Մենք Եհովայի անունով կքայլենք հավիտյա՛ն
«Մենք մեր Տէր Աստուծոյ անունովը պիտի գնանք, յաւիտեանս յաւիտենից» (ՄԻՔԻԱ 4։5)։
1. Ինչպիսի՞ պատգամների մասին է խոսվում Միքիա 3–5 գլուխներում։
ԵՀՈՎԱՆ բան ունի ասելու իր ժողովրդին և նա Միքիային է գործածում որպես մարգարե։ Աստծո նպատակն է գործի անցնել ընդդեմ մեղսագործների։ Նա պատրաստվում է պատժել Իսրայելին հավատուրացության համար։ Ուրախալի է, սակայն, այն լուրը, որ Եհովան պիտի օրհնի նրանց, ովքեր քայլում են իր անունով։ Նման պատգամները «զնգում» են Միքիայի մարգարեության 3–5-րդ գլուխներում։
2, 3. ա) Իսրայելի առաջնորդները ո՞ր հատկությունը պետք է դրսևորեին, սակայն իրականում նրանք ի՞նչ են անում։ բ) Ինչպե՞ս կբացատրեիք Միքիա 3։2, 3–ում օգտագործված փոխաբերական լեզուն։
2 Աստծո մարգարեն հայտարարում է. «Մէկ լսեցէք, ով Յակոբի գլխաւորներ, եւ Իսրայէլի տան իշխաններ, չէ՞ որ դուք պետք է իմանաք իրաւունքը»։ Այո, նրանք պետք է իմանան իրավունքը, սակայն իրականում ի՞նչ են անում նրանք։ Միքիան շարունակում է. «Դուք՝ բարին ատողներդ եւ չարը սիրողներդ, որ մաշկում էք մարդկանց կաշին իրանց վերայիցը, եւ նորանց միսը իրանց ոսկորներիցը։ Որ ուտում էք իմ ժողովրդի միսը, եւ պլոկում էք նորանց կաշին իրանց վերայիցը, եւ նորանց ոսկորները փշրում, եւ նորանց կտորում ինչպէս կաթսայում եւ ինչպէս միս՝ պտուկի մէջ» (Միքիա 3։1–3)։
3 Կարո՞ղ եք երևակայել. առաջնորդները կեղեքում են աղքատ, անօգնական մարդկանց։ Այս համարներում օգտագործված փոխաբերական լեզուն հստակորեն հասկանալի է Միքիայի ունկնդիրներին։ Նախքան մորթված ոչխարը եռացնելը նախ այն մաշկում էին, ապա մարմնի անդամները բաժան–բաժան անում։ Երբեմն ճեղքում էին ոսկորները, որպեսզի ծուծը դուրս գար։ Երկուսն էլ՝ թե՛ մարմինը և թե՛ ոսկորները եռացնում էին մեծ կաթսայում, ճիշտ ինչպես Միքիան է նկարագրում (Եզեկիէլ 24։3–5, 10)։ Ինչպիսի՜ համապատասխան օրինակ՝ ներկայացնելու Միքիայի օրերում ապրող չարասիրտ առաջնորդներին, որոնք դաժանորեն հարստահարում էին ժողովրդին։
Եհովան ակնկալում է, որ մենք արդարությամբ վարվենք
4. Ինչպիսի՞ հակադրություն գոյություն ունի Եհովայի և Իսրայելի առաջնորդների միջև։
4 Սուր հակադրություն գոյություն ունի սիրառատ Հովվի՝ Եհովայի, և Իսրայելի առաջնորդների միջև։ Քանի որ նրանք արդարությամբ չէին վարվում, հետևաբար թերանում էին կատարել հոտը պաշտպանելու իրենց հանձնարարությունը։ Փոխարենը, ինչպես նշված է Միքիա 3։10–ում, նրանք եսասիրաբար կեղեքում են փոխաբերական լեզվով ասած ոչխարներին՝ զրկելով նրանց արդարությունից, ենթարկելով ‘արյունահեղության’։ Ի՞նչ կարող ենք սովորել այս ամենից։
