Կենսագրություն
Եհովան միշտ հոգ է տարել մեր մասին
Պատմում է Էնելեսի Մզանգան
1972 թվականն էր։ Տասը երիտասարդ մարդիկ՝ Մալավիի Երիտասարդական լիգայի անդամներ, ներխուժեցին մեր տուն, ճանկեցին ինձ ու քարշ տվեցին դեպի մոտակա շաքարեղեգնի դաշտը։ Այնտեղ նրանք ինձ ծեծեցին այնքան, մինչև որ կարծեցին, թե մահացել եմ ու հեռացան։
Մալավիում ապրող բազմաթիվ Եհովայի վկաներ են ենթարկվել այսպիսի դաժան հարձակումների։ Ո՞րն էր պատճառը։ Ի՞նչը նրանց օգնեց դիմանալ այդ ամենին։ Թույլ տվեք պատմել մեր ընտանիքի պատմությունը։
ԾՆՎԵԼ ԵՄ 1921 թ.–ի դեկտեմբերի 31–ին կրոնականի ընտանիքում։ Հայրս Աֆրիկյան կենտրոնական–պրեսբիտերական եկեղեցու քահանա էր։ Մանկությունս անցել է Նկոմայում՝ մի փոքրիկ քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Լիլոնգվեի մոտակայքում։ Տասնհինգ տարեկան հասակում դարձա Էմաս Մզանգայի կինը։
Մի օր մեզ այցելության եկավ հորս ընկերը, որը նույնպես քահանա էր։ Նա նկատել էր, որ մեր տնից ոչ հեռու Եհովայի վկաներ են ապրում, ու նախազգուշացրեց, որ նրանց հետ շփում չունենանք։ Նա մեզ ասաց, թե Վկաները դիվահարներ են, և զգույշ չլինելու դեպքում մենք էլ կարող ենք դիվահարվել։ Այդ նախազգուշացումը մեզ այնքան անհանգստություն պատճառեց, որ տեղափոխվեցինք ապրելու ուրիշ գյուղում, որտեղ Էմասը աշխատանքի անցավ որպես խանութպան։ Բայց շատ չանցած՝ պարզ դարձավ, որ մեր նոր տունը ևս գտնվում է Եհովայի վկաների հարևանությամբ։
Շուտով, սակայն, Աստվածաշնչի հանդեպ խոր սերը Էմասին մղեց խոսելու մի Վկայի հետ։ Իր բազմաթիվ հարցերին համոզիչ պատասխաններ ստանալուց հետո Էմասը համաձայնվեց Աստվածաշունչն ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Սկզբում ուսումնասիրությունն անցնում էր խանութում, որտեղ նա աշխատում էր, բայց որոշ ժամանակ հետո նրանք սկսեցին շաբաթը մեկ անգամ հանդիպել մեր տանը։ Հենց Եհովայի վկաները գալիս էին, ես իսկույն տնից հեռանում էի, քանի որ վախենում էի նրանցից։ Չնայած այդ ամենին՝ Էմասը շարունակեց ուսումնասիրել Աստվածաշունչը։ 1951 թ. ապրիլին՝ ուսումնասիրությունը սկսելուց վեց ամիս անց, նա մկրտվեց։ Սակայն այդ մասին ինձ ոչինչ չասաց՝ մտածելով, որ ես կբաժանվեմ իրենից, եթե իմանամ, որ դարձել է Եհովայի վկա։
Երեք ծանր շաբաթներ
Այնուամենայնիվ, մի օր ես այդ մասին իմացա. ընկերուհիս՝ Էլեն Կաջալերոն, ինձ ասաց, որ ամուսինս մկրտվել է ու դարձել Եհովայի վկա։ Ի՜նչ փոթորիկ սկսվեց իմ մեջ... Այդ օրվանից ես ոչ խոսում էի ամուսնուս հետ, ոչ ուտելիք պատրաստում նրա համար։ Դադարեցի անգամ լողանալու ջուր բերել ու կրակի վրա տաքացնել. բաներ, որ ըստ մեր ժողովրդի ավանդությունների՝ կինը պարտավոր է անել ամուսնու համար։
