«Այն լցրեց սրտիս դատարկությունը»
«ՍՐՏԻՍ խորքից իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել այս չքնաղ նվերի՝ «Մոտեցիր Եհովային» գրքի համար։ Այն լցրեց սրտիս դատարկությունը՝ հագեցրեց Եհովայի սերն ու գուրգուրանքը զգալու ներքին պահանջը։ Այժմ ես ինձ այնքան մոտ եմ զգում Եհովային ու իր սիրելի Որդուն։ Ուզում եմ ամենքին պատմել այս գրքի մասին և մեկական օրինակ նվիրել բոլոր նրանց, ում սիրում եմ»։ Ահա թե ինչպիսի զգացումներ է արտահայտել մի Եհովայի վկա 320 էջանոց նոր գրքի առնչությամբ, որը լույս ընծայվեց «Թագավորության եռանդուն քարոզիչները» անվանումը կրող մարզային համաժողովներում, որոնք անցկացվեցին 2002–2003 թ.թ. ընթացքում։ Եկեք քննենք այս նոր գրքին բնորոշ մի քանի առանձնահատկություններ, ինչպես նաև տեսնենք, թե ինչ նպատակով է հրատարակվել։
Նոր գրքի որոշ առանձնահատկություններ
Ի՞նչ նյութ է ընդգրկված այս նոր գրքում։ «Դիտարանի» այս համարում գտնվող երկու ուսումնասիրության հոդվածներում ներկայացված տեղեկությունները և դեռ շատ ավելին։ Գիրքը բաղկացած է 31 գլուխներից՝ յուրաքանչյուրը մոտավորապես «Դիտարանի» ուսումնասիրության հոդվածի ծավալով։ Նախաբանին հաջորդում են առաջին երեք գլուխները, այնուհետև գիրքը բաժանվում է չորս մասերի, որոնցից յուրաքանչյուրում խոսվում է Եհովայի հիմնական հատկություններից մեկի մասին։ Այդ մասերից յուրաքանչյուրի սկզբում ընդհանուր տեղեկություններ է տրվում տվյալ հատկության վերաբերյալ։ Հաջորդ մի քանի գլուխներում քննարկվում է, թե ինչպես է Եհովան ցուցաբերում այդ հատկությունը։ Ամեն մի մասում մեկ գլուխ նվիրված է Հիսուսին։ Իսկ ինչո՞ւ։ Ինչպես Հիսուսն ինքն ասաց. «Ինձ տեսնողը Հօրը տեսաւ» (Յովհաննէս 14։9)։ Լինելով Եհովայի կատարյալ պատկերը՝ Հիսուսը Աստծո հատկությունները գործնականում դրսևորելու մեջ մեզ վառ օրինակներ է տալիս։ Յուրաքանչյուր մասը եզրափակող գլուխ ուսուցանում է մեզ, թե քննարկված հատկությունը դրսևորելու մեջ ինչպես կարող ենք ընդօրինակել Եհովային։ Եհովայի հատկությունները քննարկելիս նոր գիրքը մեջբերումներ է կատարում Աստվածաշնչի բոլոր գրքերից։
«Մոտեցիր Եհովային» գիրքը ունի նաև որոշ յուրահատկություններ։ Սկսած 2–րդ գլխից՝ ամեն մի գլխում ընդգրկված է շրջանակ, որի վերնագիրն է «Հարցեր՝ խորհրդածության համար»։ Բերված սուրբգրային համարներն ու հարցերը նախատեսված չեն գլուխը կրկնելու համար։ Դրանց նպատակն է օգնել քեզ Աստվածաշնչի միջոցով խորությամբ խորհրդածել քննարկվող նյութի շուրջ։ Խորհուրդ է տրվում ուշադիր կարդալ Գրություններից մեջբերված յուրաքանչյուր հատված, ապա մտորել հարցի շուրջ և ջանք թափել տեսնելու, թե ինչպես է այն քեզ առնչվում։ Այդպիսի խորհրդածությունը կարող է ջերմությամբ լցնել քո սիրտը ու օգնել ավելի ու ավելի մոտենալ Եհովային (Սաղմոս 19։14)։
«Մոտեցիր Եհովային» գրքում գտնվող նկարների համար մանրազնին հետազոտություն է կատարվել. դրանք պատրաստվել են սովորեցնելու ու գործերի մղելու նպատակով։ Տասնյոթ գլուխ իր մեջ ընդգրկում է էջով մեկ պատկերված աստվածաշնչյան տեսարանների գեղեցիկ նկարներ։
Ո՞րն է այս հրատարակության նպատակը
Ո՞րն է «Մոտեցիր Եհովային» գրքի նպատակը։ Այս նոր հրատարակության առաջնային նպատակն է օգնել մեզ ավելի լավ ճանաչելու Եհովային, որպեսզի կարողանանք ավելի ամուր փոխհարաբերություններ հաստատել մեր Աստծո հետ։
Կարո՞ղ ես ասել, թե ում համար օգտակար կլինի այս գրքի ընթերցանությունը։ Գուցե մտածես Աստվածաշունչ ուսումնասիրող որևէ անհատի կամ նույնիսկ ոչ ակտիվ դարձած քրիստոնյա եղբոր կամ քրոջ մասին։ Իսկ դո՞ւ. սկսե՞լ ես այս նոր գրքի ընթերցանությունը։ Եթե ոչ, ինչո՞ւ չկազմել ընթերցանության գրաֆիկ և հնարավորին չափ շուտ իրագործել այդ նպատակը։ Ժամանակ տրամադրիր կարդացածիդ շուրջ մտածելուն։ Թող որ այս նոր հրատարակությունը օգնի քեզ շատ մտերմանալ Եհովա Աստծուն, և ավելի մեծ ուրախությամբ ու եռանդով հռչակել նրա Թագավորության բարի լուրը։