5. Եհովան ի՞նչ է ակնկալում նրանցից, ովքեր առաջնորդություն են ստանձնել իր ժողովրդի մեջ։
5 Աստված ակնկալում է, որ իր ժողովրդի մեջ առաջնորդություն վերցնող անհատները արդարություն ի գործ դնեն։ Եվ մենք տեսնում ենք, որ Աստծո ծառաների մեջ սա իրականություն է դարձել այսօր։ Ավելին, այն ներդաշնակ է Եսայիա 32։1 խոսքի հետ, որտեղ կարդում ենք. «Ահա մի թագաւոր արդարութեամբ է թագաւորելու, եւ իշխանները իրաւունքով են իշխելու»։ Բայց ի՞նչ ենք տեսնում Միքիայի օրերում։ ‘Բարին ատողները և չարը սիրողները’ շարունակում են խեղաթյուրել ճշմարտությունը։
Ո՞ւմ աղոթքներին է պատասխան տրվում
6, 7. Ի՞նչ կարևոր միտք է շեշտվում Միքիա 3։4–ում։
6 Կարո՞ղ են Միքիայի օրերում ապրող ամբարիշտ մարդիկ ակնկալել Եհովայի հավանությունը։ Իհարկե ո՛չ։ Միքիա 3։4 համարն ասում է. «Կ’աղաղակեն դէպի Տէրը, եւ նորանց չի պատասխանել նա, եւ իր երեսը կ’ծածկէ նորանցից այն ժամանակին, որովհետեւ նորանք չարացրել են իրանց արարքները»։ Սա մեզ համար մի շատ կարևոր դաս է ընդգծում։
7 Եհովան չի պատասխանի մեր աղոթքներին, եթե մենք մեղք գործելու սովորություն ունենք։ Սա մանավանդ ճիշտ է այն դեպքում, երբ երկակի կյանք ենք վարում՝ փորձելով ծածկել մեր սխալ արարքները և միևնույն ժամանակ ձևացնելով, թե հավատարմորեն Աստծուն ենք ծառայում։ Սաղմոս 26։4–ում Դավիթը երգում է. «Ես ունայն մարդկանց հետ չեմ նստում, եւ կեղծաւորների հետ չեմ գնում»։ Ուրեմն, որքա՜ն ավելի քիչ հավանական է, որ Եհովան պատասխանի այն անհատների աղոթքներին, ովքեր դիտավորյալ կերպով են ոտնահարում իր Խոսքը։
Աստծո ոգուց ուժ ստացած
8. Ի՞նչ նախազգուշացում էին ստացել Միքիայի օրերի սուտ մարգարեները։
8 Ի՜նչ ողբալի առօրյա սովորություններ ունեն Իսրայելի հոգևոր առաջնորդները։ Սուտ մարգարեները հոգևորապես մոլորեցնում են Աստծո ժողովրդին։ Ագահ առաջնորդները գոչում են «խաղաղութի՜ւն», բայց իրենք իրականում «պատերազմում» են բոլոր նրանց հետ, ովքեր ոչինչ չեն գցում իրենց բերանը։ «Վասն որոյ»,— ասում է Եհովան,— «գիշեր կ’լինի ձեզ որ տեսիլք չ’տեսնէք. եւ ձեզ խավար կ’լինի որ գուշակութիւն չ’անէք. եւ արեգակը պիտի մար մտնէ մարգարէների վերայ։ Եւ պիտի ամաչեն տեսնողները, եւ պիտի ամօթահարուին գուշակողները եւ իրանց շրթունքները [«բեղերը», ՆԱ] ծածկեն» (Միքիա 3։5–7ա)։
9, 10. Ի՞նչ է նշանակում ‘շրթունքները [«բեղերը», ՆԱ] ծածկել’, և ինչո՞ւ Միքիան ոչ մի պատճառ չունի այդպես վարվելու։