Իմ այս վերաբերմունքին երեք շաբաթ դիմանալուց հետո Էմասը մեղմությամբ խնդրեց ինձ զրույցի նստել իր հետ։ Ապա սկսեց պատմել, թե ինչու է որոշում կայացրել դառնալու Եհովայի վկա։ Նա կարդաց ու բացատրեց մի քանի աստվածաշնչյան համարներ, որոնց թվում Ա Կորնթացիս 9։16–ը։ Այդ ամենը այնքա՜ն խոր տպավորություն գործեց ինձ վրա. զգացի, որ կուզեի ինքս էլ քարոզել բարի լուրը։ Որոշեցի ուսումնասիրել Աստվածաշունչը Եհովայի վկաների հետ։ Հենց այդ երեկո իմ սիրելի ամուսնու համար ես համեղ ճաշ պատրաստեցի։
Ճշմարտությունը հայտնում ենք մեր հարազատներին ու ընկերներին
Երբ մեր ծնողներն իմացան, որ Եհովայի վկաների հետ շփում ունենք, նրանք լուրջ հակառակություն ցույց տվեցին։ Մեր ընտանիքի կողմից նամակ ստացանք, որում ասվում էր, որ այլևս չայցելենք իրենց։ Մեզ շատ տխրեցրեց նրանց վերաբերմունքը, սակայն վստահեցինք Հիսուսի խոստմանը այն մասին, որ Աստծո ժողովրդի մեջ շատ եղբայրներ, քույրեր, հայրեր ու մայրեր էինք գտնելու (Մատթէոս 19։29)։
Ես արագորեն քայլեր էի կատարում ճշմարտության մեջ և մկրտվեցի 1951 թ. օգոստոսին՝ ամուսնուս մկրտությունից ընդամենը երեք ու կես ամիս անց։ Ես իմ պարտքն էի համարում հայտնելու ճշմարտության մասին իմ ընկերուհի Էլենին։ Բարեբախտաբար, նա ընդունեց Աստվածաշունչն ուսումնասիրելու վերաբերյալ իմ առաջարկը։ 1952 թ. մայիսին նա մկրտվեց՝ դառնալով իմ հոգևոր քույրը, ինչից մեր մտերմությունը ավելի ամրապնդվեց։ Մինչև օրս մենք շարունակում ենք մնալ շատ մտերիմ ընկերներ։
1954 թ.–ին Էմասը նշանակում ստացավ այցելել ժողովները որպես շրջանային վերակացու։ Մենք արդեն վեց երեխա ունեինք։ Այդ ժամանակներում ընտանիք ունենալու դեպքում շրջագայական ծառայության մեջ ընդգրկված եղբայրը մի շաբաթ տրամադրում էր ժողովներ այցելելուն, իսկ հաջորդ շաբաթն անցկացնում էր ընտանիքի անդամների հետ։ Էմասը հոգ էր տանում, սակայն, որ իր շրջագայական ծառայության մեջ գտնվելու ընթացքում ես անպայման անցկացնեի Աստվածաշնչի ընտանեկան ուսումնասիրությունները։ Մենք աշխատում էինք ամեն ինչ անել, որ երեխաները բավականություն ստանային այդ ուսումնասիրություններից։ Նաև ջերմ խանդավառությամբ էինք արտահայտվում Եհովայի հանդեպ ունեցած մեր սիրո ու նրա Խոսքում պարունակվող ճշմարտության մասին, ընտանիքով՝ բոլորս միասին, գնում էինք ծառայության։ Այս հոգևոր նախապատրաստությունները ամրացրին մեր երեխաների հավատը և պատրաստեցին նրանց այն հալածանքներին, որ շուտով պետք է դիմագրավեինք։
Սկսվում են հալածանքները
