դեմքով գրել են անձամբ իրենց զգացումների և կրած պայքարների մասին (Բ Կորնթացիս 12։7–10)։ Ուստի նրանք թղթին են հանձնել այնպիսի մտքեր, որ ոչ մի հրեշտակ չէր կարող արտահայտել։ Որպես օրինակ քննենք Դավիթի խոսքերը, որոնք արձանագրված են 51–րդ Սաղմոսում։ Համաձայն ենթախորագրի՝ Դավիթը շարադրել է այս սաղմոսը այն բանից հետո, երբ լուրջ մեղք է գործել։ Նա դատարկել է իր սիրտը և արտահայտել իր խոր թախիծը՝ Աստծուց ներում աղերսելով։ 2–րդ և 3–րդ համարներում կարդում ենք. «Իսպառ լուա ինձ իմ անօրէնութիւնիցը, եւ սրբիր ինձ իմ մեղքիցը։ Որովհետեւ ես ճանաչում եմ իմ անօրէնութիւնները, եւ իմ մեղքն ամեն ժամանակ իմ առաջին է»։ Ուշադրություն դարձնենք 5–րդ համարի վրա. «Ահա ես անօրէնութիւնով եմ ծնուել, եւ մեղքով յղացաւ ինձ իմ մայրը»։ 17–րդ համարը. «Աստուծոյ ընդունելի պատարագները կոտրուած հոգին է. կոտրուած ու փշրուած սիրտը դու չես անարգիլ, ով Աստուած»։ Զգո՞ւմ ես արդյոք գրողի հառաչանքը։ Ո՞վ կարող էր նման հույզեր արտահայտել, եթե ոչ մարդը։
20, 21. ա) Չնայած նրան, որ Աստվածաշունչը մարդիկ են գրել՝ ինչո՞ւ կարելի է ասել, որ այդ գիրքը Եհովայի իմաստությունն է պարունակում։ բ) Ի՞նչ կքննարկվի հաջորդ հոդվածում։
20 Այսպիսի անկատար մարդկանց միջոցով Եհովան մեզ տվել է հենց այն, ինչի կարիքն ունենք՝ «Աստծու ներշնչումով» գրված, սակայն մարդկանց համար դյուրըմբռնելի մի արձանագրություն (Բ Տիմոթէոս 3։16, ԱՆԹ)։ Այո՛, այդ գրողները առաջնորդվում էին սուրբ ոգով։ Ուստի նրանք գրի են առել Եհովայի, և ոչ թե իրենց սեփական իմաստությունը։ Այդ իմաստությունը կատարելապես արժանահավատ է և այնքան բարձր մեր իմաստությունից, որ Աստված սիրալիր կերպով հորդորում է մեզ. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները» (Առակաց 3։5, 6)։ Հետևելով այդ իմաստուն խորհրդին՝ մենք ավելի ենք մոտենում մեր ամենայն իմաստության տեր Աստծուն։
21 Եհովայի հատկությունների մեջ ամենագեղեցիկն ու սիրտ ջերմացնողը սերն է։ Թե ինչպես է Եհովան դրսևորել իր սերը, կքննարկվի հաջորդ հոդվածում։
Կարո՞ղ ես հիշել
• Ի՞նչ քայլեր է Եհովան կատարել, որպեսզի հնարավորություն տա մեզ մտերմություն հաստատելու իր հետ։
• Որո՞նք են Եհովայի արարելու և պաշտպանելու զորության մի քանի օրինակները։
• Ի՞նչ կերպերով է Եհովան արդարություն դրսևորում։
• Ինչպե՞ս է Եհովայի իմաստությունը երևում իր ստեղծագործությունների ու նաև Աստվածաշնչի մեջ։
[նկար 10–րդ էջի վրա]
Եհովան քնքշորեն հոգ է տանում իր ոչխարների մասին, ինչպես հովիվն է իր գրկում պահում գառնուկին
[նկար 13–րդ էջի վրա]
Այն, թե ինչպես է գրվել Աստվածաշունչը, վկայում է Եհովայի իմաստության մասին