9 Ինչո՞ւ ‘շրթունքները [«բեղերը», ՆԱ] ծածկել’։ Այս արարքը Միքիայի օրերում ապրող ամբարիշտ մարդիկ անում են ամոթից դրդված։ Եվ նրանք պե՛տք է ամաչեն, որովհետև նրանց համար «չ’կայ Աստուծոյ պատասխան» (Միքիա 3։7բ)։ Եհովան ընդհանրապես ուշադրություն չի դարձնում ամբարտավան, ամբարիշտ մարդկանց աղոթքներին։
10 Սակայն Միքիան ոչ մի պատճառ չունի ծածկելու իր ‘շրթունքները [«բեղերը», ՆԱ]’։ Նա չի ամաչում։ Եհովան պատասխանում է նրա աղոթքներին։ Ուշադրություն դարձրեք Միքիա 3։8 համարին, որտեղ հավատարիմ մարգարեն ասում է. «Սակայն ես լցուած եմ զօրութիւնով՝ Տիրոջ հոգովը, նաեւ դատաստանով ու արիութիւնով»։ Որքա՜ն շնորհակալ է Միքիան, որ իր երկար ու հավատարիմ ծառայության ամբողջ ընթացքում նա միշտ եղել է ‘լցված զորությունով՝ Տիրոջ հոգով’։ Դա իրեն ուժ է տվել, ‘որ իմացնի Յակոբին իր յանցանքը, եւ Իսրայէլին՝ իր մեղքը’։
11. Ինչպե՞ս են մարդիկ ուժ ստանում՝ հռչակելու Աստծո պատգամները։
11 Միքիան մարդկային ուժից ավելի մեծ ուժի կարիք ունի, որպեսզի հռչակի Աստծո ահավոր դատաստանի պատգամը։ Եհովայի ոգին, կամ՝ զորեղ գործուն ուժը կենսական է։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Քարոզելու մեր հանձնարարությունը հնարավոր է իրագործել միայն այն ժամանակ, երբ Եհովան մեզ զորացնի իր սուրբ ոգու միջոցով։ Քարոզելու մեր յուրաքանչյուր փորձ մեծապես կձախողվի, եթե մենք դիտավորյալ մեղք գործելու սովորություն ունենք։ Այդ դեպքում Աստված չի կարող պատասխանել մեր աղոթքներին, երբ խնդրում ենք իրեն, որ զորացնի մեզ՝ կատարելու իր գործը։ Իրոք որ, մենք չենք կարող հռչակել մեր երկնային հոր դատապարտության պատգամները, մինչև չունենանք ‘Տիրոջ հոգին’։ Լսվող աղոթքների և սուրբ ոգու օգնությամբ է, որ մենք կարողանում ենք Միքիայի նման քաջաբար խոսել Աստծո խոսքը։
12. Ինչի՞ շնորհիվ Հիսուսի առաջին դարի հետևորդները կարողացան ‘բոլոր համարձակությունով Աստծո խոսքը խոսել’։
12 Թերևս հիշում եք Գործք Առաքելոց 4։23–31-ի տեղեկագրությունը։ Պատկերացրեք, թե Հիսուսի առաջին դարի աշակերտներից մեկն եք։ Մոլեռանդ հակառակորդները փորձում են լռեցնել Քրիստոսի հետևորդներին, բայց այս հավատարիմ մարդիկ աղոթում են իրենց Գերիշխան Տիրոջը՝ աղերսելով. «Տէր, նայիր նորանց սպառնալիքին, եւ տուր քո ծառաներին, բոլոր համարձակութիւնով քո խօսքը խօսել»։ Արդյո՞ւնքը։ Երբ նրանք իրենց խնդրանքն էին ներկայացնում, այն վայրը որտեղ նրանք միասին հավաքված էին, սկսում է շարժվել, և բոլորը լցվում են սուրբ ոգով ու սկսում են համարձակությամբ խոսել Աստծո խոսքը։ Ուրեմն եկեք աղոթքով Եհովային դիմենք և ապավինենք սուրբ ոգու միջոցով նրա օգնությանը, մինչ կատարում ենք մեր ծառայությունը։