1964 թ.–ին Մալավին անկախություն հռչակեց։ Երբ կառավարող կուսակցության պաշտոնյաները իմացան քաղաքական հարցերում մեր չեզոք դիրքի մասին, փորձեցին ուժով ստիպել, որ գնենք կուսակցական տոմսեր։a Քանի որ Էմասն ու ես մերժեցինք այդ անել, Երիտասարդական լիգայի անդամները քարուքանդ արեցին մեր եգիպտացորենի արտը՝ հաջորդ տարվա մեր ամբողջ ապրուստը։ Հասկերը կոխոտելու ընթացքում նրանք երգում էին. «Մրջյունների կեր կդառնա նրանց կանաչ արտը, ովքեր մերժեն գնել Կամուզուի [պրեզիդենտ Բանդայի] քարտը, ու նրանք դեռ շատ կողբան դրա համար»։ Սակայն մեր սննդամթերքը կորցնելու պատճառով մենք չմատնվեցինք հուսահատության։ Մենք զգում էինք Եհովայի հոգատարությունը։ Նա սիրառատ կերպով զորացնում էր մեզ (Փիլիպպեցիս 4։12, 13)։
1964 թ. օգոստոսյան մի ուշ գիշեր էր։ Տանը միայն ես էի երեխաների հետ։ Մենք քնած էինք։ Հանկարծ արթնացա հեռվից լսվող երգերի ձայնից. գուլեվամկուլուներն էին՝ ահաբեկչությամբ զբաղվող գաղտնի խմբակցություն, որը բաղկացած էր ցեղային պարեր պարողներից։ Նրանք հարձակվում էին մարդկանց վրա՝ ձևացնելով, թե իբրև նրանց մահացած նախնիների ոգիներն են։ Երիտասարդական լիգան նրանց ուղարկել էր, որ հարձակում գործեն մեզ վրա։ Ես շտապ արթնացրի երեխաներին, ու մինչև նրանք կհասցնեին մոտենալ, մենք փախանք ու թաքնվեցինք թփուտներում։
Մեր թաքստոցից տեսանք, թե ինչպես պայծառ լույս բոցավառվեց. գուլեվամկուլուները այրում էին եղեգնյա տանիքով մեր տունը։ Այն այրվեց մինչև հիմքը՝ մեր ողջ ունեցվածքի հետ միասին։ Երբ նրանց հրոսակախումբը հեռանում էր՝ ետևում թողած մեր տան ծխացող փլատակները, լսեցինք այսպիսի խոսքեր. «Կարգին կրակ արեցինք. Վկան լավ կտաքանա»։ Որքա՜ն երախտապարտ էինք Եհովային, որ մենք ողջ–առողջ էինք մնացել։ Նրանք ոչնչացրին մեր ունեցվածքն ամբողջությամբ, սակայն նրանց չհաջողվեց ոչնչացնել մեր վճռականությունը՝ ապավինելու Եհովայի՛ն, ոչ թե մարդկանց (Սաղմոս 118։8)։
Շուտով իմացանք, որ գուլեվամկուլուները նույն սարսափելի բանն արել էին մոտակայքում բնակվող ևս հինգ ընտանիքների։ Որքան մեծ եղավ մեր ուրախությունն ու երախտագիտությունը, երբ հարևան ժողովներից եղբայրները մեզ օգնության հասան։ Նրանք վերակառուցեցին մեր տները և մեզ ապահովեցին մի քանի շաբաթվա սնունդով։
Հալածանքներն ուժեղանում են
1967 թ. սեպտեմբերին ամբողջ երկրով մեկ արշավ ծավալվեց՝ գտնելու բոլոր Վկաներին և ուժով նրանց հավաքելու մի տեղ։ Մեզ գտնելու համար անսիրտ ու դաժան երիտասարդ մարդիկ՝ Երիտասարդական լիգայի և Մալավիի Երիտասարդ առաջամարտիկների ջոկատի անդամները՝ զինված մաչետեներով, տնետուն ընկած, փնտրում էին Վկաներին։ Գտնելու դեպքում նրանց ստիպում էին կուսակցական տոմս գնել։