13. Ի՞նչ է պատահելու Երուսաղեմին ու Սամարիային և ինչո՞ւ։
13 Մեկ անգամ ևս մտածեք Միքիայի օրերի մասին։ Ըստ Միքիա 3։9–12-ի՝ արյունապարտ իշխանները կաշառք ստանալու համար են դատ վարում, քահանաները վճարի դիմաց են ուսուցանում, իսկ սուտ մարգարեները՝ դրամով գուշակություն անում։ Զարմանալի չէ, որ Աստված որոշել է Հուդայի մայրաքաղաք Երուսաղեմը «աւերակների դէզեր» դարձնել։ Քանի որ կեղծ երկրպագությունը և բարոյականության անկումը լայն տարածում են գտել նաև Իսրայելում, Միքիան՝ ներշնչված, ազդարարում է, որ Աստված Սամարիան նույնպես «քարակոյտ» է դարձնելու (Միքիա 1։6)։ Իրականում, մարգարեն բավական երկար է ապրում և տեսնում է Ասորեստանի զինվորների կողմից Սամարիայի նախագուշակված կործանումը մ.թ.ա. 740 թ.–ին (Դ Թագաւորաց 17։5, 6; 25։1–21)։ Ակնհայտ է, որ Երուսաղեմի և Սամարիայի դեմ այս զորեղ պատգամները հնարավոր էր հաղորդել միայն Եհովայի զորությամբ։
14. Ինչպե՞ս իրականացավ Միքիա 3։12–ի մարգարեությունը, և ինչպիսի՞ ազդեցություն պետք է այն ունենա մեզ վրա։
14 Անշուշտ, Հուդան չի կարող խույս տալ այն դատաստանից, որ բերելու է Եհովան։ Որպես կատարում Միքիա 3։12–ի մարգարեության՝ Սիոնը «պիտի իբրեւ ագարակ հերկուի»։ Ապրելով 21–րդ դարում և հետադարձ հայացք նետելով պատմությանը՝ մենք տեսնում ենք, որ այս ամենը տեղի ունեցավ, երբ բաբելոնացիները ավերեցին Հուդան ու Երուսաղեմը մ.թ.ա. 607 թ.–ին։ Ճիշտ է, կործանումը տեղի ունեցավ Միքիայի մարգարեանալուց ավելի քան հարյուր տարի հետո, բայց նա վստահ էր, որ նախագուշակվածը կատարվելու է։ Անկասկած, ուրեմն, մենք էլ պետք է նույնքան վստահ լինենք, որ իրերի այս ամբարիշտ համակարգը իր վերջը կգտնի նախագուշակված ‘Տիրոջ.... օրը’ (Բ Պետրոս 3։11, 12)։
Եհովան հանդիմանում է
15. Ձեր բառերով ինչպե՞ս կնկարագրեիք Միքիա 4։1–4-ում արձանագրված մարգարեությունը։
15 Մի պահ դեպի ետ նայելով՝ տեսնում ենք, թե ինչ է անում Միքիան դրանից հետո. նա հույսի մի հուզիչ պատգամ է մատուցում։ Ինչպիսի՜ հուսաբեր խոսքեր ենք գտնում Միքիա 4։1–4 համարներում։ Այնտեղ Միքիան մասամբ ասում է. «Եւ վերջի օրերը պիտի լինի որ Տիրոջ տան սարը հաստատուն պիտի լինի սարերի գլխին, եւ բարձր պիտի լինի բլուրներից, եւ ժողովուրդները հոսելով նորա մօտ պիտի գնան.... Եւ նա շատ ժողովուրդների մէջ դատաստան պիտի անէ, եւ զօրաւոր ազգերին պիտի յանդիմանէ մինչեւ հեռուները. եւ նորանք պէտք է կոտրատեն՝ իրանց սուրերը խոփեր շինեն, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ, ազգ ազգի վերայ սուր պիտի չ’բարձրացնէ, եւ այլեւս պատերազմ պիտի չ’սովորեն։ Այլ ամեն մարդ պիտի իր որթի տակին բնակուէ, եւ իր թզենու տակին, եւ վախեցնող պիտի չ’լինի, որովհետեւ Զօրաց Տիրոջ բերանն է ասել»։
16, 17. Ինչպե՞ս է կատարվում Միքիա 4։1–4-ը մեր օրերում։
16 Ովքե՞ր են այս ‘շատ ժողովուրդները’ և ‘զորավոր ազգերը’, որոնք հիշատակված են այստեղ։ Դրանք այս աշխարհի ազգերը կամ կառավարությունները չեն։ Ընդհակառակը, մարգարեությունը կիրառվում է բոլոր ազգերից եկող առանձին անհատների համար, ովքեր միության մեջ գտնվելով միմյանց հետ՝ սուրբ ծառայություն են մատուցում Եհովայի ճշմարիտ երկրպագության սարի վրա։
17 Միքիայի մարգարեությանը համապատասխան՝ Եհովայի մաքուր երկրպագությունը շուտով կտիրի ամբողջ աշխարհում՝ բառի բուն իմաստով։ Այսօր այն անհատները, ովքեր ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ, ուսուցանվում են քայլել Եհովայի ճանապարհներով (Գործք 13։48, ՆԱ)։ Եհովան հոգևոր առումով դատաստաններ է անում և հանդիմանում է հավատ ցուցաբերող այն մարդկանց, ովքեր Թագավորության կողմն են դիրք բռնում։ Նրանք՝ որպես ‘մեծ բազմության’ մի մասը, կվերապրեն ‘մեծ նեղությունից’ (Յայտնութիւն 7։9 Արևմտ. Աստ., 14)։ Իրենց սուրերը խոփեր դարձնելով՝ նույնիսկ այսօր նրանք խաղաղության մեջ են մյուս Եհովայի վկաների, ինչպես նաև բոլորի հետ։ Ինչպիսի՜ մեծ հաճույք է լինել նրանց մեջ։
Վճռական՝ քայլելու Եհովայի անունով
18. Ի՞նչ են խորհրդանշում նստել ‘սեփական որթատունկի’ կամ ‘թզենու տակ’ արտահայտությունները։
18 Մեր օրերում, երբ վախը չարագուշակ ամպի նման պատել է ամբողջ երկիրը, մենք անչափ ուրախ ենք, որ շատերը սովորում են Եհովայի ճանապարհները։ Մենք անհամբերությամբ ենք սպասում շատ մոտ եղող այն ժամանակին, երբ Աստծուն բոլոր սիրողները այլևս չեն սովորի պատերազմել, այլ կնստեն իրենց խաղողի որթատունկի և թզենու տակ։ Թզենիները հաճախ տնկում են խաղողի այգիներում (Ղուկաս 13։6)։ Սեփական որթատունկի կամ թզենու տակ նստելը խորհրդանշում է՝ ապրել խաղաղ, բարգավաճ և ապահով պայմաններում։ Նույնիսկ հիմա Եհովայի հետ ունեցած մեր հարաբերությունները մեզ տալիս են մտքի խաղաղություն և հոգևոր ապահովություն։ Երբ Թագավորության իշխանության ներքո այսպիսի իրավիճակներ տիրեն, մենք էլ երբեք չենք վախենա և կլինենք ապահով։
19. Ի՞նչ է նշանակում քայլել Եհովայի անունով։