Մոտենալով մեր տանը՝ նրանք հարցրին, թե ունենք կուսակցական տոմս։ Ես պատասխանեցի. «Ո՛չ, ես չեմ գնել։ Ես մտադիր չեմ գնել նաև այժմ, մտադիր չեմ գնել ապագայում ևս»։ Նրանք բռնեցին ինձ ու ամուսնուս և տարան մոտակա ոստիկանական հանգույցը՝ թույլ չտալով, որ մեզ հետ որևէ բան վերցնենք։ Դպրոցից տուն գալով ու մեզ չգտնելով՝ մեր փոքրիկները խիստ անհանգստացել էին։ Բարեբախտաբար, քիչ անց տուն էր եկել նաև մեր ավագ որդին՝ Դանիելը, և հարևանից տեղեկացել էր ողջ պատահածին։ Նա իսկույն հավաքել էր իր փոքրիկ քույր–եղբայրներին ու շտապել դեպի ոստիկանական հանգույց։ Նրանք եկան ճիշտ այն պահին, երբ մեզ արդեն լցնում էին բեռնատարները՝ տանելու Լիլոնգվե։ Երեխաները միացան մեզ։
Լիլոնգվեի ոստիկանական վարչությունում կազմակերպվեց անօրինական դատաքննություն։ Պաշտոնյաները մեզ հարցրին. «Շարունակելո՞ւ եք լինել Եհովայի վկաներ»։ Մենք պատասխանեցինք՝ այո՛, թեև նման պատասխանը ինքնաբերաբար նշանակում էր արժանանալ յոթ տարվա ազատազրկման։ Նրանք, ովքեր դիտվում էին որպես կազմակերպության «առաջնորդներ», ստանում էին 14 տարվա ազատազրկում։
Առանց ուտելիքի ու հանգստի գիշերն անցկացնելուց հետո մեզ տարան Մաուլայի բանտը։ Բանտախցերն այնքան լիքն էին մարդկանցով, որ անհնար էր անգամ հատակին քնելու տեղ գտնել։ Այդ մարդաշատ խցերից յուրաքանչյուրի համար, որպես զուգարան՝ օգտագործվում էր մի դույլ։ Սննդի բաժինը աղքատիկ էր ու վատ պատրաստված։ Երկու շաբաթ այնտեղ մնալուց հետո բանտի ծառայողները նկատեցին, որ մենք խաղաղ ու անվնաս մարդիկ ենք, և թույլ տվեցին օգտվել բակում գտնվող մարզադաշտից։ Այդքան շատ Վկաներով մի տեղ հավաքված լինելով՝ մենք հնարավորություն ունեինք ամեն օր քաջալերելու իրար և հիանալի վկայություն տալու մյուս բանտարկյալներին։ Ի զարմանս մեզ՝ երեք ամիս հետո ազատ արձակվեցինք Մալավիի կառավարության վրա գործադրված միջազգային ճնշման հետևանքով։
Ոստիկանական պաշտոնյաները մեզ հրամայեցին ետ գնալ մեր տները, բայց նաև ասացին, որ Մալավիում արգելքի տակ է դրվել Եհովայի վկաների գործունեությունը։ Այդ արգելքը տևեց գրեթե 26 տարի՝ 1967 թ. հոկտեմբեր 20–ից մինչև 1993 թ. օգոստոսի 12–ը։ Դրանք ծանր տարիներ էին, սակայն Եհովայի օգնությամբ մենք կարողացանք վճռականորեն պահպանել մեր չեզոք դիրքը քաղաքական հարցերում։
Հետապնդումների մեջ՝ ինչպես որսի կենդանի
1972 թ. հոկտեմբերին կառավարության կողմից արձակված մի հրամանագրով դաժան հալածանքների նոր ալիք բարձրացավ։ Հրամանագրում ասվում էր, որ բոլոր Եհովայի վկաներին հարկավոր է վռնդել աշխատանքից, իսկ գյուղական բնակավայրերում ապրողներին՝ իրենց տներից։ Վկաները հետապնդումների մեջ ընկան, ինչպես որսի կենդանիներ։