19 Որպեսզի վայելենք Աստծո հավանությունը և օրհնությունը, մենք պետք է քայլենք Եհովայի անունով։ Սա զորեղ կերպով ներկայացված է Միքիա 4։5–ում, որտեղ մարգարեն հայտարարում է. «Բոլոր ժողովուրդները՝ իւրաքանչիւրը իր Աստուծոյ անունովն է գնում, իսկ մենք մեր Տէր Աստուծոյ անունովը պիտի գնանք, յաւիտեանս յաւիտենից»։ Քայլել Եհովայի անունով՝ չի նշանակում միայն ասել, որ նա է մեր Աստվածը։ Մեզ համար այն ավելին է նշանակում, քան քրիստոնեական ժողովներին և Թագավորության քարոզչական գործին մասնակցելը, թեև սրանք նույնպես շատ կարևոր են։ Երբ մենք քայլում ենք Եհովայի անունով, դա նշանակում է, որ նվիրված ենք իրեն և ջանքեր ենք թափում հավատարմությամբ ծառայելու, որը բխում է լիասիրտ սիրուց (Մատթէոս 22։37)։ Եվ որպես նրա երկրպագուներ՝ մենք իրոք վճռել ենք հավիտյանս հավիտենից քայլել մեր Աստծո՝ Եհովայի անունով։
20. Ի՞նչ էր կանխագուշակված Միքիա 4։6–13-ում։
20 Այժմ խնդրում ենք ուշադրություն դարձնել Միքիա 4։6–13-ի մարգարեական խոսքերին։ ‘Սիոնի աղջիկը’ հեռու՝ ‘մինչև Բաբելոն’ գերի է քշվելու։ Եվ հենց այս էր, որ տեղի ունեցավ Երուսաղեմի բնակիչների հետ մ.թ.ա. յոթերորդ դարում։ Այսուհանդերձ, Միքիայի մարգարեությունը նշում է, որ մնացորդը վերադառնալու է Հուդա, և Սիոնի վերականգնման ժամանակ Եհովան անպայման կփոշիացնի նրա թշնամիներին։
21, 22. Ինչպե՞ս իրականացան Միքիա 5։2–ի խոսքերը։
21 Այլ դրամատիկ իրադարձություններ են նախագուշակված Միքիա 5–րդ գլխում։ Օրինակի համար՝ ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասվում Միքիա 5։2–4-ում։ Միքիան մարգարեանում է, որ Աստծո կողմից նշանակված Իշխանը՝ նա, ում «ելքը վաղուց» է, գալու է Բեթլեհեմից։ Նա իշխելու է որպես հովիվ «Տիրոջ ոյժովը»։ Ավելին, այս Իշխանը մեծ է լինելու ոչ միայն Իսրայելում, այլև «մինչեւ երկրի ծայրերը»։ Նրա ինքնությունը գուցե շփոթեցնի աշխարհին ընդհանուր առմամբ, սակայն մեզ համար այն առեղծված չէ։
22 Ո՞վ էր Բեթլեհեմում ծնված ամենակարևոր անհատը, և ո՞վ է ‘մեծանալու մինչև երկրի ծայրերը’։ Մեսիայից՝ Հիսուս Քրիստոսից բացի՝ ո՛չ մեկը։ Երբ Հերովդես Մեծը քահանայապետներին և դպիրներին հարցրեց, թե որտեղ է ծնվելու Մեսիան, նրանք պատասխանեցին. «Հրէաստանի Բեթլէհէմումը»։ Նրանք նույնիսկ մեջբերում արեցին Միքիա 5։2 խոսքերը (Մատթէոս 2։3–6)։ Հասարակ ժողովրդից ոմանք նույնպես գիտեին այդ, քանի որ Յովհաննէս 7։42–ը վկայակոչում է նրանց խոսքերը, որ ասում էին. «Չէ՞ որ գիրքն ասում է, Քրիստոսը Դաւիթի սերունդիցը եւ Բեթլէհէմ գիւղիցը կ’գայ, որտեղ Դաւիթն էր»։
Մարդկանց համար իսկական թարմություն
23. Ինչպե՞ս է մեր օրերում իրականանում Միքիա 5։7–ի մարգարեությունը։