Այդ ժամանակներին էր, որ մեր երիտասարդ հավատակիցներից մեկը եկավ մեր տուն՝ Էմասին շտապ հաղորդելու այսպիսի մի լուր. «Երիտասարդական լիգան նպատակ ունի գլխատելու քեզ և գլուխդ ցցին հագցրած՝ տանելու իրենց առաջնորդին»։ Էմասը իսկույն հեռացավ տնից՝ նախապես մեզ տալով անհրաժեշտ ցուցմունքներ, որ հնարավորին չափ արագ հետևենք իրեն։ Ես հասցրի երեխաներին ուղարկել, բայց երբ պատրաստվում էի ինքս էլ դուրս գալու տնից, հայտնվեցին Երիտասարդական լիգայի տաս անդամներ, որոնք եկել էին Էմասի ետևից։ Նրանք ներխուժեցին մեր տուն, բայց շուտով հայտնաբերեցին, որ Էմասը փախել է։ Զայրույթից մոլեգնած՝ այդ մարդիկ ինձ քարշ տվեցին մոտակա շաքարեղեգնի դաշտը և այնտեղ քացիներով ու շաքարեղեգնի ճիպոտներով այնքան հարվածեցին, մինչև կարծեցին, որ մահացել եմ ու հեռացան։ Երբ գիտակցությունս տեղն եկավ, մի կերպ սողալով ետ գնացի տուն։
Գիշերը, երբ արդեն բավականաչափ մութն ընկել էր, Էմասը, իր կյանքը վտանգի ենթարկելով, եկավ տուն՝ իմ ետևից։ Տեսնելով ինձ դաժանորեն ծեծված վիճակում՝ նա և իր ընկերը ինձ զգուշությամբ դրեցին ընկերոջ ավտոմեքենան, և մենք ուղևորվեցինք դեպի Լիլոնգվե՝ եղբայրներից մեկի տուն, որտեղ ես սկսեցի դանդաղորեն ապաքինվել այդ հարձակման թողած հետքերից։ Էմասը սկսեց պլաններ կազմել երկրից փախչելու։
Փախստականներ, որ չգիտեն՝ ուր գնան
Մեր աղջիկ Դինեսին ու նրա ամուսինը մի հինգտոննանոց բեռնատար ունեին։ Նրանք վարորդ էին վարձել, որը մի ժամանակ եղել էր Մալավիի Երիտասարդ առաջամարտիկների շարքերում, բայց սկսել էր կարեկցանք զգալ մեր հանդեպ։ Նա կամավոր կերպով իր օգնությունն առաջարկեց մեզ և մյուս Վկաներին։ Մի քանի երեկո շարունակ այդ վարորդը հավաքեց Վկաներին նախնական պայմանավորվածության իրենց թաքստոցներից։ Այնուհետև նա հագավ Երիտասարդ առաջամարտիկի իր համազգեստը, և բեռնատար մեքենան Վկաներով բարձած՝ անցավ սահմանամերձ ճանապարհի ոստիկանական վերահսկողության հանգույցներով։ Մեծ ռիսկի դիմելով՝ նա հարյուրավոր Վկաների օգնեց անցնել սահմանը ու գնալ Զամբիա։
Մի քանի ամիս չանցած՝ Զամբիայի կառավարությունը մեզ դեպորտացիայի ենթարկեց՝ ետ ուղարկեց Մալավիա։ Սակայն մենք չէինք կարող վերադառնալ մեր գյուղը. մեր ունեցած–չունեցածը գողացել էին։ Նույնիսկ կտուրի մետաղյա ծածկույթն էին հանել տարել տան վրայից։ Չունենալով գնալու տեղ՝ մենք փախչեցինք Մոզամբիկ և երկուսուկես տարի անցկացրինք փախստականների ճամբարում (Մլանժենի)։ 1975 թ. հունիսին Մոզամբիկի կառավարությունը փակեց ճամբարը և մեզ հարկադրեց վերադառնալ Մալավի, որտեղ իրավիճակը Եհովայի վկաների համար շարունակում էր մնալ նույնը։ Չունենալով ընտրության այլ հնարավորություն՝ երկրորդ անգամ փախան Զամբիա։ Շուտով հասանք Չիգումուկիրի փախստականների ճամբարը։