23 Միքիա 5։5–15-ը խոսում է ասորեստանցիների ներխուժման մասին, որը պետք է տևեր մեկ ակնթարթ միայն, ինչպես նաև այն մասին, թե ինչպես Աստված վրեժ պիտի առներ անհնազանդ ազգերից։ Միքիա 5։7–ը խոստանում է զղջացող հրեա մնացորդի վերադարձը դեպի հայրենի երկիր, սակայն այս խոսքերը կիրառվում են նաև մեր օրերում։ Միքիան հայտարարում է. «Յակոբի մնացորդը պիտի շատ ժողովուրդների մէջ Տիրոջ կողմից եկած ցօղին պէս լինի, այն շաղին պէս, որ գալիս է խոտի վերայ»։ Այս գեղեցիկ, խորհրդանշական խոսքերը նախագուշակում էին, որ հոգևոր Իսրայելի, կամ՝ Հակոբի մնացորդը Աստծո կողմից տրված օրհնություն էր լինելու մարդկանց համար։ Հիսուսի ‘ուրիշ ոչխարները’, որոնք երկրի վրա ապրելու հույսը ունեն, բերկրանքով լի և ուս–ուսի ծառայում են ներկայիս ‘Աստուծոյ Իսրայէլի’ հետ՝ օգնելով նրանց հոգևոր թարմություն հաղորդել ուրիշներին (Յովհաննէս 10։16; Գաղատացիս 6։16; Սոփոնիա 3։9, ՆԱ)։ Այս առումով՝ շատ կարևոր մի միտք կա, որի մասին պետք է խորհենք. որպես թագավորության քարոզիչներ՝ մենք բոլորս պետք է փայփայենք մարդկանց իրական թարմություն պատճառելու մեր առանձնաշնորհումը։
24. Միքիա 3–5 գլուխներից ո՞ր մտքերը տպավորեցին ձեզ։
24 Ի՞նչ քաղեցիք Միքիայի մարգարեության 3–5 գլուխներից։ Թերևս նման մտքեր՝ 1) Աստված իր ժողովրդի մեջ առաջնորդությունը ստանձնողներից ակնկալում է, որ արդարություն ի գործ դնեն։ 2) Եհովան չի պատասխանի մեր աղոթքներին, եթե դիտավորյալ մեղք գործելու սովորություն ունենք։ 3) Մեր քարոզչական աշխատանքը հնարավոր է իրագործել միայն այն ժամանակ, երբ Աստված զորացնի մեզ իր սուրբ ոգու միջոցով։ 4) Որպեսզի վայելենք Աստծո հավանությունը, մենք պետք է քայլենք Եհովայի անունով։ 5) Որպես թագավորության քարոզիչներ՝ բոլորս պետք է փայփայենք մարդկանց իրական թարմություն պատճառելու մեր առանձնաշնորհումը։ Գուցե այլ մտքեր էլ տպավորեցին ձեզ, սակայն ուրիշ ի՞նչ կարելի է սովորել Աստվածաշնչի մարգարեական այս գրքից։ Հաջորդ հոդվածը կօգնի մեզ գործնական դասեր սովորել Միքիայի՝ հավատ ներշնչող մարգարեության վերջին երկու գլուխներից։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ի՞նչ է Աստված ակնկալում նրանցից, ովքեր առաջնորդություն են ստանձնել իր ժողովրդի մեջ։
• Ինչո՞ւ են կարևոր աղոթքը և սուրբ ոգին, երբ հարցը վերաբերում է Եհովայի ծառայությանը։
• Ինչպե՞ս են մարդիկ ‘գնում’ Եհովայի անունով։
[նկար 15–րդ էջի վրա]
Կարո՞ղ եք բացատրել կաթսայի մասին Միքիայի բերած օրինակը
[նկարներ 16–րդ էջի վրա]
Միքիայի նման, մենք ևս քաջաբար կատարում ենք մեր ծառայությունը