Երկու ամիս անց ավտոբուսների ու զինվորական բեռնատարների մի շարասյուն փակեց գլխավոր ճանապարհը, ու զամբիացի հարյուրավոր զինված բանակայիններ ներխուժեցին ճամբար։ Նրանք ասացին, որ հարմարավետ տներ են կառուցել մեզ համար և եկել են օգնելու, որ տեղափոխվենք այնտեղ։ Մենք գիտեինք, որ դա ճիշտ չէ։ Զինվորները սկսեցին ժողովրդին հրելով լցնել բեռնատարներն ու ավտոբուսները. փախստականների մեջ խուճապ ընկավ։ Զինվորները սկսեցին օդում ավտոմատային կրակահերթ տեղալ, և մեր հազարավոր եղբայրներն ու քույրերը ահաբեկված սկսեցին այս ու այն կողմ փախչել։
Այդ թոհուբոհի ժամանակ տեղի ունեցավ պատահար. Էմասը հանկարծակի հարվածից վայր ընկավ, ու փախչողները նրան ոտի տակ էին տալիս, բայց եղբայրներից մեկը օգնեց նրան ոտքի կանգնել։ Մենք մտածում էինք, որ սկսվել է «մեծ նեղությունը»։ Բոլոր փախստականները շարժվեցին դեպի Մալավի։ Երբ դեռ Զամբիայում էինք, ճանապարհին գետի հանդիպեցինք։ Եղբայրները ձեռք ձեռքի տված մի քանի շղթա կազմեցին՝ օգնելով բոլորին անվնաս անցնելու գետը։ Մյուս ափին, սակայն, մեզ շրջապատեցին զամբիացի զինվորները և ուժով վերադարձրին Մալավի։
Եվ ահա մենք դարձյալ Մալավիում էինք ու չգիտեինք, թե ուր գնանք։ Տեղյակ էինք, որ քաղաքական հավաքույթների ժամանակ ու թերթերի միջոցով ժողովրդին տրամադրել էին Եհովայի վկաների դեմ՝ զգուշացնելով, որ գյուղական վայրերում «նոր դեմքեր» տեսնելու դեպքում անուշադրության չմատնեին։ Այդ իսկ պատճառով որոշեցինք բնակություն հաստատել մայրաքաղաքում, որտեղ մենք այնքան շուտ աչքի չէինք ընկնի, որքան գյուղական վայրում։ Մեզ հաջողվեց վարձել մի փոքրիկ տուն, և Էմասը վերսկսեց իր շրջագայական ծառայությունը՝ գաղտնի կերպով այցելելով ժողովները։
Ժողովները բաց չենք թողնում
Ի՞նչը մեզ օգնեց մնալու Եհովային հավատարիմ։ Ժողովնե՛րը։ Մոզամբիկի ու Զամբիայի փախստականների ճամբարներում մենք հնարավորություն ունեինք ազատ կերպով մասնակցելու ժողովի հանդիպումներին, որոնք անցկացվում էին պարզ ու հասարակ, եղեգնյա տանիքով Թագավորության սրահներում։ Մալավիում ժողովի հանդիպումներին հաճախելը վտանգավոր էր ու դժվար, սակայն զուր տեղը չէին այդ ջանքերը գործադրվում։ Հայտնաբերվելուց խուսափելու նպատակով ժողովները սովորաբար անցկացվում էին ուշ գիշերը խուլ վայրերում։ Անհարկի ուշադրություն չգրավելու համար ելույթ ունեցողի հանդեպ մեր գնահատանքը արտահայտում էինք ոչ թե ծափահարելով, այլ պարզապես ձեռքերն իրար սեղմելով։
Մկրտությունները նույնպես կատարվում էին ուշ գիշերին։ Մեր որդի Աբիյուդին մկրտվեց այդպիսի պայմաններում։ Մկրտության ելույթից անմիջապես հետո նրան մկրտության մյուս թեկնածուների հետ միասին մթության մեջ ուղեկցեցին դեպի մի ճահճոտ վայր, որտեղ մի ոչ խոր փոս էր փորված։ Հենց այդ փոսում էլ նրանց մկրտեցին։
Մեր փոքրիկ տունը՝ ապահով հանգրվան
Արգելքի հետագա տարիներին Լիլոնգվեի մեր տունը իր ապահով դիրքի շնորհիվ ծառայում էր որպես գրականության առաքման կետ։ Զամբիայի մասնաճյուղի գրասենյակից գաղտնի կերպով մեր տուն էր բերվում եղբայրներին հասցեագրված փոստն ու գրականությունը։ Դրանց առաքմամբ զբաղվող եղբայրները հեծանիվներով գալիս էին մեր տուն, վերցնում իրենց բաժին ուղեբեռը և տանում էին Մալավիի տարբեր մասերը՝ բաժանելու հասցեատերերին։ Առաքման համար նախատեսված «Դիտարան» պարբերագրերը շատ բարակ էին, քանի որ տպվում էին այնպիսի նուրբ թղթերի վրա, որոնք սովորաբար օգտագործվում են Աստվածաշունչ տպագրելիս։ Դա հնարավորություն էր տալիս, որ եղբայրները երկու անգամ ավելի շատ գրականություն փոխադրեին, քան կկարողանային դա անել սովորական թղթի դեպքում։ Նրանք տարածում էին նաև «մինի–Դիտարաններ», որոնցում ընդգրկվում էին միայն ուսումնասիրվող հոդվածները։ Նման պարբերագիրը հեշտությամբ կարելի էր թաքցնել վերնաշապիկի գրպանում, քանի որ այն ընդամենը թղթի մի շերտ էր։
Գրականության առաքմամբ զբաղվող մեր այս եղբայրները վտանգի տակ էին դնում իրենց ազատությունն ու կյանքը, երբ երթևեկում էին մացառուտների միջով՝ երբեմն գիշերվա մթին արգելված գրականությամբ լի արկղերը հեծանիվի վրա իրար գլխի բարձած։ Չնայած ոստիկանական վերահսկողության հանգույցներին և էլի ուրիշ վտանգների՝ տարվա ցանկացած եղանակի նրանք հարյուրավոր մղոններ էին անցնում՝ հոգևոր սնունդ հասցնելու իրենց եղբայրներին։ Այնքա՜ն խիզախ էին մեր թանկագին «փոստատարները»։
Եհովան հոգ է տանում այրիների մասին
1992 թ. դեկտեմբեր ամսին իր շրջագայական այցելություններից մեկի ժամանակ ելույթ ունենալիս, Էմասը կաթված ստացավ։ Դրանից հետո նա կորցրեց խոսելու կարողությունը։ Որոշ ժամանակ անց նա ստացավ երկրորդ հարվածը, որի հետևանքով կաթվածահարվեց նրա մարմնի մի հատվածը։ Նա ծանր էր տանում իր առողջության կորուստը։ Ժողովի սրտակից աջակցությունը, սակայն, մեղմում էր իմ կսկիծը։ Ես ի վիճակի եղա ամուսնուս խնամել տնային պայմաններում մինչև նրա մահը՝ 1994 թ. նոյեմբերին՝ 76 տարեկան հասակում։ Մեր համատեղ կյանքը տևեց 57 տարի։ Էմասը դեռ կենդանի էր, որ արգելքին վերջ դրվեց։ Մինչև օրս չեմ կարողանում հաշտվել իմ հավատարիմ ընկերոջ կորստի հետ։
Ամուսնուս կորցնելուց հետո իմ մասին հոգ տանելը փեսաս վերցրեց իր վրա, չնայած որ նրա խնամքի տակ էին կինն ու հինգ երեխաները։ Դժբախտաբար, կարճատև հիվանդությունից հետո նա մահացավ 2000 թ. օգոստոսին։ Ինչպե՞ս պիտի աղջիկս հոգար մեր սննդամթերքի հարցը, ինչպե՞ս պիտի ապրելու տեղ գտներ մեզ համար։ Դարձյալ համոզվեցի, որ Եհովան հոգ է տանում մեր մասին, և որ նա իսկապես «որբերի հայր եւ որբեւայրիների դատաւոր է» (Սաղմոս 68։5)։ Եհովան իր երկրային ծառաների միջոցով մի հիանալի տուն նվիրեց մեզ։ Ինչպե՞ս դա տեղի ունեցավ. տեսնելով մեր թշվառ վիճակը՝ ժողովի եղբայրներն ու քույրերը համատեղ ջանքերով տուն կառուցեցին մեզ համար ընդամենը հինգ շաբաթում։ Ուրիշ ժողովներից էլ օգնության եկան պատշարներ։ Մինչև սրտի խորքերը մեզ ցնցեց նրանց դրսևորած սերն ու բարությունը. նրանք մեզ համար կառուցեցին շատ ավելի հարմարավետ տուն, քան այն տները, որտեղ ապրում են անձամբ իրենք։ Ժողովի կողմից սիրո այս դրսևորումը հիանալի վկայություն եղավ շրջակայքում ապրող մարդկանց համար։ Երբ գիշերը պառկում եմ քնելու, ինձ այնպես եմ զգում, ասես, դրախտում լինեմ։ Ճիշտ է, մեր գեղեցիկ նոր տունը աղյուսներով ու շաղախով է պատրաստված, բայց, ինչպես շատերն են նկատել, այն պատրաստված է սիրով (Գաղատացիս 6։10)։
Եհովան շարունակում է հոգ տանել
Թեև ժամանակ առ ժամանակ ես կանգնած եմ եղել լիակատար անհուսության մատնվելու վտանգի առջև, սակայն Եհովան ողորմածաբար օգնության է հասել։ Իմ ինը երեխաներից յոթը կենդանի են, և նրանք իրենց ընտանիքների հետ միասին կազմում են 123 հոգի։ Այնքա՜ն հաճելի է ինձ համար, որ նրանց ճնշող մեծամասնությունը հավատարմորեն ծառայում է Եհովային։
Այսօր, երբ ես 82 տարեկան եմ, սիրտս ուրախությամբ է լցվում, երբ տեսնում եմ, թե ինչպես է գործել Աստծո ոգին Մալավիում։ Միայն վերջին չորս տարիներին իմ աչքերի առջև Թագավորության սրահների թիվը մեկից հասել է ավելի քան 600–ի։ Ներկայումս մենք Լիլոնգվեում ունենք նաև նորակառույց մասնաճյուղ և առանց ընդհատումների վայելում ենք մեզ հոգևորապես զորացնող կերակուրը։ Ես իսկապես իմ սեփական փորձով եմ համոզվել, թե որքան ճշմարիտ են Աստծո խոսքերը՝ գրված Եսայիա 54։17–ում, որտեղ նա հավաստիացնում է. «Բոլոր քեզ դէմ շինած գործիքը պիտի չ’յաջողուի»։ Ավելի քան 50 տարի Եհովային ծառայելուց հետո ես համոզվել եմ, որ ինչ փորձություններ էլ դիմագրավելու լինենք, Եհովան միշտ հոգ է տանում մեր մասին։
[ծանոթագրություն]
a Մալավիում Եհովայի վկաների գործունեության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Եհովայի վկաների տարեգիրքը» (1999 թ., էջ 149–223, ռուս.)։
[նկար 24–րդ էջի վրա]
Ամուսինս՝ Էմասը, մկրտվեց 1951 թ. ապրիլին
[նկար 26–րդ էջի վրա]
Խիզախ «փոստատարների» մի խումբ
[նկար 28–րդ էջի վրա]
Տուն՝ կառուցված սիրով